Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 12/15 էջ 21–22
  • Սեպագրերը և Աստվածաշունչը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սեպագրերը և Աստվածաշունչը
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մնայուն արձանագրություններ
  • Սեպագրերը թիկունք են կանգնում Աստվածաշնչին
  • Անունները ասուրական և բաբելոնական արձանագրություններում
  • Ե՞րբ է հին Երուսաղեմը կործանվել. մաս առաջին
    2011 Դիտարան
  • Հնագիտությունը թիկունք կանգնո՞ւմ է Աստվածաշնչին
    2008 Արթնացե՛ք
  • Բառարան, որը կազմվել է 90 տարի
    2012 Արթնացե՛ք
  • Բաբելոնյան գերության մեջ հրեաների կյանքի աստվածաշնչյան նկարագրությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը
    Այլ նյութեր
Ավելին
2008 Դիտարան
w08 12/15 էջ 21–22

Սեպագրերը և Աստվածաշունչը

ԱՅՆ բանից հետո, երբ Բաբելոնում լեզուները խառնվեցին, ձևավորվեցին գրության տարբեր համակարգեր։ Միջագետքում ապրող ժողովուրդները, օրինակ՝ շումերներն ու բաբելոնացիները, կիրառում էին սեպաձև գրի տեսակը։ Նրանք հատուկ գործիքով դրոշմներ էին թողնում չչորացած կավե սալիկների վրա։ Այդ դրոշմները նման էին սեպաձև եռանկյունների։ Այստեղից էլ գրի այդ տեսակի անվանումը՝ սեպագրություն։

Հնագետների հայտնաբերած սեպագիր արձանագրություններում հիշատակվում են մարդիկ ու դեպքեր, որոնց մասին խոսում է նաև Աստվածաշունչը։ Ի՞նչ է մեզ հայտի գրության այս հին համակարգի վերաբերյալ։ Ինչպե՞ս են սեպագրերը հաստատում, որ Աստվածաշնչին կարելի է լիովին վստահել։

Մնայուն արձանագրություններ

Գիտնականները ենթադրում են, որ Միջագետքում սկզբնական շրջանում օգտագործվում էր պատկերագրությունը, այսինքն՝ յուրաքանչյուր նշան կամ պատկեր համապատասխանում էր մեկ բառի կամ հասկացության։ Օրինակ՝ եզան համար օգտագործվում էր այդ կենդանու գլուխը հիշեցնող պատկեր։ Քանի որ ժամանակի ընթացքում գրելու անհրաժեշտությունը մեծացավ, սեպագրությունը սկսեց զարգանալ։ Մի հնագիտական աշխատությունում ասվում է. «Նշանները հիմա արդեն ներկայացնում էին ոչ միայն բառեր, այլև վանկեր։ Նշաններից մի քանիսը կարող էին միանալ և կազմել մեկ բառ»։ Ի վերջո, մոտավորապես 200 նշանով հնարավոր դարձավ «բանավոր խոսքը վերածել գրավորի՝ ընդ որում փոխանցելով ամբողջ բառային կազմը և պահպանելով քերականությունը» (NIV Archaeological Study Bible)։

Աբրահամի ժամանակներում՝ մ.թ.ա. մոտ 2000 թ.–ին, սեպագրությունը լավ զարգացած էր։ Հաջորդ 20 դարերի ընթացքում մոտ 15 լեզուներ որդեգրեցին այդ գիրը։ Գտնված սեպագիր արձանագրությունների ավելի քան 99 տոկոսը գրվել է կավե սալիկների վրա։ Անցյալ 150 տարիներին մեծ քանակությամբ այդպիսի սալիկներ են հայտնաբերվել Ուր, Ուրուկ, Բաբելոն, Նիմրուդ, Նիպուր, Աշուր, Նինվե, Մարի, էբլա, Ուգարիթ և Ամառնա հնավայրերում։ Մի հանդեսում գրված է. «Մասնագետների հաշվարկներով՝ 1–2 միլիոն սեպագիր է հայտնաբերվել, և ամեն տարի այդ թիվն ավելանում է մոտ 25 000–ով» (Archaeology Odyssey)։

Սեպագրագետներն ահռելի աշխատանք ունեն անելու՝ թարգմանել այդ արձանագրությունները։ Մի հաշվարկի համաձայն՝ «դրանց միայն 1/10 մասն է կարդացվել առնվազն մեկ անգամ»։

Երկլեզու և եռալեզու սեպագիր արձանագրությունների շնորհիվ հնարավոր եղավ վերծանել սեպագրերը։ Գիտնականները նկատեցին, որ դրանք միևնույն տեղեկությունը պարունակում են տարբեր լեզուներով։ Նրանք նաև տեսան, որ անունները, տիտղոսները, կառավարիչների տոհմաբանությունը և ինքնամեծարանքի խոսքերը հաճախ էին կրկնվում, ինչը ևս նպաստեց վերծանմանը։

Արդեն 1850–ականներին գիտնականները սեպագրերից կարողանում էին կարդալ Մերձավոր և Միջին Արևելքի մի հնագույն լեզու՝ աքքադերենը, կամ՝ ասուր–բաբելական լեզուն։ «Բրիտանական հանրագիտարանը» (անգլ.) բացատրում է. «Հենց որ աքքադերենը վերծանվեց, հնարավորություն ստեղծվեց վերծանելու նաև մյուս սեպագիր լեզուները»։ Իսկ ի՞նչ կապ ունեն սեպագրերը Աստվածաշնչի հետ։

Սեպագրերը թիկունք են կանգնում Աստվածաշնչին

Աստվածաշունչն ասում է, որ Երուսաղեմը, նախքան Դավիթը կգրավեր այն (մ.թ.ա. մոտ 1070 թ.), գտնվում էր քանանացի թագավորների իշխանության տակ (Յեսու 10։1; Բ Թագ. 5։4–9)։ Բայց որոշ գիտնականներ կասկածի են ենթարկել այդ փաստը։ Ինչևէ, 1887 թ.–ին մի գեղջկուհի կավե սալիկ գտավ Ամառնայում (Եգիպտոս)։ Այդ վայրում, ի վերջո, հայտնաբերվեց մոտ 380 արձանագրություն։ Դրանք դիվանագիտական նամակներ էին, որոնք միմյանց գրել են Եգիպտոսի կառավարիչները (Ամենհոտեպ III–ը և էխնաթոնը) ու քանանացի թագավորները։ Այդ նամակներից վեցը գրել է Երուսաղեմի կառավարիչ Աբդի–Հեբան։

«Բիբլիքըլ արքիոլոջի ռիվյու» հանդեսում (անգլ.) ասվում է. «Ամառնայում հայտնաբերված սալիկների վրա հստակորեն նշվում է, որ Երուսաղեմը քաղաք է և ոչ թե կալվածք, և որ Աբդի–Հեբան.... կառավարիչն է, ունի նստավայր և 50 եգիպտացի զինվորից բաղկացած կայազոր։ Դա ցույց է տալիս, որ Երուսաղեմը փոքր բարձրադիր թագավորություն էր»։ Նույն հանդեսում նաև գրված է. «Հիմնվելով Ամառնայի նամակների վրա՝ կարող ենք վստահ ասել, որ այն ժամանակ գոյություն ուներ նման քաղաք, և այն նշանավոր էր»։

Անունները ասուրական և բաբելոնական արձանագրություններում

Ասորեստանցիները և բաբելոնացիները իրենց պատմությունը գրել են ինչպես կավե սալիկների, այնպես էլ գլանների, պրիզմաների և քարակոթողների վրա։ Երբ գիտնականները վերծանեցին աքքադերեն սեպագրերը, նրանք տեսան, որ դրանցում հիշատակված են այնպիսի անձնանուններ, որոնք հանդիպում են Աստվածաշնչում։

Մի գրքում կարդում ենք. «Դոկտոր Սեմյուել Բիրչը, 1870 թ.–ին Աստվածաշնչային հնագիտության ընկերության կազմավորման առթիվ ներկայացրած իր ելույթում նշեց, որ ինքը [սեպագրերից] կարողացել է վերծանել Ամրի, Աքաաբ, Հեու, Ազարիա.... Մանայեմ, Փակեե, Ովսեե, Եզեկիա, Մանասե եբրայեցի թագավորների անունները, Ասորեստանի Թգլատպալասար.... [III], Սարգոն, Սենեքերիմ, Ասարհադոն և Աշուրբանիպալ թագավորների անունները,.... և ասորի Բենադադ, Ազայել և Ռասին թագավորների անունները» (The Bible in the British Museum)։

Մի գրքում Իսրայելի և Հուդայի մասին աստվածաշնչային տեղեկագրությունը համեմատվում է սեպագիր արձանագրությունների բովանդակության հետ։ Ի՞նչ եզրակացության են եկել հեղինակները։ «Ընդհանուր առմամբ, այլ աղբյուրներում հանդիպում են Հուդայի և Իսրայելի 15–16 թագավորների անուններ, և սա, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրի ապրած ժամանակաշրջանը լիովին համապատասխանում են [Աստվածաշնչի 3–րդ և 4–րդ] «Թագավորներ» գրքերում նշված տեղեկություններին։ Այդ աղբյուրներում նշված են բոլոր թագավորների անունները. չկա մի անուն, որը չի հանդիպում «Թագավորներ» գրքերում» (The Bible and Radiocarbon Dating)։

1879 թ.–ին հայտնաբերվեց մի սեպագրություն՝ հանրահայտ «Կյուրոսի գլանը»։ Նրա վրա գրված էր, որ Կյուրոսը Բաբելոնի գրավումից հետո (մ.թ.ա. 539) գերիներին հայրենիք է վերադարձրել։ Այդ գերիներից էին հրեաները (Եզր. 1։1–4)։ 19–րդ դարում շատ գիտնականներ հարցականի տակ էին դրել Կյուրոսի հրովարտակի գոյությունը, որ կարդում ենք Աստվածաշնչում։ Սակայն պարսկական տիրապետության շրջանին պատկանող սեպագրերը, այդ թվում նաև «Կյուրոսի գլանը», համոզիչ կերպով փաստում են, որ աստվածաշնչային այդ տեղեկությունը հավաստի է։

1883 թ.–ին Նիպուրում՝ Բաբելոնի մոտ, հայտնաբերվեց մի պահոց, որտեղ կար ավելի քան 700 սեպագիր։ Դրանցում նշված 2 500 անուններից մոտ 70–ը եբրայական էին։ Այդ անունները կրող մարդիկ, ըստ պատմաբան էդվին Յամաուչիի, «պայմանագրեր են կնքել իրար հետ, [եղել են] գործակալներ, վկաներ, հարկահավաքներ և պալատականներ»։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ հրեաները այդ ժամանակաշրջանում շարունակել են գործարար կապեր ունենալ Բաբելոնի կողմերում։ Այս փաստը հաստատում է Աստվածաշնչում նշված այն մարգարեությունը, համաձայն որի՝ Ասորեստանից և Բաբելոնից իսրայելացիների միայն «մնացորդն» էր վերադառնալու Հրեաստան, իսկ շատերը մնալու էին այնտեղ (Ես. 10։21, 22)։

Մ.թ.ա. առաջին հազարամյակում սեպաձև գիրն ու տառային գիրը ապրում էին կողք կողքի։ Սակայն, ի վերջո, ասուրներն ու բաբելոնացիները թողեցին սեպագիրը և անցան տառային գրի։

Այսօր հարյուր հազարավոր սեպագրեր, որ պահվում են թանգարաններում, դեռևս չեն ուսումնասիրվել։ Իսկ վերծանված սեպագրերը վառ կերպով վկայում են, որ Աստվածաշունչը արժանահավատ է։ Ո՞վ գիտի, թե ինչեր կհայտնեն դեռ չուսումնասիրված արձանագրությունները։

[նկար 21–րդ էջի վրա]

Photograph taken by courtesy of the British Museum

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը