Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ինչպե՞ս է Աստված վերաբերվում պատերազմներին
    2015 Դիտարան | նոյեմբեր 1
    • Զինվորներ, տանկեր և կործանիչ ինքնաթիռներ

      ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

      Ինչպե՞ս է Աստված վերաբերվում պատերազմներին

      Ինչպե՞ս կպատասխանեք այս հարցին։ Շատերը կարծում են, որ Աստված հավանություն է տալիս պատերազմներին։ Նրանք այդպես են մտածում, քանի որ, ինչպես ցույց է տալիս Աստվածաշնչի արձանագրությունը, հնում Աստված երբեմն իր ծառաներին հրահանգ է տվել պատերազմ մղել։ Սակայն ոմանք էլ ասում են, որ Աստծու Որդին՝ Հիսուսը, իր հետևորդներին պատվիրել է սիրել իրենց թշնամիներին (Մատթեոս 5:43, 44)։ Ուստի նրանք մտածում են, որ ժամանակի ընթացքում Աստծու տեսակետը պատերազմի վերաբերյալ փոխվել է, և որ այսօր նա հավանություն չի տալիս պատերազմներին։

      Իսկ ձեր կարծիքով՝ Աստված հավանություն տալի՞ս է պատերազմներին։ Եթե այո, ապա ո՞ւմ կողմն է նա դիրք բռնում ներկայումս տեղի ունեցող ընդհարումներում։ Այս հարցերի պատասխանները գտնելը կարող է անդրադառնալ պատերազմի վերաբերյալ ձեր տեսակետի վրա։ Օրինակ՝ եթե իմանաք, որ Աստված ոչ միայն հավանություն է տալիս պատերազմներին, այլև թիկունք է կանգնում հակամարտող կողմերից այն մեկին, որին դուք էլ եք թիկունք կանգնում, ապա ակներևաբար ուրախ կլինեք, որ այդպիսի դիրքորոշում ունեք, և վստահ կլինեք, որ հենց այդ կողմը հաղթանակ կտանի։ Սակայն ի՞նչ կզգաք, եթե իմանաք, որ Աստված թիկունք է կանգնում մյուս կողմին։ Հավանաբար, դուք կվերանայեք ձեր տեսակետը այդ հարցի վերաբերյալ։

      Իսկ որ ավելի կարևոր է, պատերազմների վերաբերյալ Աստծու դիրքորոշումն իմանալը կարող է անդրադառնալ նրա մասին ձեր ունեցած տեսակետի վրա։ Եթե դուք էլ այն միլիոնավոր մարդկանց թվում եք, ովքեր բազում ցավեր են կրել մարդկանց մղած պատերազմների պատճառով, ապա անկասկած կցանկանաք իմանալ հետևյալ հարցերի պատասխանները։ Արդյո՞ք Աստված պատերազմներ հրահրող ռազմատենչ մի անձնավորություն է, որը ոչ միայն թույլ է տալիս, այլև խրախուսում է, որ մղվեն պատերազմներ, որոնք տառապանք են պատճառում մարդկանց։ Կամ արդյո՞ք նա անտարբեր է և ոչ մի քայլ չի ձեռնարկում կեղեքվող մարդկանց օգնելու համար։

      Գուցե զարմանաք՝ իմանալով, թե այս հարցերին ինչ պատասխան է տալիս Աստվածաշունչը։ Իրականում, հին ժամանակներից մինչև մեր օրերը պատերազմների վերաբերյալ Աստծու տեսակետը անփոփոխ է մնացել։ Եկեք տեսնենք՝ ինչ է ասում Աստվածաշունչը այն մասին, թե ինչպես է Աստված վերաբերվել պատերազմներին վաղ անցյալում և առաջին դարում, երբ Հիսուսն ապրել է երկրի վրա։ Դա կօգնի, որ հասկանանք, թե Աստված ինչ տեսակետ ունի պատերազմների վերաբերյալ այսօր, և թե արդյոք ապագայում կլինեն պատերազմներ։

  • Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ վաղ անցյալում
    2015 Դիտարան | նոյեմբեր 1
    • ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՍՏՎԱԾ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ

      Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ վաղ անցյալում

      Կարմիր ծովի ջրերը ծածկում են փարավոնին ու իր զորքին

      Հնում ապրած մի ժողովուրդ դաժան ճնշումների էր ենթարկվում։ Նրանք շարունակ աղոթում էին Աստծուն օգնության համար, բայց պատասխան չէին ստանում։ Այդ ժողովուրդը Իսրայելն էր՝ Աստծու ընտրյալ ազգը։ Իսկ նրանց կեղեքողը հզոր մի պետություն էր՝ Եգիպտոսը (Ելք 1։13, 14)։ Տարիներ շարունակ իսրայելացիները սպասում էին, թե երբ է Աստված իրենց ազատելու Եգիպտոսի դաժան բռնատիրությունից։ Ի վերջո եկավ իսրայելացիներին օգնելու Աստծու որոշած ժամանակը (Ելք 3։7–10)։ Աստվածաշունչը հայտնում է, որ Աստված անձամբ պատերազմեց եգիպտացիների դեմ։ Նա Եգիպտոսի վրա մի շարք ավերիչ պատուհասներ բերեց, իսկ հետո Եգիպտոսի թագավորին ու նրա զորքին կործանեց Կարմիր ծովում (Սաղմոս 136։15)։ Եհովան իր ժողովրդի համար հզոր պատերազմող դարձավ (Ելք 15։3, 4)։

      Այն փաստը, որ Աստված ինքը պատերազմեց եգիպտացիների դեմ, ցույց է տալիս, որ նա ոչ բոլոր պատերազմներին է դեմ։ Եղել են նաև դեպքեր, որ նա իր ժողովրդին՝ Իսրայելին է իրավասություն տվել պատերազմ մղելու։ Օրինակ՝ նա պատվիրեց իսրայելացիներին պատերազմել քանանացիների դեմ, որոնք ծայրաստիճան դաժան ու ապականված էին (2 Օրենք 9։5; 20։17, 18)։ Աստված նաև կարգադրեց Իսրայելի Դավիթ թագավորին, որ նա կռվի իր ժողովրդին հարստահարող փղշտացիների դեմ։ Նա նույնիսկ Դավթին սովորեցրեց, թե ինչ մարտավարություն ընտրի, որ հաղթանակ տանի (2 Սամուել 5։17–25)։

      Աստվածաշնչյան այս արձանագրությունները ցույց են տալիս, որ երբ իսրայելացիները ենթարկվում էին ճնշումների և դաժան վերաբերմունքի, Աստված որոշում էր, որ պետք է պատերազմ մղվի իր ժողովրդի պաշտպանության և մաքուր երկրպագության պահպանման համար։ Սակայն նկատի առնենք, թե ինչ երեք առանձնահատկություններ ունեին այն պատերազմները, որոնց Աստված հավանություն էր տալիս։

      1. ԱՍՏՎԱԾ ԷՐ ՈՐՈՇՈՒՄ՝ ՈՎ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ։ Մի անգամ Աստված իսրայելացիներին ասաց. «Այս անգամ դուք չեք պատերազմելու»։ Ո՞րն էր պատճառը։ Աստված ինքն էր պատերազմելու նրանց համար (2 Տարեգրություն 20։17; 32։7, 8)։ Նա այդպես է վարվել բազմաթիվ անգամներ, ինչպես, օրինակ, հոդվածի սկզբում նշված դրվագում։ Սակայն եղել են դեպքեր, երբ Աստված պատվիրել է, որ իր ժողովուրդը՝ Իսրայելը, մղի այն պատերազմները, որոնց ինքը հավանություն է տվել, այսինքն՝ այն պատերազմները, որոնց նպատակը Ավետյաց երկիրը գրավելն ու պաշտպանելն էր (2 Օրենք 7։1, 2; Հեսու 10։40)։

      2. ԱՍՏՎԱԾ ԷՐ ՈՐՈՇՈՒՄ՝ ԵՐԲ ՊԵՏՔ Է ՄՂՎԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ։ Աստծու ծառաները պետք է համբերությամբ սպասեին, մինչև որ գար չարության ու ճնշումների դեմ պայքարելու Աստծու նշանակած ժամանակը։ Մինչ այդ նրանք չպետք է իրենց իրավունք վերապահեին պատերազմ սկսելու։ Երբ նրանք չէին սպասում Աստծու առաջնորդությանը, կորցնում էին նրա հավանությունը։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ երբ իսրայելացիները հանդգնում էին պատերազմել առանց Աստծու կարգադրության, հետևանքները հաճախ աղետալի էին լինում։a

      3. Ռախաբն ու իր ընտանիքը, նրանց հետևում ավերված Երիքով քաղաքը

        Թեև Աստված պատվիրել էր պատերազմ մղել քանանացիների դեմ, բայց նա ողորմություն ցույց տվեց նրանցից մի քանիսի նկատմամբ, ինչպես, օրինակ, Ռախաբի և նրա ընտանիքի

        ԱՍՏԾՈՒՆ ՀԱՃՈՒՅՔ ՉԻ ՊԱՏՃԱՌՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ՉԱՐԱԳՈՐԾՆԵՐԻ ՄԱՀԸ։ Եհովա Աստված կյանքի Աղբյուրն է և մարդկության Արարիչը (Սաղմոս 36։9)։ Այդ պատճառով նա չի ցանկանում, որ մարդիկ մահանան։ Ցավոք, կան մարդիկ, ովքեր չար մտադրություններ ունեն և ուզում են ճնշել և նույնիսկ սպանել ուրիշներին (Սաղմոս 37։12, 14)։ Այդ չարագործություններին վերջ դնելու համար Աստված երբեմն թույլ է տվել, որ ամբարիշտ ու չար մարդկանց դեմ պատերազմ մղվի։ Բայցևայնպես, այն բոլոր տարիների ընթացքում, երբ Աստված թույլ է տվել իսրայելացիներին այդպիսի պատերազմներ մղել, նա «ողորմած» է եղել նրանց կեղեքիչների նկատմամբ և «չի շտապել բարկանալ» (Սաղմոս 86։15)։ Օրինակ՝ նա պատվիրել էր, որ նախքան իսրայելացիները կպատերազմեին որևէ քաղաքի դեմ, պետք է քաղաքի բնակիչներին «հայտնեին խաղաղության պայմանները», որպեսզի վերջիններս հնարավորություն ունենային փոփոխություններ անելու, ուղղվելու և խուսափելու պատերազմից (2 Օրենք 20։10–13)։ Այդպիսով Աստված ցույց է տվել, որ իրեն «ոչ թե ամբարշտի մահն է հաճույք պատճառում, այլ այն, որ ամբարիշտը հետ դառնա իր ճանապարհից ու ապրի» (Եզեկիել 33։11, 14–16)։b

      Ինչպես տեսանք, վաղ անցյալում Աստված պատերազմը համարել է չարությանն ու կեղեքմանը վերջ դնելու օրինավոր և արդարացի միջոց։ Բայց ոչ թե մարդիկ, այլ Աստված էր որոշում, թե երբ պետք է մղվեր այդպիսի պատերազմ, և ով պետք է մասնակցեր դրան։ Բայց արդյո՞ք Աստված մեծ խանդավառությամբ և արյունարբու կերպով էր մղում այդ պատերազմները։ Ճիշտ հակառակը՝ նա ատում է բռնությունը (Սաղմոս 11։5)։ Իսկ պատերազմի վերաբերյալ Աստծու տեսակետը փոխվե՞ց առաջին դարում, երբ նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, սկսեց իր ծառայությունը։

      a Օրինակ՝ մի անգամ, երբ իսրայելացիները, չլսելով Աստծու հրահանգին, պատերազմեցին ամաղեկացիների ու քանանացիների դեմ, ծանր պարտություն կրեցին (Թվեր 14։41–45)։ Այս դեպքից շատ տարիներ անց հավատարիմ Հովսիա թագավորը առանց Աստծու հավանությունը ստանալու ներքաշվեց մի պատերազմի մեջ և այդ անխոհեմ արարքի պատճառով կորցրեց իր կյանքը (2 Տարեգրություն 35։20–24)։

      b Իսրայելացիները քանանացիների դեմ պատերազմելուց առաջ խաղաղության պայմաններ չհայտնեցին նրանց։ Ինչո՞ւ։ Քանի որ քանանացիներին 400 տարի ժամանակ էր տրվել իրենց չար ճանապարհներից հետ դառնալու համար։ Եվ երբ եկավ այն ժամանակը, որ իսրայելացիները պետք է պատերազմեին քանանացիների դեմ, վերջիններս՝ որպես ժողովուրդ, արդեն անուղղելի չարագործներ էին համարվում Եհովայի աչքին (Ծննդոց 15։13–16)։ Ուստի Աստված պատվիրեց բնաջնջել նրանց։ Սակայն քանանացիների մեջ առանձին անհատներ, ովքեր փոխեցին իրենց սխալ ընթացքը, ողորմության արժանացան (Հեսու 6։25; 9։3–27)։

  • Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ առաջին դարում
    2015 Դիտարան | նոյեմբեր 1
    • ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՍՏՎԱԾ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ

      Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ առաջին դարում

      Առաջին դարում Հռոմեական կայսրության տիրապետության տակ գտնվող հրեաները ճնշումների էին ենթարկվում։ Իրենց նախահայրերի նման՝ նրանք, անկասկած, շարունակաբար աղոթում էին Աստծուն, որ ազատվեն իրենց կեղեքիչների լծից։ Այդ ժամանակներում իր ծառայությունը սկսեց Հիսուսը։ Արդյոք նա՞ էր խոստացյալ Մեսիան։ Շատերը «հույս ունեին, թե այս մարդը նա էր, ով պետք է ազատեր Իսրայելը» հռոմեական լծից (Ղուկաս 24:21)։ Բայց նրանց հույսերը չիրականացան։ Ավելին, մ.թ. 70թ.-ին հռոմեական զորքը կործանեց Երուսաղեմը և այնտեղ գտնվող տաճարը։

      Բայց ինչո՞ւ Աստված չպատերազմեց հրեաների համար, ինչպես վարվել էր անցյալում։ Կամ ինչո՞ւ նա հրեաներին չկարգադրեց պատերազմ մղել ու ազատվել իրենց կեղեքիչների լծից։ Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ փոխվե՞լ էր։ Ո՛չ, չէր փոխվել։ Բայց մի կարևոր փոփոխություն էր տեղի ունեցել հրեա ազգի հետ կապված։ Նրանք մերժել էին Աստծու Որդուն՝ Հիսուսին, և չէին ընդունել նրան՝ որպես Մեսիայի (Գործեր 2:36)։ Այդ պատճառով որպես ազգ՝ նրանք կորցրել էին Աստծու հավանությունը և այլևս առանձնահատուկ փոխհարաբերություններ չունեին նրա հետ (Մատթեոս 23:37, 38)։

      Հրեա ազգը և Ավետյաց երկիրը այլևս չէին գտնվում Աստծու պաշտպանության տակ, և հրեաները այդուհետ չէին կարող իրավամբ պնդել, թե իրենց մղած պատերազմները ունեն Աստծու հավանությունը, կամ թե Աստված իրենց կողմն է։ Ինչպես կանխագուշակել էր Հիսուսը, Իսրայել ազգի փոխարեն՝ Աստծու հավանությունը և օրհնությունները վայելում էր մի նոր ժողովուրդ՝ հոգևոր մի ազգ, որին Աստվածաշունչը կոչում է «Աստծու Իսրայել» (Գաղատացիներ 6:16; Մատթեոս 21:43)։ Սուրբ ոգով օծված քրիստոնյաների ժողովն էր դարձել Աստծու հոգևոր Իսրայելը։ Առաջին դարում նրանց ասվել էր. «Դուք.... հիմա Աստծու ժողովուրդն եք» (1 Պետրոս 2:9, 10)։

      Քանի որ առաջին դարում քրիստոնյաներն էին «Աստծու ժողովուրդը», արդյո՞ք Աստված նրանց համար պատերազմ մղեց, որ նրանց ազատի հռոմեացիների լծից։ Կամ արդյո՞ք նա կարգադրեց նրանց, որ պատերազմեն իրենց կեղեքիչների դեմ։ Ո՛չ, նա այդպես չվարվեց։ Ինչո՞ւ։ Ինչպես իմացանք նախորդ հոդվածից, Աստված ինքն է որոշում՝ երբ պետք է մղվի այն պատերազմը, որն ունի իր հավանությունը։ Աստված չպատերազմեց առաջին դարի քրիստոնյաների համար, ոչ էլ նրանց իրավասություն տվեց ներքաշվելու աշխարհում մղվող պատերազմների մեջ։ Հստակ է, ուրեմն, որ առաջին դարը չարության և ճնշումների դեմ պայքարելու Աստծու ընտրած ժամանակը չէր։

      Հետևաբար, հնում ապրած Աստծու ծառաների նման՝ առաջին դարի քրիստոնյաները պետք է սպասեին, մինչև գար չարությանն ու կեղեքումներին վերջ դնելու Աստծու սահմանած ժամանակը։ Մինչ այդ նրանք չպետք է իրենց իրավունք վերապահեին պայքար մղելու իրենց թշնամիների դեմ։ Դա հստակ է դառնում նաև այն ամենից, ինչ սովորեցրեց Հիսուս Քրիստոսը։ Օրինակ՝ նա իր հետևորդներին չպատվիրեց մասնակցել պատերազմների, այլ ասաց նրանց. «Շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար» (Մատթեոս 5:44)։ Բացի այդ, մարգարեանալով այն մասին, որ առաջին դարում Երուսաղեմը հարձակման էր ենթարկվելու հռոմեական զորքի կողմից՝ Հիսուսը իր աշակերտներին պատվիրեց ոչ թե մնալ ու մարտնչել, այլ փախչել սարերը (Ղուկաս 21:20, 21)։ Քրիստոնյաները հենց այդպես էլ վարվեցին։

      Իսկ Պողոս առաքյալը, Աստծուց ներշնչված, գրել էր. «Վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար.... որովհետև գրված է. ««Վրեժխնդրությունը իմն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան»» (Հռոմեացիներ 12:19)։ Պողոսը մեջբերում էր այն խոսքերը, որ Աստված ասել էր դարեր առաջ, և որոնք արձանագրված են Ղևտական 19:18 և 2 Օրենք 32:35 համարներում։ Ինչպես իմացանք նախորդ հոդվածից, Աստված հնում վրեժխնդիր է եղել իր ժողովրդի համար՝ օգնելով նրանց պատերազմելու իրենց թշնամիների դեմ։ Հետևաբար, Պողոսի խոսքերը ցույց են տալիս, որ պատերազմի վերաբերյալ Աստծու տեսակետը չէր փոխվել առաջին դարում։ Աստված այդ ժամանակ էլ պատերազմը համարում էր իր ծառաների համար վրեժխնդիր լինելու և չարությանն ու կեղեքումներին վերջ դնելու օրինավոր միջոց։ Սակայն ինչպես վաղ անցյալում, այդպես էլ առաջին դարում միմիայն Աստված էր որոշում՝ երբ պետք է այդպիսի պատերազմ մղվեր, և ով պետք է մասնակցեր դրան։

      Հստակ է, ուրեմն, որ Աստված առաջին դարում քրիստոնյաներին իրավասություն չէր տվել պատերազմ մղելու իրենց թշնամիների դեմ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Այսօր Աստված պատերազմելու իրավունք տվե՞լ է մարդկանց որևէ խմբի։ Կամ արդյոք հիմա՞ է ժամանակը, որ Աստված միջամտի ու պատերազմի իր ծառաների համար։ Ինչպե՞ս է նա վերաբերվում պատերազմներին այսօր։ Այս հարցերի պատասխանները կտրվի այս հոդվածաշարի վերջին հոդվածում։

  • Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ այսօր
    2015 Դիտարան | նոյեմբեր 1
    • ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՍՏՎԱԾ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ

      Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ այսօր

      Այսօր մարդիկ ճնշումների ու կեղեքումների են ենթարկվում։ Շատերը անդադար աղերսում են Աստծուն, որ օգնի իրենց, և սպասում են, թե երբ կազատվեն այդ կեղեքումներից։ Արդյոք Աստված լսո՞ւմ է նրանց աղոթքները։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր փորձում են պատերազմի միջոցով վերջ դնել կեղեքումներին։ Արդյոք Աստված թիկունք կանգնո՞ւմ է այդ մարդկանց՝ նրանց մղած պատերազմը համարելով արդարացի։

      Հիսուսն ու նրա հրեշտակները սպիտակ ձիեր հեծած մղում են Արմագեդոն պատերազմը

      Արմագեդոնն է այն պատերազմը, որի միջոցով վերջ կդրվի բոլոր պատերազմներին

      Նախևառաջ նկատի առնենք մի շատ մխիթարական ճշմարտություն. Աստված տեսնում է մարդկության տառապանքը և պատրաստվում է որոշակի քայլեր ձեռնարկել (Սաղմոս 72:13, 14)։ Իր Խոսքում՝ Աստվածաշնչում, նա խոստանում է, որ նրանք, ովքեր «նեղություններ են կրում, թեթևացում» կստանան։ Իսկ ե՞րբ դա կլինի։ «Տեր Հիսուսի հայտնության ժամանակ, երբ նա հայտնվի երկնքից իր զորավոր հրեշտակների հետ.... վրեժ առնելու նրանցից, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին» (2 Թեսաղոնիկեցիներ 1:7, 8)։ Հիսուսի այս հայտնությունը լինելու է ապագայում, երբ սկսվի այն, ինչը Աստվածաշունչը կոչում է «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմ», որը հայտնի է Արմագեդոն անվամբ (Հայտնություն 16:14, 16)։

      Այդ պատերազմի ժամանակ Աստված ոչ թե մարդկանց, այլ իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և հզոր ոգեղեն արարածներին է հանձնարարելու պատերազմ մղել չարության դեմ։ Երկնային զորքերը վերջ են դնելու ամեն տեսակ ճնշումներին ու կեղեքումներին (Եսայիա 11:4; Հայտնություն 19:11–16)։

      Փաստորեն, մինչ օրս Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ չի փոխվել։ Նա այսօր էլ պատերազմը համարում է կեղեքումներն ու չարությունը վերացնելու օրինավոր և արդարացի միջոց։ Բայց ինչպես մարդկության ողջ պատմության ընթացքում է եղել, միմիայն Աստված է որոշում՝ երբ պետք է այդպիսի պատերազմ մղվի, և ով պետք է մասնակցի դրան։ Ինչպես տեսանք, Աստված արդեն որոշել է, որ այն պատերազմը, որի միջոցով վերջ է դրվելու չարությանը և վրեժ է առնվելու կեղեքված մարդկանց համար, տեղի է ունենալու ապագայում և այն մղելու է իր Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ Դա նշանակում է, որ Աստված հավանություն չի տալիս ներկայումս երկրի վրա տեղի ունեցող պատերազմներին, անկախ նրանից՝ դրանք վեհ նպատակներով են մղվում, թե ոչ։

      Մտածենք մի օրինակի շուրջ։ Ենթադրենք՝ երկու եղբայրներ հոր բացակայության ժամանակ սկսում են վիճաբանել ու կռվել իրար հետ։ Նրանք, մի պահ դադարեցնելով վեճը, որոշում են զանգահարել իրենց հորը, որ լուծեն խնդիրը։ Եղբայրներից մեկը հորն ասում է, թե մյուսն է սկսել վեճը, իսկ մյուսը պնդում է, թե իր եղբայրը վատ է վերաբերվել իրեն։ Նրանցից յուրաքանչյուրը հույս ունի, թե հայրը իր կողմը դիրք կբռնի։ Սակայն երկուսին էլ լսելուց հետո հայրը պատվիրում է նրանց , որ չվիճեն և սպասեն, մինչև ինքը գա տուն ու լուծի խնդիրը։ Եղբայրները մի որոշ ժամանակ սպասում են։ Սակայն շուտով կրկին սկսում են կռվել։ Երբ հայրը վերադառնում է տուն, երկու որդիների վրա էլ բարկանում է ու երկուսին էլ պատժում է իրեն չլսելու և չհնազանդվելու համար։

      Այսօր պատերազմող կողմերը հաճախ դիմում են Աստծուն՝ նրա աջակցությունը ստանալու համար։ Սակայն Աստված ներկայումս մղվող պատերազմներում ոչ ոքի կողմը դիրք չի բռնում։ Նա իր Խոսքում՝ Աստվածաշնչում, հստակ ասում է. «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք»։ Նաև պատվիրում է. «Վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար» (Հռոմեացիներ 12:17, 19)։ Ավելին, նա իր Խոսքում հայտնել է, որ մարդիկ պետք է համբերատարությամբ սպասեն, մինչև ինքը միջամտի՝ բերելով Արմագեդոն պատերազմը (Սաղմոս 37:7)։ Երբ ազգերը չեն սպասում, որ Աստված լուծի խնդիրը, և սկսում են կռվել միմյանց դեմ, Աստված այդ պատերազմները համարում է ըմբոստություն և թշնամանքի դրսևորում։ Ուստի այդ պատերազմները հարուցում են նրա արդարացի զայրույթը։ Արմագեդոնի ժամանակ Աստված ցույց կտա իր բարկությունը և մեկընդմիշտ վերջ կդնի ազգերի միջև տեղի ունեցող ընդհարումներին՝ «դադարեցնելով պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 46:9; Եսայիա 34:2)։ Այո՛, Արմագեդոնը կլինի այն պատերազմը, որի միջոցով վերջ կդրվի բոլոր պատերազմներին։

      Պատերազմներին վերջ դնելը այն բազում օրհնություններից մեկն է, որ կբերի Աստծու Թագավորությունը։ Հիսուսը այս կառավարության մասին նշել է իր հանրահայտ աղոթքում. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6:10)։ Աստծու Թագավորությունը կվերացնի ոչ միայն պատերազմները, այլև դրանց բուն պատճառը՝ չարությունը (Սաղմոս 37:9, 10, 14, 15)։a Զարմանալի չէ, որ Հիսուսի հետևորդները անհամբերությամբ սպասում են Աստծու Թագավորության օրհնություններին (2 Պետրոս 3:13)։

      Դրախտում մարդիկ վայելում են կյանքը

      Իսկ որքա՞ն ժամանակ պետք է սպասենք, մինչև Աստծու Թագավորությունը վերջ դնի ամեն տեսակ տառապանքին, կեղեքումներին և չարությանը։ Աստվածաշնչի մարգարեությունների կատարումը ցույց է տալիս, որ մենք ապրում ենք այս համակարգի «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3:1–5)։b Շուտով Աստծու Թագավորությունը Արմագեդոն պատերազմի միջոցով վերջ կդնի այս վերջին օրերի դժվար ժամանակներին։

      Ինչպես արդեն նշվեց, այս վերջնական պատերազմի ժամանակ կկործանվեն նրանք, ովքեր «չեն հնազանդվում մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին» (2 Թեսաղոնիկեցիներ 1:8)։ Սակայն հիշենք, որ Աստծուն հաճույք չի պատճառում որևէ մեկի մահը, այդ թվում չարագործի (Եզեկիել 33:11)։ Քանի որ Աստված «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի», նա այժմ հոգ է տանում, որ Տեր Հիսուսի մասին բարի լուրը «քարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար», նախքան կգա վերջը (2 Պետրոս 3:8, 9; Մատթեոս 24:14; 1 Տիմոթեոս 2:3, 4)։ Այո՛, Եհովայի վկաների համաշխարհային քարոզչական գործի միջոցով մարդիկ այսօր հնարավորություն ունեն ճանաչելու Աստծուն, ընդունելու Հիսուսի մասին բարի լուրը և տեսնելու այն ժամանակները, երբ երկրի վրա այլևս պատերազմներ չեն լինի։

      a Աստծու Թագավորությունը նաև կվերացնի մահը՝ մարդկության թշնամուն։ Ինչպես նշվում է այս ամսագրի «Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ» հոդվածում, Աստված հարություն կտա անհամար մարդկանց, այդ թվում ողջ պատմության ընթացքում պատերազմների զոհ դարձածներին։

      b Ավելի շատ տեղեկություններ վերջին օրերի մասին կարող եք կարդալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 9-րդ գլխում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը