Մեռյալ ծովի ձեռագրերը ինչո՞ւ պետք է հետաքրքրեն ձեզ
Նախքան Մեռյալ ծովի ձեռագրերի հայտնաբերվելը, Եբրայերեն գրությունների հնագույն ձեռագրերը թվագրվում էին մ.թ. իններորդ և տասերորդ դարերին։ Կարո՞ղ էին արդյոք այդ ձեռագրերն իսկապես համարվել Աստծո Խոսքի արժանահավատ փոխանցումներ, եթե հաշվի առնվի այն իրողությունը, որ Եբրայերեն գրություններն ամբողջացվել էին այդ ձեռագրերը կազմվելուց ավելի քան հազար տարի առաջ։ Մեռյալ ծովի ձեռագրերի խմբագիրների միջազգային խմբի անդամ պրոֆեսոր Հուլիո Թրեբոյե Բարերան գրում է. «[Կումրանում հայտնաբերված] «Եսայիա» գրքի ձեռագիր տեքստը անհերքելի ապացույցն է այն բանի, որ հրեա գրագիրների ձեռքով աստվածաշնչյան գրությունների փոխանցումը ավելի քան հազար տարվա ընթացքում կատարվել է ծայրաստիճան ճշգրտությամբ և հոգատարությամբ»։
Բարերայի հիշատակած ձեռագիրը պարունակում է Եսայիայի ամբողջ գիրքը։ Ներկայումս Կումրանում հայտնաբերված ավելի քան երկու հարյուր աստվածաշնչային ձեռագրերի մեջ գտնվել են Եբրայերեն գրությունների բոլոր գրքերից առանձին մասեր՝ բացառությամբ «Եսթեր» գրքի։ Ի տարբերություն «Եսայիա» գրքի ձեռագրի՝ Աստվածաշնչի գրքերի մեծ մասի ձեռագրերը բաղկացած են հատվածներից։ Յուրաքանչյուր գրքին պատկանող հատվածները, ընդհանուր վերցրած, չեն կազմում նույնիսկ տվյալ գրքի մեկ տասերորդ մասը։ Կումրանում մեծ տարածում գտած աստվածաշնչյան գրքերից են եղել՝ «Սաղմոսները» (36 օրինակ), «Երկրորդ Օրինացը» (29 օրինակ) և «Եսայիա» գիրքը (21 օրինակ)։ Սրանք նաև այն գրքերն են, որոնցից ամենից շատ մեջբերումներն են արվել քրիստոնեական Հունարեն գրություններում։
Թեև ձեռագրերը ցույց են տալիս, որ Աստվածաշունչը արմատական փոխոխությունների չի ենթարկվել, դրանք, սակայն, ի հայտ են բերում այն իրողությունը, որ Երկրորդ տաճարի ժամանակաշրջանում հրեաները օգտվել են այն ժամանակ առկա եբրայերեն Աստվածաշնչի տարբեր բնագրերից, որոնցից յուրաքանչյուրն ուներ իրեն հատուկ տարբերությունները։ Ոչ բոլոր ձեռագրերն են ուղղագրությամբ կամ արտահայտման ոճով համապատասխանում մասորեթական տեքստին։ Դրանց որոշ մասն ավելի մոտ է հունարեն «Յոթանասնից» թարգմանությանը։ Նախկինում գիտնականները կարծում էին, թե «Յոթանասնիցում» նկատված տարբերությունները թարգմանչի կողմից թույլ տրված վրիպակներ են կամ էլ՝ դիտավորյալ մտցված գաղափարների արդյունք։ Սակայն դրանցից շատերն իրականում եբրայերեն բնագրում եղած տարբերություններն են, ինչպես երևում է այսօր այդ ձեռագրերից (Ելից 1։5; Գործք 7։14)։
Այսպիսով՝ աստվածաշնչյան ձեռագրերի և ձեռագիր հատվածների այս թանկարժեք գանձը հիանալի հիմք է տալիս եբրայերեն Աստվածաշնչի բնագիր տեքստի փոխանցման ուսումնասիրության համար։ Մեռյալ ծովի ձեռագրերը հաստատել են, որ թե՛ «Յոթանասնիցը» և թե՛ «Սամարական Հնգամատյանը» մեծ արժեք ունեն տեքստային համեմատություններ կատարելու ժամանակ։ Դրանք հավելյալ աղբյուրներ են Աստվածաշնչի թարգմանիչների համար, որոնք հնարավորություն են տալիս նրանց հաշվի առնել մասորեթական տեքստում հնարավոր ուղղումները։ Մի շարք դեպքերում դրանք վավերացնում են Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» կոմիտեի ընդունած որոշումները՝ կապված Եհովայի անվան վերականգնման հետ այն համարներում, որոնցից այն հանված է մասորեթական տեքստում։
Կումրանական աղանդի օրենքները ու հավատալիքները նկարագրող ձեռագրերը հստակորեն ցույց են տալիս, որ Հիսուսի օրերում գոյություն ունեին հուդայականության մեկից ավելի ճյուղեր։ Կումրանական աղանդի սովորույթները տարբեր էին փարիսեցիների ու սադուկեցիների սովորույթներից։ Այդ տարբերություններն էլ թերևս պատճառ էին դարձել, որ աղանդավորները մեկուսացել էին անապատում։ Նրանք սխալմամբ իրենց էին վերագրում Եսայիա 40։3–ում արձանագրված խոսքերի կատարումը անապատում հնչող ձայնի վերաբերյալ, որը հարթելու էր Եհովայի ճանապարհը։ Բացի այդ, պետք է նշել նաև, որ մի շարք ձեռագիր հատվածներ խոսում են Մեսիայի մասին, որի գալուստը գրողների համար արդեն շատ մոտ էր։ Սա հատկապես հետաքրքիր է, քանի որ Ղուկասը նույնպես գրել է, որ «ժողովուրդը [Մեսիայի] սպասման մէջ էր» (Ղուկաս 3։15)։
Մեռյալ ծովի ձեռագրերն օգնում են մեզ որոշ չափով հասկանալ հրեական կենցաղն ու այն միջավայրը, որտեղ քարոզում էր Հիսուսը։ Դրանք հնարավորություն են տալիս համեմատություններ կատարել ինչպես հին եբրայերենի, այնպես էլ Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ։ Սակայն ձեռագրերից շատերն առայժմ խորը վերլուծության կարիք ունեն։ Ուստի, դեռ նորանոր տեղեկություններ կարող են ի հայտ գալ։ Այո՛, 20–րդ դարի մեծագույն հնագիտական հայնտագործությունը 21–րդ դարում էլ անտարբեր չի թողնում թե՛ գիտնականներին և թե՛ Աստվածաշունչն ուսումնասիրողներին։
[նկար 7–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Պեղումներ Կումրանում. Pictorial Archive (Near Eastern History) Est.։ Ձեռագիր. Courtesy of Shrine of the Book, Israel Museum, Jerusalem