-
Նրանք լցված էին «ուրախությամբ և սուրբ ոգով»«Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
-
-
ԳԼՈՒԽ 11
Նրանք լցված էին «ուրախությամբ և սուրբ ոգով»
Պողոսը հաղթահարում է թշնամանքն ու անտարբերությունը
1-2. Բառնաբասի և Սողոսի նշանակումը ինչո՞վ էր յուրահատուկ, և նրանց ծառայությունը ինչպե՞ս էր նպաստելու Գործեր 1։8-ի կատարմանը։
ԱՆՏԻՈՔԻ ժողովը ցնծության մեջ է։ Սուրբ ոգին այնտեղի մարգարեներից և ուսուցիչներից Բառնաբասին ու Սողոսին է ընտրել, որ բարի լուրը քարոզեն հեռավոր վայրերումa (Գործ. 13։1, 2)։ Ճիշտ է, մինչ այս էլ են միսիոներներ ուղարկվել, սակայն նրանք շրջել են այնպիսի տարածքներում, որտեղ քրիստոնյաներ արդեն եղել են (Գործ. 8։14; 11։22)։ Բայց այս անգամ Բառնաբասն ու Սողոսը գնալու են այնպիսի վայրեր, որտեղ մարդիկ հիմնականում չեն լսել բարի լուրը։ Նրանց ուղեկցելու է Հովհաննես Մարկոսը՝ որպես սպասավոր։
2 Մոտ 14 տարի առաջ Հիսուսն իր հետևորդներին ասել էր. «Դուք.... իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Անկասկած, Բառնաբասի և Սողոսի միսիոներական նշանակումը մեծապես կնպաստեր Հիսուսի այս մարգարեական խոսքերի կատարմանը։b
Առանձնացված՝ «գործի համար» (Գործեր 13։1-12)
3. Առաջին դարում ինչո՞ւ էր դժվար ճանապարհորդել։
3 Ավտոմեքենաների, ինքնաթիռների և տրանսպորտային այլ միջոցների այս դարում այնքան էլ դժվար չէ ճանապարհորդել։ Ընդամենը մեկ-երկու ժամում մարդիկ կարող են հսկայական տարածություններ անցնել։ Սակայն պարագան նույնը չէր առաջին դարում։ Այն օրերում մարդիկ գլխավորաբար ճանապարհորդում էին ոտքով, հաճախ՝ անհարթ տեղանքներով։ Օրվա ընթացքում նրանք անցնում էին ընդամենը 30 կմ (20 մղոն), ինչն ուղղակի ուժասպառ էր անում։c Ուստի թեև Բառնաբասն ու Սողոսը ուրախությամբ ընդունեցին իրենց նշանակումը, նրանք անկասկած գիտակցում էին, որ մեծ դժվարություններ ու զրկանքներ են կրելու (Մատթ. 16։24)։
4. ա) Բառնաբասն ու Սողոսն ինչպե՞ս նշանակում ստացան, և ինչպե՞ս արձագանքեցին մյուս քրիստոնյաները։ բ) Ինչպե՞ս կարող ենք աջակցել նրանց, ովքեր աստվածապետական նշանակումներ են ստանում։
4 Իսկ այդ «գործի համար» ինչո՞ւ հենց Բառնաբասն ու Սողոսն ընտրվեցին (Գործ. 13։2)։ Աստվածաշունչը չի պատասխանում այս հարցին, սակայն ցույց է տալիս, որ նրանք սուրբ ոգով նշանակվեցին։ Սուրբ Գրքում նաև չի ասվում, որ Անտիոքի մարգարեները և ուսուցիչները վիճարկեցին այդ որոշումը։ Ընդհակառակը, նրանք ամբողջ սրտով աջակցեցին նոր միսիոներներին։ Պատկերացնո՞ւմ ես, թե Բառնաբասն ու Սողոսը որքան ուրախացան, երբ նրանց հոգևոր եղբայրները, նախանձի նշույլ անգամ չցուցաբերելով, «ծոմ պահեցին, աղոթեցին, իրենց ձեռքերը դրեցին նրանց վրա և ուղարկեցին» (Գործ. 13։3)։ Մենք նույնպես պետք է ի սրտե աջակցենք այն անհատներին, ովքեր նշանակումներ են ստանում, այդ թվում՝ ժողովի վերակացուներին։ Նախանձելու փոխարեն պետք է «սիրով լի մեծագույն գնահատանք ցույց տանք իրենց կատարած աշխատանքի համար» (1 Թեսաղ. 5։13)։
5. Սողոսն ու Բառնաբասը ինչպե՞ս քարոզեցին բարի լուրը Կիպրոսում։
5 Բառնաբասն ու Սողոսը գնացին Սելևկիա՝ Անտիոքից ոչ հեռու գտնվող մի նավահանգիստ։ Այնտեղից նրանք նավով ուղևորվեցին դեպի Կիպրոս, որը գտնվում էր 200 կմ (120 մղոն) հեռավորության վրա։d Քանի որ Բառնաբասը ծագումով Կիպրոսից էր, անկասկած, անհամբերությամբ սպասում էր, թե երբ է բարի լուրը հայտնելու իր հայրենի կղզու բնակիչներին։ Երբ նրանք հասան Կիպրոսի արևելյան ափին գտնվող Սալամիս քաղաքը, առանց ժամանակ կորցնելու «սկսեցին Աստծու խոսքը քարոզել հրեաների ժողովարաններում»e (Գործ. 13։5)։ Բառնաբասն ու Սողոսը բարի լուրը հռչակեցին ամբողջ Կիպրոսում՝ հավանաբար քարոզելով գլխավոր քաղաքներում։ Կախված իրենց ընտրած ճանապարհից՝ միսիոներները, հնարավոր է, ոտքով անցան շուրջ 160 կմ (100 մղոն)։
6-7. ա) Ո՞վ էր Սերգիոս Պողոսը, և Բարեհեսուն ինչո՞ւ չէր ցանկանում, որ նա լսի բարի լուրը։ բ) Սողոսն ինչպե՞ս կանգնեցրեց Բարեհեսուին։
6 Կիպրոսի բնակիչները կեղծ հավատալիքների կապանքներում էին։ Սա հատկապես ակնհայտ դարձավ, երբ Բառնաբասն ու Սողոսը հասան Պափոս, որը գտնվում էր կղզու արևմտյան ափին։ Այնտեղ նրանք «հանդիպեցին մի մարդու, որը կախարդ էր, հրեա սուտ մարգարե, որի անունը Բարեհեսու էր։ Նա պրոկոնսուլ Սերգիոս Պողոսի՝ մի խելացի մարդու հետ էր»։f Առաջին դարում ազդեցիկ հռոմեացիներից շատերը, անգամ Սերգիոս Պողոսի նման խելացի մարդիկ, կարևոր որոշումներ կայացնելիս հաճախ խորհրդակցում էին կախարդների և աստղագուշակների հետ։ Սակայն Թագավորության լուրը Սերգիոս Պողոսին շատ հետաքրքրեց։ Նա «սրտանց ցանկանում էր լսել Աստծու խոսքը»։ Սա, իհարկե, դուր չեկավ Բարեհեսուին, որին իր մասնագիտության պատճառով անվանում էին նաև Ելիմաս, թարգմանաբար՝ «կախարդ» (Գործ. 13։6-8)։
7 Բարեհեսուն սկսեց հակառակվել Թագավորության լուրին։ Չցանկանալով կորցնել Սերգիոս Պողոսի խորհրդատուն լինելու իր ազդեցիկ պաշտոնը՝ նա «փորձեց պրոկոնսուլին հեռացնել հավատից» (Գործ. 13։8)։ Սակայն Սողոսը չէր պատրաստվում թույլ տալ այդ կախարդին ազդել Սերգիոս Պողոսի վրա։ Ի՞նչ արեց առաքյալը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Սողոսը, որը և Պողոսն էր, սուրբ ոգով լցվելով, նայեց [Բարեհեսուին] ու ասաց. «Ո՛վ ամեն տեսակ խաբեությամբ և ամեն տեսակ չարագործությամբ լցված մարդ, դո՛ւ, Բանսարկուի՛ որդի, ամեն արդարության թշնամի։ Մի՞թե չես դադարելու Եհովայի ուղիղ ճանապարհները ծռելուց։ Բայց ահա Եհովայի ձեռքը քեզ վրա է, և դու կույր կլինես ու մի որոշ ժամանակ արևի լույսը չես տեսնի»։ Այդ պահին մի թանձր մշուշ ու խավար իջավ [Բարեհեսուի] վրա, և նա խարխափելով մարդ էր փնտրում, որպեսզի իր ձեռքից բռնելով՝ առաջնորդի իրեն»։g Ի՞նչ արդյունք բերեց այս հրաշքը։ «Տեսնելով պատահածը՝ պրոկոնսուլը հավատացյալ դարձավ, քանի որ հիացած էր Եհովայի ուսմունքով» (Գործ. 13։9-12)։
Հալածանքի ժամանակ մենք Պողոսի նման համարձակորեն պաշտպանում ենք ճշմարտությունը
8. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսի համարձակությունը։
8 Ինչպես որ Պողոսը չվախեցավ Բարեհեսուից, այնպես էլ մենք չենք վախենում այն հակառակորդներից, ովքեր ցանկանում են թուլացնել ճշմարտությունն ընդունողների հավատը։ Իհարկե, մեր խոսքը միշտ պետք է «վայելուչ լինի, աղով համեմված» (Կող. 4։6)։ Այնուամենայնիվ, մենք մեր ձեռքից եկածն ենք անում, որ օգնենք հետաքրքրվողներին սովորել Եհովայի մասին, որքան էլ դա հակառակորդներին դուր չգա։ Նաև մենք չենք վախենում կեղծ կրոնը քողազերծելուց, քանի որ այն շարունակում է ծռել «Եհովայի ուղիղ ճանապարհները», ինչպես Բարեհեսուն էր անում (Գործ. 13։10)։ Թող որ Պողոսի նման համարձակորեն հռչակենք ճշմարտությունը և փնտրենք ազնվասիրտ մարդկանց։ Ու թեև Աստծու օգնությունը մեր դեպքում գուցե այնքան ակնհայտ չլինի, որքան Պողոսի դեպքում, սակայն կարող ենք վստահ լինել, որ Եհովան իր սուրբ ոգու միջոցով անպայման կուղղի արժանիներին դեպի ճշմարտությունը (Հովհ. 6։44)։
«Քաջալերանքի.... խոսք» (Գործեր 13։13-43)
9. Պողոսն ու Բառնաբասը ի՞նչ օրինակ են թողել առաջնորդություն վերցնող եղբայրների համար։
9 Երբ միսիոներներն ու նրանց ուղեկիցները Պափոսից նավով ուղևորվեցին 250 կմ (150 մղոն) հեռավորության վրա գտնվող Պերգե քաղաք (Փոքր Ասիա), մի փոփոխություն տեղի ունեցավ։ Գործեր 13։13-ում գործածված է «Պողոսն ու նրա ուղեկիցները» արտահայտությունը, ինչից կարող ենք եզրակացնել, որ այժմ Պողոսն էր գլխավորում նրանց խումբը, ոչ թե Բառնաբասը։ Սակայն Աստվածաշնչում ոչ մի տեղ չի նշվում, որ Բառնաբասը նախանձեց Պողոսին։ Ընդհակառակը, այդ երկու քրիստոնյաները շարունակեցին միասին կատարել Եհովայի կամքը։ Պողոսն ու Բառնաբասը լավ օրինակ են այն եղբայրների համար, ովքեր այսօր առաջնորդություն են վերցնում ժողովում։ Քրիստոնյաները մրցակիցներ չեն։ Նրանք միշտ հիշում են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Դուք բոլորդ եղբայրներ եք.... ով բարձրացնում է իր անձը, կխոնարհեցվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Մատթ. 23։8, 12)։
10. Ինչպիսի՞ն էր Պերգեից Պիսիդիայի Անտիոք տանող ճանապարհը։
10 Հովհաննես Մարկոսը Պերգեում անհայտ պատճառներով անսպասելիորեն լքեց Պողոսին ու Բառնաբասին և վերադարձավ Երուսաղեմ։ Իսկ վերջիններս շարունակեցին իրենց գործը և ուղևորվեցին Պիսիդիայի Անտիոք՝ Գաղատիա պրովինցիայի քաղաքներից մեկը։ Դա հեշտ չէր, քանի որ այդ քաղաքը 1 100 մ (3 600 ֆուտ) բարձր էր ծովի մակերևույթից։ Վտանգավոր լեռնային ճանապարհները հայտնի էին ավազակային հարձակումներով։ Դա դեռ բավական չէր՝ Պողոսի առողջությունը վատացավ։h
11-12. Պիսիդիայի Անտիոքի ժողովարանում Պողոսն ինչպե՞ս փորձեց իր ունկնդիրների մեջ հետաքրքրություն առաջացնել։
11 Պիսիդիայի Անտիոքում Պողոսն ու Բառնաբասը շաբաթ օրը ժողովարան գնացին։ «Այն բանից հետո, երբ ներկաների առջև ընթերցվեցին Օրենքն ու Մարգարեները, ժողովարանի պետերը նրանց մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթե ժողովրդի համար քաջալերանքի որևէ խոսք ունեք, ասացե՛ք»» (Գործ. 13։15)։ Պողոսը ոտքի կանգնեց, որ խոսի։
12 Պողոսն իր ելույթը սկսեց դիմելով հավաքվածներին. «Իսրայելացինե՛ր և դո՛ւք, որ վախենում եք Աստծուց, լսեցե՛ք» (Գործ. 13։16)։ Փաստորեն, Պողոսի ունկնդիրները հրեաներ էին ու պրոզելիտներ։ Ինչպե՞ս նա շարժեց այն մարդկանց հետաքրքրությունը, ովքեր չէին ընդունում Հիսուսի դերը Աստծու նպատակների մեջ։ Նախ Պողոսը համառոտ ներկայացրեց հրեաների պատմությունը։ Նա հիշեցրեց, որ Եհովան «Եգիպտոսի երկրում իրենց պանդխտության ժամանակ բարձրացրեց այդ ժողովրդին» և «քառասուն տարի հանդուրժեց նրանց վարվելակերպը անապատում»։ Նաև Պողոսը պատմեց, թե իսրայելացիներն ինչպես մտան Ավետյաց երկիր, որն Աստված որպես ժառանգություն տվեց նրանց (Գործ. 13։17-19)։ Ենթադրվում է, որ այդ ելույթի ժամանակ Պողոսը հղում կատարեց սուրբգրային այն հատվածներին, որոնք այդ օրն արդեն ընթերցվել էին ժողովարանում։ Եթե այդպես է, ապա դա ևս մի ապացույց է այն բանի, որ Պողոսը գիտեր՝ ինչպես «ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ» լինել (1 Կորնթ. 9։22)։
13. Ինչպե՞ս կարող ենք հասնել ունկնդիրների սրտին։
13 Մենք նույնպես պետք է քարոզելիս ձգտենք շարժել մարդկանց հետաքրքրությունը։ Օրինակ՝ եթե գիտենք, թե ինչ կրոն է դավանում տվյալ անհատը, ապա կարող ենք զրույցը սկսել նրան հուզող թեմայով։ Նաև կարող ենք Աստվածաշնչից այնպիսի համարներ մեջբերել, որոնք ծանոթ են նրան։ Միգուցե տեղին լինի, որ նա ընթերցի ի՛ր Աստվածաշնչից։ Ունկնդիրներիդ սրտին հասնելու տարբեր կերպեր փնտրիր։
14. ա) Պողոսն իր ելույթում ինչպե՞ս հայտնեց Հիսուսի մասին բարի լուրը և ի՞նչ նախազգուշացում տվեց։ բ) Մարդիկ ինչպե՞ս արձագանքեցին Պողոսի ելույթին։
14 Իսրայելի պատմությունը ներկայացնելուց հետո Պողոսը բացատրեց, թե ինչպես է նրանց թագավորների տոհմաբանությունը բերում դեպի «փրկիչ» Հիսուսը, և թե ինչպես էր Հովհաննես Մկրտիչը ճանապարհ պատրաստել նրա համար։ Ապա առաքյալը պատմեց, թե Հիսուսն ինչպես սպանվեց ու հարություն առավ (Գործ. 13։20-37)։ Այս ամենից հետո նա ասաց. «Թող ձեզ հայտնի լինի, եղբայրնե՛ր, որ այս Մեկի միջոցով մեղքերի ներում է ձեզ քարոզվում.... ամեն հավատացողը այս Մեկի միջոցով անմեղ է հայտարարվում»։ Վերջում Պողոսն այսպիսի նախազգուշացում տվեց. «Ուրեմն զգո՛ւյշ եղեք, որ ձեզ վրա չգա Մարգարեների գրվածքներում ասվածը. «Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, զարմացե՛ք ու չքվեցե՛ք, որովհետև ես մի գործ եմ անում ձեր օրերում, մի այնպիսի գործ, որին դուք ոչ մի դեպքում չեք հավատա, նույնիսկ եթե մեկը մանրամասնորեն պատմի ձեզ»»։ Պողոսի այս ելույթը զարմանալի արդյունք բերեց։ «Մարդիկ սկսեցին աղաչել նրանց, որ հաջորդ շաբաթ օրն էլ այդ մասին խոսեն իրենց հետ»։ Բացի դրանից՝ «երբ ժողովարանում հավաքվածները ցրվեցին, հրեաներից ու Աստծուն երկրպագող նորահավատներից շատերը Պողոսին ու Բառնաբասին հետևեցին» (Գործ. 13։38-43)։
«Դեպի ազգերն ենք դառնում» (Գործեր 13։44-52)
15. Ի՞նչ տեղի ունեցավ հաջորդ շաբաթ օրը։
15 Հաջորդ շաբաթ օրը «գրեթե ողջ քաղաքը հավաքվեց» Պողոսին լսելու։ Դա հաճելի չէր որոշ հրեաների։ Ուստի նրանք «սկսեցին հայհոյանքներով հակառակվել Պողոսի ասածներին»։ Այդ ժամանակ միսիոներները համարձակորեն ասացին. «Պետք էր, որ Աստծու խոսքը նախևառաջ ձեզ խոսվեր։ Քանի որ դուք մերժում եք այն և ինքներդ ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքին, ահա մենք էլ դեպի ազգերն ենք դառնում, որովհետև Եհովան պատվեր տվեց մեզ այսպիսի խոսքերով. «Ես քեզ ազգերի լույս նշանակեցի, որ փրկություն լինես մինչև երկրի ծայրերը»» (Գործ. 13։44-47; Ես. 49։6)։
«Նրանք հալածանք բարձրացրին Պողոսի ու Բառնաբասի դեմ.... իսկ աշակերտները շարունակում էին լցվել ուրախությամբ և սուրբ ոգով» (Գործեր 13։50-52)
16. Հրեաներն ինչպե՞ս արձագանքեցին Պողոսի ու Բառնաբասի խոսքերին, և ինչպե՞ս վարվեցին նրանք, երբ հալածանքի բախվեցին։
16 Պողոսի այլազգի ունկնդիրները ուրախությամբ ընդունեցին բարի լուրը, և «բոլոր նրանք, ովքեր ճիշտ էին տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ, հավատացյալ դարձան» (Գործ. 13։48)։ Կարճ ժամանակում Եհովայի խոսքը տարածվեց այդ տեղանքով մեկ։ Մինչդեռ հրեաները զայրացած էին։ Ըստ էության, Պողոսն ու Բառնաբասը ասել էին, որ թեպետ Աստծու խոսքը առաջինն էր հայտնի դարձել նրանց, սակայն նրանք պատժվելու էին, քանի որ մերժել էին Մեսիային։ Զարմանալի չէ, որ հրեաները քաղաքի պատվարժան կանանց և ազդեցիկ տղամարդկանց միջոցով «հալածանք բարձրացրին Պողոսի ու Բառնաբասի դեմ ու իրենց սահմաններից դուրս վռնդեցին»։ Ինչպե՞ս արձագանքեցին միսիոներները։ Նրանք «իրենց ոտքերից թափ տվեցին փոշին ու գնացին Իկոնիոն»։ Մի՞թե դրանով քրիստոնեությունը վերջ գտավ Պիսիդիայի Անտիոքում։ Ո՛չ։ Աստվածաշնչից տեղեկանում ենք, որ այնտեղ մնացած աշակերտները «շարունակում էին լցվել ուրախությամբ և սուրբ ոգով» (Գործ. 13։50-52)։
17-19. Ո՞ր հարցերում կարող ենք ընդօրինակել Պողոսին ու Բառնաբասին, և դա ինչպե՞ս կավելացնի մեր ուրախությունը։
17 Հալածանքի ժամանակ Պողոսի ու Բառնաբասի արձագանքը արժեքավոր օրինակ է մեզ համար։ Մենք չենք դադարեցնում քարոզչական գործը, նույնիսկ երբ ազդեցիկ մարդիկ են ստիպում դա անել։ Ուշագրավ է նաև, որ երբ Անտիոքի բնակիչները մերժեցին բարի լուրը, միսիոներներն «իրենց ոտքերից թափ տվեցին փոշին», ինչը ոչ թե զայրույթի նշան էր, այլ պատասխանատվությունից ազատ լինելու։ Պողոսն ու Բառնաբասը հասկանում էին, որ չեն կարող վերահսկել ուրիշների արձագանքը։ Միակ բանը, որ նրանք կարող էին անել, քարոզելն էր։ Ուստի միսիոներները շարունակեցին քարոզել, այս անգամ՝ Իկոնիոնում։
18 Իսկ ի՞նչ ենք սովորում Անտիոքի քրիստոնյաներից։ Ինչ խոսք, նրանք ապրում էին թշնամաբար տրամադրված հասարակության մեջ։ Սակայն այդ աշակերտների ուրախությունը մարդկանց արձագանքից չէր կախված։ Ժամանակին Հիսուսն ասել էր. «Երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն» (Ղուկ. 11։28)։ Անտիոքի քրիստոնյաները վճռել էին հենց այդպես վարվել։
19 Ուրեմն թող որ Պողոսի ու Բառնաբասի նման միշտ հիշենք, որ մեր պատասխանատվությունը բարի լուրը մարդկանց քարոզելն է։ Իսկ կընդունեն այն, թե ոչ՝ իրենց գործն է։ Անտարբերության բախվելիս կարող ենք ընդօրինակել առաջին դարի աշակերտներին՝ գնահատելով ճշմարտությունը և թույլ տալով, որ սուրբ ոգին առաջնորդի մեզ։ Արդյունքում մենք նույնպես ուրախ կլինենք անգամ հալածանքի ներքո (Գաղ. 5։18, 22)։
a Տես «Բառնաբաս՝ «մխիթարության որդի»» շրջանակը։
b Այդ ժամանակ քարոզչական գործն արդեն այնքան էր ընդլայնվել, որ հեռավոր վայրերում նոր ժողովներ էին կազմավորվել, այդ թվում՝ Ասորիքի Անտիոքում, որը գտնվում էր Երուսաղեմից մոտ 550 կմ (350 մղոն) դեպի հյուսիս։
c Տես «Ճանապարհին» շրջանակը։
d Առաջին դարում նավերը համընթաց քամու դեպքում օրվա մեջ անցնում էին մոտ 160 կմ (100 մղոն)։ Իսկ անբարենպաստ եղանակի դեպքում ճանապարհորդությունը կարող էր ավելի երկար տևել։
e Տես «Հրեաների ժողովարանները» շրջանակը։
f Քանի որ Կիպրոսը Հռոմի սենատի ենթակայության տակ էր, այնտեղ կար պրովինցիայի կառավարիչ, որը պրոկոնսուլի պաշտոն ուներ։
g Այս միջադեպից հետո Սողոսն Աստվածաշնչում հիշատակվում է Պողոս անվամբ։ Ոմանք կարծում են, թե նա այդ հռոմեական անունն ընդունեց ի պատիվ Սերգիոս Պողոսի։ Սակայն առաքյալը Կիպրոսից հեռանալուց հետո էլ շարունակեց կրել այդ անունը, ինչը ցույց է տալիս, որ նա Սերգիոս Պողոսի պատվին չէր կրում այն։ Պողոսը որոշեց այդուհետ ներկայանալ իր հռոմեական անվամբ, քանի որ ուղարկվել էր՝ «ազգերի համար» առաքյալ լինելու։ Բացի այդ՝ եբրայերեն «Սողոս» անունը հունարենում վատ իմաստ ունեցող մի բառ է հիշեցնում։ Թերևս դա նույնպես պատճառ եղավ, որ առաքյալը նախընտրի «Պողոս» անունը (Հռոմ. 11։13)։
-
-
Նրանք «համարձակությամբ խոսում էին Եհովայի իշխանությամբ»«Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
-
-
ԳԼՈՒԽ 12
Նրանք «համարձակությամբ խոսում էին Եհովայի իշխանությամբ»
Պողոսն ու Բառնաբասը խոնարհություն, դիմացկունություն և համարձակություն են դրսևորում
1-2. Ինչպե՞ս են զարգանում դեպքերը, երբ Պողոսն ու Բառնաբասը գնում են Լյուստրա։
ԼՅՈՒՍՏՐԱՅՈՒՄ իրարանցում է։ Ի ծնե հաշմանդամ մի մարդ, որը երբեք չի քայլել, ուրախ ցատկոտում է. երկու անծանոթ բուժել են նրան։ Մարդիկ ապշած են։ Նրանք կարծում են, թե իրենց առջև աստվածներ են կանգնած։ Զևսի քրմերից մեկը ծաղկեպսակներ է բերում այդ «աստվածներին»։ Նա ցանկանում է զոհեր մատուցել։ Արդեն լսվում է զոհաբերության համար պատրաստ ցլերի բառաչն ու փնչոցը։ Սակայն, չգիտես ինչու, այդ «աստվածները» չեն թողնում, որ իրենց մեծարեն։ Նրանք պատառոտում են իրենց հագուստը և բարձրաձայն աղաչում, որ չերկրպագեն իրենց։ Նրանց մի կերպ հաջողվում է կանգնեցնել ամբոխին։ Ովքե՞ր են այդ օտարականները։ Պողոսն ու Բառնաբասը։
2 Այնուհետև Պիսիդիայի Անտիոքից և Իկոնիոնից հրեաներ են գալիս, որոնք թունավորում են Լյուստրայի բնակիչների միտքը։ Այն ամբոխը, որը պատրաստ էր երկրպագելու Պողոսին, այժմ զայրույթով քարեր է նետում նրա վրա։ Նրանք այնքան են քարկոծում առաքյալին, մինչև վերջինս ուշագնաց է լինում։ Կարծելով, թե Պողոսը մեռած է՝ լյուստրացիները նրա մարմինը քարշ են տալիս քաղաքի դարպասներից դուրս ու գցում այնտեղ։
3. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս գլխում։
3 Ինչո՞ւ դեպքերն այսպիսի զարգացում ունեցան։ Բարի լուրի քարոզիչներն ի՞նչ են սովորում Պողոսի, Բառնաբասի և Լյուստրայի փոփոխական բնակիչների մասին այս պատմությունից։ Ինչպե՞ս կարող են երեցներն ընդօրինակել Պողոսին ու Բառնաբասին, ովքեր հավատարմորեն շարունակեցին իրենց ծառայությունը՝ «համարձակությամբ խոսելով Եհովայի իշխանությամբ» (Գործ. 14։3)։
«Մի մեծ բազմություն հավատացյալ դարձավ» (Գործեր 14։1-7)
4-5. Պողոսն ու Բառնաբասն ինչո՞ւ գնացին Իկոնիոն, և ի՞նչ տեղի ունեցավ այնտեղ։
4 Վերոհիշյալ դեպքերից կարճ ժամանակ առաջ հրեա հակառակորդները հալածանք հրահրեցին Պողոսի ու Բառնաբասի դեմ և վռնդեցին Պիսիդիայի Անտիոքից։ Այդ քաղաքի անզգամ բնակիչների վերաբերմունքից վհատվելու փոխարեն միսիոներներն «իրենց ոտքերից թափ տվեցին փոշին» և հանգիստ հեռացան (Գործ. 13։50-52; Մատթ. 10։14)։ Նրանք գիտեին, որ Աստված հատուցելու է հակառակորդներին իրենց արարքների համար (Գործ. 18։5, 6; 20։26)։ Ուստի Պողոսն ու Բառնաբասը ուրախությամբ շարունակեցին իրենց շրջագայությունը։ Նրանք շարժվեցին դեպի հարավ-արևելք և անցնելով մոտ 150 կմ (100 մղոն)՝ հասան Տավրոս և Սուլթան լեռնաշղթաների միջև ընկած մի մեծ ու բերրի դաշտավայր։
5 Սկզբում միսիոներները կանգ առան Իկոնիոնում, որը հունական մշակույթի կենտրոն էր և Գաղատիա պրովինցիայի գլխավոր քաղաքներից մեկն էր։a Այնտեղ ազդեցիկ հրեական համայնք կար։ Մեծ թիվ էին կազմում նաև այլազգի պրոզելիտները։ Պողոսն ու Բառնաբասը, իրենց սովորության համաձայն, մտան ժողովարան ու սկսեցին քարոզել (Գործ. 13։5, 14)։ Նրանք «այնպես խոսեցին, որ թե՛ հրեաների և թե՛ հույների մի մեծ բազմություն հավատացյալ դարձավ» (Գործ. 14։1)։
6. Ո՞րն էր Պողոսի ու Բառնաբասի հաջողության գաղտնիքը, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրանց։
6 Ո՞րն էր Պողոսի ու Բառնաբասի հաջողության գաղտնիքը։ Պողոսը աստվածաշնչյան գիտելիքների իսկական շտեմարան էր։ Նա լավ գիտեր աստվածաշնչյան պատմությունները, մարգարեություններն ու Մովսիսական օրենքը և դրանց օգնությամբ հմտորեն ապացուցում էր, որ Հիսուսն է խոստացյալ Մեսիան (Գործ. 13։15-31; 26։22, 23)։ Իսկ Բառնաբասը անչափ հոգատար էր (Գործ. 4։36, 37; 9։27; 11։23, 24)։ Այդ երկու եղբայրներն էլ չէին վստահում սեփական հասկացողությանը։ Նրանք քարոզում էին «Եհովայի իշխանությամբ»։ Ծառայության մեջ ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Պողոսին ու Բառնաբասին։ Ահա մի քանի առաջարկ։ Յուրացրու Աստծու Խոսքը։ Ընտրիր սուրբգրային համարներ, որոնք կհետաքրքրեն ունկնդիրներիդ։ Խորհիր, թե ինչ գործնական կերպերով կարող ես մխիթարել ծառայության ժամանակ հանդիպած մարդկանց։ Քարոզելիս երբեք մի՛ վստահիր սեփական հասկացողությանդ, այլ ասելիքդ միշտ հիմնիր Աստծու Խոսքի վրա։
7. ա) Ի՞նչ արդյունք է բերում բարի լուրը։ բ) Ինչի՞ մասին պետք է հիշես, եթե հավատիդ պատճառով ընտանիքումդ բաժանում է մտել։
7 Սակայն Իկոնիոնի բոլոր բնակիչները չէ, որ ուրախ էին Պողոսի ու Բառնաբասի հայտնած լուրի համար։ Ղուկասը գրում է. «Այն հրեաները, որ չհավատացին, այլազգի մարդկանց հոգիները գրգռեցին և եղբայրների դեմ տրամադրեցին»։ Միսիոներները տեսան, որ անհրաժեշտ է պաշտպանել բարի լուրը, և «բավականին ժամանակ մնացին այնտեղ՝ համարձակությամբ խոսելով»։ Արդյունքում «քաղաքում եղող մարդկանց բազմությունը բաժանվեց. ոմանք հրեաների կողմն էին, ոմանք էլ առաքյալների» (Գործ. 14։2-4)։ Մեր օրերում բարի լուրի քարոզչությունը համանման արդյունք է բերում։ Ոմանց այն միավորում է, ոմանց էլ բաժանում (Մատթ. 10։34-36)։ Հնարավոր է՝ քո ընտանիքում էլ բաժանում լինի այն պատճառով, որ ընդունել ես ճշմարտությունը։ Եթե այդպես է, հիշիր, որ մեր մասին տարածվող բամբասանքն ու ստերն են հաճախ թունավորում մարդկանց միտքը և դրդում հակառակվելու բարի լուրին։ Բայց դրա «հակաթույնն» էլ կա։ Քո լավ վարքը թերևս փափկացնի հակառակվողների սիրտը և վերջիվերջո փոխի նրանց տեսակետը (1 Պետ. 2։12; 3։1, 2)։
8. Պողոսն ու Բառնաբասը ինչո՞ւ հեռացան Իկոնիոնից, և դրանից ի՞նչ դաս ենք քաղում։
8 Որոշ ժամանակ անց թշնամիները ծրագրեցին քարկոծել և սպանել Պողոսին ու Բառնաբասին։ Երբ միսիոներներն իմացան այդ մասին, վճռեցին հեռանալ Իկոնիոնից։ Նրանք ծառայությունը շարունակեցին մեկ այլ վայրում (Գործ. 14։5-7)։ Մեր օրերում Թագավորության քարոզիչները նույնպես իմաստնորեն են վարվում։ Երբ հակառակորդները փորձում են լռեցնել մեզ, շարունակում ենք համարձակորեն պաշտպանել բարի լուրը (Փիլիպ. 1։7; 1 Պետ. 3։13-15)։ Իսկ երբ բռնության են դիմում, մենք անտեղի հերոսություն չենք անում և վտանգի չենք ենթարկում մեր կամ հավատակիցների կյանքը (Առակ. 22։3)։
«Դարձեք դեպի կենդանի Աստվածը» (Գործեր 14։8-19)
9-10. Որտե՞ղ էր գտնվում Լյուստրա քաղաքը, և ի՞նչ գիտենք դրա բնակիչների մասին։
9 Պողոսն ու Բառնաբասը գնացին Լյուստրա՝ հռոմեական մի գաղութ, որը գտնվում էր Իկոնիոնից գրեթե 30 կմ (20 մղոն) դեպի հարավ-արևմուտք։ Լյուստրան սերտ կապեր ուներ Պիսիդիայի Անտիոքի հետ, սակայն այնտեղ հրեական մեծ համայնք չկար։ Նրանց մայրենի լեզուն լիկաոներենն էր, թեպետ քաղաքի բնակիչները հավանաբար խոսում էին նաև հունարեն։ Քանի որ Լյուստրան, ըստ ամենայնի, ժողովարան չուներ, միսիոներները սկսեցին քարոզել հասարակական վայրում։ Այնտեղ Պողոսը բուժեց ի ծնե հաշմանդամ մարդուն, ինչպես ժամանակին Պետրոսն էր արել Երուսաղեմում (Գործ. 14։8-10)։ Բայց եթե Պետրոսի հրաշքը մեծ թվով մարդկանց մղեց ընդունելու ճշմարտությունը, Պողոսի հրաշքը բոլորովին անսպասելի արդյունք բերեց (Գործ. 3։1-10)։
10 Ինչպես նկարագրված է այս գլխի սկզբում, երբ հաշմանդամը սկսեց քայլել, լյուստրացիները, որ հեթանոսներ էին, անմիջապես սխալ եզրակացության եկան։ Նրանք մտածեցին, որ Բառնաբասը գլխավոր աստված Զևսն է, իսկ Պողոսը Հերմեսն է՝ Զևսի որդին ու աստվածների խոսնակը (տես «Զևսի ու Հերմեսի պաշտամունքը Լյուստրայում» շրջանակը)։ Սակայն միսիոներները հասկացրին այդ ամբոխին, որ խոսում ու գործում են ոչ թե նրանց հեթանոսական աստվածների իշխանությամբ, այլ Եհովայի՝ միակ ճշմարիտ Աստծու (Գործ. 14։11-14)։
«Ունայն բաներից դարձեք դեպի կենդանի Աստվածը, որը ստեղծեց երկինքը, երկիրը» (Գործեր 14։15)
11-13. ա) Պողոսն ու Բառնաբասը ի՞նչ ասացին Լյուստրայի բնակիչներին։ բ) Ո՞րն է առաջին դասը, որ քաղում ենք նրանց խոսքերից։
11 Չնայած մարդկանց արձագանքին՝ Պողոսն ու Բառնաբասը ուզում էին նրանց սրտին հասնել։ Ղուկասի արձանագրությունից տեսնում ենք, թե ինչպես կարելի է արդյունավետորեն քարոզել ոչ քրիստոնյաներին։ Ուշադրություն դարձրու, թե Պողոսն ու Բառնաբասը ինչպես տրամաբանեցին ունկնդիրների հետ. «Ինչո՞ւ եք անում այս բաները։ Մենք էլ մարդիկ ենք և նույն թուլություններն ունենք, որոնք դուք ունեք, և բարի լուրն ենք ձեզ հռչակում, որպեսզի այս ունայն բաներից դառնաք դեպի կենդանի Աստվածը, որը ստեղծեց երկինքը, երկիրը, ծովը և նրանցում եղող բոլոր բաները։ Անցած ժամանակներում նա թույլ տվեց, որ բոլոր ազգերն իրենց ճանապարհներով ընթանան, այնուհանդերձ ինքն իր մասին անդադար վկայություն տվեց՝ բարիք անելով. անձրևներ տվեց ձեզ երկնքից և պտղաբեր ժամանակներ, լիացրեց ձեզ ուտելիքներով և ձեր սրտերը ուրախությամբ լցրեց» (Գործ. 14։15-17)։
12 Ի՞նչ դասեր ենք քաղում մտածելու տեղիք տվող այս խոսքերից։ Նախ՝ Պողոսն ու Բառնաբասը մյուսներից բարձր չդասեցին իրենց և չներկայացան այնպիսին, ինչպիսին իրականում չէին։ Ընդհակառակը, նրանք խոնարհաբար ընդունեցին, որ իրենց հեթանոս ունկնդիրների նման՝ թերություններով լի մարդիկ են։ Ճիշտ է, Պողոսն ու Բառնաբասը օծվել էին սուրբ ոգով, ազատվել էին կեղծ ուսմունքներից և Քրիստոսի հետ թագավորելու հույս էին ստացել, բայց նրանք գիտակցում էին, որ Քրիստոսին հնազանդվելով՝ Լյուստրայի բնակիչները նույնպես այդ պարգևները կստանան։
13 Իսկ մե՞նք ինչ վերաբերմունք ունենք այն մարդկանց հանդեպ, ում քարոզում ենք։ Հավասարի պե՞ս ենք խոսում նրանց հետ։ Պողոսի ու Բառնաբասի նման խուսափո՞ւմ ենք մեծարանքից։ Այս հարցում լավ օրինակ է թողել Աստծու Խոսքի հիանալի ուսուցիչ Չարլզ Թեյզ Ռասելը, ով 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում գլխավորել է քարոզչական գործը։ Նա գրել է. «Մենք չենք ցանկանում, որ մեզ կամ մեր գրվածքները մեծարեն կամ ակնածանքի արժանացնեն, նաև չենք ցանկանում, որ մեզ կոչեն Սրբազան կամ Ռաբբի»։ Կարելի է վստահությամբ ասել, որ եղբայր Ռասելն ընդօրինակում էր Պողոսի ու Բառնաբասի խոնարհությունը։ Մենք նույնպես քարոզչական ծառայությանը մասնակցելիս ձգտում ենք ոչ թե փառքի արժանանալ, այլ օգնել մարդկանց ընդունելու «կենդանի Աստծուն»։
14-16. Որո՞նք են երկրորդ և երրորդ դասերը, որ սովորում ենք Պողոսից ու Բառնաբասից։
14 Ո՞րն է երկրորդ դասը, որ կարող ենք սովորել միսիոներների խոսքերից։ Պողոսն ու Բառնաբասը ճկուն էին։ Նրանք հաշվի առան, որ Լյուստրայի բնակիչները, ի տարբերություն Իկոնիոնի հրեաների ու պրոզելիտների, գրեթե ոչինչ չգիտեին Սուրբ Գրքերից և Իսրայելի պատմությունից։ Միսիոներները հաշվի առան նաև այն հանգամանքը, որ լյուստրացիները հիմնականում հողագործներ էին։ Այդ քաղաքը գտնվում էր մի վայրում, որտեղ կլիման մեղմ էր, իսկ հողը՝ բերրի։ Ուստի լյուստրացիները Արարչի հատկությունների մասին վկայող բազմաթիվ փաստեր էին տեսնում, օրինակ՝ վայելում էին «պտղաբեր ժամանակներ»։ Լյուստրայի բնակիչների հետ ընդհանուր եզրեր գտնելու համար Պողոսն ու Բառնաբասը հենց այս հանգամանքն օգտագործեցին (Հռոմ. 1։19, 20)։
15 Կարո՞ղ ենք մենք էլ նրանց պես ճկուն լինել։ Ենթադրենք՝ հողագործը պետք է սերմ ցանի մի քանի դաշտերում։ Թեպետ սերմը նույնն է, սակայն հողը տարբեր է։ Որոշ դեպքերում այն փափուկ է և ցանքի համար պատրաստ։ Որոշ դեպքերում էլ հողը հարկավոր է երկար փխրեցնել։ Ուստի հողագործը պետք է հողի մշակման տարբեր մեթոդներ կիրառի։ Նմանապես, մեր ցանած «սերմը»՝ Թագավորության լուրը, միշտ նույնն է։ Մարդիկ են տարբեր։ Ուստի եթե Պողոսի ու Բառնաբասի նման լինենք, հաշվի կառնենք մեր ունկնդիրների հանգամանքներն ու հավատալիքները և Թագավորության լուրը կմատուցենք համապատասխան ձևով (Ղուկ. 8։11, 15)։
16 Իսկ ո՞րն է երրորդ դասը, որ քաղում ենք այս պատմությունից։ Չնայած մեր ջանքերին՝ երբեմն մեր ցանած սերմը հափշտակվում է կամ ընկնում քարքարոտ հողի մեջ (Մատթ. 13։18-21)։ Եթե նման բանի բախվես, մի՛ վհատվիր։ Ինչպես հետագայում գրեց Պողոսը, «մեզանից յուրաքանչյուրը [այդ թվում՝ բոլոր նրանք, ում օգնում ենք ուսումնասիրելու Աստծու Խոսքը] իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն» (Հռոմ. 14։12)։
«Նրանց հանձնեցին Եհովային» (Գործեր 14։20-28)
17. Դերբեից հեռանալուց հետո Պողոսն ու Բառնաբասն ո՞ւր գնացին և ինչո՞ւ։
17 Պողոսին քարկոծելուց և քաղաքից դուրս տանելուց հետո լյուստրացիները կարծեցին, թե նա մեռած է։ Բայց առաքյալը ողջ էր։ Երբ աշակերտները հավաքվեցին Պողոսի շուրջ, նա վեր կացավ, գնաց քաղաք ու այնտեղ գիշերեց։ Իսկ հաջորդ օրը նա Բառնաբասի հետ ճանապարհ ընկավ դեպի Դերբե, որը գտնվում էր 100 կմ (60 մղոն) հեռավորության վրա։ Պատկերացրու, թե ինչ դժվարությամբ էր քայլում Պողոսը, որին հաշված ժամեր առաջ քարերով ծանր հարվածներ էին հասցրել։ Այնուամենայնիվ, միսիոներներին հաջողվեց հասնել Դերբե։ Այնտեղ նրանք «շատերին աշակերտ դարձրին»։ Այնուհետև կարճ ճանապարհով Ասորիքի Անտիոք վերադառնալու փոխարեն Պողոսն ու Բառնաբասը նորից գնացին «Լյուստրա, Իկոնիոն և [Պիսիդիայի] Անտիոք»։ Այդպիսով «նրանք զորացրին աշակերտների հոգիները, քաջալերեցին նրանց, որ հավատի մեջ մնան» (Գործ. 14։20-22)։ Ի՜նչ հիանալի օրինակ են նրանք մեզ համար։ Պողոսն ու Բառնաբասը մտածում էին ոչ թե իրենց մասին, այլ ժողովի։ Այսօր նրանց օրինակին են հետևում շրջանային վերակացուներն ու միսիոներները։
18. Ի՞նչն է վճռորոշ եղբորը երեց նշանակելու մեջ։
18 Աշակերտներին խոսքով և սեփական օրինակով զորացնելուց բացի՝ Պողոսն ու Բառնաբասը «յուրաքանչյուր ժողովում երեցներ նշանակեցին»։ Թեև միսիոներները սուրբ ոգով էին ընտրվել այդ ծառայությունը կատարելու համար, այնուամենայնիվ նրանք միայն աղոթք անելուց ու ծոմ պահելուց հետո երեցներին «հանձնեցին Եհովային» (Գործ. 13։1-4; 14։23)։ Աստծու ժամանակակից ծառաները հետևում են այդ օրինակին։ Եթե երեցների խուրհուրդը մտադիր է որևէ եղբոր երաշխավորել երեցի նշանակման համար, ապա նախևառաջ աղոթում է Աստծուն, ապա Աստվածաշնչի օգնությամբ համոզվում է, որ տվյալ եղբայրը համապատասխանում է այդ նշանակման համար ներկայացված սուրբգրային պահանջներին (1 Տիմոթ. 3։1-10, 12, 13; Տիտոս 1։5-9; Հակ. 3։17, 18; 1 Պետ. 5։2, 3)։ Գլխավորն այն չէ, թե քանի տարի է եղբայրը ճշմարտության մեջ։ Նրա խոսելաձևից, վարքից ու համբավից պետք է երևա, որ նա թույլ է տալիս՝ սուրբ ոգին առաջնորդի իրեն։ Եղբոր նշանակման մեջ վճռորոշ է այն հանգամանքը, թե արդյոք նա համապատասխանում է Աստծու հոտը հովվելու պահանջներին (Գաղ. 5։22, 23)։ Նման նշանակումներ անելու պատասխանատվությունը տրված է շրջանային վերակացուներին (համեմատիր 1 Տիմոթեոս 5։22)։
19. Ո՞ւմ առաջ են երեցները հաշվետու, և ինչպե՞ս են նրանք ընդօրինակում Պողոսին ու Բառնաբասին։
19 Երեցները գիտեն, որ Աստծու առաջ հաշվետու են այն բանի համար, թե ինչպես են վերաբերվում ժողովին (Եբր. 13։17)։ Պողոսի ու Բառնաբասի նման՝ նրանք առաջնորդություն են վերցնում քարոզչական ծառայության մեջ։ Երեցները խոսքով զորացնում են հավատակիցներին։ Նաև պատրաստակամորեն ժողովի շահերը սեփական շահերից բարձր են դասում (Փիլիպ. 2։3, 4)։
20. Ինչո՞ւ է օգտակար ընթերցել մեր եղբայրների ու քույրերի ծառայության մասին։
20 Երբ Պողոսն ու Բառնաբասը վերջապես վերադարձան Ասորիքի Անտիոք, այնտեղի եղբայրներին «պատմեցին այն բոլոր բաները, որ Աստված արել էր իրենց միջոցով և որ ազգերի համար բաց էր արել դեպի հավատ տանող դուռը» (Գործ. 14։27)։ Նմանապես այսօր, ընթերցելով մեր հավատարիմ եղբայրների ու քույրերի ծառայության մասին, տեսնում ենք, թե Աստված ինչպես է օրհնում նրանց ջանքերը։ Այդպիսով քաջալերվում ենք և շարունակում «համարձակությամբ խոսել Եհովայի իշխանությամբ»։
a Տես «Իկոնիոն՝ փռյուգիացիների քաղաք» շրջանակը։
-