Գլուխ 8
Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը
1, 2. Հաճախ ինչպե՞ս են մարդիկ արձագանքում տառապանքի իրողությանը։
ՏԵՍՆԵԼՈՎ, թե ինչպես են բնական աղետները ամեն ինչ ավերում ու բազում մարդկանց կյանքեր խլում՝ շատերը չեն կարողանում հասկանալ, թե ինչու են տեղի ունենում նման ահավոր բաներ։ Ոմանց էլ մտահոգություն է պատճառում այն փաստը, որ հանցագործությունն ու բռնությունը մեծ չափերի ու գազանության աստիճանի են հասել։ Գուցե դուք էլ հարցրած լինեք. «Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը»։
2 Այս հարցին սպառիչ պատասխան չգտնելով՝ շատերը կորցնում են իրենց հավատն Աստծո հանդեպ։ Նրանց սկսում է թվալ, թե Աստված չի հետաքրքրվում մարդկանցով։ Կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր տառապանքի գոյությունը համարում են անխուսափելի իրողություն և դառնանալով՝ Աստծուն են մեղադրում հասարակության մեջ գոյություն ունեցող ամեն տեսակի չարության համար։ Եթե դուք էլ նույն զգացմունքներն ունեք, անկասկած, շատ կցանկանաք իմանալ, թե այս կապակցությամբ ինչ է ասվում Աստվածաշնչում։
Աստված չէ տառապանքի պատճառը
3, 4. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ չարությունն ու տառապանքը Եհովայից չեն։
3 Աստվածաշունչը հավաստիացնում է, որ Եհովա Աստված չէ մեր շուրջը գոյություն ունեցող տառապանքի պատճառը։ Քրիստոնյա աշակերտ Հակոբոսն, օրինակ, գրում է. «Ոչ ով, որ փորձութեան մէջ է, չ’ասէ թէ Աստուածանից եմ փորձվում. որովհետեւ Աստուած չար բաներով չէ փորձվում. ինքն էլ ոչ մէկին չէ փորձում» (Յակոբոս 1։13)։ Ուստի նա պատասխանատու չէ մարդկությանը պատահած բազմաթիվ դժբախտությունների համար։ Նա չի փորձում մարդկանց՝ երկնային կյանքի նախապատրաստելու նպատակով, և ոչ էլ տառապանք է պատճառում այն մեղքերի համար, որ ըստ ենթադրությունների՝ մարդը գործել է իր նախկին կյանքում (Հռովմայեցիս 6։7)։
4 Ու թեև Աստծո ու Քրիստոսի անունով սարսափելի շատ բաներ են կատարվել, Աստվածաշնչում նույնիսկ չի հիշատակվում այն մասին, որ նրանցից որևէ մեկը երբևէ հավանություն է տվել այդպիսի արարքների։ Աստված և Քրիստոսը ոչ մի ընդհանուր բան չունեն այն անձանց հետ, ովքեր ասում են, թե ծառայում են իրենց, բայց իրականում խարդախում են, խաբում, սպանություններ գործում, թալանում կամ որևէ այլ ձևով տառապանք պատճառում մարդկանց։ Իրականում «զզուելի է Տիրոջ համար ամբարշտի ճանապարհը.... Հեռու է Տէրը ամբարիշտներից» (Առակաց 15։9, 29)։
5. Ի՞նչ հատկություններ ունի Եհովան և ինչպե՞ս է վերաբերվում իր արարածներին։
5 Աստվածաշնչում ասվում է, որ Եհովան «բազմագութ է եւ ողորմած» (Յակոբոս 5։11)։ Այնտեղ նշվում է նաև, որ «Տէրն իրաւունք է սիրում» (Սաղմոս 37։28; Եսայիա 61։8)։ Աստված վրեժխնդիր չէ։ Կարեկցանք ցուցաբերելով՝ նա հոգ է տանում իր արարածների մասին և բոլորին տալիս է այն, ինչը լավագույն ձևով նպաստում է նրանց բարօրությանը (Գործք 14։15, 16)։ Եհովան այդպես է վարվում՝ սկսած այն ժամանակներից, երբ երկրի վրա առաջացավ կյանքը։
Կատարյալ սկիզբ
6. Ի՞նչ է ասվում որոշ առասպելներում մարդկության պատմության սկզբնական շրջանի մասին։
6 Ցավն ու տառապանքը բոլորիս համար սովորական բան են դարձել։ Ուստի գուցե դժվարանանք պատկերացնել, որ կգա մի այնպիսի ժամանակ, երբ այլևս տառապանք չի լինի։ Մինչդեռ հենց այդպես է եղել մարդկության պատմության սկզբում։ Նույնիսկ որոշ ժողովուրդների առասպելներում պահպանվել են հիշատակումներ այն մասին, որ սկզբում ամեն ինչ լավ էր։ Հունական դիցաբանության մեջ, օրինակ, «մարդկության հինգ դարաշրջաններից» առաջինը կոչվել է «Ոսկե դար»։ Այդ ժամանակ մարդիկ ապրել են երջանիկ ու զերծ են եղել չարչարանքից, ցավից և ծերության կործանարար ազդեցությունից։ Իսկ ըստ չինացիների՝ դիցաբանական Դեղին կայսեր (Հուանդի) ղեկավարման օրոք մարդիկ վայելել են ներդաշնակություն ու խաղաղություն նույնիսկ բնության ուժերի և վայրի գազանների հետ։ Պարսիկները, եգիպտացիները, տիբեթցիները, պերուացիներն ու մեքսիկացիները նույնպես ունեն լեգենդներ այն մասին, որ սկզբում մարդիկ եղել են երջանիկ ու կատարյալ։
7. Ինչո՞ւ է Աստված ստեղծել երկիրն ու մարդկանց։
7 Առասպելները պարզապես արտացոլում են այն, ինչ ներկայացվում է մարդկության պատմության հնագույն գրավոր աղբյուրի՝ Աստվածաշնչի մեջ։ Այնտեղ տեղեկացվում է, որ Աստված առաջին ամուսնական զույգին՝ Ադամին ու Եվային, բնակեցրել էր դրախտում, որը կոչվում էր Եդեմի պարտեզ։ Արարիչը նաև հետևյալ պատվերն էր տվել նրանց. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան» (Ծննդոց 1։28)։ Մեր նախածնողները կատարյալ էին և հնարավորություն ունեին տեսնելու, թե ինչպես էր ողջ երկիրը վերածվելու դրախտի՝ բնակեցված կատարյալ մարդկանցով, որոնք ընդմիշտ պետք է ապրեին խաղաղ ու երջանիկ։ Դա էր Աստծո նպատակը, երբ նա ստեղծեց երկիրն ու մարդկանց (Եսայիա 45։18)։
Նենգ մարտահրավեր
8. Ի՞նչ պատվերի պետք է հնազանդվեին Ադամն ու Եվան, սակայն ի՞նչ տեղի ունեցավ։
8 Աստծո բարեհաճությունը միշտ վայելելու համար Ադամն ու Եվան չպետք է ուտեին «բարիի եւ չարի գիտութեան ծառիցը» (Ծննդոց 2։16, 17)։ Եթե նրանք հնազանդվեին Եհովայի օրենքին, տառապանքը չէր դառնացնի մարդկանց կյանքը։ Աստծո պատվերին հնազանդվելով՝ նրանք ցույց կտային, որ սիրում են Եհովային ու նվիրված են նրան (Ա Յովհաննէս 5։3)։ Բայց, ինչպես տեղեկացանք 6–րդ գլխից, ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։ Սատանայի դրդմամբ Եվան կերավ արգելված պտուղը, իսկ հետո նույն քայլին դիմեց նաև Ադամը։
9. Եհովայի հետ կապված ի՞նչ հարց բարձրացրեց Սատանան։
9 Գիտակցո՞ւմ եք արդյոք տեղի ունեցածի ողջ լրջությունը։ Սատանան կասկածի ենթարկեց Եհովայի՝ Բարձրյալ լինելու իրավունքը։ «Բնաւ չէք մեռնիլ» ասելով՝ Բանսարկուն հերքեց Աստծո հետևյալ խոսքերը. «Մահով պիտի մեռնիս»։ Այնուհետև Սատանան ակնարկեց, թե Եհովա Աստված Ադամից ու Եվայից գաղտնի է պահում այն, որ նրանք Աստծո նման կդառնան և արդյունքում այլևս չեն ունենա Արարչի կարիքը բարին և չարը որոշելու հարցում։ Բանսարկուն իր մարտահրավերով հարցականի տակ դրեց Աստծո՝ տիեզերքի Գերիշխանը լինելու օրինական իրավունքը (Ծննդոց 2։17; 3։1–6)։
10. Ի՞նչ կեղծ մեղադրանքներ ուղղեց Սատանան մարդկանց դեմ։
10 Բանսարկու Սատանան ակնարկեց նաև, որ մարդիկ Եհովային հավատարիմ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ նրանից ինչ–որ օգուտ են ստանում։ Այլ կերպ ասած՝ հարցականի տակ դրվեց մարդկանց անարատությունը։ Սատանան հայտարարեց, թե ոչ մի մարդ իր սեփական կամքով հավատարիմ չի մնա Աստծուն։ Բանսարկուի կողմից արված այս նենգ ամբաստանությունը պարզ է դառնում Հոբի մասին աստվածաշնչյան արձանագրությունից։ Եհովայի հավատարիմ ծառա Հոբը որոշ ժամանակ մեծ փորձությունների ենթարկվեց (դա տեղի է ունեցել մինչև մ.թ.ա. 1600 թ.)։ Եթե կարդաք «Յոբ» գրքի առաջին երկու գլուխները, կսկսեք հասկանալ, թե ինչու գոյություն ունի տառապանքը, և ինչու է Աստված հանդուրժում այն։
11. Ինչպիսի՞ մարդ էր Հոբը, և ի՞նչ մեղադրանք ուղղեց Սատանան նրա դեմ։
11 Հոբը, որ մի «կատարեալ եւ ուղիղ մարդ» էր, հարձակման ենթարկվեց Սատանայի կողմից։ Նախ՝ Բանսարկուն վատ մղումներ վերագրեց Հոբին՝ տալով հետևյալ հարցը. «Մի՞թէ Յոբը ձրի է աստուածավախ»։ Ապա՝ Սատանան խորամանկորեն զրպարտեց թե՛ Աստծուն, թե՛ Հոբին՝ պնդելով, որ Եհովան գնել է Հոբի հավատարմությունը նրան պաշտպանելու և օրհնելու միջոցով։ «Բայց հիմա մեկնիր ձեռքդ ու դպցրու նորա ամեն ստացուածքին. եւ տէս, թե որ քո երեսին քեզ չ’հայհոյէ»,— ասաց նա՝ մարտահրավեր նետելով Աստծուն (Յոբ 1։8–11)։
12. ա) Ո՞ր հարցերի պատասխանը կտրվեր միայն այն դեպքում, եթե Աստված թույլատրեր Սատանային փորձության ենթարկել Հոբին։ բ) Ի՞նչ արդյունքներ բերեց Հոբի փորձությունը։
12 Արդյո՞ք Հոբը Եհովային ծառայում էր զուտ նրանից օգուտ ստանալու նպատակով։ Կպահպանե՞ր նա իր անարատությունը փորձության ենթարկվելու դեպքում։ Իսկ Եհովան այնքան վստահություն ունե՞ր իր ծառայի հանդեպ, որ թույլ տար նրա փորձությունը։ Այս հարցերի պատասխանը կտրվեր այն դեպքում, եթե Եհովան թույլատրեր Սատանային ծանր փորձությունների ենթարկել Հոբին։ Ինչպես երևում է «Յոբ» գրքից, նա պահպանեց իր հավատարմությունը Աստծո կողմից թույլատրված փորձությունների ժամանակ, ինչի շնորհիվ հիմնավոր կերպով ապացուցվեց, որ Եհովան արդար է, իսկ մարդ արարածը կարող է պահպանել իր անարատությունը (Յոբ 42։1, 2, 12)։
13. Ինչպե՞ս են մեզ վերաբերում Եդեմում տեղի ունեցածն ու Հոբի հետ պատահածը։
13 Բայց Եդեմի պարտեզում, ինչպես նաև Հոբի հետ տեղի ունեցած դեպքերը ավելի մեծ նշանակություն ունեն։ Սատանայի բարձրացրած վիճաբանական հարցերը վերաբերում են ամբողջ մարդկությանը, այդ թվում նաև մեզ այսօր։ Աստծո անունը անարգվել էր, կասկածի էր ենթարկվել նրա իշխելու իրավունքը, հարցականի տակ էր դրվել Աստծո կողմից արարված մարդու ուղղամտությունը։ Անհրաժեշտ էր լուծել այս բոլոր հարցերը։
Վիճաբանական հարցերի լուծումը
14. Ինչպե՞ս կարող է վարվել անհատը, եթե նրա դեմ կեղծ մեղադրանքներ են ուղղվում։
14 Սա հասկանալու համար քննենք մի օրինակ։ Ասենք՝ դուք մի սիրառատ ծնող եք և ունեք մի քանի երեխա։ Ձեր ընտանիքը շատ երջանիկ է։ Ենթադրենք, թե հարևաններից մեկը կեղծ լուրեր է տարածում՝ ամբաստանելով ձեզ վատ ծնող լինելու մեջ։ Նա ասում է՝ իբր երեխաները ձեզ չեն սիրում ու ձեզ հետ ապրում են միայն այն պատճառով, որ ուրիշ ելք չունեն, և առաջին իսկ հնարավորության դեպքում կհեռանան ձեզանից։ «Անհեթեթությո՛ւն»,— հավանաբար կբացականչեք դուք։ Այո՛, բայց ինչպե՞ս կապացուցեք դա։ Որոշ ծնողներ գուցե զայրույթով արձագանքեն։ Սակայն նման ցասումնալից արձագանքը ոչ միայն նոր խնդիրներ կառաջացնի, այլև հիմք կտա կեղծ լուրերին հավատալու։ Խնդիրը լուծելու ամենաճիշտ եղանակն այն է, որ ամբաստանողին հնարավորություն տրվի իր ասածներն ապացուցելու, իսկ երեխաներին՝ ցույց տալու, որ նրանք անկեղծորեն սիրում են ձեզ։
15. Եհովան ինչպե՞ս որոշեց վարվել՝ ի պատասխան Սատանայի մարտահրավերի։
15 Եհովային կարելի է համեմատել սիրառատ ծնողի հետ, Ադամին ու Եվային՝ երեխաների, իսկ Սատանային կհամապատասխաներ կեղծ լուրեր տարածող հարևանի դերը։ Իմաստություն ցուցաբերելով՝ Աստված անմիջապես չոչնչացրեց Սատանային, Ադամին ու Եվային, այլ թույլ տվեց, որ այդ չարագործները որոշ ժամանակ ապրեն։ Դա հնարավորություն ընձեռեց, որ մեր նախածնողները երեխաներ ունենան, և առաջ գա մարդկությունը։ Բացի դրանից, Բանսարկուին հնարավորություն տրվեց ապացուցելու իր մեղադրանքները, որպեսզի վիճաբանական հարցերը լուծում ստանային։ Սակայն Աստված հենց սկզբից էլ գիտեր, որ մարդկանցից ոմանք հավատարիմ կմնան իրեն՝ փաստելով, որ Սատանան ստախոս է։ Որքա՜ն երախտապարտ ենք այն բանի համար, որ Եհովան շարունակում է օրհնել և օգնել նրանց, ովքեր սիրում են իրեն (Բ Մնացորդաց 16։9; Առակաց 15։3)։
Ի՞նչ է ապացուցվել
16. Ինչպե՞ս աշխարհն ընկավ Սատանայի իշխանության տակ։
16 Մարդկության պատմության ընթացքում Սատանան գրեթե միշտ հնարավորություն է ունեցել ազատորեն իրագործելու իր ծրագրերը մարդկության վրա իշխելու վերաբերյալ։ Նա իր ազդեցությանն է ենթարկել, օրինակ, քաղաքական ուժերը, ինչպես նաև սկիզբ է տվել կրոնական այնպիսի ուղղությունների, որոնք խորամանկորեն մարդկանց երկրպագությունն ուղղել են դեպի իրեն, և ոչ թե դեպի Եհովան։ Այդպես՝ Սատանան դարձել է «այս աշխարհքի աստուածը» ու կոչվել ‘այս աշխարհի իշխան’ (Բ Կորնթացիս 4։4; Յովհաննէս 12։31)։ Եվ իրոք, «բոլոր աշխարհքը չարութեան մէջ է» (Ա Յովհաննէս 5։19)։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Սատանային հաջողվել է ապացուցել իր այն պնդումը, թե կհեռացնի բոլոր մարդկանց Եհովա Աստծուց։ Իհարկե ո՛չ։ Սատանայի գոյությունը թույլատրելով հանդերձ՝ Եհովան շարունակեց իրականացնել իր նպատակը։ Իսկ ի՞նչ է Աստվածաշունչը հայտնում այն մասին, թե ինչու է Աստված թույլատրել տառապանքը։
17. Ի՞նչ պետք է հիշենք չարության ու տառապանքի պատճառի վերաբերյալ։
17 Եհովան չէ տառապանքի և չարության պատճառը։ Քանի որ այս աշխարհի իշխանն ու աստվածը Սատանան է, նա և նրա կողմնակիցներն են պատասխանատու մարդկային հասարակության ներկա վիճակի, ինչպես նաև մարդկանց տառապանք պատճառող բոլոր դժբախտությունների համար։ Ուստի ոչ ոք իրավամբ չի կարող ասել, թե Աստված է այդ դժբախտությունների պատճառը (Հռովմայեցիս 9։14)։
18. Չարության ու տառապանքի թույլատրումը Եհովայի կողմից ի՞նչ փաստեց Աստծուց անկախ լինելու գաղափարի վերաբերյալ։
18 Չարության ու տառապանքի թույլատրումը Եհովայի կողմից փաստել է, որ Աստծուց անկախանալու ուղին չի առաջնորդում դեպի ավելի լավ աշխարհ։ Անժխտելի է այն փաստը, որ պատմության ընթացքում մի աղետին հաջորդել է մյուսը։ Դրա պատճառը եղել է այն, որ մարդիկ որոշել են ընթանալ իրենց սեփական, անկախ ճանապարհով և իրականում ոչ մի հարգանք չեն ցուցաբերել Աստծո խոսքերի ու նրա կամքի հանդեպ։ Երբ հնում Եհովայի ժողովուրդն ու նրա առաջնորդները անհավատարմորեն սկսում էին հետևել «իրանց ընթացքին» և մերժում էին Աստծո խոսքը, դա աղետալի հետևանքներ էր ունենում։ Իր մարգարե Երեմիայի միջոցով Աստված ասել էր. «Իմաստուններն ամաչեցին, զարհուրեցին ու բռնուեցան. ահա անարգեցին Տիրոջ խօսքը, եւ էլ ի՞նչ իմաստութիւն ունին» (Երեմիա 8։5, 6, 9)։ Եհովայի չափանիշներն անտեսելով՝ մարդկությունն, ընդհանուր առմամբ, նմանվել է անղեկ մի նավի, որ այս ու այն կողմ է տարուբերվում հողմակոծ ծովում։
19. Ի՞նչն է փաստում, որ Սատանան չի կարող Աստծո դեմ տրամադրել բոլոր մարդկանց։
19 Չարության ու տառապանքի թույլատրումը Աստծո կողմից փաստել է նաև, որ Սատանան չի կարող բոլոր մարդկանց հեռացնել Եհովայից։ Պատմությունը ցույց է տալիս, որ միշտ էլ եղել են այնպիսի մարդիկ, ովքեր պահպանել են իրենց հավատարմությունը Աստծո հանդեպ՝ անկախ այն բանից, թե ինչ փորձությունների ու դժվարությունների են հանդիպել։ Դարեր շարունակ Եհովան ցույց է տվել իր զորությունը իր ծառաների վրա, ու նրա անունը հռչակվել է ամբողջ աշխարհում (Ելից 9։16; Ա Թագաւորաց 12։22)։ «Եբրայեցիս» գրքի 11–րդ գլխում հավատարիմ անձանց մի երկար ցուցակ է ներկայացվում։ Ահա այդ մարդկանցից մի քանիսը՝ Աբել, Ենովք, Նոյ, Աբրահամ, Մովսես։ Եբրայեցիս 12։1–ում նրանք կոչվում են «վկաների.... բազմութիւն»։ Այդ անհատները Եհովայի հանդեպ անսասան հավատ ունեցող մարդկանց լավ օրինակ են։ Մեր օրերում ևս շատերն իրենց կյանքն են տվել՝ անկոտրում անարատություն պահպանելով Աստծո հանդեպ։ Իրենց ցուցաբերած հավատով ու սիրով նրանք վերջնականապես ապացուցել են, որ Սատանան չի կարող Աստծո դեմ տրամադրել բոլոր մարդկանց։
20. Ի՞նչ ապացուցվեց Աստծո և մարդկանց առնչությամբ՝ շնորհիվ այն բանի, որ Եհովան թույլատրել է չարությունն ու տառապանքը։
20 Եվ վերջապես՝ չարության ու տառապանքի թույլատրումը Աստծո կողմից ապացուցել է, որ միայն Արարիչը՝ Եհովան, ունի իրավունք և կարողություն մարդկանց ղեկավարելու այնպես, որ դա նրանց հավիտենական օգուտներ ու երջանկություն բերի։ Դարեր շարունակ մարդիկ կառավարման տարբեր ձևեր են փորձարկել։ Ի՞նչ արդյունքով։ Դժվարին խնդիրներն ու ճգնաժամերը, որոնց այսօր բախվում են ժողովուրդները, մեծ վկայությունն են այն բանի, որ իսկապես ճշմարիտ են Աստվածաշնչի հետևյալ խոսքերը. «Մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար» (Ժողովող 8։9)։ Միայն Եհովան կարող է օգնության ձեռք մեկնել մեզ և իրականացնել իր սկզբնական նպատակը։ Ինչպե՞ս է Աստված անելու դա ու ե՞րբ։
21. Ի՞նչ տեղի կունենա Սատանայի հետ և ո՞ւմ միջոցով։
21 Անմիջապես այն բանից հետո, երբ Ադամն ու Եվան դարձան Սատանայի խարդավանքների զոհը, Աստված հայտարարեց իր նպատակը փրկության միջոց տրամադրելու մասին։ Ահա թե ինչ ասաց նա Սատանային. «Ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդոց 3։15)։ Այս հայտարարությունը երաշխիքն էր այն բանի, որ Բանսարկուին չի թույլատրվելու հավիտյան չարագործություններ կատարել։ Որպես Մեսիական Թագավորության Թագավոր՝ խոստացյալ Սերունդը՝ Հիսուս Քրիստոսը, ջախջախելու է Սատանայի գլուխը։ Այո՛, «շուտով» Հիսուսը կործանելու է ապստամբ Սատանային (Հռովմայեցիս 16։20)։
Ինչպե՞ս կվարվեք դուք
22. ա) Ո՞ր հարցերի պատասխանները դուք պետք է տաք։ բ) Թեև Սատանան իր ցասումն է թափում Աստծուն հավատարիմ մարդկանց վրա, ի՞նչ բանում կարող ենք վստահ լինել։
22 Այժմ, երբ տեղյակ եք վիճաբանական հարցերին, ո՞ւմ կողմն եք դիրք բռնելու։ Գործով ցույց տալո՞ւ եք արդյոք, որ Եհովայի հավատարիմ կողմնակիցն եք։ Սատանան գիտի, որ իրեն քիչ ժամանակ է մնացել, ուստի հնարավոր ամեն բան կանի, որպեսզի թափի իր զայրույթը նրանց վրա, ովքեր ցանկանում են պահպանել իրենց անարատությունը Աստծո հանդեպ (Յայտնութիւն 12։12)։ Բայց դուք օգնության համար կարող եք դիմել Աստծուն, քանի որ Եհովան «գիտէ աստուածապաշտներին փրկել փորձանքից» (Բ Պետրոս 2։9)։ Նա թույլ չի տա, որ ձեր ուժերից վեր փորձվեք, ու նաև ելք կնախապատրաստի, որպեսզի կարողանաք տոկալ (Ա Կորնթացիս 10։13)։
23. Ինչի՞ն կարող ենք վստահաբար սպասել։
23 Եկեք վստահությամբ սպասենք այն ժամանակվան, երբ Թագավոր Հիսուս Քրիստոսը քայլեր կձեռնարկի՝ ընդդեմ Սատանայի ու նրա բոլոր հետևորդների (Յայտնութիւն 20։1–3)։ Հիսուսը վերացնելու է բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են մարդկանց դժբախտությունների ու տառապանքի համար։ Իսկ մինչ այդ կշարունակի գոյություն ունենալ տառապանքի առանձնապես ցավալի մի ձև. դա մեր սիրելի հարազատների մահն է։ Կարդալով հաջորդ գլուխը՝ կիմանաք, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ։
ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
• Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան տառապանք չի պատճառում մարդկանց։
• Վիճաբանական ի՞նչ հարցեր բարձրացվեցին Եդեմում և պարզ դարձան Հոբի օրերում։
• Ի՞նչ է ապացուցվել այն բանի շնորհիվ, որ Աստված թույլատրել է տառապանքը։