Եհովան «գաղտնիքներ Հայտնողն է»
«Իրոք որ, ձեր Աստվածը աստվածների Աստվածն է, թագավորների Տերն է և գաղտնիքներ Հայտնողն է» (ԴԱՆ. 2։47)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ
Ապագայի մասին Եհովան մեզ ի՞նչ մանրամասներ է հայտնել։
Ի՞նչ են ներկայացնում գազանի վեց գլուխները։
Ի՞նչ կապ ենք տեսնում գազանի ու Նաբուգոդոնոսորի տեսած արձանի միջև։
1, 2. Եհովան ի՞նչ է հայտնել մեզ և ինչո՞ւ։
ԵՐԿՐԻ վրա ո՞ր կառավարությունները գերիշխող դիրքում կլինեն, երբ Աստծու Թագավորությունը վերջ դնի մարդկային ղեկավարմանը։ Մենք գիտենք պատասխանը. այն հայտնել է «գաղտնիքներ Հայտնողը»՝ Եհովա Աստված։ Դանիել մարգարեի ու Հովհաննես առաքյալի գրվածքների միջոցով նա հնարավորություն է տալիս մեզ իմանալու, թե որոնք են այդ կառավարությունները։
2 Եհովան այդ մարդկանց տեսիլքներ տվեց, որտեղ մի քանի կենդանիներ հաջորդում են իրար։ Նաև Դանիելին հայտնեց մի հսկա մետաղյա արձանի մասին երազի նշանակությունը։ Եհովան հոգ տարավ, որ այդ իրադարձությունները Աստվածաշնչում գրի առնվեն ու պահպանվեն մեր օգտի համար (Հռոմ. 15։4)։ Դրա նպատակն էր ամրացնել մեր հույսը այն բանի հանդեպ, որ իր Թագավորությունը շուտով փշրելու է մարդկային բոլոր կառավարությունները (Դան. 2։44)։
3. Մարգարեությունները ճշգրիտ կերպով հասկանալու համար առաջին հերթին ի՞նչը պետք է ըմբռնենք և ինչո՞ւ։
3 Դանիելի և Հովհաննեսի արձանագրությունները միասին վերցված ոչ միայն ցույց են տալիս, թե ովքեր են ութ թագավորները, կամ՝ մարդկային իշխանությունները, այլև թե ինչ հաջորդականությամբ էին դրանք ի հայտ գալու։ Սակայն մենք կարող ենք ճշգրիտ կերպով հասկանալ այդ մարգարեությունները միայն այն դեպքում, եթե ըմբռնենք Աստվածաշնչում արձանագրված ամենաառաջին մարգարեության նշանակությունը։ Ինչո՞ւ։ Քանի որ ամբողջ Աստվածաշունչը և բոլոր մարգարեությունները կապված են այդ մարգարեության հետ։
ՕՁԻ ՍԵՐՈՒՆԴԸ ԵՎ ԳԱԶԱՆԸ
4. Ովքե՞ր են կազմում կնոջ սերունդը, և ի՞նչ է անելու այդ սերունդը։
4 Եդեմում տեղի ունեցած ապստամբությունից կարճ ժամանակ անց Եհովան մի խոստում տվեց, ըստ որի՝ «կինը» պետք է «սերունդ» առաջ բերերa (կարդա՛ Ծննդոց 3։15)։ Այդ սերունդն ի վերջո ջախջախելու էր օձի՝ Սատանայի գլուխը։ Ավելի ուշ Եհովան հայտնեց, որ սերունդը առաջ էր գալու Աբրահամից, Իսրայել ազգից, Հուդայի ցեղից ու Դավիթ թագավորի շառավղից (Ծննդ. 22։15–18; 49։10; Սաղ. 89։3, 4; Ղուկ. 1։30–33)։ Սերնդի գլխավոր մասը Հիսուս Քրիստոսն է (Գաղ. 3։16)։ Երկրորդական մասը քրիստոնեական ժողովի ոգով օծված անդամներն են (Գաղ. 3։26–29)։ Հիսուսն ու օծյալները միասին կազմում են Աստծու Թագավորությունը, որի միջոցով Աստված ջախջախելու է Սատանային (Ղուկ. 12։32; Հռոմ. 16։20)։
5, 6. ա) Դանիելն ու Հովհաննեսը քանի՞ մեծ տերությունների մասին են խոսում։ բ) «Հայտնության» գազանի գլուխները ի՞նչ են ներկայացնում։
5 Եդեմում տրված առաջին մարգարեության մեջ նաև նշվում է, որ Սատանան էլ էր «սերունդ» առաջ բերելու։ Նրա սերունդը թշնամություն, կամ՝ ատելություն էր դրսևորելու կնոջ սերնդի հանդեպ։ Ովքե՞ր են կազմում օձի սերունդը։ Բոլոր նրանք, ովքեր Սատանայի նման՝ ատելություն են դրսևորում Աստծու հանդեպ և հակառակվում են նրա ժողովրդին։ Ողջ պատմության ընթացքում Սատանան կազմավորել է իր սերունդը տարբեր քաղաքական ուժերի, կամ՝ թագավորությունների տեսքով (Ղուկ. 4։5, 6)։ Սակայն համեմատաբար քիչ թվով մարդկային թագավորություններ են մեծ ազդեցություն ունեցել Աստծու ժողովրդի վրա՝ լինի դա Իսրայել ազգը, թե օծյալ քրիստոնյաներից բաղկացած ժողովը։ Ինչո՞ւ է այդ փաստը կարևոր։ Քանի որ այն բացատրում է, թե ինչու է Դանիելի ու Հովհաննեսի տեսիլքներում խոսվում միայն ութ այդպիսի մեծ տերությունների մասին։
6 Հարություն առած Հիսուսը առաջին դարի վերջում Հովհաննես առաքյալին մի քանի ապշեցուցիչ տեսիլքներ տվեց (Հայտն. 1։1)։ Դրանցից մեկում Հովհաննեսը տեսավ, որ Սատանան, որը ներկայացված էր վիշապի տեսքով, կանգնած էր մեծ ծովի ափին (կարդա՛ Հայտնություն 13։1, 2)։ Հովհաննեսը նաև մի տարօրինակ գազան տեսավ, որը դուրս էր գալիս ծովից։ Նա մեծ իշխանություն ստացավ Սատանայից։ Ավելի ուշ մի հրեշտակ Հովհաննեսին ասաց, որ ալ կարմիր գազանի (Հայտնություն 13։1-ի գազանի պատկերը) յոթ գլուխները ներկայացնում են «յոթ թագավորների», կամ՝ կառավարությունների (Հայտն. 13։14, 15; 17։3, 9, 10)։ Երբ Հովհաննեսը գրում էր այդ մասին, նրանցից հինգն ընկել էին, մեկը այդ ժամանակ իշխում էր, իսկ մյուսը «դեռ չէր եկել»։ Որո՞նք են այդ թագավորությունները, կամ՝ աշխարհակալ ուժերը։ Քննենք, թե «Հայտնություն» գրքում նկարագրված գազանի յուրաքանչյուր գլուխը որ թագավորությունն է ներկայացնում։ Մենք նաև կտեսնենք, թե Դանիելի գրվածքները ինչ մանրամասնություններ են տալիս այդ թագավորություններից շատերի մասին, ընդ որում երբեմն դրանց գոյությունից դարեր առաջ։
ԵԳԻՊՏՈՍ ԵՎ ԱՍՈՐԵՍՏԱՆ. ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ԳԼՈՒԽՆԵՐԸ
7. Ի՞նչ է ներկայացնում առաջին գլուխը և ինչո՞ւ։
7 Գազանի առաջին գլուխը ներկայացնում է Եգիպտոսը։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ այդ թագավորությունը առաջին զորեղ ուժն էր, որը թշնամանք դրսևորեց Աստծու ժողովրդի հանդեպ։ Աբրահամի հետնորդները, որոնցից սերելու էր կնոջ խոստացյալ սերունդը, շատացան Եգիպտոսում։ Հետո այդ աշխարհակալ ուժը սկսեց կեղեքել Իսրայելին։ Սատանան փորձում էր նախքան սերնդի առաջ գալը բնաջինջ անել Աստծու ժողովրդին։ Ինչպե՞ս։ Դրդելով փարավոնին ոչնչացնել իսրայելացի բոլոր տղա երեխաներին։ Եհովան ձախողեց նրա փորձը ու ազատագրեց իր ժողովրդին ստրկությունից (Ելք 1։15–20; 14։13)։ Հետագայում նա իսրայելացիներին բնակեցրեց Ավետյաց երկրում։
8. Ի՞նչ է ներկայացնում երկրորդ գլուխը, և ի՞նչ փորձ արեց այն։
8 Գազանի երկրորդ գլուխը ներկայացնում է Ասորեստանը։ Այս զորեղ թագավորությունը նույնպես փորձ արեց բնաջնջելու Աստծու ժողովրդին։ Ճիշտ է, Եհովան Ասորեստանը որպես միջոց օգտագործեց պատժելու տասցեղ թագավորությանը կռապաշտության ու ապստամբության համար, սակայն հետո Ասորեստանը հարձակվեց նաև Երուսաղեմի վրա։ Սատանան թերևս նպատակ ուներ վերացնելու թագավորական շառավիղը, որից ի վերջո սերելու էր Հիսուսը։ Այդ հարձակումը Եհովայի նպատակի մեջ չէր մտնում, և նա հրաշքով ազատագրեց իր հավատարիմ ժողովրդին՝ կործանելով զավթիչներին (2 Թագ. 19։32–35; Ես. 10։5, 6, 12–15)։
ԲԱԲԵԼՈՆ. ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽԸ
9, 10. ա) Եհովան բաբելոնացիներին ի՞նչ թույլ տվեց անել։ բ) Որպեսզի մարգարեությունները կատարվեին, ի՞նչ պետք է տեղի ունենար։
9 Հովհաննեսի տեսած գազանի երրորդ գլուխը ներկայացնում է այն թագավորությունը, որի մայրաքաղաքը Բաբելոնն էր։ Եհովան թույլ տվեց, որ բաբելոնացիները կործանեն Երուսաղեմը ու իր ժողովրդին գերության տանեն։ Սակայն մինչև այս անարգանքը թույլ տալը Եհովան ապստամբ իսրայելացիներին նախազգուշացրեց, որ իրենց այդպիսի ողբերգություն է պատահելու (2 Թագ. 20։16–18)։ Նա կանխագուշակեց, որ այն թագավորների շառավիղը, որոնց մասին ասվում էր, որ նստում են «Եհովայի գահին» Երուսաղեմում, իշխանությունից զրկվելու էր (1Տար. 29։23)։ Այդուհանդերձ, Եհովան նաև խոստացավ, որ Դավիթ թագավորի հետնորդներից մեկը՝ նա, ով «օրինական իրավունք ունի», կգար ու կվերականգներ այդ իշխանությունը (Եզեկ. 21։25–27)։
10 Մեկ այլ մարգարեություն ցույց էր տալիս, որ հրեաները Երուսաղեմի տաճարում երկրպագություն մատուցելիս կլինեին, երբ գար խոստացված Մեսիան՝ Օծյալը (Դան. 9։24–27)։ Իսկ ավելի վաղ արված մարգարեության մեջ, որը գրի էր առնվել նախքան Իսրայելի գերի տարվելը Բաբելոն, ասվում էր, որ նա ծնվելու էր Բեթլեհեմում (Միք. 5։2)։ Որպեսզի այդ մարգարեությունները կատարվեին, հրեաները պետք է ազատ արձակվեին գերությունից, վերադառնային իրենց հայրենիք ու վերակառուցեին տաճարը։ Սակայն գերիներին արձակելը Բաբելոնի քաղաքականությունը չէր։ Ինչպե՞ս էր լուծվելու այդ խնդիրը։ Եհովան պատասխանը հայտնեց իր մարգարեներին (Ամոս 3։7)։
11. Ի՞նչ տարբեր կերպերով է ներկայացված Բաբելոնյան կայսրությունը (տե՛ս ծանոթագրությունը)։
11 Դանիել մարգարեն մեկն էր այն գերիներից, որոնք տարվել էին Բաբելոն (Դան. 1։1–6)։ Եհովան նրա միջոցով հայտնեց, թե այդ աշխարհակալ ուժին ինչ թագավորություններ էին հաջորդելու։ Այս գաղտնիքները բացահայտելու համար նա մի շարք խորհրդանիշներ օգտագործեց։ Օրինակ՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին Եհովան զանազան մետաղներից կազմված հսկա մի արձանի մասին երազ տվեց (կարդա՛ Դանիել 2։1, 19, 31–38)։ Դանիելի միջոցով Եհովան հայտնեց, որ արձանի ոսկե գլուխը խորհրդանշում էր Բաբելոնյան կայսրությունըb։ Դրան հաջորդող աշխարհակալ ուժը ներկայացված էր արծաթե կրծքով ու ձեռքերով։ Ո՞րն էր լինելու այդ աշխարհակալ ուժը և ինչպե՞ս էր վերաբերվելու Աստծու ժողովրդին։
ՄԱՐԱ-ՊԱՐՍԿԱՍՏԱՆ. ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽԸ
12, 13. ա) Եհովան ի՞նչ հայտնեց Բաբելոնի գրավման մասին։ բ) Ինչո՞ւ է Մարա-Պարսկաստանը նկարագրված որպես գազանի չորրորդ գլուխ։
12 Դանիելի ժամանակներից ավելի քան մեկ դար առաջ Եհովան Եսայիա մարգարեի միջոցով մանրամասնություններ էր հայտնել այն աշխարհակալ ուժի մասին, որը նվաճելու էր Բաբելոնը։ Եհովան ոչ միայն ասել էր, թե ինչպես էր գրավվելու Բաբելոն քաղաքը, այլև հայտնել էր նվաճողի անունը։ Այդ առաջնորդը Կյուրոսն էր՝ պարսից արքան (Ես. 44։28–45։2)։ Դանիելը երկու տեսիլք ստացավ մարա-պարսկական աշխարհակալ ուժի մասին։ Մեկում թագավորությունը արջի էր նման, որը բարձրացրել էր իր մի կողմը։ Նրան ասվեց. «Շատ մի՛ս կեր» (Դան. 7։5)։ Մյուս տեսիլքում Դանիելը տեսավ, որ այս երկակի աշխարհակալ ուժը ներկայացված է երկու եղջյուր ունեցող խոյով (Դան. 8։3, 20)։
13 Եհովան Մարա-Պարսկական կայսրության միջոցով կատարեց մարգարեությունը. կործանեց Բաբելոնը և իսրայելացիներին վերադարձրեց իրենց հայրենիք (2 Տար. 36։22, 23)։ Սակայն նույն ուժը ավելի ուշ պատրաստվում էր ոչնչացնել Աստծու ժողովրդին։ Աստվածաշնչյան «Եսթեր» գրքում արձանագրված է այն դավի մասին, որը նյութել էր Համանը՝ Պարսկաստանի վարչապետը։ Նա կազմակերպեց Պարսկական հսկա կայսրության մեջ բնակվող բոլոր հրեաների բնաջնջումը ու կոնկրետ ամսաթիվ նշանակեց ցեղասպանությունն իրականացնելու համար։ Միայն Եհովայի միջամտության շնորհիվ էր, որ նրա ժողովուրդը մեկ անգամ ևս փրկվեց Սատանայի սերնդի թշնամանքից (Եսթ. 1։1–3; 3։8, 9; 8։3, 9–14)։ Ուստի տեղին է, որ Մարա-Պարսկաստանը «Հայտնություն» գրքում նկարագրված է որպես գազանի չորրորդ գլուխ։
ՀՈՒՆԱՍՏԱՆ. ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽԸ
14, 15. Հունական կայսրության մասին ի՞նչ մանրամասներ է հայտնել Եհովան։
14 «Հայտնության» գազանի հինգերորդ գլուխը ներկայացնում է Հունաստանը։ Նաբուգոդոնոսորի երազը մեկնելիս Դանիելը հայտնել էր, որ այս ուժը ներկայացված է արձանի պղնձե որովայնով ու ազդրերով։ Դանիելը նաև երկու տեսիլք ստացավ, որոնք ուշագրավ մանրամասներ են հայտնում թե՛ այս կայսրության բնույթի և թե՛ նրա ամենանշանավոր կառավարչի մասին։
15 Մի տեսիլքում Դանիելը տեսավ, որ Հունաստանը ներկայացված է չորս թև ունեցող ընձառյուծի տեսքով, ինչը ցույց է տալիս, որ այն շատ արագ էր հաղթանակներ տանելու (Դան. 7։6)։ Իսկ մեկ ուրիշ տեսիլքում մարգարեն տեսավ, թե ինչպես մի այծ, որը մի երևելի եղջյուր ուներ, արագ սպանեց երկու եղջյուր ունեցող խոյին՝ Մարա-Պարսկաստանին։ Եհովան Դանիելին ասաց, որ այծը խորհրդանշում է Հունաստանը, իսկ մեծ եղջյուրը՝ նրա թագավորներից մեկին։ Այնուհետև մարգարեն գրեց, որ մեծ եղջյուրը կոտրվեց ու դրա փոխարեն չորսը դուրս եկան, որոնք ավելի փոքր էին։ Թեև այս մարգարեությունը գրի էր առնվել Հունաստանի՝ գերիշխող թագավորություն դառնալուց մոտ երկու դար առաջ, այն կատարվեց ամենայն մանրամասնությամբ։ Ալեքսանդր Մեծը՝ հին Հունաստանի ամենանշանավոր թագավորը, առաջնորդեց Մարա-Պարսկաստանի դեմ արշավանքը։ Սակայն շուտով այդ եղջյուրը կոտրվեց. մեծ թագավորը մահացավ իր զորության գագաթնակետին, երբ ընդամենը 32 տարեկան էր։ Այնուհետև նրա թագավորությունը բաժանվեց իր չորս զորավարների միջև (կարդա՛ Դանիել 8։20–22)։
16. Ի՞նչ արեց Անտիոքոս IV։
16 Պարսկաստանը նվաճելուց հետո Հունաստանն իշխեց Աստծու ժողովրդի երկրի վրա։ Այդ ժամանակ հրեաները վերաբնակվել էին Ավետյաց երկրում ու վերակառուցել Երուսաղեմի տաճարը։ Նրանք դեռևս Աստծու ընտրյալ ժողովուրդն էին, իսկ վերակառուցված տաճարը՝ ճշմարիտ երկրպագության կենտրոնը։ Սակայն մ.թ.ա. երկրորդ դարում Հունաստանը՝ գազանի հինգերորդ գլուխը, հարձակվեց Աստծու ժողովրդի վրա։ Ալեքսանդրի պառակտված կայսրության ժառանգներից մեկը՝ Անտիոքոս IV, հեթանոսական զոհասեղան դրեց Երուսաղեմի տաճարում ու հրեական կրոնը դավանելը մահապատժի ենթակա հանցանք հայտարարեց։ Ատելության ինչպիսի՜ դրսևորում Սատանայի սերնդի կողմից։ Այդուհանդերձ, Հունաստանը շուտով վերացավ որպես աշխարհակալ ուժ։ Ո՞րն էր լինելու գազանի վեցերորդ գլուխը։
ՀՌՈՄ. «ԱՀԵՂ ՈՒ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ» ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽԸ
17. Վեցերորդ գլուխը ի՞նչ դեր ունեցավ Ծննդոց 3։15-ում արձանագրված մարգարեության իրականացման հարցում։
17 Երբ Հովհաննեսը գազանի մասին տեսիլք ստացավ, Հռոմը գերիշխող տերություն էր (Հայտն. 17։10)։ Վեցերորդ գլուխը Ծննդոց 3։15-ում արձանագրված մարգարեության իրականացման հարցում մեծ դեր ունեցավ։ Սատանան հռոմեացի պաշտոնյաների միջոցով հարված հասցրեց սերնդին՝ ժամանակավորապես վնասելով նրան, ու այդպիսով խայթեց նրա «գարշապարը»։ Ինչպե՞ս։ Նրանք խռովության կեղծ մեղադրանքներ ներկայացրին Հիսուսի դեմ ու մահվան մատնեցին նրան (Մատթ. 27։26)։ Սակայն այդ վերքը շուտով բուժվեց, քանի որ Եհովան հարություն տվեց Հիսուսին։
18. ա) Ի՞նչ նոր ազգ ընտրեց Եհովան և ինչո՞ւ։ բ) Օձի սերունդը ինչպե՞ս շարունակեց ատելություն դրսևորել կնոջ սերնդի հանդեպ։
18 Իսրայելի կրոնական առաջնորդները Հռոմի հետ դավադրություն կազմակերպեցին Հիսուսի դեմ։ Իսրայելացիների մեծ մասը նույնպես մերժեց նրան։ Ուստի Եհովան մերժեց մարմնավոր Իսրայելին որպես իր ժողովուրդ (Մատթ. 23։38; Գործ. 2։22, 23)։ Նա ընտրեց նոր ազգ՝ «Աստծու Իսրայելին» (Գաղ. 3։26–29; 6։16)։ Այդ ազգը օծյալ քրիստոնյաներից բաղկացած քրիստոնեական ժողովն էր, որտեղ կային և՛ հրեաներ, և՛ այլազգիներ (Եփես. 2։11–18)։ Հիսուսի մահից ու հարությունից հետո օձի սերունդը շարունակեց ատելություն դրսևորել կնոջ սերնդի հանդեպ։ Հռոմը մի քանի անգամ փորձեր արեց բնաջնջելու քրիստոնեական ժողովը՝ կնոջ սերնդի երկրորդական մասըc։
19. ա) Ինչպե՞ս է Դանիելը նկարագրում վեցերորդ աշխարհակալ ուժը։ բ) Ի՞նչ ենք քննելու մյուս հոդվածում։
19 Այն երազում, որը Դանիելը մեկնեց Նաբուգոդոնոսորի համար, Հռոմը ներկայացված է երկաթե սրունքներով (Դան. 2։33)։ Դանիելը նաև մի տեսիլք տեսավ, որը նկարագրում է ոչ միայն Հռոմեական կայսրությունը, այլև հաջորդ աշխարհակալ ուժը, որը նրանից էր առաջ գալու (կարդա՛ Դանիել 7։7, 8)։ Դարեր շարունակ Հռոմը իր թշնամիների համար «ահեղ ու զարհուրելի էր և արտասովոր ուժ ուներ»։ Սակայն ըստ մարգարեության՝ այս կայսրությունից «տասը եղջյուր» էր դուրս գալու, նաև մեկ այլ եղջյուր, որը մասնավորապես առաջավոր էր դառնալու։ Ի՞նչ են ներկայացնում այս տասը եղջյուրները, և ի՞նչ է ներկայացնում փոքր եղջյուրը։ Ինչպե՞ս է փոքր եղջյուրը համապատասխանում Նաբուգոդոնոսորի տեսած հսկա արձանի նկարագրությանը։ 14-րդ էջի հոդվածը քննում է այս հարցերը։
[ծանոթագրություններ]
a Կինը ներկայացնում է Եհովայի կազմակերպության երկնային մասը, որը կազմված է ոգեղեն արարածներից (Ես. 54։1; Գաղ. 4։26; Հայտն. 12։1, 2)։
b Բաբելոնը ներկայացված է «Դանիել» գրքի արձանի գլխով և «Հայտնություն» գրքում նկարագրված գազանի երրորդ գլխով։ Տե՛ս աղյուսակը (էջ 12, 13)։
c Թեև Հռոմը մ.թ. 70-ին կործանեց Երուսաղեմը, այդ հարձակումը Ծննդոց 3։15-ի մարգարեության կատարման մասը չէր։ Այդ ժամանակ մարմնավոր Իսրայելն այլևս Աստծու ընտրյալ ազգը չէր։