«Արդարև տէրը յարութիւն է առել»
Պատկերացրեք՝ որքան մեծ էր Հիսուսի աշակերտների վիշտը, երբ իրենց Տիրոջը սպանեցին։ Նրանց հույսը կարծես թե մարեց, ինչպես Հիսուսի մարմինը, որը արիմաթիացի Հովսեփը գերեզման դրեց։ Մարեցին նաև բոլոր այն հույսերը, թե Հիսուսը կազատեր հրեաներին հռոմեական լծից։
Եթե նրա մահով ամեն բան վերջացել էր, ուրեմն, Հիսուսի աշակերտները պետք է որ ցիրուցան լինեին, ինչպես բազում կեղծ մեսիաների հետևորդների հետ է պատահել։ Բայց Հիսուսը կենդանի էր... Համաձայն Սուրբ գրություների՝ իր մահից կարճ ժամանակ անց նա մի քանի անգամ երևացել էր իր հետևորդներին։ Այդ էր պատճառը, որ նրանցից ոմանք ասացին. «Արդարեւ Տէրը յարութիւն է առել» (Ղուկաս 24։34, ԱԹ)։
Աշակերտները պետք է ամուր պահեին իրենց հավատը Հիսուսի հանդեպ՝ որպես Մեսիայի։ Այդպիսով նրանք գլխավորապես մատնացույց էին անելու մեռելներից նրա հարություն առնելը՝ որպես նրա մեսիա լինելու հաստատ ապացույց։ Այո՛, «առաքեալները մեծ զօրութեամբ վկայութիւն էին տալիս Տէր Յիսուս Քրիստոսի յարութեան մասին» (Գործք 4։33)։
Եթե որևէ մեկը երբևիցե փորձած լիներ ապացուցել, որ այդ հարությունը կեղծիք է եղել, գուցե, ունենալով այդ մասին աշակերտներից ինչ–որ մեկի տված վկայությունը կամ փաստեր, որ Հիսուսի մարմինը չէր անհետացել գերեզմանից, ապա քրիստոնեությունը ճշմարիտ հիմքեր չէր ունենա։ Սակայն դա այդպես չէր։ Իմանալով, որ Քրիստոսը հարություն է առել՝ նրա հետևորդները ամենուրեք հռչակում էին այդ լուրը, և շատերը հավատ էին ընծայում հարություն առած Քրիստոսի հանդեպ։
Իսկ ինչո՞ւ դուք էլ կարող եք հավատալ Հիսուսի հարությանը։ Հարության վերաբերյալ ի՞նչ փաստեր կան։
Ինչո՞ւ քննել փաստերը
Բոլոր չորս Ավետարաններն էլ Հիսուսի հարության մասին հաղորդագրություններ են պարունակում (Մատթէոս 28։1–10; Մարկոս 16։1–8; Ղուկաս 24։1–12; Յովհաննէս 20։1–29)։a Քրիստոնեական Հունարեն գրությունների մյուս հատվածներում բացահայտորեն խոսվում է մեռելներից Քրիստոսի հարություն առնելու մասին։
Զարմանալի չէ, որ Հիսուսի հարության լուրը հռչակվել է նրա հետևորդների կողմից։ Եթե իրոք Աստված նրան կյանքի է վերադարձրել, ապա դա երբևիցե լսված ամենաապշեցուցիչ լուրն է։ Դա նշանակում է, որ Աստված գոյություն ունի։ Դեռ ավելին, դա նշանակում է, որ Հիսուսը կենդանի է այսօր։
Ի՞նչ առնչություն ունի դա մեզ հետ։ Հիսուսն աղոթեց. «Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր» (Յովհաննէս 17։3)։ Այո՛, մենք կարող ենք կենսատու գիտություն ձեռք բերել Հիսուսի և նրա Հոր մասին։ Այդ գիտությունը կիրառելու դեպքում, նույնիսկ եթե մահանանք, հարություն կառնենք, ինչպես Հիսուսի հետ պատահեց (Յովհաննէս 5։28, 29)։ Մենք կարող ենք հավիտենական կյանքի հույս ունենալ երկրային դրախտում՝ Աստծո Երկնային թագավորության ներքո, որի կառավարիչը լինելու է փառավորյալ Որդին՝ Հիսուս Քրիստոսը՝ թագավորների Թագավորը (Եսայիա 9։6, 7; Ղուկաս 23։43; Յայտնութիւն 17։14)։
Ուրեմն, մեռելներից Հիսուսի հարություն առնելու հարցը շատ կարևոր է։ Այն ազդեցություն է գործում մեր ներկա կյանքի և ապագայի հեռանկարների վրա։ Ահա թե ինչու ենք հրավիրում ձեզ քննել այն չորս փաստերը, որոնք ապացուցում են, որ Հիսուսը մահացել է և հարություն առել։
Հիսուսը իրոք մահացել է ցցի վրա
Որոշ սկեպտիկներ պնդում են, որ, չնայած Հիսուսը ցից է հանվել, սակայն իրականում նա չի մահացել։ Նրանք ասում են, թե նա պարզապես մահամերձ վիճակում է եղել ու սթափվել է գերեզմանի սառնությունից։ Սակայն բոլոր աղբյուրները փաստում են, որ գերեզման դրվել է Հիսուսի անկենդան մարմինը։
Քանի որ Հիսուսը մահապատժի է ենթարկվել հանրության առաջ, հետևաբար, եղել են վկաներ, որոնք տեսել են, որ նա իրոք մահացել է ցցի վրա։ Նրա մահվան փաստը հաստատել է մահապատժի համար պատասխանատու հարյուրապետը։ Այդ հարյուրապետը հմուտ էր իր գործում. նրա պարտականությունն էր՝ հաստատել, որ մահապատժի ենթարկված անձնավորությունը իրոք մահացած էր։ Դեռ ավելին, համոզվելուց հետո միայն, որ Հիսուսը մահացել է, հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսը թույլ տվեց արիմաթիացի Հովսեփին թաղել նրա մարմինը (Մարկոս 15։39–46)։
Գերեզմանը դատարկ էր
Դատարկ գերեզմանը Հիսուսի հարությունը փաստող առաջին ապացույցն էր՝ տրված աշակերտներին, և դա անհերքելի փաստ է։ Հիսուսին թաղել էին նոր, դեռ չօգտագործված գերեզմանում, որը գտնվում էր նրան մահապատժի ենթարկելու վայրից ոչ հեռու, ուստի, շատ հեշտությամբ կարելի էր գտնել այն (Յովհաննէս 19։41, 42)։ Ավետարանների բոլոր հաղորդագրությունները միաբանորեն տեղեկացնում են, որ, երբ Հիսուսի մահից երկու օր անց՝ առավոտյան, նրա մտերիմները եկան գերեզմանոց, նրա մարմինն արդեն անհետացել էր (Մատթէոս 28։1–7; Մարկոս 16։1–7; Ղուկաս 24։1–3; Յովհաննէս 20։1–10)։
Դատարկ գերեզմանը մեծ զարմանք էր պատճառել Հիսուսի հակառակորդներին, ինչպես և նրա մտերիմներին։ Նրա թշնամիներն արդեն վաղուց էր, ինչ ամեն քայլի դիմում էին նրան մահացած ու վերջապես թաղված տեսնելու համար։ Եվ իրենց նպատակին հասնելով՝ ապահովության համար նրանք կնքեցին գերեզմանը և պահակներ կանգնեցրին։ Այդուհանդերձ, շաբաթվա առաջին օրը՝ առավոտյան, գերեզմանը դատարկ էր։
Արդյոք Հիսուսի մտերիմնե՞րն էին վերցրել նրա մարմինը։ Անհավանական է, քանի որ նրանց մեծ ցավ էր պատճառել Տիրոջ մահը, ինչպես երևում է Ավետարաններից։ Բացի այդ, հազիվ թե աշակերտները շարունակ հալածանքներ կրեին և նույնիսկ պատրաստ լինեին մահանալ մի բանի համար, որն իրենք էլ գիտեին, որ կեղծիք է։
Այդ դեպքում ո՞վ էր վերցրել մարմինը գերեզմանից։ Հիսուսի թշնամինե՞րը։ Հազիվ թե։ Նույնիսկ եթե նրանք վերցրած էլ լինեին, որոշ ժամանակ անց անպայման կներկայացնեին մարմինը, որպեսզի հերքեին աշակերտների պնդումը, թե նա հարություն է առել և կենդանի է։ Սակայն իրականում նրանք չէին վերցրել մարմինը. այդ անողը Աստված էր։
Շաբաթներ անց, երբ Պետրոսն ասաց ներքոհիշյալ խոսքերը, Հիսուսի թշնամիները ոչ մի առարկություն առաջ չքաշեցին։ Նա ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, լսեցէ՛ք այս խօսքերը. Յիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստուած ձեզ ներկայացրեց զօրութեամբ, նշաններով ու զարմանալի գործերով, որ Աստուած նրա միջոցով արեց ձեր մէջ, ինչպէս դուք իսկ գիտէք այդ, Աստծու սահմանած խորհրդով եւ կանխագիտութեամբ անօրէնների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրայ գամեցիք եւ սպանեցիք. նրան Աստուած յարութիւն տուեց՝ քանդելով մահուան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահը իշխէր նրան։ Ինքը Դաւիթը Յիսուսի մասին ասում է. «Նախապէս Տիրոջը [«Եհովային», ՆԱ] ամէն ժամ տեսնում էի իմ առաջ, ....եւ իմ մարմինն էլ պիտի ապրի յոյսով, որովհետեւ իմ անձը գերեզմանում չես թողնելու եւ ոչ էլ թոյլ ես տալու, որ քո սրբի մարմինը ապականուի»» (Գործք 2։22–27)։
Շատերը տեսան Հիսուսին՝ հարություն առած
«Գործք Առաքելոց» գրքում ավետարանագիր Ղուկասը նշում է. «[Հիսուսը] իր չարչարանքներից յետոյ իրեն կենդանի ներկայացրեց [առաքյալների] առաջ շատ ապացոյցներով՝ քառասուն օրերի ընթացքում երեւալով նրանց եւ խօսելով Աստծու արքայութեան մասին» (Գործք 1։2, 3)։ Աշակերտներից մի քանիսը տեսան հարություն առած Հիսուսին տարբեր վայրերում՝ պարտեզում, ճանապարհին, ընթրիքի ժամանակ, Տիբերիայի ծովեզերքին (Մատթէոս 28։8–10; Ղուկաս 24։13–43; Յովհաննէս 21։1–23)։
Սկեպտիկները կասկածի են ենթարկում Հիսուսի երևալու մասին արձանագրությունների ճշմարտացիությունը։ Նրանք ասում են, որ դրանք հորինվածքներ են, կամ էլ վկայակոչում են այդ հաղորդագրությունների թվացյալ հակասություններին։ Սակայն Ավետարաններում գտնվող աննշան տարբերությունները ցույց են տալիս, որ գրողների միջև ոչ մի գաղտնի համաձայնություն չի եղել։ Մեր գիտելիքները Հիսուսի մասին ավելանում են, երբ նկատում ենք, որ մի ավետարանագիր նշում է մանրամասնություններ, որոնք լրացնում են Քրիստոսի երկրային կյանքի մասին մյուսի հաղորդագրության որոշակի դեպքերի նկարագրությանը։
Իսկ կարելի՞ է ասել, որ Հիսուսի երևալու դեպքերը զգայապատրանքի (հալյուցինացիայի) հետևանքներ էին։ Այդպիսի պնդումը սխալ է, քանի որ Հիսուսին տեսել էին շատերը, որոնց մեջ կային՝ ձկնորսներ, կանայք, մի ծառայող, նույնիսկ կասկածամիտ Թովմասը, որը հավատաց միայն այն ժամանակ, երբ Հիսուսի հարությունը փաստող անհերքելի ապացույց տեսավ (Յովհաննէս 20։24–29)։ Որոշ դեպքերում աշակերտներն անմիջապես չճանաչեցին իրենց հարություն առած Տիրոջը։ Մի անգամ նրան տեսան ավելի քան 500 հոգի, որոնցից շատերը դեռ կենդանի էին այն ժամանակ, երբ Պողոս առաքյալը հիշատակեց այդ դեպքը՝ որպես հարության ապացույց (Ա Կորնթացիս 15։6)։
Հիսուսը կենդանի է և ազդեցություն է գործում մարդկանց կյանքերի վրա
Հիսուսի հարությունը պարզապես հետաքրքրության կամ վիճաբանությունների առարկա չէ։ Այն, որ նա կենդանի է, բարերար ազդեցություն է գործում մարդկանց կյանքերի վրա, որտեղ էլ որ նրանք ապրելիս լինեն։ Սկսած առաջին դարից՝ անհամար թվով մարդիկ, որոնք մի ժամանակ անտարբեր են եղել կամ հակառակվել են քրիստոնեությանը, եկել են այն եզրակացության, որ դա է ճշմարիտ կրոնը։ Ո՞րն է պատճառը։ Ուսումնասիրելով Գրությունները՝ նրանք համոզվել են, որ Աստված կյանքի է վերադարձրել Հիսուսին՝ որպես փառավոր երկնային արարածի (Փիլիպպեցիս 2։7–11)։ Նրանք հավատ են դրսևորել Հիսուսի և փրկության հնարավորության հանդեպ, որը տվել է Եհովա Աստված Քրիստոսի զորհաբերական փրկանքի միջոցով (Հռովմայեցիս 5։8)։ Այդպիսի անհատները իսկական երջանկություն են գտել՝ Աստծո կամքը կատարելով և ապրելով Հիսուսի ուսուցումների հետ ներդաշնակ։
Եկեք մտածենք, թե ինչ էր նշանակում լինել քրիստոնյա առաջին դարում։ Իհարկե, դա չէր նշանակում հեղինակություն, իշխանություն կամ հարստություն ստանալ։ Ճիշտ հակառակը՝ վաղեմի քրիստոնյաներից շատերը ‘ուրախությամբ ընդունեցին իրենց ունեցվածքի հափշտակումը’՝ հանուն իրենց հավատի (Եբրայեցիս 10։34)։ Քրիստոնյա լինել նշանակում էր անձնուրաց և հալածանքներով լի կյանքով ապրել, որը շատ դեպքերում ավարտվում էր մարտիրոսությամբ։
Քրիստոսի հետևորդները դառնալուց առաջ ոմանք լավ կարիերա ստեղծելու և հարստություն դիզելու հեռանկար ունեին։ Տարսոնացի Սողոսը կրթություն էր ստացել Օրենքի հանրահռչակ ուսուցիչ Գամաղիելի մոտ և սկսել էր աչքի ընկնել հրեաների մեջ (Գործք 9։1, 2; 22։3; Գաղատացիս 1։14)։ Բայց Սողոսը Պողոս առաքյալ դարձավ։ Նա և ուրիշ շատերը մերժեցին աշխարհի առաջարկած հեղինակությունն ու իշխանությունը։ Ինչո՞ւ. իսկական հույսի մասին բարի լուրը տարածելու նպատակով. հույս, որ հիմնված էր Աստծո խոստումների և մեռելներից Հիսուս Քրիստոսի հարության փաստի վրա (Կողոսացիս 1։28)։ Նրանք պատրաստ էին տառապել ճշմարտության համար, ինչում նրանք համոզված էին։
Պարագան նույնն է այսօր միլիոնավորների համար։ Այդպիսի անհատների կարող եք հանդիպել Եհովայի վկաների ժողովներում աշխարհի բոլոր ծայրերում։ Վկաները սիրով հրավիրում են ձեզ ներկա գտնվել Քրիստոսի մահվան հետ կապված տարեկան արարողությանը, որը տեղի կունենա 2001 թ. ապրիլի 8–ին՝ կիրակի օրը՝ մայրամուտից հետո։ Նրանք ուրախ կլինեն տեսնել ձեզ այդ օրը, ինչպես նաև Աստվածաշնչի ուսումնասիրության բոլոր հանդիպումներին, որոնք անցկացվում են նրանց Թագավորության սրահներում։
Առաջարկում ենք ձեզ ավելին իմանալ ոչ միայն Հիսուսի մահվան ու հարության մասին, այլ նաև՝ նրա կյանքի և ուսուցումների։ Հիսուսը դեպի իրեն է կանչում մեզ (Մատթէոս 11։28–30)։ Քայլեր ձեռնարկենք արդեն հիմա, որպեսզի Եհովա Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին ճշգրիտ գիտություն ստանանք։ Դա անելը կարող է հավիտենական կյանք նշանակել մեզ համար՝ իր սիրելի Որդու գլխավորությամբ Աստծո Թագավորության ներքո։
[ծանոթագրություն]
a Ավետարանների հաղորդագրությունների վավերականության մասին փաստերի համար տեսեք «Ավետարանները. պատմությո՞ւն, թե՞ առասպել» վերնագրով հոդվածը, «Դիտարան», մայիսի 15, 2000 թ., ռուս.։
[նկար 7–րդ էջի վրա]
Միլիոնավոր մարդիկ իսկական երջանկություն են գտնում՝ դառնալով Հիսուսի հետևորդները
[նկար 6–րդ էջի վրա. թույլտվությամբ]
From the Self-Pronouncing Edition of the Holy Bible, containing the King James and the Revised versions