Աստվածաշնչի գիրք համար 3. Ղևտական
Գրողը՝ Մովսես
Գրվելու վայրը՝ անապատ
Գրության ավարտը՝ մ.թ.ա. 1512թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ 1 ամիս (մ.թ.ա. 1512թ.)
1. ա) Ինչո՞ւ է գրքի անվանումը տեղին։ բ) Ուրիշ ի՞նչ անուններ է կրել գիրքը։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ երրորդ գիրքը ամենից շատ հայտնի է «Ղևտական» անունով։ Այս բառը ծագում է հունարեն Լեուիտիկոն բառից, որը գրվել է «Յոթանասնից» թարգմանության մեջ։ Իսկ լատիներեն «Վուլգատա»-ում գիրքը կոչվում է Լեվիտիկուս։ Թեև ղևտացիների մասին քիչ է նշվում (25։32, 33), բայց «Ղևտական» անունը տեղին է, քանի որ գիրքը բաղկացած է հիմնականում Ղևիի ցեղից սերած ղևտացի քահանաների համար նախատեսված կանոններից ու օրենքներից, որոնք քահանաները պետք է սովորեցնեին ժողովրդին. «Չէ՞ որ քահանայի շուրթերում գիտելիքներ պետք է լինեն, և մարդիկ օրենք պետք է փնտրեն նրա բերանից» (Մաղ. 2։7)։ Եբրայերեն տեքստում գիրքը կոչվել է իր առաջին բառով՝ Վայիկրա, որը բառացի նշանակում է «և նա կանչեց»։ Ավելի ուշ հրեաները այն անվանել են «Քահանաների օրենք» կամ «Ընծաների օրենք» (Ղևտ. 1։1)։
2. Ինչպե՞ս է ապացուցվում, որ գրողը Մովսեսն է։
2 Ոչ մի կասկած չկա, որ գիրքը գրել է Մովսեսը։ Գրքի վերջում նշվում է. «Սրանք են այն պատվիրանները, որ Եհովան Սինա լեռան վրա տվեց Մովսեսին Իսրայելի որդիների համար» (27։34)։ Նույն բանը նշվում է նաև Ղևտական 26։46 համարում։ Արդեն քննեցինք այն ապացույցները, որ Մովսեսն է գրել «Ծննդոց» ու «Ելք» գրքերը։ Նույն ապացույցները վերաբերում են նաև «Ղևտական» գրքին, քանի որ սկզբում Հնգամատյանը թերևս մեկ փաթույթ է եղել։ Ավելին, «Ղևտական» գիրքը նախորդ գրքերի հետ կապվում է «և» շաղկապով։ Սակայն ամենահամոզիչ ապացույցն այն է, որ Հիսուս Քրիստոսը և Եհովայի՝ սուրբ ոգուց ներշնչված ուրիշ ծառաներ հաճախ մեջբերել են «Ղևտական» գրքի օրենքներն ու սկզբունքները, ինչպես նաև հղել են դրանց՝ միևնույն ժամանակ ասելով, որ դրանք գրել է Մովսեսը (Ղևտ. 23։34, 40–43 — Նեեմ. 8։14, 15; Ղևտ. 14։1–32 — Մատթ. 8։2–4; Ղևտ. 12։2 — Ղուկ. 2։22; Ղևտ. 12։3 — Հովհ. 7։22; Ղևտ. 18։5 — Հռոմ. 10։5)։
3. Ի՞նչ ժամանակահատված է ընդգրկում «Ղևտական» գիրքը։
3 Ի՞նչ ժամանակահատված է ընդգրկում «Ղևտական» գիրքը։ «Ելք» գիրքն ավարտվում է նրանով, որ իսրայելացիները կանգնեցնում են խորանը «երկրորդ տարվա առաջին ամսում՝ ամսվա առաջին օրը»։ Իսկ «Թվեր» գիրքը, որը հաջորդում է «Ղևտական» գրքին, սկսվում է նրանով, որ Եհովան խոսում է Մովսեսի հետ «Եգիպտոսից դուրս գալուց հետո երկրորդ տարվա երկրորդ ամսվա առաջին օրը»։ Հետևաբար, հիմնականում օրենքներից ու կանոններից բաղկացած «Ղևտական» գրքում արձանագրված իրադարձությունները, որոնք շատ չեն, տեղի են ունեցել մեկ լուսնային ամսվա ընթացքում (Ելք 40։17; Թվեր 1։1; Ղևտ. 8։1–10։7; 24։10–23)։
4. Ե՞րբ է գրվել «Ղևտական» գիրքը։
4 Ե՞րբ է Մովսեսը գրել «Ղևտական» գիրքը։ Տրամաբանական է եզրակացնել, որ նա անմիջապես գրի էր առնում դեպքերը, երբ դրանք տեղի էին ունենում, ու երբ Աստծուց հրահանգներ էր ստանում։ Դա երևում է այն բանից, որ Աստված Մովսեսին պատվիրեց ամաղեկացիների վերաբերյալ դատավճիռը գրի առնել անմիջապես այն բանից հետո, երբ իսրայելացիները հաղթեցին նրանց։ Վաղ գրության մասին է վկայում նաև գրքի բովանդակությունը։ Օրինակ՝ իսրայելացիներին պատվեր էր տրվել կերակուրի համար նախատեսված կենդանիներին բերել հանդիպման վրանի մուտքի մոտ՝ այնտեղ մորթելու համար։ Այս պատվերը, անկասկած, տրվել ու գրի էր առնվել քահանայության հաստատումից հետո։ Շատ պատվերներ իսրայելացիներին տրվել էին, որ նրանք առաջնորդություն ունենային անապատում շրջելիս։ Այս ամենը ցույց է տալիս, որ Մովսեսը «Ղևտական» գիրքը գրել է մ.թ.ա. 1512թ.-ին (Ելք 17։14; Ղևտ. 17։3, 4; 26։46)։
5. Ի՞նչ նպատակի էին ծառայում զոհաբերությունների և ծիսական մաքրության վերաբերյալ օրենքները։
5 Իսկ ինչո՞ւ է գրվել այս գիրքը։ Եհովան նպատակադրել էր ստեղծել սուրբ ազգ, սրբացված ժողովուրդ՝ առանձնացված իրեն ծառայելու համար։ Աբելի օրերից ի վեր Աստծու հավատարիմ մարդիկ զոհեր են բերել Եհովային, սակայն միայն Իսրայել ազգի կազմավորումից սկսած Աստված կոնկրետ հրահանգներ տվեց մեղքի ընծաների և այլ զոհաբերությունների վերաբերյալ։ «Ղևտական» գրքում մանրամասնորեն գրի առնված այդ զոհաբերությունները օգնում էին իսրայելացիներին գիտակցելու մեղքի լրջությունը և հասկանալու, թե որքան են տհաճեցնում Եհովային, երբ մեղք են գործում։ Լինելով Օրենքի մի մասը՝ այդ կանոնները հրեաների համար ծառայեցին որպես դաստիարակ՝ առաջնորդելով դեպի Քրիստոսը, քանի որ ցույց էին տալիս նրանց, որ Փրկչի կարիք ունեն, և միևնույն ժամանակ առանձնացնում էին ուրիշ ազգերից։ Այս վերջին նպատակին ծառայում էին հատկապես ծիսական մաքրության վերաբերյալ Աստծու օրենքները (Ղևտ. 11։44; Գաղ. 3։19–25)։
6. Եգիպտոսից դուրս գալուց հետո իսրայելացիները ինչո՞ւ հատկապես ունեին Եհովայի առաջնորդության կարիքը։
6 Դեպի նոր երկիր գնացող նորակազմ Իսրայել ազգը առաջնորդության կարիք ուներ։ Եգիպտոսից դուրս գալուց մեկ տարի էլ չէր անցել, այդ պատճառով իսրայելացիները դեռ լավ էին հիշում եգիպտացիների ապրելակերպը և նրանց կրոնական արարողությունները։ Այնտեղ հաճախ էին ամուսնություններ տեղի ունենում քրոջ ու եղբոր միջև։ Բազմաստվածությունը ծաղկում էր, իսկ աստվածներից մի քանիսին պատկերում էին կենդանու տեսքով։ Բացի դրանից, այդ երկրից դուրս եկած բազմամարդ ժողովուրդը գնում էր Քանան, որտեղ կյանքը և կրոնական արարողությունները է՛լ ավելի ապականված էին։ Իսկ ովքե՞ր էին կազմում Իսրայել ազգը։ Եգիպտոսից իսրայելացիների հետ դուրս էին եկել բազմաթիվ մարդիկ, որոնց ծնողը կամ ծնողները եգիպտացիներ էին։ Նրանք մանկուց հետևել էին եգիպտական ավանդույթներին, կրոնին և մեծացել էին հայրենասիրական ոգով։ Անկասկած, դեռ կարճ ժամանակ առաջ նրանցից շատերը իրենց հայրենիքում անում էին բաներ, որ գարշելի էին Եհովայի աչքին։ Ուստի որքա՜ն կարևոր էր, որ նրանք Աստծուց կոնկրետ հրահանգներ ու առաջնորդություն ստանային։
7. Ի՞նչ առումով է «Ղևտական» գիրքը կրում աստվածային կնիք։
7 Ողջ «Ղևտական» գիրքը իր վրա կրում է Աստծու կողմից ներշնչված լինելու կնիքը։ Մարդիկ, ինչ խոսք, չէին կարող այնքան իմաստուն լինել, որ այդպիսի արդար օրենքներ ու կանոններ սահմանեին։ Սննդակարգի, հիվանդությունների, կարանտինի և դիակների վերաբերյալ տրված օրենքներում ու հրահանգներում արտացոլված են գիտելիքներ, որոնք բժշկությանը հասանելի դարձան միայն հազարավոր տարիներ անց։ Անմաքուր կենդանիներ ուտելու վերաբերյալ Աստծու օրենքները պաշտպանում էին իսրայելացիներին, երբ նրանք երկարատև ճանապարհորդություն էին կատարում դեպի Քանան։ Օրինակ՝ նրանք պաշտպանված էին տրիխինելոզ ճճվային հիվանդությունից, որ փոխանցվում է խոզերից, որովայնային տիֆից և պարատիֆից, որոնք փոխանցվում են որոշ տեսակի ձկներից, ինչպես նաև խուսափում էին այնպիսի ինֆեկցիաներից, որոնցով գուցե վարակված լինեին սատկած կենդանիները։ Այսպիսի գործնական օրենքները ղեկավարում էին նրանց առօրյա և կրոնական կյանքը, որպեսզի նրանք մնային սուրբ ազգ և ի վերջո հասնեին Ավետյաց երկիր ու բնակություն հաստատեին այնտեղ։ Պատմությունը վկայում է այն մասին, որ Եհովայի օրենքներով ապրող հրեաները բժշկության հարցում մյուս ազգերից առաջադեմ էին։
8. Ինչպե՞ս են «Ղևտական»-ում գրված մարգարեությունները հաստատում, որ այն ներշնչված է Աստծուց։
8 Կատարված մարգարեությունները և նախօրինակները նույնպես փաստում են, որ «Ղևտական» գիրքը ներշնչված է Աստծուց։ Թե՛ Աստվածաշունչը, թե՛ պատմությունը հաստատում են անհնազանդության աղետալի հետևանքների վերաբերյալ «Ղևտական» գրքում գրի առնված նախազգուշացումների ճշգրտությունը։ Օրինակ՝ ասվել էր, որ անհնազանդ իսրայելացիների վրա սաստիկ սով էր գալու, որի ժամանակ մայրերը ուտելու էին իրենց երեխաներին։ Երեմիան հայտնում է, որ դա տեղի ունեցավ մ.թ.ա. 607թ. Երուսաղեմի կործանման ժամանակ, իսկ Հովսեպոսը գրել է, որ նման բան կատարվեց նաև ավելի ուշ, երբ մ.թ. 70թ.-ին քաղաքը կործանվեց։ Իսկ մարգարեական խոստումը, որի համաձայն՝ Եհովան հիշելու էր իսրայելացիներին, եթե նրանք զղջային, կատարվեց մ.թ.ա. 537թ.-ին, երբ վերջիններս վերադարձան Բաբելոնի գերությունից (Ղևտ. 26։29, 41–45; Ողբ 2։20; 4։10; Եզր. 1։1–6)։ Գրքի վավերականությունը հաստատվում է նաև նրանով, որ Աստվածաշնչի այլ գրողներ, համարելով այն Սուրբ Գրքի մի մաս, օգտվել են դրանից ու մեջբերումներ արել։ Բացի վերոնշյալ համարներից, որոնք ցույց են տալիս, որ «Ղևտական» գիրքը Մովսեսն է գրել, տե՛ս նաև Մատթեոս 5։38; 12։4; 2 Կորնթացիներ 6։16 և 1 Պետրոս 1։16 համարները։
9. Ինչպե՞ս է «Ղևտական» գիրքը մեծարում Եհովայի անունը և նրա սրբությունը։
9 Ողջ «Ղևտական» գրքում մեծարվում է Եհովայի անունը և գերիշխանությունը։ Առնվազն 36 անգամ նշվում է, որ գրքում արձանագրված օրենքների հեղինակը Եհովան է։ Եհովայի անունը միջին հաշվով 10 անգամ հանդիպում է յուրաքանչյուր գլխում, և «ես եմ Եհովան» արտահայտությամբ շեշտվում է, որ շատ կարևոր է հնազանդվել Աստծու օրենքներին։ Ողջ գրքում ընդգծվում է սրբության թեման, և այս պահանջը նշվում է ավելի հաճախ, քան մյուս գրքերում։ Իսրայելացիները պետք է սուրբ լինեին, քանի որ Եհովան սուրբ է։ Որոշ մարդիկ, վայրեր, առարկաներ, նաև ժամանակահատվածներ սուրբ էին համարվում։ Օրինակ՝ Քավության օրը և Հոբելյան տարին Եհովային մատուցվող երկրպագության մեջ սուրբ էին համարվում։
10. Զոհաբերությունների առնչությամբ ի՞նչ է շեշտվում, և ի՞նչ պատիժներ են սահմանվել մեղքերի վերաբերյալ։
10 Քանի որ ողջ գրքում ընդգծվում է սրբության թեման, տրամաբանական է, որ այն շեշտում է, որ մեղքերի ներման համար արյուն թափելը անհրաժեշտ է, այսինքն՝ կյանք զոհաբերելը։ Որպես զոհաբերություն կարելի էր բերել միայն ծիսականորեն մաքուր ընտանի կենդանիներ։ Որոշ մեղքերի դեպքում ոչ միայն զոհեր էր հարկավոր մատուցել, այլ նաև խոստովանել մեղքը և փոխհատուցել վնասը։ Կային մեղքեր էլ, որոնց համար մահապատիժ էր սահմանված։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
11. Ինչպե՞ս է կազմված «Ղևտական» գիրքը։
11 «Ղևտական» գիրքը կազմված է գլխավորապես օրենքներից ու կանոններից, որոնց մեծ մասը մարգարեական նշանակություն ունի։ Գիրքը թեմատիկ կառուցվածք ունի, և այն կարելի է բաժանել ութ մասի տրամաբանական դասավորությամբ։
12. Արյունով զոհերի ի՞նչ տեսակներ կան և ինչպե՞ս պետք է դրանք մատուցվեն։
12 Կանոններ զոհաբերությունների վերաբերյալ (1։1– 7։38)։ Զոհերը բաժանվում են երկու խմբի՝ արյունով (ցուլ, ոչխար, այծ, թռչուններ) և անարյուն (հացահատիկ)։ Արյունով զոհերն են 1) ողջակեզները, 2) խաղաղության զոհերը, 3) մեղքի ընծաները, 4) հանցանքի ընծաները։ Այս չորս տեսակ զոհերը երեք ընդհանուր բան ունեն. մատուցողը կենդանուն բերում է հանդիպման վրանի մուտքի մոտ, ձեռքերը դնում է նրա վրա, որից հետո կենդանուն մորթում են։ Արյունը շաղ տալուց հետո կենդանուն օգտագործում են համապատասխանաբար՝ հաշվի առնելով, թե ինչ զոհ է մատուցվելու։ Այժմ առանձին-առանձին քննենք արյունով մատուցվող զոհերը։
13-16. ա) Նշիր, թե ինչ պահանջներ կային 1) ողջակեզների, 2) խաղաղության զոհերի, 3) մեղքի ընծաների և 4) հանցանքի ընծաների վերաբերյալ։ բ) Ի՞նչ արգելքի մասին է նորից ու նորից նշվում արյունով զոհերի վերաբերյալ։
13 1) Ողջակեզ մատուցելու համար անհատը կարող է բերել մատղաշ ցուլ, խոյ, այծ, տատրակ կամ աղավնի՝ կախված իր հնարավորություններից։ Այն հարկավոր է կտոր-կտոր անել և բացի մաշկից ամեն ինչ ամբողջությամբ այրել զոհասեղանի վրա։ Տատրակ կամ աղավնի զոհաբերելիս հարկավոր է ոլորել վիզը՝ առանց գլուխը պոկելու, իսկ քարաճիկն ու փետուրները հեռացնել (1։1–17; 6։8–13; 5։8)։
14 2) Խաղաղության զոհ բերում են խոշոր անասուններից կամ հոտից՝ լինի արու թե էգ։ Զոհասեղանի վրա այրում են միայն ճարպը, որոշակի մասերը քահանային են տրվում, իսկ մնացածը կարող է ուտել զոհ մատուցողը։ Այս զոհը խաղաղության զոհ է կոչվում, քանի որ զոհը մատուցվում է՝ Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալու ցանկությունից մղված։ Ասես երկրպագություն մատուցողը, քահանաներն ու Եհովան, խաղաղ փոխհարաբերություններ ունենալով, միասին ճաշում են (3։1–17; 7։11–36)։
15 3) Մեղքի ընծա բերվում է, երբ անհատը ոչ միտումնավոր կերպով կամ սխալմամբ է մեղք գործել։ Տարբեր կենդանիներ են մատուցվում՝ կախված այն բանից, թե ով է մեղք գործել՝ քահանան, ողջ ժողովուրդը, տոհմապետը, թե հասարակ իսրայելացին։ Ի տարբերություն ողջակեզի ու խաղաղության զոհերի, որոնք բերում են առանձին իսրայելացիները, և որոնք կամավոր զոհեր են համարվում՝ մեղքի ընծան պարտադիր զոհ է (4։1–35; 6։24–30)։
16 4) Հանցանքի ընծա պահանջվում է բերել, եթե անհատը մեղավոր է անհավատարմության, խաբեության կամ գողության մեջ։ Որոշ դեպքերում պահանջվում է խոստովանել մեղքը և հնարավորության սահմաններում զոհ մատուցել։ Այլ դեպքերում հարկավոր է փոխհատուցել վնասը՝ ավելացնելով 20 տոկոս ու խոյ զոհելով։ «Ղևտական» գրքում ընծաների վերաբերյալ այս հատվածում նորից ու նորից նշվում է արյուն չուտելու մասին արգելքը (5։1–6։7; 7։1–7, 26, 27; 3։17)։
17. Ինչպե՞ս պետք է մատուցվեին անարյուն զոհերը։
17 Անարյուն զոհերը հացի ընծաներն են։ Դրանք կարող են լինել ամբողջությամբ կրակով բոված հասկերից, ծեծած հացահատիկից կամ բարձրորակ ալյուրից։ Այս ընծաները պատրաստում են տարբեր կերպերով, օրինակ՝ թխում են վառարանում, պատրաստում թավայի մեջ կամ ճարպով լի կաթսայի մեջ։ Դրանք պետք է մատուցվեն աղով, յուղով, երբեմն կնդրուկով, բայց առանց թթխմորի և մեղրի։ Որոշ ընծաների դեպքում զոհի մի մասը քահանային է պատկանում (2։1–16)։
18. Հավատ զորացնող ի՞նչ տեսարանով է ավարտվում քահանաների օծումը։
18 Քահանաների օծումը (8։1–10։20)։ Ժամանակն է, որ Իսրայելում հանդիսավոր արարողություն կատարվի՝ քահանաների օծումը։ Մովսեսը այս արարողությունը անում է՝ ամենայն մանրամասնությամբ հետևելով Եհովայի պատվերներին։ «Ահարոնն ու նրա որդիներն անում են այն ամենը, ինչ Եհովան պատվիրել է Մովսեսի միջոցով» (8։36)։ Օծման արարողությունը տևում է յոթ օր, այնուհետև մի հրաշալի ու հավատ զորացնող բան է տեղի ունենում։ Ներկա է ողջ ժողովը։ Քահանաները հենց նոր են մատուցել զոհը։ Ահարոնն ու Մովսեսը արդեն օրհնել են ժողովրդին։ Եվ ի՞նչ... «Եհովայի փառքը երևում է ամբողջ ժողովրդին, ու Եհովայի առաջից կրակ է դուրս գալիս ու լափում զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպոտ կտորները։ Երբ ամբողջ ժողովուրդը տեսնում է դա, աղաղակում է ու երեսնիվայր ընկնում» (9։23, 24)։ Այո՛, Եհովան արժանի է նրանց հնազանդությանն ու երկրպագությանը։
19. Ի՞նչ մեղք է գործվում, և ի՞նչ է տեղի ունենում այդ պատճառով։
19 Այդուհանդերձ, շատերը խախտում են Օրենքը։ Օրինակ՝ Ահարոնի որդիներ Նադաբն ու Աբիուն ապօրինի կրակով խունկ են մատուցում Եհովայի առաջ։ «Այդ պահին Եհովայի առաջից կրակ է դուրս գալիս ու կլանում նրանց, և նրանք մահանում են Եհովայի առաջ» (10։2)։ Ընդունելի զոհ մատուցելու ու Եհովայի հավանությունը ունենալու համար թե՛ ժողովուրդը, թե՛ քահանաները պետք է հետևեն նրա հրահանգներին։ Անմիջապես հետո Եհովան պատվիրում է, որ քահանաները ոգելից խմիչք չօգտագործեն խորանում ծառայելու ընթացքում, ինչից կարելի է ենթադրել, որ Ահարոնի երկու որդիները մեղք էին գործել հարբած լինելու պատճառով։
20, 21. Ծիսական և ֆիզիկական մաքրության վերաբերյալ ի՞նչ հրահանգներ կան։
20 Մաքրության վերաբերյալ օրենքներ (11։1–15։33)։ Այս հատվածում խոսվում է ծիսական և ֆիզիկական մաքրության մասին։ Որոշ կենդանիներ՝ ընտանի թե վայրի, անմաքուր են։ Բոլոր դիակները նույնպես անմաքուր են, և նա, ով դիպչի դրանց, անմաքուր է դառնում։ Երեխայի ծնունդը նույնպես անմաքուր է դարձնում կնոջը, այդ պատճառով մի որոշ ժամանակ նա պետք է տանը մնա, իսկ հետո հատուկ զոհ մատուցի։
21 Որոշ մաշկային հիվանդություններ, օրինակ՝ բորոտությունը, նույնպես անմաքուր է դարձնում անհատին, և պետք է մաքրվի ոչ միայն հիվանդը, այլ նաև նրա հագուստը և տունը։ Նման դեպքում պահանջվում է կարանտին հայտարարել։ Դաշտանային ցիկլը և սերմի ծորումը, ինչպես նաև այլ արտահոսումներ նույնպես անմաքրություն են համարվում։ Նման դեպքերում հարկավոր է առանձին մնալ, իսկ երբ մաքրման ընթացքը ավարտվի, հարկավոր է ջրով լվանալ մարմինը կամ զոհ մատուցել, կամ երկու բանն էլ անել։
22. ա) Ինչո՞ւ է 16-րդ գլուխը առանձնահատուկ։ բ) Ինչպե՞ս է անցկացվում Քավության օրը։
22 Քավության օրը (16։1–34)։ Այս գլուխը առանձնահատուկ է, քանի որ տրվում են հրահանգներ Իսրայելի ամենակարևոր օրվա՝ Քավության օրվա հետ կապված, որը նշվում է յոթերորդ ամսվա տասներորդ օրը։ Այդ օրը հարկավոր է ճնշել հոգիները (ամենայն հավանականությամբ ծոմապահությամբ) և ոչ մի գործ չանել։ Սկզբում մատղաշ ցուլ է մատուցվում Ահարոնի և նրա տան, այսինքն՝ Ղևիի ցեղի մեղքերի համար, հետո զոհաբերվում է նոխազ մնացած ժողովրդի համար։ Խունկը այրելուց հետո հերթով ամեն կենդանու արյունից բերում են խորանի Սրբությունների Սրբություն և ցողում տապանակի կափարիչի առաջ։ Հետո կենդանու մարմինը, կաշին և թրիքը ճամբարից դուրս են տանում ու կրակով այրում են։ Այդ օրը Եհովայի առաջ ներկայացնում են նաև մի նոխազ և դրա վրա խոստովանում ժողովրդի մեղքերը, ապա նրան դեպի անապատ են արձակում։ Դրանից հետո երկու խոյ է մատուցվում որպես ողջակեզ՝ մեկը Ահարոնի և նրա տան համար, իսկ մյուսը ժողովրդի համար։
23. ա) Որտե՞ղ է գրված ամենահստակ պատվերը արյան վերաբերյալ։ բ) Ուրիշ ի՞նչ հրահանգներ են տրվում իսրայելացիներին։
23 Արյան և այլ հարցերի վերաբերյալ կանոններ (17։1–20։27)։ Այս մասում շատ կանոններ կան իսրայելացիների առօրյա կյանքի վերաբերյալ։ Սա այն հատվածներից մեկն է, որտեղ ամենահստակ կերպով նշվում է արյուն չգործածելու վերաբերյալ աստվածաշնչյան պատվերը (17։10–14)։ Արյունը զոհասեղանի համար է նախատեսված և ոչ թե ուտելու։ Արգելք է դրվում այնպիսի գարշելի գործերի վրա, ինչպիսիք են արյունապղծությունը, արվամոլությունը և անասնապղծությունը։ Կանոններ են տրվում, որոնց նպատակն է պաշտպանել խեղճերին, աղքատներին ու պանդուխտներին, նաև պատվեր է տրվում. «Մերձավորիդ սիրիր քո անձի պես։ Ես Եհովան եմ» (19։18)։ Այնուհետև նշվում են օրենքներ, որոնք պետք է ապահովեն ժողովրդի սոցիալական ու նյութական բարօրությունը։ Զգուշացումներ են տրվում հոգևոր վտանգների, օրինակ՝ Մողոքի երկրպագության և ոգեհարցության վերաբերյալ, որոնց համար մահապատիժ է սահմանվում։ Եվ կրկին Աստված շեշտում է, որ իր ժողովուրդը պետք է առանձնանա մյուս ազգերից՝ ասելով. «Սուրբ եղեք ինձ համար, որովհետև ես՝ Եհովաս, սուրբ եմ։ Ես զատում եմ ձեզ ժողովուրդներից, որպեսզի իմը լինեք» (20։26)։
24. Ի՞նչ է նշվում «Ղևտական» գրքում քահանաների և տարեկան տոների մասին։
24 Քահանաների ծառայությունը և տոներ (21։1– 25։55)։ Հաջորդ երեք գլուխները հիմնականում վերաբերում են իսրայելացիների երկրպագությանը։ Գրի են առնվել ցուցումներ քահանաների համար, օրինակ՝ նշվում է, թե ինչպիսին պետք է լինի նրանց ֆիզիկական վիճակը, ում հետ պետք է ամուսնանան, ով կարող է ուտել սուրբ բաները, ինչ պահանջների պետք է համապատասխանի զոհաբերվող կենդանին։ Պատվեր է տրվում տարին երեք անգամ եղանակային տոներ նշել, որոնք լավ առիթ են «ուրախանալու իրենց Աստված Եհովայի առաջ» (23։40)։ Որպես մեկ մարդ՝ ժողովուրդը պետք է հավաքվի, որպեսզի փառաբանի ու երկրպագի Եհովային՝ նրա հետ իր փոխհարաբերությունները ամրացնելով։ Դրանք տոն են Եհովայի պատվին՝ սուրբ հավաքույթներ։ Պասեքը և Անթթխմոր հացերի տոնը նշվում են վաղ գարնանը, իսկ ուշ գարնանը՝ Պենտեկոստեն, կամ՝ Շաբաթների տոնը։ Աշնանը նշվում են Քավության օրը և ութօրյա Տաղավարների տոնը, կամ՝ բերքահավաքի տոնը։
25. ա) Ինչպե՞ս է ցույց տրվում, որ պետք է հարգել «Անունը»։ բ) Ո՞ր դեպքերում է նշվում յոթ թիվը։
25 24-րդ գլխում հրահանգներ են տրվում խորանում օգտագործվող հացի և յուղի վերաբերյալ։ Ապա նկարագրվում է այն դեպքը, որից հետո Եհովան հետևյալ օրենքն է տալիս. նա, ով անիծի «Անունը», այո՛, Եհովայի անունը, պետք է քարկոծվի։ Այնուհետև Աստված վրեժխնդրության օրենքն է տալիս՝ «աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ» (24։11–16, 20)։ 25-րդ գլխում ցուցումներ են տրվում շաբաթ-տարվա, կամ՝ հանգստի տարվա վերաբերյալ, որը պետք է տեղի ունենա ամեն յոթ տարին մեկ և Հոբելյան տարում՝ ամեն 50-րդ տարին։ 50-րդ տարում հարկավոր է ազատություն հայտարարել բոլոր բնակիչներին և ժառանգաբար փոխանցված ունեցվածքը, որը վաճառվել կամ տրվել է ուրիշին 49 տարիների ընթացքում, հարկավոր է վերադարձնել տերերին։ Տրվում են նաև կանոններ, որոնք պաշտպանում են աղքատների ու ծառաների իրավունքները։ Այս գլուխներում յոթ թիվը հաճախ է նշվում՝ յոթերորդ օր, յոթերորդ տարի, յոթօրյա տոներ, յոթ շաբաթյա ժամանակահատվածներ և Հոբելյան տարի, որը գալիս է 49 տարի հետո՝ յոթ տարին բազմապատկած յոթ տարով։
26. Ինչո՞վ է ուշագրավ 26-րդ գլուխը։
26 Հնազանդության և անհնազանդության հետևանքները (26։1–46)։ Այս գլխում Եհովան թվարկում է այն օրհնությունները, որոնք բերում է հնազանդ լինելը, ինչպես նաև անհնազանդության պատիժները։ Աստված նաև խոստանում է, որ հոգ կտանի իսրայելացիներին, եթե նրանք խոնարհ մնան. «Հանուն նրանց ես կհիշեմ այն ուխտը, որ հաստատվել է իրենց նախնիների հետ, որոնց ես ազգերի աչքի առաջ հանեցի Եգիպտոսից, որպեսզի նրանց Աստվածը լինեմ։ Ես Եհովան եմ» (26։45)։
27. Ինչպե՞ս է ավարտվում «Ղևտական» գիրքը։
27 Այլ հրահանգներ (27։1–34)։ Գրքի վերջում տեղ են գտել հրահանգներ երդման ընծաներ բերելու, Եհովային պատկանող առաջնեկների և տասներորդ մասի վերաբերյալ, որը սուրբ է Եհովայի համար։ Գիրքը ավարտվում է հետևյալ խոսքերով. «Սրանք են այն պատվիրանները, որ Եհովան Սինա լեռան վրա տվեց Մովսեսին Իսրայելի որդիների համար» (27։34)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
28. Ինչո՞վ է օգտակար «Ղևտական» գիրքը քրիստոնյաների համար։
28 Լինելով Սուրբ Գրքի մի մասը՝ «Ղևտական» գիրքը մեծ օգուտներ է բերում այսօրվա քրիստոնյաներին։ Այն օգնում է մեզ ավելի լավ ճանաչելու Եհովային, նրա հատկությունները, ինչպես նաև Օրենքի ուխտի տակ եղող իսրայելացիների օրինակով տեսնելու, թե ինչպես է նա վարվում իր ստեղծած էակների հետ։ Գրքում շատ սկզբունքներ կան, որոնք միշտ կիրառելի են, կան նաև բազմաթիվ մարգարեական օրինակներ և մարգարեություններ, որոնք ուսումնասիրելը զորացնում է հավատը։ «Ղևտական» գրքում արձանագրված շատ սկզբունքներ կրկնվում են Քրիստոնեական Հունարեն Գրություններում, որոշները նույնիսկ ուղղակիորեն մեջբերվում են։ Ստորև բերված են յոթ սկզբունքներ։
29-31. Ինչպե՞ս է «Ղևտական» գրքում շեշտվում, որ պետք է հարգել Եհովայի ա) գերիշխանությունը, բ) անունը և գ) սրբությունը։
29 1) Եհովայի գերիշխանությունը։ Նա է Օրենսդիրը, և մենք՝ որպես նրա ստեղծագործություն, հաշվետու ենք նրան։ Նա բոլոր հիմքերը ունի մեզնից աստվածավախություն պահանջելու։ Լինելով տիեզերքի Գերիշխան՝ ոչ մի մրցակցություն չի հանդուրժում՝ լինի կռապաշտության, ոգեհարցության կամ որևէ այլ դիվապաշտության տեսքով (Ղևտ. 18։4; 25։17; 26։1; Մատթ. 10։28; Գործ. 4։24)։
30 2) Եհովայի անունը։ Աստծու սուրբ անվանը հարկավոր է հարգանքով վերաբերվել։ Ոչ ոք չպետք է համարձակվի անարգել նրա անունը խոսքերով կամ գործերով (Ղևտ. 22։32; 24։10–16; Մատթ. 6։9)։
31 3) Եհովայի սրբությունը։ Քանի որ Եհովան սուրբ է, նրա ժողովուրդը նույնպես պետք է սուրբ լինի, այսինքն՝ սրբացված կամ առանձնացված նրան ծառայելու համար։ Դա նշանակում է, որ պետք է հեռու մնանք այս անաստված աշխարհից (Ղևտ. 11։44; 20։26; Հակ. 1։27; 1 Պետ. 1։15, 16)։
32-34. Ի՞նչ սկզբունքներ կան ա) մեղքի, բ) արյան և գ) մեղքի աստիճանի վերաբերյալ։
32 4) Մեղքի լրջությունը։ Աստված է, որ որոշում է, թե ինչն է մեղք համարվում, ու մենք պետք է պայքարենք դրա դեմ։ Մեղքը հնարավոր է քավել միայն զոհաբերություն անելով։ Հարկավոր է նաև խոստովանել մեղքը, զղջալ և հնարավորության սահմաններում փոխհատուցել վնասը։ Որոշ մեղքեր չեն ներվում (Ղևտ. 4։2; 5։5; 20։2, 10; 1 Հովհ. 1։9; Եբր. 10։26–29)։
33 5) Արյան սրբությունը։ Քանի որ արյունը սուրբ է, այն ոչ մի ձևով չի կարելի ընդունել մարմնի մեջ։ Այն կարելի է գործածել միմիայն մեղքը քավելու նպատակով (Ղևտ. 17։10–14; Գործ. 15։29; Եբր. 9։22)։
34 6) Մեղքի տարբեր աստիճաններ և տարբեր պատժամիջոցներ։ Ոչ բոլոր մեղքերն էին ծանր համարվում ու ոչ բոլոր մեղսագործներն էին հավասարապես մեղավոր։ Որքան բարձր էր անհատի դիրքը, այնքան մեծ էր նրա մեղավորությունը և այդքան էլ մեծ պատիժը։ Միտումնավոր գործված մեղքի համար ավելի խիստ պատժամիջոց էր սահմանված, քան ոչ միտումնավոր գործված մեղքի համար։ Նյութական հատուցում սահմանելիս հաճախ հաշվի էին առնում անհատի վճարունակությունը։ Այս ճկուն մոտեցումը գործում էր ոչ միայն մեղքի ու պատժի, այլև ծիսական անմաքրության առնչությամբ (Ղևտ. 4։3, 22–28; 5։7–11; 6։2–7; 12։8; 21։1–15; Ղուկ. 12։47, 48; Հակ. 3։1; 1 Հովհ. 5։16)։
35. Ինչպե՞ս է «Ղևտական» գրքում ամփոփվում, թե ինչ վերաբերմունք պետք է ունենալ մերձավորի հանդեպ։
35 7) Արդարություն և սեր։ Ղևտական 19։18-ում ասվում է, թե ինչպես պետք է վերաբերվենք մեր մերձավորին. «Մերձավորիդ սիրիր քո անձի պես»։ Այս խոսքերով ամեն ինչ ասված է։ Այս պատվիրանը բացառում է կողմնապահ լինելը, գողություն անելը, սուտ խոսելը, զրպարտելը և պարտադրում է լինել կարեկից հիվանդների, աղքատների, կույրերի, խուլերի հանդեպ (Ղևտ. 19։9–18; Մատթ. 22։39; Հռոմ. 13։8–13)։
36. Ի՞նչն է ցույց տալիս, որ «Ղևտական» գիրքը օգտակար է քրիստոնյաների համար։
36 «Ղևտական» գիրքը շատ «օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար»։ Դա է փաստում այն, որ Հիսուսը և նրա առաքյալները, հատկապես Պողոսն ու Պետրոսը հղել են այս գրքին։ Նրանք ուշադրություն են դարձրել մարգարեական օրինակներին և գալիք ստվերին։ Ինչպես Պողոսը նշեց, «Օրենքն ունի գալիք օրհնությունների ստվերը» ու «երկնային բաների նախապատկերն ու ստվերն է» (2 Տիմոթ. 3։16; Եբր. 10։1; 8։5)։
37. Ո՞ր մարգարեական օրինակների նշանակությունն է բացատրվում «Եբրայեցիներ» նամակում։
37 Խորանը, քահանայությունը, զոհաբերությունները և հատկապես ամեն տարի նշվող Քավության օրը մարգարեական օրինակներ են։ Եբրայեցիներին ուղղած իր նամակում Պողոսը բացատրում է դրանց նշանակությունը՝ զուգահեռներ անցկացնելով այս նախօրինակների և այն ամենի միջև, որը կապ ունի Եհովայի «ճշմարիտ խորանի» հետ (Եբր. 8։2)։ Ավագ քահանա Ահարոնը Հիսուս Քրիստոսի նախօրինակն է, որը «եկավ (քահանայապետը, որը պետք է զանազան օրհնություններ բերեր, որոնք արդեն ունենք), ավելի մեծ ու ավելի կատարյալ խորանի միջով անցավ» (Եբր. 9։11; Ղևտ. 21։10)։ Կենդանական զոհերի արյունը նախապատկերում է Հիսուսի արյունը, ինչով նա «հավիտյան ազատագրեց մեզ» (Եբր. 9։12)։ Խորանի ներքին բաժանմունքը՝ Սրբությունների Սրբությունը, որտեղ քահանայապետը մտնում էր միայն տարին մեկ անգամ՝ Քավության օրը՝ զոհաբերական արյուն ներկայացնելու համար, «իրականության օրինակն է», «բուն երկինքը», ուր Հիսուսը բարձրացավ, որ «մեզ համար ներկայանա Աստծու երեսի առաջ» (Եբր. 9։24; Ղևտ. 16։14, 15)։
38. Ինչպե՞ս է զոհաբերությունների խորհրդանշական նշանակությունը կատարվել Հիսուսի վրա։
38 Անարատ ու անբիծ կենդանիները, որոնց զոհաբերում էին որպես ողջակեզ ու մեղքի ընծա, ներկայացնում են Հիսուս Քրիստոսի մարմնի կատարյալ ու անարատ զոհը (Եբր. 9։13, 14; 10։1–10; Ղևտ. 1։3)։ Հետաքրքիր է, որ Պողոսը նույնպես նշում է, որ Քավության օրը կենդանիների մարմինները, որ զոհաբերվում էին մեղքի համար, տանում էին ճամբարից դուրս ու այրում (Ղևտ. 16։27)։ «Դրա համար Հիսուսն էլ.... չարչարվեց քաղաքի դարպասից դուրս,— գրում է Պողոսը։— Ուրեմն եկեք գնանք դեպի նա՝ ճամբարից դուրս՝ կրելով նրա կրած նախատինքը» (Եբր. 13։12, 13)։ Աստվածաշնչի այս ներշնչված բացատրությունների շնորհիվ ծիսական արարողությունները, որ նկարագրված են «Ղևտական» գրքում, ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում մեզ համար։ Մենք սկսում ենք ըմբռնել, թե ինչ իմաստությամբ է Եհովան մատնացույց արել այն, ինչ պետք է լինի ապագայում՝ այն իրականությունը, որը կարելի է հասկանալ միայն սուրբ ոգու օգնությամբ (Եբր. 9։8)։ Այս մարգարեական օրինակները շատ կարևոր է հասկանալ, եթե ուզում ենք ձեռք բերել այն կյանքը, որ Եհովան տալիս է Հիսուս Քրիստոսի՝ Աստծու տան վրա «մեծ քահանայի» միջոցով (Եբր. 10։19–25)։
39. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ «Ղևտական» գիրքը Աստվածաշնչի անբաժանելի մասն է։
39 Ահարոնի տան քահանաները ներկայացնում են նրանց, ովքեր ծառայում են Քահանայապետ Հիսուս Քրիստոսի հետ և ովքեր կոչվում են «թագավորական քահանայություն» (1 Պետ. 2։9)։ «Ղևտական» գիրքը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է Եհովայի կողմից նշանակված մեծ Քահանայապետը և Թագավորը քավում մեղքերը։ Այս գրքում նաև գրի են առնվել Աստծու տան անդամների վրա դրված պահանջները, որոնց մասին ասվում է, որ նրանք «երջանիկ ու սուրբ» են, և որ «Աստծու և Քրիստոսի քահանաները կլինեն ու նրա հետ կթագավորեն հազար տարի»։ Նրանց քահանայական ծառայության շնորհիվ հնազանդ մարդկությունը կատարելության կհասնի, իսկ երկնային Թագավորության մեջ որպես թագավոր նրանց ծառայության շնորհիվ խաղաղություն ու արդարություն կհաստատվի երկրի վրա։ Որքա՜ն երախտապարտ պետք է լինենք սուրբ Աստված Եհովային, որի կարգադրությամբ Քահանայապետը և Թագավորը, ինչպես նաև «թագավորական քահանայությունը» ամենուր հռչակել են Աստծու հրաշալի հատկությունները՝ այդպիսով սրբացնելով նրա անունը։ Իրոք, «Ղևտական» գիրքը հրաշալի կերպով միախառնվում է «ամբողջ Գրքի» մյուս մասերին և հայտնի դարձնում Եհովայի նպատակները Թագավորության առնչությամբ (Հայտն. 20։6)։