-
Քրիստոնեությունը տարածվում է շատ երկրներումՍովորում եմ Աստվածաշնչից
-
-
ԴԱՍ 98
Քրիստոնեությունը տարածվում է շատ երկրներում
Առաքյալները հնազանդվեցին ամբողջ երկրով մեկ բարի լուրը քարոզելու Հիսուսի պատվերին։ Մ. թ. 47 թ.-ին Անտիոքի եղբայրները Պողոսին ու Բառնաբասին ուղարկեցին քարոզչական շրջագայության։ Այդ երկու եռանդուն քարոզիչները շրջեցին ողջ Փոքր Ասիայում ու եղան այնպիսի վայրերում ինչպիսիք են Դերբեն, Լյուստրան և Իկոնիոնը։
Պողոսն ու Բառնաբասը քարոզում էին բոլորին՝ թե՛ հարուստներին, թե՛ աղքատներին, թե՛ երիտասարդներին, թե՛ տարեցներին։ Շատ մարդիկ ընդունում էին Քրիստոսի մասին ճշմարտությունը։ Երբ Պողոսն ու Բառնաբասը քարոզեցին Սերգիոս Պողոսին՝ Կիպրոսի կառավարչին, մի կախարդ փորձեց խանգարել նրանց։ Այդ ժամանակ Պողոսն ասաց նրան. «Եհովան կպատժի քեզ»։ Այդ պահին կախարդը կուրացավ։ Տեսնելով պատահածը՝ կառավարիչը հավատացյալ դարձավ։
Պողոսն ու Բառնաբասը քարոզում էին ամենուրեք՝ տնից տուն, հրապարակներում, ճանապարհներին և ժողովարաններում։ Լյուստրայում նրանք մի կաղ մարդու բուժեցին, և այն մարդիկ, ովքեր տեսան այդ հրաշքը, կարծեցին, թե Պողոսն ու Բառնաբասը աստվածներ են, և ուզեցին երկրպագել նրանց։ Բայց Պողոսն ու Բառնաբասը թույլ չտվեցին նրանց դա անել և ասացին. «Մենք պարզապես մարդ ենք։ Միայն Աստծո՛ւն երկրպագեք»։ Հետո որոշ հրեաներ եկան ու ժողովրդին Պողոսի դեմ հանեցին։ Ամբոխը քարկոծեց նրան, քարշ տվեց քաղաքից դուրս և թողեց այնտեղ՝ կարծելով, թե մեռած է։ Սակայն Պողոսը ողջ էր։ Եղբայրները իսկույն օգնության հասան նրան ու հետ տարան քաղաք։ Ավելի ուշ նա վերադարձավ Անտիոք։
Մ. թ. 49 թ.-ին Պողոսը մեկ ուրիշ շրջագայության գնաց։ Նա վերադարձավ Փոքր Ասիա, որ տեսնի եղբայրներին, և հետո բարի լուրը քարոզեց ավելի հեռու վայրերում՝ հասնելով մինչև Եվրոպա։ Նա գնաց Աթենք, Եփեսոս, Փիլիպպե, Թեսաղոնիկե և ուրիշ տեղեր։ Շիղան, Ղուկասը ու Տիմոթեոս անունով մի երիտասարդ միացան Պողոսին։ Նրանք միասին համագործակցում էին, որ ժողովներ հիմնեին և ամրացնեին դրանք։ Պողոսը մնաց Կորնթոսում մեկուկես տարի և զորացրեց այնտեղի եղբայրներին։ Նա քարոզում էր, ուսուցանում և նամակներ էր գրում բազմաթիվ ժողովների։ Նա նաև աշխատում էր. նրա գործը վրաններ պատրաստելն էր։ Որոշ ժամանակ անց Պողոսը վերադարձավ Անտիոք։
Ավելի ուշ՝ մ. թ. 52 թ.-ին, Պողոսը կատարեց իր երրորդ շրջագայությունը՝ այն սկսելով Փոքր Ասիայից։ Նա գնաց հյուսիս՝ հասնելով մինչև Փիլիպպե, իսկ հետո գնաց Կորնթոս։ Առաքյալը մի քանի տարի անցկացրեց նաև Եփեսոսում՝ սովորեցնելով, բուժումներ անելով և օգնելով ժողովին։ Նա ամեն օր ելույթներ էր ունենում մի դպրոցում։ Շատերն էին լսում նրան և փոխում իրենց կյանքը։ Ի վերջո շատ երկրներում բարի լուրը քարոզելուց հետո Պողոսը գնաց Երուսաղեմ։
«Ուստի գնացեք և բոլոր ազգերի մարդկանց օգնեք աշակերտներ դառնալ» (Մատթեոս 28։19)։
-
-
Բանտապահը իմանում է ճշմարտությունըՍովորում եմ Աստվածաշնչից
-
-
ԴԱՍ 99
Բանտապահը իմանում է ճշմարտությունը
Փիլիպպեում մի դիվահար աղջիկ կար։ Այդ աղջիկը գուշակություն էր անում և իր տերերին մեծ շահ էր բերում։ Երբ Պողոսն ու Շիղան եկան Փիլիպպե, այդ աղջիկը սկսեց նրանց հետևից գնալ։ Դա տևեց շատ օրեր։ Դևն այնպես էր անում, որ նա բղավեր ու ասեր. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծու ծառաներ են»։ Ի վերջո Պողոսը դևին ասաց. «Հիսուսի անունով հրամայում եմ քեզ, դո՛ւրս արի նրա միջից»։ Եվ նա դուրս եկավ։
Երբ աղջկա տերերը հասկացան, որ այլևս չեն կարող նրա միջոցով շահ ստանալ, շատ բարկացան։ Նրանք Պողոսին ու Շիղային քարշ տվեցին քաղաքի պաշտոնյաների մոտ և ասացին. «Այս մարդիկ խախտում են օրենքը և շատ անհանգստություն են պատճառում մեր քաղաքին»։ Այդ ժամանակ քաղաքի պաշտոնյաները հրամայեցին, որ Պողոսին ու Շիղային ծեծեն ու բանտ գցեն։ Բանտապահը նրանց բանտի ամենամութ մասը գցեց՝ փակելով ներքին խցերից մեկում, և նրանց ոտքերը կոճղի մեջ դրեց։
Պողոսն ու Շիղան երգով սկսեցին գովաբանել Եհովային, իսկ մյուս բանտարկյալները լսում էին։ Հանկարծ կեսգիշերին ուժգին երկրաշարժ եղավ, այնպես որ բանտը ցնցվեց։ Բանտի դռները բացվեցին, և բանտարկյալների շղթաներն ու կոճղերը ընկան։ Բանտապահը վազեց դեպի բանտի ներքին խցերը և տեսավ, որ դռները բացվել են։ Վստահ լինելով, որ բոլոր բանտարկյալները փախել են՝ նա քաշեց իր սուրը, որ սպանի իրեն։
Հենց այդ պահին Պողոսը բղավեց. «Քեզ մի՛ վնասիր։ Բոլորս այստեղ ենք»։ Բանտապահը մտավ բանտախուց և ընկավ Պողոսի ու Շիղայի առաջ։ Նա հարցրեց նրանց. «Ի՞նչ պիտի անեմ, որ փրկվեմ»։ Նրանք պատասխանեցին. «Դու և քո տունը պետք է հավատաք Հիսուսին»։ Հետո Պողոսն ու Շիղան նրանց սովորեցրին Եհովայի խոսքը։ Եվ բանտապահն ու նրա տնեցիները մկրտվեցին։
«Ձեզ կհալածեն ու կբռնեն, կդատեն ժողովարաններում ու բանտ կգցեն և իմ անվան համար կկանգնեցնեն թագավորների ու կառավարիչների առաջ։ Դրա շնորհիվ վկայություն տալու հնարավորություն կունենաք» (Ղուկաս 21։12, 13)։
-
-
Պողոս և ՏիմոթեոսՍովորում եմ Աստվածաշնչից
-
-
ԴԱՍ 100
Պողոս և Տիմոթեոս
Տիմոթեոսը մի երիտասարդ եղբայր էր, որը ծառայում էր Լյուստրայի ժողովում։ Նրա հայրը հույն էր, իսկ մայրը՝ հրեա։ Տիմոթեոսը դեռ մանկությունից սովորել էր Եհովայի մասին։ Նրան կրթել էին նրա մայրը՝ Եվնիկեն, և տատը՝ Լոիդան։
Երբ Պողոսը իր երկրորդ քարոզչական շրջագայության ժամանակ այցելեց Լյուստրա, նկատեց, որ Տիմոթեոսը սիրում է եղբայրներին ու շատ է ցանկանում օգնել նրանց։ Պողոսը նրան հրավիրեց իր հետ ճանապարհորդելու։ Ժամանակի ընթացքում առաքյալը կրթեց Տիմոթեոսին, որ բարի լուրի լավ քարոզիչ և ուսուցիչ լինի։
Ուր էլ որ Պողոսը և Տիմոթեոսը գնում էին, սուրբ ոգին առաջնորդում էր նրանց։ Մի գիշեր տեսիլքում մի մարդ Պողոսին ասաց, որ գնա Մակեդոնիա և օգնի իրենց։ Ուստի Պողոսը, Տիմոթեոսը, Շիղան և Ղուկասը գնացին, որ այնտեղ քարոզեն ու ժողովներ հիմնեն։
Մակեդոնիայի Թեսաղոնիկե քաղաքում շատ տղամարդիկ ու կանայք քրիստոնյա դարձան։ Սակայն որոշ հրեաներ նախանձում էին Պողոսին ու նրա ընկերակիցներին։ Նրանք մի մեծ խումբ կազմեցին ու եղբայրներին քարշ տվեցին քաղաքի իշխանների մոտ՝ բղավելով. «Այս մարդիկ հռոմեական պետության թշնամինե՛րն են»։ Քանի որ Պողոսի ու Տիմոթեոսի կյանքին վտանգ էր սպառնում, գիշերը նրանք փախան Բերիա։
Բերիայի բնակիչները շատ էին ուզում լսել բարի լուրը, և թե՛ հույները, թե՛ հրեաները հավատացյալ դարձան։ Բայց երբ Թեսաղոնիկեից որոշ հրեաներ եկան, որ մարդկանց Պողոսի դեմ տրամադրեն, նա հեռացավ ու գնաց Աթենք։ Տիմոթեոսն ու Շիղան մնացին Բերիայում, որ զորացնեն եղբայրներին։ Որոշ ժամանակ անց Պողոսը Տիմոթեոսին հետ ուղարկեց Թեսաղոնիկե, որ օգնի եղբայրներին դիմադրելու ուժգին հալածանքին։ Հետագայում Պողոսը նրան ուղարկեց ուրիշ շատ ժողովներ, որպեսզի նա քաջալերի նրանց։
Պողոսը Տիմոթեոսին ասաց. «Նրանք, ովքեր ցանկանում են ծառայել Եհովային, պիտի հալածվեն»։ Տիմոթեոսը հալածվեց ու բանտարկվեց իր հավատի համար։ Նա ուրախ էր, որ հնարավորություն ուներ ցույց տալու Եհովայի նկատմամբ իր նվիրվածությունը։
Պողոսը փիլիպպեցիներին ասաց. «Ձեզ մոտ եմ ուղարկում Տիմոթեոսին։ Նա կսովորեցնի ձեզ, թե ինչ է նշանակում քայլել ճշմարտության մեջ, և կօգնի, որ ավելի լավ կատարեք ձեր ծառայությունը»։ Պողոսը գիտեր, որ կարող է վստահել Տիմոթեոսին։ Լինելով ընկերներ և ծառայակիցներ՝ նրանք երկար տարիներ համագործակցեցին իրար հետ։
«Նա անկեղծորեն հետաքրքրված է ձեզնով։ Այդպիսի տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չկա կողքիս։ Մնացած բոլորը իրենց անձնական շահն են հետապնդում և ոչ թե Հիսուս Քրիստոսինը» (Փիլիպպեցիներ 2։20, 21)։
-
-
Պողոսին ուղարկում են ՀռոմՍովորում եմ Աստվածաշնչից
-
-
ԴԱՍ 101
Պողոսին ուղարկում են Հռոմ
Պողոսի երրորդ քարոզչական շրջագայությունը ավարտվեց Երուսաղեմում։ Այնտեղ նրան ձերբակալեցին ու բանտ գցեցին։ Գիշերը տեսիլքում Հիսուսը նրան ասաց. «Դու կգնաս Հռոմ և այնտեղ կքարոզես»։ Դրանից հետո Պողոսին Երուսաղեմից տարան Կեսարիա, որտեղ նա երկու տարի մնաց բանտում։ Ֆեստոս կառավարչի առաջ իր դատավարության ժամանակ Պողոսն ասաց. «Ես ուզում եմ, որ կայսրը ինձ դատի Հռոմում»։ Ֆեստոսը պատասխանեց. «Կայսրին բողոքեցիր, կայսրի մոտ էլ կգնաս»։ Պողոսին նստեցրին Հռոմ գնացող մի նավ։ Նրա հետ գնացին Ղուկաս և Արիստարքոս անունով նրա երկու հավատակիցները։
Ծովի վրա ուժգին փոթորիկ սկսվեց, որը շատ օրեր տևեց։ Բոլորը մտածում էին, թե կմեռնեն։ Բայց Պողոսը ասաց. «Մարդի՛կ, այս գիշեր մի հրեշտակ երազում ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, Պողո՛ս։ Դու կհասնես Հռոմ, և նավում քեզ հետ եղող մարդկանց ոչինչ չի պատահի»։ Ուստի քա՛ջ եղեք։ Մենք չենք մեռնելու»։
Փոթորիկը տևեց 14 օր։ Ի վերջո երևաց ցամաքը։ Դա Մալթա կղզին էր։ Նավը ընկավ մի ծանծաղուտի մեջ և ալիքների հարվածներից ջարդուփշուր եղավ։ Բայց նրա վրա եղող բոլոր 276 մարդիկ ապահով ցամաք հասան։ Ոմանք լողալով ափ հասան, ոմանք էլ նավի տախտակներից բռնած։ Մալթայի բնակիչները հոգ տարան նրանց մասին և կրակ վառեցին, որ նրանք տաքանան։
Երեք ամիս անց զինվորները մեկ ուրիշ նավով Պողոսին տարան Հռոմ։ Երբ նա տեղ հասավ, եղբայրները եկան դիմավորելու նրան։ Տեսնելով նրանց՝ Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջություն առավ։ Թեև նա բանտարկյալ էր, նրան թույլ տրվեց վարձված տանը մնալ՝ զինվորի հսկողության տակ։ Նա այնտեղ մնաց երկու տարի։ Մարդիկ գալիս էին Պողոսին տեսնելու, և նա քարոզում էր նրանց Աստծու թագավորության մասին ու սովորեցնում էր Հիսուսի մասին։ Պողոսը նաև նամակներ էր գրում Փոքր Ասիայի ու Հրեաստանի ժողովներին։ Իսկապես, Եհովան նրա միջոցով բարի լուրը հասցրեց տարբեր ազգերի։
«Բոլոր առումներով մեզ արժանավայել կերպով ենք դրսևորում որպես Աստծու ծառաներ՝ համբերությամբ տանելով շատ փորձություններ՝ նեղություններ, զրկանքներ, դժվարություններ» (2 Կորնթացիներ 6։4)։
-