Նրանք պայքարեցին իրենց «մարմնի խայթի» դեմ
«Ինձ տրուեց մարմնի խայթ, Սատանայի մի պատգամաւոր, որ բռնցքահարի ինձ» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ 12։7)։
1. Ի՞նչ խնդիրներ են դիմագրավում մարդիկ այսօր։
ՊԱՅՔԱՐՈՒՄ եք վերջ չունեցող փորձության դե՞մ։ Եթե՝ այո, ապա իմացեք, որ միայն դուք չէք նման կացության մեջ։ Այս «չար ժամանակներում» հավատարիմ քրիստոնյաները ծանր հալածանքներ են տանում, ընտանեկան, ֆինանսական, էմոցիոնալ խնդիրների առջև են կանգնում, հիվանդանում են, կորցնում են հարազատ մարդուն և դիմագրավում նման ուրիշ դժվարություններ (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Որոշ երկրներում էլ շատերին սպառնում են սովն ու պատերազմը։
2, 3. Ի՞նչ բացասական տրամադրվածություն կարող է առաջանալ խայթի նմանվող պրոբլեմների պատճառով, և ինչո՞վ է դա վտանգավոր։
2 Նման խնդիրները կարող են մարդուն ամբողջությամբ ճնշել, հատկապես երբ դրանք միաժամանակ են ծագում։ Առակաց 24։10–ում ասվում է. «Եթէ նեղութեան օրը թուլացար, ոյժդ նեղ կ’լինի»։ Այո՛, եթե վհատվենք փորձությունների ժամանակ, ապա հնարավոր է, որ պակասեն մեզ այնքան անհրաժեշտ ուժերը, ու թուլանա մինչև վերջ տոկալու մեր վճռականությունը։ Ինչպե՞ս։
3 Հնարավոր է, որ վհատության պատճառով սկսենք իրերին ոչ օբյեկտիվորեն նայել։ Օրինակ՝ հեշտ է չափազանցնել դժվարությունները և սեփական անձի հանդեպ խղճահարությամբ լցվել։ Ոմանք նույնիսկ դեպի Աստված են բացականչում. «Ինչո՞ւ ես թույլ տալիս, որ այդպիսի վիճակի մեջ ընկնեմ»։ Եթե նման բացասական տրամադրվածությունը արմատ գցի անհատի սրտում, ապա նա գուցե աստիճանաբար կորցնի իր ուրախությունը և վստահության զգացումը։ Հնարավոր է՝ Աստծո ծառան այն աստիճան վհատվի, որ նույնիսկ դադարեցնի ‘հավատի բարի մարտը մղել’ (Ա Տիմոթէոս 6։12)։
4, 5. Ի՞նչ կապ ունի Սատանան մեր պրոբլեմների հետ, բայց ո՞ր հարցում կարող ենք վստահ լինել։
4 Անկասկած, Եհովա Աստվածը չէ մեր փորձությունների պատճառը (Յակոբոս 1։13)։ Որոշ փորձություններ ծագում են պարզապես այն պատճառով, որ մենք ձգտում ենք հավատարիմ մնալ իրեն։ Իրողությունն այն է, որ բոլոր նրանք, ովքեր ծառայում են Եհովային, դառնում են նրա գլխավոր թշնամու՝ Բանսարկու Սատանայի թիրախը։ Քանի որ այս ‘աշխարհի [չար] աստծուն’ քիչ ժամանակ է մնացել, նա փորձում է Եհովային սիրող անձանց ստիպել, որ չկատարեն Նրա կամքը (Բ Կորնթացիս 4։4)։ Սատանան կարելույն չափ ցավ ու տառապանք է պատճառում աշխարհում գտնվող մեր բոլոր եղբայրներին (Ա Պետրոս 5։9)։ Թեև մեր բոլոր պրոբլեմների անմիջական պատճառը Սատանան չէ, բայց նա կարող է օգտվել դրանցից՝ ցանկանալով ավելի ծանրացնել մեր վիճակը։
5 Անկախ այն բանից, թե որքան ահազդու կարող է լինել Սատանան իր գործադրած զենքերով՝ մենք կարո՛ղ ենք հաղթել նրան։ Ինչպե՞ս վստահ լինել դրանում։ Եհովա Աստված պատերազմում է հանուն մեզ։ Նա իր ծառաներին անպայման տեղյակ է պահում Սատանայի գործելակերպի մասին (Բ Կորնթացիս 2։11)։ Աստծո Խոսքը մեզ շատ բան է հայտնում ճշմարիտ քրիստոնյաների տարած փորձությունների մասին։ Պողոս առաքյալի մասին խոսելիս Աստվածաշունչն օգտագործում է «մարմնի խայթ» արտահայտությունը։ Ինչո՞ւ։ Եկեք տեսնենք, թե ինչպես է Աստծո Խոսքը բացատրում այս բառակապակցությունը։ Իսկ հետո կիմանանք, որ միայն մենք չենք, որ Եհովայի օգնության կարիքն ենք ունենում փորձությունների դեմ պայքարելու համար։
Ինչու են փորձությունները խայթերի նման
6. Ի՞նչ ի նկատի ուներ Պողոսը «մարմնի խայթ» ասելով, և ի՞նչը կարող էր դա լինել։
6 Պողոսը, որ մեծ փորձություն էր կրում, Աստծո ներշնչմամբ գրեց. «Ինձ տրուեց մարմնի խայթ [«փշի նման ծակող մի ցավ», ԱՆԹ], Սատանայի մի պատգամաւոր, որ բռնցքահարի ինձ, որպէսզի չգոռոզամտանամ» (Բ Կորնթացիս 12։7)։ Ո՞րն էր Պողոսի մարմնում եղած խայթը։ Փուշը, խոր մտնելով մաշկի տակ, անշուշտ ցավ է պատճառում։ Հետևաբար՝ փոխաբերական առումով ասված այս արտահայտության մեջ պետք է հասկանալ մի բան, որը Պողոսին ցավ էր պատճառում. գուցե դա ֆիզիկական կամ էմոցիոնալ ցավ էր, կամ գուցե երկուսն էլ միասին։ Հնարավոր է, որ Պողոսն աչքի հիվանդություն կամ այլ ֆիզիկական տկարություն ուներ։ Կամ էլ այդ խայթը հենց նրանք էին, ովքեր կասկածի տակ էին դնում Պողոսի՝ առաքյալ լինելու իրավունքը ու նրա քարոզչական և ուսուցողական գործունեության արժեքը (Բ Կորնթացիս 10։10–12; 11։5, 6, 13)։ Ինչ էլ որ լիներ, Պողոսը շարունակում էր կրել այդ խայթը, որը հնարավոր չէր վերացնել։
7, 8. ա) Ի՞նչ իմաստով է օգտագործված ‘բռնցքահարել’ բառը։ բ) Ինչո՞ւ է շատ կարևոր, որ պայքարենք մեզ անհանգստացնող ամեն տեսակի խայթի դեմ։
7 Նկատեցեք, որ խայթը ‘բռնցքահարում’ էր Պողոսին։ Հետաքրքրական է, որ այստեղ Պողոսի օգտագործած հունարեն բառը ծագում է մի այնպիսի բառից, որը նշանակում է «մատի հոդեր»։ Այդ հունարեն բայը Մատթէոս 26։67–ում օգտագործված է ուղիղ իմաստով, իսկ Ա Կորնթացիս 4։11–ում՝ փոխաբերական։ Ի նկատի ունենալով այն, որ Սատանան ատելով ատում է Եհովային ու նրա ծառաներին՝ կարող ենք վստահ լինել, որ Բանսարկուին հաճույք էր պատճառում, որ «խայթը» շարունակում էր ‘բռնցքահարել’ Պողոսին։ Նա այսօր էլ է ուրախանում, երբ մեր ‘մարմնում խայթ’ է տեսնում։
