Գիտե՞ք, թե ովքեր են Սափանն ու նրա ընտանիքը
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ կարդալիս ձեզ հանդիպե՞լ են Սափանի ու նրա ազդեցիկ ընտանիքի որոշ անդամների անունները։ Ովքե՞ր են նրանք։ Ի՞նչ գործեր են արել։ Ի՞նչ կարող ենք սովորել այդ մարդկանց օրինակից։
«Մեսուղամի որդի Եսելիայի [որդի]» Սափանը Աստվածաշնչում հիշատակվում է ճշմարիտ երկրպագության վերականգնման կապակցությամբ, որ տեղի էր ունեցել Հովսիայի օրոք՝ մ.թ.ա. մոտ 642 թ.–ին (Դ Թագաւորաց 22։3)։ Հաջորդ 36 տարիների ընթացքում տեղի ունեցած դեպքերի նկարագրության մեջ՝ ընդհուպ մինչև Երուսաղեմի կործանումը (մ.թ.ա. 607 թ.), հիշատակվում են նաև նրա չորս որդիները՝ Աքիկամը, Եղեասան, Գամարիան ու Հեզոնիան, ինչպես նաև երկու թոռները՝ Միքիան և Գոդողիան (տե՛ս աղյուսակը)։ «Սափանի ընտանիքի անդամները ազդեցիկ դիրք էին գրավում [Հուդայի թագավորության] կառավարման համակարգում և զբաղեցնում էին թագավորի դպրի պաշտոնը՝ սկսած Հովսիայի ժամանակներից մինչև Գերություն տարվելը»,— ասվում է մի աշխատության մեջ («Encyclopedia Judaica»)։ Եկեք քննենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը Սափանի ու նրա ընտանիքի մասին, ու տեսնենք, թե ինչպես են նրանք օգնել Երեմիա մարգարեին ու աջակցել ճշմարիտ երկրպագությանը։
Սափանը աջակցում է ճշմարիտ երկրպագությանը
Աստվածաշնչում կարդում ենք, որ մ.թ.ա. 642 թ.–ին, երբ Հովսիա թագավորը մոտ 25 տարեկան էր, Սափանը ծառայում էր նրա մոտ որպես դպիր ու գրագիր (Երեմիա 36։10)։ Ի՞նչ էր մտնում Սափանի պարտականությունների մեջ։ Վերը հիշատակված աշխատությունում նշվում է, որ թագավորի դպիրն ու գրագիրը նրա ամենամոտ խորհրդականներից էր, պատասխանատու էր ֆինանսական գործերի համար, հմուտ դիվանագետ էր, միջազգային հարաբերությունների, օրենքների ու առևտրական հարաբերությունների գիտակ։ Ուստի՝ կարելի է ասել, որ թագավորի գրագիրը՝ Սափանը, պետության ամենաազդեցիկ դեմքերից էր։
Արդեն տաս տարի էր, ինչ երիտասարդ Հովսիան սկսել էր «խնդրել [«փնտռել», Արևմտ. Աստ.] իր հայր Դաւիթի Աստուծուն»։ Ակնհայտ է, որ Սափանը տարիքով նրանից մեծ էր և կարող էր հոգևոր հարցերում լավ խորհրդատու լինել թագավորի համար։ Հավանաբար նա աջակցություն էր ցույց տվել Հովսիային նաև այն ժամանակ, երբ վերջինս առաջին անգամ վճռական գործողությունների դիմեց ճշմարիտ երկրպագության վերականգնման նպատակովa (Բ Մնացորդաց 34։1–8)։
Տաճարի վերակառուցման աշխատանքների ժամանակ գտնվեց Օրենքի գիրքը, և Սափանը «կարդաց նորան թագաւորի առաջին»։ Գրվածից ցնցված՝ Հովսիան վստահելի մարդկանցից կազմված մի պատվիրակություն ուղարկեց Ողդա մարգարեուհու մոտ՝ այդ գրքի մասին Եհովային հարցնելու։ Պատվիրակության կազմի մեջ Սափանին և նրա որդի Աքիկամին ընդգրկելով՝ թագավորը ցույց տվեց, որ վստահում է նրանց (Դ Թագաւորաց 22։8–14; Բ Մնացորդաց 34։14–22)։
Գրություններում սա միակ տեղն է, որում նշվում է այն մասին, թե ինչ է արել անձամբ Սափանը։ Աստվածաշնչյան մյուս համարներում նա հիշատակվում է զուտ որպես ինչ–որ մեկի հայր կամ պապ։ Նաև Սափանի հետնորդները մտերիմ հարաբերությունների մեջ էին Երեմիա մարգարեի հետ։
Աքիկամն ու Գոդողիան
Ինչպես նկատեցինք, Սափանի որդի Աքիկամի անունը առաջինն էր այն մարդկանց ցուցակում, ովքեր ուղարկվել էին Ողդայի մոտ։ Մի աշխատության մեջ ասվում է. «Թեև Եբրայերեն Գրություններում ոչինչ չի ասվում Աքիկամի զբաղեցրած պաշտոնի մասին, սակայն նա պետք է որ բարձրաստիճան պաշտոնյա լիներ»։
Վերոհիշյալ դեպքից 15 տարի անց Երեմիայի կյանքը վտանգի ենթարկվեց։ Երբ մարգարեն սկսեց մարդկանց զգուշացնել այն մասին, որ Եհովան մտադիր է կործանել Երուսաղեմը, «քահանաները եւ մարգարէքը եւ բոլոր ժողովուրդն» բռնեցին նրան՝ «ասելով Դու անպատճառ պէտք է մեռնես»։ Ինչո՞վ դա ավարտվեց։ Աստվածաշունչն ասում է. «Սափանի որդիի Աքիկամի ձեռքը Երեմիայի հետ էր, որ նորան չ’մատնեն ժողովրդի ձեռքը նորան սպանելու համար» (Երեմիա 26։1–24)։ Ի՞նչ է դա ցույց տալիս։ Ահա թե ինչ է ասվում մի բառարանում. «Այս միջադեպը ոչ միայն փաստում է, որ Աքիկամը ազդեցիկ մարդ էր, այլև ցույց է տալիս, որ նա Սափանի ընտանիքի մյուս անդամների նման լավ վերաբերմունք ուներ Երեմիայի հանդեպ» («Anchor Bible Dictionary»)։
Մոտ 20 տարի անց այն դեպքից, երբ 607 թ.–ին բաբելոնացիները կործանեցին Երուսաղեմը և ժողովրդի մեծամասնությանը տարան Բաբելոն, Սափանի թոռ Գոդողիան (Աքիկամի որդին) նշանակվեց այնտեղ մնացած հրեաների առաջնորդ։ Արդյոք նա իր ընտանիքի մյուս անդամների նման հոգ տարա՞վ Երեմիայի մասին։ Ահա թե ինչ է հայտնում Աստվածաշունչը. «Երեմիան եկաւ Մասփա Աքիկամի որդի Գոդողիայի մօտ եւ բնակուեց նորա հետ»։ Մի քանի ամիս անց Գոդողիային սպանեցին, իսկ հրեաները գնացին Եգիպտոս՝ իրենց հետ տանելով նաև Երեմիային (Երեմիա 40։5–7; 41։1, 2; 43։4–7)։
Գամարիան ու Միքիան
Սափանի որդի Գամարիան ու նրա թոռ Միքիան «Երեմիա» գրքի 36–րդ գլխում նկարագրված իրադարձությունների գլխավոր դեմքերն են։ Այդ իրադարձությունները տեղի են ունեցել մոտավորապես մ.թ.ա. 624 թ.–ին, որը Հովակիմ թագավորի կառավարման 5–րդ տարին էր։ Երեմիայի գրագիր Բարուքը Եհովայի տանը՝ «Սափան դպրի որդի Գամարիայի սենեակումը», գրքից բարձրաձայն կարդաց Երեմիայի խոսքերը։ Իսկ «Սափանի որդիի Գամարիայի որդի Միքիան լսեց Տիրոջ բոլոր խօսքերը այն գրքի միջից» (Երեմիա 36։9–11)։
Այդ գրքի մասին Միքիան տեղեկացրեց իր հորն ու մյուս բոլոր իշխանավորներին, և բոլորն էլ ցանկացան իմանալ, թե ինչ է գրված այնտեղ։ Իսկ ինչպե՞ս արձագանքեցին նրանք, երբ լսեցին գրքում պարփակված լուրը։ «Երբոր նորանք լսեցին այն բոլոր խօսքերը, դողալով իրար էին նայում, եւ ասեցին Բարուքին. Անպատճառ պատմելու ենք թագաւորին այդ բոլոր խօսքերը»։ Սակայն նախքան թագավորի հետ խոսելը՝ նրանք Բարուքին տվեցին հետևյալ խորհուրդը. «Գնա եւ թաք կացեք դու եւ Երեմիան, եւ մարդ չ’իմանայ թէ դուք որտեղ էք» (Երեմիա 36։12–19)։
Ինչպես և սպասվում էր, թագավորը մերժեց այդ լուրը և մաս–մաս այրեց մագաղաթը։ Իշխանավորներից ոմանք, այդ թվում նաև Սափանի որդի Գամարիան, «թագաւորին պաղատեցին, որ տոմսը [գրվածքը] չ’այրէ. բայց նա նորանց չ’լսեց» (Երեմիա 36։21–25)։ Ահա թե ինչ եզրակացություն է արվում մի գրքում. «Գամարիան մեծ աջակցություն էր ցույց տալիս Երեմիային Հովակիմ թագավորի արքունիքում» («Jeremiah—An Archaeological Companion»)։
Եղեասան ու Հեզոնիան
Մ.թ.ա. 617 թ.–ին Հուդայի թագավորությունն ընկավ Բաբելոնի իշխանության տակ։ Հազարավոր հրեաներ՝ ‘բոլոր իշխաններն ու բոլոր քաջազունները.... և բոլոր հյուսները և բոլոր դարբինները’, գերի տարվեցին։ Նրանց թվում էր նաև Եզեկիելը։ Հուդայի նոր թագավոր նշանակվեց Մաթանիան, որի անունը բաբելոնացիները փոխեցին Սեդեկիա, և որը հպատակ էր իրենց (Դ Թագաւորաց 24։12–17)։ Ավելի ուշ Սեդեկիան պատվիրակություն ուղարկեց Բաբելոն, և այդ պատվիրակության կազմում էր նաև Սափանի որդի Եղեասան։ Երեմիան Եղեասային մի նամակ վստահեց։ Մի կարևոր լուր էր գրված այնտեղ, որ Եհովան ուղղել էր աքսորված հրեաներին (Երեմիա 29։1–3)։
Այսպիսով՝ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Սափանը, նրա որդիներից երեքն ու թոռներից երկուսը օգտագործել են իրենց ազդեցիկ դիրքը՝ ճշմարիտ երկրպագությանը, ինչպես նաև հավատարիմ Երեմիա մարգարեին աջակցելու նպատակով։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Սափանի որդի Հեզոնիայի մասին։ Ի տարբերություն Սափանի ընտանիքի մյուս անդամների՝ նա, ինչպես երևում է, զբաղվում էր կռապաշտությամբ։ Երբ Եզեկիելը գերի տարվեց Բաբելոն, վեց տարի անց՝ մ.թ.ա. մոտ 612 թ.–ին, նա մի տեսիլք տեսավ, որտեղ 70 հոգի Երուսաղեմի տաճարում խունկ էին ծխում կուռքերին։ Նրանց թվում էր նաև Հեզոնիան. վերջինս միակն է, որ հիշատակվում է անունով։ Կարելի է ենթադրել, որ նա այդ խմբի ղեկավարներից էր (Եզեկիէլ 8։1, 9–12)։ Հեզոնիայի օրինակը ցույց է տալիս, որ աստվածավախ ընտանիքում մեծանալը դեռ երաշխիք չէ այն բանի, որ անհատը կդառնա Եհովայի հավատարիմ ծառա։ Յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր գործերի՝ իր ընտրած ուղու համար (Բ Կորնթացիս 5։10)։
Պատմական վկայություններ Սափանի ընտանիքի մասին
Երուսաղեմում տեղի ունեցած իրադարձությունների մասնակից Սափանի ու նրա ընտանիքի անդամների օրերում Հուդայում արդեն տարածված էր կնիքների գործածումը։ Կնիքներն օգտագործվում էին փաստաթղթերին իրավական ուժ տալու նպատակով և պատրաստվում էին թանկարժեք քարերից, մետաղներից, փղոսկրից կամ ապակուց։ Սովորաբար նրանց վրա փորագրվում էին տիրոջ անունը, հայրանունը, իսկ երբեմն էլ՝ նրա պաշտոնը։
Հրեական կնիքների հարյուրավոր դրոշմներ են հայտնաբերվել՝ կավի վրա արված։ Էպիգրաֆիկայի (վիմագրություն) բնագավառի գիտնական պրոֆեսոր Նաման Ավիգադը, որ զբաղվում է հրեական հնագույն արձանագրությունների հետազոտմամբ, ասել է. «Դրոշմների արձանագրությունները հրեական էպիգրաֆիկայի միակ աղբյուրն են, որում հիշատակվում են Աստվածաշնչից հայտնի մարդկանց անուններ»։ Իսկ գտնվե՞լ է որևէ դրոշմ, որի վրա գրված լինեն Սափանի կամ նրա ընտանիքի անդամների անունները։ Այո՛։ 19 և 21 էջերում պատկերված դրոշմի վրա հիշատակվում են Սափանի ու նրա որդի Գամարիայի անունները։
Գիտնականներն այն կարծիքն են հայտնում, որ դրոշմների վրա հիշատակվում են նաև այդ ընտանիքի չորս ուրիշ անդամների անունները։ Դրանք են՝ Սափանի հայր Եսելիան և Սափանի որդիներ Աքիկամը, Գամարիան ու Գոդողիան։ Վերջինս պետք է որ հիշատակված լիներ որպես իշխան։ Համարվում է, որ այդ դրոշմների մեկ չորրորդ մասը պատկանում է Գոդողիային, թեև դրանց վրա չի նշվում նրա հայր Աքիկամի անունը։ Դրոշմի վրա նշված տիտղոսից պարզ է դառնում, որ նա պետության ամենաազդեցիկ պաշտոնյաներից է եղել։
Ինչ կարող ենք սովորել
Ի՜նչ լավ օրինակ են թողել Սափանն ու նրա ընտանիքի անդամները՝ իրենց ազդեցիկ դիրքը օգտագործելով ի նպաստ ճշմարիտ երկրպագության և հօգուտ հավատարիմ Երեմիայի։ Մենք էլ կարող ենք մեր ձեռքի տակ եղող միջոցներն ու ազդեցությունն օգտագործել Եհովայի կազմակերպությանն ու մեր հավատակիցներին աջակցելու նպատակով։
Եթե չբավարարվենք միայն Աստվածաշունչը կանոնավորապես կարդալով, այլև փորձենք ավելի խոր հետազոտություններ անել ու ծանոթանալ Եհովայի այնպիսի հին Վկաների հետ, ինչպիսիք են Սափանն ու նրա ընտանիքի անդամները, հոգևորապես ավելի կհարստանանք ու կամրապնդենք մեր հավատը։ Ի դեպ, նրանք նույնպես պատկանում են մեզ համար օրինակ հանդիսացող ‘վկաների բազմությանը’ (Եբրայեցիս 12։1)։
[ծանոթագրություն]
a Եթե հաշվի առնենք, որ Սափանի որդի Աքիկամը արդեն չափահաս մարդ էր, երբ թագավորը մոտ 25 տարեկան էր, ապա կարելի է եզրակացնել, որ Սափանը Հովսիայից շատ ավելի մեծ պետք է լիներ (Դ Թագաւորաց 22։1–3, 11–14)։
[շրջանակ 22–րդ էջի վրա]
Ողդա. մարգարեուհի, որ մեծ հեղինակություն ուներ
Երբ Հովսիա թագավորը լսեց տաճարում հայտնաբերված Օրենքի գրքում գրվածը, նա պատվիրեց Սափանին և չորս ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների ‘հարցնել Տիրոջը’ գտնված գրքի մասին (Դ Թագաւորաց 22։8–20)։ Իսկ ինչպե՞ս կարող էին պատվիրակները դա անել։ Այդ ժամանակ Հուդայում ապրում էին Երեմիան և հավանաբար Նաումն ու Սոփոնիան. բոլորն էլ մարգարեներ էին և մասնակցել էին Աստվածաշնչի արձանագրմանը։ Սակայն պատվիրակները գնացին Ողդա մարգարեուհու մոտ։
Մի գրքում ասվում է. «Ուշագրավ է, որ այս պատմության մեջ ընդհանրապես ոչ մի նշանակություն չի տրվել տղամարդ–կին հարաբերությանը։ Ոչ ոք անհարմար չի զգացել, որ մի խումբ տղամարդիկ դիմեին կնոջ՝ ճշտելու համար Օրենքի գրքի ճշմարիտ լինելը։ Երբ վերջինս ասել էր, որ դա Տիրոջ խոսքն է, ոչ ոք կասկածի չէր ենթարկել տվյալ հարցում որոշում կայացնելու նրա իրավունքը։ Այն գիտնականները, որոնք փորձում են պարզել, թե ինչ դեր է խաղացել կինը Հին Իսրայելում, հաճախ բաց են թողնում այս դրվագը» («Jerusalem—An Archaeological Biography»)։ Անշուշտ, նրանց ստացած լուրը Եհովայից էր։
[գծապատկեր/նկար 21–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Սափանի տոհմածառը
Մեսուղամ
↓
Եսելիա
↓
Սափան
↓ ↓ ↓ ↓
Աքիկամ Եղեասա Գամարիա Հեզոնիա
↓ ↓
Գոդողիա Միքիա
[նկար 20–րդ էջի վրա]
Գամարիան և ուրիշ ծառայողներ աղերսում էին, որ Հովակիմը չայրի Երեմիայի գրած մագաղաթը
[նկար 22–րդ էջի վրա]
Հեզոնիան, Սափանի ընտանիքին պատկանելով հանդերձ, Եզեկիելի տեսիլքում երկրպագում էր կուռքերի
[նկար 19–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Courtesy Israel Antiquities Authority
[[նկար 21–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Courtesy Israel Antiquities Authority