-
Ինչպե՞ս է գիտությունը ազդում քո կյանքի վրա2015 Դիտարան | հունիս 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՓՈԽԱՐԻՆԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՆ
Ինչպե՞ս է գիտությունը ազդում քո կյանքի վրա
Մի բառարանի համաձայն՝ գիտությունը «գիտելիքների համակարգ է, որը բացահայտում է բնության, հասարակության, մտածողության զարգացման օրինաչափությունները և արտաքին աշխարհի վրա ազդելու միջոցները»։ Եվ սա անելը բավական բարդ է ու հաճախ մեծ հիասթափություններ է պատճառում։ Շաբաթներ, ամիսներ և նույնիսկ տարիներ շարունակ գիտնականները տարբեր փորձեր և դիտարկումներ են անում։ Երբեմն նրանք չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրները լուծել, սակայն հիմնականում նրանք հաջողության են հասնում, ինչը մեծ օգուտներ է բերում մարդկությանը։ Ահա մի քանի օրինակ։
Եվրոպական մի ընկերություն ամուր պլաստմասսայե նյութից և նոր ֆիլտրերից ստեղծել է մի սարք, որը զտում է աղտոտված ջուրը, և այն խմելիս անհատը հիվանդություններ ձեռք չի բերում։ Նման սարքերը օգտագործվում են բնական աղետների ժամանակ, օրինակ՝ 2010 թվականի Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ։
Ստեղծվել է գլոբալ տեղորոշման համակարգ (ԳՏՀ), որը բաղկացած է արբանյակների ցանցից։ Թեպետ սկզբնապես այն կիրառվել է ռազմական ոլորտում, սակայն այսօր դրա միջոցով վարորդները, օդաչուները, նավավարները, անգամ որսորդներն ու լեռնագնացները գտնում են իրենց ճանապարհը։ Շնորհիվ գիտնականների ԳՏՀ-ն հեշտությամբ հասցնում է մեզ այնտեղ, որտեղ ուզում ենք գնալ։
Օգտագործո՞ւմ ես բջջային հեռախոս, օգտվո՞ւմ ես համակարգչից կամ ինտերնետից։ Առաջատար բժշկության շնորհիվ առողջությունդ վերականգնվե՞լ է։ Ճանապարհորդո՞ւմ ես ինքնաթիռով։ Եթե այո, ապա օգտվում ես գիտության բարիքներից։ Փաստորեն, գիտությունը մեծ ազդեցություն ունի քո կյանքի վրա։
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ՞ ԲՈԼՈՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Իրենց հորիզոնն ընդլայնելու նպատակով գիտնականները մանրազնին ուսումնասիրություններ են կատարում։ Միջուկային ֆիզիկոսներն ուսումնասիրում են ատոմը, իսկ աստղաֆիզիկոսները միլիարդավոր տարիներ դեպի անցյալ են գնում՝ փորձելով հասկանալ, թե ինչպես է առաջացել տիեզերքը։ Նրանք ներթափանցում են հեռավոր խորքերը, անգամ անտեսանելի և անձեռնմխելի ոլորտներ։ Գիտնականներից ոմանք կարծում են, որ եթե Աստված գոյություն ունի, ապա պետք է կարողանան գտնել նրան։
Իսկ որոշ ականավոր գիտնականներ ու փիլիսոփաներ համամիտ են գիտնական Ամիր Ակզելի խոսքերին, որն ասել է. «Գիտական փաստերը դեմ են Աստծու գոյությանը»։ Օրինակ՝ աշխարհահռչակ մի ֆիզիկոս պնդել է, որ «տիեզերքում կարևոր դեր ունեցող Աստծու գոյության մասին ապացույցների բացակայությունը փաստում է, որ աստված գոյություն չունի»։ Մյուսներն էլ նսեմացնում են Աստծու գործերը՝ դրանք համարելով «կախարդական» և «առեղծվածային հնարքներ»։a
Այնուամենայնիվ, հարցը հետևյալն է. «Արդյոք գիտնականները բավականաչափ գիտելիքներ ունե՞ն վերջնական եզրահանգման գալու համար»։ Ո՛չ։ Թեև գիտությունը մեծ նվաճումների է հասել, սակայն գիտնականներն ընդունում են, որ դեռ շատ անհայտ ու անըմբռնելի բաներ կան։ Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոս Սթիվեն Վայնբերգը մեզ շրջապատող աշխարհի վերաբերյալ ասում է. «Մենք երբեք չենք կարող գտնել բոլոր հարցերի պատասխանները»։ Իսկ աստղագետ Մարտին Ռիսը (Մեծ Բրիտանիա) ասում է. «Կան բաներ, որոնք մարդիկ միգուցե երբեք էլ չհասկանան»։ Փաստն այն է, որ շատ բան՝ փոքրիկ բջջից մինչև անծայրածիր տիեզերքը, ժամանակակից գիտության հասկացողությունից վեր է։ Քննենք մի քանի օրինակ։
Կենսաբանները ամբողջովին չեն հասկանում, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում բջջի մեջ։ Շատ հարցերի լիարժեք պատասխաններ, օրինակ՝ ինչպես են բջիջները սպառում էներգիան, ինչպես են սպիտակուցներ սինթեզում, ինչպես են բաժանվում, գիտությունը դեռ չունի։
Ձգողականության ուժը գործում է ամենուր, ամեն օր, ամեն վայրկյան։ Այդուհանդերձ, ֆիզիկոսների համար այն առեղծվածային մի բան է։ Նրանք լիովին չեն հասկանում, թե ինչպես է ձգողականությունը քեզ դեպի ներքև ձգում, երբ ցատկում ես, կամ թե ինչպես է լուսնին պահում իր ուղեծրում, որ պտտվի երկրագնդի շուրջ։
Ըստ տիեզերաբանների՝ տիեզերքի մոտ 95 տոկոսը մնում է անտեսանելի ու չբացահայտված։ Նրանք այս անհասկանալի աշխարհը բաժանում են երկու կատեգորիայի՝ մութ մատերիայի և մութ էներգիայի, որոնց էությունն անհայտ է։
Կան նաև այլ անհայտ երևույթներ, որոնք շփոթության մեջ են գցում գիտնականներին։ Մի հայտնի գիտնական նշում է. «Մեր իմացած բաները շատ ավելի քիչ են, քան մեր չիմացած բաները։ Գիտությունը խթանում է մեր միտքը, որ ավելին սովորենք ու այդպիսով հեռանանք դոգմատիզմից»։
Ուստի եթե կարծում ես, թե գիտությունը կարող է փոխարինել Աստվածաշնչին և մարդկանց ազատել Աստծուն հավատալու կամ չհավատալու հարցից, մտածիր հետևյալի շուրջ. «Եթե հռչակավոր գիտնականներն են ընդունում, որ իրենց հասկացողությունից վեր բաներ կան, տրամաբանակա՞ն է արդյոք արագ մերժել այն, ինչը վեր է նրանց հասկացողությունից»։ Այդ առնչությամբ «Բրիտանական Հանրագիտարանի» աստղագիտության զարգացման և պատմության մասին հոդվածի վերջում ասվում է. «Գրեթե 4000 տարի տիեզերքը ուսումնասիրելուց հետո նույնիսկ հիմա այն պակաս տարօրինակ չէ մեզ համար, որքան այն տարօրինակ էր բաբելոնացիների համար» (Encyclopedia Britannica)։
Եհովայի վկաները հարգում են յուրաքանչյուր անհատի՝ որոշում կայացնելու իրավունքը։ Մենք հետևում ենք աստվածաշնչյան այս պատվերին. «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց» (Փիլիպպեցիներ 4։5)։ Ուստի հրավիրում ենք Ձեզ քննել ու տեսնել, որ գիտությունը չի հակասում Աստվածաշնչին։
a Որոշ մարդիկ մերժում են Աստվածաշունչը եկեղեցական ուսմունքների պատճառով։ Օրինակ՝ մի ուսմունքի համաձայն՝ երկրագունդը համարվում է տիեզերքի կենտրոնը։ Մեկ այլ համոզմունք է այն, որ Աստված ամեն բան ստեղծել է 24 ժամ տևողությամբ վեց օրերի ընթացքում (տե՛ս «Աստվածաշունչը և գիտական փաստերը» շրջանակը)։
-
-
Կարո՞ղ է գիտությունը բացատրել ամեն ինչ2015 Դիտարան | հունիս 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՓՈԽԱՐԻՆԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՆ
Կարո՞ղ է գիտությունը բացատրել ամեն ինչ
Վերջին տարիներին շրջանառվում են մի շարք գրքեր, որոնցում բացատրվում է, այսպես կոչված, նոր աթեիստների տեսակետները։ Այդ գրքերը շատերի ուշադրությունն են գրավել և բուռն քննարկումների ու վեճերի առիթ տվել։ Նյարդաբան Դեյվիդ Իգլմենը այս առնչությամբ գրում է. «Որոշ ընթերցողներ կարծում են, թե գիտնականները ամեն ինչ գիտեն»։ Հետո ավելացնում է. «Սակայն հաջողակ գիտնականները լայնախոհ են, և նրանց աշխատանքներում միշտ առկա են նորանոր ու անսպասելի բացահայտումներ»։
Դարերի ընթացքում տաղանդավոր գիտնականները զարմանալի նվաճումների են հասել բնության վերաբերյալ բարդ հարցերի հետ կապված որոնումներում։ Սակայն նրանցից ոմանք նաև լուրջ սխալներ են արել։ Իսահակ Նյուտոնը բոլոր ժամանակների մեծագույն գիտնականներից է։ Նա ցույց տվեց, թե ինչպես են ձգողականության ուժի շնորհիվ մոլորակները, աստղերը և գալակտիկաները շարժվում տիեզերքում։ Նա հայտնագործեց տիեզերական ձգողության օրենքը, մշակեց դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը։ Նյուտոնը առնչություն է ունեցել նաև ալքիմիայի՝ նախագիտական քիմիայի հետ։ Ալքիմիկոսները աստղագուշակության և առեղծվածային ֆորմուլաների միաձուլման արդյունքում փորձում էին կապարից և այլ հասարակ մետաղներից ստանալ ազնիվ մետաղներ, օրինակ՝ ոսկի։
Նյուտոնից ավելի քան 1500 տարի առաջ հույն աստղագետ Պտղոմեոսը երկինքը ուսումնասիրել է միայն անզեն աչքով։ Նա հետևում էր մոլորակներին՝ ուսումնասիրելով գիշերային երկինքը։ Հայտնի է եղել նաև որպես քարտեզագետ։ Սակայն նա հավատում էր, որ երկրագունդն է ամեն բանի կենտրոնը։ Աստղաֆիզիկոս Կարլ Սագանը Պտղոմեոսի մասին գրել է. «Այն փաստը, որ 1500 տարի սխալ գաղափար է ընդունվել, ցույց է տալիս, որ անգամ շատ խելացի անձնավորություններ կարող են ամբողջովին սխալ լինել»։
Թեև տեղին է ընդունել այն փաստը, որ գիտությունը մեծ հաջողությունների ու առաջխաղացումների է հասել, ինչի արդյունքում մենք մեծ օգուտներ ենք ստացել, կարևոր է նաև հիշել, որ միշտ կլինեն հարցեր, որոնք անհասկանալի կլինեն գիտնականներին։ Ֆիզիկոս Փոլ Դեյվիզը նշում է. «Անհնար է գոյություն ունեցող ամեն բանի համար գտնել լիակատար, ներդաշնակ, տրամաբանական ու գոհացուցիչ բացատրություն»։ Այս խոսքերը անհերքելի ճշմարտություն են։ Մարդիկ չեն կարող լիարժեք հասկանալ աշխարհը։ Ուստի երբ որևէ մեկը պնդում է, թե գիտությունը ի զորու է բացատրել գոյություն ունեցող ամեն բան, տրամաբանական կլինի վերապահումով մոտենալ այդ պնդմանը։
Աստվածաշունչը բավարարում է մեր այն կարիքները, որոնք չի կարող բավարարել գիտությունը
Աստվածաշնչում բնության հրաշքների մասին ասվում է. «Ահա սրանք [Աստծու] ճանապարհների եզրերն են, և ընդամենը շշուկ է լսվում նրա մասին» (Հոբ 26։14)։ Փաստորեն, կա գիտելիքների անսպառ պաշար, որը մարդկանց ըմբռնումից ու հասկացողությունից վեր է։ Մոտ 2000 տարի առաջ Պողոս առաքյալի գրած խոսքերը իրոք որ ճշմարիտ են. «Օ՜, որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները, և որքա՜ն խորն են նրա իմաստությունն ու գիտելիքները։ Որքա՜ն անըմբռնելի են նրա դատաստանները, և անզննելի նրա ճանապարհները» (Հռոմեացիներ 11։33)։
-