Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 12/15 էջ 12–17
  • Եհովան մեր Օգնականն է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան մեր Օգնականն է
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Օգնության անսպառ Աղբյուր
  • Օգնություն՝ հրեշտակներից
  • Օգնություն՝ սուրբ ոգու միջոցով
  • Օգնություն՝ Աստծո Խոսքից
  • Օգնություն՝ հավատակիցներից
  • Ընդունո՞ւմ ես Եհովայի օգնությունը
    2004 Դիտարան
  • Աստծո հրեշտակներն օգնում են
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Հրեշտակներն ինչպե՞ս կարող են ձեզ օգնել
    1998 Դիտարան
  • Ինչպես կարող են հրեշտակները օգնել ձեզ
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2004 Դիտարան
w04 12/15 էջ 12–17

Եհովան մեր Օգնականն է

«Իմ օգնութիւնը Տէրիցն [«Եհովայից», ՆԱ] է, որ երկինքն ու երկիրս արաւ» (ՍԱՂՄՈՍ 121։2)։

1, 2. ա) Ինչո՞ւ կարելի է ասել, որ բոլորս էլ ժամանակ առ ժամանակ օգնության կարիք ենք զգում։ բ) Ինչպիսի՞ Օգնական է Եհովան։

ԿԱ՞ ԱՅՆՊԻՍԻ մարդ, որը երբեք օգնության կարիք չի զգում։ Իրականությունն այն է, որ մենք բոլորս ժամանակ առ ժամանակ օգնության կարիք ենք զգում, օրինակ, երբ դժվարին խնդրի ենք բախվում, ցավալի կորուստ ենք ունենում, ծանր փորձություն հաղթահարում։ Օգնության կարիք զգալիս մարդիկ սովորաբար մտերիմ, հոգատար ընկերոջն են դիմում։ Ծանր բեռը այդպիսի ընկերոջ հետ տանելը թեթևացնում է մեր վիճակը։ Բայց օգնություն ցույց տալու հարցում մարդը քիչ բան կարող է անել։ Բացի այդ, նա գուցե հնարավորություն չունենա արձագանքելու, երբ օգնության անհրաժեշտություն առաջանա։

2 Սակայն կա մի Օգնական, որն անսահմանափակ հնարավորություններ ու զորություն ունի։ Բացի այդ, նա հավաստիացնում է, որ երբեք մեզ չի լքի։ Դա այն անձնավորությունն է, որի անունը սաղմոսերգուն նշեց՝ ամենայն վստահությամբ ասելով. «Իմ օգնութիւնը Տէրիցն [«Եհովայից», ՆԱ] է» (Սաղմոս 121։2)։ Ինչո՞ւ էր սաղմոսերգուն համոզված, որ Եհովան օգնելու է իրեն։ Այս հարցին պատասխանելու համար եկեք քննենք 121–րդ սաղմոսը։ Դա կօգնի մեզ տեսնել, թե ինչու մենք նույնպես կարող ենք ապավինել Եհովային՝ որպես մեր Օգնականի։

Օգնության անսպառ Աղբյուր

3. Հավանաբար դեպի ո՞ր սարերն իր աչքերը բարձրացրեց սաղմոսերգուն և ինչո՞ւ։

3 Սաղմոսերգուն իր խոսքը սկսեց՝ շեշտելով, որ Եհովայի Արարիչ լինելը հիմք է հանդիսանում վստահելու նրան։ Նա ասաց. «Ես բարձրացնում եմ իմ աչքերը դէպի սարերը. ո՞րտեղից կ’գայ իմ օգնութիւնը։ Իմ օգնութիւնը Տէրիցն [«Եհովայից», ՆԱ] է, որ երկինքն ու երկիրս արաւ» (Սաղմոս 121։1, 2)։ Սաղմոսերգուն իր աչքերը չբարձրացրեց պատահական սարի վրա։ Այս խոսքերը գրվելու ժամանակ Եհովայի տաճարը գտնվում էր Երուսաղեմում։ Քաղաքը, որ փռված էր Հուդայի սարերի վրա, Եհովայի այլաբանական բնակարանն էր (Սաղմոս 135։21)։ Սաղմոսերգուն իր աչքերը բարձրացրեց հավանաբար դեպի Երուսաղեմի սարերը, որտեղ կառուցվել էր Եհովայի տաճարը՝ վստահ լինելով, որ Եհովայից օգնություն կստանա։ Ինչո՞ւ էր սաղմոսերգուն այդքան համոզված, որ Եհովան կարո՛ղ է իրեն օգնել։ Որովհետև Նա է, որ «երկինքն ու երկիրս [արարեց]»։ Փաստորեն, սաղմոսերգուն ասում էր. «Բացարձակապես ոչինչ չի կարող ամենազոր Արարչին խանգարել, որ ինձ օգնի» (Եսայիա 40։26)։

4. Սաղմոսերգուի ո՞ր խոսքերն են ցույց տալիս, որ Եհովան միշտ ուշադիր է իր ժողովրդի կարիքների նկատմամբ, և ինչո՞ւ է սա մխիթարական միտք։

4 Այնուհետև սաղմոսերգուն բացատրեց, որ Եհովան միշտ ուշադիր է իր ծառաների կարիքների նկատմամբ. «Նա քո ոտքին սահել չի տալ [«ոտքդ պիտի չդողացնէ», ԱԱ], քո պահապանը չի քնիլ։ Ահա Իսրայէլի պահապանը չի ննջիլ եւ չի քնանալ» (Սաղմոս 121։3, 4)։ Անհնար է՝ Աստված թույլ տա, որ իրեն ապավինողների ‘ոտքը դողա’, այսինքն, որ նրանք ընկնեն ու չկարողանան վեր կենալ (Առակաց 24։16)։ Ինչո՞ւ է դա անհնար։ Քանի որ Եհովան, լիովին արթուն հովվի նման, հսկում է իր ոչխարներին։ Արդյոք սա մխիթարական միտք չէ՞։ Նա մի ակնթարթ անգամ իր աչքը չի փակի իր ծառաների կարիքների վրա։ Գիշեր–ցերեկ նա իր ուշադիր հայացքը չի հեռացնում նրանցից։

5. Ինչո՞ւ սաղմոսերգուն ասաց, որ Եհովան «աջ ձեռքի» մոտ է գտնվում։

5 Վստահ լինելով, որ Եհովան իր ժողովրդի նվիրված Պաշտպանն է՝ սաղմոսերգուն գրեց. «Տէրը քո պահապանն է. Տէրը քեզ հովանի է քո աջ ձեռքի վերայ։ Ցերեկը արեգակը չի զարկիլ քեզ. ոչ լուսինը՝ գիշերը» (Սաղմոս 121։5, 6)։ Մերձավոր Արևելքում ոտքով ճամփորդողի համար հովանին ցանկալի պաշտպանություն է արևի կիզիչ ճառագայթներից։ Եհովան իր ժողովրդի համար հովանու պես է և նրան պաշտպանում է խանձող չարիքից։ Նկատիր, որ, ինչպես սաղմոսերգուն է ասում, Եհովան «աջ ձեռքի» մոտ է գտնվում։ Հնում ռազմի դաշտում զինվորի աջ ձեռքը ինչ–որ չափով պաշտպանված չէր վահանով, որը զինվորը բռնում էր ձախ ձեռքով։ Նման դեպքերում զինվորի անձնվեր ընկերը կարող էր պաշտպանություն լինել նրա համար՝ նրա աջ կողմում կռվելով։ Այդպիսի ընկերոջ պես՝ Եհովան նվիրվածորեն կանգնում է իր երկրպագուների կողքին՝ միշտ պատրաստ նրանց օգնելու։

6, 7. ա) Ինչպե՞ս է սաղմոսերգուն վստահեցնում մեզ, որ Եհովան երբեք չի դադարի մեզ օգնելուց։ բ) Ինչո՞ւ կարող ենք սաղմոսերգուի պես վստահ լինել։

6 Եհովան երբևէ կդադարի՞ իր ժողովրդին օգնելուց։ Դա պատկերացնելն անգամ անհնար է։ Սաղմոսերգուն հետևյալ եզրակացությունն արեց. «Տէրը կ’պահպանէ քեզ ամեն չարից, նա կ’պահպանէ քո անձը։ Տէրը կ’պահպանէ քո դուրս գալն ու մտնելը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան» (Սաղմոս 121։7, 8)։ Ուշադրություն դարձրու, որ գրողն այժմ ապառնի ժամանակով է խոսում։ Մինչ այդ՝ 5–րդ համարում, սաղմոսերգուն ասել էր. «Տէրը քո պահապանն է»։ Բայց այս համարներում նա գրեց. Տէրը կ’պահպանէ քեզ»։ Սա ճշմարիտ երկրպագուներին հավաստիացնում է, որ Եհովան ապագայում էլ է օգնելու նրանց։ Անկախ այն բանից, թե նրանք ուր կգնան, ինչ չարիքի կհանդիպեն՝ Եհովայի օգնական բազուկը միշտ նրանց հետ կլինի (Առակաց 12։21)։

7 Այո, 121–րդ սաղմոսը գրողը վստահ էր, որ ամենակարող Արարիչը հոգատար հովվի մեղմությամբ է վերաբերվում իր ծառաներին ու զգոն պահապանի աչալրջությամբ հսկում է նրանց։ Մենք բոլոր հիմքերն ունենք սաղմոսերգուի պես վստահ լինելու, որովհետև Եհովան չի փոխվում (Մաղաքիա 3։6)։ Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք միշտ ֆիզիկական պաշտպանություն կստանանք։ Ոչ։ Բայց քանի դեռ Եհովային ենք դիմում՝ որպես մեր Օգնականի, նա կպահպանի մեզ այն բոլոր բաներից, որոնք կարող են մեզ հոգևոր վնաս հասցնել։ Միանգամայն բնական է, եթե մեր մեջ հարց է ծագում. «Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ»։ Եկեք քննենք չորս կերպեր, որոնցով նա օգնում է մեզ։ Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես է Աստված օգնել իր ծառաներին աստվածաշնչային ժամանակներում։ Իսկ հաջորդ հոդվածում կքննարկենք, թե ինչպես է նա օգնում իր ժողովրդին մեր օրերում։

Օգնություն՝ հրեշտակներից

8. Ինչո՞ւ զարմանալի չէ, որ հրեշտակները խորապես հետաքրքրված են Աստծո երկրային ծառաների բարօրությամբ։

8 Եհովան իր իշխանության տակ միլիոնավոր հրեշտակներ ունի (Դանիէլ 7։9, 10)։ Աստծո այս ոգեղեն որդիները հավատարմորեն կատարում են նրա կամքը (Սաղմոս 103։20)։ Նրանք շատ լավ գիտեն, որ Եհովան մեծ սիրով սիրում է իր երկրային երկրպագուներին ու ցանկանում է օգնել նրանց։ Ուստի զարմանալի չէ, որ հրեշտակներին խորապես հետաքրքրում է Աստծո երկրային ծառաների բարօրությունը (Ղուկաս 15։10)։ Ուրեմն՝ հրեշտակները, ըստ ամենայնի, մեծ բավականություն են ստանում՝ մասնակցություն ունենալով մարդկանց աջակցելու գործում։ Ինչպե՞ս է Եհովան հին ժամանակներում հրեշտակների միջոցով օգնել իր երկրային ծառաներին։

9. Բերեք մի օրինակ, թե ինչպես են հրեշտակները, Աստծուց լիազորված, պաշտպանել հավատարիմ մարդկանց։

9 Հրեշտակները Աստծո կողմից լիազորված են եղել պաշտպանելու և ազատագրելու հավատարիմ մարդկանց։ Երկու հրեշտակներ օգնեցին Ղովտին և նրա դուստրերին խուսափել Սոդոմի ու Գոմորի կործանումից (Ծննդոց 19։1, 15–17)։ Մի հրեշտակ մեն–մենակ սպանեց ասորեստանյան բանակի 185 000 զինվորների, որոնք պաշարել էին Երուսաղեմը (Դ Թագաւորաց 19։35)։ Երբ Դանիելին գցեցին առյուծների գուբը, Եհովան «ուղարկեց իր հրեշտակը, եւ նա փակեց առիւծների բերանը» (Դանիէլ 6։21, 22)։ Մեկ այլ դեպքում մի հրեշտակ Պետրոս առաքյալին ազատեց բանտից (Գործք 12։6–11)։ Աստվածաշունչը հիշատակում է շատ այլ դեպքեր, երբ հրեշտակները պաշտպանել են մարդկանց, ինչը հաստատում է Սաղմոս 34։7–ում գրված խոսքերի ճշմարտացիությունը. «Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց»։

10. Ինչպե՞ս Եհովան հրեշտակի միջոցով քաջալերեց Դանիել մարգարեին։

10 Այլ դեպքերում Եհովան հրեշտակների միջոցով քաջալերել ու զորացրել է հավատարիմ մարդկանց։ Այդպիսի մի հուզիչ օրինակ ենք գտնում Դանիելի մարգարեության 10–րդ գլխում։ Այդ ժամանակ Դանիելը հավանաբար մոտ 100 տարեկան էր։ Մարգարեն խիստ վհատվել էր, ըստ երևույթին, այն պատճառով, որ Երուսաղեմը ամայի էր, իսկ տաճարի շինարարությունը ձգձգվում էր։ Նաև նրա սիրտը խռովվել էր վախազդու տեսիլքից (Դանիէլ 10։2, 3, 8)։ Աստված, սեր դրսևորելով, իր հրեշտակին ուղարկեց՝ քաջալերելու նրան։ Հրեշտակը Դանիելին ոչ մեկ անգամ հիշեցրեց, որ նա Աստծո համար «ցանկալի մարդ» է։ Արդյո՞ւնքը։ Ծեր մարգարեն հրեշտակին ասաց. «Ինձ զօրացրիր» (Դանիէլ 10։11, 19)։

11. Ի՞նչ օրինակով կարելի է ցույց տալ, թե ինչպես է Եհովան հրեշտակների միջոցով առաջնորդություն տվել բարի լուրի քարոզչության գործում։

11 Հրեշտակների միջոցով Եհովան նաև առաջնորդություն է տվել բարի լուրի քարոզչության գործում։ Հրեշտակն առաջնորդեց Փիլիպպոսին Քրիստոսի մասին եթովպացի ներքինուն քարոզելու, որից հետո ներքինին մկրտվեց (Գործք 8։26, 27, 36, 38)։ Կարճ ժամանակ անց, Աստծո կամքի համաձայն, բարի լուրը հասավ անթլփատ ոչ հրեաներին։ Տեսիլքում հրեշտակը հայտնվեց Կոռնելիոսին՝ մի աստվածավախ ոչ հրեայի, ու պատվիրեց նրան մարդ ուղարկել՝ Պետրոսին կանչելու։ Երբ Կոռնելիոսի պատվիրակները գտան Պետրոսին, նրանք ասացին նրան. «Կոռնելիոս[ը].... հրաման առաւ մի սուրբ հրեշտակից, որ քեզ կանչէ իր տունը եւ քեզանից խօսքեր լսէ»։ Պետրոսն ընդունեց այս հրավերը, ու առաջին անթլփատ ոչ հրեաները, այսպիսով, քրիստոնեական ժողովի անդամներ դարձան (Գործք 10։22, 44–48)։ Մի պահ պատկերացրու, թե դու ի՛նչ կզգայիր, եթե հրեշտակն օգներ քեզ հաղորդակցվելու ճիշտ տրամադրվածություն ունեցող մարդու հետ։

Օգնություն՝ սուրբ ոգու միջոցով

12, 13. ա) Ինչո՞ւ Հիսուսի առաքյալները բոլոր հիմքերն ունեին հավատալու, որ սուրբ ոգին կարող է իրենց օգնել։ բ) Սուրբ ոգու օգնությամբ ի՞նչ արեցին առաջին դարի քրիստոնյաները։

12 Հիսուսն իր մահից կարճ ժամանակ առաջ վստահեցրեց իր առաքյալներին, որ նրանք չեն մնա առանց օգնության։ Հայրը տալու էր նրանց «Մխիթարիչը [«օգնականը», ՆԱ]՝ Սուրբ Հոգին» (Յովհաննէս 14։26)։ Առաքյալները բոլոր հիմքերն ունեին հավատալու, որ սուրբ ոգին կարող էր իրենց օգնել։ Չէ՞ որ ներշնչյալ Գրությունները լի են օրինակներով, թե ինչպես է Եհովան գոյություն ունեցող բոլոր ուժերից ամենազորեղի՝ սուրբ ոգու միջոցով օգնել իր ժողովրդին։

13 Շատ դեպքերում Եհովան մարդկանց սուրբ ոգու միջոցով իր կամքն անելու իշխանություն և զորություն է տվել։ Սուրբ ոգին դատավորներին իշխանություն տվեց ազատագրելու Իսրայելը (Դատաւորաց 3։9, 10; 6։34)։ Այդ նույն ոգին զորացրեց առաջին դարի քրիստոնյաներին համարձակորեն շարունակել քարոզչությունը, չնայած որ հակառակորդները ամեն կերպ դժվարություններ էին ստեղծում նրանց առջև (Գործք 1։8; 4։31)։ Ծառայության մեջ նրանց հաջողությունները սուրբ ոգու գործողության վառ ապացույցն էին։ Ուրիշ ինչո՞վ կարելի էր բացատրել այն, որ «առանց ուսմունքի եւ տգէտ [«պարզ», ԱՆԹ]» մարդիկ կարողացան Թագավորության բարի լուրը տարածել այն ժամանակվա հայտնի աշխարհով մեկ (Գործք 4։13; Կողոսացիս 1։23)։

14. Ինչպե՞ս է Եհովան օգտագործել իր սուրբ ոգին ավելի մեծ հասկացողություն տալու համար իր ժողովրդին։

14 Եհովան իր սուրբ ոգին օգտագործել է նաև ավելի մեծ հասկացողություն տալու համար իր ժողովրդին։ Աստծո ոգու օգնությամբ Հովսեփը կարողացավ փարավոնի մարգարեական երազները մեկնել (Ծննդոց 41։16, 38, 39)։ Սուրբ ոգու միջոցով Եհովան իր նպատակները հայտնեց խոնարհ մարդկանց, սակայն հպարտներից ծածկեց դրանք (Մատթէոս 11։25)։ Խոսելով այն բաների մասին, որ Եհովան տալիս է ‘իրեն սիրողներին’՝ Պողոսն ասաց. «Մեզ [դրանք] յայտնեց Աստուած իր Հոգովը» (Ա Կորնթացիս 2։7–10)։ Միայն սուրբ ոգու միջոցով անհատը կարող էր ճշգրտությամբ հասկանալ Աստծո կամքը։

Օգնություն՝ Աստծո Խոսքից

15, 16. Ի՞նչ պետք է աներ Հեսուն, որպեսզի խելամտորեն գործեր։

15 Եհովայի ներշնչյալ Խոսքը «օգտակար է ուսուցման» (ԷԹ) համար և հնարավորություն է տալիս Աստծո ծառաներին լինել լիովին ձեռնհաս, «ամեն բարի գործերի համար պատրաստուած» (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Աստվածաշունչը պարունակում է բազմաթիվ օրինակներ այն մասին, որ հնում Աստծո ծառաներն օգնություն են ստացել Սուրբ Գրությունների այն մասերից, որոնք իրենց ժամանակներում արդեն կային գրված։

16 Գրությունների միջոցով Աստծո ծառաները հուսալի առաջնորդություն են ստացել։ Երբ Հեսուին վստահվեց Իսրայելին առաջնորդելու պատասխանատվությունը, նրան հետևյալ պատվերը տրվեց. «Այս օրէնքի գիրքը [որը գրել էր Մովսեսը] քո բերանիցը չ’հեռանայ, այլ գիշեր եւ ցերեկ նորա վերայ մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նորա միջի գրուածի պէս. որովհետեւ այն ժամանակ ճանապարհները յաջողակ կ’անես, եւ այն ժամանակ խելամուտ կ’լինես»։ Ուշադրություն դարձրու, որ Աստված չխոստացավ Հեսուին, թե հրաշքով նրան խելամտություն կտա։ Ոչ, Հեսուն խելամտորեն կգործեր այն դեպքում, եթե կարդար ‘օրենքի գիրքը’ ու խորհրդածեր դրա շուրջ (Յեսու 1։8; Սաղմոս 1։1–3)։

17. Ինչպե՞ս Դանիել մարգարեն ու Հովսիա թագավորը օգուտներ ստացան Գրությունների այն մասերից, որոնք նրանք ունեին իրենց ձեռքի տակ։

17 Իր գրավոր Խոսքի միջոցով Աստված նաև հայտնել է իր նպատակն ու կամքը։ Դանիելը, օրինակ, Երեմիայի գրություններից իմացավ, թե Երուսաղեմը որքան ժամանակ էր ամայի մնալու (Երեմիա 25։11; Դանիէլ 9։2)։ Կարող ենք նաև քննել, թե ինչ տեղի ունեցավ Հուդայի Հովսիա թագավորի օրոք։ Այդ ժամանակ ազգը հեռացել էր Եհովայից, իսկ թագավորները, ակներևաբար, չէին արտագրում Օրենքի իրենց անձնական օրինակը ու չէին կատարում այն (Բ Օրինաց 17։18–20)։ Եվ ահա տաճարի վերանորոգման աշխատանքների ժամանակ գտնվեց ‘օրենքի գիրքը’, որը, հավանաբար, Մովսեսն էր գրել։ Դա թերևս բնագիր էր, որի գրությունը ավարտվել էր մոտ 800 տարի առաջ։ Երբ գիրքը ընթերցվեց, Հովսիան հասկացավ, թե որքան է ազգը հեռացել Եհովայի կամքը կատարելուց, և վճռական միջոցներ ձեռք առավ՝ կատարելու գրքում գրվածը (Դ Թագաւորաց 22։8; 23։1–7)։ Մի՞թե այս ամենից պարզ չէ, որ Աստծո ժողովուրդը հին ժամանակներում օգնություն էր ստանում Սուրբ Գրությունների այն մասերից, որ արդեն կային։

Օգնություն՝ հավատակիցներից

18. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ամեն անգամ, երբ ճշմարիտ երկրպագուներից մեկն օգնում է մյուսին, իրականում դա Եհովան է անում։

18 Եհովան իր օգնությունը հաճախ տալիս է մեր հավատակիցների միջոցով։ Երբ ճշմարիտ երկրպագուներից մեկն օգնում է մյուսին, իրականում նրան Աստված է օգնում։ Ինչո՞ւ ենք այսպես ասում։ Երկու պատճառով։ Առաջին՝ այդ օգնության մեջ ներգրավված է Աստծո սուրբ ոգին։ Այն անձանց մեջ, ովքեր ուզում են ենթարկվել սուրբ ոգու ազդեցությանը, այդ ոգին առաջ է բերում պտուղ, որի մասն են կազմում սերն ու բարությունը (Գաղատացիս 5։22, 23)։ Հետևաբար, երբ Աստծո ծառաներից որևէ մեկը ներքին մղում է զգում օգնելու Աստծո մեկ այլ ծառայի, ապա դա վկայում է այն մասին, որ Եհովայի սուրբ ոգին գործողության մեջ է։ Երկրորդ՝ մենք ստեղծված ենք Աստծո պատկերով (Ծննդոց 1։26)։ Սա նշանակում է, որ մենք ընդունակ ենք արտացոլելու նրա հատկությունները, այդ թվում նաև նրա քաղցրությունն ու կարեկցանքը։ Ուրեմն՝ ամեն անգամ, երբ Եհովայի ծառաներից մեկը օգնության ձեռք է մեկնում Եհովայի մեկ այլ ծառայի, այդ օգնությունը իրականում գալիս է այն Աղբյուրից, ում հատկությունները նրանք արտացոլում են իրենց մեջ։

19. Համաձայն Աստվածաշնչի՝ ինչպե՞ս է Եհովան իր ծառաներին օգնություն ցույց տվել նրանց հավատակիցների միջոցով։

19 Ինչպե՞ս է Եհովան աստվածաշնչյան ժամանակներում իր ծառաներին օգնություն ցույց տվել նրանց հավատակիցների միջոցով։ Եհովան հաճախ իր ծառաներից մեկին մղել է, որ խորհուրդ տա մյուսին, ինչպես, օրինակ, Երեմիան փրկարար խորհուրդ տվեց Բարուքին (Երեմիա 45։1–5)։ Ժամանակ առ ժամանակ ճշմարիտ երկրպագուները մղվել են նյութական օգնություն ցույց տալու իրենց հավատակիցներին, ինչպես որ Մակեդոնիայի ու Աքայիայի քրիստոնյաները մեծ ցանկություն արտահայտեցին օգնելու Երուսաղեմում ապրող իրենց կարիքավոր եղբայրներին։ Պողոս առաքյալը նշեց, որ նման առատաձեռնությունը բնականաբար «շնորհակալութեան զգացում է առաջ բեր[ել] Աստծու հանդէպ» (Բ Կորնթացիս 9։11, ԷԹ)։

20, 21. Ինչպիսի՞ հանգամանքներում Պողոս առաքյալը զորություն ստացավ Հռոմի եղբայրներից։

20 Առանձնապես հուզիչ են այն դեպքերը, թե ինչպես են Աստծո ծառաները ջանք թափել միմյանց զորացնելու և քաջալերելու։ Քննենք մի օրինակ, որն առնչվում է Պողոս առաքյալին։ Նրան կալանել էին ու Հռոմ էին տանում։ Պողոսը գնում էր հռոմեական գլխավոր ճանապարհով, որը կոչվում էր Ապիյան ճանապարհ։ Ճանապարհի վերջին հատվածը ճանապարհորդներին առանձնակի տհաճություն էր պատճառում, քանի որ այն անցնում էր ճահճոտ, ցածրադիր վայրերով։a Հռոմի ժողովի եղբայրները տեղեկացել էին, որ Պողոսը գալիս է։ Ի՞նչ կանեին նրանք։ Հանգիստ կնստեին իրենց տներո՞ւմ՝ սպասելով, թե Պողոսը երբ տեղ կհասնի, և հետո կգնային ու կողջունեին նրան։

21 Աստվածաշնչի գրող Ղուկասը, որն ուղեկցում էր Պողոսին, պատմում է, թե ինչ տեղի ունեցավ. «Երբոր [Հռոմից] եղբայրները մեր մասին լսեցին, մեր առաջը դուրս եկան մինչեւ Ապփիոսի վաճառանոցը եւ Երեք իջեւանները»։ Կարո՞ղ ես մտովի պատկերացնել այս ամենը։ Գիտենալով, որ Պողոսը գալիս է՝ եղբայրների մի խումբ Հռոմից ճանապարհ ընկավ՝ դիմավորելու նրան։ Նրանց մի մասը առաքյալին սպասեց Ապփիոսի շուկայի հրապարակում, որը հայտնի փոստային կայարան էր Հռոմից մոտ 74 կիլոմետր հեռավորության վրա։ Մյուս մասը սպասեց «Երեք իջևաններ» կոչվող հանգստավայրում, որը Հռոմից հեռու էր մոտ 58 կիլոմետր։ Ինչպիսի՞ն էր Պողոսի արձագանքը։ Ղուկասը պատմում է. «Պօղոսը որ նորանց տեսաւ, Աստուածանից գոհացաւ եւ քաջութիւն առաւ» (Գործք 28։15)։ Հապա պատկերացրու. Պողոսը, եղբայրներին տեսնելով միայն, որոնք ջանք չէին խնայել այդ ամբողջ ճանապարհն անցնելու համար, քաջալերվեց ու մխիթարվեց։ Իսկ ո՞ւմ նա շնորհակալություն հայտնեց այս օգնության համար. նրան, ով այդ ցուցաբերված աջակցության Աղբյուրն էր՝ Եհովա Աստծուն։

22. Ո՞րն է 2005 թ. մեր տարվա խոսքը, և ինչի՞ մասին կխոսվի հաջորդ հոդվածում։

22 Ինչպես տեսանք, Աստծո գործերը, որոնց մասին գրվել է աստվածային ներշնչման ներքո, ինքնին վկայում են, որ Եհովան Օգնական է։ Նրա պես Օգնական գոյություն չունի։ Ուստի միանգամայն տեղին է, որ Եհովայի վկաների 2005 թ. տարվա խոսքը վերցված է Սաղմոս 121։2–ից. «Իմ օգնութիւնը Տէրիցն [«Եհովայից», ՆԱ] է»։ Իսկ ինչպե՞ս է Եհովան օգնություն ցույց տալիս այսօր։ Այս մասին կխոսենք հաջորդ հոդվածում։

[ծանոթագրություններ]

a Հռոմեացի բանաստեղծ Հորացիոսը (մ.թ.ա. 68–ից 8 թ.), որն անցել էր նույն ճանապարհով, նկարագրել է այդ հատվածի դժվարությունները։ Հորացիոսն ասում է, որ Ապփիոսի շուկայի հրապարակը «լի է նավակավարներով ու ժլատ պանդոկապաններով»։ Նա բողոքում է «անիծյալ մոծակներից ու գորտերից», ինչպես նաև «զզվելի» ջրից։

Հիշո՞ւմ եք

Ինչպե՞ս է Եհովան օգնություն ցույց տվել՝

• հրեշտակների միջոցով,

• սուրբ ոգու միջոցով,

• իր ներշնչյալ Խոսքի միջոցով,

• հավատակիցների միջոցով։

[մեջբերում 15–րդ էջի վրա]

The yeartext for 2005 will be: “My help is from Jehovah.”​—Psalm 121:2.

[նկար 16–րդ էջի վրա]

Պողոսն Աստծուն շնորհակալություն հայտնեց այն օգնության համար, որ ստացավ Հռոմի եղբայրներից

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը