-
Եհովան համրել է քո ‘գլխի ամեն մազերը’2005 Դիտարան | օգոստոս 1
-
-
«Իմ արտասուքները դիր քո տկի մէջ»
12. Որտեղի՞ց է հայտնի, որ Եհովան լավ գիտի, թե ինչ տառապանքներ է կրում իր ժողովուրդը։
12 Եհովան ոչ միայն ճանաչում է իր ծառաներից յուրաքանչյուրին, այլև լավ գիտի, թե նրանցից ամեն մեկը ինչ դժվարություններ է կրում։ Օրինակ՝ երբ իսրայելացիները ստրկության մեջ էին, Եհովան ասաց Մովսեսին. «Իրաւ տեսայ իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառով նորանց աղաղակը լսեցի. որովհետեւ նորանց նեղութիւնները իմացայ» (Ելից 3։7)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ երբ մենք փորձության մեջ ենք, Եհովան տեսնում է, թե ինչ է կատարվում, և լսում է մեր աղաղակը։ Անշուշտ, նրա համար միևնույն չէ, որ մենք տառապում ենք։
13. Ինչի՞ց է երևում, որ Եհովան իսկապես հոգ է տանում իր ծառաների մասին։
13 Եհովան հոգ է տանում այն մարդկանց մասին, ովքեր փոխհարաբերություններ են հաստատում իր հետ, և դա ավելի լավ է երևում իսրայելացիների նկատմամբ նրա զգացմունքներից։ Թեև վերջիններիս տառապանքի պատճառը հաճախ իրենց իսկ համառությունն էր, Եսայիա մարգարեի խոսքերով՝ Եհովան «նորանց բոլոր նեղութիւնների մէջ.... նեղվում էր» (Եսայիա 63։9)։ Եթե հավատարմորեն ծառայում ես Աստծուն, կարող ես համոզված լինել, որ երբ դու ցավ ես զգում, Եհովան էլ է ցավ զգում։ Արդյոք սա քեզ չի՞ մղում դժվարությունը դիմագրավել անվախորեն և շարունակել ձեռքիցդ եկածն անել սուրբ ծառայության մեջ (Ա Պետրոս 5։6, 7)։
14. Ի՞նչ հանգամանքներում է գրվել 56–րդ սաղմոսը։
14 Դավիթը համոզված էր, որ Եհովան հոգ է տանում իր մասին և զգում է իր ցավը։ Եվ այդ համոզվածությունն իր արտահայտումն է գտել 56–րդ սաղմոսում, որը Դավիթը գրել է Սավուղ թագավորի երեսից փախուստի մեջ գտնվելիս։ Քանի որ Սավուղն ուզում էր սպանել Դավթին, վերջինս փախավ Գեթ։ Երբ այնտեղ փղշտացիները ճանաչեցին նրան, Դավիթը սկսեց վախենալ՝ մտածելով, թե իրեն գերի կդարձնեն։ Նա գրեց. «Թշնամիքս ամեն օր կամենում են կուլ տալ ինձ. որովհետեւ շատ են ինձ հետ ամբարտաւանութիւնով կռիւ անողները»։ Այդ վտանգավոր իրավիճակում Դավիթը դիմեց Եհովային. «Ամեն օր ծռում են խօսքերս. նորանց ինձ վերայ արած բոլոր խորհուրդները դէպի չարութիւնն են» (Սաղմոս 56։2, 5)։
15. ա) Ի՞նչ ի նկատի ուներ Դավիթը, երբ Եհովային խնդրեց դնել իր արցունքները տկի մեջ, կամ՝ գրել գրքում։ բ) Երբ մեր հավատը փորձության է ենթարկվում, ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։
15 Այնուհետև, ինչպես արձանագրված է Սաղմոս 56։8–ում, Դավիթը հետաքրքիր հետևություն է անում. «Իմ թափառիլը դու համարում ես. իմ արտասուքները դիր քո տկի մէջ. ահա նորանք քո գրքումն են»։ Աստծու սիրառատ հոգատարության ի՜նչ հուզիչ նկարագրություն։ Երբ սթրեսի մեջ ենք, գուցե արտասվելով դիմում ենք Եհովային։ Նույնիսկ կատարյալ մարդ Հիսուսն էր այդպես վարվում (Եբրայեցիս 5։7)։ Դավիթը համոզված էր, որ Աստված տեսնում է իրեն։ Նա վստահ էր, որ Եհովան կհիշի իր կրած տառապանքները, այսպես ասած՝ կդնի իր արցունքները տկի մեջ, կամ՝ գրի կառնի գրքում։d Հնարավոր է մտածես, թե քո արցունքները համարյա կլցնեին այդ տիկը կամ կզբաղեցնեին այդ գրքի էջերի մեծ մասը։ Եթե այդպես է, կարող ես քաջալերվել, քանի որ Աստվածաշունչը մեզ խոստանում է. «Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմոս 34։18)։
-
-
Եհովան համրել է քո ‘գլխի ամեն մազերը’2005 Դիտարան | օգոստոս 1
-
-
d Հին ժամանակներում տկերը պատրաստվում էին ոչխարի, այծի և խոշոր եղջերավոր անասունների դաբաղած կաշվից։ Դրանց մեջ պահում էին կաթ, կարագ, պանիր կամ ջուր։ Ավելի մանրակրկիտ մշակման ենթարկված տկերում հնարավոր էր պահել ձեթ կամ գինի։
-