Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ապրիր տիպար աղոթքին ներդաշնակ. մաս I
    2015 Դիտարան | հունիս 15
    • Ծնողները լսում են, մինչ իրենց փոքրիկ աղջիկը քնելուց առաջ աղոթում է

      Ապրիր տիպար աղոթքին ներդաշնակ. մաս I

      «Թող սրբացվի քո անունը» (ՄԱՏԹ. 6։9)։

      ՀԻՇՈ՞ՒՄ ԵՍ

      • Ի՞նչ ենք իմանում «Հայր մեր» արտահայտությունից։

      • Ինչո՞ւ պետք է աղոթենք, որ Աստծու անունը սրբացվի։

      • Ինչպե՞ս կարող ենք ապրել թող կատարվի Աստծու կամքը երկրի վրա խնդրանքին ներդաշնակ։

      1. Ինչպե՞ս կարող ենք ծառայության ժամանակ օգտագործել Մատթեոս 6։9–13 համարներում արձանագրված աղոթքը։

      ՇԱՏԵՐԸ կարող են անգիր ասել «Տերունական աղոթքը»։ Տնետուն ծառայության ժամանակ մենք հաճախ ենք անդրադառնում այս աղոթքին, որպեսզի օգնենք մարդկանց հասկանալու, որ Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է և հիանալի փոփոխություններ է անելու երկրի վրա։ Կամ էլ գուցե անդրադառնում ենք աղոթքի առաջին խնդրանքին և ցույց տալիս, որ Աստված անուն ունի, որը պետք է սրբացվի, կամ՝ սուրբ համարվի (Մատթ. 6։9)։

      2. Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը նկատի չուներ, որ ամեն անգամ աղոթելիս պետք է բառ առ բառ կրկնենք տիպար աղոթքը։

      2 Արդյոք Հիսուսը նկատի ունե՞ր, որ ամեն անգամ աղոթելիս պետք է բառ առ բառ կրկնենք այս աղոթքը, ինչպես որ անում են շատերը քրիստոնեական աշխարհում։ Ո՛չ։ Նախքան իր աշակերտներին աղոթել սովորեցնելը Հիսուսն ասաց. «Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր» (Մատթ. 6։7)։ Մեկ ուրիշ առիթով նա կրկնեց նույն աղոթքը, բայց այս անգամ այլ բառեր օգտագործեց (Ղուկ. 11։1–4)։ Այդպիսով Հիսուսն օգնեց իր հետևորդներին հասկանալու, թե ինչերի մասին է հարկավոր խնդրել Աստծուն և ինչ հերթականությամբ՝ ելնելով դրանց կարևորությունից։ Ուստի տեղին է այդ աղոթքը անվանել տիպար աղոթք։

      3. Տիպար աղոթքը վերլուծելիս ո՞ր հարցերի շուրջ կարող ենք խորհել։

      3 Այս և հաջորդ հոդվածներում կվերլուծենք տիպար աղոթքի բովանդակությունը։ Այդ ընթացքում ինքդ քեզ հարցրու. «Ինչպե՞ս կարող է այն օգնել ինձ բարելավելու աղոթքներս։ Եվ, որ ամենակարևորն է, ապրո՞ւմ եմ արդյոք այդ աղոթքին ներդաշնակ»։

      «ՀԱՅՐ ՄԵՐ, ՈՐ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՍ»

      4. Ի՞նչ է մեզ հիշեցնում «Հայր մեր» արտահայտությունը, և ի՞նչ առումով է Եհովան երկրային կյանքի հույս ունեցող քրիստոնյաների «Հայրը»։

      4 Հիսուսն աղոթքը սկսում է՝ ասելով «Հայր մեր» և ոչ թե՝ «Հայր իմ»։ Այս արտահայտությունը մեզ հիշեցնում է, որ մենք մաս ենք կազմում մի «եղբայրության», որի անդամները իսկապես սիրում են իրար (1 Պետ. 2։17)։ Ի՜նչ թանկ առանձնաշնորհում։ Օծյալ քրիստոնյաները, որոնք ծնվել են որպես Աստծու որդիներ երկնային կյանքի հեռանկարով, Եհովային դիմելիս իրավամբ կարող են բառի լիակատար իմաստով նրան «Հայր» կոչել (Հռոմ. 8։15–17)։ Երկրային կյանքի հույս ունեցողները նույնպես կարող են Եհովային դիմելիս նրան «Հայր» անվանել։ Եհովան է կյանք Պարգևողը, և նա սիրով հոգում է իր բոլոր ճշմարիտ երկրպագուների կարիքները։ Երկրային հույս ունեցողները լիակատար իմաստով Աստծու զավակներ կդառնան այն բանից հետո, երբ հասնեն կատարելության և վերջնական փորձության ժամանակ փաստեն իրենց նվիրվածությունը (Հռոմ. 8։21; Հայտն. 20։7, 8)։

      5, 6. Ի՞նչ պարգև կարող են ծնողները փոխանցել իրենց երեխաներին, և ինչպե՞ս պետք է յուրաքանչյուր երեխա վերաբերվի այդ պարգևին (տե՛ս 20-րդ էջի նկարը)։

      5 Ծնողները հիանալի պարգև են փոխանցում իրենց երեխաներին, երբ նրանց սովորեցնում են աղոթել և Եհովային համարել հոգատար երկնային Հայր։ Մի եղբայր, որն այժմ շրջանային վերակացու է ծառայում Հարավաֆրիկյան Հանրապետությունում, հիշում է. «Այն օրվանից, երբ մեր աղջիկները ծնվեցին, ես ամեն գիշեր աղոթում էի նրանց հետ, բացառությամբ այն օրերի, երբ տանը չէի լինում։ Մեր աղջիկները հաճախ են ասում, որ թեև չեն հիշում կոնկրետ բառեր այդ աղոթքներից, բայց հիշում են, թե դրանց ժամանակ ինչ մթնոլորտ էր տիրում, նրանք զգում էին, որ մեր երկնային Հոր՝ Եհովայի հետ հաղորդակցվելը սուրբ բան է և հանգստության ու ապահովության զգացում էին ունենում։ Երբ նրանք արդեն կարողանում էին աղոթել, ես խրախուսում էի, որ բարձրաձայն աղոթեն, որպեսզի լսեմ, թե ինչ զգացմունքներ ու մտքեր են արտահայտում։ Սա ինձ հիանալի հնարավորություն էր տալիս իմանալու, թե ինչ կա նրանց սրտում։ Հետո աստիճանաբար աղջիկներիս սովորեցնում էի իրենց աղոթքներում ընդգրկել կարևոր մտքեր տիպար աղոթքից, որպեսզի նրանց աղոթքները բովանդակալից լինեին»։

      6 Զարմանալի չէ, որ այս եղբոր աղջիկները հոգևորապես առաջադիմեցին։ Այժմ նրանք իրենց ամուսինների հետ կատարում են Աստծու կամքը՝ ծառայելով լիաժամ։ Լավագույն պարգևը, որ ծնողները կարող են փոխանցել իրենց երեխաներին այն է, որ օգնեն նրանց ջերմ ու մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու Եհովայի հետ։ Ինչ խոսք, յուրաքանչյուր երեխա ինքը պետք է պահպանի այդ թանկ փոխհարաբերությունները, իսկ դրա համար նա պետք է սովորի սիրել Աստծու անունը և խորապես հարգի այն (Սաղ. 5։11, 12; 91։14)։

      «ԹՈՂ ՍՐԲԱՑՎԻ ՔՈ ԱՆՈՒՆԸ»

      7. Ի՞նչ մեծ պատիվ ունենք մենք, և ի՞նչ պատասխանատվություն է դա բերում իր հետ։

      7 Մեզ համար մեծ պատիվ է ոչ միայն իմանալ Աստծու անունը, այլ նաև կրել այն՝ որպես «մի ժողովուրդ.... [նրա] անվան համար» (Գործ. 15։14; Ես. 43։10)։ Մենք աղոթում ենք մեր երկնային Հորը՝ ասելով. «Թող սրբացվի քո անունը»։ Սա մեզ մղում է նաև խնդրելու, որ Եհովան օգնի չանելու և չասելու այնպիսի բան, ինչը անարգանք կբերի իր սուրբ անվանը։ Մենք չենք ուզում լինել առաջին դարում ապրած այն մարդկանց պես, ովքեր չէին վարվում իրենց քարոզածի համաձայն։ Պողոս առաքյալը նրանց մասին գրեց. «Ձեր պատճառով Աստծու անունը հայհոյվում է ազգերի մեջ» (Հռոմ. 2։21–24)։

      8, 9. Բե՛ր օրինակ, թե ինչպես է Եհովան օրհնում նրանց, ովքեր մտածում են իր անվան սրբացման մասին։

      8 Մենք ուզում ենք սրբացնել Աստծու անունը։ Նորվեգիայում ապրող մի քույր, որի ամուսինը վաղաժամ մահացավ, իր երկու տարեկան որդու հետ մնաց մենակ։ Նա ասում է. «Դա շատ դժվար ժամանակ էր իմ կյանքում։ Ամեն օր, գրեթե ամեն ժամ աղոթում էի, որ ուժ ունենամ էմոցիոնալ հավասարակշռություն պահպանելու համար. չէի ուզում որևէ անխոհեմ որոշման կամ անհավատարիմ արարքի պատճառով առիթ տալ Սատանային չարախոսելու Եհովային։ Ես ուզում էի սրբացնել Եհովայի անունը և ուզում էի, որ որդիս դրախտում կրկին տեսնի իր հորը» (Առակ. 27։11)։

      9 Պատասխանե՞ց Եհովան նրա անեսասեր աղոթքներին։ Այո՛։ Այս քույրը հոգևոր աջակցություն ստացավ՝ կանոնավորաբար շփվելով իր հոգատար հավատակիցների հետ։ Հինգ տարի անց նա ամուսնացավ մի երեցի հետ։ Նրա որդին այժմ 20 տարեկան մկրտված եղբայր է։ «Ես այնքան երջանիկ եմ, որ ամուսինս օգնեց մեծացնելու որդուս»,— ասում է քույրը։

      10. Ի՞նչ է հարկավոր, որ Աստծու անունը լիովին սրբացվի։

      10 Որպեսզի Աստծու անունը լիովին սրբացվի և մաքրվի նախատինքից, նա պետք է վերացնի բոլոր նրանց, ովքեր գիտակցաբար մերժում են իր գերիշխանությունը (կարդա՛ Եզեկիել 38։22, 23)։ Մարդկությունը աստիճանաբար կատարելության կհասնի։ Որքա՜ն ենք սպասում այն ժամանակին, երբ բոլոր բանական էակները սուրբ կհամարեն Եհովայի անունը։ Այդ ժամանակ վերջապես մեր սիրառատ երկնային Հայրը կլինի «ամեն ինչ ամենքի համար» (1 Կորնթ. 15։28)։

      «ԹՈՂ ԳԱ ՔՈ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

      11, 12. Եհովայի օգնությամբ ճշմարիտ քրիստոնյաներն ի՞նչ հասկացան 19-րդ դարի վերջում։

      11 Նախքան Հիսուսը կհամբարձվեր երկինք, առաքյալները նրան հարցրին. «Տե՛ր, Իսրայելի համար թագավորությունը հիմա՞ ես վերականգնելու»։ Հիսուսի պատասխանը ցույց տվեց, որ դեռ ժամանակը չէր, որ նրանք իմանային, թե երբ է Աստծու Թագավորությունը սկսելու իշխել։ Նա աշակերտներին ասաց, որ կենտրոնանան վկայություն տալու կարևոր գործի վրա, որ պետք է անեին (կարդա՛ Գործեր 1։6–8)։ Այնուամենայնիվ, Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց աղոթել Աստծու Թագավորության գալստի համար և սպասել դրան։ Ուստի առաքյալների օրերից սկսած՝ քրիստոնյաներն աղոթում են, որ այն գա։

      12 Երբ մոտեցավ այն ժամանակը, որ Աստծու Թագավորությունը Հիսուսի գլխավորությամբ սկսելու էր երկնքից իշխել, Եհովան օգնեց իր ժողովրդին հասկանալու, թե երբ էր դա տեղի ունենալու։ 1876թ.-ին «Աստվածաշնչի հետազոտող» ամսագրում Չարլզ Թեյզ Ռասելը մի հոդված հրապարակեց՝ «Հեթանոսների ժամանակները. ե՞րբ են ավարտվելու»։ Դրանում ասվում էր, որ 1914թ. նշանակալից տարի է լինելու։ Հոդվածը Դանիելի մարգարեության «յոթ ժամանակները» կապում էր «ազգերին սահմանված ժամանակների» հետ, որոնց մասին խոսել էր Հիսուսըa (Դան. 4։16; Ղուկ. 21։24)։

      13. Ի՞նչ տեղի ունեցավ 1914թ.-ին, և այդ ժամանակվանից ի վեր ի՞նչ են փաստում աշխարհում տեղի ունեցող դեպքերը։

      13 1914թ.-ին Եվրոպայում պատերազմ սկսվեց, որը տարածվեց և ընդգրկեց ողջ աշխարհը։ Երբ 1918թ.-ին այն ավարտվեց, սարսափելի սովեր եղան, և գրիպի մի համաճարակ սկսվեց, որը ավելի շատ մարդ սպանեց, քան պատերազմը։ Այդպիսով այն «նշանը», որ տվել էր Հիսուսը՝ բնորոշելու իր անտեսանելի ներկայությունը որպես երկրի նոր Թագավոր, սկսեց կատարվել (Մատթ. 24։3–8; Ղուկ. 21։10, 11)։ Բավական փաստեր կան, որոնք մատնանշում են, որ 1914թ.-ին «մի պսակ տրվեց» Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ «նա դուրս գնաց հաղթելով և մինչև վերջ հաղթելու համար» (Հայտն. 6։2)։ Սատանայի ու նրա դևերի դեմ պատերազմում Հիսուսը մաքրեց երկինքը՝ նրանց գցելով երկրի շրջակայքը։ Այդ ժամանակվանից ի վեր մարդկության վրա սկսեց կատարվել հետևյալ մարգարեությունը. «Վա՜յ երկրին և ծովին, որովհետև Բանսարկուն ցած է իջել ձեզ մոտ. նա մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտն. 12։7–12)։

      14. ա) Ինչո՞ւ է դեռևս կարևոր աղոթել, որ գա Աստծու Թագավորությունը։ բ) Ի՞նչ առանձնաշնորհում մենք ունենք։

      14 Հայտնություն 12։7–12-ում գրված մարգարեությունը բացատրում է, թե ինչու Աստծու Թագավորության ծնունդով երկրի վրա սկսեցին աղետալի իրադարձություններ տեղի ունենալ, որոնք շարունակում են տառապանք պատճառել մարդկությանը։ Հիսուսը՝ Աստծու Թագավորության թագավորը, սկսեց իշխել իր թշնամիների մեջ։ Մինչև այն ժամանակը, երբ նա ավարտին կհասցնի իր հաղթանակը և վերջ կդնի չարությանը երկրի վրա, մենք կշարունակենք աղոթել, որ գա Աստծու Թագավորությունը։ Միևնույն ժամանակ պետք է ապրենք այդ աղոթքներին ներդաշնակ՝ մասնակցելով «նշանի» ամենատպավորիչ մասի կատարմանը։ Հիսուսը մարգարեացավ. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթ. 24։14)։

      «ԹՈՂ ԿԱՏԱՐՎԻ ՔՈ ԿԱՄՔԸ.... ԵՐԿՐԻ ՎՐԱ»

      15, 16. Ինչպե՞ս կարող ենք ապրել «թող կատարվի քո կամքը.... երկրի վրա» խնդրանքին ներդաշնակ։

      15 Մոտ 6000 տարի առաջ Աստծու կամքը կատարելապես կատարվում էր երկրի վրա։ Ահա թե ինչու Եհովան կարող էր նայել «իր ստեղծած բոլոր բաներին» ու ասել՝ «այդ ամենը շատ լավ է» (Ծննդ. 1։31)։ Հետո Սատանան ըմբոստացավ, և այդ ժամանակվանից սկսած՝ երկրի վրա համեմատաբար քիչ թվով մարդիկ են կատարել Աստծու կամքը։ Բայց այսօր մենք առանձնաշնորհում ունենք ապրելու այն ժամանակներում, երբ մոտ ութ միլիոն Վկաներ ոչ միայն աղոթում են, որ Աստծու կամքը կատարվի երկրի վրա, այլև ջանում են ապրել այդ աղոթքին ներդաշնակ։ Նրանք դա անում են՝ ապրելով աստվածահաճո կյանքով և եռանդորեն մասնակցելով աշակերտ պատրաստելու գործին։

      1. Ընտանիքը քարոզչական ծառայության մատուցում է պատրաստում 2. Հայրը աղջկա հետ ծառայում է

      Օգնո՞ւմ ես երեխաներիդ, որ ապրեն «թող կատարվի քո կամքը.... երկրի վրա» խնդրանքին ներդաշնակ (տե՛ս պարբերություն 16)

      16 Օրինակ՝ մի քույր, որը մկրտվել է 1948թ.-ին և Աֆրիկայում ծառայել է որպես միսիոներ, ասում է. «Տիպար աղոթքի այս մասի համաձայն՝ ես հաճախ եմ աղոթում, որ բարի լուրը հասնի գառնանման բոլոր մարդկանց, և որ նրանք կարողանան ճանաչել Եհովային, քանի դեռ չափազանց ուշ չէ։ Բացի այդ, երբ պատրաստվում եմ վկայություն տալ ինչ-որ մեկին, Աստծուց իմաստություն եմ խնդրում, որպեսզի կարողանամ հասնել նրա սրտին։ Նաև աղոթում եմ, որ Եհովան օրհնի մեր ջանքերը, որ թափում ենք հոգ տանելու այն գառնանման մարդկանց մասին, ում արդեն գտել ենք»։ Զարմանալի չէ, որ 80-ամյա այս քույրը հաջողությունների է հասել իր ծառայության մեջ և մյուսների աջակցությամբ օգնել է շատերին դառնալու Եհովայի Վկաներ։ Անկասկած, ճանաչում ես այլ մարդկանց ևս, որոնք, չնայած տարիքի հետ կապված դժվարություններին, Աստծու կամքը կատարելու համար իրենց «անձը մատուցում են այնպես, ինչպես որ ըմպելիքի ընծան է թափվում» (կարդա՛ Փիլիպպեցիներ 2։17)։

      17. Ի՞նչ ես զգում, երբ մտածում ես այն մասին, թե ինչպես է Եհովան պատասխանելու «թող կատարվի քո կամքը.... երկրի վրա» խնդրանքին։

      17 Մինչև այն ժամանակը, երբ Աստծու Թագավորության թշնամիները կվերացվեն երկրի վրայից, մենք կշարունակենք աղոթել, որ կատարվի Աստծու կամքը։ Հետագայում, երբ միլիարդավոր մարդիկ հարություն առնեն դրախտային երկրի վրա, մենք կտեսնենք, որ Աստծու կամքը ավելի լիակատար կերպով է կատարվում։ Հիսուսն ասաց. «Սրա վրա մի՛ զարմացեք, որովհետև գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, [իմ] ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհ. 5։28, 29)։ Պատկերացրու, թե ի՜նչ հիանալի ժամանակներ են լինելու, երբ դիմավորենք մեր մահացած հարազատներին։ Աստված «կսրբի ամեն արտասուք [մեր] աչքերից» (Հայտն. 21։4)։ Հարություն առածների մեծ մասը «անարդարներ» են լինելու, ովքեր ապրել ու մահացել են՝ չիմանալով ճշմարտությունը Եհովա Աստծու և նրա Որդու մասին։ Մեծ առանձնաշնորհում ենք ունենալու սովորեցնել հարություն առածներին Աստծու կամքի ու նրա նպատակի մասին և օգնել, որ համապատասխանեն «հավիտենական կյանքով» ապրելու պահանջներին (Գործ. 24։15; Հովհ. 17։3)։

      18. Որո՞նք են մարդկության ամենամեծ կարիքները։

      18 Ողջ տիեզերքում խաղաղությունն ու միասնությունը կախված է Եհովայի անվան սրբացումից, որը կիրագործի Աստծու Թագավորությունը։ Ուստի տիպար աղոթքի առաջին երեք խնդրանքներին պատասխանելով՝ Եհովան կբավարարի մարդկության ամենամեծ կարիքները։ Բայց կան այլ կենսական կարիքներ, որոնց մասին նշված է Հիսուսի տիպար աղոթքի մնացած չորս խնդրանքներում։ Դրանք կքննենք հաջորդ հոդվածում։

      a Այն մասին, որ այս մարգարեությունը կատարվել է 1914թ.-ին, երբ ծնվեց Աստծու Մեսիական Թագավորությունը, բացատրվում է «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում (էջ 215–218)։

  • Ապրիր տիպար աղոթքին ներդաշնակ. մաս II
    2015 Դիտարան | հունիս 15
    • Ժամանակահարմար հոգևոր սնունդ, որն այսօր հասանելի է

      Ապրիր տիպար աղոթքին ներդաշնակ. մաս II

      «Ձեր Հայրը.... գիտի, թե ձեզ ինչ է պետք» (ՄԱՏԹ. 6։8)

      ՀԻՇՈ՞ՒՄ ԵՍ

      • Ի՞նչ է ներառում մեր օրվա հացի մասին խնդրանքը։

      • Ի՞նչ պետք է անենք, որ մեր պարտքերը ներվեն։

      • Ինչպե՞ս է Եհովան պատասխանում փորձության մեջ չընկնելու մասին մեր խնդրանքին։

      1–3. Ինչո՞ւ էր մի քույր վստահ, որ Եհովան գիտի, թե մենք ինչի կարիք ունենք։

      ԼԱՆԱՆ երբեք չի մոռանա, թե ինչ պատահեց մի օր Գերմանիայում 2012թ. ամռանը։ Նա զգաց, թե ինչպես պատասխանվեցին իր երկու կոնկրետ աղոթքները։ Քույրը առաջին աղոթքն արեց, երբ գնացքով ուղևորվում էր օդանավակայան։ Նա խնդրեց Եհովային, որ վկայություն տալու առիթ ստեղծի։ Երկրորդ աղոթքն արեց, երբ օդանավակայանում իմացավ, որ թռիչքը հետաձգել են մինչև հաջորդ օրը։ Լանան օգնություն խնդրեց Եհովայից, քանի որ ծախսել էր իր մոտ եղած գումարի մեծ մասը և մնալու տեղ չուներ։

      2 Երկրորդ աղոթքն ավարտելուց անմիջապես հետո քույրը լսեց, որ ինչ-որ մեկը կանչում է. «Ողջո՛ւյն, Լա՛նա, ի՞նչ ես անում այստեղ»։ Երիտասարդը նրա նախկին դասընկերն էր։ Նա իր մոր և տատիկի հետ էր, որոնք եկել էին նրան ճանապարհ դնելու Հարավաֆրիկյան Հանրապետություն։ Իմանալով, թե ինչ իրավիճակում է հայտնվել Լանան՝ Էլկեն՝ այդ երիտասարդի մայրը, սիրով հրավիրեց նրան մնալու իրենց տանը։ Էլկեն ու իր մայրը հյուրընկալեցին քրոջը, հարցեր տվեցին նրա հավատալիքների և ռահվիրայական ծառայության մասին, քանի որ նա ռահվիրա է։

      3 Հաջորդ առավոտ լավ նախաճաշից հետո նրանք Աստվածաշնչից ավելի շատ հարցեր տվեցին Լանային, և նա պատասխանեց դրանց ու վերցրեց նրանց կոնտակտային տվյալները, որպեսզի որևէ մեկը հանդիպի նրանց հետ՝ ցուցաբերված հետաքրքրությունը զարգացնելու համար։ Լանան ապահով տուն վերադարձավ և շարունակեց ծառայել որպես ընդհանուր ռահվիրա։ Նա զգաց, թե «աղոթքներ Լսողը» ինչպես առաջնորդեց դեպքերի ընթացքը (Սաղ. 65։2)։

      4. Ի՞նչ ենք քննելու։

      4 Երբ անսպասելիորեն խնդրի ենք բախվում, չենք դժվարանում աղոթել օգնության համար, և Եհովային հաճելի է լսել իր նվիրված ծառաների այսպիսի խնդրանքները (Սաղ. 34։15; Առակ. 15։8)։ Սակայն երբ խորհրդածում ենք տիպար աղոթքի շուրջ, նկատում ենք, որ կան ուրիշ, ավելի կարևոր կարիքներ, որոնք գուցե անտեսում ենք։ Օրինակ՝ քննենք, թե ինչպես են մեր հոգևոր կարիքները երևան գալիս տիպար աղոթքի վերջին երեք խնդրանքներում։ Իսկ կարո՞ղ ենք ավելի շատ բան անել, որ ապրենք չորրորդ՝ մեր օրվա հացի մասին խնդրանքին ներդաշնակ (կարդա՛ Մատթեոս 6։11–13)։

      «ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ ՄԵՐ ՕՐՎԱ ՀԱՑԸ»

      5, 6. Ինչո՞ւ է մեր օրվա հացի մասին խնդրանքը կարևոր, եթե անգամ բավարար նյութական միջոցներ ունենք։

      5 Նկատի առնենք, որ սա անձնական աղոթք է, որում չենք խնդրում բացառապես «իմ» օրվա հացի մասին, այլ «մեր» օրվա հացի համար ենք աղոթում։ Վիկտորը, որը Աֆրիկայում ծառայում է որպես շրջանային վերակացու, բացատրում է. «Ես հաճախ եմ սրտանց շնորհակալություն հայտնում Եհովային, որ ես ու կինս շատ չենք անհանգստանում, թե որտեղ ենք հաջորդ անգամ ճաշելու, ոչ էլ մտահոգվում ենք, թե ով է վճարելու վարձը։ Մեր եղբայրները ամեն օր սիրով հոգ են տանում մեր մասին։ Բայց նաև աղոթում եմ մեզ օգնող մարդկանց համար, որ կարողանան հաղթահարել տնտեսական դժվարությունները»։

      6 Եթե մենք բավարար սնունդ ունենք, կարող ենք մտածել այն եղբայրների մասին, ովքեր աղքատության մեջ են ապրում կամ տուժել են աղետներից։ Մենք պետք է ոչ միայն աղոթենք նրանց համար, այլև գործենք մեր աղոթքներին ներդաշնակ։ Օրինակ՝ մեր ունեցածից բաժին հանենք կարիքի մեջ եղող հավատակիցներին։ Կարող ենք նաև կանոնավորաբար նվիրաբերություններ անել համաշխարհային գործին՝ իմանալով, որ այսպիսի ֆոնդերը իմաստուն կերպով են օգտագործվում (1 Հովհ. 3։17)։

      7. Ի՞նչ օրինակով Հիսուսը խորհուրդ տվեց, որ չպետք է «մտահոգվենք վաղվա օրվա մասին»։

      7 Խոսելով մեր օրվա հացի մասին՝ Հիսուսը հավանաբար նկատի ուներ մեր հիմնական կարիքները։ Ուստի նա ցույց տվեց, թե ինչպես է Աստված հագցնում դաշտի ծաղիկներին, և հետո ասաց. «Մի՞թե ձեզ ավելի լավ չի հագցնի, ո՛վ թերահավատներ։ Ուրեմն երբեք մի՛ մտահոգվեք՝ ասելով, թե.... «ի՞նչ պիտի հագնենք»»։ Նա ավարտեց իր խոսքը՝ կրկնելով այս կարևոր խորհուրդը. «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին» (Մատթ. 6։30–34)։ Սա ցույց է տալիս, որ նյութապաշտ դառնալու փոխարեն՝ պետք է մեր հիմնական կարիքները բավարարենք։ Դրանց մեջ կարող են մտնել հարմար կացարանը և մեր ընտանիքի հիմնական կարիքները հոգալու համար աշխատանքը։ Մեզ նաև իմաստություն է հարկավոր առողջական խնդիրների ժամանակ ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Բայց եթե աղոթում ենք միայն ֆիզիկական կարիքների համար, ապա մի՞թե դա հավասարակշռված մոտեցում է։ Մենք հոգևոր կարիքներ ունենք, որոնք շատ ավելի կարևոր են։

      8. Ի՞նչ կարևոր բան պետք է հիշեցնի մեզ այն, որ Հիսուսն անդրադարձավ օրվա հացին (տե՛ս 25-րդ էջի նկարը)։

      8 Այն, որ Հիսուսն անդրադարձավ մեր օրվա հացին, պետք է մեզ հիշեցնի մեր հոգևոր կարիքների մասին։ Մեր Տերն ասաց. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով» (Մատթ. 4։4)։ Ուստի պետք է անդադար աղոթենք, որ Եհովան շարունակի ժամանակին հոգևոր սնունդ տալ մեզ։

      «ՆԵՐԻՐ ՄԵԶ ՄԵՐ ՊԱՐՏՔԵՐԸ»

      9. Ի՞նչ իմաստով են մեր մեղքերը «պարտքեր» համարվում։

      9 Ինչո՞ւ Հիսուսն օգտագործեց «պարտքեր» բառը, եթե ավելի ուշ նա խոսեց «մեղքերի» մասին (Մատթ. 6։12; Ղուկ. 11։4)։ Մոտ 60 տարի առաջ այս ամսագիրը բացատրեց. «Աստծու օրենքի խախտումների մեղքի պատճառով մենք պարտք ենք մնում նրան.... մեր մեղքերի դիմաց Աստված կարող է պատասխանատվության կանչել մեզ և պահանջել, որ կյանքով հատուցենք.... նա կարող է հետ վերցնել մեզնից իր խաղաղությունը՝ խզելով իր հետ ունեցած խաղաղ հարաբերությունները.... նա արժանի է մեր սիրուն, որը դրսևորում ենք մեր հնազանդությամբ, և երբ մեղք ենք գործում, թերանում ենք վճարել սիրո պարտքը, քանի որ մեղքը Աստծու հանդեպ սիրո դրսևորում չէ» (1 Հովհ. 5։3)։

      10. Ինչի՞ հիման վրա է Եհովան ներում մեր մեղքերը, և ի՞նչ զգացումներ ունես այս առնչությամբ։

      10 Մենք ամեն օր ներման կարիք ունենք, և միակ օրինական հիմքը, որի հիման վրա Աստված կարող է ներել մեր մեղքերը, Հիսուսի քավիչ զոհն է։ Թեև փրկանքը վճարվեց 2000 տարի առաջ, մենք պետք է թանկ գնահատենք այն, ասես դա պարգև է՝ տրված այսօր։ Մեզ համար տրված «փրկանքը» «թանկագին» է. մեզանից ոչ ոք երբեք չէր կարող փրկանք վճարել, որն անհրաժեշտ է մեղքից ու մահից մեզ ազատելու համար (կարդա՛ Սաղմոս 49։7–9; 1 Պետրոս 1։18, 19)։ Այո՛, մենք չպետք է դադարենք այս մեծ պարգևի համար Եհովային շնորհակալություն հայտնելուց։ Բացի այդ, Հիսուսն աղոթքում ասաց ոչ թե «իմ մեղքերը», այլ «մեր մեղքերը», ինչը պետք է հիշեցնի մեզ, որ մեր հավատակիցներից բոլորը կարիք ունեն, որ իրենց հանդեպ ողորմություն դրսևորվի։ Հստակ է՝ Եհովան ուզում է, որ կենտրոնանանք ոչ միայն մեր, այլև ուրիշների հոգեվոր բարօրության վրա, այդ թվում նրանց, ովքեր մեղք են գործել մեր դեմ։ Սովորաբար դրանք փոքր մեղքեր են և մեզ հնարավորություն են տալիս ցույց տալու, որ իսկապես սիրում ենք մեր եղբայրներին և պատրաստ ենք ներելու, ինչպես Աստված է ողորմածաբար ներում (Կող. 3։13)։

      1. Կինը նեղացած է ամուսնուց 2. Ամուսինը զրուցում է նրա հետ և ներողություն խնդրում 3. Կինը ներում է ամուսնուն

      Եթե ուզում ես, որ Աստված քեզ ների, ներողամիտ եղիր ուրիշների հանդեպ (տե՛ս պարբերություն 11)

      11. Ինչո՞ւ է կարևոր ներողամտություն դրսևորել։

      11 Ցավոք, լինելով անկատար՝ մենք գուցե երբեմն ոխ պահենք իրար դեմ (Ղևտ. 19։18)։ Եթե ուրիշների հետ խոսենք կատարվածի մասին, նրանք գուցե մեր կողմը բռնեն, ինչի արդյունքում ժողովում բաժանումներ կլինեն։ Եթե թույլ տանք, որ այդ իրավիճակը շարունակվի, դա ցույց կտա, որ չենք գնահատում Աստծու ողորմությունը և փրկանքը։ Եթե չներելու հակում ունենք, մեր Հայրը կդադարի իր Որդու զոհը մեր նկատմամբ կիրառելուց (Մատթ. 18։35)։ Հիսուսը այս միտքը զարգացրեց տիպար աղոթքը տալուց անմիջապես հետո (կարդա՛ Մատթեոս 6։14, 15)։ Ի վերջո, Աստծու ներողամտությունից օգուտներ քաղելու համար պետք է սովորություն չդարձնենք լուրջ մեղք գործելը։ Մեր ցանկությունն է ընդհանրապես մեղք չգործել, և հենց այդ մասին է տիպար աղոթքի հաջորդ խնդրանքը (1 Հովհ. 3։4, 6)։

      «ՄԻ՛ ՏԱՐ ՄԵԶ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ»

      12, 13. ա) Ի՞նչ պատահեց Հիսուսի հետ իր մկրտությունից կարճ ժամանակ անց։ բ) Ինչո՞ւ չպետք է ուրիշներին մեղադրենք, եթե տրվենք գայթակղությանը։ գ) Ի՞նչ ապացուցեց Հիսուսը՝ մինչև մահ հավատարիմ մնալով։

      12 Քննելով, թե ինչ պատահեց Հիսուսի հետ իր մկրտությունից կարճ ժամանակ անց՝ կարող ենք հասկանալ «մի՛ տար մեզ փորձության» խնդրանքի անհրաժեշտությունը։ Հիսուսը Աստծու ոգու կողմից տարվեց անապատ։ Ինչո՞ւ։ «Որ փորձուի սատանայիցը» (Մատթ. 4։1, «Արարատ» թարգմանություն; 6։13)։ Պե՞տք է սա զարմացնի մեզ։ Ո՛չ, չի զարմացնի, եթե հասկանանք, թե ինչու Աստված ուղարկեց իր Որդուն երկիր։ Նա դա արեց, որպեսզի լուծի այն հարցը, որն առաջ եկավ, երբ Ադամն ու Եվան մերժեցին Եհովայի իշխանությունը։ Նրանց ըմբոստությունը հարցեր առաջ բերեց, որոնց պատասխան տալու համար ժամանակ էր պետք։ Դրանցից են, օրինակ, Աստված մարդուն արարելիս ինչ-որ հարցում թերացե՞լ էր։ Հնարավո՞ր էր, որ կատարյալ մարդը թիկունք կանգներ Աստծու գերիշխանությանը՝ չնայած «Չարի» ճնշումներին։ Մարդկության համար ավելի լավ կլինե՞ր ապրել Աստծու ղեկավարությունից անկախ, ինչն ակնարկեց Սատանան (Ծննդ. 3։4, 5)։ Ճիշտ է, այս հարցերին պատասխան տալու համար ժամանակ էր հարկավոր, բայց դա ցույց էր տալու բոլոր բանական էակներին, որ Եհովան իր գերիշխանությունը գործի է դնում հանուն ստեղծագործության բարօրության։

      13 Եհովան սուրբ է, հետևաբար չի դրդում ոչ մեկի չար բաներ անելու։ Հակառակը՝ Բանսարկուն է «Փորձիչը» (Մատթ. 4։3)։ Նա կարող է գայթակղիչ իրավիճակներ ստեղծել։ Բայց յուրաքանչյուր մարդուց է կախված՝ կմերժի գայթակղությունը, թե ոչ (կարդա՛ Հակոբոս 1։13–15)։ Հիսուսը անմիջապես մերժեց գայթակղությունները՝ Աստծու Խոսքից տեղին մեջբերումներ անելով։ Այդպիսով Հիսուսը թիկունք կանգնեց Աստծու օրինական գերիշխանությանը։ Բայց Սատանան չհանձնվեց։ Նա սպասեց «մինչև մեկ ուրիշ հարմար ժամանակ» (Ղուկ. 4։13)։ Հիսուսը շարունակեց դիմադրել իր անարատությունը կոտրելու Սատանայի բոլոր ջանքերին։ Քրիստոսը թիկունք կանգնեց Եհովայի գերիշխանությանը և ապացուցեց, որ կատարյալ մարդը կարող է հավատարիմ մնալ՝ չնայած ամենածանր փորձությանը։ Այնուհանդերձ, Սատանան փորձում է ծուղակը գցել Հիսուսի հետևորդներին, այդ թվում՝ քեզ։

      14. Ի՞նչ պետք է անենք, որ չտրվենք գայթակղությանը։

      14 Քանի որ Եհովայի գերիշխանության հարցը դեռ լուծված չէ, նա թույլ է տվել Փորձչին օգտագործել այս աշխարհը՝ մեզ փորձելու համար։ Աստված մեզ չի տանում փորձության։ Հակառակը՝ նա վստահում է մեզ և ուզում է օգնել։ Հաշվի առնելով մեր ազատ կամքի պարգևը՝ Եհովան մեխանիկորեն մեզ հետ չի պահում գայթակղությանը տրվելուց։ Մենք պետք է երկու բան անենք՝ հոգևորապես արթուն մնանք և աղոթքում հարատևենք։ Իսկ ինչպե՞ս է Եհովան պատասխանում մեր աղոթքներին։

      Մայր ու որդի ծառայում են

      Պահպանիր քո հոգևոր վիճակը և եռանդը ծառայության հանդեպ (տե՛ս պարբերություն 15)

      15, 16. ա) Ո՞ր գայթակղությունները պետք է դիմադրենք։ բ) Ո՞վ է մեղավոր, երբ մենք ընկնում ենք փորձության մեջ։

      15 Եհովան տալիս է իր հզոր սուրբ ոգին, որը կարող է զորացնել մեզ և օգնել, որ մերժենք գայթակղությունը։ Աստված իր Խոսքի և ժողովի միջոցով նաև նախազգուշացնում է մեզ, թե որ իրավիճակներից պետք է խուսափենք, օրինակ՝ ոչ անհրաժեշտ նյութական բաների վրա չափից շատ ժամանակ, գումար և էներգիա ծախսելուց։ Էսպեն և Յանը ապրում են եվրոպական մի հարուստ երկրում։ Տարիներ շարունակ նրանք ծառայել են որպես ընդհանուր ռահվիրաներ երկրի այն մասում, որտեղ մեծ կարիք կար։ Երբ ծնվեց նրանց առաջնեկը, նրանք դադարեցրին ռահվիրայությունը, իսկ այժմ երկրորդ երեխան ունեն։ «Մենք հաճախ աղոթում ենք Եհովային,— ասում է Էսպեն,— որ չընկնենք փորձության մեջ հիմա, երբ ի վիճակի չենք շատ ժամանակ տրամադրելու աստվածապետական գործունեությանը, ինչպես նախկինում։ Մենք խնդրում ենք Եհովային, որ օգնի մեզ պահպանելու մեր հոգևոր վիճակը և ծառայության հանդեպ եռանդը»։

      16 Մեկ այլ փորձություն, որը մեր օրերում մեծ տարածում է գտել, պոռնկագրություն դիտելն է։ Եթե այսպիսի փորձության մեջ ընկնենք, չենք կարող մեղադրել Սատանային։ Ինչո՞ւ։ Քանի որ Սատանան և իր աշխարհը չեն կարող ստիպել մեզ որևէ բան անել հակառակ մեր կամքին։ Ոմանք ընկել են այս փորձության մեջ՝ թույլ տալով, որ իրենց միտքը կենտրոնանա վատ բաների վրա։ Բայց մենք կարող ենք դիմադրել գայթակղությանը, ինչպես մեր հազարավոր եղբայրներն են արել (1 Կորնթ. 10։12, 13)։

      «ԱԶԱՏԻՐ ՉԱՐԻՑ»

      17. ա) Ինչպե՞ս կարող ենք ապրել Չարից ազատվելու մասին խնդրանքին ներդաշնակ։ բ) Շուտով ի՞նչ թեթևացում է լինելու։

      17 «Ազատիր Չարից» խնդրանքին ներդաշնակ ապրելու համար մենք չպետք է լինենք «[Սատանայի] աշխարհի մի մասը»։ Մենք չպետք է «սիրենք [Սատանայի] աշխարհը և ոչ էլ այն ամենը, ինչ աշխարհի մեջ է» (Հովհ. 15։19; 1 Հովհ. 2։15–17)։ Այդպես վարվելը շարունակական պայքար է։ Ի՜նչ թեթևացում կլինի, երբ Եհովան պատասխանի այս խնդրանքին՝ վերացնելով Սատանային և կործանելով նրա չար աշխարհը։ Մենք պետք է հիշենք, սակայն, որ երբ Սատանան ցած գցվեց երկնքից, նա գիտեր, որ իրեն կարճ ժամանակ է մնացել։ Գազազած՝ նա ամեն բան անում է, որ դրդի մեզ չպահելու մեր անարատությունը։ Ուստի մենք պետք է շարունակենք աղոթել նրանից ազատվելու մասին (Հայտն. 12։12, 17)։

      18. Սատանայի աշխարհից վերապրելու համար ի՞նչ պետք է շարունակենք անել։

      18 Ուզո՞ւմ ես տեսնել այս հրաշալի ապագան։ Ուրեմն շարունակիր աղոթել, որ Թագավորությունը սրբացնի Աստծու անունը, և նրա կամքը կատարվի երկրի վրա։ Ապավինիր Եհովային, որ հոգա քո հոգևոր և ֆիզիկական կարիքների մասին։ Այո՛, վճռիր ապրել տիպար աղոթքին ներդաշնակ։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը