Պահիր նվիրվածությունդ՝ միավորված սրտով
«Ես քո ճշմարտության մեջ կքայլեմ։ Միավորի՛ր իմ սիրտը, որ վախենամ քո անունից» (ՍԱՂ. 86։11, ՆԱ)։
1, 2. ա) Ըստ Սաղմոս 86։2, 11 համարների՝ ի՞նչը կօգնի մեզ հավատարիմ մնալու Եհովային՝ չնայած փորձություններին և գայթակղություններին։ բ) Ե՞րբ պետք է լիասիրտ նվիրվածություն զարգացնենք։
ԻՆՉՈ՞Ւ են որոշ քրիստոնյաներ, ովքեր, չնայած բանտարկությանը կամ հալածանքին, երկար տարիներ հավատարիմ մնալուց հետո տրվում նյութապաշտությանը։ Պատասխանը կապված է նրանց սրտի հետ, այսինքն՝ թե ինչպիսին է անհատը ներքուստ։ 86–րդ սաղմոսը նվիրվածությունը կապում է միավորված, այսինքն՝ ամբողջական սրտի հետ, սիրտ, որը երկատված չէ։ «Պահիր իմ անձը, որ ես մաքուր [«նվիրված», ՆԱ] եմ,— գրեց սաղմոսերգու Դավիթը,— փրկիր, ով իմ Աստուած, քո ծառային, որ քեզ է յուսացած»։ Դավիթը նաև աղոթեց. «Տէր, ցոյց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտութեան մէջ. միացրու իմ սիրտը [«միավորի՛ր իմ սիրտը», ՆԱ] որ քո անունիցը վախենայ» (Սաղ. 86։2, 11)։
2 Եթե ամբողջ սրտով չվստահենք Եհովային, ապա նրան նվիրված լինելու մեր վճռականությունը կթուլանա այլ բաների մասին մտահոգությունների ու զանազան կապվածությունների պատճառով։ Եսասիրական ցանկությունները նման են ականների, որոնք դրված են մեր ճանապարհին։ Նույնիսկ եթե ծանր հանգամանքներում հավատարիմ ենք մնացել Եհովային, այնուամենայնիվ, հնարավոր է, որ ընկնենք Սատանայի պատրաստած ինչ–որ մի ծուղակ։ Որքա՜ն կարևոր է լիասիրտ նվիրվածություն զարգացնել Եհովայի հանդեպ հիմա՛՝ նախքան փորձությունների և գայթակղությունների հանդիպելը։ «Ամենայն զգուշութեամբ պահի՛ր եւ պահպանի՛ր քո սիրտը»,— ասում է Աստվածաշունչը (Առակ. 4։23, էԹ)։ Սիրտը պահպանելու համար մենք կարող ենք արժեքավոր բաներ սովորել մի մարգարեի դեպքից, որն ապրում էր Հուդայում և Եհովայի կողմից ուղարկվեց Իսրայելի Հերոբովամ թագավորի մոտ։
«Ես քեզ պարգեւներ տամ»
3. Ինչպե՞ս է Հերոբովամը արձագանքում Աստծու մարգարեի դատաստանական պատգամին։
3 Պատկերացնենք հետևյալ տեսարանը։ Աստծու մարդը հենց նոր է խիստ պատգամ հայտնել Հերոբովամ թագավորին, որը Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունում հիմնել է հորթի պաշտամունքը։ Թագավորը կատաղում է։ Նա իր մարդկանց հրամայում է բռնել պատգամաբերին։ Բայց Եհովան իր ծառայի հետ է։ Հրաշք է տեղի ունենում. զայրացած թագավորի պարզած ձեռքը անմիջապես չորանում է, իսկ կեղծ պաշտամունքի զոհասեղանը կիսվում է։ Հանկարծ Հերոբովամի պահվածքը փոխվում է։ Նա Աստծու մարդուն աղերսում է. «Քո Տէր Աստուծուն աղօթք արա եւ խնդրիր ինձ համար, որ իմ ձեռքը ետ դառնայ դէպի ինձ»։ Մարգարեն աղոթում է, և թագավորի ձեռքը բուժվում է (Գ Թագ. 13։1–6)։
4. ա) Ինչո՞ւ էր թագավորի առաջարկը իրականում նվիրվածության փորձություն մարգարեի համար։ բ) Ի՞նչ պատասխանեց մարգարեն։
4 Հերոբովամը ճշմարիտ Աստծու մարդուն ասում է. «Ինձ հետ եկ տուն, եւ ճաշիր, եւ ես քեզ պարգեւներ տամ» (Գ Թագ. 13։7)։ Ի՞նչ կանի այժմ մարգարեն։ Կընդունի՞ թագավորի հրավերը այն բանից հետո, երբ ինքը նրան դատապարտական խոսքեր է ասել (Սաղ. 119։113, ՆԱ)։ Թե՞ կմերժի նրան, թեև թվում է, թե նա զղջում է։ Հերոբովամը, անշուշտ, կարող է առատաձեռնորեն թանկարժեք նվերներ տալ իր ընկերներին։ Եթե Աստծու մարգարեն իր սրտում փայփայել է սեր նյութականի հանդեպ, ապա թագավորի առաջարկը, ըստ ամենայնի, մեծ գայթակղություն է նրա համար։ Ինչևէ, Եհովան մարգարեին պատվիրել է. «Հաց չ’ուտես եւ ջուր չ’խմես եւ այն ճանապարհով ետ չ’դառնաս որով գնացիր»։ Ուստի մարգարեն վճռականորեն պատասխանում է. «Եթէ ինձ քո տան կէսն էլ տալու լինես, քեզ հետ չեմ ուտիլ եւ ջուր չեմ խմիլ այս տեղում»։ Այնուհետև նա ուրիշ ճանապարհով հեռանում է Բեթելից (Գ Թագ. 13։8–10)։ Մարգարեի կայացրած որոշումից ի՞նչ ենք սովորում ամբողջ սրտով Աստծուն նվիրված լինելու մասին (Հռոմ. 15։4)։
«Բավարարվենք»
5. Ինչպե՞ս կարող է նյութապաշտությունը խանգարել անհատին՝ նվիրվածություն դրսևորելու Աստծու հանդեպ։
5 Գուցե թվա, որ նյութապաշտությունը կապ չունի նվիրվածության հետ, բայց դա այդպես չէ։ Հավատո՞ւմ ենք Եհովայի այն խոստմանը, որ նա կտա մեզ այն, ինչի կարիքն իսկապես ունենք (Մատթ. 6։33; Եբր. 13։5)։ Ամեն գնով ձգտո՞ւմ ենք ձեռք բերել կյանքի որոշ «հարմարավետություններ», որոնք ներկայումս մեզ մատչելի չեն, թե՞ կարող ենք ապրել առանց դրանց (կարդա՛ Փիլիպպեցիներ 4։11–13)։ Մեր մեջ գայթակղությո՞ւն է առաջանում հրաժարվելու աստվածապետական առանձնաշնորհումներից՝ մեր ուզածը ձեռք բերելու համար։ Մեր կյանքում Աստծուն նվիրված ծառայելը առաջին տեղո՞ւմ է։ Պատասխանները մեծապես կախված են այն բանից՝ արդյոք Եհովային լիասիրտ ենք ծառայում, թե՝ ոչ։ «Աստծու հանդեպ նվիրվածությունը մեծ շահ ստանալու միջոց է՝ բավարարվածության հետ միասին,— գրեց Պողոս առաքյալը։— Որովհետև մենք ոչինչ չենք բերել աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել։ Ուստի ուտելիք, հագուստ և ծածկ ունենալով՝ դրանցով բավարարվենք» (1 Տիմոթ. 6։6–8)։
6. Ի՞նչ «պարգևներ» գուցե մեզ առաջարկեն, և ի՞նչը կօգնի մեզ որոշելու՝ ընդունե՞լ դրանք, թե՞ ոչ։
6 Օրինակ՝ գործատերը կարող է մեզ առաջարկել պաշտոնի բարձրացում՝ բարձր աշխատավարձով և այլ օգուտներով։ Կամ գուցե հասկանում ենք, որ կկարողանանք ավելի շատ վաստակել, եթե գնանք արտասահման և այնտեղ աշխատենք։ Սկզբում կարող է թվալ, որ դա Եհովայի օրհնությունն է։ Բայց նախքան որոշում կայացնելը լավ կլինի քննել մեր մղումները։ Մեզ առաջին հերթին պետք է մտահոգի հետևյալ հարցը. «Իմ կայացրած որոշումն ինչպե՞ս կազդի իմ ու Եհովայի փոխհարաբերությունների վրա»։
7. Ինչո՞ւ է կարևոր սրտից արմատախիլ անել նյութապաշտական ցանկությունները։
7 Սատանայի համակարգը անընդհատ խրախուսում է նյութապաշտություն (կարդա՛ 1 Հովհաննես 2։15, 16)։ Բանսարկուի նպատակը մեր սրտերը ապականելն է։ Ուստի մենք պետք է զգոն լինենք, որպեսզի կարողանանք մեր սրտում հայտնաբերել և արմատախիլ անել նյութապաշտական ցանկությունները (Հայտն. 3։15–17)։ Հիսուսի համար դժվար չեղավ մերժել Սատանային, որը նրան աշխարհի բոլոր թագավորություններն առաջարկեց (Մատթ. 4։8–10)։ Քրիստոսը զգուշացրեց. «Աչալո՛ւրջ եղեք և զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկ. 12։15)։ Նվիրվածությունը կօգնի, որ ապավինենք Եհովային և ոչ մեր անձին։
Մի ծեր մարգարե «սուտ ասեց նորան»
8. Ինչպե՞ս փորձվեց Աստծու մարգարեի նվիրվածությունը։
8 Աստծու մարգարեի համար ամեն ինչ լավ կլիներ, եթե նա շարունակեր տունդարձի ճանապարհը։ Սակայն առաջին փորձությունից անմիջապես հետո նա բախվեց երկրորդին։ Աստվածաշնչում կարդում ենք. «Մի ծեր մարգարէ էր բնակվում Բեթէլումը եւ նորա [որդիները եկան ու պատմեցին նրան] այն բոլոր բաները», որ տեղի էին ունեցել այդ օրը։ Լսելով նրանց՝ ծեր մարդն ասում է, որ էշը պատրաստեն իր համար, որպեսզի ինքը հասնի Աստծու մարգարեին։ Քիչ անց նա գտնում է նրան մի մեծ ծառի տակ հանգստանալիս և ասում. «Ինձ հետ եկ իմ տունը եւ հաց կեր»։ Երբ ճշմարիտ Աստծու մարդը մերժում է նրան, ծեր մարդը պատասխանում է. «Ես էլ մարգարէ եմ քեզ պէս, եւ մի հրեշտակ խօսեց ինձ հետ Տիրոջ խօսքովն ասելով. Նորան ետ դարձրու քեզ հետ քո տունը եւ թող հաց ուտէ եւ ջուր խմէ»։ Բայց Աստվածաշունչն ասում է, որ նա «սուտ ասեց նորան» (Գ Թագ. 13։11–18)։
9. Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ստախոս, խարդախ մարդկանց մասին, և ո՞ւմ են նրանք վնասում։
9 Ինչպիսին էլ որ լիներ ծեր մարգարեի մղումը, նա ստեց։ Հավանաբար, նա մի ժամանակ Եհովայի հավատարիմ մարգարե էր։ Ինչևէ, այս դեպքում նա սուտ խոսեց։ Աստվածաշունչը խստորեն դատապարտում է նման վարքը (կարդա՛ Առակաց 6։16, 17)։ Խարդախ մարդիկ ոչ միայն իրենց են հոգևոր վնաս հասցնում, այլև հաճախ ուրիշներին։
«Նա ետ դառաւ» ծեր մարդու հետ
10. Ինչպե՞ս Աստծու մարգարեն արձագանքեց ծեր մարդու հրավերին, և ինչո՞վ ավարտվեց այդ ամենը։
10 Հուդայից եկած մարգարեն պետք է որ կռահեր, որ ծեր մարգարեն խորամանկություն է բանեցնում։ Նա կարող էր ինքն իրեն հարցնել. «Եթե Եհովան ինձ նոր հրահանգներ ունի տալու, ինչո՞ւ է հրեշտակին ուղարկում ուրիշի մոտ»։ Մարգարեն կարող էր Եհովայից հետագա առաջնորդություն խնդրել, բայց Գրություններում այդ մասին ոչինչ չի նշվում։ Այս ամենը անելու փոխարեն՝ «նա ետ դառաւ [ծեր մարդու] հետ եւ հաց կերաւ նորա տանը եւ ջուր խմեց»։ Եհովային դա դուր չեկավ։ Երբ խաբված մարգարեն վերջապես շարունակեց իր ճանապարհը դեպի տուն, մի առյուծ հանդիպեց նրան և սպանեց։ Ի՜նչ ողբերգական ավարտ ունեցավ նրա՝ որպես մարգարեի ծառայությունըa (Գ Թագ. 13։19–25)։
11. Ի՞նչ լավ օրինակ է թողել Աքիան։
11 Ի տարբերություն Հուդայից եկած մարգարեի՝ Հերոբովամին օծելու ուղարկված Աքիա մարգարեն հավատարիմ մնաց մինչև խոր ծերություն։ Երբ Աքիան ծեր էր և կույր, Հերոբովամը իր կնոջը ուղարկեց նրա մոտ, որպեսզի իմանա, թե ինչ է լինելու իրենց հիվանդ որդու հետ։ Աքիան համարձակորեն հայտնեց, որ Հերոբովամի որդին մահանալու է (Գ Թագ. 14։1–18)։ Աքիայի ստացած բազմաթիվ օրհնություններից մեկն այն էր, որ նա առանձնաշնորհում ունեցավ աջակցելու Աստծու ներշնչյալ Խոսքի գրությանը։ Ինչպե՞ս։ Այն, ինչ նա գրեց, Եզրաս քահանան հետագայում օգտագործեց որպես աղբյուր (Բ Մնաց. 9։29)։
12–14. ա) Ի՞նչ դաս կարող ենք քաղել տարիքով փոքր մարգարեի հետ տեղի ունեցածից։ բ) Օրինակով ցույց տուր, թե ինչու է կարևոր լրջորեն և աղոթքով քննել երեցների տված սուրբգրային խորհուրդը։
12 Աստվածաշունչը չի ասում, թե ինչու տարիքով ավելի փոքր մարգարեն խորհուրդ չհարցրեց Եհովայից, նախքան կշեղվեր ճանապարհից և կուտեր ու կխմեր ծեր մարդու հետ։ Գուցե այդ ծեր մարգարեն նրան ասաց այն, ինչ նա ուզում էր լսել։ Ի՞նչ դաս կարող ենք քաղել։ Մենք պետք է բացարձակապես համոզված լինենք, որ Եհովայի պահանջները ճշմարիտ և հիմնավոր են։ Նաև պետք է վճռական լինենք՝ անպայման կատարելու նրա ասածները։
13 Ոմանք, երբ խորհուրդ են լսում, ընդունում են միայն այն, ինչ հաճելի է իրենց։ Օրինակ՝ քարոզչին գուցե առաջարկեն մի աշխատանք, որը, հնարավոր է, կկրճատի այն ժամանակը, որ նա կարող է անցկացնել իր ընտանիքի հետ կամ քրիստոնեական գործունեության մեջ։ Նա գուցե խորհուրդ հարցնի երեցից։ Վերջինս հնարավոր է՝ սկզբում նշի, որ ինքը իրավասու չէ ասելու, թե ինչպես պետք է եղբայրը հոգա իր ընտանիքի կարիքները։ Այնուհետև երեցը եղբոր հետ գուցե խոսի այդ աշխատանքի հետ կապված հոգևոր վտանգների մասին։ Եղբայրը կհիշի միայն երեցի առաջի՞ն խոսքերը, թե՞ լրջորեն ուշադրություն կդարձնի նրա մյուս խոսքերին։ Նա ակնհայտորեն կարիք ունի որոշելու, թե հոգևոր առումով ի՛նչն է իր համար լավագույնը։
14 Քննենք մեկ ուրիշ իրավիճակ։ Քույրը հարցնում է երեցին, թե արդյոք կարող է անջատ ապրել իր ամուսնուց, որը չի ընդունում իր հավատը։ Անկասկած, երեցը կբացատրի, որ առանձնանալու կամ չառանձնանալու որոշումը պետք է կայացնի քույրը։ Այնուհետև նա ցույց կտա Աստվածաշնչի տեսակետը այդ հարցի վերաբերյալ (1 Կորնթ. 7։10–16)։ Բավականաչափ ուշադրություն կդարձնի՞ քույրը երեցի խոսքերին։ Թե՞ արդեն որոշել է հեռանալ ամուսնուց։ Որոշում կայացնելիս նա իմաստուն վարված կլինի, եթե աղոթքով խորհրդածի Աստվածաշնչի վրա հիմնված խորհրդի շուրջ։
Եղիր համեստ
15. Ի՞նչ ենք սովորում Աստծու մարգարեի սխալից։
15 Ուրիշ ի՞նչ կարող ենք սովորել Հուդայից եկած մարգարեի սխալից։ Առակաց 3։5–ում կարդում ենք. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր»։ Առաջվա պես Եհովային ապավինելու փոխարեն՝ այդ մարգարեն այս անգամ ապավինեց իր դատողությանը։ Այդ սխալի համար նա վճարեց կյանքով և կորցրեց Աստծու մոտ ունեցած իր բարի անունը։ Ի՜նչ տպավորիչ կերպով է այս դեպքը շեշտում, թե որքան կարևոր է Եհովային ծառայել համեստորեն ու նվիրված։
16, 17. Ի՞նչը կօգնի մեզ հավատարիմ մնալու Եհովային։
16 Մեր եսասեր սիրտը հակված է մեզ մոլորեցնելու։ «Խորամանկ [«Խաբեբայ», ԱԱ] է սիրտն ամենից աւելի եւ ապականուած» (Երեմ. 17։9)։ Եհովային նվիրված մնալու համար պետք է շարունակենք ջանք թափել հանելու հին անձնավորությունը, որը հակված է մեծամտության ու ինքնավստահության։ Այնուհետև պետք է հագնենք նոր անձնավորությունը, որը «ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ և նվիրվածությամբ» (կարդա՛ Եփեսացիներ 4։22–24)։
17 «Խոնարհների [«Համեստների», ՆԱ] հետ իմաստութիւն կայ»,— ասվում է Առակաց 11։2–ում։ Եհովային համեստորեն ապավինելը օգնում է մեզ խուսափելու լուրջ սխալներից։ Օրինակ՝ վհատությունը կարող է հեշտությամբ մթագնել մեր դատողությունը (Առակ. 24։10, ՆԱ)։ Գուցե հոգնենք սուրբ ծառայության որևէ ձևին մասնակցելուց և սկսենք մտածել, որ տարիների ընթացքում բավական գործ ենք արել, ու թերևս ժամանակն է, որ ուրիշները կրեն այդ բեռը։ Կամ գուցե ցանկանանք ավելի «նորմալ» կյանքով ապրել։ Բայց «ամեն ջանք գործադրելը» և «Տիրոջ գործում միշտ անելու շատ բան ունենալը» կպաշտպանեն մեր սիրտը (Ղուկ. 13։24; 1 Կորնթ. 15։58)։
18. Ի՞նչ կարող ենք անել, եթե չգիտենք՝ ինչ որոշում կայացնել։
18 Ժամանակ առ ժամանակ գուցե դժվար որոշումներ կայացնելու առջև կանգնենք, և մեզ համար ակնհայտ չլինի, թե որն է ճիշտ որոշումը։ Գուցե մեր մեջ գայթակղություն առաջանա սեփական հասկացողությամբ առաջնորդվելու։ Երբ էլ որ նման իրավիճակներում հայտնվենք, իմաստուն կլինենք, եթե Եհովայից օգնություն խնդրենք։ «Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի,— ասվում է Հակոբոս 1։5–ում,— թող շարունակի խնդրել Աստծուն, քանի որ նա ամենքին տալիս է առատաձեռնորեն»։ Մեր երկնային հայրը կտա մեզ սուրբ ոգին, որպեսզի մենք կարողանանք խոհեմ որոշումներ կայացնել (կարդա՛ Ղուկաս 11։9, 13)։
Եղիր վճռական՝ մնալու նվիրված
19, 20. Ի՞նչ պետք է վճռենք անել։
19 Ճշմարիտ երկրպագությունից Սողոմոնի հեռանալուն հաջորդած անհանգիստ տարիներին Աստծու ծառաների հավատարմությունը խիստ փորձության ենթարկվեց։ Ճիշտ է, շատերը այս կամ այն կերպով զիջումների գնացին։ Այդուհանդերձ, ոմանք նվիրված մնացին Եհովային։
20 Ամեն օր մենք կանգնում ենք այնպիսի ընտրություն կատարելու կամ որոշում կայացնելու առաջ, որով փորձվում է մեր նվիրվածությունը։ Վաղեմի հավատարիմների պես՝ մենք ևս կարող ենք փաստել մեր հավատարմությունը։ Եկեք միավորենք մեր սիրտը և միշտ նվիրված մնանք Եհովային՝ լիովին վստահ լինելով, որ նա կշարունակի օրհնել իր նվիրված ծառաներին (Բ Թագ. 22։26, ՆԱ)։
[ծանոթագրություն]
a Աստվածաշնչում չի խոսվում այն մասին՝ արդյոք Եհովան մահվան դատապարտեց ծեր մարգարեին, թե՝ ոչ։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչո՞ւ պետք է ջանանք մեր սրտից արմատախիլ անելու նյութապաշտական ցանկությունները։
• Ի՞նչը կօգնի մեզ նվիրված մնալու Եհովային։
• Ինչպե՞ս կարող է համեստությունը օգնել մեզ նվիրված մնալու Եհովային։
[նկարներ 9–րդ էջի վրա]
Դժվարանո՞ւմ ես գայթակղություններին դիմադրել
[նկարներ 10–րդ էջի վրա]
Աղոթքով կխորհրդածե՞ս տրված սուրբգրային խորհրդի շուրջ