8 Ուստի՝ Պողոսի նման մենք էլ կարիք ունենք իմանալու, թե ինչպես պայքարել նման խայթերի դեմ։ Մեր կյա՛նքն է դրանից կախված։ Հիշենք. Եհովան ցանկանում է, որ մենք հավիտյան ապրենք իր նոր աշխարհում, որտեղ խայթի նմանվող խնդիրներն այլևս չեն անհանգստացնի մեզ։ Այս հրաշալի մրցանակը շահելու համար Աստված իր սուրբ Խոսքում՝ Աստվածաշնչում, բազմաթիվ օրինակներ է տվել՝ ցույց տալով, որ իր հավատարիմ ծառաները հաջողությամբ պայքարել են իրենց մարմնի խայթերի դեմ։ Նրանք մեզ պես հասարակ, անկատար մարդիկ են եղել։ ‘Վկաների [այս մեծ] բազմության’ անդամներից մի քանիսի հետ կատարվածը քննարկելը կօգնի մեզ ‘համբերությամբ վազել մեր առջև դրված ասպարեզի ընթացքը’ (Եբրայեցիս 12։1)։ Խորհրդածելով, թե նրանք ինչերի՛ են դիմացել՝ ավելի ու ավելի կլցվենք վստահությամբ, որ կարող ենք պայքարել Սատանայի՝ մեր դեմ ուղղված ցանկացած խայթոցի դեմ։
Մեմփիբոսթեի ‘մարմնի խայթերը’
9, 10. ա) Ինչպե՞ս առաջացավ Մեմփիբոսթեի մարմնի խայթը։ բ) Ի՞նչ բարություն արեց Դավիթ թագավորը Մեմփիբոսթեին, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
9 Մեմփիբոսթեն Դավիթի ընկերոջ՝ Հովնաթանի որդին էր։ Երբ նա հինգ տարեկան էր, լուր ստացվեց, որ իր հայրը՝ Հովնաթանը, ու պապը՝ Սավուղ թագավորը, սպանվել են։ Տղայի դայակը խուճապի մատնվեց։ Նա «նորան առաւ.... եւ երբոր շտապում էր փախչելու, տղան վայր ընկաւ եւ կաղ դառաւ» (Բ Թագաւորաց 4։4)։ Մեմփիբոսթեն դարձավ հաշմանդամ, ու նրա մեծանալուն զուգընթաց դա, ինչ խոսք, մեծ ցավ էր պատճառում։
10 Տարիներ անց Դավիթ թագավորը, Հովնաթանի հանդեպ մեծ սիրուց մղված, բարերարություն արեց Մեմփիբոսթեին։ Դավիթը Սավուղի ողջ ունեցվածքը տվեց նրան, իսկ Սավուղի ծառա Սիբային վերակացու նշանակեց այդ ամենի վրա։ Նաև, Դավիթը Մեմփիբոսթեին ասաց. «Դու պիտի միշտ իմ սեղանի վերայ հաց ուտես» (Բ Թագաւորաց 9։6–10)։ Անկասկած, Դավթի բարերարությունը մխիթարեց Մեմփիբոսթեին ու մեղմեց նրա հաշմանդամության պատճառած ցավերը։ Ինչպիսի՜ ակնառու դաս մեզ համար։ Մենք նույնպես պետք է բարություն ցուցաբերենք նրանց հանդեպ, ովքեր պայքարում են իրենց մարմնի խայթի դեմ։
11. Ի՞նչ ասաց Սիբան Մեմփիբոսթեի մասին, բայց որտեղի՞ց գիտենք, որ նա ստում էր (տեսեք ծանոթագրությունը)։
11 Ավելի ուշ Մեմփիբոսթեն ստիպված էր տանել մարմնի ևս մեկ խայթ։ Նրա ծառա Սիբան զրպարտեց նրան Դավիթ թագավորի առաջ, որն իր որդի Աբիսողոմի բարձրացրած ապստամբության պատճառով փախել էր Երուսաղեմից։ Սիբան ասաց, որ Մեմփիբոսթեն, հուսալով ստանալ իր հոր թագավորությունը, անհավատարմորեն մնացել է Երուսաղեմում։a Դավիթը հավատաց Սիբայի զրպարտանքին ու Մեմփիբոսթեի ողջ ունեցվածքը տվեց այդ խաբեբային (Բ Թագաւորաց 16։1–4)։
12. Ինչպե՞ս Մեմփիբոսթեն վարվեց ստեղծված իրավիճակում, և ինչպե՞ս է նա հրաշալի օրինակ մեզ համար։
12 Վերջապես, երբ Մեմփիբոսթեն հանդիպեց Դավթին, պատմեց թագավորին ողջ եղելությունը։ Նա պատրաստություն էր տեսնում միանալու Դավթին, բայց Սիբան խաբեց նրան՝ առաջարկելով, որ ինքը գնար նրա փոխարեն։ Արդյոք վերականգնե՞ց Դավիթն արդարությունը։ Մասամբ։ Նա սեփականությունը նրանց միջև բաժանեց։ Այստեղ հնարավոր էր, որ մեկ ուրիշ «մարմնի խայթ» առաջ գար Մեմփիբոսթեի համար։ Արդյոք խորապես հիասթափվե՞ց նա։ Դժգոհեց ու գանգատվե՞ց, թե Դավիթն անարդար որոշում է կայացրել։ Ոչ՛, Մեմփիբոսթեն խոնարհաբար համաձայնվեց թագավորի որոշման հետ։ Նա կենտրոնացավ լավի վրա. ուրախացավ, որ Իսրայելի արդար թագավորն անվնաս ետ է դարձել։ Մեմփիբոսթեն իսկապես գերազանց օրինակ է թողել մեզ համար. նա անտրտունջ կրեց իր հաշմանդամությունը և տարավ բամբասանքն ու հիասթափությունը (Բ Թագաւորաց 19։24–30)։
Նեեմիան պայքարեց իր փորձությունների դեմ
13, 14. Մարմնի ի՞նչ խայթեր ունեցավ Նեեմիան, երբ վերադարձավ Երուսաղեմի պարիսպները վերականգնելու։
13 Պատկերացրեք, թե փոխաբերական իմաստով ինչ խայթեր էր տանում Նեեմիան, երբ մ.թ.ա. հինգերորդ դարում վերադարձավ Երուսաղեմ։ Քաղաքը, փաստորեն, անպաշտպան էր. պարիսպները քանդված էին, իսկ հայրենադարձ հրեաները անկազմակերպ, հուսալքված և անմաքուր էին Եհովայի աչքում։ Չնայած որ Արտաշես թագավորի կողմից լիազորված էր Երուսաղեմի պարիսպները վերականգնելու՝ Նեեմիան շուտով իմացավ, որ իր առաքելությունը խիստ անցանկալի էր հարևան երկրների առաջնորդներին։ Նրանք «խիստ շատ նեղացան [«նեղուեցին», Արևմտ. Աստ.], որ մի մարդ է եկել Իսրայէլի որդկանց բարիքը ուզելու» (Նէեմիա 2։10)։
14 Այդ մարդիկ ամեն ինչ արեցին, որպեսզի կասեցնեին Նեեմիայի ձեռնարկած գործը։ Նրանց գործողությունները՝ սպառնալը, ստելը, ահաբեկելը, զրպարտելը, այդ թվում՝ բարոյալքելու նպատակով նրա մոտ լրտեսներ ուղարկելը, անշուշտ, նրա համար անդադար խայթոցների էին նման։ Կարողացա՞վ Նեեմիան դիմանալ թշնամիների հնարանքներին։ Այո՛։ Նա ամբողջ սրտով ապավինեց Աստծուն։ Շուտով Երուսաղեմի պարիսպների շինարարությունը ավարտվեց, ու պարիսպները դեռ երկար ժամանակ վկայում էին Նեեմիայի հանդեպ Եհովայի սիրառատ աջակցության մասին (Նէեմիա 4։1–12; 6։1–19)։
15. Հրեաների ո՞ր խնդիրներն էին խորապես անհանգստացնում Նեեմիային։
15 Որպես կուսակալ՝ Նեեմիան ստիպված էր նաև լուծել Աստծո ժողովրդի մեջ եղած բազմաթիվ խնդիրներ։ Այդ խայթանման դժվարությունները նրան խիստ անհանգստացնում էին, քանի որ դրանք առնչվում էին ժողովրդի ու Եհովայի միջև եղած փոխհարաբերություններին։ Հարուստները բարձր տոկոսներ էին առնում ժողովրդից, իսկ նրանց աղքատ եղբայրները, որպեսզի կարողանային մարել պարտքերը, ինչպես նաև հարկ տալ Պարսից թագավորին, ստիպված էին հրաժարվել իրենց արտերից և նույնիսկ իրենց զավակներին ստրկության վաճառել (Նէեմիա 5։1–10)։ Շատ հրեաներ չէին պահում Շաբաթը ու չէին հոգում ղևտացիների ու տաճարի կարիքները։ Նաև ոմանք ամուսնացել էին ‘ազովտացի, ամմոնացի, մովաբացի կանանց’ հետ։ Ինչպիսի՜ ցավ էր զգում Նեեմիան։ Բայց այս խայթերից և ոչ մեկը չկարողացավ ստիպել նրան անձնատուր լինել։ Ամեն անգամ, որպես Աստծո արդար օրենքների նախանձախնդիր պաշտպան՝ նա կարողանում էր հաղթահարել դժվարությունները։ Նեեմիայի պես՝ թող որ մենք էլ թույլ չտանք, որ մյուսների անհավատարիմ ընթացքը շեղի մեզ Եհովային հավատարմորեն ծառայելուց (Նէեմիա 13։10–13, 23–27)։
Ուրիշ շատ հավատարիմներ պայքարեցին իրենց մարմնի խայթի դեմ
16–18. Ի՞նչ ընտանեկան խնդիրներ ունեին Իսահակն ու Ռեբեկան, Աննան, Դավիթը և Ովսեեն։
16 Աստվածաշնչում ուրիշ օրինակներ էլ կան այնպիսի մարդկանց, որոնք կարողացել են պայքարել խայթանման դժվարությունների դեմ։ Օրինակ՝ ընտանեկան խնդիրները։ Եսավի երկու կանայք նրա ծնողների՝ «Իսահակի եւ Ռեբեկայի համար հոգու դառնութիւն եղան»։ Ռեբեկան նույնիսկ ասաց, որ այդ կանանց պատճառով զզվել է իր կյանքից (Ծննդոց 26։34, 35; 27։46)։ Իսկ պատկերացրեք, թե ինչպես էր Աննայի հետ վերաբերվում նրա ամուսնու մյուս կինը՝ Փենանան։ Աննան ամուլ էր, և Փենանան «գրգռում էր նորան եւ վշտացնում»։ Հավանաբար Աննան հաճախ էր ծաղրանքի ենթարկվում տանը, երբ երկուսով մենակ էին լինում։ Իսկ երբ տոներին ընտանիքով գնում էին Սելով, Փենանան Աննային նեղացնում էր նաև ուրիշների ներկայությամբ, որոնց մեջ, անկասկած, հարազատներ ու ընկերներ կային։ Դա նման էր Աննայի մարմնի մեջ փուշն ավելի խորը խրելուն (Ա Թագաւորաց 1։4–7)։
17 Նաև խորհեցեք, թե ինչեր էր տանում Դավիթն իր աներոջ՝ Սավուղ թագավորի խելահեղ նախանձի պատճառով։ Կյանքը փրկելու համար Դավիթը ստիպված էր ապրել Ենգադդի անապատի քարայրներում։ Այդ ամայի վայրերում նա պետք է գահավեժ ու վտանգավոր տեղերով անցներ։ Այդ անարդարությունը պետք է որ նրան զայրացներ, քանի որ նա ոչ մի վատ բան չէր արել Սավուղին։ Ինչևէ, տարիներ շարունակ Դավիթը ստիպված էր տարբեր տեղերում ապրել, և այդ ամենը Սավուղի նախանձի պատճառով (Ա Թագաւորաց 24։15, 16; Առակաց 27։4)։
18 Պատկերացրեք, թե Ովսեե մարգարեի ընտանիքում ինչ վեճեր էին տեղի ունենում. նրա կինը շնություն էր գործել։ Այդ անբարոյական արարքը պետք է որ փշի նման ծակած լիներ մարգարեի սիրտը։ Հապա որքա՜ն այդ ցավը պիտի որ խորացած լիներ, երբ այդ կինը երկու ապօրինի զավակ ծնեց (Ովսէէ 1։2–9)։
19. Ինչպիսի՞ հալածանքի ենթարկվեց Միքիա մարգարեն։
19 Մարմնի մեկ այլ խայթ է հալածանքը։ Քննարկենք Միքիա մարգարեի դեպքը։ Նրա արդար սիրտը մղկտում էր, երբ տեսնում էր, թե ինչպես է չար թագավոր Աքաբն իրեն շրջապատել կեղծ մարգարեներով և ինչպես է հավատում նրանց ակնհայտ ստերին։ Իսկ երբ Միքիան ասաց Աքաբին, որ այդ բոլոր մարգարեները ‘սուտ ոգով’ են խոսում, ինչպե՞ս արձագանքեց այդ խաբեբաների առաջնորդը։ Նա «ապտակ տուաւ Միքիային»։ Աքաբի արձագանքը սրանից ավելի վատ եղավ, երբ իմացավ Եհովայի այն նախազգուշացման մասին, որ Ռամովթ–գաղաադը ետ գրավելու նպատակով ձեռնարկվող արշավանքը ձախողման է դատապարտված։ Աքաբը հրամայեց, որ Միքիային բանտ նետեն ու կիսաքաղց պահեն (Գ Թագաւորաց 22։6, 9, 15–17, 23–28)։ Հիշենք նաև, թե ինչպես Երեմիա մարգարեն անգութ հալածանքի ենթարկվեց (Երեմիա 20։1–9)։
20. Ի՞նչը եղավ մարմնի խայթ Նոեմիի համար, և ինչպե՞ս նա պարգևատրվեց։
20 Հարազատին կորցնելը ևս մեկ ցավ է, որ կարելի է նմանեցնել մարմնի խայթի։ Նոեմիին մեծ վիշտ պատճառեց ամուսնու և երկու որդիների մահը։ Նրա այս մեծ ցավը դեռ չէր ամոքվել, երբ նա վերադարձավ Բեթլեհեմ։ Նա իր ընկերուհիներին ասաց, որ իրեն ոչ թե Նոեմի, այլ Մարա անվանեն. անուն, որն արտացոլում էր նրա դառը զգացումները։ Բայց, վերջիվերջո, Եհովան պարգևատրեց Նոեմիին իր տոկունության համար. նա մի թոռ ունեցավ, որը հետագայում ընդգրկվեց դեպի Մեսիան տանող շառավղի մեջ (Հռութ 1։3–5, 19–21; 4։13–17; Մատթէոս 1։1, 5)։
21, 22. Ի՞նչ պատուհասներ եկան Հոբի գլխին, և ինչպե՞ս նա արձագանքեց դրանց։
21 Պատկերացրեք, թե ինչ ցնցում պիտի ապրած լիներ Հոբը, երբ լսեց իր տասը սիրելի երեխաների հանկարծակի ու դաժան մահվան լուրը, ինչպես նաև իր բոլոր անասունների ու ծառաների կորստյան լուրը։ Այո՛, ասես աշխարհը մի վայրկյանում շուռ եկավ նրա գլխին։ Այս պատուհասներից հետո Սատանան հիվանդությամբ հարվածեց նրան։ Հոբն ամենայն հավանականությամբ մտածում էր, որ այդ տանջալից հիվանդությունը սպանելու է իրեն։ Նրա ցավն այնքան ուժեղ էր, որ կարծում էր, թե միայն մահվան գրկում կարող է հանգիստ գտնել (Յոբ 1։13–20; 2։7, 8)։
22 Իբր թե այս ամենը քիչ էր, նրա կինը՝ դառնացած ու ցավով լի, եկավ նրա մոտ ու ասաց. «Հայհոյիր Աստուծուն եւ մեռիր»։ Ինչպիսի՜ խայթ Հոբի նվվացող մարմնում։ Հետո եկան Հոբի երեք ընկերները, որոնք, մխիթարելու փոխարեն անհիմն փաստարկներ բերելով, գրոհեցին նրա վրա՝ մեղադրելով գաղտնի մեղքեր գործելու մեջ ու ենթադրելով, որ հենց այդ պատճառով է նա դժբախտացել։ Նրանց սխալ փաստարկներն ավելի ու ավելի էին ցավոտ դարձնում Հոբի մարմնի խայթերը։ Հիշենք, որ նա չգիտեր, թե ինչու էին այդ սարսափելի բաները պատահում իրեն, ոչ էլ գիտեր, որ իր կյանքը խնայվելու էր։ Սակայն «այս ամենի մէջ Յոբը չ’մեղանչեց եւ Աստուծուն անզգամութիւն չ’տուաւ» (Յոբ 1։22; 2։9, 10; 3։3; 14։13; 30։17)։ Որքա՜ն ենք քաջալերվում, որ Հոբն իր ուղղամտությունը մինչև վերջ պահեց՝ չնայած այն բանին, որ միանգամից մի քանի «խայթեր» ունեցավ։
23. Ինչո՞ւ այս հավատարիմ մարդիկ, որոնց մասին քննարկվեց, կարողացան տանել իրենց մարմնի տարբեր խայթերը։
23 Անշուշտ, սրանք եզակի օրինակներ չեն։ Աստվածաշնչում ուրիշ օրինակներ էլ կան։ Բոլոր այս հավատարիմ ծառաները ստիպված էին տանել իրենց «մարմնի խայթերը»։ Նրանք ամենատարբե՛ր խնդիրներ էին դիմագրավում։ Բայց մի ընդհանուր բան ունեին. նրանցից ոչ մեկը չթողեց Եհովային ծառայելը։ Չնայած իրենց ծանր փորձություններին՝ նրանք Եհովայի օգնությամբ հաղթեցին Սատանային։ Ինչպե՞ս։ Հաջորդ հոդվածը կպատասխանի այս հարցին ու ցույց կտա, թե ինչպես մենք էլ կարող ենք պայքարել ցանկացած խայթանման դժվարության դեմ։
[ծանոթագրություն]
a Հազիվ թե Մեմփիբոսթեի պես երախտապարտ, խոնարհ մարդը նման հավակնոտ դիտավորություն ունենար։ Կասկած չկա, որ նա շատ լավ գիտեր, թե ինչպիսի՛ հավատարիմ մարդ էր եղել իր հայրը՝ Հովնաթանը։ Թեև վերջինս Սավուղ թագավորի որդին էր, բայց խոնարհաբար ընդունեց Դավթին՝ որպես Իսրայելի համար Եհովայի կողմից ընտրված թագավորի (Ա Թագաւորաց 20։12–17)։ Լինելով Մեմփիբոսթեի աստվածավախ ծնողը և Դավթի հավատարիմ ընկերը՝ Հովնաթանը չէր սովորեցնի իր որդուն ձգտել արքայական իշխանության։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Մեր դիմագրաված պրոբլեմներն ինչո՞ւ կարելի է նմանեցնել մարմնի խայթի։
• Ի՞նչ «խայթեր» ունեին Մեմփիբոսթեն ու Նեեմիան։
• Իրենց մարմնի խայթերի դեմ պայքարած աստվածաշնչյան դեմքերից ո՞ւմ օրինակն է ձեզ հատկապես տպավորել, և ինչո՞ւ։
[նկարներ 15–րդ էջի վրա]
Մեմփիբոսթեն ստիպված էր դիմագրավել հաշմանդամության, բամբասանքի ու հիասթափության պատճառած դառնությունները
[նկար 16–րդ էջի վրա]
Նեեմիան շարունակեց իր գործը՝ չնայած հակառակությանը