-
Ինչո՞ւ է կարևոր հասկանալ Աստվածաշունչը2015 Դիտարան | դեկտեմբեր 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՍԿԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Ինչո՞ւ է կարևոր հասկանալ Աստվածաշունչը
«Աստվածաշունչը հայտնի կրոնական գիրք է։ Բայց մեզ՝ չինացիներիս համար այն օտար գիրք է և ոչ մի կապ չունի մեզ հետ» (ԼԻՆ, ՉԻՆԱՍՏԱՆ)։
«Ես նույնիսկ իմ կրոնի՝ հնդուիզմի սուրբ գրքերը չեմ կարողանում հասկանալ։ Էլ ինչպե՞ս կարող եմ հասկանալ Աստվածաշունչը» (ԱՄԻՏ, ՀՆԴԿԱՍՏԱՆ)։
«Ես հարգանքով եմ վերաբերվում Աստվածաշնչին, քանի որ այն հին գիրք է, և որքան գիտեմ, աշխարհի ամենաշատ վաճառվող գրքերից է։ Բայց ինքս երբեք Աստվածաշունչ չեմ տեսել» (ՅՈՒՄԻԿՈ, ՃԱՊՈՆԻԱ)։
Ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ մեծ հարգանքով են վերաբերվում Աստվածաշնչին։ Սակայն հաճախ նրանք շատ քիչ բան գիտեն կամ էլ ընդհանրապես ոչինչ չգիտեն այդ գրքի բովանդակության մասին։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Ասիայում ապրող միլիոնավոր մարդկանց, այլև այն երկրներում ապրող մարդկանց, որտեղ Աստվածաշունչը լայնորեն տարածված է։
Սակայն թերևս հարցնեք. «Կարևո՞ր է արդյոք հասկանալ Աստվածաշունչը»։ Այո՛, կարևոր է, քանի որ եթե հասկանաք՝ ինչ է գրված այդ սուրբ գրքում, բազմաթիվ օգուտներ կքաղեք։ Այդ գիրքը կարող է օգնել, որ՝
ունենաք բավարարվածության զգացում և լինեք երջանիկ,
լուծեք ընտանեկան խնդիրները,
չափից շատ չմտահոգվեք,
բարելավեք ձեր փոխհարաբերությունները մարդկանց հետ,
իմաստնորեն տնօրինեք փողը։
Օրինակ՝ Յոշիկոն, որն ապրում է Ճապոնիայում, ցանկանում էր իմանալ՝ ինչի մասին է Աստվածաշունչը, ուստի որոշեց անձամբ կարդալ այն։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Նա ասում է. «Աստվածաշունչն օգնեց ինձ գտնելու կյանքի իմաստը և ապագայի ամուր հույս ձեռք բերելու»։ Ապա ավելացնում է. «Ես այլևս դատարկություն չեմ զգում»։ Ամիտը, որի խոսքերը մեջբերվեցին հոդվածի սկզբում, նույնպես որոշեց անձամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նա ասում է. «Ես ուղղակի ապշել էի։ Աստվածաշունչը պարունակում է գործնական խորհուրդներ բոլոր մարդկանց համար»։
Աստվածաշունչը մեծ ազդեցություն է ունեցել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։ Դուք էլ կարող եք անձամբ ուսումնասիրել այդ գիրքը և տեսնել, թե այն ինչ օգուտներ կբերի ձեզ։
-
-
Գիրք, որը կարող ենք հասկանալ2015 Դիտարան | դեկտեմբեր 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՍԿԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Գիրք, որը կարող ենք հասկանալ
Աստվածաշունչը շատ հին գիրք է։ Աստվածաշնչի առաջին գրքերը սկսել են գրվել մոտ 3500 տարի առաջ Մերձավոր Արևելքում։ Համեմատության համար նշենք, որ դա Հնդկաստանում բուդդայականության ծագումից մոտ տասը դար առաջ էր՝ այն ժամանակաշրջանում, երբ Չինաստանում իշխում էր պատմության մեջ հայտնի ամենահին չինական դինաստիան (տե՛ս «Տեղեկություններ Աստվածաշնչի մասին» շրջանակը)։
Աստվածաշունչը տալիս է կյանքին առնչվող ամենակարևոր հարցերի պատասխանները
Որպեսզի գիրքը մարդկանց օգուտ բերի և նրանց ճիշտ առաջնորդություն տա, այն պետք է հասկանալի և գործնական լինի։ Աստվածաշունչը հենց այդպիսի գիրք է։ Այն տալիս է կյանքին առնչվող ամենակարևոր հարցերի պատասխանները։
Օրինակ՝ հավանաբար մտածել եք հետևյալ հարցի շուրջ. «Ինչո՞ւ ենք ապրում»։ Մարդիկ հազարավոր տարիներ փնտրել են և մինչ օրս փնտրում են այս հարցի պատասխանը։ Մինչդեռ պատասխանը գտնվում է Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի առաջին երկու գլուխներում։ Աստվածաշնչի այս արձանագրության մեջ խոսվում է այն մասին, թե «սկզբում»՝ միլիարդավոր տարիներ առաջ, ինչպես է ստեղծվել մեր տիեզերքը, այդ թվում գալակտիկաները, աստղերը և երկրագունդը (Ծննդոց 1։1)։ Այնուհետև հերթականությամբ նկարագրվում է, թե ինչպես է մեր մոլորակը բնակելի դարձել, ինչպես են ստեղծվել կենդանի օրգանիզմների տարբեր տեսակները և մարդ արարածը, նաև նշվում է, թե որն է այդ ամենի ստեղծման նպատակը։
ԳՐՎԱԾ Է ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՀԱՍԿԱՆԱՆՔ
Աստվածաշունչը պարունակում է գործնական խորհուրդներ, որոնք կարող են օգնել մեզ լուծելու առօրյա խնդիրները։ Այդ խորհուրդները հեշտ է հասկանալ շնորհիվ աստվածաշնչյան արձանագրության երկու առանձնահատկության։
Նախևառաջ Աստվածաշունչը գրված է պարզ, հասկանալի և ազդեցիկ լեզվով։ Աստվածաշնչի բնագրում հիմնականում օգտագործվում են ոչ թե վերացական կամ խորհրդավոր բառեր և արտահայտություններ, այլ այնպիսի բառեր, որոնք առնչվում են շրջակա աշխարհում գոյություն ունեցող նյութական բաներին, և որոնք մեր մտքում պատկերներ են ստեղծում։ Բարդ մտքերը շարադրված են պարզ, հասարակ բառերով, որոնք հաճախ են գործածվում առօրյա կյանքում։
Օրինակ՝ մարդկանց կարևոր դասեր սովորեցնելու և նրանց սրտին հասնելու համար Հիսուսը օգտագործում էր նրանց առօրյա կյանքից վերցված պարզ օրինակներ։ Այդպիսի շատ օրինակներ կան Հիսուսի հայտնի Լեռան քարոզում, որը արձանագրված է Աստվածաշնչի «Մատթեոս» գրքի 5-ից 7-րդ գլուխներում։ Աստվածաշնչի մի մեկնաբան, այդ քարոզն անվանելով «գործնական ելույթ», նշում է, որ դրա նպատակը ոչ թե «պարզապես ինչ-որ տեղեկություն հաղորդելն է, այլ գործնական առաջնորդություն տալը և մեր վարքը ուղղելը»։ Աստվածաշնչի այդ գլուխները կարող եք կարդալ թերևս 15–20 րոպեում։ Գուցե զարմանաք՝ տեսնելով, թե որքան պարզ, սակայն միևնույն ժամանակ ազդեցիկ են Հիսուսի խոսքերը։
Մյուս առանձնահատկությունը, որի շնորհիվ Աստվածաշունչը հեշտ է հասկանալ, դրա բովանդակությունն է։ Այն առասպելների ու հեքիաթների գիրք չէ։ Ինչպես նշվում է «Ուորլդ բուք» հանրագիտարանում, Աստվածաշունչը հիմնականում «և՛ նշանավոր, և՛ հասարակ մարդկանց մասին է», ինչպես նաև նրանց «մաքառումների, հույսերի, ձախողումների և հաջողությունների մասին»։ Մենք կարող ենք հեշտությամբ հասկանալ իրական մարդկանց և դեպքերի մասին այդ պատմությունները և այն կարևոր դասերը, որ պարունակում են այդ պատմությունները (Հռոմեացիներ 15։4)։
ՄԱՏՉԵԼԻ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
Որպեսզի կարողանանք հասկանալ որևիցե գիրք, այն պետք է գրված լինի մեզ հասկանալի լեզվով։ Աստվածաշունչը ակներևաբար առկա է այն լեզվով, որը դուք կարող եք հասկանալ, անկախ նրանից, թե որտեղ եք ապրում և ինչ ազգության եք պատկանում։ Տեսնենք, թե ինչի շնորհիվ է դա հնարավոր դարձել։
Թարգմանություն։ Աստվածաշունչը գրվել է եբրայերենով, արամերենով և հունարենով։ Հետևաբար, այն կարող էին կարդալ միայն սահմանափակ թվով մարդիկ։ Շատ ազնվասիրտ թարգմանիչներ մեծ ջանքեր են ներդրել, որպեսզի Աստվածաշունչը մատչելի դառնա նաև այլ լեզուներով։ Նրանց ջանքերի շնորհիվ ներկայումս Աստվածաշունչը ամբողջությամբ կամ մասամբ մատչելի է մոտ 2700 լեզվով։ Սա նշանակում է, որ երկրագնդի բնակչության ավելի քան 90 տոկոսը կարող է իր մայրենի լեզվով կարդալ ամբողջ Աստվածաշունչը կամ առնվազն դրա մի մասը։
Տպագրություն։ Սկզբում Աստվածաշունչը գրվել է հեշտ քայքայվող նյութերի վրա, ինչպիսիք են մագաղաթը և պապիրուսը։ Որպեսզի Աստվածաշնչի տեղեկությունը պահպանվեր ու փոխանցվեր հաջորդ սերունդներին, անհրաժեշտ էր այդ տեքստը պարբերաբար արտագրել ամենայն զգուշությամբ և ուշադրությամբ։ Այդ ձեռագրերը շատ թանկ էին և շատ քիչ մարդիկ կարող էին ձեռք բերել դրանք։ Սակայն ավելի քան 550 տարի առաջ Գուտենբերգը ստեղծեց տպագրահաստոցը, և դրա շնորհիվ Աստվածաշունչը լայն տարածում գտավ։ Մի հաշվետվության համաձայն՝ Աստվածաշնչի կամ նրա որոշ հատվածների ավելի քան հինգ միլիարդ օրինակ է տարածվել։
Ոչ մի ուրիշ կրոնական գիրք այս առումներով չի կարող համեմատվել Աստվածաշնչի հետ։ Իրոք, Աստվածաշունչը մի գիրք է, որը գրված է այնպես, որ մարդիկ հասկանան այն։ Այդուհանդերձ, այն հասկանալը այդքան էլ հեշտ չէ։ Բայց այդ հարցում կարող եք օգնություն ստանալ։ Իսկ որտեղի՞ց կարող եք ստանալ նման օգնություն և ի՞նչ կարող եք անել այն ստանալու համար։ Այս հարցերի պատասխանները կտրվեն հաջորդ հոդվածում։
-
-
Օգնություն՝ Աստվածաշունչը հասկանալու համար2015 Դիտարան | դեկտեմբեր 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՍԿԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Օգնություն՝ Աստվածաշունչը հասկանալու համար
Պատկերացրեք, թե կյանքում առաջին անգամ գնացել եք օտար երկիր։ Այդ երկրի բնակիչները, տեղի սովորույթները, կերակրատեսակները և դրամական միավորը բոլորովին անծանոթ են ձեզ։ Բնական է, որ դուք սկզբում շփոթության ու տարակուսանքի մեջ կընկնեք և կցանկանաք, որ ինչ-որ մեկը օգնի ձեզ։
Նմանատիպ զգացումներ գուցե ունենաք նաև Աստվածաշունչը առաջին անգամ կարդալիս։ Ընթերցելով այն՝ դուք կհայտնվեք հին ժամանակների մի աշխարհում, որտեղ շատ բաներ անծանոթ են ձեզ։ Օրինակ՝ այնտեղ կկարդաք փղշտացիներ կոչվող մի ժողովրդի մասին, նաև «հագուստները պատռելու» տարօրինակ սովորության մասին կամ մանանա կոչվող ինչ-որ ուտելիքի և դրախմա կոչվող մետաղադրամի մասին (Ելք 16։31; Հեսու 13։2; 2 Սամուել 3։31; Ղուկաս 15։9)։ Այս ամենը գուցե ձեզ շփոթության մեջ գցի։ Եվ ինչպես օտար երկիր այցելելու պարագայում, այնպես էլ այս դեպքում դուք հավանաբար ուրախ կլինեք, որ ինչ-որ մեկը օգնի ձեզ և ամեն ինչ բացատրի։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ
Սկսած մ.թ.ա. 16-րդ դարից, երբ սկսեցին գրվել Աստվածաշնչի սուրբ գրքերը, մարդկանց միշտ օգնություն է տրվել գրվածը հստակ հասկանալու համար։ Օրինակ՝ Աստվածաշնչում նշվում է, որ Մովսեսը՝ Իսրայել ազգի առաջին առաջնորդը, «սկսեց բացատրել» ժողովրդին այն ամենը, ինչ գրված էր (2 Օրենք 1։5)։
Դրանից մոտ տասը դար հետո էլ կային հմուտ ուսուցիչներ, որոնք բացատրում էին սուրբ գրքերը։ Մ.թ.ա. 455-ին հրեաների մի մեծ բազմություն, այդ թվում շատ երեխաներ հավաքվել էին Երուսաղեմի հրապարակում։ Իսկ Աստծու Խոսքի ուսուցիչները նրանց համար «բարձրաձայն կարդում էին [սուրբ] գրքից»։ Կարդալուց բացի, նրանք նաև «օգնում էին ժողովրդին հասկանալու կարդացածը» (Նեեմիա 8։1–8)։
Հինգ դար անց նմանատիպ կրթական աշխատանք էր կատարում նաև Հիսուս Քրիստոսը։ Ժողովուրդը նրան գլխավորաբար ճանաչում էր որպես ուսուցիչ (Հովհաննես 13։13)։ Նա ուսուցանում էր մեծ խմբերի, նաև առանձին անհատների։ Օրինակ՝ մի անգամ Հիսուսը մի մեծ բազմության առջև ներկայացրեց իր հայտնի Լեռան քարոզը։ Աստվածաշունչը նշում է, որ «ժողովուրդը ապշած էր նրա սովորեցնելու կերպի վրա» (Մատթեոս 5։1, 2; 7։28)։ Իսկ մ.թ. 33-ի գարնանը, երբ Հիսուսի երկու աշակերտները գնում էին Երուսաղեմի մոտ գտնվող մի գյուղ, ճանապարհին նրանց միացավ Հիսուսը և սկսեց խոսել նրանց հետ ու «բացատրել Սուրբ Գրքերը» (Ղուկաս 24։13–15, 27, 32)։
Հիսուսի աշակերտները նույնպես Աստծու Խոսքի հմուտ ուսուցիչներ էին։ Մի անգամ, երբ եթովպացի մի պաշտոնյա կարդում էր Աստծու Խոսքից մի հատված, Հիսուսի աշակերտներից մեկը՝ Փիլիպոսը, մոտեցավ նրան ու հարցրեց. «Հասկանո՞ւմ ես, ինչ որ կարդում ես»։ Եթովպացին պատասխանեց. «Ինչպե՞ս կկարողանամ հասկանալ, եթե մեկը չառաջնորդի ինձ»։ Այդ ժամանակ Փիլիպոսը նրան բացատրեց գրվածի իմաստը (Գործեր 8։27–35)։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ
Հին ժամանակներում ապրած Աստծու Խոսքի ուսուցիչների նման՝ Եհովայի վկաները օգնում են մարդկանց հասկանալու Աստվածաշունչը։ Նրանք ներկայումս Աստվածաշնչի կրթական գործունեություն են իրականացնում աշխարհի 239 երկրներում (Մատթեոս 28։19, 20)։ Ամեն շաբաթ Եհովայի վկաները ավելի քան ինը միլիոն մարդու ուսուցանում են Աստծու Խոսքը, ընդ որում շատերը ոչ քրիստոնեական երկրներից են։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը անվճար է և կարող է անցկացվել տանը կամ մեկ այլ հարմար վայրում։ Ոմանք նույնիսկ Աստվածաշնչի ուսումնասիրության այդ դասընթացն անցնում են հեռախոսակապի կամ տեսակապի միջոցով։
Կարող եք դիմել Եհովայի վկաներից ցանկացած մեկին, որպեսզի մանրամասնորեն տեղեկանաք, թե ինչ կարող եք անել այդ կրթական ծրագրից օգտվելու համար։ Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ դուք կտեսնեք, որ այն ամենևին էլ խորհրդավոր ու անհասկանալի գիրք չէ, այլ «օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար», ինչի շնորհիվ դուք «լիովին իրազեկ կլինեք, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (2 Տիմոթեոս 3։16, 17)։
-