Գիրք, որին կարող եք վստահել. մաս 2
Ասորեստանը աստվածաշնչյան պատմության մեջ
Այս հոդվածը աստվածաշնչյան պատմության մեջ ներկայացվող աշխարհակալ ուժերի մասին յոթ հոդվածներից երկրորդն է։ Հոդվածի նպատակն է ցույց տալ, որ Աստվածաշունչը արժանահավատ է, ներշնչված է Աստծուց և հույս է տալիս մեզ, որ վերջ է դրվելու մարդկային դաժան կառավարման հետևանքով գոյություն ունեցող տառապանքին։
ՀՆՈՒՄ Ասորեստանի անունը լսելիս արյունը սառում էր մարդկանց երակներում։ Ըստ Հովնան մարգարեի գրքի՝ երբ Աստված Հովնանին ուղարկեց իր դատաստաններն ազդարարելու Ասորեստանի մայրաքաղաք Նինվեում, մարգարեն հակառակ ուղղությամբ փախավ (Հովնան 1։1–3)։ Հնարավոր է՝ պատճառը Մերձավոր Արևելքում Ասորեստանի ձեռք բերած համբավն էր։
Արժանահավատ պատմություն
Նաում մարգարեն Նինվե քաղաքը նկարագրում է իբրև «առյուծների որջ» և «արյունահեղ քաղաք»։ Այդ քաղաքի մասին նա գրում է. «Երբեք առանց որսի չի մնում։ Լսվում է մտրակի ձայնը, անիվի դղրդյունը, սլանում է նժույգը, ու ցնցվում է կառքը։ Ձիավորը, սրի փայլը, նիզակի փայլատակումը, սպանվածների շատությունը, դիակների մեծ կույտը... մեռած մարմիններին վերջ չկա։ Նրանք ընկնում են՝ այդ մարմիններին դիպչելով» (Նաում 2։11; 3։1–3)։ Արդյոք հին Ասորեստանի այս նկարագիրը համապատասխանո՞ւմ է պատմական արձանագրություններին։
«Լույս հին ժամանակներից» գրքում Ասորեստանը կոչվում է «Պատերազմի անգութ մեքենա, որը ահ ու սարսափ էր ներշնչում իր թշնամիներին» (Light From the Ancient Past)։ Գրքում մեջբերված են այն խոսքերը, որոնցով Ասորեստանի Աշուրնասիրպալ II թագավորը պարծենում է, թե ինչպես է վարվել իրեն ընդդիմացողների հետ.
«Ես աշտարակ կառուցեցի նրա քաղաքի դարպասի դիմաց, մորթազերծ արի ապստամբ իշխանավորներին և նրանց կաշվով պատեցի աշտարակը։ Ոմանց մարմինները լցրեցի աշտարակի մեջ, ոմանց մարմիններն էլ աշտարակի վրա ցցերից կախեցի, .... կտրեցի իշխանների ոտքերն ու ձեռքերը, այն իշխանների, որոնք ապստամբել էին։ .... Գերիներից շատերին այրեցի, իսկ ոմանց կենդանի թողեցի»։ Երբ հնագետները պեղեցին Ասորեստանի արքունական պալատները, հայտնաբերեցին պալատի պատերը, որոնց վրա քանդակված էին, թե ինչ դաժանությամբ են նրանք վարվել գերիների հետ։
Մ.թ.ա. 740-ին Ասորեստանը գրավեց Սամարիան՝ Իսրայելի հյուսիսային թագավորության մայրաքաղաքը, և ժողովրդին գերի տարավ։ Իսկ ութ տարի անց գրավեց նաև Հուդանa (2 Թագավորներ 18։13)։ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը Հուդայի Եզեկիա թագավորից 30 տաղանդ ոսկի և 300 տաղանդ արծաթ պահանջեց։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Եզեկիան վճարեց այդ տուրքը։ Սակայն, չնայած դրան, Սենեքերիմը պահանջեց, որ Հուդայի մայրաքաղաքը՝ Երուսաղեմը, նույնպես հանձնեն իրեն (2 Թագավորներ 18։9–17, 28–31)։
Նինվեում հնագետները գտել են Սենեքերիմ թագավորի տարեգրությունը, որտեղ խոսվում է այդ նույն դեպքի մասին։ Վեցանիստ կավե պրիզմայի վրա փորագրված են թագավորի խոսքերը։ Նա պարծենում է. «Եզեկիան՝ այն հրեան, չմտավ իմ լծի տակ։ Ես պաշարեցի և գրավեցի նրա հզոր ու պարսպապատ քաղաքներից 46-ը ու դրանց շուրջը գտնվող անթիվ անհամար փոքր գյուղեր.... Նրան [Եզեկիային] բանտարկեցի Երուսաղեմում՝ իր իսկ պալատում, ինչպես թռչունին՝ իր վանդակում»։ Սենեքերիմը, չափազանցնելով Եզեկիայից ստացած արծաթի քանակը, նշում է, որ հրեաների թագավորը իրեն ուղարկել է «30 տաղանդ ոսկի, 800 տաղանդ արծաթ, թանկարժեք քարեր, .... և ամեն տեսակ գանձեր»։
Ուշադրության է արժանի այն, որ Սենեքերիմը չի հպարտանում, թե գրավել է Երուսաղեմը, և չի էլ հայտնում, որ իր զորքերը կործանվել են, ինչը տեղի է ունեցել Աստծու միջամտությամբ։ Համաձայն Աստվածաշնչի արձանագրության՝ Աստծու հրեշտակը մեկ գիշերվա մեջ 185000 զինվոր է կոտորել (2 Թագավորներ 19։35, 36)։ Պատմաբան Ջեկ Ֆինեգանը գրում է. «Եթե հաշվի առնենք, որ Ասորեստանի թագավորներին հատուկ էր պարծենալը, ապա դժվար թե Սենեքերիմը գրի առներ այդ պարտության մասին»։
Արժանահավատ մարգարեությունների գիրք
Ասորեստանյան կայսրության անկումից մոտ հարյուր տարի առաջ Եսայիա մարգարեն հայտարարեց, որ Եհովա Աստված հաշիվ է պահանջելու այդ հպարտ զավթիչներից իր ժողովրդին հարստահարելու համար։ Եհովան ասել էր. «Ես հաշիվ կտեսնեմ Ասորեստանի թագավորի հետ՝ նրա գոռոզ սրտի պտուղների և մեծամիտ աչքերի ինքնահավանության համար» (Եսայիա 10։12)։ Բացի այդ, Նաում մարգարեն ասաց, որ Նինվեն թալանվելու է, նրա դարպասները բաց են լինելու թշնամիների առաջ և նրա պահապանները փախչելու են (Նաում 2։8, 9; 3։7, 13, 17, 19)։ Իսկ Սոփոնիա մարգարեն գրեց, որ այդ քաղաքը «ամայի» պիտի դառնա (Սոփոնիա 2։13–15)։
Այս մարգարեությունները կատարվեցին մ.թ.ա. 632-ին։ Բաբելոնի ու Մարաստանի միացյալ ուժերը ծնկի բերեցին Նինվեին, և Ասորեստանյան կայսրությունը անփառունակ վախճան ունեցավ։ Բաբելոնի պատմական արձանագրություններում այդ անցքի մասին գրված է, որ քաղաքը նվաճողները «քաղաքն ու տաճարը կողոպտեցին և հարուստ ավար վերցրին, իսկ Նինվեն «ավերակների վերածվեց»։ Այսօր Իրաքի Մոսուլ քաղաքի դիմաց՝ Տիգրիս գետի արևելյան ափին, լուռ կանգնած են Նինվեի ավերակները։
Ասորեստանի կործանումը նպաստեց Աստվածաշնչի մեկ ուրիշ մարգարեության իրականացմանը։ Մոտ մեկ դար առաջ՝ 740 թ.-ին, Ասորեստանը գերեվարել էր Իսրայելի տասցեղ թագավորության բնակիչներին։ Այդ ժամանակ էր, որ Եսայիա մարգարեն կանխագուշակեց, որ Եհովան «կոտրելու է ասորեստանցուն», «ոտնակոխ է անելու» նրան և Իսրայելին բերելու է իր երկիրը։ Մարգարեն գրեց. «Ժողովրդի փրկված մնացորդին [Եհովան] կհավաքի Ասորեստանից»։ Այս մարգարեությունը իրականացավ մոտավորապես 200 տարի հետո (Եսայիա 11։11, 12; 14։25)։
Խոստում, որին կարելի է վստահել
Նինվեի կործանումից շատ առաջ, երբ նրա թագավորները ահ ու սարսափի մեջ էին պահում իրենց թշնամիներին, Եսայիան մարգարեացավ մեկ ուրիշ իշխանի մասին։ Նա գրեց. «Մեզ համար մի երեխա ծնվեց, մեզ մի որդի տրվեց։ Իշխանությունը նրա ուսերին կլինի։ Նա կկոչվի.... Խաղաղության Իշխան։ Նրա իշխանությունը մինչև հեռուները կտարածվի, և խաղաղությանը վերջ չի լինի Դավթի գահի և նրա թագավորության վրա։ Այն կհաստատվի ու կպահպանվի արդարության ու արդարադատության շնորհիվ այժմվանից մինչև հավիտյան։ Զորքերի Տեր Եհովայի նախանձախնդրությունը կանի դա» (Եսայիա 9։6, 7)։
«Խաղաղության Իշխանի»՝ Հիսուս Քրիստոսի թագավորությունը սփռված է լինելու ողջ երկրով մեկ։ Սաղմոս 72։7, 8 համարներում կարդում ենք. «Նրա օրերում արդարը կծաղկի, և խաղաղության առատություն կլինի, մինչև որ լուսինը էլ չլինի։ Նա հպատակներ կունենա ծովից մինչև ծով և Գետից մինչև երկրի ծայրերը»։
Խաղաղության այս հզոր Իշխանի միջոցով Եհովա Աստված իրագործելու է Սաղմոս 46։8, 9 համարներում գրված խոսքերը. «Եկե՛ք և տեսե՛ք Եհովայի գործերը, թե ինչպես է նա զարմանահրաշ գործեր անում երկրի վրա։ Նա դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը. փշրում է աղեղը և կոտրատում նիզակը, կառքերը այրում է կրակով»։
Որպես այս մարգարեության կատարման «նախաբան» Եհովայի վկաները աստվածաշնչյան կրթական ծրագիր են իրականացնում և մարդկանց սովորեցնում են խաղաղության ճանապարհները, ինչը որ Հիսուսն էր անում։ Սակայն, ինչ խոսք, այն մարգարեությունը, որ գրված է Եսայիա 2։4-ում, իրականանալու է ոչ թե մարդու ձեռքով, այլ Աստծու։ Այնտեղ ասվում է. «Նրանք իրենց սրերից խոփեր պիտի կոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ։ Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել»։ Հակառակ դրան՝ այսօրվա աշխարհը ու նրա ղեկավարները տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում ռազմական ուժերի համար։
Պատմական ճշգրիտ տվյալները և արժանահավատ մարգարեությունները առանձնահատուկ են դարձնում Աստվածաշունչը։ Ովքեր փնտրում են ճշմարտությունը, գիտակցում են, որ այս գիրքը իրոք արժանահավատ է։ Այս հոդվածաշարի հաջորդ հոդվածում կխոսվի Հին Բաբելոնի՝ աստվածաշնչյան պատմության մեջ երրորդ աշխարհակալ ուժի մասին։
[ծանոթագրություն]
a Սողոմոն թագավորի իշխանությունից հետո տասներկու ցեղից բաղկացած Իսրայելը բաժանվեց երկու մասի։ Հուդայի և Բենիամինի ցեղերը կազմեցին հարավային թագավորությունը, իսկ մյուս տասը ցեղերը՝ հյուսիսային թագավորությունը։ Երուսաղեմը հարավային թագավորության՝ Հուդայի մայրաքաղաքն էր, իսկ Սամարիան՝ հյուսիսային։
[նկար 10-րդ էջի վրա]
ԱՍՈՐԵՍՏԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ
Հս
ԱՍՈՐԵՍՏԱՆ
ՄԱՐԱՍՏԱՆ
Քորսաբադ
Նինվե
Քալան
Աշուր
Տիգրիս
Եփրատ
Միջերկրական ծով (Մեծ ծով)
Սամարիա
Երուսաղեմ
Բաբելոն
ԵԳԻՊՏՈՍ
[նկար 10-րդ էջի վրա]
Մարդու գլխով թևավոր հսկա ցուլերը հսկում էին Ասորեստանի արքունական պալատի մուտքերը
[նկար 11-րդ էջի վրա]
Պրիզմա, որի վրա գրված են Սենեքերիմի խոսքերը Հուդայի գրավման մասին
[նկար 11-րդ էջի վրա]
Քանդակ, որտեղ պատկերված է, թե ինչպես էին մորթազերծ անում կենդանի գերիներին
[նկար 11-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Page 10, top, time line: Egyptian wall relief and bust of Nero: Photograph taken by courtesy of the British Museum; Persian wall relief: Musée du Louvre, Paris; bottom, winged bull and page 11, both images: Photograph taken by courtesy of the British Museum