Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • «Ձեզնից ոչ մի հոգի չի կորչի»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
    • ԳԼՈՒԽ 26

      «Ձեզնից ոչ մի հոգի չի կորչի»

      Պողոսը նավաբեկության է ենթարկվում։ Ցուցաբերում է մեծ հավատ և սեր՝ մարդկանց հանդեպ

      Գործեր 27։1-28։10

      1-2. Ի՞նչ ճանապարհորդություն էր սպասում Պողոսին, և հավանաբար ի՞նչն էր անհանգստացնում նրան։

      «ԿԱՅՍՐԻ մոտ էլ կգնաս»։ Պողոսը շարունակ մտածում է Ֆեստոսի այս խոսքերի մասին։ Կայսրի մոտ գնալը կարող է շատ բան փոխել։ Առաքյալը երկու տարի անցկացրել է բանտում։ Իսկ հիմա նա պետք է երկար ճանապարհորդություն կատարի դեպի Հռոմ ու ներկայանա կայսրին (Գործ. 25։12)։ Նրան թերևս այդ հանդիպման հետ կապված բազում հարցեր են տանջում։ Պողոսը չի ակնկալում, որ ճանապարհին միայն վայելելու է ծովաշունչ, թարմացնող զեփյուռը և զմայլվելու է անծայրածիր հորիզոնով։ Չէ՞ որ նա առաջին անգամ չէ նավ նստում։

      2 Պողոսը բազմիցս վտանգների է բախվել ծովում. երեք անգամ նավաբեկության է ենթարկվել, նույնիսկ մի գիշեր ու մի օր անցկացրել է բաց ծովում (2 Կորնթ. 11։25, 26)։ Բացի դրանից՝ այս ճանապարհորդությունը մեծապես տարբերվելու է իր միսիոներական շրջագայություններից։ Այս անգամ Պողոսը բանտարկյալ է ու Կեսարիայից Հռոմ հասնելու համար պետք է ահռելի հեռավորություն անցնի՝ ավելի քան 3 000 կմ (2 000 մղոն)։ Արդյոք նա անվնաս տեղ կհասնի՞։ Եվ եթե այո, նրան մահ չի՞ սպառնա Հռոմում։ Ի վերջո, նա դատվելու է Սատանայի աշխարհի ամենահզոր ղեկավարի կողմից։

      3. Ի՞նչ էր վճռել Պողոսը, և ինչի՞ մասին ենք խոսելու այս գլխում։

      3 Արդյո՞ք Պողոսը հուսալքվեց և խուճապի մատնվեց։ Հաշվի առնելով նրա անցած ուղին, որի մասին այսքան կարդացինք՝ կարող ենք վստահությամբ ասել, որ ո՛չ։ Առաքյալը ակնկալում էր դժվարություններ, սակայն չգիտեր, թե ինչ տեսակի կլինեն դրանք։ Ինչո՞ւ նա կորցներ իր ուրախությունը՝ մտահոգվելով այնպիսի բաների մասին, որոնք դուրս էին նրա վերահսկողությունից (Մատթ. 6։27, 34)։ Պողոսը գիտեր, թե որն է Եհովայի կամքը իր առնչությամբ. նա պետք է Թագավորության բարի լուրը քարոզեր ամեն առիթի դեպքում՝ բոլոր մարդկանց, նույնիսկ պաշտոնյաներին (Գործ. 9։15)։ Առաքյալը վճռել էր ամեն գնով այդպես էլ անել։ Մի՞թե մենք նույնը չենք վճռել։ Ուրեմն Պողոսի հետ կատարենք այդ պատմական ճանապարհորդությունը և փորձենք դասեր քաղել նրա օրինակից։

      Քամիները «հակառակ կողմից էին փչում» (Գործեր 27։1-7ա)

      4. Պողոսն ինչպիսի՞ նավով սկսեց իր ճանապարհը, և ովքե՞ր էին նրա ուղեկիցները։

      4 Պողոսին և մի քանի այլ բանտարկյալների հանձնեցին հռոմեացի հարյուրապետ Հուլիոսի հսկողությանը։ Վերջինս վճռեց, որ նրանք պետք է ճանապարհ ընկնեն մի առևտրական նավով։ Այն Կեսարիա էր եկել Փոքր Ասիայի արևմուտքում գտնվող Ադրամիտա նավահանգստից և անցել էր Լեսբոս կղզում գտնվող Միտիլինե քաղաքի կողքով։ Այդ նավը նախ շարժվելու էր դեպի հյուսիս, ապա արևմուտք՝ ժամանակ առ ժամանակ կանգ առնելով բեռնաթափվելու և բեռնվելու համար։ Այդպիսի նավերը նախատեսված չէին ուղևորներ, առավել ևս բանտարկյալներ տեղափոխելու համար, ուստիև համապատասխան հարմարություններ չունեին (տես «Ծովային ուղևորություններ» շրջանակը)։ Լավն այն է, որ Պողոսի հետ կային նաև ուրիշ քրիստոնյաներ, առնվազն երկու հոգի՝ Արիստարքոսն ու Ղուկասը։ Հենց վերջինս գրի առավ այդ դեպքերը։ Չգիտենք՝ այդ հավատարիմ եղբայրները վճարել էին նավ նստելու համար, թե ներկայացել էին իբրև Պողոսի ծառաներ (Գործ. 27։1, 2)։

      ԾՈՎԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

      Հին աշխարհում նավերը գլխավորաբար բեռներ էին տեղափոխում և ոչ թե ուղևորներ։ Ուստի եթե որևէ մեկը ցանկանում էր նավով ճանապարհ գնալ, նախևառաջ պետք է գտներ համապատասխան վայր մեկնող որևէ առևտրական նավ, պայմանավորվեր գնի մասին և սպասեր, մինչև այդ նավը ճանապարհ դուրս գար։

      Միջերկրական ծովով անցնում էին հազարավոր նավեր՝ տանելով տարբեր ապրանքներ և սնունդ։ Նավով ճանապարհորդող մարդիկ քնում էին տախտակամածի վրա՝ հավանաբար վրանատիպ ծածկի տակ, որը գիշերը կանգնեցնում էին, իսկ առավոտյան հավաքում։ Նրանք իրենց հետ վերցնում էին ճանապարհի համար անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում՝ սնունդ և անկողնային պարագաներ։

      Ուղևորության տևողությունը ամբողջովին կախված էր քամիներից։ Նոյեմբերի կեսերից մինչև մարտի կեսերը նավարկություն սովորաբար չէր լինում վատ եղանակի պատճառով։

      Հին օրերի նավ և դրա չորս գլխավոր մասերը՝ նավաքթից մինչև նավախել։ 1. Թիակներ։ 2. Մեծ առագաստ։ 3. Խարիսխներ։ 4. Առաջամասի առագաստ

      5. Ո՞ւմ հանդիպեց Պողոսը Սիդոնում, և ի՞նչ ենք սովորում այդ դեպքից։

      5 Նավը շարժվեց դեպի հյուսիս։ Ուղևորները մեկ օր անցկացրին ծովում՝ անցնելով մոտ 110 կմ (70 մղոն), և կանգ առան Ասորիքի Սիդոն քաղաքում։ Հուլիոսը Պողոսին թերևս սովորական բանտարկյալ չէր համարում, քանի որ վերջինս Հռոմի քաղաքացի էր, և նրա մեղքը չէր ապացուցվել (Գործ. 22։27, 28; 26։31, 32)։ Այդ հարյուրապետը թույլ տվեց առաքյալին ափ իջնել և հանդիպել հավատակիցների հետ։ Որքա՜ն նրանք ուրախացան՝ տեսնելով Պողոսին, ով երկու տարի բանտում էր եղել։ Անշուշտ, նրանք մեծ հաճույքով հոգ տարան նրա մասին։ Իսկ դու ո՞ր դեպքերում կարող ես նման հյուրասիրություն ու սեր ցուցաբերել և արդյունքում մեծապես քաջալերվել (Գործ. 27։3)։

      6-8. Ինչպիսի՞ն էր Պողոսի ճանապարհը Սիդոնից մինչև Կնիդոս, և նա քարոզելու ի՞նչ առիթներ ունեցավ։

      6 Սիդոնից դուրս գալով՝ նավը ափի երկայնքով բարձրացավ վերև և անցավ Կիլիկիայի Տարսոն քաղաքի կողքով, որտեղ մեծացել էր Պողոսը։ Ղուկասը չի նշում, որ իրենք որևէ այլ տեղում կանգ առան, սակայն մի չարաբաստիկ փաստ է հայտնում՝ քամիները «հակառակ կողմից էին փչում» (Գործ. 27։4, 5)։ Պողոսն, իհարկե, ոչ մի առիթ բաց չէր թողնում, որ քարոզեր բարի լուրը։ Նա անկասկած վկայություն էր տալիս մյուս բանտարկյալներին, ուղևորներին, նավի անձնակազմին ու զինվորներին։ Պողոսը Թագավորության լուրը հայտնում էր նաև այն նավահանգիստներում, որտեղ նրանք կանգ էին առնում։ Արդյոք մենք է՞լ ենք ամեն առիթի դեպքում քարոզում բարի լուրը։

      7 Ի վերջո, նավը հասավ Միռա նավահանգիստ, որը գտնվում է Փոքր Ասիայի հարավում։ Այնտեղ Պողոսն ու մյուսները մեկ այլ նավ նստեցին, որը նրանց տանելու էր մինչև իրենց նպատակակետը՝ Հռոմ քաղաք (Գործ. 27։6)։ Այն օրերում Հռոմին հացահատիկով էր ապահովում Եգիպտոսը։ Ցորենով բեռնված նավերը ճանապարհին կանգ էին առնում հենց Միռայում։ Հուլիոսն այդպիսի մի նավ գտավ, և զինվորներին ու բանտարկյալներին կարգադրեց տեղափոխվել այնտեղ։ Այդ նավն, ըստ երևույթին, շատ ավելի մեծ էր, քան նախորդը։ Բացի արժեքավոր բեռից՝ դրանում տեղավորվեց նաև 276 մարդ՝ անձնակազմը, զինվորները, բանտարկյալները և, հավանաբար, Հռոմ մեկնող այլ անհատներ։ Սա նշանակում է, որ Պողոսի քարոզչական տարածքն ավելի ընդարձակվեց, և նա, անկասկած, օգտվեց այդ առիթից։

      8 Ճանապարհորդների հաջորդ կանգառը լինելու էր Կնիդոսում, որ գտնվում է Փոքր Ասիայի հարավարևմտյան անկյունում։ Բարենպաստ քամու դեպքում նավն այնտեղ կհասներ մոտ մեկ օրում։ Սակայն Ղուկասը գրում է, որ նրանք «շատ օրեր դանդաղ նավարկելուց» հետո «դժվարությամբ» հասան Կնիդոս (Գործ. 27։7ա)։ Եղանակը ավելի ու ավելի անբարենպաստ էր դառնում նավարկության համար (տես «Միջերկրածովյան հակընթաց քամիները» շրջանակը)։ Պատկերացրու, թե ինչ վիճակում էին ուղևորները, երբ նավը պայքարում էր ուժեղ քամիների և մոլեգին ալիքների դեմ։

      ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ՀԱԿԸՆԹԱՑ ՔԱՄԻՆԵՐԸ

      Քամիներն ու եղանակը մեծ դեր էին խաղում այն հարցում, թե երբ և որ ուղղությամբ կընթանային առևտրական նավերը Միջերկրական ծովով (Մեծ ծով)։ Ամառվա ամիսներին ծովի արևելյան մասում քամիները սովորաբար փչում էին արևմուտքից արևելք։ Հետևաբար այդ ժամանակ հեշտ էր նավարկել դեպի արևելք։ Դա էր պատճառը, որ Պողոսն ու նրա ուղեկիցները երրորդ միսիոներական շրջագայությունից վերադառնալիս առանց խոչընդոտի անցան Միլետոսն ու Հռոդոսը և կանգ առան Պատարայում։ Այդտեղից նրանք հեշտությամբ հասան Տյուրոս, որը Փյունիկիայի ափին էր։ Ղուկասը հայտնում է, որ ճանապարհորդները ձախ կողմում թողեցին Կիպրոսը։ Սա նշանակում է, որ նրանք անցան այդ կղզու հարավային կողմով (Գործ. 21։1-3)։

      Իսկ ինչպե՞ս էին նավերը հակառակ ուղղությամբ նավարկում՝ շարժելով դեպի արևմուտք։ Բարենպաստ քամու դեպքում արևմուտք կարելի էր գնալ վերոհիշյալ ճանապարհով։ Բայց երբեմն դա անհնար էր։ Աստվածաշնչյան մի հանրագիտարանում ասվում է. «Ձմռանը մթնոլորտը շատ ավելի անկայուն էր, և Միջերկրական ծովում լինում էին ուժեղ ցիկլոններ, որոնք շարժվում էին դեպի արևելք։ Դրանք իրենց հետ բերում էին մոլեգին քամիներ, երբեմն փոթորիկներ, հորդառատ անձրևներ և անգամ ձյուն» (The International Standard Bible Encyclopedia)։ Այդ պայմաններում նավարկելը շատ վտանգավոր էր։

      Տարվա ցանկացած եղանակին նավերը ափի երկայնքով կարող էին լողալ դեպի հյուսիս՝ մինչև Պաղեստին, ապա Պամփյուլիայի երկայնքով շարժվել դեպի արևմուտք։ Մայրցամաքից փչող բրիզների (թեթև քամի) և արևմտյան ծովային հոսանքների միջոցով նավերն այնտեղից լողում էին դեպի արևմուտք։ Հենց այդ ուղղությամբ գնաց այն նավը, որով Պողոս առաքյալը՝ որպես բանտարկյալ, սկսեց իր ճանապարհորդությունը դեպի Հռոմ։ Սակայն այդ քամիները կարող էին փչել նաև «հակառակ կողմից» (Գործ. 27։4)։ Ցորենով բեռնված այդ նավը, որի մասին գրում է Ղուկասը, հավանաբար Եգիպտոսից շարժվեց հյուսիս, ապա անցավ Կիպրոսի ու Փոքր Ասիայի միջև ընկած անվտանգ ջրերով և հասավ Միռա։ Այնտեղից նավապետը մտադիր էր շարժվել դեպի արևմուտք, շրջանցել հունական թերակղզին և նավարկել մինչև Իտալիայի արևմտյան ափ (Գործ. 27։5, 6)։ Սակայն տարվա եղանակի և քամու պատճառով նրանց ուղին ամբողջովին փոխվեց։

      «Սաստիկ տարուբերվում էինք փոթորկից» (Գործեր 27։7բ-26)

      9-10. Ի՞նչ դժվարություններ առաջացան Կրետեի մոտակայքում։

      9 Նավապետը ծրագրել էր շարունակել Կնիդոսից դեպի արևմուտք շարժվել, բայց դեպքերի ականատես Ղուկասը գրում է, որ «քամին չէր թողնում» առաջ գնալ (Գործ. 27։7բ)։ Այդուհանդերձ, նավը հետզհետե հեռացավ ցամաքից, և այլևս չէր ընթանում ափամերձ ծովային հոսանքներով։ Հանկարծ ուժեղ հյուսիսարևմտյան քամի սկսվեց, որը կատաղի արագությամբ նավը քշեց դեպի հարավ։ Որոշ ժամանակ առաջ նախորդ նավը քամիներից պաշտպանել էր Կիպրոս կղզին։ Այս անգամ նույն դերը կատարեց Կրետե կղզին։ Հենց որ նավն անցավ Սաղմոնիա հրվանդանը, որ գտնվում է Կրետեի արևելքում, քամին փոքր-ինչ թուլացավ։ Ինչո՞ւ։ Որովհետև նավը հայտնվեց կղզու հարավային ափի մոտ, իսկ կղզին կոտրում էր հյուսիս-արևմուտքից փչող քամու ուժը։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ թեթևացում ապրեցին ճանապարհորդները։ Բայց դա երկար չտևեց։ Մոտենում էր ձմեռը։ Ուստի նրանք մտահոգվելու հիմնավոր պատճառ ունեին։

      10 Ղուկասը նշում է. «Դժվարությամբ [Կրետեի] երկայնքով նավարկելով՝ եկանք մի վայր, որը Գեղեցիկ նավահանգիստ է կոչվում»։ Նավը շատ դժվար էր ղեկավարել, թեև կղզին հսկայական պարսպի նման պաշտպանում էր այն։ Ի վերջո, նավաստիները խարիսխ գցեցին մի փոքրիկ ծովածոցում։ Ասում են, որ դա հեռու չէր այն վայրից, որտեղից կղզին սկսում էր ձգվել դեպի հյուսիս։ Ինչպես վկայում է Ղուկասը, նրանք «բավականին ժամանակ» մնացին այնտեղ։ Սակայն դա իրենց օգտին չէր, քանի որ արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն էին։ Իսկ այդ ժամանակ նավարկելը շատ վտանգավոր էր (Գործ. 27։8, 9)։

      11. Պողոսն ի՞նչ խորհուրդ տվեց, սակայն ի՞նչ որոշվեց։

      11 Հավանաբար ուղևորներից ոմանք խորհուրդ հարցրին Պողոսից, քանի որ առաքյալը շատ էր ճանապարհորդել Միջերկրական ծովով։ Նա էլ առաջարկեց ծով դուրս չգալ։ Հակառակ դեպքում՝ նրանք «վնասներ ու մեծ կորուստներ» կունենային, նույնիսկ կարող էին կորցնել իրենց կյանքը։ Բայց նավի տերը, ինչպես նաև նավավարը որոշեցին շարունակել ճանապարհը։ Նրանք գուցե ցանկանում էին հնարավորինս շուտ ավելի անվտանգ տեղ գտնել։ Այդ մարդիկ Հուլիոսին և ուղևորներից շատերին համոզեցին, որ լավ կլինի գնալ Փյունիկ՝ Կրետեի նավահանգիստներից մեկը։ Ըստ երևույթին, այնտեղի ծովածոցն ավելի մեծ ու հարմար էր ձմեռելու համար։ Ուստի երբ հարավից մեղմ քամի փչեց, նրանք սխալմամբ կարծեցին, թե եկել է ծով դուրս գալու հարմար պահը (Գործ. 27։10-13)։

      12. Ի՞նչ վտանգի մեջ հայտնվեց նավը, և նավաբեկությունից խուսափելու համար ի՞նչ միջոցներ ձեռնարկվեցին։

      12 Հանկարծ մի սարսափելի բան եղավ՝ հյուսիսարևելյան կողմից «կատաղի քամի բարձրացավ»։ Ուղևորները որոշ ժամանակ ապաստան գտան «Կլավդա կոչվող մի փոքրիկ կղզու» մոտ՝ Գեղեցիկ նավահանգստից մոտ 65 կմ (40 մղոն) հեռավորության վրա։ Սակայն քամին նավը քշեց դեպի հարավ։ Վտանգ կար, որ այն կխրվի աֆրիկական ափի ծանծաղուտների մեջ ու ջարդուփշուր կլինի։ Նավաստիները վախեցան, որ նավին կապված մակույկը նույնպես կկոտրվի, և նրանք չեն կարողանա ափ դուրս գալ, ուստի սկսեցին այն քաշել դեպի վեր։ Դա մեծ ջանքեր պահանջեց, քանի որ մակույկը թերևս լցվել էր ջրով։ Այնուհետև պարաններ կամ շղթաներ անցկացրին նավի տակով, որպեսզի այն ամուր լինի, և նրա տախտակները իրարից չանջատվեն։ Նավաստիներն իջեցրին առագաստները և հավաքեցին նավի մյուս սարքավորումները՝ ամեն ճիգ գործադրելով դուրս գալ փոթորկի գոտուց։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան սարսափած էին ուղևորները։ Չնայած նրանց ձեռնարկած բոլոր միջոցներին՝ նավը շարունակում էր «սաստիկ տարուբերվել»։ Երրորդ օրը նավաստիները ծովը նետեցին բոլոր սարքավորումները, որպեսզի նավը ջրի տակ չանցնի (Գործ. 27։14-19)։

      13. Ի՞նչ հանգամանքներում հայտնվեցին Պողոսն ու նրա ուղեկիցները։

      13 Ուղևորները խուճապի մեջ էին։ Սակայն Պողոսն ու իր ընկերակիցները վստահ էին, որ կփրկվեն։ Ինչո՞ւ։ Որոշ ժամանակ առաջ Հիսուսը հավաստիացրել էր առաքյալին, որ վերջինս պետք է քարոզի բարի լուրը Հռոմում։ Նույն հավաստիացումը տրվել էր նաև հրեշտակի միջոցով (Գործ. 19։21; 23։11)։ Ինչևէ, կատաղի փոթորիկը երկու շաբաթ չէր դադարում։ Հորդառատ անձրևների և ամպամածության պատճառով չէին երևում արևն ու աստղերը։ Հետևաբար նավավարը չէր կարողանում կողմնորոշվել, թե որտեղ է գտնվում նավը և ուր է ընթանում։ Այդպիսի պայմաններում հնարավոր չէր նույնիսկ հաց ուտել։ Եվ ո՞ւմ մտքով դա կանցներ, չէ՞ որ ցուրտ էր, անձրև էր գալիս, մարդիկ տառապում էին ծովախտով և սարսափահար էին։

      14-15. ա) Ինչո՞ւ Պողոսը հիշեցրեց մարդկանց, որ խորհուրդ էր տվել ծով դուրս չգալ։ բ) Ի՞նչ ենք սովորում այն բանից, որ Պողոսը հուսադրող լուր էր հայտնում մարդկանց։

      14 Պողոսը դիմեց մարդկանց։ Նա հիշեցրեց, որ խորհուրդ էր տվել ծով դուրս չգալ։ Բայց առաքյալը չէր հանդիմանում նրանց։ Պարզապես ցանկանում էր ցույց տալ, որ արժեր ականջ դնել իր խոսքերին։ Եվ փոթորիկը դրա վառ ապացույցն էր։ Ապա առաքյալն ասաց. «Ձեզ կոչ եմ անում սրտապնդվել, որովհետև ձեզնից ոչ մի հոգի չի կորչի, այլ միայն այս նավը կկորչի» (Գործ. 27։21, 22)։ Այս խոսքերը որքա՜ն սփոփեցին բոլորի սրտերը։ Պողոսի համար անչափ հաճելի էր, որ նա Եհովայի միջոցով կարող էր հուսադրող լուր հայտնել։ Շատ կարևոր է հիշել, որ Աստծու համար թանկ է յուրաքանչյուրի կյանքը։ Պետրոս առաքյալը գրել է. «Եհովան.... չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (2 Պետ. 3։9)։ Ուստի այսօր անչափ կարևոր է, որ Աստծու տված հուսադրող լուրը հայտնենք հնարավորինս շատերին։ Չէ՞ որ դրանից է կախված նրանց կյանքը, որն այդքան արժեքավոր է Աստծու աչքում։

      15 Պողոսն, անկասկած, նավում գտնվողներին պատմել էր Եհովայի տված հուսադրող խոստման մասին (Գործ. 26։6; Կող. 1։5)։ Բայց փոթորկի ժամանակ, երբ թվում էր, թե իրենք ուր որ է կխորտակվեն, առաքյալը նույն մարդկանց հուսադրեց Աստծու մեկ այլ խոստումով. նրանք փրկվելու էին մահից։ Նա ասաց. «Այս գիշեր Աստծու հրեշտակներից մեկը, այն Աստծու, որին ես երկրպագում եմ.... կանգնեց կողքիս և ասաց. «Մի՛ վախեցիր, Պողո՛ս։ Դու դեռ պետք է կայսրի առաջ կանգնես»»։ Ապա առաքյալը հորդորեց. «Մի՛ հուսալքվեք, որովհետև ես հավատում եմ Աստծուն, որ կլինի ճիշտ այնպես, ինչպես ասվեց ինձ։ Մենք պետք է մի կղզու ափ ընկնենք» (Գործ. 27։23-26)։

      «Բոլորը ապահով ցամաք դուրս եկան» (Գործեր 27։27-44)

      Պողոսն աղոթում է բեռնատար նավի նավամբարում, որը լի է մարդկանցով։ Չարչարված ուղևորներից ոմանք խոնարհել են գլուխները, իսկ մյուսները նայում են։ Մի քանի արկղերի վրա բլիթներ են դրված

      «Նա.... ամենքի առաջ շնորհակալություն հայտնեց Աստծուն» (Գործեր 27։35)

      16-17. ա) Պողոսը ո՞ր առիթն օգտագործեց աղոթելու համար, և դա ի՞նչ արդյունք բերեց։ բ) Ինչպե՞ս կատարվեցին առաքյալի խոսքերը։

      16 Փոթորիկը նավը քշեց մոտ 870 կմ (540 մղոն)։ Երկու տանջալից շաբաթ անց նավաստիները զգացին, որ մի ցամաքի են մոտենում։ Հավանաբար նրանք ափին հարվածող ալիքների ձայն լսեցին։ Ուստի գցեցին խարիսխները, որպեսզի ջուրն իրենց չքշի, ապա նավն ուղղեցին դեպի ափ՝ հույս ունենալով ցամաք դուրս գալ։ Այդ ժամանակ նավաստիները փորձեցին փախչել նավից, սակայն Պողոսը հարյուրապետին և զինվորներին զգուշացրեց. «Եթե այս մարդիկ նավի մեջ չմնան, դուք չեք կարողանա փրկվել»։ Ուստի վերջիններս թույլ չտվեցին նավաստիներին իրականացնել իրենց մտադրությունը։ Քանի որ նավն արդեն շատ չէր տարուբերվում, առաքյալը բոլորին խրախուսեց հաց ուտել և նորից վստահեցրեց, որ իրենք կփրկվեն։ Ապա «ամենքի առաջ շնորհակալություն հայտնեց Աստծուն» (Գործ. 27։31, 35)։ Պողոսն իր այդ աղոթքով լավ օրինակ թողեց ոչ միայն Ղուկասի և Արիստարքոսի, այլև այսօրվա քրիստոնյաների համար։ Հանրության առջև ասված քո աղոթքները քաջալերանքի ու մխիթարության աղբյո՞ւր են ուրիշների համար։

      17 Պողոսի աղոթքի շնորհիվ «բոլորն ուրախացան, և իրենք էլ սկսեցին ուտել» (Գործ. 27։36)։ Դրանից հետո նավաստիները ծով նետեցին ցորենը, որպեսզի նավը թեթև լինի և կարողանա մոտենալ ափին։ Երբ լույսը բացվեց, նրանք կտրեցին խարիսխները, արձակեցին նավախելում գտնվող թիակները և բարձրացրին առաջամասի առագաստը, որպեսզի նավը չկորցնի շարժունակությունը, երբ հայտնվեն ծանծաղուտում։ Հանկարծ նավը խրվեց ավազի կամ տիղմի մեջ, և նավախելը ալիքների ուժգին հարվածներից սկսեց կոտրվել։ Զինվորներից ոմանք ցանկացան սպանել բանտարկյալներին, որպեսզի ոչ ոք չկարողանա փախչել, սակայն Հուլիոսը թույլ չտվեց։ Նա պատվիրեց լողալով կամ որևէ առարկայից բռնվելով ափ հասնել։ Արդյունքում նավի վրա գտնվող բոլոր 276 հոգին էլ փրկվեցին։ Ինչպես և ասել էր Պողոսը, այդ մարդիկ «ապահով ցամաք դուրս եկան»։ Բայց որտե՞ղ էին նրանք (Գործ. 27։44)։

      «Արտասովոր մարդասիրություն» (Գործեր 28։1-10)

      18-20. Մալթացիներն ինչպե՞ս «արտասովոր մարդասիրություն ցուցաբերեցին», և Աստված ի՞նչ հրաշք արեց Պողոսի միջոցով։

      18 Պարզվեց, որ փրկվածներն ընկել էին Մալթա կղզի՝ Սիցիլիայից դեպի հարավ (տես «Մալթա. որտե՞ղ էր այն» շրջանակը)։ Այդ կղզու բնակիչները, որ բոլորովին այլ լեզվով էին խոսում, «արտասովոր մարդասիրություն ցուցաբերեցին» (Գործ. 28։2)։ Նրանք խարույկ վառեցին ափ հասած օտարականների համար, ովքեր ոտքից գլուխ թրջված՝ դողում էին։ Ցուրտ էր, և անձրև էր գալիս։ Սակայն կրակը տաքացրեց փրկվածներին։ Այն նաև պատճառ դարձավ, որ հրաշք տեղի ունենա։

      19 Պողոսը, ցանկանալով օգնություն ցույց տալ, ցախ հավաքեց և գցեց խարույկի մեջ։ Այդ ժամանակ մի իժ դուրս սողաց ու խայթեց առաքյալին՝ ամուր կպչելով նրա ձեռքին։ Մալթացիները կարծեցին, թե դա պատիժ էր աստվածների կողմից։a

      20 Նրանք վստահ էին, որ Պողոսի մարմինը ուր որ է «կբորբոքվի և կուռչի»։ Ըստ մի աշխատության՝ բնագրում վերոհիշյալ բառերի փոխարեն բժշկական տերմին է օգտագործվում։ Եվ դա զարմանալի չէ։ Առաջին հերթին հենց այդ տերմինը պետք է ծագեր «սիրելի բժիշկ Ղուկասի» մտքում (Գործ. 28։6; Կող. 4։14)։ Ինչևէ, Պողոսն ընդամենը թափ տվեց ձեռքը և վայր գցեց թունավոր օձին։ Նրան ոչինչ չպատահեց։

      21. ա) Ղուկասը մեծ ճշգրտությամբ ի՞նչ տեղեկություններ է հայտնում։ բ) Ի՞նչ հրաշքներ գործեց Պողոսը, և դրանք ինչպե՞ս անդրադարձան մալթացիների վրա։

      21 Մոտակայքում ապրում էր Պոպլիոս անունով մի հարուստ կալվածատեր։ Հավանաբար նա այդ կղզում աչքի ընկնող հռոմեական պաշտոնյա էր։ Ղուկասը նրան «կղզու գլխավոր» է անվանում։ Ուշագրավ է, որ հենց այդ տիտղոսն է օգտագործվում Մալթայում հայտնաբերված երկու արձանագրություններում։ Այդ պաշտոնյան երեք օր հյուրընկալեց Պողոսին ու նրա ուղեկիցներին։ Բայց Պոպլիոսի հայրը հիվանդ էր։ Ղուկասն, ինչպես միշտ, հայտնում է, թե կոնկրետ ինչ հիվանդություն էր դա։ Նա «ջերմություն ուներ և տառապում էր դիզենտերիայով»։ Պողոսն աղոթեց ու իր ձեռքերը դրեց Պոպլիոսի հոր վրա, և վերջինս ապաքինվեց։ Այդ հրաշքից տպավորված՝ մալթացիները սկսեցին ուրիշ հիվանդների էլ բերել առաքյալի մոտ։ Նրանք բազմաթիվ նվերներ տվեցին Պողոսին ու մյուս քրիստոնյաներին՝ ապահովելով նրանց բոլոր անհրաժեշտ բաներով (Գործ. 28։7-10)։

      22. ա) Մի պրոֆեսոր ի՞նչ է գրել Ղուկասի արձանագրության մասին։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։

      22 Պողոսի ճանապարհորդության այս հատվածը մեծ ճշգրտությամբ է ներկայացված։ Ըստ մի պրոֆեսորի՝ «Ղուկասի կողմից արձանագրված այս պատմությունը.... Աստվածաշնչում տեղ գտած ամենավառ նկարագրություններից է։ Այնտեղ այնպիսի ճշգրիտ մանրամասներ կան առաջին դարի նավավարության, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելքում տիրող եղանակային պայմանների վերաբերյալ», որ դրանք պետք է որ գրված լինեին օրագրում արված նշումների հիման վրա։ Բացառված չէ, որ Պողոսի հետ ճանապարհորդելիս Ղուկասը նման գրառումներ էր անում։ Եթե այդպես է, ապա նա բավական բան կունենար գրելու նաև իրենց հետագա ճանապարհորդության մասին։ Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ Պողոսի հետ, երբ նա վերջապես հասավ Հռոմ։

      ՄԱԼԹԱ. ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ԱՅՆ

      Ո՞րն է եղել Մալթա կոչված այն կղզին, որի մոտ Պողոսը նավաբեկության է ենթարկվել։ Առայսօր տարբեր ենթադրություններ են արվել։ Ոմանք կարծում են, որ այն գտնվում է Կերկիրա կղզուց ոչ հեռու՝ Հունաստանի արևմտյան կողմում։ Ոմանք էլ «Մալթա» թարգմանված հունարեն Մելի՛տե բառի հիման վրա եզրակացնում են, թե դա կարող է լինել Մելիտե Իլիրիան։ Ներկայումս Մլետ կոչվող այդ կղզին գտնվում է Ադրիատիկ ծովում՝ Խորվաթիայի ափից ոչ հեռու։

      Ինչ խոսք, Գործեր 27։27-ում նշվում է, որ այդ կղզին «Ադրիա ծովի վրա» էր։ Սակայն Պողոսի օրերում «Ադրիա ծովը» ավելին էր ներառում, քան ներկայիս Ադրիատիկ ծովը։ Այդպես էին կոչում նաև Հոնիական ծովը և Սիցիլիայի արևելյան ու Հունաստանի արևմտյան ափերը ողողող, ինչպես նաև ժամանակակից Մալթան շրջապատող ջրերը։

      Այն նավը, որով ճանապարհորդում էր Պողոսը, Կնիդոսից ուղղություն բռնեց դեպի հարավ՝ Կրետե կղզի։ Սաստիկ փոթորկի պատճառով նավը դժվար թե կարողանար թեքվել ու շարժվել հյուսիս՝ դեպի Մլետ կամ Կերկիրայից ոչ հեռու գտնվող ինչ-որ կղզի։ Տրամաբանական է եզրակացնել, որ Մալթան թերևս գտնվում էր ավելի հեռու՝ արևմուտքում։ Ուստի նավաբեկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Սիցիլիայից հարավ գտնվող Մալթա կղզու մոտ։

      a Կղզու բնակիչները չզարմացան՝ այդ օձին տեսնելով։ Այստեղից հետևում է, որ այն օրերում Մալթայում իժեր կային։ Սակայն այսօր չկան։ Թերևս դարերի ընթացքում դրանք վերացել են շրջակա միջավայրի փոփոխության հետևանքով։ Հնարավոր է նաև, որ Մալթայի հետզհետե աճող բնակչությունն է ոչնչացրել այդ սողուններին։

  • Նա «հիմնովին վկայություն տվեց»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
    • ԳԼՈՒԽ 27

      Նա «հիմնովին վկայություն տվեց»

      Պողոսը շարունակում է քարոզել Հռոմում նույնիսկ կալանքի տակ

      Գործեր 28։11-31

      1. Ո՞ւմ էին ապավինում Պողոսն ու նրա ուղեկիցները և ինչո՞ւ։

      Մ.Թ. ՄՈՏ 59 թվականն է։ «Զևսի որդիներ» նշանը կրող հսկայական նավը, որ հավանաբար հացահատիկ է տեղափոխում, դուրս է եկել Մալթա կղզուց և ուղևորվում է դեպի Իտալիա։ Այն տանում է կալանքի տակ գտնվող Պողոս առաքյալին՝ զինվորների ուղեկցությամբ, ինչպես նաև Ղուկասին ու Արիստարքոսին (Գործ. 27։2)։ Ի տարբերություն նավի անձնակազմի՝ այդ քարոզիչները չեն ապավինում հունական Զևս աստծու երկվորյակ որդիների՝ Կաստորի և Պոլլուքսի պաշտպանությանը (Գործ. 28։11)։ Պողոսն ու նրա ուղեկիցները ապավինում են Եհովային։ Նա վստահեցրել էր, որ առաքյալը ճշմարտության մասին վկայություն է տալու Հռոմում և կանգնելու է կայսրի առաջ (Գործ. 23։11; 27։24)։

      2-3. Պողոսն ի՞նչ ճանապարհով հասավ Հռոմ, և սկզբից ևեթ ո՞վ էր աջակցում նրան։

      2 Որոշ ժամանակ անց ուղևորները հասնում են Սիրակուզա։ Սիցիլիա կղզում գտնվող այդ գեղեցիկ քաղաքը իր կարևորությամբ չի զիջում Աթենքին և Հռոմին։ Երեք օր հետո նավը մեկնում է Հռեգիոն, որ գտնվում է իտալական թերակղզու «քթին»։ Ապա հարավային քամու շնորհիվ նավն անցնում է 320 կմ (200 մղոն) և ժամանակից շուտ՝ երկրորդ օրը, հասնում Պատիողոս նավահանգիստ՝ ներկայիս Նեապոլի մոտ (Գործ. 28։12, 13)։

      3 Պողոսի ճանապարհորդությունը մոտենում է իր ավարտին։ Շուտով նա կհասնի Հռոմ ու կներկայանա Ներոն կայսրին։ Ուղևորության ամբողջ ընթացքում «ամենայն մխիթարության Աստվածը» առաքյալի հետ է եղել (2 Կորնթ. 1։3)։ Ինչպես կտեսնենք, նա դեռ կշարունակի աջակցել իր հավատարիմ ծառային, իսկ Պողոսը երբեք չի կորցնի իր եռանդը ծառայության մեջ։

      «Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն» (Գործեր 28։14, 15)

      4-5. ա) Պողոսն ու նրա ուղեկիցներն ինչպիսի՞ ընդունելության արժանացան Պատիողոսում, և հավանաբար ինչո՞ւ էր առաքյալը ազատություն վայելում։ բ) Քրիստոնեավայել վարքը ի՞նչ օգուտ կարող է բերել նույնիսկ բանտում։

      4 Պատիողոսում առաքյալն ու նրա ուղեկիցները հանդիպեցին եղբայրների, որոնք աղաչեցին «յոթ օր իրենց մոտ մնալ» (Գործ. 28։14)։ Հյուրասիրության ի՜նչ հիանալի օրինակ թողեցին այդ քրիստոնյաները։ Անկասկած, նրանք մեծապես վարձատրվեցին դրա դիմաց. այդ եղբայրներն ու քույրերը հոգևոր լիցք և քաջալերանք ստացան Պողոսից ու նրա ուղեկիցներից։ Իսկ ինչպե՞ս կարող էր բանտարկված առաքյալը ազատորեն գնալ, ուր ուզում էր։ Հավանաբար նա շահել էր հռոմեացի հսկիչների լիակատար վստահությունը։

      5 Եհովայի ժամանակակից ծառաները նույնպես բանտերում և համակենտրոնացման ճամբարներում հատուկ արտոնություններ են ստացել իրենց քրիստոնեավայել վարքի շնորհիվ։ Օրինակ՝ Ռումինիայում մի տղամարդ, ով կողոպուտի համար ազատազրկվել էր 75 տարով, սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և անհավատալի փոփոխություններ կատարեց իր կյանքում։ Արդյունքում բանտի ղեկավարությունը սկսել էր այնքան վստահել նրան, որ հանձնարարում էր առանց որևէ հսկողության գնալ քաղաք և գնումներ անել բանտի համար։ Այո՛, արժանավայել վարքը ծառայում է քրիստոնյաների օգտին և, որ ամենակարևորն է, փառք է բերում Եհովային (1 Պետ. 2։12)։

      6-7. Հռոմի եղբայրների դրսևորած սերն ինչո՞վ էր առանձնահատուկ։

      6 Պատիողոսից հեռանալուց հետո Պողոսն ու նրա ուղեկիցները ոտքով անցան 50 կմ (30 մղոն) ու հասան Կապուա, որը գտնվում էր Հռոմ տանող Ապիյան ճանապարհին։ Այդ հայտնի ճանապարհը, որը պատված էր հրաբխային ծագում ունեցող հարթ ու քառակուսի քարերով, անցնում էր Իտալիայի գեղատեսիլ վայրերով։ Ապիյան ճանապարհի որոշ մասերից երևում էր Միջերկրական ծովը։ Այդ ուղին անցնում էր նաև Պոնտինե ճահիճների միջով՝ Հռոմից 60 կմ (40 մղոն) հեռավորության վրա, որտեղ գտնվում էր Ապիոսի շուկայի հրապարակը։ Ղուկասը գրում է. «Երբ այնտեղից եղբայրները լսեցին մեր մասին լուրը, մեզ դիմավորելու եկան»։ Ոմանք եկան մինչև շուկա, ոմանք էլ սպասեցին Երեք իջևանների մոտ՝ Հռոմից 50 կմ (30 մղոն) հեռավորության վրա։ Սիրո ինչպիսի՜ դրսևորում (Գործ. 28։15)։

      7 Ապիոսի շուկան հանգստանալու տեղ չէր հոգնած ճանապարհորդի համար։ Հռոմեացի բանաստեղծ-երգիծաբան Հորացիոսը գրում է, որ այն «լեփ-լեցուն էր նավաստիներով և մռայլ իջևանատերերով»։ Հորացիոսը նաև նշում է, որ «այնտեղի ջուրը գարշելի էր»։ Ուստի նա հրաժարվել էր անգամ այդ վայրում ճաշելուց։ Չնայած այդ բոլոր տհաճ հանգամանքներին՝ Հռոմի եղբայրներն ուրախությամբ սպասեցին Պողոսին ու նրա ծառայակիցներին, որպեսզի ուղեկցեն նրանց և ապահով տեղ հասցնեն։

      8. Եղբայրներին «տեսնելուն պես»՝ Պողոսն ինչո՞ւ շնորհակալություն հայտնեց Աստծուն։

      8 Եղբայրներին «տեսնելուն պես՝ Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջություն առավ» (Գործ. 28։15)։ Այո՛, ընդամենը տեսնելով իր թանկագին հավատակիցներին, որոնցից մի քանիսին թերևս անձամբ էր ճանաչում՝ առաքյալը մեծ լիցք ստացավ ու մխիթարվեց։ Պողոսն ինչո՞ւ շնորհակալություն հայտնեց Աստծուն։ Նա գիտեր, որ անշահախնդիր սերը ոգու պտղի հատկություններից է (Գաղ. 5։22)։ Այսօր նույնպես սուրբ ոգին մղում է քրիստոնյաներին իրար համար զոհողություններ անելու և միմյանց մխիթարելու (1 Թեսաղ. 5։11, 14)։

      9. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին հյուրընկալած հավատակիցներին։

      9 Սուրբ ոգին առատաձեռն քրիստոնյաներին մղում է հյուրընկալելու շրջանային վերակացուներին, իրենց բնակավայրն այցելած միսիոներներին կամ այլ լիաժամ ծառայողների, ովքեր մեծ զոհողություններ են անում Եհովային լիարժեքորեն ծառայելու համար։ Հարցրու ինքդ քեզ. «Ինչպե՞ս կարող եմ հյուրասիրություն ցուցաբերել շրջանային վերակացուի և նրա կնոջ հանդեպ (եթե նա ամուսնացած է)։ Կարո՞ղ եմ նրանցից մեկի հետ ծառայել»։ Այդպես վարվելով՝ առատ օրհնություններ կստանաս։ Պատկերացրու, թե որքան քաջալերվեցին հռոմեացի եղբայրները, երբ լսեցին Պողոսի ու նրա ուղեկիցների կերտիչ պատմությունները (Գործ. 15։3, 4)։

      «Ամեն տեղ դրա դեմ են խոսում» (Գործեր 28։16-22)

      10. Ինչպիսի՞ն էին Պողոսի հանգամանքները Հռոմում, և ի՞նչ արեց առաքյալը տեղ հասնելուց կարճ ժամանակ անց։

      10 Հռոմ հասնելուց հետո «Պողոսին թույլ տրվեց առանձին մնալ՝ զինվորի հսկողության տակ» (Գործ. 28։16)։ Որպեսզի տնային կալանքի տակ գտնվողները չփախչեին, այն օրերում նրանց սովորաբար շղթայով կապում էին իրենց հսկող զինվորի հետ։ Սակայն դա չէր կարող լռեցնել Պողոսին՝ Թագավորության քարոզչին։ Ուստի ընդամենը երեք օր հանգստանալուց և ուժերը վերականգնելուց հետո Պողոսն իր մոտ հրավիրեց Հռոմում բնակվող ազդեցիկ հրեաներին, որպեսզի ներկայանա նրանց և վկայություն տա։

      11-12. Պողոսն ինչպե՞ս փորձեց ընդհանուր եզրեր գտնել տեղի հրեաների հետ։

      11 Պողոսն ասաց. «Եղբայրնե՛ր, ժողովրդին և մեր նախահայրերի սովորույթներին դեմ ոչինչ չէի արել, սակայն Երուսաղեմից ինձ՝ որպես բանտարկյալի, հանձնեցին հռոմեացիների ձեռքը։ Հարցաքննելուց հետո նրանք ուզում էին ինձ ազատ արձակել, քանի որ մահվան արժանի բան չկար ինձանում։ Բայց երբ հրեաները շարունակեցին դրան հակառակ խոսել, ես ստիպված եղա կայսրին բողոքել, սակայն ոչ այն բանի համար, որ ուզում էի ինչ-որ բանում մեղադրել իմ ազգին» (Գործ. 28։17-19)։

      12 Իր հրեա ունկնդիրներին «եղբայրներ» անվանելով՝ Պողոսը փորձեց ընդհանուր եզրեր գտնել նրանց հետ և հաղթահարել այն նախապաշարումը, որ նրանք միգուցե ունեին իր հանդեպ (1 Կորնթ. 9։20)։ Առաքյալը նաև բացատրեց, որ Հռոմ է եկել ոչ թե իր հայրենակիցներին մեղադրելու, այլ կայսրին բողոքելու նպատակով։ Սակայն այնտեղի հրեական համայնքը ոչինչ չէր լսել այդ մասին (Գործ. 28։21)։ Ինչո՞ւ հակառակորդները կապ չէին հաստատել Հռոմի հրեաների հետ։ Ահա թե ինչ է ասվում մի աշխատության մեջ. «Ըստ ամենայնի, Պողոսը ձմեռվանից հետո ծով դուրս եկած առաջին նավերից մեկով էր եկել Իտալիա։ Ուստի Երուսաղեմի հրեա իշխանավորները չէին հասցրել մարդ ուղարկել կամ նամակ գրել»։

      13-14. Պողոսն ինչպե՞ս անցավ Թագավորության թեմային, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

      13 Թագավորության թեմային անցնելու նպատակով Պողոսը մի այնպիսի միտք ասաց, որն, անկասկած, շարժեց հրեաների հետաքրքրությունը. «Հենց այս պատճառով էլ ես աղաչեցի, որ տեսնեմ ու խոսեմ ձեզ հետ, որովհետև Իսրայելի հույսի համար եմ այս շղթայով կապված» (Գործ. 28։20)։ Այդ հույսն, իհարկե, առնչություն ուներ Մեսիայի ու նրա Թագավորության հետ, որոնց մասին քարոզում էին քրիստոնյաները։ Ուստի հրեա երեցները պատասխանեցին. «Մտածում ենք՝ տեղին է, որ քեզանից լսենք, թե դու ինչ կարծիքի ես, որովհետև ինչ վերաբերում է այս աղանդին, մեզ իսկապես հայտնի է, որ ամեն տեղ դրա դեմ են խոսում» (Գործ. 28։22)։

      14 Երբ բարի լուրը քարոզելու հարմար առիթ է ստեղծվում, կարող ենք ընդօրինակել Պողոսին և ասել այնպիսի մտքեր կամ տալ այնպիսի հարցեր, որոնք կմղեն ունկնդիրներին մտածելու և կշարժեն նրանց հետաքրքրությունը։ Հիանալի առաջարկներ կարող ենք գտնել «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկում, «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքում և «Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ» գրքույկում։ Լիարժեքորե՞ն ես օգտվում Աստվածաշնչի ուսումնասիրության այս ձեռնարկներից։

      Օրինակ՝ «հիմնովին վկայություն տալու» հարցում (Գործեր 28։23-29)

      15. Ի՞նչ չորս պատճառներով է ուշագրավ Պողոսի քարոզը։

      15 Ինչպես արդեն նշվեց, Հռոմի հրեաները որոշված օրը «շատ մարդկանցով եկան» Պողոսի բնակության վայրը։ Առաքյալն ամեն ինչ բացատրում էր նրանց՝ «առավոտից մինչև երեկո.... հիմնովին վկայություն տալով Աստծու թագավորության մասին, նաև համոզիչ փաստարկներ էր բերում Հիսուսի մասին ինչպես Մովսեսի օրենքից, այնպես էլ Մարգարեներից» (Գործ. 28։23)։ Պողոսի այդ քարոզը ուշագրավ է չորս պատճառով։ Առաջին՝ նրա գլխավոր թեման Աստծու Թագավորությունն էր։ Երկրորդ՝ առաքյալը փորձում էր իր ունկնդիրների սրտին հասնել համոզիչ փաստարկների միջոցով։ Երրորդ՝ նա իր խոսքերը հիմնում էր Աստվածաշնչի վրա։ Չորրորդ՝ Պողոսն անձնազոհություն էր դրսևորում՝ վկայություն տալով «առավոտից մինչև երեկո»։ Ի՜նչ հիանալի օրինակ մեզ համար։ Իսկ ի՞նչ արդյունքի հասավ առաքյալը։ Ղուկասը գրում է, որ «ոմանք սկսեցին հավատալ», ոմանք էլ ոչ։ Կարծիքները բաժանվեցին, և մարդիկ «սկսեցին հեռանալ» (Գործ. 28։24, 25ա)։

      16-18. Հրեաների բացասական արձագանքն ինչո՞ւ չզարմացրեց Պողոսին, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

      16 Հրեաների արձագանքը չզարմացրեց Պողոսին, քանի որ նա հաճախ էր այդպիսի բան տեսել։ Բացի այդ, համաձայն մարգարեության, մարդիկ նման ձևով էին արձագանքելու բարի լուրին (Գործ. 13։42-47; 18։5, 6; 19։8, 9)։ Ուստի Պողոսն ասաց այն հյուրերին, ովքեր կարծրացրին իրենց սիրտը և սկսեցին հեռանալ. «Սուրբ ոգին Եսայիա մարգարեի միջոցով շատ տեղին խոսեց ձեր նախահայրերի հետ՝ ասելով. «Գնա այս ժողովրդի մոտ և ասա. «Լսելով կլսեք, բայց երբեք չեք հասկանա և նայելով կնայեք, բայց երբեք չեք տեսնի։ Այս ժողովրդի սիրտը կարծրացել է»»» (Գործ. 28։25բ-27)։ «Կարծրացած» թարգմանված բնագրային բառը նշանակում է «հաստացած» կամ «ճարպակալած», ինչի հետևանքով Թագավորության լուրը չի ներթափանցում անհատի սիրտը (Գործ. 28։27)։ Որքա՜ն ցավալի է այդ փաստը։

      17 Վերջում Պողոսը նշեց, որ ի տարբերություն հրեաների՝ ազգերն «անկասկած կլսեն» բարի լուրը (Գործ. 28։28; Սաղ. 67։2; Ես. 11։10)։ Առաքյալը հիմք ուներ ասելու այդ խոսքերը, քանի որ անձամբ էր տեսել, թե ինչպես են բազմաթիվ այլազգիներ ընդունել Թագավորության լուրը (Գործ. 13։48; 14։27)։

      18 Պողոսը լավ օրինակ է մեզ համար։ Երբ մարդիկ չեն լսում բարի լուրը, պետք չէ սրտին շատ մոտ ընդունել։ Չէ՞ որ քչերն են ընտրելու կյանքի ճանապարհը (Մատթ. 7։13, 14)։ Մյուս կողմից՝ երբ սրտի ճիշտ տրամադրվածություն ունեցողներն ընդունում են ճշմարտությունը, մենք ուրախանում ենք և ի սրտե ողջունում նրանց (Ղուկ. 15։7)։

      «Աստծու թագավորությունն էր քարոզում» (Գործեր 28։30, 31)

      19. Պողոսն ինչպե՞ս լավագույնս օգտվեց իր հանգամանքներից։

      19 Ղուկասը իր գիրքն ավարտում է հետևյալ քաջալերական ու ջերմ խոսքերով. «Ամբողջ երկու տարի [Պողոսն] իր վարձված տանն էր մնում՝ սրտաբաց ընդունելով բոլորին, ովքեր իր մոտ էին գալիս։ Առանց որևէ արգելքի, խոսելու մեծ ազատությամբ նրանց Աստծու թագավորությունն էր քարոզում ու սովորեցնում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին» (Գործ. 28։30, 31)։ Հյուրասիրության, հավատի և ջերմեռանդության ի՜նչ հիանալի օրինակ։

      20-21. Հռոմում ովքե՞ր օգուտ քաղեցին Պողոսի ծառայությունից։

      20 Պողոսի այցելուներից մեկը Օնեսիմոս անունով մի ստրուկ էր, ով փախել էր Կողոսայում ապրող իր տիրոջից։ Առաքյալը բարյացակամորեն օգնեց նրան ընդունելու Քրիստոսին։ Արդյունքում Օնեսիմոսը «հավատարիմ և սիրելի եղբայր» դարձավ նրա համար։ Իսկ Պողոսը նրա համար «հոր պես դարձավ» (Կող. 4։9; Փիլիմ. 10-12)։ Օնեսիմոսն, անկասկած, քաջալերանքի մեծ աղբյուր էր առաքյալի համար։a

      21 Պողոսի հիանալի օրինակից օգուտներ քաղեցին նաև շատ ուրիշ մարդիկ։ Փիլիպպեցիներին ուղղված իր նամակում առաքյալը գրեց. «Ինձ հետ պատահածը բարի լուրի տարածմանը նպաստեց, ոչ թե հակառակը, այնպես որ ողջ պրետորական գվարդիան և մնացած բոլորը իմացան, որ ես բանտի կապանքների մեջ եմ Քրիստոսին ծառայելու համար։ Եվ Տիրոջը ծառայող եղբայրների մեծ մասը, բանտի կապանքներիս շնորհիվ վստահությամբ լցվելով, Աստծու խոսքն ավելի մեծ քաջությամբ ու անվախորեն է քարոզում» (Փիլիպ. 1։12-14)։

      22. Կալանքի տակ գտնվելիս Պողոսն ինչպե՞ս օգտագործեց ժամանակը։

      22 Լինելով կալանքի տակ՝ Պողոսը ժամանակ ուներ գրելու կարևոր նամակներ, որոնք ներկայումս Քրիստոնեական Հունարեն Գրությունների մաս են կազմում։b Այդ նամակներից օգուտներ քաղեցին առաջին դարի քրիստոնյաները։ Մենք նույնպես շատ դասեր ենք սովորում Պողոսի նամակներից, քանի որ այդ ներշնչյալ խորհուրդները չեն կորցրել իրենց արդիականությունը (2 Տիմոթ. 3։16, 17)։

      ՊՈՂՈՍԻ ՀԻՆԳ ՆԱՄԱԿՆԵՐԸ՝ ՀՌՈՄՈՒՄ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

      Պողոս առաքյալի նամակներից հինգը գրվել են մ. թ. մոտ 60-61 թթ.-ին՝ Հռոմում նրա առաջին ազատազրկման ժամանակ։ «Փիլիմոն» նամակում առաքյալը Փիլիմոն անունով մի եղբոր տեղեկացնում է, որ փախուստի դիմած նրա ստրուկը՝ Օնեսիմոսը, քրիստոնյա է դարձել։ Պողոսը վերջինիս հոգևոր հայրն էր։ Այժմ նա այդ ստրուկին, ով «նախկինում պիտանի չէր», հետ էր ուղարկում Փիլիմոնի մոտ (Փիլիմ. 10-12, 16)։

      «Կողոսացիներ» նամակից երևում է, որ Օնեսիմոսն այդ ժողովի անդամ էր (Կող. 4։9)։ Վերջինս Տյուքիկոս անունով մի քրիստոնյայի հետ պատիվ ունեցավ տեղ հասցնելու վերոհիշյալ երկու նամակները, ինչպես նաև «Եփեսացիներ» նամակը (Եփես. 6։21)։

      «Փիլիպպեցիներ» նամակում առաքյալը հիշատակում է «բանտի [իր] կապանքները» և նորից խոսում է այն եղբոր մասին, ով տեղ է հասցնելու նամակը։ Այս անգամ դա Եպաֆրոդիտոսն է։ Փիլիպպեցիները վերջինիս ուղարկել էին Պողոսին օգնելու։ Սակայն Եպաֆրոդիտոսը այնպես էր հիվանդացել, որ քիչ էր մնում մահանար։ Բացի դրանից՝ այդ եղբայրը շատ էր վհատվել՝ իմանալով, որ փիլիպպեցիները «լսել էին, որ նա հիվանդացել էր»։ Պողոսը պատվիրեց թանկ գնահատել այդպիսի մարդկանց (Փիլիպ. 1։7; 2։25-30)։

      «Եբրայեցիներ» նամակը ուղղված էր Հրեաստանի եբրայեցի քրիստոնյաներին։ Թեև նամակից կոնկրետ չի երևում, թե ով է արձանագրել այն, սակայն փաստերը ցույց են տալիս, որ դա եղել է Պողոսը։ Նամակը գրված է նրա ոճով։ Պողոսը բարևներ է ուղարկում Իտալիայից, բացի այդ՝ հիշատակում է Տիմոթեոսին, ով իր հետ Հռոմում էր (Փիլիպ. 1։1; Կող. 1։1; Փիլիմ. 1; Եբր. 13։23, 24)։

      23-24. Բանտում գտնվող շատ քրիստոնյաներ ինչպե՞ս են շարունակել ուրախությամբ քարոզել։

      23 «Գործեր» գրքում չի նշվում, թե Պողոսն ինչպես ազատվեց բանտից։ Ակներևաբար նա մոտ չորս տարի կալանքի տակ մնաց. երկու տարի՝ Կեսարիայում և երկու տարի՝ Հռոմումc (Գործ. 23։35; 24։27)։ Սակայն առաքյալը չկորցրեց ուրախությունը և իր ուժերի ներածին չափով շարունակեց սուրբ ծառայություն մատուցել Աստծուն։ Մեր օրերում նույնպես Եհովայի ծառաներից շատերին իրենց հավատի համար անարդարացիորեն ազատազրկում են։ Սակայն նրանք չեն կորցնում իրենց ուրախությունը և շարունակում են քարոզել։ Այս առումով ուշագրավ է Ադոլֆոյի օրինակը։ Վերջինիս Իսպանիայում բանտարկել էին քրիստոնեական չեզոքություն պահելու համար։ Մի անգամ բանտի աշխատակիցներից մեկն ասաց նրան. «Մենք զարմանում ենք քեզ վրա։ Կյանքդ դժոխք էինք դարձրել։ Բայց ինչքան շատ էինք քեզ տանջում, այնքան ավելի շատ էիր ժպտում ու բարի խոսք ասում»։

      24 Ի վերջո, Ադոլֆոն շահեց բոլորի վստահությունը։ Նրա խցի դուռն անգամ չէին փակում։ Զինվորները պարբերաբար այցելում էին այդ եղբորը և աստվածաշնչյան թեմաներով հարցեր տալիս։ Բանտապահներից մեկը նույնիսկ նրա խցում Աստվածաշունչ էր կարդում։ Այդ ընթացքում Ադոլֆոն էր կանգնում նրա փոխարեն։ Ստացվում է՝ բանտարկյալն էր «հսկում» բանտապահին։ Թող որ այդպիսի Վկաների հիանալի օրինակը մղի մեզ «Աստծու խոսքն ավելի մեծ քաջությամբ ու անվախորեն քարոզելու», նույնիսկ եթե հայտնվենք ծանր հանգամանքներում։

      25-26. Պողոսը ո՞ր մարգարեության կատարումը տեսավ մոտ 30 տարի անց, և ի՞նչ զուգահեռ կարելի է անցկացնել մեր օրերի հետ։

      25 Քրիստոսի առաքյալը, տնային կալանքի տակ, «Աստծու թագավորությունն է քարոզում» բոլոր նրանց, ովքեր այցելում են իրեն. ի՜նչ քաջալերական ավարտ ունի «Գործեր» գիրքը։ Առաջին գլխում կարդացինք, որ Հիսուսն իր աշակերտներին հետևյալ պատվերը տվեց. «Դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ 30 տարի էլ չէր անցել այդ խոսքերից, իսկ Թագավորության լուրը արդեն «քարոզվել էր երկնքի տակ գտնվող բոլոր ստեղծվածներին»d (Կող. 1։23)։ Սուրբ ոգու զորության ինչպիսի՜ ապացույց (Զաք. 4։6)։

      26 Այսօր նույն ոգին զորացնում է օծյալ մնացորդին և նրանց աջակիցներին՝ «ուրիշ ոչխարներին»։ Դրա շնորհիվ նրանք շարունակում են «հիմնովին վկայություն տալ Աստծու թագավորության մասին» ավելի քան 240 երկրներում (Հովհ. 10։16; Գործ. 28։23)։ Արդյոք լիարժեքորեն մասնակցո՞ւմ ես այդ գործին։

      ՊՈՂՈՍԻ ԿՅԱՆՔԸ Մ. Թ. 61 Թ.-ԻՑ ՀԵՏՈ

      Հավանաբար մ. թ. 61 թ.-ին Պողոսը ներկայացավ Ներոն կայսրին, ով, ըստ ամենայնի, նրան անմեղ ճանաչեց։ Դրանից հետո առաքյալի ծավալած գործունեության մասին շատ բան հայտնի չէ։ Եթե նրան հաջողվեց իրականացնել Իսպանիա գնալու իր նպատակը, ապա դա, ըստ երևույթին, տեղի ունեցավ հենց այդ ընթացքում (Հռոմ. 15։28)։ Ինչպես մ. թ. 95 թ.-ին նշեց Կղեմես Հռոմեացին, Պողոսը հասավ «մինչև արևմուտքի ծայրը»։

      Բանտից ազատվելուց հետո առաքյալը գրեց երեք նամակ՝ «1 Տիմոթեոս», «2 Տիմոթեոս» և «Տիտոս» նամակները։ Դրանցից տեղեկանում ենք, որ նա այցելել էր Կրետե կղզի, Մակեդոնիա, Նիկոպոլիս և Տրովադա (1 Տիմոթ. 1։3; 2 Տիմոթ. 4։13; Տիտոս 1։5; 3։12)։ Ամենայն հավանականությամբ, Նիկոպոլսում (Հունաստան) Պողոսին կրկին ձերբակալեցին։ Ամեն դեպքում, մոտավորապես մ. թ. 65 թ.-ին առաքյալը նորից բանտարկված էր Հռոմում։ Սակայն այս անգամ Ներոնը անողորմ գտնվեց։ Երբ մ. թ. 64 թ.-ին հրդեհն ավերել էր Հռոմը, այդ կայսրը, համաձայն պատմիչ Տակիտոսի, դրանում անարդարացիորեն մեղադրել էր քրիստոնյաներին և սկսել էր դաժանաբար հալածել նրանց։

      Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակում Պողոսը, իմանալով, որ շուտով մահանալու է, խնդրեց նրան Մարկոսի հետ շուտ գալ իր մոտ։ Ուշադրության է արժանի Ղուկասի և Օնեսիֆորոսի քաջությունը, ովքեր Պողոսին մխիթարելու համար վտանգի ենթարկեցին իրենց կյանքը (2 Տիմոթ. 1։16, 17; 4։6-9, 11)։ Այդ ժամանակ հրապարակորեն քրիստոնեություն դավանելու պատճառով մարդուն կարող էին անգամ ձերբակալել և տանջամահ անել։ «2 Տիմոթեոս» նամակը գրելուց կարճ ժամանակ անց՝ մ. թ. մոտ 65 թ.-ին, Պողոսը նահատակվեց։ Որքանով որ հայտնի է, առաքյալի մահից երեք տարի անց Ներոնը նույնպես դաժանաբար սպանվեց։

      ԲԱՐԻ ԼՈՒՐԸ ՔԱՐՈԶՎԵՑ «ԲՈԼՈՐ ՍՏԵՂԾՎԱԾՆԵՐԻՆ»

      Մ. թ. մոտ 61 թ.-ին Պողոսը Հռոմում բանտարկության մեջ գտնվելիս գրեց, որ «[բարի լուրը] քարոզվեց երկնքի տակ գտնվող բոլոր ստեղծվածներին» (Կող. 1։23)։ Ինչպե՞ս պետք է հասկանանք այս խոսքերը։

      Պողոսը հավանաբար ներկայացնում էր, թե ինչ տարածում է ստացել «բարի լուրը»։ Օրինակ՝ մ. թ. ա 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացին գրավել էր Ասիան և հասել Հնդկաստանի սահմաններ։ Մ. թ. ա. 55 թ.-ին Հուլիոս Կեսարը ներխուժել էր Բրիտանիա։ Իսկ մ. թ. 43 թ.-ին Կլավդիոս կայսրը գրավել էր այդ կղզու հարավային մասը և միացրել Հռոմեական տերությանը։ Հեռավոր Արևելքը նույնպես հայտնի էր, քանի որ այնտեղ բարձրորակ մետաքս էր արտադրվում։

      Արդյո՞ք բարի լուրը քարոզվել էր Բրիտանիայում, Չինաստանում և Հեռավոր Արևելքում։ Դժվար թե։ Իրականում «Կողոսացիներ» նամակը գրելիս Պողոսը դեռ չէր իրագործել նույնիսկ Իսպանիայում՝ «չքարոզված տարածքում», վկայություն տալու իր նպատակը, որի մասին գրել էր դեռևս մ. թ. մոտ 56 թ.-ին (Հռոմ. 15։20, 23, 24)։ Այդուհանդերձ, մ. թ. 61 թ.-ին Թագավորության լուրը հայտնի էր շատ վայրերում՝ առնվազն այն երկրներում, որտեղ ապրում էին մ. թ. 33 թ. Պենտեկոստեին մկրտված հրեաներն ու պրոզելիտները, և որտեղ քարոզել էին Հիսուսի առաքյալները (Գործ. 2։1, 8-11, 41, 42)։

      a Պողոսը ցանկանում էր իր մոտ պահել Օնեսիմոսին, սակայն դրանով նա կխախտեր Հռոմի օրենքը և վերջինիս տիրոջ՝ Փիլիմոն անունով մի քրիստոնյայի իրավունքները։ Ուստի Օնեսիմոսը վերադարձավ իր տիրոջ մոտ՝ իր հետ տանելով Պողոսի նամակը, որում առաքյալը Փիլիմոնին խնդրում էր իր ստրուկին գրկաբաց ընդունել որպես հոգևոր եղբոր (Փիլիմ. 13-19)։

      b Տես «Պողոսի հինգ նամակները՝ Հռոմում ազատազրկման ժամանակ» շրջանակը։

      c Տես «Պողոսի կյանքը մ. թ. 61 թ.-ից հետո» շրջանակը։

      d Տես «Բարի լուրը քարոզվեց «բոլոր ստեղծվածներին»» շրջանակը։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը