Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Թող ոչինչ չհեռացնի քեզ Եհովայից
    2013 Դիտարան | հունվար 15
    • Թող ոչինչ չհեռացնի քեզ Եհովայից

      «Ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու» (ՀԵՍՈՒ 24։15)։

      Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

      • Ի՞նչ տեղ պետք է աշխատանքը զբաղեցնի մեր կյանքում։

      • Ինչպե՞ս կարող ես հավասարակշռված լինել ժամանցի ու զվարճության հարցում։

      • Եթե ընտանիքի անդամը թողնում է Եհովային, ինչպե՞ս կարող ենք թեթևացնել վիշտը։

      1-3. ա) Ինչո՞ւ է Հեսուն մեզ համար լավ օրինակ ճիշտ որոշումներ կայացնելու հարցում։ բ) Ի՞նչ պետք է հիշենք, երբ որոշումներ կայացնելու առաջ ենք կանգնում։

      ԵՆԹԱԴՐԵՆՔ՝ քայլում ես ճանապարհով և տեսնում ես, որ այն բաժանվում է երկու մասի։ Ո՞ր ճանապարհը կընտրես։ Անշուշտ կընտրես այն ճանապարհը, որը քեզ տանում է դեպի քո նպատակակետը։ Կյանքում էլ է այդպես. ժամանակ առ ժամանակ կանգնում ենք ընտրության առաջ և պետք է որոշենք, թե որ ճանապարհով գնանք։

      2 Աստվածաշնչում կան բազմաթիվ մարդկանց օրինակներ, ովքեր հայտնվել են նման իրավիճակում։ Օրինակ՝ Կայենը պետք է որոշեր՝ զսպե՞լ բարկությունը, թե՞ ոչ (Ծննդ. 4։6, 7)։ Հեսուի կյանքում եղել էր մի պահ, երբ նա պետք է որոշեր՝ ծառայել ճշմարիտ Աստծո՞ւն, թե՞ կեղծ աստվածներին։ Հեսուն ուներ նպատակ՝ մտերիմ մնալ Եհովայի հետ, ուստի այնպիսի ճանապարհ էր ընտրել, որը նրան այդ ուղղությամբ կտաներ (Հեսու 24։15)։ Կայենը չուներ նման նպատակ և այնպիսի ճանապարհ ընտրեց, որը հեռացրեց նրան Եհովայից։

      3 Երբ ընտրության առաջ ենք կանգնում, պետք է հիշենք, թե որն է մեր նպատակը. մեր նպատակն է բոլոր գործերում փառք բերել Եհովային և խուսափել ցանկացած բանից, որը կարող է մեզ հեռացնել նրանից (կարդա՛ Եբրայեցիներ 3։12)։ Այս և հաջորդ հոդվածներում կքննենք յոթ բան և կտեսնենք, թե դրանց հետ կապված ինչ պետք է անենք, որպեսզի չհեռանանք Եհովայից։

      ԱՇԽԱՏԱՆՔ, ԿԱՐԻԵՐԱ

      4. Ինչո՞ւ է աշխատելը կարևոր։

      4 Քրիստոնյաները պետք է հոգ տանեն իրենց և իրենց ընտանիքի մասին։ Աստվածաշունչն ասում է, որ եթե որևէ մեկը չի ուզում հոգ տանել իր ընտանիքի անդամներին, նա անհավատից էլ վատն է (2 Թեսաղ. 3։10; 1 Տիմոթ. 5։8)։ Անշուշտ, աշխատելը կարևոր է, բայց եթե զգույշ չլինենք, աշխատանքն ու կարիերան կարող են մեզ հեռացնել Եհովայից։ Ինչպե՞ս։

      5. Ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնենք, երբ աշխատանք ենք փնտրում։

      5 Ենթադրենք՝ գործ ես փնտրում։ Եթե ապրում ես այնպիսի երկրում, որտեղ դժվար է աշխատանք գտնել, գուցե գայթակղություն առաջանա ընդունելու ցանկացած առաջարկ։ Լավ կլինի՝ մտածես հետևյալ հարցերի շուրջ։ Այդ աշխատանքի բնույթը չի՞ հակասում սուրբգրային սկզբունքներին։ Աշխատանքային գրաֆիկը կամ գործի բերումով ճանապարհորդելը չե՞ն խանգարի քո հոգևոր գործունեությանը կամ չե՞ն ստիպի քեզ ավելի քիչ ժամանակ անցկացնելու ընտանիքիդ հետ։ Մտածո՞ւմ ես, թե անհարմար աշխատանք ունենալը ընդհանրապես աշխատանք չունենալուց լավ է։ Հիշիր, որ սխալ ճանապարհ ընտրելը կարող է հեռացնել քեզ Եհովայից (Եբր. 2։1)։ Անկախ նրանից՝ աշխատանք ես փնտում, թե աշխատանքդ ես ուզում փոխել, կարևոր է իմաստուն որոշում կայացնել։

      6, 7. ա) Ի՞նչ նպատակ գուցե քրիստոնյան ունենա աշխատանքի հետ կապված։ բ) Ո՞ր նպատակը կմոտեցնի քեզ Եհովային, և ինչո՞ւ։

      6 Ինչպես նշվեց վերևում, պետք է միշտ հիշես քո նպատակը։ Ինքդ քեզ հարցրու. «Ինչի՞ համար եմ ուզում այդ աշխատանքն անել»։ Եթե քո նպատակը քեզ ու ընտանիքիդ անհրաժեշտ նյութական միջոցներով ապահովելն է, որպեսզի կարողանաք ծառայել Եհովային, ապա նա կօրհնի ջանքերդ (Մատթ. 6։33)։ Երբ կորցնում ես աշխատանքդ կամ նյութական սուղ վիճակում ես հայտնվում, գուցե քեզ փակուղու առաջ զգաս։ Բայց հիշիր, որ Եհովան երբեք փակուղու առաջ չի հայտնվում։ Նա կարո՛ղ է քեզ օգնել (Ես. 59։1)։ Եհովան «գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից» (2 Պետ. 2։9)։

      7 Իսկ եթե քո նպատակը պարզապես հարստանա՞լն է։ Ինչ խոսք, գուցե քեզ դա հաջողվի։ Բայց հիշիր, որ այդպիսի «հաջողությունը» քեզ վրա շատ թանկ է նստելու. դա վտանգավոր ճանապարհ է (կարդա՛ 1 Տիմոթեոս 6։9, 10)։ Եթե փողն ու կարիերան ամենակարևոր բաներն են քեզ համար, ապա անպայման կհեռանաս Եհովայից։

      8, 9. Ի՞նչ պետք է հաշվի առնեն ծնողները աշխատանքի ու կարիերայի հետ կապված։ Բացատրիր։

      8 Եթե ծնող ես, մտածիր, թե քո օրինակն ինչպես կարող է ազդել երեխաներիդ վրա։ Նրանք տեսնո՛ւմ են, թե ինչն է քեզ համար ամենակարևորը՝ աշխատանքն ու կարիերա՞ն, թե՞ մտերմությունը Եհովայի հետ։ Եթե դիրքը, հեղինակությունը և փողը քո կյանքում առաջին տեղում են, ապա երեխաները, հավանաբար, քո վտանգավոր ճանապարհով կգնան։ Գուցե նույնիսկ նրանք սկսեն ավելի քիչ հարգել քեզ՝ որպես ծնողի։ Մի քրիստոնյա աղջիկ ասում է. «Ինչ հիշում եմ, հայրս միշտ տարված է եղել իր աշխատանքով։ Սկզբում թվում էր, թե նա ջանասիրաբար աշխատում է, որպեսզի իր ընտանիքը ոչ մի բանի պակասություն չունենա։ Բայց վերջերս զգացի, որ նրա նպատակը իրականում այլ է եղել։ Նա աշխատում և աշխատում է և տուն է բերում պերճանքի առարկաներ։ Դրա պատճառով էլ մենք հայտնի ենք որպես շատ փող ունեցող ընտանիք և ոչ թե մի ընտանիք, որը հորդորում է ուրիշներին հոգևոր նպատակներ դնել։ Ավելի շատ կուզեի, որ հայրս մտածի իր ընտանիքի հոգևոր և ոչ թե նյութական բարօրության մասին»։

      9 Ծնողնե՛ր, թույլ մի՛ տվեք, որ աշխատանքն ու կարիերան ձեզ հեռացնեն Եհովայից։ Ձեր օրինակով ցույց տվեք երեխաներին, որ դուք համոզված եք, որ մեծագույն հարստությունը հոգևո՛ր և ոչ թե նյութական հարստությունն է (Մատթ. 5։3)։

      10. Ինչի՞ մասին պետք է երիտասարդը մտածի մասնագիտություն ընտրելիս։

      10 Գուցե երիտասարդ ես և մտածում ես մասնագիտություն ընտրելու մասին։ Ինչպե՞ս կարող ես ճիշտ որոշում կայացնել։ Շատ բան կախված է այն բանից, թե ինչ կյանքով ես ուզում ապրել։ Եթե որոշել ես սովորել ինչ-որ մասնագիտություն, ապա մտածիր. դա կօգնի՞ քեզ Թագավորության շահերը առաջին տեղում դնելու, թե՞ կհեռացնի Եհովայից (2 Տիմոթ. 4։10)։ Նպատակ ունե՞ս ապրելու այն մարդկանց պես, որոնց երջանկությունը կախված է դրամապանակի պարունակությունից։ Թե՞ կցանկանայիր գնալ Դավթի ճանապարհով։ Նա ասաց. «Ես երիտասարդ էի և հիմա ծերացել եմ, բայց դեռ չեմ տեսել արդարին լքված, ոչ էլ նրա սերունդներին՝ հաց մուրալիս» (Սաղ. 37։25)։ Հիշիր, մի ճանապարհը հեռացնելու է քեզ Եհովայից, իսկ մյուսը տանելու է դեպի լավագույն կյանք (կարդա՛ Առակներ 10։22; Մաղաքիա 3։10)։ Ո՞րը կընտրեսa։

      ԺԱՄԱՆՑ, ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ

      11. Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ժամանցի և զվարճության մասին, և ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք։

      11 Աստվածաշունչը չի ասում, որ ուրախանալը սխալ է, որ ժամանցն ու զվարճությունը ժամանակի անիմաստ կորուստ են։ «Մարմնի մարզումը», թեկուզև «քիչ բանի համար», օգտակար է (1 Տիմոթ. 4։8)։ Աստվածաշունչն ասում է, որ կա «ծիծաղելու ժամանակ» և «պարելու ժամանակ»։ Այն նաև խրախուսում է բավականաչափ հանգստանալ (Ժող. 3։4; 4։6)։ Այնուամենայնիվ, եթե զգույշ չլինես, ժամանցն ու զվարճությունը կարող են հեռացնել քեզ Եհովայից։ Որպեսզի դա տեղի չունենա, հարկավոր է ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ ձևի ժամանց ենք ընտրում և թե որքան ժամանակ ենք ծախսում դրա վրա։

      Ժամանցը թարմացնում է, երբ ուշադրություն ենք դարձնում, թե ինչ ձևի ժամանց ենք ընտրում և թե որքան ժամանակ ենք ծախսում դրա վրա

      12. Ո՞ր հարցերի շուրջ պետք է խորհրդածենք։

      12 Առաջին՝ քննիր ձևը։ Ինչ խոսք, այսօր զվարճությունների մեծ մասը խրախուսում է Եհովային ատելի բաներ՝ բռնություն, ոգեհարցություն, սեռական անբարոյություն և այլն։ Ուստի շատ կարևոր է մանրամասն իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում տվյալ ժամանցը։ Ի՞նչ ազդեցություն այն կթողնի քեզ վրա։ Չի՞ դրդի բռնության, կատաղի մրցակցության և ազգայնամոլության (Առակ. 3։31)։ Չի՞ սպառի քո ֆինանսական միջոցները։ Չի՞ գայթակղեցնի ուրիշներին (Հռոմ. 14։21)։ Իսկ ի՞նչ ընկերակցություն կունենաս այդ ժամանցի միջոցով (Առակ. 13։20)։ Քո մեջ ցանկություն չի՞ առաջանա սխալ բաներ անելու (Հակ. 1։14, 15)։ Այս հարցերը կօգնեն քեզ գտնելու ժամանցի ճիշտ ու հաճելի ձևեր։

      13, 14. Ի՞նչ պետք է քննես զվարճությանը հատկացվող ժամանակի հետ կապված։

      13 Երկրորդ՝ քննիր, թե որքան ժամանակ ես տրամադրելու տվյալ զվարճությանը։ Ինքդ քեզ հարցրու. «Դրանից հետո քի՞չ ժամանակ կմնա հոգևոր գործերի համար»։ Եթե չափից շատ ժամանակ հատկացնես զվարճությանը, ապա կզգաս, որ այն, միևնույնն է, ավելի շատ չի թարմացնում։ Իրականում եթե ժամանցը ճիշտ տեղում է, այն ավելի շատ թարմություն է պատճառում։ Ինչո՞ւ։ Որովհետև երբ առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում «ավելի կարևոր» բաներին, հանգստանալիս մեր խիղճը մաքուր է լինում (կարդա՛ Փիլիպպեցիներ 1։10, 11)։

      14 Զվարճությանը չափից շատ ժամանակ տրամադրելը կարող է հեռացնել քեզ Եհովայից։ 20-ամյա Կիմը իր փորձով է համոզվել։ Քույրն ասում է. «Որտեղ հավաքույթ լիներ, ես այնտեղ էի։ Ամեն շաբաթավերջ՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, մի առիթ լինում էր։ Բայց այժմ հասկանում եմ, որ շատ ավելի կարևոր բաներ կան անելու։ Օրինակ՝ ես ռահվիրա եմ և ծառայության գնալու համար առավոտյան վեր եմ կենում ժամը վեցին, ուստի չեմ կարող մինչև գիշերվա ժամը մեկը-երկուսը շփվել։ Գիտեմ, որ ոչ բոլոր ընկերական հավաքույթներն են վատ, բայց դրանք կարող են շատ խանգարել։ Ինչպես որ ամեն ինչ, հավաքույթները պետք է իրենց տեղում լինեն»։

      15. Ի՞նչ կարող են անել ծնողները, որ երեխաների ժամանցը հաճելի լինի։

      15 Եթե ծնող ես, պետք է հոգաս ընտանիքիդ նյութական, հոգևոր և էմոցիոնալ կարիքները։ Սա նշանակում է, որ պետք է մտածես նաև ժամանցի մասին։ Մի՛ եղիր այն մարդու պես, ով փչացնում է ուրիշների ուրախությունը՝ մտածելով, որ ժամանցի բոլոր ձևերն էլ վատն են։ Միևնույն ժամանակ զգուշացիր անառողջ ազդեցությունից (1 Կորնթ. 5։6)։ Եթե լավ փնտրես, ապա կկարողանաս ընտանիքիդ համար գտնել զվարճության ընդունելի ու հաճելի ձևերb։ Այդպես դու և քո երեխաները կգնաք այն ճանապարհով, որը ավելի կմոտեցնի ձեզ Եհովային։

      ԵՐԲ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԸ ԶՐԿՎՈՒՄ Է ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

      16, 17. Ի՞նչ դժվար վիճակում են հայտնվում շատ ծնողներ, և որտեղի՞ց գիտենք, որ Եհովան հասկանում է նրանց։

      16 Ծնողի ու երեխայի ջերմ կապվածությունը բնական է։ Այդ կապվածությունը այնքան զորեղ է, որ Եհովան հենց ծնողի ու երեխայի օրինակի միջոցով ցույց տվեց, թե որքան շատ է սիրում իր ժողովրդին (Ես. 49։15)։ Ուստի միանգամայն հասկանալի է, թե ինչու է ծնողը խոր վիշտ ապրում, երբ նրա զավակը հեռանում է Եհովայից։ Մի քույր, որի աղջիկը զրկվել է ընկերակցությունից, ասում է. «Ես ջախջախված էի։ Անընդհատ մտածում էի. «Ինչո՞ւ նա թողեց Եհովային»։ Ես ինձ մեղավոր էի զգում պատահածի համար»։

      17 Եհովան հասկանում է քո ցավը։ Նա ինքը «ցավ զգաց իր սրտում», երբ իր մարդկային ընտանիքի առաջին անդամը, իսկ հետո մարդկության մեծ մասը, որ ապրում էր Ջրհեղեղից առաջ, ապստամբեց (Ծննդ. 6։5, 6)։ Ովքեր երբեք նման կորուստ չեն ունեցել, գուցե դժվարանան հասկանալ այդպիսի մարդկանց զգացումները։ Ինչևէ, իմաստուն չի լինի հեռանալ Եհովայից ընկերակցությունից զրկված հարազատի սխալ վարքի պատճառով։ Ի՞նչ կարող ես անել, որպեսզի թեթևացնես քո վիշտը։

      18. Ինչո՞ւ ծնողները չպետք է իրենց մեղադրեն այն բանի համար, որ երեխան թողնում է Եհովային։

      18 Ինքդ քեզ մի՛ մեղադրիր պատահածի համար։ Եհովան մարդկանց ընտրելու հնարավորություն է տվել, և ընտանիքի յուրաքանչյուր մկրտված անդամ պետք է պատասխանատվության «իր բեռը կրի» (Գաղ. 6։5)։ Վերջիվերջո, Աստված մեղավորին է համարում պատասխանատու իր կայացրած որոշման համար և ոչ թե քեզ (Եզեկ. 18։20)։ Մի՛ մեղադրիր նաև ուրիշներին։ Հարգիր այն կարգը, թե ինչպես է Եհովան խրատում մեղավորին։ Ընդդիմացիր Սատանային և ոչ թե երեցներին, որոնք ջանում են պաշտպանել ժողովը (1 Պետ. 5։8, 9)։

      Սխալ չէ հույս ունենալ, որ քո հարազատը կվերադառնա

      19, 20. ա) Ինչպե՞ս կարող են ընկերակցությունից զրկվածի ծնողները թեթևացնել իրենց վիշտը։ բ) Ի՞նչ հույս կարող են փայփայել այդ ծնողները։

      19 Եթե զայրանաս Եհովայի վրա, ինքդ քեզ կհեռացնես նրանից։ Քո հարազատը իրականում կարիք ունի տեսնելու, որ դու վճռականորեն Եհովային ամեն ինչից վեր ես դասում, այդ թվում նաև ընտանիքից։ Ուստի ամեն ինչ արա, որ քո հոգևոր առողջությունը պահպանես։ Մի՛ մեկուսացիր քո հավատարիմ եղբայրներից ու քույրերից (Առակ. 18։1)։ Դատարկիր սիրտդ Եհովայի առաջ (Սաղ. 62։7, 8)։ Առիթներ մի՛ փնտրիր շփվելու ընկերակցությունից զրկված հարազատիդ հետ, օրինակ՝ էլեկտրոնային փոստով (1 Կորնթ. 5։11)։ Միշտ զբաղված եղիր հոգևոր գործերով (1 Կորնթ. 15։58)։ Վերոհիշյալ քույրն ասում է. «Գիտեմ, որ պետք է զբաղված լինեմ ծառայությամբ և հոգևորապես ամուր մնամ, որպեսզի երբ աղջիկս վերադառնա, կարողանամ օգնել նրան»։

      20 Աստվածաշունչն ասում է, որ սերը «ամեն ինչի համար հույս ունի» (1 Կորնթ. 13։4, 7)։ Սխալ չէ հույս ունենալ, որ քո հարազատը կվերադառնա։ Ամեն տարի մեղք գործած բազմաթիվ մարդիկ վերադառնում են Եհովայի կազմակերպություն։ Եհովան չի շարունակում զայրացած մնալ նրանց վրա։ Ընդհակառակը՝ նա «պատրաստ է ներելու» (Սաղ. 86։5)։

      ԻՄԱՍՏՈՒՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՐՈՒ

      21, 22. Ի՞նչ որոշումներ ես վճռել կայացնել կյանքում։

      21 Եհովան մարդկանց տվել է կամքի ազատություն (կարդա՛ 2 Օրենք 30։19, 20)։ Բայց այդ ազատությունը բերում է նաև ճիշտ որոշումներ կայացնելու պատասխանատվություն։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ինքն իրեն հարց տա. «Ի՞նչ ճանապարհի վրա եմ ես։ Թո՞ւյլ եմ տալիս, որ կարիերան ու աշխատանքը, ժամանցն ու զվարճությունը կամ էլ ընտանիքի անդամը հեռացնեն ինձ Եհովայից»։

      22 Մարդկանց հանդեպ Եհովայի սերը երբեք չի թուլանում։ Միայն մենք ինքներս կարող ենք հեռացնել մեզ Եհովայից՝ սխալ ճանապարհ ընտրելով (Հռոմ. 8։38, 39)։ Ուստի դա թույլ մի՛ տուր։ Թող որ ոչինչ քեզ չհեռացնի Եհովայից։ Հաջորդ հոդվածում կքննենք ևս չորս բան, որոնց հետ կապված պետք է զգույշ լինենք, որ չհեռանանք Եհովայից։

      a Մասնագիտություն ընտրելու մասին ավելի շատ տեղեկություն կարող ես գտնել «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքում (հատոր 2, գլուխ 38, անգլ., ռուս.)։

      b Տե՛ս «Արթնացե՛ք», 2011, նոյեմբեր (էջ 17–19)։

  • Շարունակ մոտեցիր Եհովային
    2013 Դիտարան | հունվար 15
    • Շարունակ մոտեցիր Եհովային

      «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (ՀԱԿ. 4։8)։

      ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ԲԱՑԱՏՐԵԼ

      • Ինչպե՞ս կարող ենք ճիշտ տեսակետ ունենալ տեխնիկայի և առողջության վերաբերյալ։

      • Ինչպե՞ս կարող ենք ճիշտ տեսակետ ունենալ փողի և հպարտության վերաբերյալ։

      • Ինչպե՞ս կարող ենք մոտ մնալ Եհովային։

      1, 2. ա) Ի՞նչ «դիտավորություն» ունի Սատանան։ բ) Ի՞նչը կօգնի մեզ մոտենալու Եհովային։

      ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ մարդկանց այնպես է ստեղծել, որ նրանք ցանկանան մտերմանալ իր հետ։ Բայց Սատանան ուզում է, որ մենք մտածենք իր պես, այսինքն՝ որ Եհովայի կարիքը չունենք։ Այս սուտը նա սկսեց տարածել այն ժամանակվանից, երբ Եդեմի պարտեզում խաբեց Եվային (Ծննդ. 3։4–6)։ Ամբողջ պատմության ընթացքում մարդկության մեծ մասը մտածել է, որ Աստծու կարիքը չունի։

      2 Սակայն մենք «անտեղյակ չենք» Սատանայի «դիտավորություններին» (2 Կորնթ. 2։11)։ Սատանան փորձում է հեռացնել մեզ Եհովայից՝ դրդելով սխալ որոշումների։ Բայց ինչպես տեսանք նախորդ հոդվածում, մենք կարող ենք ճիշտ որոշումներ կայացնել աշխատանքի ու զվարճությունների հետ կապված, ինչպես նաև երբ ընտանիքի անդամը հեռանում է Եհովայից։ Այս հոդվածում կքննենք չորս բան, որոնք կարող են մեզ մոտեցնել Աստծուն, եթե մեր կյանքում ճիշտ տեղում լինեն։ Դրանք են՝ տեխնիկա, առողջություն, փող և հպարտություն (Հակ. 4։8)։

      ՏԵԽՆԻԿԱ

      3. Բացատրիր, թե էլեկտրոնային տեխնիկան ինչ օգուտ կամ վնաս կարող է տալ։

      3 Աշխարհում գնալով մեծ տարածում են գտնում էլեկտրոնային տեխնիկայի միջոցները։ Դրանք կարող են և՛ օգուտ բերել, և՛ վնաս։ Օրինակ՝ համակարգիչները։ Այս հոդվածը, որը հիմա կարդում ես, գրվել և տպագրվել է համակարգչի միջոցով։ Համակարգիչը հնարավորություն է տալիս մանրակրկիտ հետազոտություն անելու, հաղորդակցվելու և հաճելի ժամանակ անցկացնելու։ Սակայն համակարգչային տեխնիկայով տարվելու վտանգ կա, ինչը կարող է սեպ խրել մեր ու մեր երկնային Հոր միջև։ Գովազդային հոլովակները անընդհատ համոզում են, որ մենք այսինչ նորագույն սարքի կարիքն ունենք։ Մի տղա այնքան էր ցանկանում ունենալ պլանշետային համակարգիչ, որ այն գնելու համար իր երիկամներից մեկը գաղտնի վաճառեց։ Ինչպիսի՜ անհեռատես զոհողություն։

      4. Ի՞նչ արեց մի քրիստոնյա, որպեսզի չափից շատ ժամանակ չանցկացնի համակարգչի առաջ։

      4 Բայց շատ ավելի մեծ անհեռատեսություն է տեխնիկայի պատճառով զոհել Եհովայի հետ ունեցած մտերմությունը։ Քսանութամյա Յոննa ասում է. «Ես գիտեմ, թե ինչ է ասում Աստվածաշունչը. «հարմար ժամանակ գնել» հոգևոր բաների համար։ Բայց երբ նստում եմ համակարգչի առաջ, այդ մասին մոռանում եմ ու դառնում իմ ամենաոխերիմ թշնամին»։ Յոնը հաճախ էր մինչև ուշ գիշեր մնում ինտերնետում։ «Որքան ավելի շատ էի հոգնում, այնքան ավելի դժվար էր լինում դուրս գալ զրուցարանից և չդիտել կարճ տեսանյութեր, որոնք միշտ չէր, որ լավն էին»,— պատմում է Յոնը։ Այս վատ սովորությունը թողնելու նպատակով Յոնը համակարգիչը դրեց այնպիսի ռեժիմում, որ այն ինքնուրույն անջատվի, երբ իր քնելու ժամը գա (կարդա՛ Եփեսացիներ 5։15, 16)։

      Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխաներին խոհեմությամբ օգտվելու տեխնիկայից

      5, 6. ա) Ի՞նչ պատասխանատվություն ունեն ծնողները։ բ) Ի՞նչ կարող են անել ծնողները, որպեսզի երեխաները առողջ ընկերակցություն ունենան։

      5 Ծնողնե՛ր, թեև կարիք չկա, որ ձեր երեխայի ամեն մի քայլը հսկեք, այդուհանդերձ պետք է հետևեք, թե ինչպես են նրանք օգտվում համակարգչից։ Մի՛ թողեք նրանց համակարգչի առջև պարզապես այն պատճառով, որ նրանք զբաղված լինեն և ձեզ չանհանգստացնեն։ Այլապես նրանք կարող են մտնել անբարո կայքեր, խաղալ դաժան տեսախաղեր, առնչվել ոգեհարցությանը և վատ ընկերներ ձեռք բերել։ Նրանք կարող են մտածել. «Եթե մաման ու պապան բան չեն ասում, ուրեմն կարելի է»։ Որպես ծնող՝ դու պատասխանատու ես պաշտպանելու քո զավակներին այն ամենից, ինչը կարող է հեռացնել նրանց Եհովայից։ Անգամ կենդանիներն են պաշտպանում իրենց ձագերին վտանգից։ Պատկերացրու, թե ինչ կաներ մայր արջը, երբ իր ձագերին վտանգ սպառնար (համեմատի՛ր Օսեե 13։8)։

      6 Այնպես արա, որ երեխաներդ շփվեն տարբեր տարիքի հոգևորապես հասուն քրիստոնյաների հետ։ Հիշիր, սակայն, որ ամենից շատ երեխաներդ քեզ հետ շփվելու կարիք ունեն։ Ուստի նրանց հետ ծիծաղիր, խաղա, ինչ-որ գործ արա, և միասին «մոտեցեք Աստծուն»b։

      ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

      7. Ինչո՞ւ ենք ուզում առողջ լինել։

      7 «Ինչպե՞ս ես»։ Գրեթե ամեն օր այս հարցը տալիս ենք իրար։ Այն հիշեցնում է մեզ մի դաժան իրականություն։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հիվանդանում ենք, որովհետև մեր նախածնողները թույլ տվեցին, որ Սատանան հեռացնի իրենց Եհովայից։ Երբ հիվանդ ենք, մեզ համար ավելի դժվար է Եհովային ծառայել, ինչը Սատանայի սրտով է։ Իսկ մահը ընդհանրապես զրկում է մեզ Եհովային ծառայելու հնարավորությունից (Սաղ. 115։17)։ Ուստի բնական է, որ ուզում ենք ամեն ինչ անել առողջ լինելու համարc։ Բացի այս, մենք պետք է մտածենք նաև մեր հավատակիցների առողջության և բարօրության մասին։

      8, 9. ա) Ինչպե՞ս կարող ենք ծայրահեղության մեջ չընկնել առողջական հարցերում։ բ) Ինչո՞վ է օգտակար ուրախ լինելը։

      8 Սակայն մենք պետք է զգուշանանք առողջական հարցերում ծայրահեղությունների մեջ ընկնելուց։ Ոմանք եռանդորեն գովաբանում են որոշ սննդակարգեր, բուժման ձևեր և ապրանքներ, ընդ որում ավելի եռանդագին, քան Աստծու Թագավորության մասին բարի լուրը։ Նրանք գուցե անկեղծորեն հավատում են, որ օգնում են ուրիշներին։ Բայց նույնիսկ այդ դեպքում տեղին չէ Թագավորության սրահում հանդիպումից առաջ և հետո կամ համաժողովի ժամանակ առաջարկել զանազան ապրանքներ կամ ջատագովել առողջության վերաբերյալ տեսակետներ։ Ինչո՞ւ։

      9 Մենք իրար հետ հավաքվում ենք հոգևոր թեմաներ քննարկելու նպատակով։ Մեր հանդիպումները նպաստում են, օրինակ, որ ավելի ուրախ լինենք, իսկ ուրախությունը սուրբ ոգու պտղի հատկություններից է (Գաղ. 5։22)։ Անկախ այն բանից՝ մեզնից խորհուրդ հարցնում են, թե ոչ, հանդիպումների ժամանակ առողջության վերաբերյալ խորհուրդներ տալը կամ ապրանքներ առաջարկելը կարող է շեղել դիմացինի ուշադրությունը հոգևոր բաներից և զրկել նրան ուրախությունից (Հռոմ. 14։17)։ Մարդու անձնական գործն է, թե նա ինչ որոշումներ կկայացնի իր առողջության վերաբերյալ։ Բացի այդ, ոչ մի մարդ չի կարող բուժել բոլոր հիվանդությունները։ Նույնիսկ հանճարեղ բժիշկներն են հիվանդանում, ծերանում և, ի վերջո, մահանում։ Չափից դուրս առողջության մասին անհանգստանալով՝ մենք չենք երկարացնի մեր կյանքը (Ղուկ. 12։25)։ Դրա փոխարեն՝ լավ կլինի ուրախ սիրտ ունենալ, որովհետև «ուրախ սիրտը բուժիչ է» (Առակ. 17։22)։

      10. ա) Ըստ Եհովայի՝ ի՞նչն է մարդուն իսկապես գեղեցիկ դարձնում։ բ) Ե՞րբ լիովին առողջ կլինենք։

      10 Բնական է մտածել նաև մեր արտաքին տեսքի մասին։ Բայց դա չի նշանակում, որ կաշվից դուրս գալով պետք է փորձենք ջնջել տարիքի բոլոր հետքերը։ Այդ հետքերը կարող են վկայել մեր հասունության, արժանապատվության և ներքին գեղեցկության մասին։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է. «Ալևորությունը գեղեցկության պսակ է, եթե գտնվում է արդարության ճանապարհին» (Առակ. 16։31)։ Ահա այսպես է նայում մեզ Եհովան, և մենք էլ պետք է ջանանք այդպես նայել ինքներս մեզ (կարդա՛ 1 Պետրոս 3։3, 4)։ Շատերը պատրաստ են դիմել վտանգավոր բժշկական պրոցեդուրաների կամ վիրահատությունների զուտ այն բանի համար, որ ավելի գեղեցիկ տեսք ունենան։ Սակայն մի՞թե խելամիտ է դրա համար սեփական առողջությունը կամ կյանքը վտանգի ենթարկել։ Անկախ տարիքից և առողջական վիճակից՝ մենք կարող ենք իսկապես գեղեցիկ լինել, եթե ունենանք «Եհովայի ուրախությունը» (Նեեմ. 8։10)։ Միայն նոր աշխարհում կունենանք լիարժեք առողջություն և երիտասարդական գեղեցկություն (Հոբ 33։25; Ես. 33։24)։ Իսկ մինչ այդ պետք է իմաստուն որոշումներ կայացնենք և հավատանք Եհովայի խոստումներին։ Դա կօգնի, որ վայելենք կյանքը հիմա և չափից շատ չանհանգստանանք առողջությամբ (1 Տիմոթ. 4։8)։

      ՓՈՂ

      11. Ինչպե՞ս կարող է փողը ծուղակ դառնալ։

      11 Փող ունենալը կամ այն ազնիվ ճանապարհով վաստակելը սխալ չէ (Ժող. 7։12; Ղուկ. 19։12, 13)։ Բայց եթե մեր մեջ «փողասիրություն» զարգացնենք, ապա անխուսափելիորեն կհեռանանք Եհովայից (1 Տիմոթ. 6։9, 10)։ «Աշխարհի հոգսերը», այսինքն՝ ապրուստի միջոցներ ունենալու համար չափազանց անհանգստանալը, կարող են հոգևորապես խեղդել մեզ։ Նույնը կարող է անել «հարստության հրապույրը», այսինքն՝ այն սխալ տեսակետը, թե հարստությունը բերում է տևական երջանկություն և ապահովություն (Մատթ. 13։22)։ Հիսուսը հստակ ասաց, որ «ոչ ոք» չի կարող հաջողությամբ ծառայել և՛ Աստծուն, և՛ հարստությանը (Մատթ. 6։24)։

      12. Ի՞նչ ֆինանսական ծուղակներ կան այսօր, և ինչպե՞ս կարող ենք խուսափել դրանցից։

      12 Փողի մասին սխալ տեսակետը կարող է տանել սխալ քայլերի (Առակ. 28։20)։ Շատերը կարճ ժամանակում փող վաստակելու նպատակով գնել են վիճակախաղի տոմսեր կամ սկսել են զբաղվել ցանցային մարկետինգով, ինչի մեջ նույնիսկ ժողովի անդամներին են ներգրավվել։ Ուրիշները ներդրումներ են արել՝ անիրական ակնկալիքներ ունենալով, որ բարձր տոկոսներ կստանան։ Եթե ագահ լինենք, ապա հեշտությամբ կխաբվենք։ Ուստի պահպանիր առողջ դատողություն. սովորաբար հնարավոր չէ կարճ ժամանակում շատ փող աշխատել։

      13. Ինչպե՞ս է փողի վերաբերյալ Աստծու տեսակետը տարբերվում աշխարհի տեսակետից։

      13 Երբ «թագավորությունը և Աստծու արդարությունը» առաջին տեղում ենք դնում, Եհովան օրհնում է ապրուստի միջոցներ ձեռք բերելու համար մեր գործադրած ջանքերը (Մատթ. 6։33; Եփես. 4։28)։ Նա չի ուզում, որ լարված աշխատելու պատճառով ժողովի հանդիպումների ժամանակ քնով ընկնենք կամ էլ մտածենք փողի մասին։ Աշխարհում շատերը համոզված են, որ ապահով ապագա կարող են ունենալ միայն այն դեպքում, եթե ամեն գնով փող աշխատեն։ Նրանք հաճախ իրենց երեխաներին էլ են խրախուսում նյութապաշտության ճանապարհով գնալու։ Հիսուսը ցույց տվեց, որ նման մտածելակերպը անխոհեմ է (կարդա՛ Ղուկաս 12։15–21)։ Այդպիսի մտածելակերպ ուներ, օրինակ, Գեեզին, որը կարծում էր, թե կարող է և՛ ագահ լինել, և՛ բարի անուն ունենալ Աստծու մոտ (2 Թագ. 5։20–27)։

      14, 15. Ինչո՞ւ չպետք է մեր հույսը դնենք այս աշխարհի ֆինանսական համակարգի վրա։ Բեր օրինակ։

      14 Եղել են դեպքեր, երբ արծիվը փորձել է չափազանց ծանր ձուկ բարձրացնել և, ճանկերը զոհից չազատելով, խեղդվել է։ Կարո՞ղ է նման բան պատահել քրիստոնյային։ Ալիքս անունով մի երեց ասում է. «Սովորաբար ես շատ խնայող եմ։ Օրինակ՝ եթե շամպունի շշից մի փոքր ավել է դուրս գալիս, ես այն հետ եմ լցնում»։ Ալիքսը սկսեց հետաքրքրվել արժեթղթերի առքուվաճառքով։ Նա մտածում էր, որ այդպիսով կկարողանա շատ փող աշխատել, ինչը իրեն հնարավորություն կտա դուրս գալու աշխատանքից և ծառայելու ընդհանուր ռահվիրա։ Ալիքսը գնալով խորացավ տարբեր առաջարկներ և շուկայական տեղեկագրեր ուսումնասիրելու մեջ։ Իր ողջ խնայողություններով և վերցրած պարտքով գնեց արժեթղթեր, որոնց գինը, ըստ վերլուծաբանների, արագ աճելու էր։ Բայց տեղի ունեցավ հակառակը. գները կտրուկ իջան։ «Ես վճռեցի փողերս հետ բերել,— պատմում է Ալիքսը։— Մտածեցի, որ եթե մի փոքր սպասեմ, գները կբարձրանան»։

      15 Ամիսներ շարունակ Ալիքսը չէր կարողանում ուրիշ բանի մասին մտածել։ Նա չէր կարողանում կենտրոնանալ հոգևորի վրա, քունը կորցրել էր։ Արժեթղթերի շուկայում իրավիճակը այդպես էլ չփոխվեց։ Ալիքսի խնայողությունները ջրի տակ անցան, և նա ստիպված վաճառեց տունը։ «Ես մեծ ցավ պատճառեցի ընտանիքիս»,— ասում է Ալիքսը։ Բայց նա մի կարևոր բան սովորեց. «Հիմա գիտեմ, որ ցանկացած մարդ, ով իր հույսը դնում է Սատանայի աշխարհի վրա, խոր հիասթափություն է ապրելու» (Առակ. 11։28)։ Այո՛, եթե մեր հույսը դնենք մեր խնայողությունների, ներդրումների և փող վաստակելու կարողության վրա, ապա դա նույնը կլինի, ինչ ապավինել «այս աշխարհի աստծուն»՝ Սատանային (2 Կորնթ. 4։4; 1 Տիմոթ. 6։17)։ Ալիքսը պարզեցրեց իր կյանքը «բարի լուրի համար»։ Այդ փոփոխության շնորհիվ նա ու նրա ընտանիքի անդամները հիմա ավելի ուրախ են ու ավելի են մտերմացել Եհովայի հետ (կարդա՛ Մարկոս 10։29, 30)։

      ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

      16. Հպարտանալը մի՞շտ է սխալ։

      16 Հպարտանալը միշտ չէ, որ սխալ է։ Օրինակ՝ մենք պետք է հպարտ լինենք, որ Եհովայի վկա ենք (Երեմ. 9։24)։ Լինելով Եհովայի վկա՝ ջանում ենք ճիշտ որոշումներ կայացնել և միշտ բարձր պահել մեր բարոյական չափանիշները։ Բայց պետք է զգուշանանք, որ չդառնանք բարձրամիտ, որ շատ մեծ կարևորություն չտանք սեփական տեսակետին և դիրքին, այլապես կհեռանանք Եհովայից (Սաղ. 138։6; Հռոմ. 12։3)։

      Ժողովում նշանակում ունենալու մասին շատ մտածելու փոխարեն՝ վայելիր քարոզչական ծառայությունը

      17, 18. ա) Աստվածաշնչից բեր ինչպես հպարտ, այնպես էլ խոնարհ մարդկանց օրինակներ։ բ) Ինչպե՞ս մի եղբայր թույլ չտվեց, որ հպարտությունը իրեն հեռացնի Եհովայից։

      17 Աստվածաշնչում կան ինչպես հպարտ, այնպես էլ խոնարհ մարդկանց օրինակներ։ Դավիթ թագավորը խոնարհ էր և իր հույսը Եհովայի վրա էր դնում, ուստի Աստված օրհնեց նրան (Սաղ. 131։1–3)։ Մինչդեռ Նաբուգոդոնոսոր և Բաղդասար թագավորները հպարտ էին, ու Եհովան նրանց խոնարհեցրեց (Դան. 4։30–37; 5։22–30)։ Այսօր մեր խոնարհությունը կարող է փորձվել տարբեր իրավիճակներում։ 32-ամյա Ռայանը, որը ծառայող օգնական էր, տեղափոխվեց ուրիշ ժողով։ Նա ասում է. «Ես սպասում էի, որ շուտով երեց կնշանակվեմ։ Բայց մեկ տարի անցավ, իսկ ակնկալիքներս չարդարացան»։ Կբարկանա՞ր ու կդառնանա՞ր Ռայանը՝ մտածելով, որ երեցները չեն ուզում՝ ինքը երեց դառնա։ Կդադարե՞ր հանդիպումներին հաճախելուց, թույլ կտա՞ր, որ հպարտությունը իրեն հեռացնի Եհովայից և նրա ժողովրդից։ Ի՞նչ կանեիր դու։

      18 «Ես ձգձգվող ակնկալիքի մասին մեր հրատարակություններում կարդացի հնարավոր ամեն ինչ,— հիշում է Ռայանը (Առակ. 13։12)։— Սկսեցի հասկանալ, որ պետք է սովորեմ համբերել և խոնարհ լինել։ Պետք է Եհովային թույլ տայի, որ կրթի ինձ»։ Ռայանը դադարեց իր անձի վրա կենտրոնանալուց և սկսեց ուշադրություն դարձնել ուրիշներին ժողովում և ժողովից դուրս։ Շուտով նա Աստվածաշնչի մի քանի ուսումնասիրություն էր անցկացնում։ Ռայանն ասում է. «Անակնկալի եկա, երբ մեկուկես տարի անց նշանակվեցի երեց։ Ես դադարել էի այդ մասին մտածելուց, որովհետև ծառայությունից մեծ հաճույք էի ստանում» (կարդա՛ Սաղմոս 37։3, 4)։

      ՄՈՏ ՄՆԱ ԵՀՈՎԱՅԻՆ

      19, 20. ա) Ի՞նչ պետք է անենք, որ այս կամ այն բանի պատճառով չհեռանանք Եհովայից։ բ) Ո՞ւմ պետք է ընդօրինակենք, որպեսզի միշտ մոտ մնանք Եհովային։

      19 Այս և նախորդ հոդվածներում քննարկված բոլոր բաները իրենց պատշաճ տեղն ունեն կյանքում։ Մենք հպարտ ենք, որ ծառայում ենք Եհովային։ Երջանիկ ընտանիքը և լավ առողջությունը նրա մեծագույն պարգևներից են։ Հասկանում ենք, որ աշխատանքի և փողի միջոցով կարող ենք հոգալ մեր կարիքները։ Գիտենք, որ ժամանցը կարող է թարմացնել մեզ, և որ տեխնիկան օգտակար է։ Բայց այդ նույն բաները կարող են հեռացնել մեզ Եհովայից, եթե չլինեն իրենց ճիշտ տեղում։

      Թող ոչինչ չհեռացնի քեզ Եհովայից

      20 Սատանան, ինչ խոսք, ուզում է, որ դու և քո ընտանիքը հեռանաք Եհովայից։ Բայց դու կարող ես այնպես անել, որ նման բան չպատահի (Առակ. 22։3)։ Մոտեցիր Եհովային ու մի հեռացիր նրանից։ Սուրբգրային բազմաթիվ օրինակներ կան, որոնք կարող են օգնել քեզ։ Ենոքն ու Նոյը «քայլեցին ճշմարիտ Աստծու հետ» (Ծննդ. 5։22; 6։9)։ Մովսեսը «շարունակեց հաստատուն մնալ, ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է» (Եբր. 11։27)։ Հիսուսը միշտ ուներ Աստծու աջակցությունը, որովհետև միշտ անում էր այն, ինչ հաճելի էր իր երկնային Հորը (Հովհ. 8։29)։ Ընդօրինակիր նրանց։ «Միշտ ուրախ եղիր։ Անդադար աղոթիր։ Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնիր» (1 Թեսաղ. 5։16–18)։ Թող որ ոչինչ չհեռացնի քեզ Եհովայից։

      a Անունները փոխված են։

      b Տե՛ս «Արթնացե՛ք», 2011, նոյեմբեր, «Ինչպե՞ս մեծացնել պատասխանատվության զգացում ունեցող երեխաներ»։

      c Տե՛ս «Արթնացե՛ք», 2011, մարտ, «Հինգ քայլ, որ կօգնեն լինելու առողջ» հոդվածաշար։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը