Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ծանր աշխատանք. ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը
    2015 Դիտարան | փետրվար 1
    • Երիտասարդը դժգոհ դեմքով նստած է, մինչ իր գործընկերները աշխատում են

      ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՍ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ՔՈ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

      Ծանր աշխատանք. ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը

      Ալեքսը, որն աշխատում է մի բեռնափոխադրման ընկերությունում, ծանր հոգոց հանելով՝ արկղը դնում է բեռնատար մեքենայի մեջ և ինքն իրեն ասում. «Ի՞նչ եմ գտել այս գործի մեջ, չէ՞ որ այստեղ առաջ գնալու հնարավորություն չկա։ Վերջապես ե՞րբ եմ հաջողության հասնելու։ Կյանքս ավելի ուրախ կլիներ, եթե ստիպված չլինեի աշխատել»։

      Ալեքսի նման՝ այսօր շատերը ուրախություն չեն ստանում ծանր աշխատանքից։ Ահարոն անունով մի ավտոմեխանիկ ասում է. «Շատ մարդիկ «ցածրակարգ» աշխատանք անելը նվաստացուցիչ են համարում։ Նրանք մտածում են. «Այս գործը կանեմ, մինչև ուրիշ ավելի լավ աշխատանք գտնեմ»»։

      Ինչո՞ւ են շատերը մտածում, որ ծանր աշխատանքը իրենց համար չէ։ Թերևս նրանց վրա ազդում են լրատվական միջոցները, որոնք հաճախ ներկայացնում են, թե «իդեալական» ապրելակերպը ճոխ ու հեշտ կյանքն է։ Տեխսպասարկման մի աշխատող՝ Մեթյու անունով, ասում է. «Մարդիկ մտածում են, որ եթե ապրուստդ վաստակելու համար ստիպված ես տքնաջան աշխատել, ուրեմն կյանքում հաջողության չես հասել»։ Շեյնը, որը մաքրության գործ է անում, ասում է. «Այսօր մարդիկ չեն ցանկանում լրիվ օրով աշխատել, թեև ցանկանում են լրիվ օրվա աշխատավարձ ստանալ»։

      Սակայն բազմաթիվ մարդիկ, ովքեր հաջողության են հասել, ուրախություն են ստանում ծանր աշխատանքից։ Դանիել անունով 25-ամյա մի երիտասարդ, որն աշխատում է շինարարության ոլորտում, ասում է. «Ծանր աշխատանքը մեծ բավականություն է պատճառում, հատկապես երբ այն կարևոր նպատակի է ծառայում»։ Իսկ 23-ամյա Անդրեն ասում է. «Իմ կարծիքով՝ ուրախությունն ու բավարարվածության զգացումը ուղղակիորեն կապ ունեն աշխատանքի հետ։ Քիչ աշխատող մարդը ապրում է ոչ թե հարատև երջանկության, այլ հարատև ձանձրույթի մեջ»։

      Իսկ ինչպե՞ս են շատերը կարողացել, Դանիելի և Անդրեի պես, դրական մտածելակերպ ունենալ ծանր աշխատանքի հանդեպ։ Նրանք իրենց կյանքում կիրառել են աստվածաշնչյան սկզբունքները։ Աստվածաշունչը հորդորում է լինել աշխատասեր և հաստատակամ։ Ավելին, այն օգնում է իմանալու, թե ինչպես է հնարավոր ուրախություն ստանալ աշխատանքից։

      Ո՞ր աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել քեզ բավականություն ստանալու աշխատանքից։ Հաջորդ հոդվածում քննարկվում է մի քանի սկզբունք։

  • Ինչպես ուրախություն ստանալ աշխատանքից
    2015 Դիտարան | փետրվար 1
    • Բեռնափոխադրող ընկերությունում աշխատող մի երիտասարդ ուրախություն է ստանում իր աշխատանքից

      ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՍ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ՔՈ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

      Ինչպես ուրախություն ստանալ աշխատանքից

      «Ամեն մարդ պետք է ուտի, խմի և բարիք տեսնի իր ողջ աշխատանքից։ Դա Աստծու պարգևն է» (Ժողովող 3։13)։ Աստված ցանկանում է, որ մենք ուրախություն ստանանք մեր աշխատանքից, ուրեմն տրամաբանական է, որ նա պետք է հայտնի մեզ, թե ինչ կարող ենք անել դրան հասնելու համար (Եսայիա 48։17)։ Նա այդ մասին սովորեցնում է իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Նկատի առնենք մի քանի աստվածաշնչյան խորհուրդներ, որոնք կօգնեն բավականություն ստանալու աշխատանքից։

      ԴՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ՈՒՆԵՑԻՐ

      Անկախ նրանից՝ քո աշխատանքը հիմնականում մտային է, թե ֆիզիկական, միշտ հիշիր, որ «ամեն տեսակ աշխատանքից օգուտ կա» (Առակներ 14։23)։ Ի՞նչ օգուտի մասին է խոսքը։ Օրինակ՝ աշխատանքի միջոցով կարողանում ենք հոգալ մեր նյութական կարիքները։ Ճիշտ է, Աստված խոստացել է հոգ տանել նրանց մասին, ովքեր անկեղծորեն երկրպագում են իրեն (Մատթեոս 6։31, 32)։ Բայց նա ակնկալում է, որ մենք էլ մեր հերթին ջանք կթափենք և ազնիվ աշխատանքով կվաստակենք մեր ապրուստը (2 Թեսաղոնիկեցիներ 3։10)։

      Ուստի կարող ենք աշխատանքը համարել մեր նպատակներին հասնելու արժանապատիվ միջոց։ Օրինակ՝ աշխատանքն օգնում է մեզ կատարելու մեր պարտականությունները։ 25-ամյա Ջոշուան ասում է. «Մեծ ձեռքբերում է այն, որ ինքդ ես հոգում քո ապրուստը։ Եթե կարողանում ես գումար վաստակել քո կարիքները հոգալու համար, նշանակում է՝ աշխատանքդ ծառայում է իր նպատակին»։

      Բացի այդ, տքնաջան աշխատանքը բարձրացնում է ինքնահարգանքը։ Ինչ խոսք, հեշտ չէ ծանր աշխատանք անել։ Բայց երբ սովորում ենք հավատարմորեն կատարել մեր գործը, անգամ եթե այն դժվար է ու ձանձրալի, ուրախություն ենք ապրում՝ իմանալով, որ բարեխղճորեն կատարել ենք այն և հեշտ ուղիներ չենք փնտրել (Առակներ 26։14)։ Ուստի, կարելի է ասել, որ ծանր աշխատանքը մարդուն բավարարվածության մեծ զգացում է տալիս։ Ահարոնը, որի խոսքերը մեջբերվել են նախորդ հոդվածում, ասում է. «Ես հաճելի զգացում եմ ունենում ծանր աշխատանքային օրվա վերջում։ Ճիշտ է, երբեմն ուժասպառ եմ լինում, և հաճախ ուրիշները չեն էլ նկատում իմ արածը, բայց հասկանում եմ, որ լիարժեքորեն կատարել եմ իմ գործը»։

      ԼԱՎԱԳՈՒՅՆԴ ԱՐԱ

      Աստվածաշունչը գովեստով է խոսում այն տղամարդու մասին, ով «իր գործում հմուտ» է, և այն կնոջ մասին, ով «պատրաստակամ ձեռքերով է գործ անում» (Առակներ 22։29; 31։13)։ Ինչ խոսք, հնարավոր չէ ինքնաբերաբար հմտանալ որևէ գործում։ Իսկ եթե մարդ հմուտ չէ իր գործում, նա հազիվ թե բավականություն ստանա դրանից։ Եվ քանի որ շատերը բավականաչափ ջանք չեն թափում իրենց գործում հմտանալու համար, այդպես էլ ուրախություն չեն ստանում իրենց աշխատանքից։

      Իրականում անհատը կարող է ուրախություն ստանալ գրեթե ամեն տեսակ աշխատանքից, եթե ճիշտ մտավիճակ ունենա, այսինքն՝ եթե ձգտի սովորել լավագույն ձևով կատարել իր գործը։ 24-ամյա Ուիլյամն ասում է. «Երբ աշխատանքիդ մեջ անում ես քո լավագույնը և տեսնում ես արդյունքները, մեծ գոհունակություն ես ապրում։ Իսկ երբ գլուխ ես պահում կամ մակերեսորեն ես անում գործդ, երբեք նման զգացում չես ունենում»։

      Մի կին փորձում է հմտանալ իր գործում

      ՄՏԱԾԻՐ, ԹԵ ԱՇԽԱՏԱՆՔԴ ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ Է ԲԵՐՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

      Մի՛ մտածիր միայն այն մասին, թե որքան գումար ես վաստակում։ Փոխարենը՝ ինքդ քեզ հարցրու. «Ինչո՞ւ է այս գործը կարևոր։ Ի՞նչ կլիներ, եթե այս աշխատանքը չկատարվեր կամ եթե ճիշտ ձևով չարվեր։ Ի՞նչ օգուտներ է բերում իմ աշխատանքը ուրիշներին»։

      Հատկապես կարևոր է խորհել վերջին հարցի մասին, քանի որ աշխատանքից մեծ բավականություն կստանանք միայն այն դեպքում, եթե մտածենք, թե ինչ օգուտներ է այն բերում ուրիշներին։ Հիսուսն ասաց. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։ Բացի նրանից, որ մեր աշխատանքը անմիջական օգուտներ է բերում, օրինակ, մեր գործատիրոջը կամ հաճախորդներին, այն կարող է օգուտներ բերել նաև ուրիշներին, այդ թվում մեր ընտանիքի անդամներին և կարիքի մեջ եղող մարդկանց։

      Մեր ընտանիքի անդամները։ Երբ ընտանիքի գլուխը տքնաջան աշխատում է իր ընտանիքի անդամների կարիքները հոգալու համար, նա օգնում է նրանց առնվազն երկու կերպով։ Առաջին՝ նա հոգ է տանում, որ նրանք ունենան կյանքի համար անհրաժեշտ նյութական բաները՝ ուտելիք, հագուստ և ծածկ։ Այդպես նա կատարում է Աստծու կողմից իրեն տրված պարտականությունը, այն է՝ «հոգ տանել իրեններին» (1 Տիմոթեոս 5։8)։ Երկրորդ՝ ջանասիրաբար ապրուստ վաստակելով՝ նա իր զավակներին անձնական օրինակով ցույց է տալիս, թե որքան կարևոր է տքնաջան աշխատանքը։ Շեյնը, որի խոսքերը մեջբերվել են նախորդ հոդվածում, ասում է. «Հայրս հիանալի օրինակ է աշխատանքին պատասխանատվությամբ վերաբերվելու հարցում։ Նա ազնիվ մարդ է, որն իր ողջ կյանքում ծանր աշխատանք է կատարել՝ հիմնականում զբաղվելով ատաղձագործությամբ։ Նրա օրինակից ես սովորել եմ, որ կարևոր է տքնաջան աշխատել և պատրաստել բաներ, որոնք օգտակար են մարդկանց համար»։

      Կարիքի մեջ գտնվող մարդիկ։ Պողոս առաքյալը խորհուրդ տվեց, որ քրիստոնյաները «տքնաջան աշխատեն.... որպեսզի կարողանան տալ կարիքի մեջ եղողին» (Եփեսացիներ 4։28)։ Իսկապես, եթե ջանասիրաբար աշխատենք մեր և մեր ընտանիքի կարիքները հոգալու համար, գուցե նաև ի վիճակի լինենք օգնելու նրանց, ովքեր նյութապես ապահովված չեն (Առակներ 3։27)։ Այդպիսով՝ տքնաջան աշխատանքի շնորհիվ կկարողանանք վայելել այն մեծագույն ուրախությունը, որը բխում է տալուց։

      ԱՎԵԼԻՆ ԱՐԱ

      Իր հայտնի Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Եթե իշխանություն ունեցող որևէ մեկը ստիպում է քեզ իրեն ծառայելու համար գնալ մեկ մղոն, նրա հետ երկու մղոն գնա» (Մատթեոս 5։41)։ Ինչպե՞ս կարող ես այս խոսքերում ամփոփված սկզբունքը կիրառել աշխատանքիդ մեջ։ Մի՛ բավարարվիր նվազագույնը անելով։ Փոխարենը՝ միջոցներ փնտրիր պահանջվածից ավելին անելու։ Քո առջև նպատակներ դիր, օրինակ՝ փորձիր գործդ անել ավելի լավ կամ ավելի արագ, քան ակնկալվում է։ Ձգտիր աշխատանքիդ մեջ անգամ փոքր բաները լավագույն ձևով անել, ինչը կօգնի, որ դու բավականություն ստանաս քո գործից։

      Խանութի աշխատողը սիրով օգնում է գնորդներին

      Երբ ավելին ես անում, մեծ գոհունակություն ես ապրում, քանի որ այդ դեպքում դու ինքդ ես վերահսկում քո քայլերը։ Դու ավելին ես անում, որովհետև դու ես այդպես ցանկանում, և ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկն է քեզ ստիպում (Փիլիմոն 14)։ Այս առնչությամբ կարող է օգտակար լինել նաև Առակներ 12։24-ում գրված սկզբունքը։ Այնտեղ ասվում է. «Ժրաջանների ձեռքը պիտի իշխի, բայց ծույլ ձեռքը հարկադրական աշխատանք պիտի կատարի»։ Այսօր հազիվ թե մեզանից որևէ մեկին ստիպեն բառացիորեն ստրկական կամ հարկադրական աշխատանք կատարել։ Բայց երբ անում ենք միայն նվազագույնը, գուցե մեզ զգանք ստրկության մեջ, քանի որ անընդհատ ստիպված ենք կատարել ուրիշների պահանջածը։ Իսկ երբ ավելին ենք անում և անում ենք դա մեր ցանկությամբ, զգում ենք, որ մենք ենք վերահսկում մեր կյանքը և մեր քայլերը։

      ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԵՂԻՐ

      Ծանր աշխատանք կատարող մարդը, ինչ խոսք, գովեստի է արժանի, բայց նա չպետք է մոռանա, որ կյանքում կան նաև ուրիշ կարևոր բաներ։ Աստվածաշունչը հորդորում է ժրաջան լինել (Առակներ 13։4)։ Սակայն այն չի խրախուսում, որ դառնանք աշխատամոլ։ Ժողովող 4։6-ում ասվում է. «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից»։ Ի՞նչ են ցույց տալիս այս խոսքերը։ Աշխատամոլ մարդը չի կարող վայելել իր աշխատանքի արդյունքը, քանի որ գործը խլում է նրա ողջ ժամանակն ու էներգիան։ Արդյունքում նրա աշխատանքը դառնում է անիմաստ՝ «վազք՝ քամու հետևից»։

      Աստվածաշունչը կարող է օգնել մեզ հավասարակշռված տեսակետ ունենալու աշխատանքի վերաբերյալ։ Թեև այն հորդորում է մեզ լավագույնն անել մեր գործում, սակայն նաև խորհուրդ է տալիս, որ «հավաստիանանք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։ Որո՞նք են այդ «ավելի կարևոր բաները»։ Օրինակ՝ դրա մեջ կարող է մտնել ընտանիքի ու ընկերների հետ ժամանակ անցկացնելը։ Բայց առավել կարևոր են հոգևոր գործերը, օրինակ, Աստվածաշունչը ընթերցելը և դրա շուրջ խորհրդածելը։

      Ընտանիքի անդամները հաճելի ժամանակ են անցկացնում՝ միասին ճաշելով

      Նրանք, ովքեր հավասարակշռված կյանքով են ապրում, ավելի մեծ հաճույք են ստանում իրենց աշխատանքից։ Ուիլյամը, որի խոսքերը մեջբերվել են հոդվածի սկզբում, ասում է. «Աշխատանքի հանդեպ հավասարակշռված տեսակետ ունենալու հարցում ինձ համար հիանալի օրինակ է իմ նախկին գործատերերից մեկը։ Նա տքնաջան է աշխատում և քանի որ որակով է անում իր գործը, լավ փոխհարաբերություններ ունի իր պատվիրատուների հետ։ Սակայն օրվա վերջում իր գործն ավարտելուց հետո նա կարողանում է մոռանալ աշխատանքի մասին և լիովին կենտրոնանալ իր ընտանիքի և հոգևոր գործերի վրա։ Նա իմ իմացած ամենաերջանիկ մարդկանցից է»։

      Ինչպես են նրանք վերաբերվում աշխատանքին

      «Երբ օրվա վերջում հոգնած եմ լինում, ուրախություն ու բավարարվածություն եմ զգում, քանի որ այդ օրը աշխատել եմ ինչպես հարկն է» (Նիկ)։

      «Տքնաջան աշխատանքը, կարելի է ասել, աշխատանքի լավագույն ձևն է։ Եթե ինչ-որ բան ես անում, տեղը-տեղին արա» (Քրիսչըն)։

      «Մարդու մարմինը զարմանալի ունակություններ ունի։ Ես հաճույք եմ ստանում, երբ տքնաջան աշխատելով և ուրիշներին օգնելով՝ իմ գնահատանքն եմ ցույց տալիս կյանքի պարգևի համար» (Դեյվիդ)։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը