-
Ովքե՞ր են Եհովայի վկաները2015 Դիտարան | սեպտեմբեր 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ
Ովքե՞ր են Եհովայի վկաները
«Մայքը Եհովայի վկա է։ Երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ նրան։ Բայց միշտ կասկածանքով եմ վերաբերվել նրա կրոնին։ Ո՞վ է Եհովան։ Ինչո՞ւ Վկաները տոներ չեն նշում։ Գուցե դա ինչ-որ տարօրինակ աղա՞նդ է» (Բեկի, Կալիֆորնիա, ԱՄՆ)։
«Երբ իմ հարևանները սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ, իմ մեջ հարց առաջացավ. «Ի՞նչ է նշանակում այդ անունը՝ «Եհովայի վկաներ»»։ Մտածում էի, որ կրոնի համար դա շատ արտասովոր անուն է» (Զենոն, Օնտարիո, Կանադա)։
«Ես ու կինս մտածում էինք, որ Եհովայի վկաները ցանկանում են մեզ ներքաշել իրենց կրոնի մեջ՝ օգտվելով մեր մեղավորության զգացումից, որ ունեինք եկեղեցի չհաճախելու պատճառով։ Մենք նաև մտածում էինք, որ եթե ավանդական եկեղեցիները չեն կարողացել մեզ հուզող հարցերի պատասխանները տալ, ապա Եհովայի վկաների տարօրինակ կրոնը առավել ևս չի կարող» (Քենտ, Վաշինգտոն, ԱՄՆ)։
«Անկեղծ ասած, ես չգիտեի՝ նրանք ովքեր են և ինչին են հավատում» (Սեսիլյա, Էսբիերգ, Դանիա)։
Հավանաբար տեսել եք, թե ինչպես են Եհովայի վկաները հասարակական վայրերում կամ տնից տուն մարդկանց քարոզում՝ առաջարկելով Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն կամ Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն։ Ակներևաբար հենց նրանցից մեկն է տվել ձեզ այս ամսագիրը։ Այդուհանդերձ, գուցե հստակ պատկերացում չունեք այն մասին, թե ովքեր են իրականում Եհովայի վկաները։ Ինչպես վերոհիշյալ մարդիկ, թերևս դուք էլ տարբեր տեսակետներ ունեք նրանց մասին։
Եթե դուք էլ, այդ մարդկանց նման, տարբեր հարցեր ունեք, ապա որտե՞ղ կարող եք գտնել դրանց պատասխանները։ Ինչպե՞ս կարող եք իմանալ, թե իրականում ինչին են հավատում Եհովայի վկաները, ինչպես է ֆինանսավորվում նրանց գործունեությունը, ինչպես են փակվում նրանց երկրպագության վայրերի հետ կապված ծախսերը, և ինչու են նրանք գալիս ձեր տուն կամ մոտենում ձեզ հասարակական վայրերում։
Սեսիլյան, որի խոսքերը մեջբերվեցին հոդվածի սկզբում, ասում է. «Եհովայի վկաների մասին շատ էի կարդացել ինտերնետում։ Բացի այդ, նրանց վերաբերյալ տարբեր տեղեկություններ և կանխակալ կարծիքներ էի լսել։ Այդպես նրանց մասին բացասական կարծիք էր ձևավորվել իմ մեջ»։ Սակայն հետագայում Սեսիլյան անձամբ խոսեց Եհովայի վկաների հետ և իրեն հուզող հարցերին գոհացուցիչ պատասխաններ ստացավ։
Իսկ դուք կցանկանա՞ք Եհովայի վկաների մասին հավաստի տեղեկություններ ստանալ։ Այդ դեպքում տեղին կլինի դիմել նրանց, ովքեր Եհովայի վկաների մասին ամենաշատ ու ամենաճիշտ տեղեկություններն ունեն, այսինքն՝ հենց Եհովայի վկաներին՝ այս ամսագիրը հրատարակողներին (Առակներ 14։15)։ Հուսով ենք, որ հաջորդ հոդվածները կօգնեն ձեզ հասկանալու, թե ովքեր ենք մենք, ինչ հավատալիքներ ունենք և ինչ գործունեություն ենք իրականացնում։
-
-
Ինչպիսի՞ մարդիկ են Եհովայի վկաները2015 Դիտարան | սեպտեմբեր 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ
Ինչպիսի՞ մարդիկ են Եհովայի վկաները
Մենք՝ Եհովայի վկաներս, միջազգային կազմակերպություն ենք, որն առնչություն չունի այլ կրոնական ուղղությունների կամ խմբերի հետ։ Թեև մեր գլխավոր վարչությունը գտնվում է Միացյալ Նահանգներում, սակայն Եհովայի վկաների ճնշող մեծամասնությունը ապրում է այլ երկրներում։ Եհովայի վկաները, որոնց թիվը հասնում է մոտ ութ միլիոնի, մարդկանց հայտնում են աստվածաշնչյան ճշմարտությունները ավելի քան 230 երկրներում՝ վարվելով Հիսուսի հետևյալ խոսքերին ներդաշնակ. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթեոս 24։14)։
Անկախ նրանից, թե որ երկրում ենք ապրում, մենք բարեխղճորեն հնազանդվում ենք պետական օրենքներին, սակայն չեզոք ենք մնում քաղաքական հարցերում։ Հիսուսն ինքն է պատվիրել, որ քրիստոնյաները չլինեն «աշխարհի մի մասը»։ Այդ պատճառով մենք չենք մասնակցում քաղաքականությանը, քաղաքական թեմաներով բանավեճերի և որևէ կերպ չենք աջակցում պատերազմներին (Հովհաննես 15։19; 17։16)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եհովայի վկաները բանտարկվել են, տանջանքների են ենթարկվել և անգամ սպանվել են իրենց չեզոքության համար։ Գերմանացի նախկին մի եպիսկոպոս գրեց. «Իրավամբ կարելի է ասել, որ նրանք միակ խումբն են, որ կրոնական համոզմունքների հիման վրա հրաժարվել են զինծառայությունից Երրորդ ռայխում»։
«[Եհովայի վկաները] բարոյական մեծ ուժ ունեն։ Մենք կարող էինք այս անշահախնդիր մարդկանց վստահել քաղաքական բարձր պաշտոններ, բայց նրանք երբեք չեն համաձայնվի.... Նրանք հարգում են պետական իշխանությունը, բայց հավատում են, որ միայն Աստծու Թագավորությունը կարող է լուծել մարդկության բոլոր խնդիրները» («Nová Svoboda» թերթ, Չեխիայի Հանրապետություն)։
Սակայն մենք մարդկանցից չենք մեկուսանում։ Իր հետևորդների մասին Հիսուսն աղոթեց Աստծուն. «Խնդրում եմ քեզ, որ ոչ թե նրանց վերցնես աշխարհից, այլ որ պահպանես նրանց Չարից» (Հովհաննես 17։15)։ Հետևաբար մենք, մյուս մարդկանց նման, ապրում ենք սովորական կյանքով. աշխատում ենք, գնումներ ենք անում, իսկ մեր երեխաները, մյուս երեխաների պես, դպրոց են գնում։
-
-
Ինչի՞ն են հավատում Եհովայի վկաները2015 Դիտարան | սեպտեմբեր 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ
Ինչի՞ն են հավատում Եհովայի վկաները
Եհովայի վկաները համոզված են, որ Աստվածաշունչը «ներշնչված է Աստծուց և օգտակար է» (2 Տիմոթեոս 3։16)։ Աստվածաշնչից մենք բազում կարևոր ճշմարտություններ ենք իմանում մեր Ստեղծչի մասին, նաև սովորում ենք գործնական սկզբունքներ, որոնք օգնում են մեզ ապրելու իմաստալից կյանքով։
Աստվածաշնչում գրված է. «Որպեսզի մարդիկ իմանան, որ դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (Սաղմոս 83։18)։ Այդ պատճառով մենք երկրպագում ենք միմիայն Եհովա Աստծուն և որպես նրա Վկաներ՝ բոլորին հայտնում ենք նրա անունը (Եսայիա 43։10–12)։
Մենք քրիստոնյաներ ենք և հավատում ենք, որ Հիսուսը՝ «Աստծու Որդին»,a եկավ երկիր և մկրտվելուց հետո դարձավ Մեսիա (Հովհաննես 1։34, 41; 4։25, 26)։ Երբ Հիսուսը մահացավ, Աստված հարություն տվեց նրան։ Հետո Հիսուսը համբարձվեց երկինք (1 Կորնթացիներ 15։3, 4)։ Նա հետագայում դարձավ Աստծու Թագավորության Թագավորը (Հայտնություն 11։15)։ Այդ Թագավորությունը իրական կառավարություն է, որը երկրի վրա կվերականգնի այն դրախտային պայմանները, որ գոյություն ունեին մարդկության պատմության սկզբում (Դանիել 2։44)։ Աստվածաշնչում գրված է. «Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։11, 29)։
«Երբ նրանք ընթերցում են Աստվածաշունչը, համարում են, որ Աստված այդ Գրքի միջոցով խոսում է իրենց հետ։ Իսկ երբ կյանքում ինչ-որ խնդրի առաջ են կանգնում, Աստծու Խոսքում փնտրում են համապատասխան սկզբունքներ խնդիրը լուծելու համար.... Նրանց համար Աստծու Խոսքը կենդանի է ու գործնական» (կաթոլիկ քահանա Բենջամին Չերայաթ, «Münsterländische Volkszeitung» թերթ, Գերմանիա)։
Եհովայի վկաները համոզված են, որ աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել մարդկանց նաև այսօր (Եսայիա 48։17, 18)։ Հետևաբար մենք ապրում ենք այդ սկզբունքների համաձայն։ Օրինակ՝ Աստվածաշունչը պատվիրում է հեռու մնալ այնպիսի սովորություններից, որոնք պղծում են միտքն ու մարմինը, այդ պատճառով մենք չենք ծխում ու չենք օգտագործում թմրանյութեր (2 Կորնթացիներ 7։1)։ Մենք առհասարակ խուսափում ենք այն ամենից, ինչը դատապարտվում է Աստվածաշնչում, օրինակ՝ հարբեցողությունից, սեռական անբարոյությունից և գողությունից (1 Կորնթացիներ 6։9–11)։
a Աստվածաշնչում Հիսուսը կոչվում է նաև «Աստծու միածին Որդի», քանի որ նա առաջինն է ու միակը, որին Եհովան անձամբ է ստեղծել (Հովհաննես 3։18; Կողոսացիներ 1։13–15)։
-
-
Ինչպե՞ս է ֆինանսավորվում Եհովայի վկաների գործունեությունը2015 Դիտարան | սեպտեմբեր 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ
Ինչպե՞ս է ֆինանսավորվում Եհովայի վկաների գործունեությունը
Ամեն տարի մենք տպագրում ու տարածում ենք Աստվածաշնչի և աստվածաշնչյան գրականության մի քանի հարյուր միլիոն օրինակ։ Աշխարհի տարբեր երկրներում մենք մասնաճյուղեր ու տպարաններ ենք կառուցում և օգտագործում։ Տասնյակ հազարավոր ժողովներ հանդիպումներ են անցկացնում երկրպագության համար նախատեսված համեստ ու գեղեցիկ վայրերում, որոնք կոչվում են Թագավորության սրահներ։ Իսկ ինչպե՞ս են փակվում այս ամենի հետ կապված ծախսերը։
Մեր ողջ գործունեությունը ֆինանսավորվում է կամավոր նվիրաբերությունների միջոցով (2 Կորնթացիներ 9։7)։ Այս ամսագրի երկրորդ թողարկման մեջ, որը լույս էր տեսել 1879- ին, ասվում էր. «Մենք հավատում ենք, որ «Սիոնի Դիտարան» պարբերագրին [այն ժամանակ այս ամսագիրը այդպես էր կոչվում] թիկունք է կանգնում ԵՀՈՎԱՆ, և քանի դեռ այդպես է, մենք երբեք չենք խնդրի կամ աղերսի մարդկանց, որ օգնեն մեզ»։ Մինչ օրս մենք շարունակում ենք վարվել այս խոսքերի համաձայն։
Նվիրաբերությունները ուղարկվում են մեր մասնաճյուղերից որևէ մեկը կամ գցվում են նվիրաբերության արկղերի մեջ, որ դրված են յուրաքանչյուր Թագավորության սրահում։ Մենք երբեք չենք հավաքում տասանորդ կամ հանգանակություն, ոչ էլ գումար ենք վերցնում մեր ծառայությունների կամ հրատարակությունների համար։ Մեզ չեն վճարում քարոզելու, ժողովում ուսուցանելու կամ էլ երկրպագության վայրերի շինարարությանն աջակցելու համար։ Հիսուսն ասել է. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթեոս 10։8)։ Մեր մասնաճյուղերում և գլխավոր վարչությունում ծառայող բոլոր մարդիկ, այդ թվում՝ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամները կրոնական օրդենի անդամներ են և աշխատավարձ չեն ստանում։
«Ինչպես Եհովայի վկաների ցանկացած գործունեություն, նրանց նվիրաբերությունները նույնպես արվում են կամավոր։ Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ որքան գումար նվիրաբերի և որքան հաճախ կատարի այդպիսի նվիրաբերություններ» (Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2011թ.)։
Նվիրաբերված դրամական միջոցները օգտագործվում են նաև աղետներից տուժածներին օգնելու նպատակով։ Առաջին դարի քրիստոնյաները մեծ ուրախությամբ նվիրաբերություններ էին անում նեղության մեջ գտնվող իրենց հավատակիցներին օգնելու համար (Հռոմեացիներ 15։26)։ Նմանապես այսօր մենք սիրով օգնում ենք աղետից տուժածներին. վերանորոգում ենք նրանց տները, մեր հավատակիցների երկրպագության վայրերը, ինչպես նաև տրամադրում ենք սնունդ, հագուստ և բուժօգնություն։
-
-
Ինչո՞ւ ենք քարոզում2015 Դիտարան | սեպտեմբեր 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ
Ինչո՞ւ են Եհովայի վկաները քարոզում
Եհովայի վկաները հայտնի են հատկապես իրենց լայնածավալ քարոզչական գործունեությամբ։ Մենք քարոզում ենք տնից տուն, հասարակական վայրերում և առհասարակ ամեն տեղ, որտեղ հանդիպում ենք մարդկանց։ Ինչո՞ւ ենք կատարում այդ գործը։
Մեր քարոզչական գործով փառաբանում ենք Աստծուն և հայտնի ենք դարձնում նրա անունը (Եբրայեցիներ 13։15)։ Նաև այդպիսով կատարում ենք Հիսուս Քրիստոսի տված հետևյալ հանձնարարությունը. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք.... սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28։19, 20)։
Բացի այդ, մենք քարոզում ենք մարդկանց, քանի որ սիրում ենք նրանց (Մատթեոս 22։39)։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ ամեն մարդ ունի իր համոզմունքները, և որ մեր քարոզած լուրը գուցե չհետաքրքրի ամեն մեկին։ Այդուհանդերձ, գիտենք, որ Աստվածաշնչի ճշմարտությունները կարող են փրկել մարդկանց կյանքը։ Ահա թե ինչու մենք «առանց դադարի շարունակում ենք սովորեցնել ու Քրիստոսի՝ Հիսուսի մասին բարի լուրը հռչակել», ինչպես որ վարվում էին առաջին դարի քրիստոնյաները (Գործեր 5։41, 42)։
Հասարակագետ Անտոնիո Կովա Մադուրոն գրել է, որ «Եհովայի վկաները մեծ ջանքեր են թափում, դժվարություններ են կրում, անգամ զոհում են իրենց ողջ ուժերն ու միջոցները.... որ Սուրբ Գրքի խոսքերը հասցնեն աշխարհի ամենահեռավոր անկյունները» («El Universal» թերթ, Վենեսուելա)։
Մեր գրականությունը ընթերցող մարդկանցից շատերը Եհովայի վկաներ չեն։ Բացի այդ, Վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրող միլիոնավոր մարդիկ պատկանում են այլ կրոնների։ Սակայն այդ մարդիկ ուրախ են և երախտապարտ, որ Եհովայի վկաները այցելում են իրենց։
Գուցե ունենաք այլ հարցեր Եհովայի վկաների վերաբերյալ։ Կարող եք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ՝
դիմելով Եհովայի վկաներից որևէ մեկին
այցելելով մեր վեբ կայք՝ www.pr418.com
ներկա լինելով մեր հանդիպումներին (մուտքն ազատ է)։
-