Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • «Փնտրեն Աստծուն.... գտնեն նրան»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
    • ԳԼՈՒԽ 18

      «Փնտրեն Աստծուն.... գտնեն նրան»

      Պողոսն ընդհանուր եզրեր է գտնում իր լսարանի հետ և իր ելույթը հարմարեցնում է նրանց կարիքներին

      Գործեր 17։16-34

      1-3. ա) Պողոսն ինչո՞ւ էր զայրացած։ բ) Ի՞նչ դասեր կարող ենք քաղել Պողոսի ելույթից։

      ՊՈՂՈՍԸ շրջում է Հունաստանի Աթենք քաղաքի փողոցներով։ Դպրոցների ու համալսարանների այդ քաղաքում ժամանակին ապրել և աշխատել են Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը։ Բայց Պողոսն ամենևին էլ տպավորված չէ։ Ընդհակառակը, նա շատ զայրացած է։ Ինչո՞ւ։ Բանն այն է, որ աթենացիները պաշտում են անթիվ-անհամար աստվածների։ Ուստի առաքյալն ամեն քայլափոխին կեղծ աստվածներին նվիրված տաճարներ է տեսնում։ Հրապարակներում ու փողոցներում միայն կուռքեր են։ Պողոսը գիտի, որ ճշմարիտ Աստվածը՝ Եհովան, ատում է կռապաշտությունը (Ելք 20։4, 5)։ Ուստի նա էլ կուռքերի հանդեպ նույն վերաբերմունքն ունի։

      2 Պողոսը մտնում է ագորա՝ շուկայի հրապարակ, և ապշահար կանգ առնում։ Հրապարակի գլխավոր մուտքի մոտ՝ հյուսիս-արևմտյան անկյունում, շարված են Հերմես աստծու արձանիկները՝ մեծ սեռական օրգաններով։ Չորսբոլորը միայն կուռքերին նվիրված սրբատեղիներ են։ Ինչպե՞ս է Պողոսը քարոզելու կռապաշտության մեջ մխրճված այս քաղաքում։ Կկարողանա՞ զսպել իր զգացմունքները և ընդհանուր եզրեր գտնել աթենացիների հետ։ Արդյոք նրան կհաջողվի՞ օգնել գեթ մի քանիսին գտնելու ճշմարիտ Աստծուն։

      3 Այս հարցերի պատասխանը կստանանք՝ ուսումնասիրելով Պողոսի ելույթը՝ արձանագրված Գործեր 17։22-31-ում։ Այդ ելույթը, որն առաքյալը ներկայացրեց Աթենքի ուսյալ հասարակության առջև, համոզիչ խոսքի, խորագիտության ու նրբանկատության վառ օրինակ է։ Մենք բազմաթիվ դասեր կսովորենք այն մասին, թե ինչպես կարող ենք ընդհանուր եզրեր գտնել մարդկանց հետ՝ օգնելով նրանց տրամաբանել։

      Քարոզչություն «հրապարակում» (Գործեր 17։16-21)

      4-5. Որտե՞ղ էր քարոզում Պողոսը, և ինչո՞ւ նրա համար հեշտ չէր դա անել։

      4 Պողոսը Աթենք եկավ իր երկրորդ միսիոներական շրջագայության ժամանակ՝ մ. թ. մոտ 50 թ.-ին։a Նա կանգ առավ այդ քաղաքում՝ սպասելով Շիղային ու Տիմոթեոսին, ովքեր պետք է գային Բերիայից։ Այդ ընթացքում Պողոսը, իր սովորության համաձայն, գնում էր ժողովարան և այնտեղ «տրամաբանում հրեաների» հետ։ Առաքյալը փորձում էր վկայություն տալ նաև Աթենքի ոչ հրեա բնակիչներին։ Այդ նպատակով նա գնում էր ագորա՝ հրապարակ, որտեղ շատ մարդիկ կային (Գործ. 17։17)։ Ագորան գտնվում էր Ակրոպոլիսի հյուսիս-արևմուտքում և զբաղեցնում էր մոտ 5 հեկտար (12 ակր) տարածք։ Շուկայի հրապարակը զուտ առևտուր անելու տեղ չէր։ Ինչպես նշվում է մի աշխատության մեջ, ագորան Աթենքի «տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնն էր»։ Աթենացիները սիրում էին գնալ այնտեղ և գաղափարական զրույցներ վարել։

      ԱԹԵՆՔ՝ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

      Աթենքի մասին գրավոր տեղեկությունները մեզ հասել են մ. թ. ա 7-րդ դարից։ Սակայն քաղաքի ամենահին մասը՝ Ակրոպոլիսը, որը անառիկ մի ամրոց էր, գոյություն է ունեցել դրանից շատ տարիներ առաջ։ Ժամանակի ընթացքում Աթենքը դարձել է Ատտիկա մարզի գլխավոր քաղաքը և իր ենթակայության տակ ունեցել է 2 500 կմ2 (1 000 մղոն2) մակերեսով մի տարածք՝ շրջապատված լեռներով ու ծովով։ Քաղաքն իր անունը ստացել է իր պահապան աստվածուհու՝ Աթենասի պատվին։

      Մ. թ. ա. 6-րդ դարում աթենացի օրենսգետ Սոլոնը բարեփոխեց քաղաքի սոցիալական, քաղաքական, իրավական և տնտեսական համակարգը։ Նա բարելավեց աղքատ բնակչության տնտեսական վիճակը և ժողովրդավարության հիմք դրեց։ Սակայն կառավարման այդ ձևը գործում էր միայն ազատ քաղաքացիների համար, մինչդեռ քաղաքի բնակիչները մեծ մասամբ ստրուկներ էին։

      Մ. թ. ա. 5-րդ դարում՝ պարսիկների նկատմամբ հույների հաղթանակներից հետո, Աթենքը դարձավ փոքր պետության մայրաքաղաք, որը ծովային առևտուր էր անում արևմուտքում Իտալիայի ու Սիցիլիայի, իսկ արևելքում՝ Կիպրոսի ու Ասորիքի հետ։ Իր հզորացման գագաթնակետին Աթենքը հին աշխարհի մշակութային կենտրոնն էր, որտեղ զարգացած էին արվեստը, թատրոնը, փիլիսոփայությունը, ճարտասանությունը և տարբեր գիտություններ։ Քաղաքը զարդարում էին բազմաթիվ շենքեր ու տաճարներ, որոնց միջից հպարտորեն վեր էր խոյանում Ակրոպոլիսը։ Այդ բլրի վրա էր կառուցված Աթենասի գլխավոր տաճարը՝ Պարթենոնը։ Այնտեղ էր նաև աստվածուհու 12 մ (40 ֆուտ) բարձրությամբ արձանը՝ պատրաստված ոսկուց ու փղոսկրից։

      Աթենքը սկզբում գրավեցին սպարտացիները, ապա՝ մակեդոնացիները, իսկ վերջում՝ հռոմեացիները, որոնք թալանեցին քաղաքը։ Չնայած այդ ամենին՝ Պողոս առաքյալի օրերում Աթենքը իր փառավոր անցյալի շնորհիվ շարունակում էր նշանավոր քաղաք մնալ։ Հետաքրքիր է, որ այդ քաղաքը երբեք չի մտել որևէ հռոմեական պրովինցիայի կազմի մեջ։ Աթենքին իրավունք էր շնորհվել ունենալու իր օրենսդրությունն ու կառավարման համակարգը։ Բացի այդ՝ այն ազատված էր հռոմեական հարկերից։ Թեև Աթենքն այլևս չուներ երբեմնի փառքն ու հզորությունը, սակայն շարունակում էր մնալ համալսարանների քաղաք։ Հարուստների որդիները այնտեղ էին գնում սովորելու։

      5 Պողոսի համար հեշտ չէր լինելու քարոզել շուկայի հրապարակում գտնվող մարդկանց։ Նրա ունկնդիրների մեջ կային էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփայական դպրոցների ներկայացուցիչներ, որոնք տարբեր գաղափարախոսությունների կողմնակիցներ էին։b Էպիկուրյանները հավատում էին, թե կյանքը պատահական է առաջացել, և ապրում էին հետևյալ նշանաբանով. «Աստծուց վախենալու կարիք չկա։ Մահից հետո ցավ չկա։ Բարուն կարելի է հասնել։ Չարին կարելի է դիմանալ»։ Իսկ ստոյիկները մեծ նշանակություն էին տալիս գիտելիքներին ու տրամաբանությանը։ Նրանց պատկերացմամբ՝ Աստված անձնավորություն չէր։ Թե՛ ստոյիկները և թե՛ էպիկուրյանները չէին ընդունում հարության ուսմունքը, որը սովորեցնում էին Քրիստոսի աշակերտները։ Ակնհայտ է, որ այս երկու խմբերի փիլիսոփայական գաղափարները անհամատեղելի էին այն վեհ ճշմարտությունների հետ, որոնք քարոզում էր Պողոսը։

      6-7. Հույն փիլիսոփաներից ոմանք ինչպե՞ս արձագանքեցին Պողոսի քարոզչությանը, և նմանատիպ ի՞նչ վերաբերմունքի ենք արժանանում այսօր։

      6 Պողոսին լսող փիլիսոփաներն ինչպե՞ս արձագանքեցին նրա քարոզչությանը։ Ոմանք առաքյալին «դատարկախոս» (բառացի՝ «սերմնաքաղ») անվանեցին (Գործ. 17։18, տես նաև ծանոթագրությունը)։ Մի գիտնական այս բառի հետ կապված հետևյալն է նշում. «Սկզբում հույները այդպես էին կոչում սերմեր կտցող փոքրիկ թռչուններին, իսկ հետագայում՝ այն մարդկանց, ովքեր շուկայի հրապարակում սննդի մնացորդներ ու դեն նետված իրեր էին հավաքում։ Ի վերջո, այդ բառը փոխաբերական իմաստ ձեռք բերեց։ [«Սերմնաքաղ»] սկսեցին անվանել այն անհատներին, ովքեր այստեղից-այնտեղից կցկտուր տեղեկություններ էին հավաքում, որոնք առանձնապես չէին հասկանում»։ Փաստորեն, ուսյալ աթենացիները Պողոսին անգրագետ էին համարում, ով առանց հասկանալու կրկնում է ուրիշի խոսքերը։ Սակայն, ինչպես կտեսնենք, այդ պիտակը առաքյալին թևաթափ չարեց։

      7 Այսօր նույնպես մեր քարոզչական գործունեության պատճառով մարդիկ հաճախ մեզ պիտակներ են կպցնում։ Որոշ ուսուցիչներ ու դասախոսներ էվոլյուցիոն տեսությունը որպես փաստ են ներկայացնում՝ պնդելով, թե կրթված մարդը չի կարող չընդունել այն։ Նրանց խոսքերից հետևում է, որ այդ տեսությունը մերժողները անգրագետ են։ Այդ ուսյալ մարդիկ դրդում են մյուսներին մտածելու, թե մենք «սերմնաքաղներ» ենք, քանի որ հայտնում ենք Աստվածաշնչի տեսակետը և փաստերով ապացուցում Արարչի գոյությունը։ Բայց նրանց կարծիքը մեզ ամենևին էլ թևաթափ չի անում։ Մենք շարունակում ենք վստահությամբ քարոզել, որ կյանքը երկրի վրա առաջ է եկել բանական Ստեղծչի՝ Եհովա Աստծու շնորհիվ (Հայտն. 4։11)։

      8. ա) Ոմանք ի՞նչ ասացին Պողոսի մասին։ բ) Ի՞նչ կարող է նշանակել այն փաստը, որ Պողոսին տարան Արեոպագոս (տես ծանոթագրությունը)։

      8 Ագորայում հավաքվածներից ոմանք էլ այլ կարծիք ունեին Պողոսի մասին. «Թվում է՝ նա օտար աստվածների քարոզիչ է» (Գործ. 17։18)։ Պողոսն իրո՞ք նոր աստվածների մասին էր քարոզում աթենացիներին։ Սա շատ լուրջ հարց էր. դարեր առաջ այդպիսի մեղադրանք էին հարուցել Սոկրատեսի դեմ, ինչի հետևանքով նրան մահապատժի էին ենթարկել։ Զարմանալի չէ, որ Պողոսին տարան Արեոպագոս և պահանջեցին, որ բացատրի իրենց համար տարօրինակ ուսմունքները։c Ինչպե՞ս էր առաքյալը հիմնավորելու իր խոսքերը այն մարդկանց առջև, ովքեր ծանոթ չէին Սուրբ Գրքերին։

      ԷՊԻԿՈՒՐՅԱՆՆԵՐ ԵՎ ՍՏՈՅԻԿՆԵՐ

      Էպիկուրյաններն ու ստոյիկները փիլիսոփայական երկու տարբեր դպրոցների հետևորդներ էին։ Երկու ուղղություններն էլ ժխտում էին հարության գաղափարը։

      Էպիկուրյաններն ընդունում էին աստվածների գոյությունը, սակայն պնդում էին, որ նրանք չեն հետաքրքրվում մարդկանցով՝ ո՛չ պատժում են, ո՛չ էլ վարձատրում։ Հետևաբար այդ ուղղությանը հարող մարդիկ անօգուտ էին համարում աղոթքներն ու զոհերը։ Էպիկուրյաններն աստվածացնում էին կյանքի հաճույքները։ Նրանց մտածելակերպն ու գործերը զուրկ էին բարոյական սկզբունքներից։ Սակայն նրանք խրախուսում էին ամեն ինչում չափավոր լինել անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Էպիկուրյանները գնահատում էին գիտությունը, քանի որ այն համարում էին սնահավատությունից և վախից ազատվելու միջոց։

      Իսկ ստոյիկները հավատում էին, որ բոլոր բաները, այդ թվում՝ հոգին, անդեմ մի աստվածության, կամ՝ ուժի մաս են կազմում։ Որոշ ստոյիկներ պնդում էին, թե հոգին ի վերջո տիեզերքի հետ կործանվելու է։ Նրանցից ոմանք էլ կարծում էին, թե այն կրկին այդ աստվածության մասն է դառնալու։ Ըստ ստոյիկյան փիլիսոփաների՝ երջանկության հասնելու համար մարդը պետք է բնության հետ ներդաշնակ ապրեր։

      «Ո՛վ աթենացի մարդիկ» (Գործեր 17։22, 23)

      9-11. ա) Պողոսն ինչպե՞ս փորձեց ընդհանուր եզրեր գտնել իր ունկնդիրների հետ։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին ծառայության մեջ։

      9 Հիշենք, որ աթենացիների կռապաշտությունը զայրացրել էր Պողոսին։ Սակայն իր բարկությունն արտահայտելու և Աթենքի բնակիչներին քննադատելու փոխարեն՝ նա հանգստություն պահպանեց և նրբանկատորեն փորձեց շահել իր ունկնդիրներին՝ ձգտելով ընդհանուր եզրեր գտնել նրանց հետ։ Առաքյալն ասաց. «Ո՛վ աթենացի մարդիկ, տեսնում եմ, որ դուք ավելի շատ եք վախենում աստվածներից, քան մյուսները» (Գործ. 17։22)։ Ըստ էության, Պողոսն աթենացիներին ասաց. «Տեսնում եմ, որ դուք շատ կրոնասեր եք»։ Այսպիսով նա գովեց նրանց, ինչը իմաստուն քայլ էր։ Առաքյալը հասկանում էր, որ կեղծ ուսմունքների ճիրաններում գտնվող այդ մարդկանց մեջ կլինեն այնպիսիք, ովքեր կցանկանան լսել ճշմարտությունը։ Ի վերջո, ինքն էլ ժամանակին «տգիտությամբ և անհավատությամբ էր վարվում» (1 Տիմոթ. 1։13)։

      10 Շարունակելով իր միտքը՝ Պողոսը նշեց, որ տեսել է աթենացիների կրոնասիրության մի վառ ապացույց՝ մի զոհասեղան, որը նվիրված էր «Անծանոթ Աստծուն»։ Համաձայն մի աշխատության՝ «հույները, ինչպես և մյուս ազգերը զոհասեղաններ էին նվիրում «անծանոթ աստվածներին»։ Նրանք մտավախություն ունեին, թե երկրպագություն մատուցելիս միգուցե անտեսեն որևէ աստծու, և վերջինս, ոչ մի զոհասեղան չտեսնելով, վիրավորվի»։ Հետևաբար աթենացիներն ընդունում էին, որ կա մի Աստված, ում իրենք չեն ճանաչում։ Պողոսը հենց այս հանգամանքն օգտագործեց, որպեսզի բարի լուրը հայտնի նրանց։ Առաքյալն ասաց. «Ուստի ում հանդեպ դուք առանց իմանալու նվիրվածություն եք դրսևորում, նրա մասին եմ ձեզ քարոզում» (Գործ. 17։23)։ Ի՜նչ հիանալի հնարամտություն, բայցև անհերքելի փաստարկ։ Պողոսը նոր կամ օտար աստծու չէր քարոզում, ինչպես ոմանք էին պնդում։ Նա ընդամենը պատմում էր այն Աստծու մասին, որին աթենացիները ծանոթ չէին՝ ճշմարիտ Աստծու։

      11 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին ծառայության մեջ։ Եթե ուշադիր լինենք, գուցե նկատենք, որ մեր զրուցակիցը կրոնասեր է։ Թերևս դա երևա այն առարկաներից, որոնք նա կրում է, կամ որոնք կան իր տան ներսում թե դրսում։ Այդ դեպքում կարող ենք ասել. «Տեսնում եմ՝ կրոնասեր մարդ եք։ Շատ էի ուզում Աստծուն հավատացող մարդու հանդիպել»։ Նրբանկատորեն արտահայտելով մեր հարգանքը զրուցակցի կրոնական հայացքների նկատմամբ՝ թերևս կարողանանք ընդհանուր եզրեր գտնել։ Հիշիր, որ մենք չենք ուզում մարդկանց մասին կանխակալ կարծիք ունենալ հավատալիքների պատճառով։ Չէ՞ որ մեր հավատակիցների մեջ էլ կան շատերը, ովքեր մի ժամանակ անկեղծորեն հետևել են կեղծ ուսմունքներին։

      Պատանի տղան կենսաբանության դասին խոսում է իր ուսուցչի և դասարանցիների առաջ

      Ձգտիր ընդհանուր եզրեր գտնել ունկնդիրներիդ հետ

      Աստված «մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։24-28)

      12. Պողոսն ինչպե՞ս իր ելույթը հարմարեցրեց լսարանին։

      12 Փաստորեն, Պողոսին հաջողվեց ընդհանուր եզրեր գտնել աթենացիների հետ։ Բայց արդյոք առաքյալը կկարողանա՞ր մինչև վերջ պահել նրանց ուշադրությունը։ Նա հաշվի առավ, որ իր ունկնդիրները լավ գիտեն հունական փիլիսոփայությունը, բայց ծանոթ չեն Սուրբ Գրքերին։ Ուստի մի քանի մեթոդ կիրառեց, որպեսզի իր ելույթը հարմարեցնի լսարանին։ Առաջին՝ սուրբգրային ճշմարտությունները ներկայացնելիս Պողոսը Սուրբ Գրքերից ուղղակի մեջբերումներ չարեց։ Երկրորդ՝ առաքյալն իրեն չառանձնացրեց մյուսներից և իր ելույթում օգտագործեց «մենք», «մեզ» դերանունները։ Երրորդ՝ նա մեջբերումներ արեց հունական գրականությունից, որպեսզի ցույց տա, որ նրանց հեղինակները նույնպես նման մտքեր են արտահայտել։ Քննենք Պողոսի հիանալի ելույթը և տեսնենք, թե նա ինչ կարևոր ճշմարտություններ հայտնեց այն Աստծու մասին, որին աթենացիները ծանոթ չէին։

      13. Պողոսն ի՞նչ հայտնեց տիեզերքի ծագման և ճշմարիտ Աստծու վերաբերյալ։

      13 Աստված է ստեղծել տիեզերքը։ Պողոսն ասաց. «Աստված, որ ստեղծել է աշխարհը և նրանում եղող ամեն բան, Նա, երկնքի և երկրի Տերը լինելով, ձեռակերտ տաճարներում չի բնակվում»d (Գործ. 17։24)։ Տիեզերքը պատահաբար չի առաջացել։ Ճշմարիտ Աստված է ստեղծել ամեն բան (Սաղ. 146։6)։ Ի տարբերություն Աթենասի և մյուս աստվածությունների, որոնց փառքը կախված էր տաճարներից ու զոհասեղաններից՝ Գերիշխան Տերը՝ երկնքի ու երկրի Արարիչը, մարդու ձեռքով կառուցված տաճարներում պարզապես չի տեղավորվի (1 Թագ. 8։27)։ Պողոսի խոսքերի իմաստը պարզ էր. ճշմարիտ Աստվածը շատ ավելի բարձր է ու զորեղ, քան մարդակերտ տաճարներում գտնվող ձեռակերտ կուռքերը (Ես. 40։18-26)։

      14. Պողոսն ինչպե՞ս ցույց տվեց, որ Աստված մարդկանցից կախում չունի։

      14 Աստված մարդկանցից կախում չունի։ Աթենացիները սովորաբար իրենց աստվածներին շքեղ հագուստներ էին հագցնում, թանկ նվերներ էին տալիս, ուտելիք ու խմիչք էին մատուցում, կարծես կուռքերն այդ ամենի կարիքն ունեին։ Այնուամենայնիվ, Պողոսին լսող հույն փիլիսոփաներից ոմանք թերևս ընդունում էին, որ աստծուն մարդկանցից ոչինչ պետք չէ։ Եթե այդպես է, նրանք հավանաբար համաձայնվեցին առաքյալի այն խոսքերին, որ Աստված ոչ մի բանի կարիք չունի, այդ թվում՝ մարդկանց մատուցած ծառայության։ Եվ իրոք, ի՞նչ կարող է մարդ արարածը տալ ամեն բանի Արարչին։ Չէ՞ որ նա է մարդկանց տալիս բոլոր անհրաժեշտ բաները՝ «կյանք, շունչ», արև, անձրև, պտղաբեր ժամանակներ և այլն (Գործ. 17։25; Ծննդ. 2։7)։ Ուրեմն Աստված է տվողը, իսկ մարդիկ ստացողներն են։ Ուստի Արարիչը նրանցից կախում չունի։

      15. Պողոսն ինչպե՞ս հերքեց հույների սխալ պատկերացումը իրենց ազգի մասին, և ի՞նչ կարևոր դաս ենք սովորում նրա օրինակից։

      15 Աստված է ստեղծել մարդուն։ Հույները կարծում էին, որ մյուս ազգերից բարձր են։ Սակայն ազգայնամոլությունը դեմ է աստվածաշնչյան սկզբունքներին (2 Օրենք 10։17)։ Ուստի Պողոսը նրբանկատորեն ու հմտորեն անդրադարձավ այդ հարցին։ Առաքյալն ասաց, որ Աստված «մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը»։ Այս խոսքերն, անկասկած, մտածելու տեղիք տվեցին իր ունկնդիրներին (Գործ. 17։26)։ Պողոսը մեջբերում էր բոլոր մարդկանց նախահոր՝ Ադամի մասին պատմող աստվածաշնչյան արձանագրությունը (Ծննդ. 1։26-28)։ Եթե բոլոր ազգերը առաջ են եկել մեկ մարդուց, ուրեմն չեն կարող բարձր կամ ցածր լինել միմյանցից։ Մի՞թե հնարավոր էր չհասկանալ Պողոսի խոսքերը։ Դրանք պարզից էլ պարզ էին։ Մենք մի կարևոր դաս ենք քաղում նրա օրինակից։ Թեև ձգտում ենք ծառայության մեջ խոհեմ ու նրբանկատ լինել, սակայն չենք մեղմում աստվածաշնչյան ճշմարտությունները, որպեսզի գոհացնենք մեր ունկնդիրներին։

      16. Ի՞նչ նպատակով է Արարիչը ստեղծել մարդկանց։

      16 Աստծու նպատակն է, որ մարդիկ մտերիմ լինեն իր հետ։ Պողոսի ունկնդիրների մեջ կային փիլիսոփաներ, որոնք թերևս հաճախ էին վիճաբանել մարդու գոյության իմաստի մասին։ Եվ բնականաբար, երբեք չէին կարողացել այդ հարցին սպառիչ պատասխան տալ։ Մինչդեռ Պողոսը հայտնեց, թե ինչ նպատակով է Արարիչը ստեղծել մարդկանց։ Աստված ցանկանում է, որ մարդիկ «փնտրեն.... միգուցե նույնիսկ խարխափելով գտնեն [իրեն], թեպետ իրականում նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործ. 17։27)։ Ճիշտ է, աթենացիները չէին ճանաչում այդ Աստծուն, բայց դա չէր նշանակում, թե նրան հնարավոր չէր ճանաչել։ Ավելին՝ Աստված հեռու չէ այն անհատներից, ովքեր իրոք ուզում են գտնել իրեն ու ծանոթանալ իր հետ (Սաղ. 145։18)։ Ուշագրավ է, որ Պողոսն այստեղ օգտագործեց «մեզանից» դերանունը, այսինքն՝ իրեն էլ ընդգրկեց այն մարդկանց մեջ, ովքեր Աստծուն «փնտրելու» և «խարխափելով գտնելու» կարիք ունեն։

      17-18. Մարդիկ ինչո՞ւ պետք է Աստծուն մտերիմ համարեն, և Պողոսն ինչպե՞ս հասավ իր ունկնդիրների սրտին։

      17 Մարդիկ պետք է ցանկանան ճանաչել Աստծուն։ Պողոսն ասաց. «Նրանով ենք մենք ապրում, շարժվում և գոյություն ունենք»։ Որոշ գիտնականներ կարծում են, թե առաքյալն այստեղ հիշատակում է մ. թ. ա. 6-րդ դարի կրետացի բանաստեղծ Էպիմենիդեսի խոսքերը, ով «մեծ դեր է խաղացել Աթենքի կրոնի ու ավանդույթների ձևավորման մեջ»։ Պողոսը բերեց ևս մի փաստարկ, թե մարդիկ ինչու պետք է ձգտեն մոտենալ Աստծուն. «Ձեր բանաստեղծներից ոմանք են ասել. «Մենք բոլորս նրա զավակներն ենք»» (Գործ. 17։28)։ Մարդիկ պետք է մոտ զգան Աստծուն։ Չէ՞ որ նա է ստեղծել այն մեկին, ումից առաջ է եկել ողջ մարդկությունը։ Իր ունկնդիրների սրտին հասնելու նպատակով Պողոսը մեջբերում արեց հունական աղբյուրներից, որոնք աթենացիները հեղինակություն էին համարում։e Ընդօրինակելով առաքյալին՝ մենք երբեմն մեջբերումներ ենք անում հանրագիտարաններից, պատմական գրքերից և այլ հեղինակավոր աշխատություններից, որպեսզի հիմնավորենք մեր խոսքերը, օրինակ՝ բացատրենք որևէ կեղծ կրոնական ավանդույթի կամ տոնի ծագումը։

      18 Ինչպես տեսնում ենք, Պողոսը հիմնարար ճշմարտություններ հայտնեց Աստծու մասին՝ իր խոսքերը հմտորեն հարմարեցնելով լսարանին։ Իսկ այդպիսով առաքյալն ի՞նչ գործերի էր ուզում մղել աթենացիներին։ Նա չհապաղեց հայտնել։

      «Բոլորը ամենուրեք պետք է զղջան» (Գործեր 17։29-31)

      19-20. ա) Պողոսն ինչպե՞ս նրբանկատորեն ցույց տվեց, որ կուռքերին պաշտելը անմտություն է։ բ) Ի՞նչ պետք է անեին աթենացիները։

      19 Նպատակ ունենալով իր ունկնդիրներին գործերի մղելու՝ Պողոսը կրկնեց հույն բանաստեղծի խոսքերն ու ասաց. «Ուրեմն քանի որ Աստծու զավակներն ենք, չպետք է մտածենք, թե Աստվածային Էությունը նման է ոսկու, արծաթի կամ քարի, նման է մի բանի, ինչը մարդկանց արվեստով ու հնարամտությամբ է քանդակված» (Գործ. 17։29)։ Եվ իրոք, եթե մարդն Աստծու ձեռքի գործն է, ինչպե՞ս կարող է Աստված նման լինել մարդու ձեռքի գործի, օրինակ՝ որևէ կուռքի։ Այս տրամաբանական փաստարկի միջոցով Պողոսը նրբանկատորեն ցույց տվեց, որ կուռքերին երկրպագելը անմտություն է (Սաղ. 115։4-8; Ես. 44։9-20)։ Առաքյալը խոսեց առաջին դեմքով. ասաց՝ «չպետք է մտածենք»։ Դրա շնորհիվ աթենացիների համար թերևս ավելի հեշտ եղավ լսել նրա խորհուրդը։

      20 Այս ամենից հետո առաքյալը հայտնեց, թե ինչ է պահանջվում նրանցից. «Աստված անտեսեց այսպիսի անգիտության ժամանակները, [երբ մարդիկ կարծել են, թե կուռքեր պաշտելով կարելի է հաճեցնել Աստծուն], բայց հիմա նա մարդկանց ասում է, որ բոլորը ամենուրեք պետք է զղջան» (Գործ. 17։30)։ Պողոսի ունկնդիրներից ոմանք հավանաբար ցնցվեցին՝ լսելով, որ պետք է զղջան։ Սակայն առաքյալն իր ելույթում պարզ ցույց էր տվել, որ այդ անհատները իրենց կյանքով պարտական են Աստծուն, հետևաբար հաշվետու են նրան։ Ուստի նրանք պետք է փնտրեին Արարչին, սովորեին նրա մասին ճշմարտությունը և իրենց կյանքը համապատասխանեցնեին այդ ճշմարտությանը։ Աթենացիները առաջին հերթին պետք է հրաժարվեին կռապաշտությունից, որը մեղք է։

      21-22. Պողոսն ի՞նչ խոսքերով ավարտեց իր ելույթը, և դրանք ի՞նչ են նշանակում մեզ համար։

      21 Պողոսը իր ելույթն ավարտեց հետևյալ խոսքերով. «[Աստված] մեկ օր է հաստատել, որում նպատակ ունի արդարությամբ դատելու աշխարհը մի մարդու միջոցով, ում նա նշանակեց, և բոլոր մարդկանց հավաստիք տվեց այն բանով, որ հարություն տվեց նրան» (Գործ. 17։31)։ Այն միտքը, որ Դատաստանի օր է լինելու, պետք է որ սթափեցներ աթենացիներին և մղեր նրանց փնտրելու ու գտնելու ճշմարիտ Աստծուն։ Պողոսը չտվեց Դատավորի անունը, սակայն մի ապշեցուցիչ բան ասաց նրա մասին. այդ անձնավորությունը ապրել է երկրի վրա, մահացել է և Աստծու կամքով հարություն է առել։

      22 Որքա՜ն շատ բան են նշանակում այս տպավորիչ խոսքերը մեզ համար։ Մենք գիտենք, որ այդ Դատավորը հարություն առած Հիսուս Քրիստոսն է (Հովհ. 5։22)։ Գիտենք նաև, որ Դատաստանի օրը տևելու է հազար տարի, և որ այն շատ արագ մոտենում է (Հայտն. 20։4, 6)։ Մենք չենք վախենում այդ օրվանից, քանի որ այն հրաշալի օրհնություններ է բերելու հավատարիմ անհատներին։ Այս փառահեղ ապագայի հույսը երաշխավորված է մեծագույն հրաշքով՝ Հիսուս Քրիստոսի հարությամբ։

      «Մի քանի մարդիկ.... հավատացյալներ դարձան» (Գործեր 17։32-34)

      23. Ինչպե՞ս արձագանքեցին Պողոսի ունկնդիրները։

      23 Պողոսի ունկնդիրները տարբեր կերպերով արձագանքեցին նրա ելույթին։ Լսելով հարության մասին՝ «նրանցից ոմանք սկսեցին ծաղրել» առաքյալին։ Ոմանք էլ թեև քաղաքավարի էին, սակայն փորձեցին խուսափել հետագա քայլերից՝ ասելով. «Այս մասին մի ուրիշ անգամ էլ քեզ կլսենք» (Գործ. 17։32)։ Բայց կային նաև այնպիսիք, ովքեր դրականորեն արձագանքեցին. «Մի քանի մարդիկ միացան նրան և հավատացյալներ դարձան, որոնցից էին նաև Դիոնիսիոսը՝ Արեոպագոսի դատարանի մի դատավոր, և Դամարիս անունով մի կին ու նրանցից բացի, ուրիշներ էլ» (Գործ. 17։34)։ Այսօր նույն բանն ենք տեսնում ծառայության ժամանակ։ Ոմանք ծաղրում են մեզ, ոմանք էլ քաղաքավարի են, բայց անտարբեր։ Հուրախություն մեզ՝ կան նաև մարդիկ, ովքեր լսում են Թագավորության լուրն ու դառնում Քրիստոսի հետևորդներ։

      24. Ի՞նչ կարող ենք սովորել Արեոպագոսում ներկայացրած Պողոսի ելույթից։

      24 Խորհրդածելով Պողոսի այս ելույթի մասին՝ բազմաթիվ արժեքավոր դասեր ենք քաղում։ Սովորում ենք, թե ինչպես կարող ենք տրամաբանորեն զարգացնել միտքը, համոզիչ փաստարկներ բերել և ընդհանուր եզրեր գտնել։ Նաև հասկանում ենք, որ պետք է համբերատար ու նրբանկատ լինենք նրանց հանդեպ, ովքեր գտնվում են կեղծ կրոնի ճիրաններում։ Այս ամենից բացի՝ սովորում ենք, որ երբեք չպետք է աղավաղենք աստվածաշնչյան ճշմարտությունը՝ մեր ունկնդիրներին գոհացնելու համար։ Ընդօրինակելով Պողոսին՝ կարող ենք Աստծու Խոսքի հմուտ ուսուցիչներ լինել ծառայության մեջ։ Վերակացուներն էլ կարող են ավելի հմուտ ուսուցիչներ դառնալ ժողովում։ Եթե այդպես վարվենք, պատրաստ կլինենք օգնելու մարդկանց «փնտրել Աստծուն» և «գտնել նրան» (Գործ. 17։27)։

      a Տես «Աթենք՝ հին աշխարհի մշակութային կենտրոն» շրջանակը։

      b Տես «Էպիկուրյաններ և ստոյիկներ» շրջանակը։

      c Արեոպագոսը, որը Ակրոպոլիսի հյուսիս-արևմուտքում գտնվող մի բլուր էր, Աթենքի ավագանու խորհրդի հանդիպման վայրն էր։ Ընդ որում այդպես էին կոչում թե՛ բլուրը, թե՛ ավագանու խորհուրդը։ Ուստի գիտնականները տարբեր կարծիքներ ունեն այն մասին, թե ուր են տարել Պողոս առաքյալին՝ հենց Արեոպագոս բլուրը կամ դրա մոտակայքը, թե կանգնեցրել են ավագանու առջև, որը կարող էր հավաքված լինել ցանկացած վայրում, օրինակ՝ շուկայի հրապարակում։

      d «Աշխարհ» թարգմանված կո՛սմոս բառն օգտագործելիս հույները սովորաբար նկատի ունեին նյութական տիեզերքը։ Ուստի Պողոսը, ով ձգտում էր ընդհանուր եզրեր գտնել իր ունկնդիրների հետ, այդ բառը հավանաբար գործածեց հենց «տիեզերք» իմաստով։

      e Պողոսը մեջբերում արեց ստոյիկ բանաստեղծ Արատուսի «Երևույթներ» պոեմից։ Նմանատիպ խոսքեր կարելի է գտնել նաև հունական այլ աղբյուրներում, օրինակ՝ ստոյիկ գրող Քլինտեսի «Օրհներգություն Զևսին» ստեղծագործության մեջ։

  • «Շարունակի՛ր խոսել և լուռ մի՛ մնա»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
    • ԳԼՈՒԽ 19

      «Շարունակի՛ր խոսել և լուռ մի՛ մնա»

      Պողոսը հոգում է իր նյութական կարիքները, սակայն կյանքում գլխավոր տեղը հատկացնում է ծառայությանը

      Գործեր 18։1-22

      1-3. Պողոս առաքյալն ի՞նչ նպատակով գնաց Կորնթոս, և ի՞նչ դժվարություններ ունեցավ։

      Մ.Թ. 50 թվականն է։ Տարվա կեսն արդեն անցել է։ Պողոս առաքյալն այժմ Կորնթոսում է՝ հարուստ առևտրական մի քաղաքում, որտեղ մեծ թվով հույներ, հռոմեացիներ ու հրեաներ են ապրում։a Առաքյալն այստեղ չի եկել առևտուր անելու կամ աշխատանք գտնելու համար։ Նրա այցելության նպատակը շատ ավելի կարևոր է՝ վկայություն տալ Աստծու Թագավորության մասին։ Թեև Պողոսը մնալու տեղ չունի, բայց վճռել է բեռ չլինել ուրիշների համար։ Առաքյալը չի ցանկանում, որ որևիցե մեկը կարծի, թե նա նյութական օգնություն է ակնկալում իր ծառայության դիմաց։ Ի՞նչ կանի նա։

      2 Պողոսը մի արհեստի է տիրապետում՝ կարողանում է վրաններ պատրաստել։ Դա, իհարկե, հեշտ գործ չէ։ Սակայն առաքյալը պատրաստ է աշխատել ու հոգալ իր կարիքները։ Արդյոք նա հարմար բնակարան ու գործ կգտնի՞ այդ աշխույժ քաղաքում։ Չնայած այս բոլոր դժվարություններին՝ Պողոսը չի շեղվում իր գլխավոր գործից՝ ծառայությունից։

      3 Հանգամանքների բերումով՝ առաքյալը որոշ ժամանակ Կորնթոսում մնաց։ Նրա քարոզչությունը լավ արդյունքներ բերեց։ Մեր տարածքում հիմնովին վկայություն տալու վերաբերյալ ի՞նչ կարող ենք սովորել Կորնթոսում կատարած Պողոսի ծառայությունից։

      ԿՈՐՆԹՈՍ՝ ԵՐԿՈՒ ԾՈՎԵՐԻ ՏԻՐԱԿԱԼ

      Հին Կորնթոսը գտնվում էր Հունաստանը Պելոպոնես թերակղզուն կապող պարանոցի վրա։ Այդ պարանոցի ամենանեղ հատվածը գրեթե 6 կմ (4 մղոն) էր։ Ուստի քաղաքը երկու նավահանգիստ ուներ։ Կորնթոսի ծովածոցում գտնվում էր Ղեքեոնը, որը ծովային կամուրջ էր արևմուտքի հետ (Իտալիա, Սիցիլիա, Իսպանիա)։ Իսկ Սարոնիկոս ծոցում գտնվում էր Կենքրան։ Այնտեղ կանգ էին առնում այն նավերը, որոնք շրջում էին Էգեյան ծովի ավազանով, մեկնում էին Փոքր Ասիա, Ասորիք կամ Եգիպտոս։

      Քանի որ Պելոպոնեսի հարավում գտնվող հրվանդանները պաշտպանված չէին քամուց և վտանգավոր էին նավերի համար, ծովագնացները հաճախ նախընտրում էին խարիսխ գցել Կորնթոսի երկու նավահանգիստներից մեկում։ Ապա նրանք բեռը ցամաքով ուղարկում էին մյուս նավահանգիստ, որն այնտեղ նորից նավի վրա էր բարձվում։ Իսկ թեթև նավերը նույնիսկ հնարավոր էր մի նավահանգստից մյուսը տեղափոխել հարթակի միջոցով, որն անցնում էր մի ծովից մինչև մյուսը ձգվող սալապատ ուղիով։ Փաստորեն, իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Կորնթոսը վերահսկում էր ծովային առևտուրը արևմուտքի և արևելքի միջև, ինչպես նաև ցամաքային առևտուրը՝ հյուսիսի ու հարավի միջև։ Այն շատ հարուստ էր, բայցև անբարոյականությամբ լի, ինչը սովորական երևույթ էր նավահանգստային շատ քաղաքների դեպքում։

      Պողոս առաքյալի օրերում Կորնթոսը հռոմեական Աքայիա պրովինցիայի մայրաքաղաքն էր և կարևոր վարչական կենտրոն էր։ Քաղաքը խիստ բազմակրոն էր։ Դա երևում է այն բանից, որ Կորնթոսում կային հունական ու եգիպտական բազում աստվածների տաճարներ և սրբատեղիներ, կայսրին նվիրված տաճար, ինչպես նաև հրեական ժողովարան (Գործ. 18։4)։

      Կորնթոսից ոչ հեռու գտնվող Իսթմիա բնակավայրում երկու տարին մեկ մրցումներ էին անցկացվում, որոնք իրենց կարևորությամբ զիջում էին միայն Օլիմպիական խաղերին։ Հավանաբար մ. թ. 51 թ. խաղերի ժամանակ Պողոս առաքյալը Կորնթոսում է եղել։ Ինչպես նշվում է մի աստվածաշնչյան բառարանում, «պատահական չէ, որ [առաքյալը] առաջին անգամ սպորտային խաղերի հետ կապված մտքեր է գրում հենց կորնթացիներին ուղղված նամակում» (1 Կորնթ. 9։24-27)։

      «Նրանց արհեստը վրանագործությունն էր» (Գործեր 18։1-4)

      4-5. ա) Կորնթոսում եղած ժամանակ որտե՞ղ էր ապրում Պողոսը և ի՞նչ գործ էր անում։ բ) Հավանաբար ինչպե՞ս էր Պողոսը վրանագործություն սովորել։

      4 Որոշ ժամանակ անց Պողոսը Կորնթոսում հանդիպեց մի հյուրասեր ամուսնական զույգի։ Ամուսնու անունը Ակյուղաս էր, կնոջ անունը՝ Պրիսկիղա (կրճատ՝ Պրիսկա)։ Նրանք ծագումով հրեաներ էին և Կորնթոս էին եկել այն պատճառով, որ Կլավդիոս կայսրը «հրամայել էր բոլոր հրեաներին հեռանալ Հռոմից» (Գործ. 18։1, 2)։ Ակյուղասն ու Պրիսկիղան հրավիրեցին Պողոսին ապրել և աշխատել իրենց հետ։ Կարդում ենք. «Քանի որ միևնույն արհեստն ունեին, [առաքյալը] մնաց նրանց տանը, և նրանք աշխատում էին։ Նրանց արհեստը վրանագործությունն էր» (Գործ. 18։3)։ Պողոսն այդ հիանալի զույգի տանը մնաց կորնթոսյան իր ծառայության ողջ ընթացքում։ Այդ ժամանակ նա գրեց իր նամակներից մի քանիսը, որոնք հետագայում Աստվածաշնչի մաս դարձան։b

      5 Իսկ ինչպե՞ս էր ստացվել, որ «անձամբ Գամաղիելի կողմից» կրթություն ստացած Պողոսը նաև վրանագործ էր (Գործ. 22։3)։ Առաջին դարում հրեաները ակներևաբար արժանապատվությունից ցածր չէին համարում իրենց երեխաներին որևէ արհեստ սովորեցնելը, չնայած վերջիններս միգուցե նաև կրթություն ստանային։ Պողոսը Տարսոն քաղաքից էր, որը գտնվում էր Կիլիկիայում։ Այդ վայրը հայտնի էր «կիլիկիում» կոչվող գործվածքով, որից վրաններ էին պատրաստում։ Հավանաբար առաքյալն իր արհեստը սովորել էր դեռ պատանեկությունից։ Իսկ ի՞նչ էին անում վրանագործները։ Նրանք թերևս գործում էին վրանների կտորը կամ էլ կտրում ու կարում էին այդ կոշտ ու ձիգ գործվածքը։ Ամեն դեպքում դա հեշտ գործ չէր։

      6-7. ա) Պողոսն ինչպե՞ս էր վերաբերվում վրանագործի իր արհեստին, և ինչի՞ց է երևում, որ Ակյուղասն ու Պրիսկիղան նույն տեսակետն ունեին։ բ) Այսօր քրիստոնյաներն ինչպե՞ս են հետևում Պողոսի, Ակյուղասի ու Պրիսկիղայի օրինակին։

      6 Պողոսը վրանագործությունն իր գլխավոր գործը չէր համարում։ Նա այդ աշխատանքն անում էր, որպեսզի միջոցներ ունենար իր ծառայությունը կատարելու համար։ Առաքյալն ուզում էր բարի լուրը «ձրի հռչակել» մարդկանց (2 Կորնթ. 11։7)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Ակյուղասի և Պրիսկիղայի մասին։ Քանի որ նրանք քրիստոնյաներ էին, անկասկած, իրենց աշխատանքին վերաբերվում էին այնպես, ինչպես Պողոսը։ Ուշագրավ է, որ երբ մ. թ. 52 թ.-ին առաքյալը հեռացավ Կորնթոսից, Ակյուղասն ու Պրիսկիղան նրա հետ գնացին Եփեսոս։ Այնտեղ նրանց տանը սկսեցին ժողովներ անցկացնել (1 Կորնթ. 16։19)։ Հետագայում Ակյուղասն ու Պրիսկիղան վերադարձան Հռոմ, ապա հետ գնացին Եփեսոս։ Այդ եռանդուն զույգը Թագավորության գործն առաջին տեղում էր դնում և պատրաստակամորեն ծառայում էր եղբայրներին ու քույրերին, ինչի համար նրանցից շնորհակալ էին «մյուս ազգերից եղող ժողովները» (Հռոմ. 16։3-5; 2 Տիմոթ. 4։19)։

      7 Այսօր քրիստոնյաներն ընդօրինակում են Պողոսին, Ակյուղասին ու Պրիսկիղային։ Բազմաթիվ եռանդուն քարոզիչներ ծանր աշխատում են, որպեսզի «ոչ մեկին ծախսի տակ չգցեն» (1 Թեսաղ. 2։9)։ Լիաժամ ծառայողներից շատերը աշխատում են կես դրույքով կամ սեզոնային գործ են անում, որպեսզի միջոցներ ունենան կատարելու իրենց գլխավոր գործը՝ քրիստոնեական ծառայությունը։ Դրա համար նրանք արժանի են գովասանքի։ Ակյուղասի ու Պրիսկիղայի պես բազում հյուրասեր Վկաներ իրենց տուն են հրավիրում շրջանային վերակացուներին։ Այդ անհատները սեփական փորձից գիտեն, թե որքան քաջալերական ու կերտիչ է հյուրասիրության ձգտելը (Հռոմ. 12։13)։

      ՊՈՂՈՍԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐԸ

      Պողոս առաքյալը Կորնթոսում մնաց 18 ամիս՝ մ. թ. մոտ 50-52 թթ.։ Այնտեղ նա գրեց առնվազն երկու նամակ, որոնք Քրիստոնեական Հունարեն Գրությունների մաս դարձան՝ «1 Թեսաղոնիկեցիներ» և «2 Թեսաղոնիկեցիներ»։ Հավանաբար հենց այդ ժամանակ կամ դրանից անմիջապես հետո Պողոսը գրեց նաև «Գաղատացիներ» նամակը։

      «Առաջին Թեսաղոնիկեցիներ» նամակը առաջինն է, որ առաքյալը գրի առավ Աստծու ներշնչմամբ։ Պողոսն այցելեց Թեսաղոնիկե մ. թ. մոտ 50 թ.-ին՝ իր երկրորդ շրջագայության ժամանակ։ Այնտեղ ժողով հիմնվեց, որը շատ չանցած՝ բախվեց հակառակության ու հալածանքի։ Դրա հետևանքով Պողոսն ու Շիղան ստիպված եղան հեռանալ քաղաքից (Գործ. 17։1-10, 13)։ Նորաստեղծ ժողովի բարօրության մասին անհանգստանալով՝ առաքյալը երկու անգամ փորձեց վերադառնալ Թեսաղոնիկե։ Բայց երկու անգամն էլ «Սատանան խոչընդոտ եղավ [նրա] ճանապարհին»։ Ուստի Պողոսն այնտեղ ուղարկեց Տիմոթեոսին, որպեսզի մխիթարի ու զորացնի եղբայրներին։ Հավանաբար մ. թ. 50 թ. վերջում Տիմոթեոսը վերադարձավ Կորնթոս՝ առաքյալի մոտ, և լավ լուրեր բերեց Թեսաղոնիկեի ժողովի մասին։ Դրանից հետո Պողոսը գրեց այս նամակը (1 Թեսաղ. 2։17-3։7)։

      «Երկրորդ Թեսաղոնիկեցիներ» նամակը Պողոսը հավանաբար գրեց իր առաջին նամակից կարճ ժամանակ անց՝ մ. թ. մոտ 51 թ.-ին։ Երկու նամակներում էլ Տիմոթեոսն ու Սիլվանոսը («Գործեր»-ում՝ Շիղա) Պողոսի հետ բարևներ ուղարկեցին։ Սակայն ոչ մի գրավոր տեղեկություն չկա այն մասին, թե այդ երեք տղամարդիկ շարունակեցին իրար հետ ծառայել այն բանից հետո, երբ Պողոսը հեռացավ Կորնթոսից (Գործ. 18։5, 18; 1 Թեսաղ. 1։1; 2 Թեսաղ. 1։1)։ Ինչո՞ւ առաքյալը գրեց երկրորդ նամակը։ Ակներևաբար նա նոր լուրեր էր ստացել Թեսաղոնիկեի ժողովի վերաբերյալ։ Հնարավոր է՝ դրանք բերել էր այն անձնավորությունը, ով տարել էր առաջին նամակը։ Այդ լուրերը մղել էին Պողոսին ոչ միայն գովելու եղբայրներին սիրո և դիմացկունության համար, այլև ուղղելու ոմանց սխալ տեսակետն այն մասին, թե Տիրոջ ներկայությունը շատ մոտ է (2 Թեսաղ. 1։3-12; 2։1, 2)։

      «Գաղատացիներ» նամակից երևում է, որ առաքյալն առնվազն երկու անգամ այցելել էր նրանց։ Մ. թ. 47-48 թթ.-ին Պողոսն ու Բառնաբասը գնացին Պիսիդիայի Անտիոք, Իկոնիոն, Լյուստրա և Դերբե։ Բոլոր այս քաղաքները գտնվում էին Հռոմի Գաղատիա պրովինցիայում։ Մ. թ. 49 թ.-ին Պողոսը Շիղայի հետ վերադարձավ նույն տարածք (Գործ. 13։1-14։23; 16։1-6)։ Սակայն առաքյալի այցելությունից հետո այնտեղ գնացին հուդայականության ջատագովները և սկսեցին սովորեցնել, թե քրիստոնյաները պետք է պարտադիր թլփատվեն ու պահեն Մովսիսական օրենքը։ Անկասկած, առաքյալը գրեց գաղատացիներին ուղղված իր նամակը անմիջապես այն բանից հետո, երբ տեղեկացավ այդ կեղծ ուսմունքի տարածման մասին։ Հնարավոր է, որ նա այս նամակը գրելիս Կորնթոսում էր։ Չի բացառվում նաև, որ Պողոսն այն գրի առավ կա՛մ Եփեսոսում, որտեղ կարճ ժամանակով կանգ էր առել Ասորիքի Անտիոք վերադառնալիս, կա՛մ էլ հենց Անտիոքում (Գործ. 18։18-23)։

      «Կորնթացիներից շատերը.... հավատացին» (Գործեր 18։5-8)

      8-9. Ի՞նչ արեց Պողոսը, երբ հրեաները սկսեցին հակառակվել, և որտե՞ղ շարունակեց իր քարոզչական գործունեությունը։

      8 Երբ Շիղան ու Տիմոթեոսը առատ նվերներով եկան Մակեդոնիայից, է՛լ ավելի ակնհայտ դարձավ, որ Պողոսի համար գլխավորը իր ծառայությունն էր, իսկ աշխատանքը զուտ ապրուստ վաստակելու միջոց էր (2 Կորնթ. 11։9)։ Առաքյալն, առանց ժամանակ կորցնելու, «իր անձը ամբողջությամբ տրամադրեց խոսքին» (Գործ. 18։5)։ Սակայն Պողոսը հրեաներին ջերմեռանդորեն վկայություն տալու պատճառով մեծ հակառակության բախվեց։ Քանի որ վերջիններս մերժեցին Քրիստոսի մասին բարի լուրը, առաքյալը ցույց տվեց, որ պատասխանատու չէ նրանց որոշման հետևանքների համար։ Ի նշան դրա՝ նա «թափ տվեց իր հանդերձները» և ասաց. «Ձեր արյունը ձեր գլխին լինի։ Ես մաքուր եմ։ Այսուհետև ուրիշ ազգերի մարդկանց մոտ կգնամ» (Գործ. 18։6; Եզեկ. 3։18, 19)։

      9 Իսկ Պողոսը որտե՞ղ էր քարոզելու։ Տիտիոս Հուստոս անունով մի մարդ, ով հավանաբար պրոզելիտ էր, առաքյալին տրամադրեց ժողովարանին կից իր տունը։ Պողոսի ծառայությունը ժողովարանից տեղափոխվեց Հուստոսի տուն (Գործ. 18։7)։ Փաստորեն, Կորնթոսում եղած ժամանակ առաքյալն ապրեց Ակյուղասի ու Պրիսկիղայի տանը, իսկ իր քարոզչական գործունեությունը ծավալեց Հուստոսի տանը։

      10. Ինչի՞ց է երևում, որ Պողոսը չէր վճռել քարոզել միմիայն այլազգիներին։

      10 Պողոսը հայտնեց, որ այդուհետ ուրիշ ազգերի մարդկանց մոտ է գնալու։ Բայց արդյո՞ք դա նշանակում էր, թե նա այլևս չէր քարոզելու բոլոր հրեաներին ու պրոզելիտներին, նույնիսկ նրանց, ովքեր ընդունում էին բարի լուրը։ Ո՛չ։ «Գործեր» գրքում կարդում ենք. «Կրիսպոսը, որ ժողովարանի պետն էր, իր բոլոր տնեցիների հետ միասին հավատաց Տիրոջը»։ Նրանց միացան նաև ժողովարան հաճախող ուրիշ մարդիկ. «Կորնթացիներից շատերն էլ լսելով հավատացին ու մկրտվեցին» (Գործ. 18։8)։ Նորաստեղծ ժողովի հանդիպումները սկսեցին անցկացվել Տիտիոս Հուստոսի տանը։ Այս ամենը հավանաբար տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Պողոսը թափ տվեց իր հանդերձները։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Որովհետև «Գործեր» գիրքը գրողը՝ Ղուկասը, սովորաբար դեպքերը նկարագրում է ժամանակագրական հաջորդականությամբ։ Իսկ վերոհիշյալ պատմության մեջ դեպքերը հենց այդ հաջորդականությամբ էլ շարադրված են։ Այս դեպքից պարզ երևում է, որ առաքյալը շատ ճկուն անձնավորություն էր։

      11. Իրենց քրիստոնյա համարող մարդկանց քարոզելիս Եհովայի վկաներն ինչպե՞ս են ընդօրինակում Պողոսին։

      11 Այսօր շատ երկրներում քրիստոնեական աշխարհի եկեղեցիները ամուր դիրք ունեն և մեծ ազդեցություն են բանեցնում իրենց անդամների վրա։ Որոշ վայրերում եկեղեցական միսիոներները բազմաթիվ մարդկանց են դավանափոխ արել։ Առաջին դարի Կորնթոսում ապրող հրեաների նման՝ այսօր նույնպես շատերն իրենց քրիստոնյա են համարում զուտ այն պատճառով, որ հետևում են կրոնական ավանդույթներին։ Սակայն Եհովայի վկաները, ընդօրինակելով Պողոսին, եռանդորեն քարոզում են այդ անհատներին և օգնում նրանց ճշգրտորեն հասկանալ Աստվածաշունչը։ Նրանք հույսը չեն կորցնում, նույնիսկ երբ այդ մարդիկ հակառակվում են, կամ նրանց հոգևոր առաջնորդները հալածում են Վկաներին։ Թերևս բազմաթիվ հեզ մարդիկ կան այն անհատների մեջ, ովքեր «Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ոչ ճշգրիտ գիտելիքների համաձայն»։ Հարկավոր է ջանքեր թափել, փնտրել ու գտնել նրանց (Հռոմ. 10։2)։

      «Այս քաղաքում շատ մարդիկ ունեմ» (Գործեր 18։9-17)

      12. Պողոսին ի՞նչ հավաստիացում տրվեց տեսիլքի միջոցով։

      12 Մի գիշեր Հիսուսը տեսիլքի մեջ հայտնվեց առաքյալին և ասաց. «Մի՛ վախեցիր, այլ շարունակի՛ր խոսել և լուռ մի՛ մնա, որովհետև ես քեզ հետ եմ, և ոչ մի մարդ քեզ վրա չի հարձակվի վնաս հասցնելու համար, քանի որ այս քաղաքում շատ մարդիկ ունեմ» (Գործ. 18։9, 10)։ Նույնիսկ եթե Պողոսը մտածում էր Կորնթոսից հեռանալու մասին, տեսիլքից հետո անշուշտ հրաժարվեց այդ մտքից։ Ինչպիսի՜ քաջալերական տեսիլք։ Հիսուսն անձամբ հավաստիացրեց Պողոսին, որ կպաշտպանի նրան, և որ այդ քաղաքում բազմաթիվ արժանի մարդիկ կան։ Ինչպե՞ս արձագանքեց առաքյալը։ Նա «մեկ տարի ու վեց ամիս մնաց այնտեղ ու նրանց մեջ Աստծու խոսքն էր սովորեցնում» (Գործ. 18։11)։

      13. Ինչի՞ մասին հավանաբար հիշեց Պողոսը, երբ նրան տանում էին դատավորական աթոռի մոտ, բայց ինչո՞ւմ էր նա վստահ։

      13 Մոտ մեկ տարի Կորնթոսում ծառայելուց հետո առաքյալը մեկ անգամ ևս համոզվեց, որ Տերը թիկունք է կանգնում իրեն։ «Հրեաները միաբան վեր կացան Պողոսի դեմ և նրան տարան դատավորական աթոռի մոտ», որը կոչվում էր բե՛մա (Գործ. 18։12)։ Այդ «աթոռը», ոմանց կարծիքով, մի բարձր հարթակ էր՝ պատրաստված կապույտ ու սպիտակ մարմարից և ամբողջովին պատված նախշերով։ Այն հավանաբար գտնվում էր Կորնթոսի շուկայի հրապարակի կենտրոնից ոչ հեռու։ Հարթակի դիմաց բաց տարածություն կար, որտեղ կարող էին հավաքվել մեծ թվով մարդիկ։ Պեղումներից կարելի է ենթադրել, որ դատավորական աթոռը գտնվում էր ժողովարանից մի քանի քայլ այն կողմ ու հետևաբար մոտ էր Հուստոսի տանը։ Երբ առաքյալին տանում էին այնտեղ, նա հավանաբար մտաբերում էր Ստեփանոսի քարկոծումը, ում երբեմն անվանում են առաջին քրիստոնյա նահատակ։ Պողոսը, այն ժամանակ՝ Սողոսը, «հավանություն էր տալիս նրա սպանությանը» (Գործ. 8։1)։ Արդյոք առաքյալի՞ն էլ նույն բանը կպատահեր։ Ո՛չ, քանի որ Հիսուսը խոստացել էր, որ ոչ ոք առաքյալին վնաս չի հասցնի (Գործ. 18։10)։

      Գալլիոնը Պողոսին մեղադրողների առաջ փակում է նրա գործը։ Հռոմեացի զինվորները փորձում են կարգի հրավիրել կատաղած ամբոխին

      «Նրանց վռնդեց դատավորական աթոռի մոտից» (Գործեր 18։16)

      14-15. ա) Հրեաներն ինչո՞ւմ մեղադրեցին Պողոսին, և Գալլիոնն ինչո՞ւ փակեց գործը։ բ) Հրեաներն ինչպե՞ս վարվեցին Սոսթենեսի հետ, և դա հավանաբար ի՞նչ արդյունք բերեց։

      14 Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Պողոսը հասավ դատավորական աթոռի մոտ։ Այնտեղ նստած էր Աքայիայի պրոկոնսուլը։ Գալլիոն անունով այդ պաշտոնյան հռոմեացի փիլիսոփա Սենեկայի ավագ եղբայրն էր։ Հրեաները սկսեցին մեղադրել առաքյալին. «Օրենքին հակառակ՝ այս մարդը համոզում է մարդկանց, որ ուրիշ ձևով երկրպագեն Աստծուն» (Գործ. 18։13)։ Նրանք ուզում էին ասել, թե Պողոսը անօրինական դավանափոխությամբ է զբաղված։ Սակայն Գալլիոնը հասկացավ, որ առաքյալը «որևէ սխալ բան կամ չարագործություն» չի արել (Գործ. 18։14)։ Հռոմեացի պաշտոնյան մտադիր չէր խառնվել հրեաների վիճաբանություններին։ Ուստի մինչ Պողոսը կհասցներ մի բառ անգամ արտասանել իրեն պաշտպանելու համար, Գալլիոնը փակեց գործը։ Հրեաները զայրույթից ուտում էին իրենց։ Նրանք իրենց կատաղությունը թափեցին Սոսթենեսի վրա, ով ժողովարանի պետն էր և այդ պաշտոնում հավանաբար փոխարինել էր Կրիսպոսին։ Ամբոխը բռնեց նրան ու «դատավորական աթոռի առաջ սկսեց ծեծել» (Գործ. 18։17)։

      15 Գալլիոնը որևէ ձևով չմիջամտեց։ Ինչո՞ւ։ Նա թերևս կարծում էր, որ Սոսթենեսն այդ ամբոխի ղեկավարն էր, և նրա գլխին եկավ այն, ինչ նա Պողոսի դեմ էր ծրագրել։ Ուստի Գալլիոնի տեսանկյունից՝ ժողովարանի պետը կրում էր իր արժանի պատիժը։ Ինչևէ, այդ դեպքը, ամենայն հավանականությամբ, լավ արդյունք բերեց։ Տարիներ անց Կորնթոսի ժողովին ուղղված իր առաջին նամակում Պողոսը հիշատակում է Սոսթենես անունով մի եղբոր (1 Կորնթ. 1։1, 2)։ Հավանաբար դա այն նույն Սոսթենեսն էր, ում ծեծել էին Կորնթոսում։ Եթե այդպես է, ուրեմն այդ ցավոտ միջադեպն օգնել էր նրան դառնալու քրիստոնյա։

      16. Պողոսին ուղղված Հիսուսի խոսքերն ինչպե՞ս են օգնում նաև մեզ։

      16 Հիշենք, որ միայն այն բանից հետո, երբ հրեաները մերժեցին բարի լուրը, Հիսուսը հավաստիացրեց Պողոսին. «Մի՛ վախեցիր, այլ շարունակի՛ր խոսել և լուռ մի՛ մնա, որովհետև ես քեզ հետ եմ» (Գործ. 18։9, 10)։ Միշտ քո մտքում պահիր այս խոսքերը։ Դրանք քեզ ուժ կտան, հատկապես, երբ մարդիկ մերժում են Թագավորության լուրը։ Երբեք մի՛ մոռացիր, որ Եհովան քննում է սրտերը և ազնվասիրտ անհատներին դեպի իրեն է ձգում (1 Սամ. 16։7; Հովհ. 6։44)։ Մի՞թե այս միտքը չի մղում շարունակելու ծառայել։ Ամեն օր հարյուրավոր, իսկ ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ են մկրտվում։ Հիսուսը հավաստիացնում է «բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստելու» պատվերը կատարողներին. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։19, 20)։

      «Եթե Եհովան կամենա» (Գործեր 18։18-22)

      17-18. Պողոսը հավանաբար ինչի՞ մասին էր մտածում դեպի Եփեսոս իր նավարկության ժամանակ։

      17 Հայտնի չէ, թե արդյոք Կորնթոսի ժողովի համար սկսվեցին խաղաղության ժամանակներ այն բանից հետո, երբ Գալլիոնը պաշտպանեց Պողոսին։ Սակայն առաքյալը «դեռ շատ օրեր» մնաց քաղաքում և միայն մ. թ. 52 թ. գարնանը հրաժեշտ տվեց կորնթացի եղբայրներին։ Պողոսը որոշել էր նավով մեկնել Ասորիք։ Այդ նպատակով նա գնաց Կենքրա նավահանգիստ, որը Կորնթոսից 11 կմ (7 մղոն) հեռավորության վրա էր։ Կենքրայից հեռանալուց առաջ առաքյալը «խուզեց իր գլխի մազերը, քանի որ ուխտ էր կապել»c (Գործ. 18։18)։ Ապա Ակյուղասի և Պրիսկիղայի հետ նավով հատեց Էգեյան ծովը ու գնաց Եփեսոս (Փոքր Ասիա)։

      18 Նավարկության ընթացքում Պողոսը հավանաբար վերհիշում էր Կորնթոսում անցկացրած օրերը։ Նա հաճելի հուշեր ուներ և բավարարվածության զգացումով էր հեռանում այդ քաղաքից։ Իր 18-ամսյա ծառայությունը առատ պտուղներ բերեց։ Կորնթոսում հիմնադրվեց առաջին քրիստոնեական ժողովը, որի հանդիպումներն անցնում էին Հուստոսի տանը։ Վերջինս միակ քրիստոնյան չէր։ Ճշմարտությունն ընդունել էին Կրիսպոսն ու նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև շատ ուրիշ մարդիկ։ Այդ բոլոր նորահավատ եղբայրներն ու քույրերը թանկ էին Պողոսի համար, քանի որ ինքն էր օգնել նրանց դառնալու քրիստոնյաներ։ Հետագայում, երբ առաքյալը գրեց կորնթացիներին, վերջիններիս համեմատեց իր սրտում գրված «երաշխավորության նամակի» հետ։ Մեզ համար նույնպես թանկ են այն անհատները, ում պատիվ ենք ունեցել սովորեցնելու ճշմարտությունը։ Որքա՜ն ուրախալի է տեսնել մարդկանց տեսքով այդ «երաշխավորության նամակներին» (2 Կորնթ. 3։1-3)։

      19-20. Եփեսոս հասնելուն պես ի՞նչ արեց Պողոսը, և ի՞նչ ենք սովորում նրանից հոգևոր նպատակներին հասնելու վերաբերյալ։

      19 Եփեսոս հասնելուն պես Պողոսը գործի անցավ։ Նա «մտավ ժողովարանը ու տրամաբանում էր հրեաների հետ» (Գործ. 18։19)։ Առաքյալն այդ անգամ չհամաձայնվեց երկար մնալ Եփեսոսում, թեև նրան շատ խնդրեցին այդ մասին։ Եփեսացիներին հրաժեշտ տալիս Պողոսն ասաց. «Եթե Եհովան կամենա, դարձյալ ձեզ մոտ կվերադառնամ» (Գործ. 18։21)։ Անկասկած, Պողոսը գիտակցում էր, որ այդ քաղաքում շատ գործ կա անելու։ Նա որոշել էր վերադառնալ, սակայն ամեն բան հանձնել էր Աստծու ձեռքը։ Սա լավ օրինակ է մեզ համար։ Երբ հոգևոր նպատակներ ենք դնում, պետք է ձգտենք իրագործել դրանք։ Սակայն հարկավոր է միշտ հետևել Եհովայի առաջնորդությանը և անել այն, ինչ նա է կամենում (Հակ. 4։15)։

      20 Եփեսոսում թողնելով Ակյուղասին ու Պրիսկիղային՝ Պողոսը նավով իջավ Կեսարիա։ Ապա ակներևաբար «վեր ելավ» Երուսաղեմ և հանդիպեց այնտեղի ժողովին (Գործ. 18։22, ծնթ.)։ Դրանից հետո առաքյալը վերադարձավ Ասորիքի Անտիոք, որտեղ հաստատվել էր։ Նրա երկրորդ միսիոներական շրջագայությունը հաջողությամբ ավարտվեց։ Ի՞նչ էր սպասում Պողոսին երրորդ շրջագայության ժամանակ...

      ՊՈՂՈՍԻ ՈՒԽՏԸ

      Գործեր 18։18-ում կարդում ենք, որ Կենքրայում եղած ժամանակ Պողոսը «խուզեց իր գլխի մազերը, քանի որ ուխտ էր կապել»։ Ի՞նչ ուխտի մասին է խոսքը։

      Ուխտը, որպես կանոն, Աստծուն հոժարակամորեն տրված հանդիսավոր երդում է, ըստ որի՝ մարդը պարտավորվում է որևէ գործողություն անել, զոհ մատուցել կամ ինչ-որ հատուկ կերպով ծառայել նրան։ Ոմանք այն կարծիքին են, թե Պողոսը ուխտավորի երդում էր տվել և իր մազերը խուզեց ի նշան այն բանի, որ կատարել էր այդ ուխտը։ Բայց համաձայն Սուրբ Գրքի՝ Եհովային իր հատուկ ծառայությունը մատուցելուց հետո ուխտավորը պետք է սափրեր իր գլուխը «հանդիպման վրանի մուտքի մոտ»։ Քանի որ դա հնարավոր էր անել միայն Երուսաղեմում, իսկ Պողոսը Կենքրայում էր, տրամաբանական է եզրակացնել, որ նա ուխտավորի երդում չէր տվել (Թվեր 6։5, 18)։

      «Գործեր» գրքում ոչինչ չի ասվում այն մասին, թե երբ էր Պողոսը կապել այդ ուխտը։ Հնարավոր է անգամ, որ նա քրիստոնյա դառնալուց առաջ էր կապել այն։ Աստվածաշնչում չի նշվում նաև, թե առաքյալը որևէ հատուկ բան էր խնդրել Եհովայից։ Մի աշխատության մեջ ասվում է, որ Պողոսը, մազերը խուզելով, թերևս «իր երախտագիտությունն է արտահայտել Աստծուն այն պաշտպանության համար, որի շնորհիվ կարողացել էր ավարտին հասցնել իր ծառայությունը Կորնթոսում»։

      a Տես «Կորնթոս՝ երկու ծովերի տիրակալ» շրջանակը։

      b Տես «Պողոսի քաջալերական նամակները» շրջանակը։

      c Տես «Պողոսի ուխտը» շրջանակը։

  • Խոսքն «աճում էր ու հաղթանակում»՝ չնայած հակառակությանը
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
    • ԳԼՈՒԽ 20

      Խոսքն «աճում էր ու հաղթանակում»՝ չնայած հակառակությանը

      Ապողոսն ու Պողոսը ինչպես նպաստեցին բարի լուրի հաղթանակին

      Գործեր 18։23-19։41

      1-2. ա) Պողոսն ու նրա ուղեկիցները ի՞նչ վտանգի ենթարկվեցին Եփեսոսում։ բ) Ի՞նչ ենք քննելու այս գլխում։

      ԵՓԵՍՈՍԻ փողոցներում աղմուկ-աղաղակ է՝ մի իսկական խառնաշփոթ։ Մարդիկ գոռում են, ճչում, ինչ-որ տեղ են վազում։ Նրանք բռնել են Պողոս առաքյալի երկու ուղեկիցներին ու քարշ են տալիս նրանց։ Սյունաշարերով ընդարձակ փողոցը, որտեղ գտնվում են քաղաքի խանութները, արագորեն դատարկվում է, իսկ խելագար ամբոխը սրընթաց աճում։ Ի վերջո, այն փոթորկի պես ներխուժում է ամֆիթատրոն, որը կարող է տեղավորել շուրջ 25 000 մարդ։ Շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ է պատահել։ Պարզապես ենթադրում են, թե իրենց տաճարը և պաշտելի Արտեմիս աստվածուհին վտանգի տակ են։ Ուստի նրանք անընդհատ գոչում են. «Մե՜ծ է եփեսացիների Արտեմիսը» (Գործ. 19։34)։

      2 Այս անգամ ևս Սատանան կատաղած ամբոխի միջոցով փորձեց կանգնեցնել բարի լուրի քարոզչությունը։ Ինչ խոսք, բռնությունը նրա միակ մեթոդը չէ։ Այս գլխում կքննենք Սատանայի մեթոդներից մի քանիսը, որոնք նա կիրառեց Թագավորության գործը կանգնեցնելու և առաջին դարի քրիստոնյաների միասնությունը խաթարելու նպատակով։ Եվ ամենակարևորը, կտեսնենք, որ նրա բոլոր նենգ ծրագրերը ձախողվեցին։ Եհովայի խոսքը շարունակեց «զորավոր կերպով աճել ու հաղթանակել» (Գործ. 19։20)։ Ի՞նչն օգնեց քրիստոնյաներին հաղթանակած դուրս գալու պայքարից։ Այն, ինչն այսօր մեզ է օգնում։ Իհարկե, հաղթանակը ոչ թե մերն է, այլ Եհովայինը։ Սակայն առաջին դարի քրիստոնյաների նման՝ մենք էլ պետք է մեր բաժինն անենք։ Եհովան իր սուրբ ոգով կօգնի մեզ զարգացնել այնպիսի հատկություններ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ կերպով ծառայելու համար։ Սակայն նախևառաջ քննենք Ապողոսի օրինակը։

      «Նա լավատեղյակ էր Սուրբ Գրքերից» (Գործեր 18։24-28)

      3-4. Ապողոսին լսելով՝ Ակյուղասն ու Պրիսկիղան ի՞նչ նկատեցին և ինչպե՞ս օգնեցին նրան։

      3 Երբ Պողոսը իր երրորդ միսիոներական շրջագայության ժամանակ Եփեսոսի ճանապարհին էր, այդ քաղաք եկավ Ապողոս անունով մի հրեա։ Նա Եգիպտոսի հռչակավոր Ալեքսանդրիա քաղաքից էր։ Ապողոսը բացառիկ ընդունակություններ և հատկություններ ուներ։ Նա փայլուն հռետոր էր ու «լավատեղյակ էր Սուրբ Գրքերից»։ Ավելին՝ Ապողոսը «բոցավառվում էր ոգով»։ Նա ժողովարանում մեծ եռանդով ու համարձակությամբ ուսուցանում էր հրեաներին (Գործ. 18։24, 25)։

      4 Ակյուղասն ու Պրիսկիղան լսեցին Ապողոսի ելույթները։ Անկասկած, նրանք անչափ ուրախացան, երբ նա սկսեց «ճշգրտությամբ խոսել ու սովորեցնել Հիսուսի մասին»։ Սակայն շուտով նկատեցին, որ Ապողոսի գիտելիքները թերի են։ Նա «միայն Հովհաննեսի մկրտությանն էր ծանոթ»։ Ակյուղասն ու Պրիսկիղան համեստ մարդիկ էին, արհեստով՝ վրանագործներ։ Սակայն Ապողոսի կրթությունն ու ճարտար լեզուն չկաշկանդեցին նրանց։ Փոխարենը նրանք Ապողոսին «իրենց մոտ վերցրին և Աստծու ճանապարհը ավելի ճշգրտությամբ նրան բացատրեցին» (Գործ. 18։25, 26)։ Իսկ ինչպե՞ս արձագանքեց այդ կրթված և ընդունակ տղամարդը։ Ապողոսը մի անչափ կարևոր հատկություն դրսևորեց, որը պետք է զարգացնի յուրաքանչյուր քրիստոնյա՝ խոնարհամտություն։

      5-6. Ի՞նչն օգնեց Ապողոսին օգտակար գործիք դառնալ Եհովայի ձեռքում, և ի՞նչ ենք սովորում նրա օրինակից։

      5 Ընդունելով Ակյուղասի ու Պրիսկիղայի օգնությունը՝ Ապողոսը շատ ավելի արժեքավոր գործիք դարձավ Եհովայի ձեռքում։ Երբ նա գնաց Աքայիա, «մեծ օգնություն եղավ» այնտեղի քրիստոնյաների համար։ Ապողոսը նաև հիանալի վկայություն տվեց այնտեղի հրեաներին, ովքեր պնդում էին, թե Հիսուսը խոստացյալ Մեսիան չէ։ Ղուկասը գրում է. «Նա բուռն կերպով և հրապարակորեն հիմնովին ապացուցում էր հրեաներին նրանց սխալ լինելը՝ Սուրբ Գրքերից ցույց տալով, որ Հիսուսն է Քրիստոսը» (Գործ. 18։27, 28)։ Ի՜նչ օրհնություն էր Ապողոսը եղբայրների համար։ Իրականում, նա էլ իր հերթին նպաստեց, որ «Եհովայի խոսքը» շարունակի հաղթանակել։ Ի՞նչ ենք սովորում Ապողոսից։

      6 Խոնարհամտություն զարգացնելը անչափ կարևոր է քրիստոնյաների համար։ Բոլորս էլ ինչ-որ պարգև ունենք Աստծու կողմից՝ ընդունակություններ, փորձ կամ գիտելիքներ։ Սակայն մեր խոնարհությունը պետք է գերազանցի այդ պարգևները։ Հակառակ դեպքում՝ ընդունակություններն ու հմտությունները խոչընդոտի կվերածվեն։ Մենք պարարտ հող կդառնանք մի թունավոր հատկության՝ գոռոզամտության համար (1 Կորնթ. 4։7; Հակ. 4։6)։ Եթե իսկապես խոնարհամիտ լինենք, ուրիշներին մեզնից ավելի բարձր կհամարենք (Փիլիպ. 2։3)։ Խորհուրդ ստանալիս չենք վիրավորվի և պատրաստ կլինենք սովորելու։ Մենք հպարտորեն առաջ չենք տանի մեր սեփական գաղափարները, եթե հասկանանք, որ դրանք հակասում են սուրբ ոգու միջոցով տրվող առաջնորդությանը։ Քանի դեռ խոնարհ ենք, օգտակար գործիք կլինենք Եհովայի ու նրա Որդու ձեռքերում (Ղուկ. 1։51, 52)։

      7. Պողոսն ու Ապողոսը խոնարհության ի՞նչ օրինակ թողեցին։

      7 Խոնարհամտությունը նաև մրցակցության ոգու հակաթույնն է։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան էր Սատանան փափագում պառակտել առաջին քրիստոնյաներին։ Ի՜նչ ուրախ կլիներ նա, եթե Ապողոսի և Պողոսի նման ազդեցիկ եղբայրները սկսեին նախանձել միմյանց ու մրցել՝ ձգտելով ավելի բարձր դիրքի։ Ընդ որում դրա համար կարծես «բարենպաստ» իրավիճակ էր ստեղծվել։ Կորնթոսի քրիստոնյաներից ոմանք ասում էին՝ «ես Պողոսին եմ հետևում», ոմանք էլ՝ «իսկ ես՝ Ապողոսին»։ Արդյոք Պողոսն ու Ապողոսը ողջունեցի՞ն այս պառակտիչ մտքերը։ Ո՛չ։ Ընդհակառակը, համեստորեն ընդունելով Ապողոսի ներդրումը Թագավորության գործում՝ առաքյալը հատուկ նշանակումներ տվեց նրան։ Ապողոսն, իր հերթին, հնազանդվեց Պողոսի առաջնորդությանը (1 Կորնթ. 1։10-12; 3։6, 9; Տիտոս 3։12, 13)։ Ի՜նչ լավ օրինակ են այս երկու եղբայրները համեստորեն համագործակցելու հարցում։

      «Աստծու Թագավորության մասին.... համոզիչ փաստարկներ» (Գործեր 18։23; 19։1-10)

      8. Պողոսն ի՞նչ ճանապարհով գնաց Եփեսոս, և ինչո՞ւ։

      8 Պողոսը կատարեց իր խոստումը և վերադարձավ Եփեսոսa (Գործ. 18։20, 21)։ Սակայն ուշագրավ է, թե առաքյալն ինչպես դա արեց։ Հիշենք, որ նա գտնվում էր Ասորիքի Անտիոքում։ Ուստի բավական էր միայն գնալ Սելևկիա, որն այնքան էլ հեռու չէր Անտիոքից, և նավով մեկնել ուղիղ Եփեսոս։ Բայց Պողոսն այդպես չարեց։ Նա ճանապարհ ընկավ «ներքին շրջաններով»՝ ցամաքով։ Ըստ մի հաշվարկի, որ արվել է Գործեր 18։23-ի և 19։1-ի հիման վրա՝ առաքյալը ոտքով անցավ մոտ 1 600 կմ (1 000 մղոն)։ Իսկ ինչո՞ւ Պողոսն ընտրեց այդ դժվար ուղին։ Նրա նպատակն էր ճանապարհին զորացնել «բոլոր աշակերտներին» (Գործ. 18։23)։ Առաքյալի երրորդ շրջագայությունը առաջին երկուսի պես շատ ուժ ու եռանդ էր խլելու իրենից։ Բայց դա նրան հետ չպահեց զոհողություններ անելուց։ Այսօր նման ոգի են ցուցաբերում շրջանային վերակացուներն ու նրանց կանայք։ Մենք շատ բարձր ենք գնահատում նրանց սերն ու անձնազոհությունը։

      ԵՓԵՍՈՍ՝ ԱՍԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

      Եփեսոսն ամենամեծ քաղաքն էր Փոքր Ասիայի արևմուտքում։ Պողոս առաքյալի օրերում այնտեղ թերևս ապրում էր ավելի քան 250 000 մարդ։ Լինելով Ասիայի հռոմեական պրովինցիայի մայրաքաղաքը՝ այն հպարտորեն կրում էր «Ասիայի առաջին և մեծագույն մայրաքաղաք» անվանումը։

      Եփեսոսը մեծ հարստություն էր ձեռք բերել իր կրոնի, ինչպես նաև առևտրի շնորհիվ։ Քաղաքը գտնվում էր նավարկելի գետի մոտ՝ առևտրական ուղիների խաչմերուկում։ Այնտեղ էր Արտեմիսի հռչակավոր տաճարը։ Եփեսոսում կային նաև հունահռոմեական, եգիպտական և անատոլիական աստվածություններին նվիրված բազմաթիվ տաճարներ ու սրբավայրեր։

      Արտեմիսի տաճարը, որը հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է, ուներ 105 մետր (350 ֆուտ) երկարություն և 50 մետր (160 ֆուտ) լայնություն։ Այնտեղ կային 1,8 մետր (6 ֆուտ) տրամագծով և 17 մետր (55 ֆուտ) բարձրությամբ մոտ 100 մարմարե սյուներ։ Տաճարը սուրբ և անձեռնմխելի էր համարվում միջերկրածովյան ողջ տարածաշրջանում։ Ուստի այնտեղ Արտեմիսի «հսկողության» տակ մեծ գումարներ էին պահվում։ Դրա շնորհիվ տաճարը դարձել էր Ասիայի ամենախոշոր բանկային կենտրոնը։

      Եփեսոսում կային նաև այլ կարևոր շինություններ՝ սպորտային խաղերի և հավանաբար գլադիատորական մարտերի համար կառուցված մարզադաշտ, թատրոն, շուկայի հրապարակ, ինչպես նաև ուրիշ հրապարակներ, կամարակապ ճանապարհ, որի սյուների հետևում խանութներ կային, և այլն։

      Հույն աշխարհագրագետ Ստրաբոնը գրում է, որ Եփեսոսի նավահանգիստը խիստ տուժեց տիղմի պատճառով։ Ժամանակի ընթացքում այն դադարեց գործելուց, ինչի հետևանքով քաղաքն ի վերջո լքվեց։ Եփեսոսի տարածքում ժամանակակից քաղաք չի կառուցվել։ Այսօր այն ավերակների մի մեծ կույտ է։ Ուստի այցելուները, գնալով այնտեղ, կարող են զգալ հին աշխարհի շունչը։

      9. Մի խումբ աշակերտներ ինչո՞ւ պետք է նորից մկրտվեին, և ի՞նչ ենք սովորում նրանցից։

      9 Եփեսոսում Պողոսը հանդիպեց շուրջ 12 հոգու, ովքեր Հովհաննես Մկրտչի աշակերտներն էին։ Նրանք մկրտվել էին Հովհաննեսի մկրտությամբ, որն արդեն կորցրել էր իր նշանակությունը։ Բացի այդ՝ նրանք գրեթե ոչինչ չգիտեին սուրբ ոգու մասին։ Փաստորեն, այդ մարդիկ հետ էին ընկել ճշմարտությունից, սակայն առաքյալը լրացրեց այդ բացը։ Այդ մարդիկ Ապողոսի պես խոնարհ էին և սովորելու մեծ ցանկություն ունեին, ուստի նորից մկրտվեցին, այս անգամ՝ Հիսուսի անունով։ Արդյունքում նրանք օծվեցին սուրբ ոգով և գերբնական պարգևներ ստացան։ Հստակ է, որ Եհովան օրհնում է նրանց, ովքեր համաքայլ են ընթանում իր կազմակերպության հետ (Գործ. 19։1-7)։

      10. Պողոսն ինչո՞ւ ժողովարանից դպրոց տեղափոխվեց և ի՞նչ օրինակ թողեց մեզ։

      10 Կարճ ժամանակ անց ևս մի փոփոխություն տեղի ունեցավ։ Պողոսը երեք ամիս շարունակ համարձակորեն քարոզում էր ժողովարանում։ Թեև նա «Աստծու թագավորության մասին.... համոզիչ փաստարկներ էր բերում», մի քանիսը կարծրացրին իրենց սիրտը և սկսեցին խիստ հակառակվել։ Առաքյալը որոշեց ժամանակ չվատնել այդ մարդկանց վրա, ովքեր «չարախոսում էին Ճանապարհի մասին»։ Ուստի սկսեց Աստծու Խոսքն ուսուցանել մի դպրոցում (Գործ. 19։8, 9)։ Այն անհատները, ովքեր ցանկանում էին հոգևորապես աճել, նույնպես պետք է ժողովարանից դպրոց տեղափոխվեին։ Պողոսի նման՝ մենք էլ ժամանակ չենք վատնում այն մարդկանց վրա, ովքեր չեն ցանկանում լսել բարի լուրը կամ ուղղակի ուզում են վիճել մեզ հետ։ Ավելի լավ է՝ այդ ժամանակը տրամադրենք գառնանման անհատներ փնտրելուն, ովքեր շատ ունեն քաջալերական բարի լուրի կարիքը։

      11-12. ա) Պողոսը ջանասիրության ու ճկունության ի՞նչ օրինակ թողեց։ բ) Եհովայի վկաներն ինչպե՞ս են ջանասիրություն ու ճկունություն դրսևորում ծառայության մեջ։

      11 Պողոսն այդ դպրոցում ուսուցանում էր ամեն օր՝ մոտ ժամը 11։00-ից մինչև 16։00-ն (Գործ. 19։9)։ Ակներևաբար դրանք ամենահանգիստ, բայցև ամենաշոգ ժամերն էին, երբ շատերն ընդմիջում էին անում աշխատանքից ու ճաշում կամ հանգստանում։ Պատկերացնո՞ւմ ես, եթե առաքյալը երկու տարի այս գրաֆիկին է հետևել, դա նշանակում է, որ ծառայության մեջ անցկացրել է ավելի քան 3 000 ժամ։b Սա մեկ այլ պատճառ էր, թե ինչու էր Եհովայի խոսքը շարունակում աճել և հաղթանակել։ Առաքյալը ջանասեր էր ու ճկուն։ Նա իր ծառայության գրաֆիկը համապատասխանեցրեց տեղի բնակիչների կարիքներին։ Ի՞նչ եղավ արդյունքում։ «Բոլորը, ովքեր բնակվում էին Ասիայում՝ ինչպես հրեաները, այնպես էլ հույները, լսեցին Տիրոջ խոսքը» (Գործ. 19։10)։ Իրոք որ, Պողոսը հիմնովին վկայություն տվեց։

      Երկու քույրեր հեռախոսով վկայություն են տալիս

      Մենք մարդկանց քարոզելու տարբեր մեթոդներ ենք կիրառում

      12 Մեր օրերում Եհովայի վկաները նույնչափ ջանասեր են ու ճկուն։ Մենք ձգտում ենք վկայություն տալ այն վայրերում, որտեղ մարդիկ կան, և այն ժամերին, երբ նրանց հնարավոր է հանդիպել։ Մենք քարոզում ենք փողոցներում, շուկաներում, ավտոմեքենաների կայանատեղիներում։ Նաև մարդկանց հետ կապ ենք հաստատում հեռախոսով կամ նամակով։ Բացի այդ՝ մենք այն ժամերին ենք ծառայում տնից տուն, երբ մարդկանց մեծ մասը տանն է։

      Խոսքն «աճում էր ու հաղթանակում»՝ չնայած դևերի հակառակությանը (Գործեր 19։11-22)

      13-14. ա) Պողոսն ինչե՞ր արեց Եհովայի տված զորությամբ։ բ) Ի՞նչ սխալ թույլ տվեցին Սկևայի յոթ որդիները, և այսօր նմանատիպ ի՞նչ սխալ են թույլ տալիս քրիստոնյա աշխարհի ներկայացուցիչները։

      13 Ղուկասը պատմում է, որ վերոհիշյալ դեպքերից հետո մի հիանալի ժամանակաշրջան սկսվեց։ Եհովան Պողոսի միջոցով «արտասովոր զորավոր գործեր էր անում»։ Մարդիկ մինչև իսկ նրա շորերն ու գոգնոցներն էին տանում հիվանդներին, ու նրանք բուժվում էին։ Այդպես նաև դևերն էին դուրս գալիս մարդկանց միջիցc (Գործ. 19։11, 12)։ Չար ուժերի նկատմամբ այս նշանակալից հաղթանակները գրավեցին հանրության ուշադրությունը։ Բայց ոչ բոլորը դրականորեն արձագանքեցին։

      14 «Թափառական հրեաներից մի քանիսը, որ դևեր էին հանում», փորձեցին կրկնել Պողոսի հրաշքները։ Նրանցից ոմանք նույնիսկ Հիսուսի և Պողոսի անուններն էին տալիս, որպեսզի հեռացնեն չար ոգիներին։ Ղուկասի խոսքերով՝ այդպես վարվեցին Սկևայի յոթ որդիները, ովքեր քահանայական ընտանիքի անդամներ էին։ Ի պատասխան՝ դևն ասաց. «Հիսուսին գիտեմ և Պողոսին էլ եմ ծանոթ, իսկ դո՞ւք ով եք»։ Ապա դիվահար մարդը վայրի գազանի պես հարձակվեց այդ ինքնակոչ բժիշկների վրա, և նրանք մերկ ու վիրավոր հազիվ կարողացան փախչել (Գործ. 19։13-16)։ «Եհովայի խոսքը» փառավոր հաղթանակ տարավ։ Պարզ երևաց Պողոսին տրված զորության և կեղծ կրոնավորների անզորության միջև տարբերությունը։ Այսօր միլիոնավոր մարդիկ կարծում են, թե բավական է ընդամենը կանչել Հիսուսի անունը կամ «քրիստոնյա» կոչվել։ Սակայն Հիսուսն ասել է, որ ապագայի իրական հույս կունենան միայն նրանք, ովքեր կկատարեն իր Հոր կամքը (Մատթ. 7։21-23)։

      15. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել եփեսացիներին։

      15 Եփեսոսում շատ տարածված էին կախարդությունն ու մոգությունը։ Թալիսմանները, հմայությունը, թուղթ ու գիրը և նման այլ բաները սովորական երևույթ էին։ Բայց Սկևայի յոթ որդիների նվաստացումը նպաստեց Աստծու խոսքի տարածմանը։ Շատերը քրիստոնյա դարձան ու մերժեցին ոգեհարցությունը։ Քրիստոնեությունն ընդունած բազմաթիվ եփեսացիներ հրապարակորեն այրեցին մոգության վերաբերյալ իրենց գրքերը, թեև դրանք շատ թանկ արժեին։ Դրանց գինը համարժեք էր տասնյակ հազարավոր դոլարների։d Ղուկասը գրում է. «Այսպես Եհովայի խոսքը զորավոր կերպով աճում էր ու հաղթանակում» (Գործ. 19։17-20)։ Ի՜նչ փառավոր հաղթանակ տարավ ճշմարտությունը կեղծ ուսմունքների ու դիվապաշտության նկատմամբ։ Այդ վճռական եփեսացիները լավ օրինակ են մեզ համար։ Մենք նույնպես ապրում ենք ոգեհարցությամբ ողողված աշխարհում։ Եթե մեր իրերի մեջ հանկարծ ոգեհարցության հետ կապված որևէ առարկա հայտնաբերենք, եփեսացիների նման անհապաղ կձերբազատվենք դրանից։ Թող որ հեռու մնանք այդ նողկալի բաներից, ինչ գնով էլ որ դա լինի։

      «Մեծ խռովություն բարձրացավ» (Գործեր 19։23-41)

      Եփեսոսի արծաթագործների արհեստանոցներից մեկում Դեմետրիոսը, Արտեմիսի արծաթյա արձանիկը ձեռքին, խոսում է մյուս արհեստավորների հետ։ Հետին պլանում Պողոսը քարոզում է շուկայի հրապարակում հավաքված մարդկանց

      «Դուք լավ գիտեք, որ մեր բարեկեցությունը այս գործից է» (Գործեր 19։25)

      16-17. ա) Դեմետրիոսն ինչպե՞ս կարողացավ խառնաշփոթ ստեղծել։ բ) Եփեսացիներն ինչպե՞ս ցույց տվեցին իրենց մոլեռանդությունը։

      16 Սատանան, իհարկե, չհանձնվեց և դիմեց այն մեթոդին, որի մասին Ղուկասը գրում է. «Ճանապարհի հետ կապված մեծ խռովություն բարձրացավ»։ Ավետարանագիրը չէր չափազանցնում. դա իրոք «մեծ խռովություն» էրe (Գործ. 19։23)։ Ամեն ինչ սկսվեց Դեմետրիոս անունով մի արծաթագործից։ Նախ նա հիշեցրեց մյուս արհեստավորներին, որ իրենց եկամտի աղբյուրը կուռքերի վաճառքն է։ Հետո ասաց, որ Պողոսի քարոզչությունը բացասաբար է ազդում իրենց գործի վրա, քանի որ քրիստոնյաները մերժում են կուռքերը։ Ապա Դեմետրիոսը բորբոքեց իր ունկնդիրների ազգայնամոլությունը՝ պնդելով, թե Արտեմիս աստվածուհին ու նրա աշխարհահռչակ տաճարը վտանգի տակ են՝ «ոչնչի են վերածվելու» (Գործ. 19։24-27)։

      17 Դեմետրիոսը հասավ իր նպատակին։ Արծաթագործները գոչեցին՝ «Մե՜ծ է եփեսացիների Արտեմիսը», և քաղաքում սկսվեց այն խառնաշփոթը, որ նկարագրված է այս գլխի սկզբում։f Պողոսը, անձնազոհություն ցուցաբերելով, ցանկացավ գնալ ամֆիթատրոն և խոսել ամբոխի հետ։ Բայց աշակերտները թույլ չտվեցին նրան վտանգի ենթարկել իր կյանքը։ Այդ ամբոխի հետ փորձեց զրուցել Ալեքսանդրոս անունով մի հրեա։ Նա հավանաբար ցանկանում էր բացատրել հավաքվածներին, որ հրեաների և այդ քրիստոնյաների միջև տարբերություն կա։ Բայց ամբոխին դա չէր հետաքրքրում։ Հենց որ նրանք պարզեցին, որ Ալեքսանդրոսը հրեա է, չթողեցին՝ խոսի և մոտ երկու ժամ գոչեցին. «Մե՜ծ է եփեսացիների Արտեմիսը»։ Կրոնական մոլեռանդությունը մեր օրերում էլ մեծ տարածում ունի։ Այն մարդկանց զրկում է առողջ դատողությունից (Գործ. 19։28-34)։

      18-19. ա) Գրագիրն ինչպե՞ս հանդարտեցրեց եփեսացիներին։ բ) Իշխանություն ունեցող մարդիկ երբեմն ինչպե՞ս են պաշտպանում Եհովայի վկաներին, և մենք ինչպե՞ս կարող ենք նպաստել դրան։

      18 Ի վերջո, քաղաքի գրագիրը կարողացավ լռեցնել հավաքվածներին։ Այդ ողջամիտ անձնավորությունը հավաստիացրեց ամբոխին, որ քրիստոնյաները վտանգ չեն ներկայացնում տաճարի և աստվածուհու համար։ Նա ասաց, որ Պողոսն ու նրա ծառայակիցները որևէ հանցանք չեն գործել Արտեմիսի տաճարի դեմ, և եթե նույնիսկ գործած էլ լինեն, դրա համար դատարան ու կարգ գոյություն ունի։ Գրագիրը հիշեցրեց եփեսացիներին, որ նման անօրինական ու անկառավարելի հավաքույթներով նրանք կարող են բորբոքել Հռոմի զայրույթը։ Սա թերևս ամենահամոզիչ փաստարկն էր, որից հետո ամբոխը ցրվեց։ Գրագրի խելամիտ խոսքերի շնորհիվ կրքերը հանդարտվեցին այն նույն արագությամբ, որով բորբոքվել էին (Գործ. 19։35-41)։

      19 Սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն էր, երբ իշխանություն ունեցող ողջամիտ անհատը պաշտպանում էր Հիսուսի հետևորդներին։ Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսել էր, որ վերջին օրերում այս աշխարհի կայուն հասարակական կառույցները խորհրդանշող «երկիրը» կկլանի ճշմարիտ քրիստոնյաների դեմ Սատանայի հրահրած հալածանքը, որը նման է իսկական հեղեղի (Հայտն. 12։15, 16)։ Այդպես էլ կա։ Հաճախ արդարամիտ դատավորները պաշտպանում են հավաքույթներ անցկացնելու և բարի լուրը քարոզելու մեր իրավունքը։ Ինչ խոսք, մեր վարքը մեծ դեր է խաղում նման հաղթանակներում։ Օրինակ՝ Պողոսն իր վարքով թերևս շահել էր Եփեսոսի որոշ պաշտոնյաների հարգանքը, և վերջիններս հոգ տարան նրա անվտանգության մասին (Գործ. 19։31)։ Թող որ մենք էլ ազնվությամբ ու հարգալից վերաբերմունքով լավ տպավորություն թողնենք մարդկանց վրա։ Երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե դա ինչ արդյունքներ կբերի։

      20. ա) Ի՞նչ ես զգում՝ խորհելով Եհովայի պարգևած հաղթանակների մասին։ բ) Ի՞նչ ես վճռել անել։

      20 Որքա՜ն ոգևորիչ է խորհրդածել այն մասին, թե ինչպես էր Եհովայի խոսքը շարունակում աճել ու հաղթանակել առաջին դարում։ Նույնքան ոգևորիչ է տեսնել, որ Աստված նման հաղթանակներ է պարգևում նաև այսօր։ Ուզո՞ւմ ես քո լուման ներդնել այդ հաղթանակներում։ Եթե այո, ապա դասեր քաղիր վերոհիշյալ օրինակներից։ Միշտ խոնարհ մնա, Եհովայի կազմակերպությանը համաքայլ ընթացիր, ջանասեր եղիր, մերժիր ոգեհարցությունը և ձգտիր քո ազնիվ ու հարգալից վարքով լավ վկայություն տալ մարդկանց։

      a Տես «Եփեսոս՝ Ասիայի մայրաքաղաք» շրջանակը։

      b Եփեսոսում եղած ժամանակ Պողոսը գրեց նաև «1 Կորնթացիներ» նամակը։

      c Շորերը հավանաբար թաշկինակներ էին, որոնք Պողոսը դնում էր ճակատին, որպեսզի քրտինքը չլցվեր աչքերի մեջ։ Իսկ այն փաստը, որ առաքյալը գոգնոցներ էր կրում, թերևս նշանակում է, որ նա ազատ ժամերին, օրինակ՝ վաղ առավոտյան, աշխատում էր՝ վրաններ էր պատրաստում (Գործ. 20։34, 35)։

      d Ղուկասը գրում է, որ այդ գրքերի արժեքը 50 000 արծաթադրամ էր։ Եթե խոսքը դինարի մասին է, ապա այն ժամանակ այդքան փող վաստակելու համար 50 000 օր կպահանջվեր, այսինքն՝ անհատը պետք է շաբաթը յոթ օր 137 տարի շարունակ աշխատեր։

      e Ոմանք կարծում են, թե Պողոսը հենց այս դեպքը նկատի ուներ, երբ կորնթացիներին գրեց. «Գրեթե կորցրինք ապրելու մեր հույսը» (2 Կորնթ. 1։8)։ Բայց հնարավոր է, որ առաքյալը խոսում էր մեկ այլ՝ ավելի վտանգավոր դեպքի մասին։ Պողոսը կորնթացիներին գրեց նաև, որ Եփեսոսում կռվել է «գազանների» դեմ։ Գուցե նրան իրոք գցել էին արենա՝ կենդանիների առաջ, կամ էլ հնարավոր է՝ նա նկատի ուներ հակառակորդների հալածանքը (1 Կորնթ. 15։32)։ Փաստորեն, այս համարը կարող է ունենալ թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստ։

      f Արհեստավորների այդպիսի միությունները՝ համքարությունները, սովորաբար մեծ ազդեցություն ունեին։ Նկարագրված դեպքերից մոտ մեկ դար անց Եփեսոսում նման անկարգություններ կազմակերպեց հացթուխների միությունը։

  • «Ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
    • ԳԼՈՒԽ 21

      «Ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից»

      Պողոսը մեծ եռանդով ծառայում է և խորհուրդ է տալիս երեցներին

      Գործեր 20։1-38

      1-3. ա) Ի՞նչ հանգամանքներում մահացավ Եվտիքոսը։ բ) Ի՞նչ արեց Պողոսը, և այդ դեպքն ի՞նչ է բացահայտում նրա մասին։

      ՊՈՂՈՍԸ Տրովադայում է։ Նա ելույթ է ունենում մի վերնասենյակում, որում ասեղ գցելու տեղ չկա։ Առաքյալը շատ բան ունի ասելու եղբայրներին, քանի որ սա իր վերջին հանդիպումն է նրանց հետ։ Կեսգիշեր է։ Առանց այն էլ տոթ սենյակում ճրագների ծուխը ավելի է ծանրացնում օդը։ Պատուհանի գոգին նստած է Եվտիքոս անունով մի երիտասարդ։ Ելույթի ընթացքում նա խոր քուն է մտնում ու վայր ընկնում պատուհանից։

      2 Բժիշկ Ղուկասը հավանաբար առաջինն է այն եղբայրներից, ովքեր անմիջապես դուրս են վազում, որպեսզի օգնություն ցույց տան Եվտիքոսին։ Սակայն երիտասարդին անհնար է օգնել։ Երբ գալիս են նրա մոտ, տեսնում են, որ նա մահացել է (Գործ. 20։9)։ Պողոսն իր գիրկն է առնում տղային և ներկաներին ասում է. «Աղմուկ մի՛ արեք, քանի որ նրա կյանքն իր մեջ է»։ Եվ... ա՜յ քեզ հրաշք... Եվտիքոսը հարությո՛ւն է առնում (Գործ. 20։10)։

      3 Այս դեպքից պարզ երևում է, թե որքան զորեղ է Աստծու սուրբ ոգին։ Ինչ խոսք, Պողոսը մեղավոր չէր Եվտիքոսի մահվան մեջ։ Բայց նա չէր ուզում, որ դա բիծ բերեր այդ կարևոր հանդիպման վրա կամ գայթակղեր որևէ մեկին։ Ուստի հարություն տալով երիտասարդին՝ Պողոսը մխիթարեց ժողովի անդամներին, և նրանք ավելի մեծ վճռականությամբ շարունակեցին իրենց ծառայությունը։ Հստակ է, որ առաքյալի համար կյանքը շատ թանկ էր։ Հետագայում նա ասաց. «Ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից» (Գործ. 20։26)։ Ուստի քննենք, թե Պողոսի օրինակն ինչպես կարող է օգնել մեզ կյանքի հանդեպ հարգանք ունենալու հարցում։

      Նա «դուրս եկավ, որ գնա Մակեդոնիա» (Գործեր 20։1, 2)

      4. Ի՞նչ փորձության միջով էր անցել Պողոսը։

      4 Ինչպես նշվեց նախորդ գլխում, Եփեսոսում եղած ժամանակ Պողոսը ծանր փորձության միջով էր անցել։ Նրա ծառայությունը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Քաղաքի արծաթագործները, որոնց եկամտի աղբյուրը կուռքերի վաճառքն էր, հասարակական անկարգություն էին հրահրել։ Գործեր 20։1-ում կարդում ենք. «Երբ խռովությունն արդեն հանդարտվել էր, Պողոսը մարդ ուղարկեց աշակերտների հետևից և նրանց քաջալերելուց ու հրաժեշտ տալուց հետո դուրս եկավ, որ գնա Մակեդոնիա»։

      5-6. ա) Պողոսը հավանաբար որքա՞ն ժամանակ մնաց Մակեդոնիայում, և ի՞նչ արեց այնտեղի եղբայրների համար։ բ) Պողոսն ինչպե՞ս էր վերաբերվում իր հավատակիցներին։

      5 Մակեդոնիայի ճանապարհին Պողոսը որոշ ժամանակ մնաց նավահանգստային Տրովադա քաղաքում։ Առաքյալը սպասում էր, որ իրեն միանա Տիտոսը, ով ուղարկվել էր Կորնթոս (2 Կորնթ. 2։12, 13)։ Բայց երբ պարզ դարձավ, որ Տիտոսը չի գալու, Պողոսը մեկնեց Մակեդոնիա։ Ամենայն հավանականությամբ, նա Մակեդոնիայում անցկացրեց մոտ մեկ տարի՝ «շատ խոսքերով այնտեղ եղողներին քաջալերելով»a (Գործ. 20։2)։ Որոշ ժամանակ անց Տիտոսը եկավ Մակեդոնիա և լավ լուրեր բերեց առաքյալին այն մասին, թե կորնթացիներն ինչպես են արձագանքել նրա առաջին նամակին (2 Կորնթ. 7։5-7)։ Դա մղեց Պողոսին մեկ այլ նամակ գրելու, որն այսօր հայտնի է «2 Կորնթացիներ» անվամբ։

      6 Ուշագրավ է, որ Ղուկասը «քաջալերել» բառն է օգտագործում, երբ նկարագրում է Պողոսի այցելությունը եփեսացի ու մակեդոնացի եղբայրներին։ Դա պարզ ցույց է տալիս, թե ինչ վերաբերմունք ուներ առաքյալը իր հավատակիցների հանդեպ։ Ի տարբերություն փարիսեցիների, որոնք արհամարհանքով էին վերաբերվում ուրիշ մարդկանց՝ Պողոսը Եհովայի գառնուկներին համագործակիցներ էր անվանում (Հովհ. 7։47-49; 1 Կորնթ. 3։9)։ Նա չէր կորցնում իր այդ վերաբերմունքը, նույնիսկ երբ խիստ խորհուրդ տալու անհրաժեշտություն էր առաջանում (2 Կորնթ. 2։4)։

      7. Քրիստոնյա վերակացուներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Պողոսին։

      7 Այսօր երեցներն ու շրջանային վերակացուները ձգտում են ընդօրինակել Պողոսին։ Նույնիսկ եթե կարիք է լինում հանդիմանություն տալու ինչ-որ մեկին, նրանք նպատակ են ունենում զորացնել այդ անհատին։ Կարեկցանք ցուցաբերելով՝ վերակացուները ձգտում են քաջալերել, ոչ թե դատապարտել հավատակիցներին։ Ահա թե ինչ է ասում մի փորձառու շրջանային վերակացու. «Մեր եղբայրների ու քույրերի մեծամասնությունը ցանկանում է ճիշտն անել։ Բայց հաճախ նրանք պայքար են մղում հուսալքության ու վախի դեմ և իրենք իրենց օգնելու ուժ չեն գտնում»։ Վերակացուները կարող են զորության աղբյուր լինել այդ հավատակիցների համար (Եբր. 12։12, 13)։

      ՊՈՂՈՍԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ՝ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻՑ

      «2 Կորնթացիներ» նամակում Պողոսը հայտնում է, որ Մակեդոնիա հասնելուց հետո շատ մտահոգված էր Կորնթոսի եղբայրների համար։ Սակայն երբ Տիտոսն այնտեղից լավ լուրեր բերեց, առաքյալը հանգստացավ։ Հենց այդ ժամանակ՝ մ. թ. մոտ 55 թ.-ին, նա գրեց կորնթացիներին ուղղված իր երկրորդ նամակը, որում նշեց, որ դեռ Մակեդոնիայում է (2 Կորնթ. 7։5-7; 9։2-4)։ Պողոսն այդ ընթացքում Հրեաստանում գտնվող սրբերի համար նյութական օգնություն էր հավաքում, ու նրա համար շատ կարևոր էր ավարտին հասցնել այդ գործը (2 Կորնթ. 8։18-21)։ Նրան անհանգստացնում էր նաև «կեղծ առաքյալների»՝ «խաբեբայությամբ վարվողների» ներկայությունը Կորնթոսի ժողովում (2 Կորնթ. 11։5, 13, 14)։

      «Տիտոս» նամակը Պողոսը թերևս նույնպես Մակեդոնիայում է գրել։ Մ. թ. 61-64 թթ. ընթացքում՝ Հռոմում իր առաջին բանտարկությունից հետո, առաքյալը գնաց Կրետե կղզի։ Այնտեղ նա թողեց Տիտոսին, որպեսզի վերջինս լուծի ժողովներում ծագած որոշ խնդիրներ և նշանակումներ տա եղբայրներին (Տիտոս 1։5)։ Առաքյալը խնդրեց Տիտոսին այդ գործն ավարտելուց հետո հանդիպել իրեն Նիկոպոլսում։ Այս անունով մի քանի քաղաքներ կային միջերկրածովյան տարածաշրջանում։ Սակայն Պողոսը, ըստ երևույթին, նկատի ուներ Հունաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Նիկոպոլիսը։ Հնարավոր է՝ «Տիտոս» նամակը գրելիս առաքյալը ծառայում էր հենց այդ կողմերում (Տիտոս 3։12)։

      «1 Տիմոթեոս» նամակը Պողոսը գրել է Հռոմում իր երկրորդ բանտարկությունից առաջ՝ մ. թ. 61-64 թթ. ընթացքում։ Այդ նամակի սկզբում առաքյալը նշում է, որ Տիմոթեոսին խնդրել էր մնալ Եփեսոսում, իսկ ինքը ուղևորվել էր Մակեդոնիա (1 Տիմոթ. 1։3)։ Ըստ երևույթին, առաքյալը հենց այնտեղից է գրել այս նամակը, որում հայրական խորհուրդներ է տվել Տիմոթեոսին, քաջալերել նրան, ինչպես նաև առաջնորդություն տվել, թե ինչպես ժողովներում լուծի որոշ հարցեր։

      «Նրա դեմ դավադրություն էր ծրագրվել» (Գործեր 20։3, 4)

      8-9. ա) Պողոսն ինչո՞ւ փոխեց իր ծրագրերը։ բ) Հրեաներն ինչո՞ւ էին թշնամաբար վերաբերվում Պողոսին։

      8 Պողոսը Մակեդոնիայից մեկնեց Կորնթոս։b Երեք ամիս այդ քաղաքում մնալուց հետո նա որոշեց գնալ Կենքրա, ապա նավով մեկնել Ասորիք։ Այնտեղից նա հեշտությամբ կգնար Երուսաղեմ և տեղ կհասցներ կարիքավոր քրիստոնյաների համար հավաքված նյութական օգնությունըc (Գործ. 24։17; Հռոմ. 15։25, 26)։ Սակայն անսպասելի մի բան փոխեց Պողոսի ծրագրերը։ Գործեր 20։3-ում կարդում ենք. «Հրեաների կողմից նրա դեմ դավադրություն էր ծրագրվել»։

      9 Զարմանալի չէ, որ հրեաները թշնամաբար էին վերաբերվում Պողոսին։ Չէ՞ որ նրանք առաքյալին հավատուրաց էին համարում։ Նրա ծառայության արդյունքում քրիստոնյա էր դարձել Կրիսպոսը, որը Կորնթոսի ժողովարանի պետն էր (Գործ. 18։7, 8; 1 Կորնթ. 1։14)։ Բացի այդ՝ երբ հրեաները Պողոսի դեմ մեղադրանքներ էին ներկայացրել Աքայիայի պրոկոնսուլ Գալլիոնին, վերջինս դրանք անհիմն էր անվանել և փակել էր գործը։ Այդ որոշումն ավելի էր կատաղեցրել առաքյալի թշնամիներին (Գործ. 18։12-17)։ Կորնթոսի հրեաները, ըստ երևույթին, իմացել էին կամ գլխի էին ընկել, որ Պողոսը շուտով մեկնելու է մոտակա Կենքրա քաղաք։ Ուստի նրանք ծրագրեցին այնտեղ սպասել Պողոսին ու սպանել նրան։ Ի՞նչ էր անելու առաքյալը։

      10. Արդյո՞ք Պողոսը վախկոտություն ցուցաբերեց՝ որոշելով չմեկնել Կենքրա։ Բացատրիր։

      10 Առաքյալը որոշեց անտեղի չվտանգել իր կյանքը և այն նյութական օգնությունը, որ վստահվել էր իրեն։ Ուստի նա չմեկնեց Կենքրա, այլ հետ դարձավ նույն ճանապարհով՝ Մակեդոնիայի միջով։ Ինչ խոսք, ցամաքով նույնպես վտանգավոր էր ճանապարհորդել։ Ճամփորդները հաճախակի էին ենթարկվում ավազակային հարձակումների։ Անգամ իջևանատները ապահով չէին։ Այնուամենայնիվ, Պողոսը գերադասեց վտանգի ենթարկվել ճանապարհներին, քան Կենքրայում ընկնել հրեաների ձեռքը։ Ու լավն այն էր, որ նա մենակ չէր։ Միսիոներական շրջագայության այդ ժամանակահատվածում Պողոսի հետ էին Արիստարքոսը, Գայոսը, Սեկունդոսը, Սոպատրոսը, Տիմոթեոսը, Տյուքիկոսն ու Տրոֆիմոսը (Գործ. 20։3, 4)։

      11. Քրիստոնյաներն ինչպե՞ս են խուսափում վտանգից, և այս առումով ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը։

      11 Պողոսի նման՝ այսօր քրիստոնյաները իրենց ծառայությունը կատարելիս ձգտում են խուսափել վտանգներից։ Որոշ վայրերում նրանք քարոզում են խմբով կամ էլ առնվազն երկու հոգով։ Իսկ ինչպե՞ս են վարվում հալածանքի բախվելիս։ Ինչ խոսք, նրանք հասկանում են, որ հալածանքն անխուսափելի է (Հովհ. 15։20; 2 Տիմոթ. 3։12)։ Սակայն գիտակցաբար վտանգի չեն ենթարկում իրենց։ Այդպիսով նրանք ընդօրինակում են Հիսուսին։ Մի անգամ, երբ հակառակորդները փորձեցին քարկոծել նրան, նա «թաքնվեց ու հեռացավ տաճարից» (Հովհ. 8։59)։ Ավելի ուշ, երբ թշնամիները որոշեցին սպանել Հիսուսին, նա «այլևս բացահայտ չէր շրջում հրեաների մեջ, այլ այնտեղից գնաց անապատի մոտ գտնվող տեղանքը» (Հովհ. 11։54)։ Աստծու Որդին ամեն ինչ անում էր, որպեսզի խուսափի վտանգից, քանի դեռ չէր հասել այն ժամը, երբ կկատարեր իր առնչությամբ Եհովայի կամքը։ Այսօր քրիստոնյաները նույնն են անում (Մատթ. 10։16)։

      ՊՈՂՈՍԸ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՎԱՔՈՒՄ

      Մ. թ. 33 թ. Պենտեկոստեից հետո Երուսաղեմի քրիստոնյաները տարիներ շարունակ բազում դժվարություններ կրեցին։ Նրանք սովի մատնվեցին, ենթարկվեցին հալածանքների և կողոպտվեցին։ Այս ամենի հետևանքով շատ եղբայրներ ու քույրեր կարիքի մեջ հայտնվեցին (Գործ. 11։27-12։1; Եբր. 10։32-34)։ Ուստի Երուսաղեմի երեցները խրախուսեցին Պողոսին «հիշել աղքատներին», երբ մ. թ. մոտ 49 թ.-ին նրան նշանակեցին քարոզելու այլազգիներին։ Առաքյալն այդպես էլ վարվեց։ Նրա նախաձեռնությամբ ժողովները սկսեցին նյութական օգնություն հավաքել Երուսաղեմի քրիստոնյաների համար (Գաղ. 2։10)։

      Մ. թ. 55 թ.-ին Պողոսը կորնթացի քրիստոնյաներին գրեց. «Ինչպես որ պատվիրեցի Գաղատիայի ժողովներին, դուք էլ այդպես արեք։ Շաբաթվա առաջին օրը ձեզանից ամեն մեկը թող իր տանը մի բան մի կողմ դնի և հավաքի՝ ըստ իր ունեցածի, որպեսզի երբ ես գամ, հավաքելն այդ ժամանակ չլինի։ Բայց երբ գամ, կուղարկեմ այն մարդկանց, ում նամակներով հավանություն եք տվել, որպեսզի ձեր նվերը տանեն Երուսաղեմ» (1 Կորնթ. 16։1-3)։ Երբ Պողոսը կարճ ժամանակ անց կորնթացիներին գրեց իր երկրորդ նամակը, քաջալերեց պատրաստ պահել իրենց նվիրաբերությունները։ Նաև նշեց, որ մակեդոնացիները նույնպես օգնություն են հավաքում (2 Կորնթ. 8։1-9։15)։

      Այդպես մ. թ. 56 թ.-ին տարբեր ժողովների ներկայացուցիչները առաքյալին հանձնեցին հավաքված օգնությունը։ Պողոսի հետ Երուսաղեմ ուղևորվեց 9 մարդ։ Այդպես ավելի ապահով կլիներ ճանապարհ գնալ, և հետագայում առաքյալին ոչ ոք չէր մեղադրի նյութական օգնությունը սեփական շահերի համար օգտագործելու մեջ (2 Կորնթ. 8։20)։ Փաստորեն, Պողոսը Երուսաղեմ գնաց գլխավորաբար այդ նվիրաբերությունները տեղ հասցնելու նպատակով (Հռոմ. 15։25, 26)։ Հետագայում նա ասաց հռոմեական կառավարիչ Ֆելիքսին. «Շատ տարիներ հետո ես եկա, որ իմ ազգին ողորմության նվերներ և ընծաներ բերեմ» (Գործ. 24։17)։

      Նրանք «անչափ մխիթարվեցին» (Գործեր 20։5-12)

      12-13. ա) Եվտիքոսի հարությունն ինչպե՞ս անդրադարձավ ժողովի վրա։ բ) Աստվածաշնչյան ո՞ր հույսն է մխիթարում նրանց, ովքեր հարազատ են կորցրել։

      12 Պողոսն ու նրա ուղեկիցները միասին անցան Մակեդոնիայի միջով։ Սակայն դրանից հետո ակներևաբար բաժանվեցին և նորից միացան Տրովադայում։d Ղուկասը գրում է. «[Մենք] հինգ օրվա մեջ եկանք նրանց մոտ՝ Տրովադա»e (Գործ. 20։6)։ Հենց այստեղ էր, որ Պողոսը հարություն տվեց Եվտիքոսին։ Պատկերացնո՞ւմ ես, թե դա որքան ուրախացրեց եղբայրներին և քույրերին։ Աստվածաշնչում ասվում է, որ նրանք «անչափ մխիթարվեցին» (Գործ. 20։12)։

      13 Ինչ խոսք, նման հրաշքներ այսօր չեն լինում։ Այդուհանդերձ, բոլոր նրանք, ովքեր հարազատ են կորցրել, կարող են «անչափ մխիթարվել» հարության հույսով, որ տալիս է Աստվածաշունչը (Հովհ. 5։28, 29)։ Խորհենք. Եվտիքոսը անկատարության պատճառով ի վերջո նորից մահացավ (Հռոմ. 6։23)։ Մինչդեռ նրանք, ովքեր հարություն կառնեն Աստծու նոր աշխարհում, հավիտյան ապրելու հեռանկար կունենան։ Իսկ նրանք, ովքեր հարություն են առնում՝ Հիսուսի հետ երկնքում կառավարելու, անմահություն կստանան (1 Կորնթ. 15։51-53)։ Ուստի թե՛ օծյալները և թե՛ ուրիշ ոչխարները «անչափ մխիթարվելու» հիմնավոր պատճառ ունեն (Հովհ. 10։16)։

      «Թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն» (Գործեր 20։13-24)

      14. Պողոսն ի՞նչ ասաց Եփեսոսի երեցներին։

      14 Պողոսն ու նրա ուղեկիցները Տրովադայից գնացին Ասոս, ապա Միտիլինե, Քիոս, Սամոս և Միլետոս։ Առաքյալը մտադիր էր Երուսաղեմ հասնել նախքան Պենտեկոստեի տոնը։ Այդ պատճառով նա այնպիսի նավ նստեց, որը կանգ չէր առնում Եփեսոսում։ Բայց Պողոսն ուզում էր տեսնել այդ քաղաքի երեցներին, ուստի խնդրեց նրանց իր հետ հանդիպել Միլետոսում (Գործ. 20։13-17)։ Երբ վերջիններս եկան, Պողոսն ասաց նրանց. «Դուք լավ գիտեք, թե ինչպես առաջին օրվանից, երբ ոտք դրեցի Ասիա՝ ամբողջ ժամանակ ձեզ հետ էի և ծառայում էի Տիրոջը մեծ խոնարհամտությամբ, արտասուքով ու փորձությունների մեջ լինելով, որոնք պատահեցին ինձ հրեաների դավադրությունների պատճառով, և որ ես ինձ ետ չպահեցի բոլոր օգտակար բաների մասին ձեզ պատմելուց և սովորեցնելուց՝ թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն։ Բայց ինչպես հրեաներին, այնպես էլ հույներին ես հիմնովին վկայություն տվեցի Աստծու հանդեպ զղջման և մեր Տեր Հիսուսի հանդեպ հավատի մասին» (Գործ. 20։18-21)։

      15. Ի՞նչ դրական արդյունքներ է տալիս տնետուն ծառայությունը։

      15 Այսօր բարի լուրը քարոզելու բազմաթիվ կերպեր կան։ Պողոսի պես՝ մենք ձգտում ենք ծառայել մարդաշատ վայրերում՝ կանգառներում, փողոցներում կամ շուկաներում։ Սակայն մեր քարոզչական ծառայության հիմնական ձևը տնետունն է։ Ինչո՞ւ։ Առաջին հերթին այն պատճառով, որ տնից տուն ծառայությունը բոլորին հնարավորություն է տալիս կանոնավորաբար լսելու Թագավորության լուրը, ինչը վկայում է Աստծու անկողմնակալության մասին։ Բացի այդ՝ ազնվասիրտ մարդիկ իրենց կարիքների համապատասխան անհատական օգնություն են ստանում։ Ավելին՝ տնից տուն ծառայությունը ամրացնում է քարոզիչների հավատն ու դիմացկունությունը։ Իրոք, ճշմարիտ քրիստոնյաների այցեքարտը եռանդուն ծառայությունն է «թե՛ հրապարակորեն, թե՛ տնից տուն»։

      16-17. Ինչի՞ց է երևում Պողոսի անվախությունը, և քրիստոնյաներն այսօր ինչպե՞ս են ընդօրինակում նրան։

      16 Պողոսը եփեսացի երեցներին ասաց, որ չգիտի, թե իրեն ինչ վտանգներ են սպասում Երուսաղեմում։ Ապա ավելացրեց. «Այնուհանդերձ, ես իմ հոգին կարևոր չեմ համարում, ասես թե թանկ է ինձ համար, միայն թե կարողանամ ավարտել իմ ընթացքը և այն ծառայությունը, որ ստացա Տեր Հիսուսից, որպեսզի հիմնովին վկայություն տամ Աստծու անզուգական բարության բարի լուրի մասին» (Գործ. 20։24)։ Այս անվախ առաքյալը թույլ չտվեց, որ որևէ բան՝ լինի վատ առողջությունը թե հալածանքը, խանգարի իրեն մինչև վերջ կատարելու իր ծառայությունը։

      17 Այսօր նույնպես քրիստոնյաները տարբեր դժվարություններ են կրում։ Ոմանք ապրում են այնպիսի վայրերում, որտեղ մեր գործունեությունն արգելված է, ու Վկաներին հալածում են։ Ոմանք էլ ստիպված են պայքարել քայքայիչ հիվանդությունների դեմ՝ ֆիզիկական թե զգացական։ Քրիստոնյա երեխաները դպրոցում ենթարկվում են հասակակիցների ճնշմանը։ Ինչ հանգամանքներում էլ որ հայտնվեն, Եհովայի վկաները անսասան են, ինչպես Պողոսը։ Նրանք վճռականորեն շարունակում են «հիմնովին վկայություն տալ.... բարի լուրի մասին»։

      «Ուշադիր եղեք ձեր անձերին և ամբողջ հոտին» (Գործեր 20։25-38)

      18. Ինչի՞ շնորհիվ էր Պողոսը մաքուր բոլորի արյունից, և ինչպե՞ս կարող էին եփեսացի երեցներն ընդօրինակել նրան։

      18 Պողոսը եփեսացի երեցներին հայտնեց, որ ամենայն հավանականությամբ վերջին անգամ է տեսնում նրանց։ Ապա սրտանց հորդորելով հետևել իր օրինակին՝ ասաց. «Ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից, որովհետև ես ինձ ետ չպահեցի Աստծու ամբողջ խորհուրդը ձեզ պատմելուց»։ Ինչպե՞ս կարող էին երեցներն ընդօրինակել առաքյալին և այդպիսով մաքուր լինել բոլորի արյունից։ Կիրառելով նրա հետևյալ խորհուրդը. «Ուշադիր եղեք ձեր անձերին և ամբողջ հոտին, որի մեջ սուրբ ոգին ձեզ վերակացուներ նշանակեց Աստծու ժողովը հովվելու համար, որը նա գնեց իր Որդու արյունով» (Գործ. 20։26-28)։ Պողոսը նախազգուշացրեց, որ հոտի մեջ «գիշատիչ գայլեր» կմտնեն։ Նրանք «ծուռումուռ բաներ կխոսեն աշակերտներին իրենց հետևից քաշելու համար»։ Ի՞նչ պետք է անեին երեցները։ «Արթո՛ւն եղեք,— խրախուսեց առաքյալը,— և հիշե՛ք, որ երեք տարի շարունակ օր ու գիշեր ես չդադարեցի ամեն մեկիդ արտասուքով հորդորելուց» (Գործ. 20։29-31)։

      19. Առաջին դարի վերջում ինչպե՞ս գլուխ բարձրացրեց հավատուրացությունը, և ի՞նչ եղավ հետագայում։

      19 «Գիշատիչ գայլերը» հայտնվեցին առաջին դարի վերջում։ Մ. թ. մոտ 98 թ.-ին Հովհաննես առաքյալը գրեց. «Շատ նեռեր են հայտնվել.... Նրանք մեզանից դուրս եկան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, մեզ հետ կմնային» (1 Հովհ. 2։18, 19)։ Երրորդ դարում հավատուրացության հետևանքով առաջ եկավ քրիստոնեական աշխարհի հոգևոր դասը, իսկ չորրորդ դարում Կոստանդին կայսրը պաշտոնապես ճանաչեց այսպես կոչված քրիստոնեությունը։ Որդեգրելով հեթանոսական ծեսերն ու ավանդույթները և դրանց «քրիստոնեական» տեսք տալով՝ հոգևորականներն իրոք «ծուռումուռ բաներ» էին խոսում։ Այդ հավատուրացության հետքերը առայսօր պահպանվել են քրիստոնեական կրոնների ուսմունքների և սովորույթների մեջ։

      20-21. Ինչի՞ց է երևում Պողոսի անձնազոհությունը, և երեցներն այսօր ինչպե՞ս կարող են նույն ոգին ցուցաբերել։

      20 Պողոսի ապրելակերպը հակապատկերն էր այն մարդկանց վարքի, ովքեր հետագայում սկսեցին շահագործել Աստծու հոտը։ Առաքյալը, չցանկանալով բեռ լինել ժողովի անդամների համար, աշխատում էր, որպեսզի վաստակեր իր ապրուստը։ Նա եղբայրներին օգնում էր անշահախնդրորեն։ Պողոսը եփեսացի երեցներին խրախուսեց անձնազոհություն ցուցաբերել՝ ասելով. «Դուք պետք է օգնեք թույլերին և հիշեք Տեր Հիսուսի ասած խոսքերը. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ»» (Գործ. 20։35)։

      21 Այսօր երեցները, Պողոսի նման, անձնազոհ ոգի ունեն։ Ի տարբերություն քրիստոնեական աշխարհի հոգևորականների, որոնք պարզապես կողոպտում են իրենց հոտը՝ այն եղբայրները, ովքեր «Աստծու ժողովը հովվելու» պատիվ ունեն, իրենց պարտականությունները կատարում են անշահախնդրորեն։ Քրիստոնեական ժողովում հպարտությունն ու փառասիրությունը տեղ չունեն։ Նրանք, ովքեր «իրենց սեփական փառքն են փնտրում», ի վերջո կընկնեն (Առակ. 25։27)։ Հանդգնությունը միմիայն անպատվություն է բերում (Առակ. 11։2)։

      Պողոսն ու նրա ուղեկիցները նավ են բարձրանում։ Եփեսացի երեցները ջերմորեն գրկախառնվում են Պողոսի հետ և լաց լինում

      «Բոլորը սկսեցին շատ լաց լինել» (Գործեր 20։37)

      22. Եփեսոսի երեցներն ինչո՞ւ էին թանկ գնահատում Պողոսին։

      22 Եղբայրները Պողոսին թանկ էին գնահատում նրա անկեղծ սիրո համար։ Երբ առաքյալը պետք է հեռանար, «բոլորը սկսեցին շատ լաց լինել, և նրանք Պողոսի վզովն էին ընկնում ու համբուրում էին նրան» (Գործ. 20։37, 38)։ Այսօր քրիստոնյաները նույնպես գնահատում ու սիրում են այն անհատներին, ովքեր Պողոսի նման անշահախնդրորեն ծառայում են հոտին։ Ուսումնասիրելով առաքյալի հիանալի օրինակը՝ մի՞թե համաձայն չես, որ նա ո՛չ չափազանցնում էր, ո՛չ էլ գլուխ էր գովում, երբ ասաց. «Ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից» (Գործ. 20։26)։

      a Տես «Պողոսի նամակները՝ Մակեդոնիայից» շրջանակը։

      b Հավանաբար հենց Կորնթոսում եղած ժամանակ է Պողոսը գրել «Հռոմեացիներ» նամակը։

      c Տես «Պողոսը նյութական օգնություն է հավաքում» շրջանակը։

      d Գործեր 20։5, 6-ում Ղուկասը օգտագործում է «մենք» դերանունը, ինչը ցույց է տալիս, որ նա Փիլիպպեում կրկին միացավ Պողոսին, երբ վերջինս մեկնում էր Տրովադա (Գործ. 16։10-17, 40)։

      e Փիլիպպեից Տրովադա հասնելու համար պահանջվեց հինգ օր։ Հավանաբար դրա պատճառը անբարենպաստ քամիներն էին, քանի որ մինչ այդ Պողոսը նույն ճանապարհորդությունը կատարել էր երկու օրում (Գործ. 16։11)։

  • «Թող Եհովայի կամքով լինի»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
    • ԳԼՈՒԽ 22

      «Թող Եհովայի կամքով լինի»

      Պողոսը գնում է Երուսաղեմ՝ Աստծու կամքը կատարելու վճռականությամբ լի

      Գործեր 21։1-17

      1-4. Ինչո՞ւ էր Պողոսը գնում Երուսաղեմ, և ի՞նչ էր նրան սպասում այնտեղ։

      ՊՈՂՈՍՆ ու Ղուկասը ծանր սրտով հրաժեշտ են տալիս եփեսացի երեցներին ու հեռանում Միլետոսից։ Որքա՜ն դժվար է բաժանվել այդ եղբայրներից, որոնք շատ թանկ են դարձել նրանց համար։ Միսիոներները կանգնած են նավի տախտակամածին։ Նրանց իրերը կապված են։ Պողոսն ու Ղուկասը վերցրել են ճանապարհի համար անհրաժեշտ ամեն բան։ Նրանք իրենց հետ տանում են նաև այն նյութական օգնությունը, որը հավաքվել է Հրեաստանի կարիքավոր քրիստոնյաների համար։ Ճանապարհորդները շատ են ցանկանում տեղ հասցնել այդ նվիրաբերությունը։

      2 Մեղմ քամին փչում է առագաստներին, և նավը սկսում է հեռանալ Միլետոսից՝ հետևում թողնելով նավահանգստի եռուզեռը։ Պողոսն ու Ղուկասը մյուս յոթ ուղեկիցների հետ տխուր նայում են ափին կանգնած եղբայրներին և թափահարում իրենց ձեռքերը, մինչև որ նրանք անհետանում են տեսադաշտից (Գործ. 20։4, 14, 15)։

      3 Մոտ երեք տարի առաքյալը ուս ուսի ծառայել է եփեսացի երեցների հետ։ Սակայն այժմ սուրբ ոգու առաջնորդությամբ նա գնում է Երուսաղեմ։ Պողոսը մոտավորապես գիտի, թե ինչ է իրեն սպասում։ Մեկնելուց առաջ նա եփեսացիներին ասել է. «Ենթարկվելով ոգու առաջնորդությանը՝ մեկնում եմ Երուսաղեմ, թեպետ չգիտեմ, թե ինչ կպատահի ինձ այնտեղ։ Գիտեմ միայն, որ քաղաքից քաղաք սուրբ ոգին անդադար վկայում է ինձ՝ ասելով, որ ինձ կապանքներ ու նեղություններ են սպասվում» (Գործ. 20։22, 23)։ Չնայած գալիք դժվարություններին՝ Պողոսն իրեն «ոգով կապված» է զգում, այսինքն՝ և՛ ցանկություն ունի սուրբ ոգու առաջնորդությամբ գնալու Երուսաղեմ, և՛ դա իր պարտքն է համարում։ Իհարկե, առաքյալը թանկ է գնահատում իր կյանքը։ Բայց նրա համար ամենակարևորը Աստծու կամքը կատարելն է։

      4 Իսկ մենք ամենակարևոր տեղը հատկացնո՞ւմ ենք Եհովայի կամքը կատարելուն։ Չէ՞ որ նվիրվելիս հենց դա ենք խոստացել նրան։ Հավատարիմ առաքյալի օրինակը կօգնի պահել այդ խոստումը։

      Նրանք անցան «Կիպրոս կղզին» (Գործեր 21։1-3)

      5. Պողոսն ու նրա ուղեկիցներն ի՞նչ ուղի անցան Տյուրոս հասնելու համար։

      5 Աստվածաշնչում կարդում ենք, որ Պողոսին ու նրա ուղեկիցներին տանող նավը «ուղիղ ընթացք բռնեց»։ Սա նշանակում է, որ քամիները բարենպաստ էին, և ճանապարհորդները, առանց որևէ խոչընդոտի, նույն օրվա վերջում հասան Կոս (Գործ. 21։1)։ Հավանաբար իրենց նավը կանգ առավ այնտեղ գիշերելու, իսկ հաջորդ օրը մեկնեց Հռոդոս, ապա Պատարա, որը գտնվում է Փոքր Ասիայի հարավում։ Այնտեղ եղբայրները նստեցին մի մեծ բեռնատար նավ, որը գնում էր Փյունիկիայի Տյուրոս քաղաք։ Ճանապարհին Պողոսն ու նրա ուղեկիցները ձախ կողմից տեսան «Կիպրոս կղզին» (Գործ. 21։3)։ Հետաքրքիր է, ինչո՞ւ է Ղուկասը՝ «Գործեր» գիրքը գրողը, հիշատակում այդ մանրամասնությունը։

      6. ա) Կիպրոսը տեսնելը ինչո՞ւ էր քաջալերական Պողոսի համար։ բ) Ինչո՞ւմ կհամոզվես՝ հիշելով, թե ինչպես է Եհովան քեզ օրհնել և աջակցել։

      6 Հավանաբար առաքյալը մատնացույց արեց Կիպրոսը ու պատմեց այնտեղի իր ծառայության մասին։ Մոտ ինը տարի առաջ, երբ Պողոսը Բառնաբասի ու Հովհաննես Մարկոսի հետ կատարում էր իր առաջին միսիոներական շրջագայությունը, Կիպրոսում Ելիմաս անունով մի կախարդ սկսել էր հակառակվել նրանց (Գործ. 13։4-12)։ Ուստի երբ Պողոսը տեսավ կղզին, ըստ երևույթին, հիշեց, թե ինչպես էին զարգացել դեպքերը և քաջալերվեց։ Դա նրան ուժ տվեց և պատրաստեց գալիք փորձություններին։ Մենք նույնպես մեծ լիցք կստանանք՝ հիշելով, թե ինչպես է Եհովան օրհնել մեզ և օգնել դիմանալու փորձություններին։ Այդ ժամանակ Դավթի պես մղված կլինենք ասելու. «Շատ են արդարի նեղությունները, բայց Եհովան ազատում է նրան այդ ամենից» (Սաղ. 34։19)։

      Նրանք «փնտրեցին ու գտան աշակերտներին» (Գործեր 21։4-9)

      7. Ի՞նչ արեցին ճանապարհորդները Տյուրոս հասնելուն պես։

      7 Պողոսը սիրում էր շփվել հավատակիցների հետ և բարձր էր գնահատում նրանց ընկերակցությունը։ Նա գիտեր, որ Տյուրոսում քրիստոնյաներ կան։ Ուստի տեղ հասնելուն պես՝ առաքյալն ու նրա ուղեկիցները «փնտրեցին ու գտան աշակերտներին» և հավանաբար մնացին նրանց տանը (Գործ. 21։4)։ Մեր օրերում ճշմարտությունն ընդունած անհատները մի շատ մեծ օրհնություն են վայելում. ուր էլ որ նրանք գնան, գտնում են հավատակիցների, որոնք գրկաբաց ընդունում են նրանց։ Եհովայի ծառաներն ընկերներ ունեն ամբողջ աշխարհում։

      8. Ինչպե՞ս պետք է հասկանանք Գործեր 21։4-ը։

      8 Միսիոներները Տյուրոսում մնացին յոթ օր։ Այդ ընթացքում տեղի ունեցավ մի բան, որն առաջին հայացքից հակասական է թվում։ Ղուկասը գրում է. «Ոգու միջոցով [Տյուրոսի եղբայրները] շարունակ ասում էին Պողոսին, որ ոտք չդնի Երուսաղեմ» (Գործ. 21։4)։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, թե Եհովան մտափոխվել էր և այժմ առաքյալին պատվիրում էր չգնալ այդ քաղաք։ Ո՛չ։ Սուրբ ոգին ամենևին էլ հետ չէր պահում Պողոսին Երուսաղեմ գնալուց, այլ պարզապես հայտնում էր, որ նրան այնտեղ մեծ փորձություններ են սպասում։ Իրականում առաքյալին փորձում էին հետ պահել Տյուրոսի քրիստոնյանե՛րը. նրանք սուրբ ոգու միջոցով հասկացել էին, թե ինչ է լինելու, և մտահոգվելով Պողոսի համար՝ համոզում էին նրան չգնալ Երուսաղեմ ու զերծ մնալ վտանգներից։ Սակայն նա վճռել էր կատարել Եհովայի կամքը։ Այդ պատճառով էլ շարունակեց իր ճանապարհը (Գործ. 21։12)։

      9-10. ա) Հավանաբար ի՞նչ հիշեց Պողոսը՝ տեսնելով Տյուրոսի եղբայրների մտահոգությունը։ բ) Այսօր մարդիկ ի՞նչ են նախընտրում, և ինչո՞ւ է դա հակասում Հիսուսի խոսքերին։

      9 Եղբայրների մտահոգությունը տեսնելով՝ Պողոսը հավանաբար հիշեց Հիսուսին։ Երբ Աստծու Որդին իր աշակերտներին ասել էր, որ գնալու է Երուսաղեմ, այնտեղ չարչարանքներ է կրելու և սպանվելու է, նրանք նույնպես մտահոգվել էին։ Պետրոսը զգացմունքների ազդեցության տակ ասել էր. «Բարի՛ եղիր քո հանդեպ, Տե՛ր, այդ բանը քեզ հետ չի պատահի»։ Հիսուն էլ պատասխանել էր. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛։ Դու գայթակղության քա՛ր ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծու մտքերն ես խորհում, այլ մարդկանց» (Մատթ. 16։21-23)։ Հիսուսը պատրաստ էր քայլելու անձնազոհության ճանապարհով և դրանով կատարելու Աստծու կամքը։ Պողոսն էլ էր այդպես մտածում։ Անկասկած, Տյուրոսի եղբայրները, Պետրոս առաքյալի նման, լավ մղումներով էին տարհամոզում նրան, սակայն չէին հասկանում, որ դա Եհովայի կամքն է։

      Եղբայրը ծառայության ժամանակ անհամբերությամբ ստուգում է իր ժամացույցը։ Նրա ծառայակիցը նայում է նրան

      Հիսուսին հետևելու համար անձնազոհ ոգի է հարկավոր

      10 Այսօր շատերը գերադասում են բարի լինել սեփական անձի հանդեպ և անել այն, ինչ հեշտ է։ Մարդիկ սովորաբար նախապատվություն են տալիս այն կրոններին, որոնք շատ բան չեն պահանջում իրենցից։ Մինչդեռ Հիսուսը խրախուսել էր բոլորովին այլ մտավիճակ ունենալ։ Նա ասել էր. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի» (Մատթ. 16։24)։ Հիսուսի ցույց տված ուղին ամենաիմաստունն է և ամենաճիշտը, բայց ո՛չ ամենահեշտը։

      11. Տյուրոսի աշակերտներն ինչպե՞ս ցույց տվեցին, որ սիրում են Պողոսին և աջակցում են նրան։

      11 Օրերը շատ արագ անցան, և հասավ Տյուրոսից հեռանալու ժամը։ Հրաժեշտի պահը շատ հուզիչ էր։ Տյուրոսի եղբայրներն իրոք սիրում էին առաքյալին և ծառայության մեջ ամբողջ սրտով թիկունք էին կանգնում նրան։ Տղամարդիկ, կանայք ու երեխաները Պողոսին և նրա ծառայակիցներին ուղեկցեցին մինչև նավահանգիստ։ Ապա բոլորը միասին ծնկի եկան, աղոթեցին և հրաժեշտ տվեցին միմյանց։ Պողոսը, Ղուկասը և մյուսները նավ բարձրացան ու մեկնեցին Պտոլեմայիս։ Այնտեղ նրանք հանդիպեցին եղբայրներին և մեկ օր անցկացրին նրանց հետ (Գործ. 21։5-7)։

      12-13. ա) Ինչո՞վ էր աչքի ընկնում Փիլիպոսը։ բ) Ի՞նչ լավ օրինակ է թողել Փիլիպոսը քրիստոնյա հայրերի համար։

      12 Պողոսի ու նրա ուղեկիցների հաջորդ կանգառը Կեսարիան էր։ Իսկ որտե՞ղ էին մնալու ճանապարհորդները։ Դե իհարկե, «Փիլիպոս ավետարանչի տանը»a (Գործ. 21։8)։ Որքա՜ն ուրախացան նրանք, երբ նորից հանդիպեցին Փիլիպոսին։ Մոտ 20 տարի առաջ առաքյալները նրան հանձնարարել էին սնունդ բաժանել Երուսաղեմի նորաստեղծ ժողովի անդամներին։ Նա երկար տարիների եռանդուն քարոզիչ էր։ Երբ հալածանքի պատճառով աշակերտները տարբեր տեղեր էին փախել, Փիլիպոսը գնացել էր Սամարիա ու սկսել էր քարոզել այնտեղ։ Հետագայում նա վկայություն էր տվել ու մկրտել էր եթովպացի ներքինուն (Գործ. 6։2-6; 8։4-13, 26-38)։ Հավատարիմ ծառայության ի՜նչ հիանալի օրինակ։

      13 Փիլիպոսը չէր կորցրել իր եռանդը։ Կեսարիայում նա նույնպես զբաղված էր քարոզչական գործով։ Դա երևում է այն բանից, որ Ղուկասն այդ եղբորը «ավետարանիչ» է անվանում։ Բացի դրանից՝ մենք տեղեկանում ենք, որ Փիլիպոսն արդեն չորս աղջիկ ուներ, ովքեր «մարգարեանում էին»։ Դա փաստում է, որ նրանք հետևում էին իրենց հոր օրինակինb (Գործ. 21։9)։ Ուստի Փիլիպոսը պետք է որ մեծ ջանքեր ներդրած լիներ իր ընտանիքի հոգևոր առողջությունը ամրապնդելու հարցում։ Նա լավ օրինակ է մերօրյա քրիստոնյա հայրերի համար։ Նրանք պետք է ակտիվորեն ծառայեն և իրենց երեխաների մեջ սեր զարգացնեն քարոզչական գործի նկատմամբ։

      14. Պողոսի այցելություններն ի՞նչ արդյունք էին տալիս, և ի՞նչ հնարավորություն ունենք այսօր մենք։

      14 Ուր էլ Պողոսը գնում էր, գտնում էր հավատակիցների և նրանց հետ ժամանակ էր անցկացնում։ Անխոս, քրիստոնյաներն ամենուր սրտանց հյուրընկալում էին այդ շրջագայող եղբորն ու նրա ուղեկիցներին։ Անկասկած, նման այցելությունները «փոխադարձ քաջալերության» աղբյուր էին (Հռոմ. 1։11, 12)։ Այսօր մենք նույն հնարավորությունն ունենք։ Մենք մեծ օրհնություններ ենք վայելում, երբ շրջանային վերակացուին ու նրա կնոջը հյուրընկալում ենք մեր տանը, որքան էլ այն համեստ լինի (Հռոմ. 12։13)։

      ԿԵՍԱՐԻԱ՝ ՀՌՈՄԵԱԿԱՆ ՀՐԵԱՍՏԱՆ ՊՐՈՎԻՆՑԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

      «Գործեր» գրքում նկարագրված ժամանակաշրջանում Կեսարիան հռոմեական Հրեաստան պրովինցիայի մայրաքաղաքն էր՝ այդ պրովինցիայի կառավարչի նստավայրը և զինված ուժերի գլխավոր կենտրոնը։ Այն կառուցել էր Հերովդես Մեծը և անվանել Օգոստոս կայսեր պատվին։ Կեսարիան տիպիկ հելլենիստական քաղաք էր. ուներ «սուրբ» կայսրին նվիրված տաճար, թատրոն, ձիարշավարան, ամֆիթատրոն։ Քաղաքի բնակիչները հիմնականում այլազգիներ էին։

      Կեսարիան ամուր կառուցված նավահանգստային քաղաք էր։ «Սեբաստոս» («Օգոստոսի» հունարեն տարբերակը) կոչվող նոր նավահանգստային համալիրը հսկայական ծովապատնեշ ուներ, առանց որի այդ ափը նավարկելի չէր լինի։ Հերովդեսի փափագն էր, որ այն՝ որպես առևտրի կենտրոն, գերազանցեր Ալեքսանդրիային։ Վերջինս իրեն հավասարը չուներ Միջերկրական ծովի արևելքում։ Թեպետ այդ նպատակը չիրականացավ, այնուամենայնիվ Կեսարիան դարձավ միջազգային նշանակություն ունեցող կարևոր կենտրոն, քանի որ այնտեղով էին անցնում գլխավոր առևտրական ուղիները։

      Կեսարիայում է ծառայել Փիլիպոս ավետարանիչը։ Ամենայն հավանականությամբ, նա այնտեղ բնակություն է հաստատել և ընտանիք կազմել (Գործ. 8։40; 21։8, 9)։ Կեսարիայում է ապրել նաև հռոմեացի հարյուրապետ Կոռնելիոսը։ Նրա մկրտությունը նույնպես տեղի է ունեցել այդ քաղաքում (Գործ. 10։1)։

      Պողոս առաքյալը բազմիցս այցելել է Կեսարիա։ Քրիստոնյա դառնալուց կարճ ժամանակ անց նա եղբայրների օգնությամբ Երուսաղեմից փախչել է 90 կմ (55 մղոն) հեռավորության վրա գտնվող այդ քաղաք, քանի որ թշնամիները որոշել էին սպանել իրեն։ Այնտեղից Պողոսը նավով մեկնել է Տարսոն։ Առաքյալը Կեսարիայով է անցել նաև, երբ իր երկրորդ ու երրորդ շրջագայությունների վերջում գնացել է Երուսաղեմ (Գործ. 9։28-30; 18։21, 22; 21։7, 8)։ Բացի այդ՝ նրան երկու տարի պահել են Հերովդեսի պալատում, որը նույնպես Կեսարիայում էր։ Այնտեղ Պողոսը վկայություն է տվել Ֆելիքսին, Ֆեստոսին և Ագրիպասին։ Ի վերջո հենց Կեսարիայից են առաքյալին ուղարկել Հռոմ (Գործ. 23։33-35; 24։27-25։4; 27։1)։

      ՔՐԻՍՏՈՆՅԱ ԿԱՆԱՅՔ ԿԱՐՈ՞Ղ ԷԻՆ ՈՒՍՈՒՑԱՆԵԼ ԺՈՂՈՎՈՒՄ

      Ի՞նչ դեր էին խաղում քրիստոնյա կանայք առաջին դարի ժողովում։ Նրանք կարո՞ղ էին ծառայողներ լինել։

      Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց քարոզել Թագավորության բարի լուրը և աշակերտներ պատրաստել (Մատթ. 28։19, 20; Գործ. 1։8)։ Այս պարտականությունը դրված է բոլոր քրիստոնյաների վրա՝ երիտասարդ թե տարեց, տղամարդ թե կին։ Դա երևում է Հովել 2։28, 29 համարների մարգարեությունից, որը Պետրոսի խոսքերով՝ կատարվեց մ. թ. 33 թ. Պենտեկոստեին։ Պետրոսը մեջբերեց այդ խոսքերը՝ ասելով. «Վերջին օրերում,— ասում է Աստված,— ես իմ ոգուց կթափեմ ամեն տեսակ մարմնի վրա, և ձեր որդիներն ու աղջիկները կմարգարեանան.... Այդ օրերին իմ ոգուց կթափեմ նույնիսկ իմ ծառաների ու աղախինների վրա, և նրանք կմարգարեանան» (Գործ. 2։17, 18)։ Ինչպես արդեն նշվեց, Փիլիպոս աշակերտի չորս դուստրերը մարգարեանում էին (Գործ. 21։8, 9)։

      Սակայն Աստվածաշունչը ժողովում ուսուցանելու, վերակացու կամ ծառայող օգնական լինելու իրավունքը միայն տղամարդկանց է տալիս (1 Տիմոթ. 3։1-13; Տիտոս 1։5-9)։ Պողոսն ասաց. «Թույլ չեմ տալիս, որ կինը սովորեցնի կամ իշխանություն բանեցնի տղամարդու վրա, այլ թող լուռ մնա» (1 Տիմոթ. 2։12)։

      «Ես պատրաստ եմ.... մահանալու» (Գործեր 21։10-14)

      15-16. Ագաբոսն ի՞նչ լուր հայտնեց, և ի՞նչ ազդեցություն դա թողեց ներկաների վրա։

      15 Երբ Պողոսը Փիլիպոսի տանն էր, այնտեղ եկավ Ագաբոս անունով մի մարդ։ Բոլորը գիտեին, որ նա մարգարե է. ժամանակին Ագաբոսը կանխագուշակել էր այն սովը, որը եղավ Կլավդիոսի օրոք (Գործ. 11։27, 28)։ Եղբայրներին թերևս հետաքրքիր էր, թե որն է մարգարեի այցելության պատճառը։ Ի՞նչ լուր էր նա բերել։ Ագաբոսը վերցրեց Պողոսի գոտին (դա մի նեղ ու երկար կտոր էր, որի մեջ սովորաբար փող և այլ իրեր էին պահում)։ Ապա մարգարեն այդ գոտիով կապեց իր ոտքերն ու ձեռքերը և սկսեց խոսել։ Ագաբոսի հայտնած լուրն այնքան էլ հուսադրող չէր. «Այսպես է ասում սուրբ ոգին. «Այն մարդուն, որին պատկանում է այս գոտին, հրեաները այսպես կկապեն Երուսաղեմում և այլազգի մարդկանց ձեռքը կմատնեն»» (Գործ. 21։11)։

      16 Ագաբոսի մարգարեությունը մեկ անգամ ևս փաստեց, որ Պողոսը հասնելու է Երուսաղեմ։ Պարզ դարձավ նաև, որ հրեաները առաքյալին մատնելու են «այլազգի մարդկանց ձեռքը»։ Այս լուրը ցնցեց ներկաներին։ Ղուկասը գրում է. «Երբ սա լսեցինք, մենք և այնտեղ գտնվողները սկսեցինք աղաչել նրան, որ վեր չելնի Երուսաղեմ։ Այն ժամանակ Պողոսն ասաց. «Ի՞նչ եք անում, լաց եք լինում ու սիրտս ճմլում։ Վստա՛հ եղեք, Տեր Հիսուսի անվան համար ես պատրաստ եմ ոչ միայն կապվելու, այլև մահանալու Երուսաղեմում»» (Գործ. 21։12, 13)։

      17-18. Ինչի՞ց է երևում, որ Պողոսն անսասան էր, և եղբայրներն ինչպե՞ս վերաբերվեցին նրա որոշմանը։

      17 Պատկերացրու հետևյալ տեսարանը։ Բոլոր եղբայրները, այդ թվում՝ Ղուկասը, սկսում են աղաչել Պողոսին, որ չգնա Երուսաղեմ։ Ոմանք լաց են լինում։ Հավատակիցների սերն ու հոգատարությունը, անշուշտ, հուզում են առաքյալին։ Նա անգամ ասում է, որ իր «սիրտը ճմլվում է»։ Սակայն Պողոսն անսասան է, ճիշտ ինչպես Տյուրոսի եղբայրների հետ հանդիպման ժամանակ։ Նա թույլ չի տալիս, որ հավատակիցների աղաչանքներն ու արցունքները թուլացնեն իր վճռականությունը։ Փոխարենը բացատրում է եղբայրներին, թե ինչու պիտի շարունակի իր ճանապարհը։ Ընդօրինակելով Հիսուսին՝ առաքյալը քաջություն և հաստատակամություն է ցուցաբերում (Եբր. 12։2)։ Պողոսն, իհարկե, նահատակ դառնալու ցանկություն չունի, բայց Քրիստոս Հիսուսի համար մահանալը պատիվ է համարում։

      18 Եղբայրները հարգեցին Պողոսի որոշումը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Չկարողանալով նրան համոզել՝ մենք այլևս չառարկեցինք ու ասացինք. «Թող Եհովայի կամքով լինի»» (Գործ. 21։14)։ Նրանք չշարունակեցին պնդել իրենց ասածը, այլ լսեցին առաքյալի փաստարկները և զիջեցին։ Եղբայրները հասկացան և ընդունեցին Եհովայի տեսակետը, թեպետ դա նրանց համար դժվար էր։ Պողոսը գիտեր, որ առջևում իրեն մահ է սպասում։ Ուստի առաքյալին ավելի հեշտ կլիներ կատարել Աստծու կամքը, եթե իր մտերիմները չփորձեին տարհամոզել իրեն։

      19. Ի՞նչ արժեքավոր դաս ենք քաղում Պողոսի հետ պատահածից։

      19 Պողոսի հետ տեղի ունեցածից մի արժեքավոր դաս ենք քաղում։ Մենք երբեք չպետք է փորձենք թուլացնել այն հավատակիցների վճռականությունը, ովքեր ձգտում են անձնուրաց կերպով ծառայել Եհովային։ Այս սկզբունքը կարող ենք կիրառել ոչ միայն կյանքի ու մահվան հետ կապված հարցերում, այլև բազմաթիվ այլ իրավիճակներում։ Օրինակ՝ քրիստոնյա ծնողներից շատերը դժվարությամբ են բաժանվում իրենց երեխաներից, երբ վերջիններս մեկնում են հեռավոր երկրներում ծառայելու։ Սակայն նրանք չեն տարհամոզում իրենց զավակներին։ Ֆիլիսը, ով ապրում է Անգլիայում, պատմում է, թե ինչ էր զգում, երբ իր միակ դուստրը մեկնեց Աֆրիկա՝ միսիոներական ծառայություն կատարելու։ Նա ասում է. «Ես շատ հուզված էի։ Չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ աղջիկս այդքան հեռու է լինելու ինձանից։ Թեև տխուր էի, սակայն հպարտանում էի նրանով։ Ես շատ էի աղոթում։ Դա նրա որոշումն էր, ու ես երբեք չէի փորձում հետ պահել նրան։ Ի վերջո, ինքս եմ միշտ սովորեցրել դստերս Թագավորության շահերը առաջին տեղում դնել։ Աղջիկս արտասահմանում ծառայում է արդեն 30 տարի, և ես նրա հավատարմության համար ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Եհովային»։ Այո՛, որքան լավ կլինի, որ քաջալերենք նրանց, ովքեր անձնազոհաբար ծառայում են Աստծուն։

      Կոլաժ։ Մի միսիոներ զույգ և նրանց ծնողները։ 1. Ծնողներն ուրախ զանգահարում են։ 2. Ամուսնական զույգը, որը օտարերկրյա նշանակման մեջ է, հեռախոսազանգ է ստանում

      Մենք պետք է քաջալերենք այն հավատակիցներին, ովքեր անձնուրաց կերպով ծառայում են Եհովային

      «Եղբայրները մեզ ուրախությամբ ընդունեցին» (Գործեր 21։15-17)

      20-21. Ինչի՞ց է երևում, որ Պողոսը ձգտում էր միշտ հավատակիցների հետ լինել, և ինչո՞ւ էր նա ցանկանում դա։

      20 Ճանապարհի համար բոլոր պատրաստությունները տեսնելուց հետո Պողոսը ուղևորվեց Երուսաղեմ։ Եղբայրներն ուղեկցեցին առաքյալին՝ ցույց տալով, որ ի սրտե աջակցում են նրան։ Փաստորեն, սկզբից ևեթ Պողոսն ու նրա ուղեկիցները իրենց ճանապարհորդության ընթացքում ջանում էին կապ պահել եղբայրների ու քույրերի հետ։ Տյուրոսում նրանք հավատակիցների հետ անցկացրին յոթ օր, Պտոլեմայիսում՝ մեկ օր, իսկ Կեսարիայում՝ Փիլիպոս ավետարանչի տանը՝ շատ օրեր։ Երբ Պողոսն այնտեղից ճանապարհ ընկավ դեպի Երուսաղեմ, Կեսարիայի աշակերտներից ոմանք ուղեկցեցին առաքյալին ու նրա ծառայակիցներին։ Երուսաղեմում ճամփորդները կանգ առան աշակերտներից մեկի՝ Մնասոնի տանը։ Ղուկասը նշում է, որ այնտեղի եղբայրները «ուրախությամբ ընդունեցին» իրենց (Գործեր 21։17)։

      21 Ակնհայտ է, որ Պողոսը ցանկանում էր միշտ իր հավատակիցների հետ լինել։ Նրանց հետ շփումը քաջալերում էր առաքյալին, ինչպես որ մեզ այսօր։ Անկասկած, այդ քաջալերանքը ուժ տվեց Պողոսին դիմանալու հակառակորդների թշնամական վերաբերմունքին, ովքեր ուզում էին սպանել իրեն։

      a Տես «Կեսարիա՝ հռոմեական Հրեաստան պրովինցիայի մայրաքաղաք» շրջանակը։

      b Տես «Քրիստոնյա կանայք կարո՞ղ էին ուսուցանել ժողովում» շրջանակը։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը