Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bt գլ. 23 էջ 181–188
  • «Լսեցե՛ք, թե ինչ եմ ասում ձեզ՝ ի պաշտպանություն ինձ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Լսեցե՛ք, թե ինչ եմ ասում ձեզ՝ ի պաշտպանություն ինձ»
  • «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Նրանք սկսեցին փառավորել Աստծուն» (Գործեր 21։18-20ա)
  • Շատերը դեռ «նախանձախնդիր են Օրենքի հանդեպ» (Գործեր 21։20բ, 21)
  • «Քո մասին իրենց հասած լուրերը ճիշտ չեն» (Գործեր 21։22-26)
  • «Դա արժանի չէ ապրելու» (Գործեր 21։27-22։30)
  • «Ես փարիսեցի եմ» (Գործեր 23։1-10)
  • Պաշտպանենք բարի լուրը բարձրաստիճան պաշտոնյաների առաջ
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ընթերցողների հարցերը
    2005 Դիտարան
  • Վաղ քրիստոնյաները և Մովսիսական օրենքը
    2003 Դիտարան
  • Քա՛ջ եղիր, Եհովան է քո օգնականը
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
«Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
bt գլ. 23 էջ 181–188

ԳԼՈՒԽ 23

«Լսեցե՛ք, թե ինչ եմ ասում ձեզ՝ ի պաշտպանություն ինձ»

Պողոսը պաշտպանում է ճշմարտությունը զայրացած ամբոխների և Սինեդրիոնի առաջ

Գործեր 21։18-23։10

1-2. Ինչո՞ւ Պողոսը գնաց Երուսաղեմ, և այնտեղ ի՞նչ փորձություններ էին սպասում նրան։

ԵՐՈՒՍԱՂԵՄ։ Պողոսը նորից քայլում է այս քաղաքի նեղլիկ ու աղմկոտ փողոցներով։ Եհովայի ժողովրդի պատմության մեջ ոչ մի ուրիշ քաղաք այդքան մեծ դեր չի խաղացել։ Զարմանալի չէ, որ տեղի բնակիչները հպարտ են իրենց քաղաքի փառավոր անցյալով։ Ցավոք, դրան մեծ նշանակություն են տալիս նաև Երուսաղեմի քրիստոնյաներից շատերը։ Այդ պատճառով էլ նրանք դժվարանում են ընդունել նոր առաջնորդությունը և, հետևաբար, չեն աճում հոգևորապես։ Ուստի Պողոսը, ով դեռևս Եփեսոսում որոշել էր վերադառնալ Երուսաղեմ և նյութական օգնություն բերել, հասկանում է, որ տեղի քրիստոնյաները նաև հոգևոր օգնության կարիք ունեն (Գործ. 19։21)։ Առաքյալը հետ չկանգնեց Երուսաղեմ գալու իր որոշումից, նույնիսկ երբ իմացավ, որ այստեղ իրեն մեծ վտանգ է սպառնում։

2 Իսկ Պողոսին ի՞նչ փորձություններ են սպասում Երուսաղեմում։ Դժվարություններ են ծագում որոշ հավատակիցների պատճառով, ովքեր ուշադրություն են դարձրել առաքյալի մասին տարածվող բամբասանքներին։ Բայց շատ ավելի մեծ խնդիրներ ստեղծում են Քրիստոսի թշնամիները։ Նրանք Պողոսի դեմ կեղծ մեղադրանքներ են հարուցում, ծեծում են և փորձում սպանել։ Այնուամենայնիվ, այդ փոթորկալի դեպքերը առաքյալին հնարավորություն են տալիս պաշտպանելու իր հավատը։ Այդ դժվար իրավիճակում Պողոսը խոնարհություն, համարձակություն ու հավատ է ցուցաբերում՝ գերազանց օրինակ թողնելով մերօրյա քրիստոնյաների համար։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։

«Նրանք սկսեցին փառավորել Աստծուն» (Գործեր 21։18-20ա)

3-5. ա) Ի՞նչ հանդիպում տեղի ունեցավ Երուսաղեմում, և ի՞նչ քննարկվեց այդ հանդիպման ժամանակ։ բ) Երեցների հետ Պողոսի հանդիպումից ի՞նչ դասեր ենք քաղում։

3 Երուսաղեմ գալու հաջորդ օրը Պողոսն ու նրա ուղեկիցները հանդիպեցին ժողովի երեցների հետ։ Հետաքրքիր է, որ այս դեպքերի նկարագրության մեջ առաքյալներից ոչ ոք չի հիշատակվում։ Հավանաբար այդ ժամանակ նրանք բոլորը ծառայում էին աշխարհի տարբեր մասերում։ Սակայն Հիսուսի եղբայր Հակոբոսը դեռ Երուսաղեմում էր (Գաղ. 2։9)։ Նա ակներևաբար այդ հանդիպման նախագահողն էր, որին «բոլոր երեցները ներկա էին» (Գործ. 21։18)։

4 Նրանց ողջունելուց հետո Պողոսը «սկսեց մանրամասնորեն պատմել այն ամենը, ինչ Աստված արել էր ազգերի մեջ իր ծառայության միջոցով» (Գործ. 21։19)։ Պատկերացնո՞ւմ ես, թե նրա պատմածը որքան քաջալերեց եղբայրներին։ Այսօր մենք նույնպես շատ ենք քաջալերվում, երբ լսում ենք այլ երկրներում տեղի ունեցող աճի մասին (Առակ. 25։25)։

5 Ըստ ամենայնի, Պողոսն այդ հանդիպման ժամանակ հայտնեց, որ Եվրոպայից նյութական օգնություն է բերել։ Հեռավոր երկրներում ապրող եղբայրների ու քույրերի հոգատարությունը ջերմացրեց երեցների սրտերը, և «նրանք սկսեցին փառավորել Աստծուն» (Գործ. 21։20ա)։ Նմանապես այսօր աղետների կամ հիվանդությունների պատճառով տուժած քրիստոնյաները շատ են մխիթարվում, երբ հավատակիցները շտապում են օգնելու և քաջալերելու իրենց։

Շատերը դեռ «նախանձախնդիր են Օրենքի հանդեպ» (Գործեր 21։20բ, 21)

6. Ի՞նչ խնդրի մասին տեղեկացավ Պողոսը։

6 Այս ամենից հետո երեցները Պողոսին տեղեկացրին, որ Հրեաստանում մի խնդիր է ծագել, որն անձամբ իրեն է վերաբերում։ Նրանք ասացին. «Տե՛ս, եղբա՛յր, թե քանի հազար հավատացյալներ կան հրեաների մեջ, և նրանք բոլորը նախանձախնդիր են Օրենքի հանդեպ։ Բայց նրանք լուրեր են լսել քո մասին, թե դու ազգերի մեջ բոլոր հրեաներին հավատուրացություն ես սովորեցնում, դրդում ես հեռանալ Մովսեսի օրենքից՝ ասելով, որ նրանք ո՛չ թլփատեն իրենց երեխաներին, ո՛չ էլ հաստատված սովորույթներով շարժվեն»a (Գործ. 21։20բ, 21)։

7-8. ա) Ի՞նչ սխալ տեսակետ ունեին Հրեաստանի քրիստոնյաներից շատերը։ բ) Հրեա քրիստոնյաների սխալ պատկերացումները ինչո՞ւ հավատուրացության նշան չէին։

7 Բայց ինչո՞ւ էր Օրենքի հանդեպ նախանձախնդիր քրիստոնյաների թիվն այդքան մեծ։ Չէ՞ որ արդեն 20 տարի էր անցել այն ժամանակվանից, երբ Օրենքը դադարել էր գործելուց (Կող. 2։14)։ Մ. թ. 49 թ.-ին առաքյալներն ու երեցները որոշում կայացրին այս հարցի վերաբերյալ։ Դրանից հետո նրանք նամակ ուղարկեցին ժողովներին՝ բացատրելով, որ այլազգի քրիստոնյաները չպետք է թլփատվեն ու պահեն Մովսիսական օրենքը (Գործ. 15։23-29)։ Սակայն այդ նամակում չէին հիշատակվում Հրեաստանի եղբայրները։ Իրականում նրանցից շատերն անգամ չգիտեին, որ Օրենքն այլևս ուժի մեջ չէ։

8 Կարո՞ղ էին արդյոք այդ անհատները քրիստոնյա համարվել, եթե նման սխալ մտածելակերպ ունեին։ Այո՛։ Նրանք անցյալում չէին պաշտել հեթանոսական աստվածների և այժմ չէին պահում իրենց նախկին կրոնական ծեսերը։ Մովսիսական օրենքը, որ անչափ կարևոր էր այդ քրիստոնյաների համար, Եհովայից էր տրվել։ Ուստի այն ոչ մի դիվական կամ սխալ տարր չէր պարունակում։ Սակայն Օրենքը կապ ուներ հին ուխտի հետ, մինչդեռ քրիստոնյաներն արդեն նոր ուխտի մեջ էին։ Հետևաբար անիմաստ էր պահել հին ուխտին վերաբերող սովորույթները։ Փաստորեն, Օրենքի հանդեպ նախանձախնդիր քրիստոնյաները լավ չէին հասկանում ճշմարտությունը և ամբողջությամբ չէին վստահում քրիստոնեական ժողովին։ Նրանք պետք է փոխեին իրենց մտածելակերպը և քայլեին ճշմարտությանը համընթացb (Երեմ. 31։31-34; Ղուկ. 22։20)։

«Քո մասին իրենց հասած լուրերը ճիշտ չեն» (Գործեր 21։22-26)

9. Պողոսն ի՞նչ էր սովորեցնում Մովսիսական օրենքի վերաբերյալ։

9 Իսկ ինչո՞ւ էին լուրեր տարածվել, թե Պողոսը այլ երկրներում ապրող հրեաներին սովորեցնում է, որ «ո՛չ թլփատեն իրենց երեխաներին, ո՛չ էլ հաստատված սովորույթներով շարժվեն»։ Պողոսն ուղարկված էր այլազգիներին քարոզելու։ Նա էր այլազգի քրիստոնյաներին ներկայացրել այն որոշումը, համաձայն որի՝ կարիք չկար, որ հնազանդվեին Օրենքին։ Պողոսը նաև հայտնում էր, որ սխալ է ստիպել այլազգիներին թլփատվել՝ ի նշան Օրենքի հանդեպ հպատակության (Գաղ. 5։1-7)։ Երբ Պողոսը այցելում էր տարբեր քաղաքներ, բարի լուրը քարոզում էր նաև այնտեղ ապրող հրեաներին։ Անկասկած, նա անկեղծ սիրտ ունեցողներին բացատրում էր, որ Հիսուսի մահով հին ուխտը չեղյալ է հայտարարվել, և որ մարդը արդար է համարվում ոչ թե Օրենքի գործերի, այլ իր հավատի շնորհիվ (Հռոմ. 2։28, 29; 3։21-26)։

10. Պողոսն ի՞նչ հավասարակշռված տեսակետ ուներ Օրենքի և թլփատության մասին։

10 Մյուս կողմից՝ Պողոսը հաշվի էր առնում նաև այն մարդկանց զգացմունքները, ովքեր մեծ կարևորություն էին տալիս հրեական որոշ սովորույթներին, օրինակ՝ շաբաթ կամ ծոմ պահելուն (Հռոմ. 14։1-6)։ Ավելին՝ առաքյալը թլփատության հետ կապված կանոններ չէր սահմանում։ Հիշենք, որ նա թլփատեց Տիմոթեոսին, որպեսզի փարատի հրեաների անվստահությունը։ Դա թերևս ծագեր այն պատճառով, որ այդ երիտասարդի հայրը հույն էր (Գործ. 16։3)։ Յուրաքանչյուր մարդ պետք է անձամբ որոշեր՝ թլփատվել, թե ոչ։ Պողոսը գաղատացիներին գրեց. «Ո՛չ թլփատությունը արժեք ունի, ո՛չ էլ անթլփատությունը, այլ հավատը, որը դրսևորվում է սիրո միջոցով» (Գաղ. 5։6)։ Սակայն եթե անհատը թլփատվեր Օրենքին հպատակվելու նպատակով կամ պնդեր, թե դա Եհովայի հավանությունը շահելու պարտադիր միջոց է, դա կվկայեր, որ նա հավատի պակաս ունի։

11. Երեցները ի՞նչ խորհուրդ տվեցին Պողոսին, և նա ի՞նչ պետք է աներ դրան հետևելու համար (տես ծանոթագրությունը)։

11 Ակնհայտ է, որ Պողոսի մասին տարածվող լուրերը չափազանցված էին։ Այդուհանդերձ, դրանք անհանգստացնում էին հրեա քրիստոնյաներին։ Խնդիրը լուծելու նպատակով երեցները Պողոսին առաջարկեցին. «Մենք չորս մարդիկ ունենք, որոնք ուխտ են արել։ Այդ մարդկանց քեզ հետ վերցրու և նրանց հետ ծիսականորեն մաքրվիր ու նրանց ծախսերը հոգա, որ իրենց գլուխներն ածիլեն։ Այդպիսով՝ բոլորը կիմանան, որ քո մասին իրենց հասած լուրերը ճիշտ չեն, և որ դու պատշաճ կերպով ես վարվում, ու ինքդ էլ պահում ես Օրենքը»c (Գործ. 21։23, 24)։

12. Պողոսն ինչպե՞ս ճկունություն և համագործակցության ոգի դրսևորեց։

12 Պողոսն, իհարկե, կարող էր առարկել և ասել, որ իրականում խնդիրը ոչ թե իր մասին տարածվող բամբասանքն է, այլ հրեա քրիստոնյաների նախանձախնդրությունը Մովսիսական օրենքի հանդեպ։ Սակայն նա ճկուն էր և պատրաստ էր զիջելու, եթե իրենից չէր պահանջվում խախտել Աստծու սկզբունքները։ Ժամանակին առաքյալը գրել էր. «Օրենքի տակ լինողների համար օրենքի տակ լինողի պես եղա (թեև ինքս օրենքի տակ չեմ), որպեսզի օրենքի տակ լինողներին շահեմ» (1 Կորնթ. 9։20)։ Տվյալ դեպքում Պողոսը համագործակցեց Երուսաղեմի երեցների հետ և «օրենքի տակ լինողի պես» եղավ։ Այդպես վարվելով՝ նա լավ օրինակ թողեց մեզ։ Մենք նույնպես պետք է համագործակցենք երեցների հետ և համառորեն չպնդենք մեր կարծիքը (Եբր. 13։17)։

Կոլաժ։ 1. Պողոսը լսում է Երուսաղեմի երեցների առաջնորդությունը։ 2. Երեցների հանդիպում՝ մեր օրերում. եղբայրներից մեկը մտախոհ նայում է, մինչ մյուս երեցները ձեռք են բարձրացնում

Պողոսը պատրաստ էր զիջելու, եթե դրանով չէր խախտի աստվածաշնչյան որևէ սկզբունք։ Իսկ դո՞ւ...

ՀՌՈՄԻ ՕՐԵՆՔՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

Հռոմի իշխանությունները սովորաբար չէին միջամտում պրովինցիաների ներքին գործերին։ Ուստի հրեաները մեծ մասամբ ենթարկվում էին հրեական օրենքին։ Հռոմեացիները Պողոսի գործին խառնվեցին զուտ այն պատճառով, որ տաճարում նրա հայտնվելուց հետո հասարակական կարգուկանոնին սպառնացող խառնաշփոթ ստեղծվեց։

Նրանք, ովքեր Հռոմի քաղաքացիներ չէին, սահմանափակ իրավունքներ ունեին կայսրության տարածքում։ Պարագան այլ էր քաղաքացիների դեպքում։f Նրանք ունեին որոշակի իրավունքներ ու առավելություններ, որոնք գործում էին կայսրության ողջ տարածքում։ Օրինակ՝ անօրինական էր համարվում կապել կամ ծեծել Հռոմի քաղաքացուն, եթե նրա հանցանքը ապացուցված չէր, քանի որ նման ձևով էին վարվում միայն ստրուկների հետ։ Բացի այդ՝ քաղաքացիները իրավունք ունեին բողոքարկելու պրովինցիայի կառավարչի որոշումները և դիմելու կայսրին։

Հռոմի քաղաքացիություն կարելի էր ստանալ տարբեր եղանակներով։ Նախևառաջ՝ ժառանգաբար։ Երբեմն կայսրերը որևէ ծառայության դիմաց քաղաքացիություն էին շնորհում առանձին անհատների կամ էլ նույնիսկ քաղաքների ու շրջանների ազատ բնակչությանը։ Քաղաքացիություն կարող էին ստանալ այն ստրուկները, ովքեր գնել էին իրենց ազատությունը Հռոմի քաղաքացուց կամ էլ ազատ էին արձակվել նրա կողմից։ Հռոմեական լեգեոնների հետ կռված ոչ հռոմեացի զինվորները զորացրվելուց հետո նույնպես կարող էին քաղաքացի դառնալ։ Ակներևաբար որոշ դեպքերում հնարավոր էր նաև գնել քաղաքացիությունը։ Դա երևում է զորապետ Կլավդիոս Լիսիասի խոսքերից։ Վերջինս ասաց Պողոսին. «Ես մեծ գումարով եմ ձեռք բերել այս քաղաքացիությունը»։ Առաքյալն էլ պատասխանեց. «Իսկ ես հենց դրա մեջ եմ ծնվել» (Գործ. 22։28)։ Այստեղից հետևում է, որ Պողոսի նախահայրերից մեկը ինչ-որ ձևով Հռոմի քաղաքացիություն էր ձեռք բերել։

f Մ. թ. առաջին դարում Հրեաստանի տարածքում Հռոմի քաղաքացիների թիվը մեծ չէր։ Պրովինցիաների բոլոր բնակիչներին քաղաքացիություն շնորհվեց միայն երրորդ դարում։

«Դա արժանի չէ ապրելու» (Գործեր 21։27-22։30)

13. ա) Հրեաներից ոմանք ինչո՞ւ խառնաշփոթ ստեղծեցին տաճարում։ բ) Պողոսի կյանքն ինչպե՞ս փրկվեց։

13 Երբ վերոհիշյալ մարդկանց ուխտավորության օրերը մոտենում էին ավարտին, Պողոսին տաճարում նկատեցին Ասիայի հրեաները։ Նրանք մեծ աղմուկ բարձրացրին, առաքյալին մեղադրեցին հույներին տաճար բերելու մեջ և հասարակական անկարգություն հրահրեցին։ Պողոսին հավանաբար կսպանեին, եթե չմիջամտեր հռոմեացի զորապետը։ Վերջինս կալանավորեց առաքյալին։ Այս դեպքից հետո Պողոսը ազատություն ստացավ միայն 4 տարի անց։ Սակայն կալանքը նրան չփրկեց վտանգից։ Երբ զորապետը հրեաներին հարցրեց, թե ինչու են հարձակվել Պողոսի վրա, վերջիններս սկսեցին տարբեր բաներ գոռալ, այնպես, որ ոչինչ հասկանալի չէր։ Ի վերջո, հարկ եղավ առաքյալին հեռացնելու այդտեղից։ Երբ Պողոսն ու հռոմեացի զինվորները մոտեցան զորանոցին, առաքյալը զորապետին ասաց. «Աղաչում եմ քեզ, թո՛ւյլ տուր ինձ խոսել ժողովրդի հետ» (Գործ. 21։39)։ Ստանալով նրա համաձայնությունը՝ Պողոսը սկսեց համարձակորեն պաշտպանել իր հավատը։

14-15. ա) Պողոսն ի՞նչ բացատրեց հրեաներին։ բ) Ի՞նչ քայլեր ձեռնարկեց հռոմեացի զորապետը, որպեսզի պարզի հրեաների զայրույթի պատճառը։

14 «Լսեցե՛ք, թե ինչ եմ ասում ձեզ՝ ի պաշտպանություն ինձ»,— ասաց Պողոսը (Գործ. 22։1)։ Առաքյալը խոսեց եբրայերենով, ինչի շնորհիվ ամբոխը հանդարտվեց։ Նա անկեղծորեն բացատրեց, թե ինչու է դարձել Քրիստոսի հետևորդը։ Պողոսը հմտորեն այնպիսի փաստեր նշեց, որոնք հրեաները կարող էին հեշտությամբ ստուգել։ Առաքյալը հայտնեց, որ սովորել էր Գամաղիելի ոտքերի մոտ և հալածել էր Քրիստոսի հետևորդներին, ինչի մասին հավաքվածներից ոմանք թերևս տեղյակ էին։ Սակայն Դամասկոսի ճանապարհին նա տեսիլք էր տեսել. նրան երևացել էր հարություն առած Հիսուսը և խոսել էր իր հետ։ Իր ուղեկիցները պայծառ լույս էին տեսել և ինչ-որ ձայն լսել, սակայն չէին հասկացել, թե ինչ է այն ասում (Գործ. 9։7; 22։9)։ Դրանից հետո Պողոսը կուրացել էր։ Ուղեկիցները նրան հասցրել էին Դամասկոս։ Այնտեղ Անանիա անունով մի տղամարդ, որին քաղաքի հրեաները լավ ճանաչում էին, հրաշքով վերականգնել էր առաքյալի տեսողությունը։

15 Պողոսն ասաց նաև, որ երբ Երուսաղեմ էր վերադարձել, Հիսուսը տաճարում հայտնվել էր իրեն։ Այդ ժամանակ հրեաները խիստ բարկացան և սկսեցին գոռալ. «Վերացրո՛ւ այս մարդուն երկրից, որովհետև դա արժանի չէ ապրելու» (Գործ. 22։22)։ Պողոսին փրկելու նպատակով զորապետը կարգադրեց, որ նրան զորանոց տանեն։ Նա վճռեց պարզել, թե ինչու էին հրեաներն այդքան զայրացել առաքյալի վրա, ուստի հրամայեց խարազանելով հարցաքննել նրան։ Սակայն Պողոսն օգտվեց օրենքի միջոցով պաշտպանվելու իր հնարավորությունից և հայտնեց, որ Հռոմի քաղաքացի է։ Մեր օրերում Եհովայի վկաները նույնպես հաճախ դիմել են օրենքին՝ իրենց հավատը պաշտպանելու համար (տես «Հռոմի օրենքն ու քաղաքացիները» շրջանակը, ինչպես նաև այս էջի վրա գտնվող «Դատական պայքար մեր օրերում» շրջանակը)։ Երբ զորապետն իմացավ, որ Պողոսը Հռոմի քաղաքացի է, որոշեց մեկ այլ ձևով տեղեկություններ ստանալ նրանից։ Հաջորդ օրը նա առաքյալին կանգնեցրեց Սինեդրիոնի՝ հրեական գերագույն դատարանի առաջ։

ԴԱՏԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

Ընդօրինակելով Պողոսին՝ Եհովայի վկաները միշտ փորձել են վերացնել քարոզչական գործունեության վրա դրված արգելքները տարբեր երկրներում։ Նրանք ջանք չեն խնայել, որ այդ երկրներում գործող օրենսդրության միջոցով «պաշտպանեն և օրինականապես հաստատեն» բարի լուրը (Փիլիպ. 1։7)։

Անցյալ դարի 20-ական և 30-ական թվականներին հարյուրավոր քարոզիչներ են ձերբակալվել աստվածաշնչյան գրականություն տարածելու համար։ Օրինակ՝ 1926 թ.-ին Գերմանիայում Աստծու ծառաների դեմ 897 դատական գործ հարուցվեց։ Այդ գործերն այնքան շատ էին, որ Գերմանիայի մասնաճյուղում իրավաբանական բաժին բացվեց։ 1930-ականներին Միացյալ Նահանգներում տարեկան հարյուրավոր մարդիկ էին ձերբակալվում տնից տուն քարոզելու պատճառով։ 1936 թ.-ին այդ թիվը հասավ 1 149-ի։ Եղբայրներին ու քույրերին առաջնորդություն տրամադրելու նպատակով՝ Միացյալ Նահանգներում նույնպես իրավաբանական բաժին ստեղծվեց։ 1933-1939 թթ.-ին Ռումինիայում Եհովայի վկաների դեմ ավելի քան 530 դատական գործ էր ընթանում։ Սակայն քարոզիչները բազմիցս դիմել էին Ռումինիայի Գերագույն դատարան և մեծ թվով հաղթանակներ տարել։ Նման իրավիճակներ եղել են նաև շատ այլ երկրներում։

Հաճախ իրավական խնդիրներ են ծագել այն պատճառով, որ Վկաների խիղճը թույլ չի տվել որևէ ձևով խախտելու քրիստոնեական չեզոքությունը (Ես. 2։2-4; Հովհ. 17։14)։ Հակառակորդներն այդ քրիստոնյաներին հաճախ մեղադրել են սադրիչ գործողությունների մեջ, ինչի հետևանքով երբեմն նրանց գործունեությունն ամբողջովին արգելվել է։ Սակայն տարիների ընթացքում շատ պետական մարմիններ հասկացել են, որ Եհովայի վկաները ոչ մի վտանգ չեն ներկայացնում։g

g Տարբեր երկրների դատարաններում Եհովայի վկաների հաղթանակներին ծանոթանալու համար տես «Աստծու Թագավորությունը իշխում է» գրքի 15-րդ գլուխը և «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գրքի 30-րդ գլուխը։

«Ես փարիսեցի եմ» (Գործեր 23։1-10)

16-17. ա) Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Պողոսը սկսեց խոսել Սինեդրիոնի առաջ։ բ) Խոնարհության ի՞նչ օրինակ ցույց տվեց Պողոսը, երբ նրան հարվածեցին։

16 Փորձելով Սինեդրիոնի առաջ պաշտպանել իրեն՝ Պողոսն ասաց. «Եղբայրնե՛ր, մինչև այս օրը ես Աստծու առաջ բացարձակապես մաքուր խղճով եմ վարվել» (Գործ. 23։1)։ Բայց առաքյալը չկարողացավ շարունակել իր խոսքը։ Կարդում ենք. «Սա լսելով՝ Անանիա քահանայապետը կարգադրեց նրա կողքը կանգնածներին, որ նրա բերանին խփեն» (Գործ. 23։2)։ Ի՜նչ վիրավորական և անարդարացի արարք։ Փաստորեն, քահանայապետը առաքյալին ստախոսի պիտակ կպցրեց՝ առանց վերջինիս լսելու։ Զարմանալի չէ, որ Պողոսն ասաց. «Աստված պիտի հարվածի՛ քեզ, ա՛յ սպիտակեցրած պատ։ Դու նստում ես, որ Օրենքի համաձայն ինձ դատես և միևնույն ժամանակ Օրենքը ոտնահարելով՝ հրամայում ես, որ ինձ խփե՞ն» (Գործ. 23։3)։

17 Ներկաներից ոմանք ցնցվեցին, բայց ոչ թե Պողոսին հարվածողի պատճառով, այլ առաքյալի խոսքերի։ Ուստի նրանք բացականչեցին. «Աստծու քահանայապետի՞ն ես վիրավորում»։ Պողոսն էլ, խոնարհություն և Օրենքի հանդեպ հարգանք ցուցաբերելով, ասաց. «Եղբայրնե՛ր, ես չգիտեի, որ նա քահանայապետ է, որովհետև գրված է. «Քո ժողովրդի իշխանի մասին անարգանքով մի՛ խոսիր»»d (Գործ. 23։4, 5; Ելք 22։28)։ Այնուհետև նա փոխեց իր մոտեցումը։ Հաշվի առնելով, որ Սինեդրիոնը բաղկացած էր փարիսեցիներից ու սադուկեցիներից՝ Պողոսն ասաց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ՝ փարիսեցիների որդի։ Մահացածների հարության հույսի համար եմ դատվում» (Գործ. 23։6)։

Եղբայրը քարոզում է մի քահանայի, իսկ վերջինս ուշադրությամբ նայում է իր Աստվածաշնչից բացված համարին

Պողոսի պես՝ մենք ձգտում ենք ընդհանուր եզրեր գտնել այլ կրոնի մարդկանց հետ

18. Պողոսն ինչո՞ւ իրեն «փարիսեցի» անվանեց, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան այլ կրոնի մարդկանց քարոզելիս։

18 Ինչո՞ւ Պողոսն իրեն «փարիսեցի» անվանեց։ Քանի որ նա «փարիսեցիների որդի» էր, այսինքն՝ այդ աղանդին պատկանող ընտանիքից էր։ Ուստի շատերը թերևս շարունակում էին նրան փարիսեցի համարել։e Բայց ինչպե՞ս կարող էր Պողոսն իրեն փարիսեցի անվանել։ Չէ՞ որ փարիսեցիները հարության հետ կապված կեղծ գաղափարների էին հարում։ Նրանք պնդում էին, թե մահից հետո մարդու միջից դուրս է գալիս բանականությամբ օժտված հոգի, և թե արդարների հոգիները նորից մարմին են առնում։ Պողոսն, իհարկե, մերժում էր այդ գաղափարները։ Նա հավատում էր հարության այն ուսմունքին, որը Հիսուսն էր սովորեցրել (Հովհ. 5։25-29)։ Այնուամենայնիվ, մի հարցում առաքյալը համամիտ էր փարիսեցիների հետ. մահացածները անհույս վիճակում չեն։ Մինչդեռ սադուկեցիները հակառակվում էին այդ մտքին և չէին հավատում ապագա կյանքին։ Մենք կարող ենք նույն մոտեցումը ցուցաբերել, երբ զրուցում ենք այն մարդկանց հետ, ովքեր իրենց քրիստոնյա են համարում։ Թերևս ասենք, որ նրանց պես հավատում ենք Աստծուն։ Ինչ խոսք, այդ անհատների աստվածը գուցե Երրորդությունն է։ Այնուհանդերձ, նրանք մեզ նման ընդունում են, որ Աստված կա։

19. Ինչո՞ւ Սինեդրիոնում կռիվ սկսվեց։

19 Պողոսի խոսքերը պառակտում մտցրին Սինեդրիոնում։ Կարդում ենք. «Բարձրաձայն գոռգոռոցներ լսվեցին, ու փարիսեցիների միջից որոշ դպիրներ ելան ու սկսեցին բորբոքված վիճել ու ասել. «Մենք ոչ մի սխալ բան չենք գտնում այս մարդու մեջ, բայց եթե ոգի կամ հրեշտակ է խոսել նրա հետ...»» (Գործ. 23։9)։ Նույնիսկ թեթև ակնարկն այն մասին, որ Պողոսը խոսել է հրեշտակի հետ, անընդունելի էր սադուկեցիների համար, քանի որ նրանք չէին հավատում հրեշտակների գոյությանը (տես «Սադուկեցիներ և փարիսեցիներ» շրջանակը)։ Սինեդրիոնում այնպիսի կռիվ սկսվեց, որ հռոմեացի զորապետը մեկ անգամ ևս փրկեց Պողոսին (Գործ. 23։10)։ Սակայն դրանով առաքյալը վերջնականապես չազատվեց վտանգից։ Ի՞նչ էր սպասում նրան։ Այդ մասին կխոսենք հաջորդ գլխում։

ՍԱԴՈՒԿԵՑԻՆԵՐ ԵՎ ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐ

Սինեդրիոնը՝ հրեաների ազգային խորհուրդն ու գերագույն դատարանը, հիմնականում բաղկացած էր սադուկեցիներից ու փարիսեցիներից, որոնք միմյանց հետ մրցակցող երկու աղանդներ էին։ Ըստ առաջին դարի պատմիչ Հովսեպոս Փլավիոսի՝ այս երկու աղանդների հիմնական տարբերությունն այն էր, որ փարիսեցիները ժողովրդին պարտադրում էին պահել մեծ թվով ծեսեր ու սովորույթներ, իսկ սադուկեցիները խրախուսում էին հետևել միայն Մովսեսի օրենքում գրված դրույթներին։ Սակայն մի հարցում այս երկու աղանդները համակարծիք էին. թե՛ սադուկեցիները, թե՛ փարիսեցիները դեմ էին Հիսուսին։

Սադուկեցիները, որ հիմնականում պահպանողական էին, ակներևաբար սերտ կապեր ունեին քահանայական խավի հետ։ Այս ազդեցիկ աղանդից են եղել քահանայապետներ Հաննան ու Կայիափան (Գործ. 5։17)։ Հովսեպոսը նշում է, որ նրանց ուսմունքները «համոզիչ էին միայն հարուստների համար»։

Ինչ վերաբերում է փարիսեցիներին, ապա վերջիններս հիմնականում ազդեցություն ունեին հասարակ ժողովրդի վրա։ Բայց քանի որ նրանք ծայրահեղ ծիսական մաքրություն և նման այլ բաներ էին պահանջում, Օրենքը ժողովրդի համար բեռ էր դարձել։ Ի տարբերություն սադուկեցիների՝ փարիսեցիները հավատում էին ճակատագրին։ Նրանք պնդում էին նաև, թե մահից հետո մարդու հոգին կա՛մ պարգևատրվում է, կա՛մ էլ պատժվում՝ կախված նրա կատարած գործերից։

a Ըստ երևույթին, այդ ժամանակ արդեն բազմաթիվ ժողովներ հրեա քրիստոնյաների հոգևոր կարիքները բավարարելու նպատակով հանդիպումներն անցկացնում էին մասնավոր տներում։

b Մի քանի տարի անց Պողոս առաքյալը գրեց «Եբրայեցիներ» նամակը։ Նա ընդգծեց, որ նոր ուխտը առավելություն ունի հնի նկատմամբ։ Առաքյալը պարզ ցույց տվեց, որ նոր ուխտից հետո հինն այլևս չի գործում։ Պողոսն իր նամակում հիմնավոր փաստարկներ բերեց, որոնք եբրայեցի քրիստոնյաները կարող էին օգտագործել հրեա հակառակորդներին պատասխան տալու համար։ Այդ փաստարկները նաև ամրացրին այն քրիստոնյաների հավատը, ովքեր մեծ նշանակություն էին տալիս Մովսիսական օրենքին (Եբր. 8։7-13)։

c Աստվածաշնչագետներն ասում են, որ այդ մարդիկ հավանաբար ուխտավորներ են եղել (Թվեր 6։1-21)։ Թեև Պողոսը գիտեր, որ Մովսիսական օրենքով նախատեսված նման ուխտերն այլևս վավեր չեն, բայց չէր կարծում, թե վերոհիշյալ մարդիկ սխալ կվարվեն՝ կատարելով Եհովային տված իրենց խոստումը։ Հետևաբար սխալ չէր լինի նաև փակել այդ անհատների ծախսերը և ուղեկցել նրանց։ Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ ուխտ էին կապել այդ մարդիկ։ Սակայն եթե վերջիններս, մյուս ուխտավորների նման, որևէ կենդանի զոհաբերեին՝ մեղքերից ազատվելու համար, Պողոսը հաստատ թիկունք չէր կանգնի նրանց։ Քրիստոսի կատարյալ զոհից հետո կենդանական զոհերը կորցրել էին իրենց արժեքը։ Դրանց միջոցով այլևս հնարավոր չէր մեղքերի թողություն ստանալ։ Թեև մանրամասները հայտնի չեն, բայց կարող ենք վստահ լինել, որ Պողոսը չէր համաձայնվի իր խղճին հակառակ որևէ բան անել։

d Ոմանք ենթադրում են, որ Պողոսը չկարողացավ ճանաչել քահանայապետին վատ տեսողության պատճառով։ Ոմանք էլ ասում են, որ առաքյալն այնքան երկար չէր եղել Երուսաղեմում, որ չէր ճանաչում նոր քահանայապետին։ Հնարավոր է նաև, որ Պողոսը ամբոխի պատճառով չկարողացավ տեսնել, թե ով հրամայեց հարվածել իրեն։

e Մ. թ. 49 թ.-ին, երբ առաքյալներն ու երեցները քննարկում էին թլփատության հարցը, Երուսաղեմի ժողովում կային «փարիսեցիների աղանդից [քրիստոնյաներ], որ հավատացյալ էին դարձել» (Գործ. 15։5)։ Թեև վերջիններս արդեն ընդունել էին Քրիստոսին, սակայն, ինչպես տեսնում ենք, նրանց շարունակում էին «փարիսեցի» անվանել իրենց անցյալի պատճառով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը