-
Ինչո՞ւ են մարդիկ աղոթում2015 Դիտարան | հոկտեմբեր 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱՂՈԹԵԼ
Ինչո՞ւ են մարդիկ աղոթում
«Ես տարված էի մոլեխաղերով։ Աղոթում էի, որ մեծ գումար շահեմ։ Բայց այդպես էլ չշահեցի» (Սեմուել,a Քենիա)։
«Դպրոցում աղոթելիս պարզապես անգիր արտասանում էինք այն բառերը, որ մեզ սովորեցրել էին» (Թերեզա, Ֆիլիպիններ)։
«Ես աղոթում եմ խնդիրների բախվելիս։ Նաև աղոթում եմ, որ Աստված ների իմ մեղքերը, և որ ավելի լավ քրիստոնյա լինեմ» (Մագդալին, Գանա)։
Սեմուելի, Թերեզայի և Մագդալինի խոսքերը ցույց են տալիս, որ մարդիկ աղոթում են տարբեր բաների մասին։ Ոմանք աղոթում են ավելի վեհ բաների համար, քան մյուսները։ Որոշ մարդիկ աղոթում են ի սրտե, ուրիշներն էլ՝ մեխանիկորեն, առանց զգացմունքների։ Այդուհանդերձ, միլիոնավոր մարդիկ զգում են, որ աղոթելու կարիք ունեն՝ անկախ նրանից, թե ինչի համար են աղոթում՝ ընտանեկան կյանքում Աստծուց առաջնորդություն ստանալու, դպրոցական քննությունը հանձնելու, իրենց սիրած սպորտային թիմի հաղթանակի կամ այլ բաների համար։ Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ որևէ կրոն չդավանող մարդիկ են կանոնավորաբար աղոթում։
Իսկ դուք աղոթո՞ւմ եք։ Եթե այո, ապա ինչի՞ մասին եք աղոթում։ Անկախ այն բանից՝ աղոթելու սովորություն ունեք, թե ոչ, գուցե հարցնեք. «Իսկ աղոթելն իմաստ ունի՞։ Ինչ-որ մեկը լսո՞ւմ է իմ աղոթքները»։ Մի գրող ասաց, որ աղոթքը պարզապես «հոգեթերապիայի մի ձև է»։ Նմանատիպ կարծիք են հայտնում նաև բժշկության ոլորտի որոշ մասնագետներ։ Նրանք աղոթքը համարում են «այլընտրանքային բուժմեթոդ»։ Ուրեմն, ի՞նչ կարելի է ասել. արդյո՞ք աղոթքը պարզապես անիմաստ սովորություն է կամ, լավագույն դեպքում, առողջությունը բարելավելու միջոց։
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ աղոթքը պարզապես թերապիայի ինչ-որ ձև չէ։ Այն հայտնում է, որ իսկապես կա մեկը, ով լսում է ճիշտ ձևով ու ճիշտ բաների համար ասված աղոթքները։ Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ դա այդպես է։ Եկեք քննենք որոշ փաստեր։
a Որոշ անուններ փոխված են։
-
-
Կա՞ մեկը, ով լսում է մեր աղոթքները2015 Դիտարան | հոկտեմբեր 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱՂՈԹԵԼ
Կա՞ մեկը, ով լսում է մեր աղոթքները
Որոշ մարդիկ համարում են, որ աղոթելն անիմաստ է, քանի որ ոչ ոք չի լսում մեր աղոթքները։ Ոմանք էլ աղոթում են, բայց զգում են, որ իրենց աղոթքները մնում են անպատասխան։ Մի աթեիստ փորձեց պատկերացնել, թե ով է կամ ինչպիսին է Աստված, և աղոթեց նրան. «Խնդրում եմ, պատասխանիր ինձ. գեթ մի ձայն, մի շշուկ...»։ Բայց, ինչպես ասում է նա, Աստված «լուռ մնաց»։
Սակայն Աստվածաշունչը վստահեցնում է մեզ, որ կա մի անձնավորություն, ով լսում է մեր աղոթքները։ Այդ անձնավորությունն Աստված է։ Աստվածաշնչում գրված է, թե դարեր առաջ ինչ է ասվել Աստծու ժողովրդին. «Նա [Աստված] անպատճառ բարեհաճություն կցուցաբերի քո հանդեպ, երբ լսի քո աղաղակը։ Հենց որ լսի այն, կպատասխանի քեզ» (Եսայիա 30։19)։ Իսկ աստվածաշնչյան մեկ այլ համարում ասվում է. «Ուղղամիտների աղոթքը հաճելի է [Աստծուն]» (Առակներ 15։8)։
Հիսուսն աղոթեց Աստծուն՝ իր Հորը, և «Աստված լսեց նրան» (Եբրայեցիներ 5։7)
Աստվածաշնչում նաև հիշատակվում է տարբեր մարդկանց մասին, ում աղոթքները Աստված լսել է։ Աստվածաշնչյան մի համարում ասվում է, որ Հիսուսը «խնդրանքներ մատուցեց [Աստծուն], ով կարող էր փրկել իրեն», և որ «Աստված լսեց նրան» (Եբրայեցիներ 5։7)։ Այլ օրինակների մասին կարող ենք կարդալ Դանիել 9։21 և 2 Տարեգրություն 7։1 համարներում։
Այդ դեպքում ինչո՞ւ են որոշ մարդկանց աղոթքները մնում անպատասխան։ Որպեսզի աղոթքները լսվեն, պետք է աղոթել միայն նրան, ով ըստ Աստվածաշնչի՝ միակ ճշմարիտ Աստվածն է՝ Եհովային։a Աստված նաև պատվիրում է, որ աղոթենք իր «կամքի համաձայն», այսինքն՝ այնպիսի բաների համար, որ ընդունելի են իրեն։ Աստված հավաստիացնում է, որ եթե այդպես աղոթենք, նա «կլսի մեզ» (1 Հովհաննես 5։14)։ Ուստի եթե ցանկանում ենք, որ մեր աղոթքները լսվեն, պետք է ճանաչենք այն Աստծուն, որի մասին պատմում է Աստվածաշունչը, և պետք է իմանանք, թե որն է նրա կամքը։
Շատերը համոզված են, որ աղոթքը պարզապես ինչ-որ կրոնական արարողություն կամ սովորություն չէ, և որ Աստված իսկապես լսում է աղոթքներն ու պատասխանում։ Իսահակ անունով մի մարդ, որն ապրում է Քենիայում, ասում է. «Ես աղոթեցի Աստծուն, որ նա օգնի ինձ հասկանալու Աստվածաշունչը։ Կարճ ժամանակ անց մի անհատ մոտեցավ ինձ ու առաջարկեց այն օգնությունը, որի մասին խնդրել էի»։ Ֆիլիպիններում ապրող մի կին՝ Հիլդան, ցանկանում էր թողնել ծխելը։ Նա մի քանի անգամ փորձեց ձերբազատվել այդ սովորությունից, բայց չկարողացավ։ Այդ ժամանակ նրա ամուսինը ասաց նրան. «Աղոթիր Աստծուն, որ օգնի քեզ»։ Հիլդան հետևեց այդ խորհրդին։ Նա ասում է. «Ես ապշել էի. զգում էի, որ Աստված իսկապես օգնում է ինձ։ Ծխելու ցանկությունս աստիճանաբար թուլանում էր։ Ի վերջո կարողացա ձերբազատվել այդ վատ սովորությունից»։
Արդյոք Աստված իսկապես ցանկանո՞ւմ է օգնել մեզ և պատասխանել մեր խնդրանքներին, որոնք ներդաշնակ են իր կամքին։
a Համաձայն Աստվածաշնչի՝ Եհովան Աստծու անունն է։
-
-
Ինչո՞ւ է Աստված ցանկանում, որ աղոթենք իրեն2015 Դիտարան | հոկտեմբեր 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱՂՈԹԵԼ
Ինչո՞ւ է Աստված ցանկանում, որ աղոթենք իրեն
Աստված ցանկանում է, որ ընկերանանք իր հետ
Ընկերները կանոնավորաբար հաղորդակցվում են իրար հետ, ինչի շնորհիվ ավելի են մտերմանում։ Նմանապես, Աստված հորդորում է մեզ, որ ազատորեն խոսենք իր հետ։ Այդպիսով նա իր հետ ջերմ փոխհարաբերություններ հաստատելու դուռ է բացում մեր առջև։ Նա ասում է. «Դուք կկանչեք ինձ, կգաք ու կաղոթեք ինձ, ու ես կլսեմ ձեզ» (Երեմիա 29։12)։ Աստծու հետ խոսելով՝ «կմոտենանք [նրան], և նա կմոտենա» մեզ (Հակոբոս 4։8)։ Աստվածաշունչը մեզ այսպիսի հավաստիացում է տալիս. «Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին» (Սաղմոս 145։18)։ Որքան շատ աղոթենք Աստծուն, այնքան ավելի մտերիմ փոխհարաբերություններ կունենանք նրա հետ։
«Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին» (Սաղմոս 145։18)
Աստված ցանկանում է օգնել մեզ
Հիսուսն ասել է. «Ձեզանից ո՞վ իր որդուն քար կտա, եթե նա հաց խնդրի։ Կամ մի՞թե օձ կտա նրան, եթե ձուկ խնդրի։ Ուստի եթե դուք.... գիտեք բարիքներ տալ ձեր երեխաներին, ուրեմն որքան ավելի ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա իրենից խնդրողներին» (Մատթեոս 7։9–11)։ Այո՛, Աստված հորդորում է մեզ, որ աղոթենք իրեն, քանի որ «նա հոգ է տանում [մեր] մասին» և ցանկանում է օգնել մեզ (1 Պետրոս 5։7)։ Նա նաև ցանկանում է, որ իրեն պատմենք մեր բոլոր խնդիրների մասին։ Աստվածաշունչը ասում է. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիներ 4։6)։
Մենք հոգևոր կարիքներ ունենք
Հոգեբանները ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ հարյուր միլիոնավոր մարդիկ աղոթելու կարիք ունեն։ Նույնիսկ որոշ աթեիստներ ու ագնոստիկներ են զգում, որ այդպիսի կարիք ունեն։a Սա հաստատում է այն իրողությունը, որ մարդ արարածը ստեղծված է հոգևոր կարիքներով։ Հիսուսն ասել է. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։ Այդ կարիքները բավարարելու կերպերից մեկը Աստծու հետ կանոնավորաբար հաղորդակցվելն է։
Իսկ ի՞նչ օգուտներ կքաղենք, եթե աղոթենք Աստծուն։
a 2012թ.-ին «Փյու» հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքում պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգներում աթեիստների և ագնոստիկների 11 տոկոսը ամսվա մեջ առնվազն մեկ անգամ աղոթում է։
-
-
Աղոթք. ի՞նչ օգուտներ կարող է բերել այն2015 Դիտարան | հոկտեմբեր 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱՂՈԹԵԼ
Աղոթք. ի՞նչ օգուտներ կարող է բերել այն
Նախքան որևէ բան անելը սովորաբար մտածում ենք. «Ի՞նչ օգուտ կարող է դա բերել ինձ»։ Իսկ աղոթքի հետ կապված սխա՞լ է այդպիսի հարց տալը։ Ոչ միշտ։ Բնական է, որ ցանկանում ենք իմանալ, թե արդյոք աղոթքը որևէ օգուտ կբերի։ Նույնիսկ Աստծու հավատարիմ ծառա Հոբը մի անգամ հարցրեց, թե արդյոք Աստված կպատասխանի, եթե կանչի նրան (Հոբ 9։16)։
Նախորդ հոդվածներում քննեցինք փաստեր այն մասին, որ աղոթքը պարզապես կրոնական սովորություն կամ հոգեթերապիայի ինչ-որ ձև չէ։ Ճշմարիտ Աստված իսկապես լսում է մեր աղոթքները։ Եթե մենք Աստծուն աղոթենք նրան ընդունելի կերպով ու ճիշտ բաների համար, նա կպատասխանի մեր աղոթքներին։ Իրականում Աստված ինքն է հորդորում, որ մոտենանք իրեն (Հակոբոս 4։8)։ Սակայն ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել, եթե կանոնավորաբար աղոթենք Աստծուն։ Նկատի առնենք այդ օգուտներից ընդամենը մի քանիսը։
Մտքի խաղաղություն
Երբ կյանքում խնդիրներ ու դժվարություններ են առաջանում, սովորաբար սկսում ենք անհանգստանալ ու մտահոգվել։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս, որ նման իրավիճակներում հայտնվելիս «անդադար աղոթենք», ինչպես նաև հորդորում է. «Թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (1 Թեսաղոնիկեցիներ 5։17; Փիլիպպեցիներ 4։6)։ Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է, որ եթե աղոթենք Աստծուն, նրա «խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի [մեր] սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպպեցիներ 4։7)։ Մեր մտահոգությունները հայտնելով մեր երկնային Հորը՝ կարող ենք խաղաղություն ձեռք բերել։ Աստված ինքն է հորդորում, որ պատմենք իրեն մեզ անհանգստացնող խնդիրների մասին։ Սաղմոս 55։22-ում ասվում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ»։
«Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ» (Սաղմոս 55։22)
Բազմաթիվ մարդիկ անձամբ են զգացել, որ Աստծու առջև իրենց սիրտը բացելով՝ իսկապես խաղաղություն են ձեռք բերում։ Հի Ռանը, որն ապրում է Հարավային Կորեայում, ասում է. «Ես լուրջ խնդիրներ ունեմ։ Բայց երբ աղոթում եմ դրանց մասին, սիրտս թեթևանում է, և ուժ եմ գտնում դժվարություններին տոկալու համար»։ Սեսիլյան, որն ապրում է Ֆիլիպիններում, ասում է. «Ես շատ հոգսեր ունեմ. պետք է հոգ տանեմ իմ աղջիկների մասին և խնամեմ մորս, որը իր հիվանդության պատճառով հիմա չի կարողանում ճանաչել ինձ։ Բայց երբ աղոթում եմ Աստծուն, ավելի քիչ եմ անհանգստանում ու կարողանում եմ անել իմ առօրյա գործերը առանց ավելորդ մտահոգությունների։ Ես գիտեմ, որ Եհովան կօգնի ինձ, որ հոգ տանեմ ընտանիքիս մասին»։
Զորություն ու մխիթարություն
Գուցե լարված կամ կյանքին սպառնացող իրավիճակում եք հայտնվել, կամ էլ գուցե ինչ-որ դժբախտ դեպք է պատահել։ Եթե նման իրավիճակներում աղոթեք «ամենայն մխիթարության Աստծուն», կարող եք մեծապես մխիթարվել ու թեթևացում գտնել։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված «մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում» (2 Կորնթացիներ 1։3, 4)։ Օրինակ՝ մի անգամ, երբ Հիսուսը անչափ մտահոգված ու լարված էր, «ծնկի եկավ ու սկսեց աղոթել»։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Աստվածաշնչում կարդում ենք. «Երկնքից նրան մի հրեշտակ երևաց ու զորացրեց նրան» (Ղուկաս 22։41, 43)։ Մեկ ուրիշ հավատարիմ մարդու՝ Նեեմիային, սպառնում էին չար մարդիկ, որոնք փորձում էին այնպես անել, որ նա չկատարի Աստծու գործը։ Այդ ժամանակ նա աղոթեց. «Հիմա, ո՜վ Աստված, զորացրու իմ ձեռքերը»։ Հետագա դեպքերը ցույց են տալիս, որ Աստված իսկապես օգնեց Նեեմիային հաղթահարելու իր անհանգստությունները և հաջողությամբ կատարելու իր գործը (Նեեմիա 6։9–16)։ Ռեջինալդը, որն ապրում է Գանայում, պատմում է, թե աղոթքն ինչպես է օգնում իրեն։ Նա ասում է. «Երբ աղոթում եմ Աստծուն, հատկապես այն ժամանակ, երբ դժվարությունների եմ բախվում, զգում եմ, որ անհանգստանալու պատճառ չունեմ, քանի որ խնդիրներիս մասին պատմել եմ նրան, ով ի զորու է օգնելու ինձ»։ Այո՛, երբ աղոթում ենք Աստծուն, նա մխիթարում է մեզ։
Իմաստություն Աստծուց
Որոշ դեպքերում մեր որոշումները կարող են ազդել թե՛ մեր, թե՛ մեր սիրելիների ողջ կյանքի վրա։ Ինչպե՞ս կարող ենք նման դեպքերում իմաստուն որոշումներ կայացնել։ Աստվածաշունչն ասում է. «Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի [հատկապես փորձությունները հաղթահարելու հարցում], թող շարունակ խնդրի Աստծուն, որն ամենքին տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու, և կտրվի նրան» (Հակոբոս 1։5)։ Եթե աղոթենք Աստծուն և իմաստություն խնդրենք նրանից, նա իր սուրբ ոգու միջոցով կառաջնորդի մեզ, որ իմաստուն որոշումներ կայացնենք։ Կամ կարող ենք հենց սուրբ ոգին խնդրել Աստծուց, քանի որ Հիսուսն ասել է. «Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկաս 11։13)։
«Ես շարունակ աղոթում էի Եհովային, որ ինձ առաջնորդություն տա իմաստուն որոշում կայացնելու համար» (Քվաբենա, Գանա)
Նույնիսկ Հիսուսն է իր Հոր օգնության կարիքն ունեցել կարևոր որոշումներ կայացնելու համար։ Աստվածաշունչը մեզ հայտնում է, որ երբ նա պատրաստվում էր ընտրել իր 12 առաքյալներին, «ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով» (Ղուկաս 6։12)։
Այսօր շատերը իրենց փորձով համոզվել են, որ Աստված իսկապես պատասխանում է, երբ իմաստուն որոշումներ կայացնելու համար օգնություն են խնդրում նրանից։ Ռեջինան, որն ապրում է Ֆիլիպիններում, շատ դժվարությունների է բախվել. ամուսնու մահից հետո ընտանիքի հոգսը մնացել է նրա ուսերին, նա կորցրել է իր աշխատանքը, նաև դժվարություններ ունի իր երկու դուստրերին մեծացնելու հարցում։ Ի՞նչն է օգնում նրան իմաստուն որոշումներ կայացնելու։ Նա ասում է. «Ես աղոթում եմ Եհովային և ապավինում եմ նրա օգնությանը»։ Իսկ Քվաբենան, որն ապրում է Գանայում, ասում է. «Ես կորցրի լավ վարձատրվող աշխատանքս շինարարության ոլորտում»։ Հետո նա պատմում է, թե ինչպես վարվեց, երբ պետք է նոր աշխատանք ընտրեր. «Ես շարունակ աղոթում էի Եհովային, որ ինձ առաջնորդություն տա իմաստուն որոշում կայացնելու համար»։ Քվաբենան ավելացնում է. «Եհովան օգնեց ինձ, որ ընտրեմ այնպիսի գործ, որը հնարավորություն է տալիս ինձ հոգալու և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական կարիքներս»։ Դուք նույնպես կարող եք ստանալ Աստծու առաջնորդությունը, եթե աղոթեք նրան այն հարցերի մասին, որոնք կարող են ազդել նրա հետ ունեցած ձեր փոխհարաբերությունների վրա։
Մենք քննարկեցինք ընդամենը մի քանի օգուտ, որ աղոթքը կարող է տալ ձեզ (այլ օգուտների մասի կարող եք կարդալ «Օգուտներ, որ բերում է աղոթքը» շրջանակը)։ Բայց որպեսզի անձամբ տեսնեք այդ օգուտները, նախ պետք է ճանաչեք Աստծուն և իմանաք, թե որն է նրա կամքը։ Եթե ցանկանում եք տեղեկություններ ստանալ այդ ամենի մասին, կարող եք դիմել Եհովայի վկաներին, որպեսզի նրանք օգնեն ձեզ ուսումնասիրելու Աստվածաշունչը։a Դա կլինի «աղոթքներ Լսողի» հետ մտերմանալու ձեր առաջին քայլը (Սաղմոս 65։2)։
a Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել ձեր տարածքում ապրող Եհովայի վկաների հետ կամ այցելել www.pr418.com/hy-armn կայք։
-