Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 5/15 էջ 21–էջ 24 պարբ. 9
  • Ուշագրավ մտքեր «Ղեւտացոց» գրքից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուշագրավ մտքեր «Ղեւտացոց» գրքից
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Սուրբ նվիրաբերություններ. կամավոր և պարտադիր
  • (Ղեւտացոց 1։1–7։38)
  • Դասեր մեզ համար
  • Հաստատվում է սուրբ քահանայությունը
  • (ղեւտացոց 8։1–10։20)
  • Սուրբ երկրպագությունը պահանջում է մաքրություն
  • (Ղեւտացոց 11։1–15։33)
  • Հարկավոր է միշտ սրբություն պահպանել
  • (Ղեւտացոց 16։1–27։34)
  • Դասեր մեզ համար
  • Ինչպես է «Ղեւտացոց» գիրքը առնչվում մեր երկրպագությանը
  • Աստվածաշնչի գիրք համար 3. Ղևտական
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Աստծուն հաճելի զոհեր
    2000 Դիտարան
  • «Սուրբ եղեք»
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչու պետք է սուրբ լինենք
    2014 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 5/15 էջ 21–էջ 24 պարբ. 9

Եհովայի Խոսքը կենդանի է

Ուշագրավ մտքեր «Ղեւտացոց» գրքից

Մեկ տարի էլ չի անցել, ինչ իսրայելացիները ազատագրվել են Եգիպտոսի լծից։ Այժմ նրանք ազգ են դարձել ու գնում են Քանան։ Եհովայի նպատակն է, որ այնտեղ սուրբ ազգ բնակվի։ Սակայն քանանացիների կենսակերպն ու կրոնական սովորությունները չափազանց արատավոր են։ Ուստի ճշմարիտ Աստվածը Իսրայելի ժողովին կանոններ տվեց, որոնց միջոցով իսրայելացիները կզատվեին մյուս ազգերից՝ իրեն ծառայելու համար։ Դրանք գրված են Աստվածաշնչի «Ղեւտացոց» գրքում։ Գիրքը գրել է Մովսես մարգարեն Սինայի անապատում մոտավորապես մ.թ.ա. 1512 թ.–ին, և այն ընդգրկում է իսրայելացիների պատմության ոչ ավելի, քան մեկ լուսնային ամիս (Ելից 40։17; Թուոց 1։1–3)։ Եհովան բազմիցս իր երկրպագուներին հորդորում է սուրբ լինել (Ղեւտացոց 11։44; 19։2; 20։7, 26)։

Եհովայի վկաներն այսօր չեն գտնվում այն Օրենքի տակ, որ Աստված տվեց Մովսեսի միջոցով։ Հիսուս Քրիստոսի մահը վերացրեց այդ Օրենքը (Հռովմայեցիս 6։14; Եփեսացիս 2։11–16)։ Բայցևայնպես, «Ղեւտացոց» գրքում գրված կանոնները կարող են օգտակար լինել մեզ համար. մենք կարող ենք շատ բան սովորել մեր Աստծո՝ Եհովայի երկրպագության մասին։

Սուրբ նվիրաբերություններ. կամավոր և պարտադիր

(Ղեւտացոց 1։1–7։38)

Օրենքով նախատեսված նվիրաբերություններից ու զոհաբերություններից որոշները կամավոր էին, մինչդեռ մյուսները՝ պարտադիր։ Օրինակ՝ ողջակեզը կամավոր էր։ Կենդանին Աստծուն էր ընծայվում ամբողջությամբ, ճիշտ ինչպես Հիսուս Քրիստոսը կամավոր ձևով ու ամբողջությամբ իր կյանքը տվեց որպես քավիչ զոհաբերություն։ Խաղաղության զոհը, որ նույնպես կամավոր էր, բաժանում էին. մի մասը զոհասեղանի վրա ներկայացվում էր Աստծուն, մի մասը ուտում էր քահանան, իսկ մյուսը՝ նվիրաբերողը։ Նման ձևով, օծյալ քրիստոնյաների համար Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին մասնակցել նշանակում է խաղաղության զոհի՝ միասնական ընթրիքի մասնակցել (Ա Կորնթացիս 10։16–22)։

Մեղքի ու հանցանքի պատարագները՝ նվիրաբերությունները, պարտադիր էին։ Առաջինով քավվում էր սխալմամբ, ոչ դիտավորյալ արված մեղքը։ Երկրորդը մատուցվում էր, երբ նվիրաբերողը ոտնահարել էր ինչ–​որ մեկի իրավունքները, կամ երբ սխալ գործողը, զղջալով, ուզում էր վերականգնել իր որոշ իրավունքներ, կամ էլ երբ երկու դեպքն էլ առկա էր։ Նաև հացի նվերներ, կամ՝ ընծաներ էին բերվում՝ ի նշան երախտագիտության Եհովայի ցուցաբերած առատաձեռնության համար։ Այս ամենը հետաքրքրական է մեզ համար, քանի որ Օրենքի ուխտի ներքո կատարվող զոհաբերությունները մատնանշում են Հիսուս Քրիստոսին ու նրա զոհագործությունը կամ դրանից բխող օգուտները (Եբրայեցիս 8։3–6; 9։9–14; 10։5–10)։

Սուրբգրային հարցեր ու պատասխաններ.

2։11, 12 — Ինչո՞ւ Եհովային անընդունելի էր ‘իբրև պատարագ այրվող’ մեղրը։ Այս համարներում հիշատակված մեղրը չէր կարող լինել մեղուներից ստացվող մեղր։ Թեև այդ մեղրը չէր կարելի ‘իբրև պատարագ այրել’, այն մտնում էր «անդաստանների», այսինքն՝ դաշտերի ‘բերքերի երախայրիքի’ մեջ (Բ Մնացորդաց 31։5)։ Այդ մեղրը, ակներևաբար, մրգերից պատրաստված հյութ էր՝ օշարակ։ Քանի որ այն կարող էր թթվել, ուստի որպես նվիրաբերություն անընդունելի էր։

2։13 — Ինչո՞ւ ‘բոլոր պատարագների’ հետ աղ պետք է մատուցվեր։ Սա չէր արվում զոհաբերությունների բուրմունքն ուժեղացնելու նպատակով։ Ամբողջ աշխարհում աղը հայտնի է իր պահպանիչ հատկությամբ։ Աղը հավանաբար մատուցվում էր նվիրաբերությունների հետ, քանի որ խորհրդանշում է պահպանում քայքայումից ու նեխումից։

Դասեր մեզ համար

3։17. Քանի որ ճարպը համարվում էր ամենալավ, ամենաընտիր մասը, ապա ճարպ ուտելու արգելքը ակներևաբար հասկացնում էր իսրայելացիներին, որ լավագույն մասը պատկանում է Եհովային (Ծննդոց 45։18)։ Սա հիշեցնում է մեզ, որ մենք մեր լավագույնը պետք է տանք Եհովային (Առակաց 3։9, 10; Կողոսացիս 3։23, 24)։

7։26, 27. Իսրայելացիները չպետք է արյուն ուտեին։ Աստված համարում է, որ արյունը ներկայացնում է կյանքը։ «Մարմնի հոգին [կյանքը] արիւնումն է»,— ասվում է Ղեւտացոց 17։11–ում։ Արյունից հեռու մնալու պահանջը ուժի մեջ է նաև այսօր ճշմարիտ երկրպագուների համար (Գործք 15։28, 29)։

Հաստատվում է սուրբ քահանայությունը

(ղեւտացոց 8։1–10։20)

Ովքե՞ր էին լիազորված կատարելու զոհաբերությունների ու նվիրաբերությունների հետ կապված պարտականությունները։ Քահանաները։ Աստծո հրահանգի համաձայն՝ Մովսեսը պաշտոնապես Ահարոնին նշանակեց որպես քահանայապետ, իսկ նրա չորս որդիներին՝ քահանաներ։ Այդ արարողությունը, ըստ ամենայնի, տևեց յոթ օր, և քահանայական կառույցը սկսեց գործել հաջորդ օրվանից։

Սուրբգրային հարցեր ու պատասխաններ.

9։9 — Ի՞նչ իմաստ ուներ այն, որ արյունը թափում էին զոհասեղանի հատակին ու քսում էին տարբեր տեղերի։ Սա ցույց է տալիս, որ Եհովան արյունը համարում էր քավության միջոց։ Քավության ամբողջ գործընթացը հիմնված էր արյան վրա։ «Համարեա թէ ամեն բան արիւնով է սրբվում [«կը մաքրուի», ԱԱ] օրէնքին համեմատ,— գրեց Պողոս առաքյալը,— եւ առանց արիւն թափելու թողութիւն չէ լինում» (Եբրայեցիս 9։22)։

10։1, 2 — Ի՞նչ կարող էր լինել Ահարոնի որդիներ Նադաբի ու Աբիուդի կատարած մեղքը։ Կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Նադաբն ու Աբիուդը քահանայական պարտականությունները կատարելիս անպատշաճություններ թույլ տվեցին, Եհովան արգելեց, որ քահանաները գինի կամ այլ ոգելից խմիչք օգտագործեն խորանի ծառայության ժամանակ (Ղեւտացոց 10։9)։ Այստեղից կարելի է ենթադրել, որ Ահարոնի երկու որդիները ալկոհոլի ազդեցության տակ են եղել։ Սակայն նրանց մահվան իրական պատճառն այն էր, որ նրանք «օտար կրակ մատուցրին, որ [Եհովան] չէր պատուիրել նորանց»։

Դասեր մեզ համար

10։1, 2. Եհովայի՝ պատասխանատվություններ ունեցող ծառաները պետք է հնազանդվեն նրա պահանջներին։ Բացի այդ, նրանք չպետք է մեծամտություն ցուցաբերեն այդ պատասխանատվությունները կատարելիս։

10։9. Աստծուց տրված հանձնարարությունները չպետք է կատարենք ոգելից խմիչքների ազդեցության տակ։

Սուրբ երկրպագությունը պահանջում է մաքրություն

(Ղեւտացոց 11։1–15։33)

Այն կանոնները, թե ո՛ր կենդանիները կարելի էր ուտել, ո՛րը՝ ոչ, իսրայելացիներին օգուտ էին բերում երկու առումով։ Դրանք նրանց պաշտպանում էին վնասակար օրգանիզմներով վարակվելուց, ինչպես նաև ծառայում էին որպես պատնեշ իրենց ու հարևան ազգերի միջև։ Այլ կանոններ վերաբերում էին մեռած մարմինների պատճառով անմաքրությանը, կնոջ՝ ծննդաբերելուց հետո մաքրմանը, բորոտության հետ կապված ընթացակարգերին, ինչպես նաև տղամարդու և կնոջ սեռական օրգաններից արտահոսումների պատճառով եղած անմաքրությանը։ Անհատի անմաքրության հետ կապված հարցերով պետք է զբաղվեին քահանաները։

Սուրբգրային հարցեր ու պատասխաններ.

12։2, 5 — Ինչո՞ւ էր որդեծնությունը կնոջն «անմաքուր» դարձնում։ Մարդու սեռական օրգանները նախատեսվել էին կատարյալ կյանք փոխանցելու համար։ Սակայն ժառանգված մեղքի հետևանքով մարդիկ անկատար ու մեղավոր կյանք փոխանցեցին իրենց զավակներին։ ‘Անմաքրության’ ժամանակավոր շրջանը՝ կապված որդեծնության, ինչպես նաև դաշտանի և սերմի արտահոսման հետ, իսրայելացու միտքն էր բերում այն, որ մարդը ժառանգել է մեղքը (Ղեւտացոց 15։16–24; Սաղմոս 51։5; Հռովմայեցիս 5։12)։ Մաքրվելու հետ կապված կանոնները իսրայելացիներին օգնում էին հասկանալ, որ իրենք փրկանքի կարիք ունեն, որի հիման վրա կարելի էր ազատվել մեղքից և աստիճանաբար կատարելության հասնել։ Այսպես Օրենքը «դաստիարակ եղաւ դէպի Յիսուս Քրիստոսը» (Գաղատացիս 3։24)։

15։16–18 — Ի՞նչ է այս համարներում հիշատակված «զուգաւորութեան սերմը»։ Սա, ակներևաբար, վերաբերում է ինչպես երազախաբությանը, այնպես էլ ամուսնական սեռական հարաբերություններին։

Դասեր մեզ համար

11։45. Եհովա Աստված սուրբ է ու պահանջում է, որ նրանք, ովքեր իրեն սրբազան ծառայություն են մատուցում, սուրբ լինեն։ Նրանք պետք է սրբության ձգտեն և ֆիզիկապես ու հոգևորապես մաքուր լինեն (Բ Կորնթացիս 7։1; Ա Պետրոս 1։15, 16)։

12։8. Եհովան թույլ էր տալիս աղքատներին, որ նրանք թռչուններ զոհաբերեն ոչխարի փոխարեն, որն ավելի թանկ արժեր։ Նա նրբանկատ է աղքատների հանդեպ։

Հարկավոր է միշտ սրբություն պահպանել

(Ղեւտացոց 16։1–27։34)

Մեղքերի համար կատարվող զոհաբերություններից ամենակարևորները արվում էին Քավության օրը, որը լինում էր տարեկան մեկ անգամ։ Քահանաների ու Ղևիի ցեղի համար զվարակ՝ ցուլ էր մատուցվում, իսկ Իսրայելի մյուս՝ ոչ քահանայական ցեղերի համար զոհաբերվում էր նոխազ՝ այծ։ Մեկ ուրիշ այծ էլ բաց էին թողնում անապատ այն բանից հետո, երբ ժողովրդի մեղքերը խոստովանում էին նրա վրա։ Այս երկու այծերը համարվում էին մեղքի մեկ պատարագ՝ նվիրաբերություն։ Այս ամենը մատնանշում էր այն փաստը, որ Հիսուս Քրիստոսը զոհելու էր իր կյանքը ու մարդկանց մեղքերը հեռացնելու էր։

Միս ուտելու և այլ բաների առնչությամբ տրված կանոնները շեշտում են, որ մենք պետք է սրբություն պահպանենք Եհովային տրվող երկրպագության մեջ։ Միանգամայն տեղին էր, որ քահանաներից պահանջվում էր միշտ սուրբ լինել։ Տարվա ընթացքում կատարվող երեք տոները մեծ ուրախության և Արարչին շնորհակալություն հայտնելու առիթներ էին։ Եհովան նաև իր ժողովրդին տվեց կանոններ իր սուրբ անվան սխալ գործածման, Շաբաթը ու Հոբելյան տարին պահելու, ինչպես նաև այն մասին, թե ինչպիսի վերաբերմունք ունենալ աղքատների ու ծառաների հանդեպ։ Աստծուն հնազանդվելը օրհնություններ էր բերելու իսրայելացիներին, մինչդեռ անհնազանդությունը՝ անեծք։ Կային նաև կանոններ, որոնք վերաբերում էին ուխտերի ու գնահատությունների հետ կապված նվիրաբերություն անելուն, ‘անասունների առաջնեկին’ ու ամեն ինչի տասներորդ մասը տալուն որպես ‘մի սուրբ բան Եհովայի համար’։

Սուրբգրային հարցեր ու պատասխաններ.

16։29 — Ի՞նչ իմաստով իսրայելացիները պետք է ‘իրենց անձերը խոնարհեցնեին [‘զրկանքի ենթարկեին’, ԷԹ]’։ Այդ ընթացակարգը, որ հետևում էր Քավության օրվան, առնչություն ուներ մեղքերի թողություն ստանալու ձգտման հետ։ Այդ ժամանակ ծոմ պահելը, ըստ ամենայնի, կապ ուներ մեղավորության փաստն ընդունելու հետ։ Ուստի շատ հավանական է, որ ‘իրենց անձը զրկանքի ենթարկելը’ վերաբերում է ծոմապահությանը։

19։27 — Ի՞նչ է նշանակում այն պատվերը, որ չպետք է ‘գլխների եզերքի մազերը կտրվեին ու մորուքի եզերքը ապականվեր’։ Այս պատվերը, ամենայն հավանականությամբ, տրվել էր այն նպատակով, որ հրեաները չկտրեին իրենց մորուքը կամ մազերը այն ձևով, ինչպես որ անում էին հեթանոսները (Երեմիա 9։25, 26; 25։23; 49։32)։ Սակայն դա չէր նշանակում, թե ընդհանրապես արգելվում էր, որ հրեաները կտրեին իրենց մորուքը կամ երեսի մազերը (Բ Թագաւորաց 19։24)։

25։35–37 — Արդյո՞ք իսրայելացին ոչ մի դեպքում իրավունք չուներ տոկոսով գումար տալու։ Եթե գումարն օգտագործվելու էր գործարար նպատակներով, ապա տվողը կարող էր որոշակի եկամուտ ակնկալել վերցնողից։ Սակայն Օրենքն արգելում էր տոկոս պահանջել աղքատից, որը տվյալ գումարը ստացել էր իր վիճակը թեթևացնելու նպատակով։ Ծանր տնտեսական կացության մեջ եղող մերձավորից եկամուտ ստանալը սխալ էր (Ելից 22։25)։

26։19 — Ինչպե՞ս կարող է ‘երկինքը երկաթի պես դառնալ, և երկիրը պղնձի պես’։ Քանի որ Քանանի երկրում անձրև քիչ էր լինում, ապա երկինքը նման էր լինում ծանր, ոչ ծակոտկեն երկաթի։ Առանց անձրևի՝ երկիրը՝ հողը, դառնում էր պղնձագույն, ստանում էր մետաղական փայլ։

26։26 — Ի՞նչ է նշանակում այն, որ ‘տասը կնիկ մեկ թոնիրում էին հաց թխելու’։ Սովորաբար ամեն մի կին կարիք ուներ իր առանձին թոնիրն ունենալու, որպեսզի կարողանար ամբողջ հացը թխել։ Բայց այս խոսքերը մատնանշում էին սննդի այնպիսի սակավություն, որ մեկ թոնիրը բավական էր լինելու, որ տասը կին թխեին իրենց հացը։ Սա մեկն էր այն հետևանքներից, որոնք կանխագուշակվել էին այն դեպքի համար, եթե իսրայելացիները սրբություն չպահպանեին։

Դասեր մեզ համար

20։9. Ատելությամբ ու չարությամբ լի սիրտը Եհովայի աչքում հավասարազոր է սպանության։ Այդ իսկ պատճառով նա ծնողին հայհոյող զավակի համար սահմանեց նույնպիսի պատիժ, ինչպիսին որ կլիներ, եթե նա իսկապես սպաներ իր ծնողներին։ Չպե՞տք է արդյոք սա մղի մեզ սեր ցուցաբերել մեր հավատակիցների հանդեպ (Ա Յովհաննէս 3։14, 15)։

22։32; 24։10–16, 23. Եհովայի անունը չպետք է նախատինքի ենթարկվի։ Ընդհակառակը՝ մենք պետք է գովենք նրա անունը ու աղոթենք այդ անվան սրբացման համար (Սաղմոս 7։17; Մատթէոս 6։9)։

Ինչպես է «Ղեւտացոց» գիրքը առնչվում մեր երկրպագությանը

Այսօր Եհովայի վկաները Մովսիսական օրենքի տակ չեն (Գաղատացիս 3։23–25)։ Բայցևայնպես, քանի որ այն, ինչ գրված է «Ղեւտացոց» գրքում, լույս է սփռում տարբեր հարցերի վերաբերյալ Եհովայի տեսակետի վրա, դա կարո՛ղ է առնչություն ունենալ մեր երկրպագության հետ։

Աստվածապետական ծառայության դպրոցին պատրաստվելիս Աստվածաշնչի շաբաթական ընթերցանությունն անելով՝ անկասկած, քեզ կտպավորի այն հանգամանքը, որ մեր Աստվածը իր ծառաներից սրբություն է պահանջում։ Այս աստվածաշնչային գիրքը նաև կարող է մղել քեզ, որ Ամենակարողին տաս քո լավագույնը ու միշտ սրբություն պահպանես ի փառս նրա։

[նկար 21–րդ էջի վրա]

Օրենքի ներքո արված զոհաբերությունները մատնանշում էին Հիսուս Քրիստոսին ու նրա զոհագործությունը

[նկար 22–րդ էջի վրա]

Բաղարջակերաց տոնը մեծ ուրախություն էր պարգևում ժողովրդին

[նկար 23–րդ էջի վրա]

Տարեկան տոները, ինչպիսին Տաղավարահարաց տոնն էր, Եհովային շնորհակալություն հայտնելու առիթներ էին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը