-
Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո2015 Դիտարան | օգոստոս 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՀՈՒՅՍ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
«Մտածում էի, որ մահից հետո մարդը գնում է դրախտ, դժոխք կամ քավարան։ Կարծում էի՝ ես այնքան լավ մարդ չեմ, որ կարողանամ դրախտ ընկնել, ոչ էլ այնքան վատ մարդ եմ, որ դժոխք գնամ։ Իսկ քավարանի վերաբերյալ հստակ պատկերացում չունեի։ Աստվածաշնչում երբեք քավարանի հետ կապված որևէ տեղեկություն չէի կարդացել։ Դրա մասին լսել էի միայն ուրիշներից» (Լայոնել)։
«Ինձ սովորեցրել էին, որ բոլոր մարդիկ մահանալուց հետո երկինք են գնում։ Բայց վստահ չէի, որ դա ճիշտ է։ Մտածում էի, որ մահով ամեն ինչ վերջանում է, և որ մահացածների համար այլևս ոչ մի հույս չկա» (Ֆերնանդո)։
Երբևէ մտածե՞լ եք հետևյալ հարցերի շուրջ. «Ի՞նչ է իրականում տեղի ունենում մահից հետո։ Մեր մահացած սիրելիները տանջվո՞ւմ են ինչ-որ վայրում։ Երբևէ նրանց նորից կտեսնե՞նք։ Եթե այո, ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ դա հնարավոր է»։ Նկատի առնենք, թե ինչ է այդ մասին հայտնում Աստվածաշունչը։ Նախ քննենք, թե Աստվածաշնչում մահը ինչի հետ է համեմատվում։ Ապա կտեսնենք, թե ինչ հույս է տալիս Աստծու Խոսքը։
Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում և այլևս վարձ էլ չունեն, քանի որ նրանց հիշատակը մոռացվել է։ Ինչ որ ձեռքդ գտնի անելու, ամբողջ ուժովդ արա, որովհետև գերեզմանում, ուր գնալու ես, ոչ աշխատանք կա, ոչ ծրագրեր, ոչ գիտելիքներ, ոչ էլ իմաստություն»a (Ժողովող 9։5, 10)։
Հստակ է, որ մարդիկ մահից հետո գնում են գերեզման՝ խորհրդանշական մի վայր, որտեղ մահացածները ոչինչ չեն գիտակցում և ոչինչ չեն կարող անել։ Տեսնենք, թե ինչ ասաց Աստծու հավատարիմ ծառա Հոբը այդ խորհրդանշական վայրի մասին։ Նա մեկ օրում կորցրեց իր ամբողջ ունեցվածքը, երեխաներին, իսկ հետո նրա մարմինը պատվեց ցավոտ «պալարներով»։ Այդ ժամանակ նա աղերսեց Աստծուն. «Օ՜, եթե միայն գերեզմանում [«դժոխքում», «Արարատ» թարգմանություն] ինձ ծածկեիր.... ինձ թաքցնեիր» (Հոբ 1։13–19; 2։7; 14։13)։ Պարզ է, որ Հոբը չէր մտածում, թե գերեզմանը՝ դժոխքը, կրակներով լի տանջանքի վայր է։ Նման վայրում նա ավելի դաժան տառապանքներ կկրեր։ Մինչդեռ նա ցանկանում էր գերեզմանում թեթևացում գտնել։
Որպեսզի ավելի հստակ իմանանք, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները, կարող ենք քննել Աստվածաշնչում արձանագրված հարության ութ դեպք (տե՛ս «Աստվածաշնչում արձանագրված հարության ութ դեպքեր» շրջանակը)։
Հարություն առած այդ ութ մարդկանցից ոչ մեկը չի ասել, թե եղել է երանության կամ տանջանքի ինչ-որ վայրում։ Եթե նրանք մահից հետո գնացած լինեին այդպիսի մի վայր, մի՞թե մարդկանց չէին պատմի դրա մասին։ Եվ մի՞թե այդ տեղեկությունը չէր արձանագրվի Աստվածաշնչում, որ բոլորն իմանային այդ մասին։ Սակայն Աստվածաշնչում ոչ մի այդպիսի տեղեկություն չկա։ Այդ ութ մարդիկ ոչ մի բան չէին կարող պատմել, քանի որ նրանք եղել էին անգիտակից վիճակում, ասես խոր քնի մեջ։ Աստվածաշունչը երբեմն մահը համեմատում է քնի հետ։ Օրինակ՝ հավատարիմ Դավիթ թագավորի և Ստեփանոսի մասին Աստվածաշնչում գրված է, որ նրանք ննջեցին, այսինքն՝ մահացան (Գործեր 7։60, ծնթ.; 13։36)։
Իսկ կա՞ որևէ հույս մահացածների համար։ Կարո՞ղ են նրանք արթնանալ մահվան քնից։
a Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության մեջ «գերեզման» բառը օգտագործվել է եբրայերեն «շեոլ» և հունարեն «հադես» բառերի իմաստը հաղորդելու համար։ Որոշ աստվածաշնչյան թարգմանություններ «շեոլ» և «հադես» բառերը թարգմանել են «դժոխք», բայց Աստվածաշնչում տանջանքների կրակոտ վայրի մասին գաղափար ընդհանրապես չկա։
-
-
Ի՞նչ հույս կա մահացածների համար2015 Դիտարան | օգոստոս 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՀՈՒՅՍ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ի՞նչ հույս կա մահացածների համար
Կարո՞ղ են մահացածները նորից ապրել
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, [Հիսուսի] ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29)։
Այս խոսքերն ասելով՝ Հիսուսը կանխագուշակեց, որ ապագայում՝ իր Թագավորության ժամանակ, համընդհանուր գերեզմանը կդատարկվի։ Ֆերնանդոն, որի մասին խոսվեց նախորդ հոդվածում, ասում է. «Ես ապշեցի, երբ առաջին անգամ կարդացի Հովհաննես 5։28, 29 համարները։ Այս խոսքերը ինձ հույսով լցրին, և ես սկսեցի լավատեսորեն նայել ապագային»։
Հնում ապրած հավատարիմ Հոբը հույս ուներ, որ իր մահից հետո Աստված իրեն հարություն կտա։ Նա հարցրեց. «Եթե մարդը մահանա, մի՞թե դարձյալ կապրի»։ Ապա վստահորեն պատասխանեց. «Հարկադիր աշխատանքիս բոլոր օրերում [գերեզմանում եղած ժամանակ] պիտի սպասեմ, մինչև որ իմ ազատումը գա։ Դու կկանչես, ու ես կպատասխանեմ քեզ» (Հոբ 14։14, 15)։
Ղազարոսի հարությունը մեզ ապագայի հույս է տալիս
Ղազարոսի քույրը՝ Մարթան, նույնպես գիտեր, որ հարություն է լինելու։ Ղազարոսի մահից հետո Հիսուսը ասաց նրան. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարթան պատասխանեց. «Գիտեմ, որ վերջին օրը՝ հարության ժամանակ, հարություն կառնի»։ Հիսուսն էլ ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը։ Նա, ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կկենդանանա» (Հովհաննես 11։23–25)։ Ապա Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին։ Այս տպավորիչ դեպքը օգնում է մեզ պատկերացնելու այն, ինչ տեղի է ունենալու ապագայում ավելի մեծ մասշտաբով. ամբողջ երկրի վրա միլիարդավոր մարդիկ հարություն են առնելու։
Կլինե՞ն մարդիկ, ովքեր երկնային հարություն կստանան
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ Աստծու Խոսքը ցույց է տալիս, որ Հիսուսի հարության դեպքը տարբերվում է աստվածաշնչյան արձանագրության մեջ նշված հարության մյուս ութ դեպքերից։ Այդ ութ մարդիկ հարություն էին ստացել երկրի վրա ապրելու համար։ Սակայն Հիսուսի հարության վերաբերյալ կարդում ենք. «Հիսուս Քրիստոսը.... գնաց երկինք և .... Աստծու աջ կողմում է» (1 Պետրոս 3։21, 22)։ Իսկ Հիսուսից բացի լինելո՞ւ էին ուրիշ մարդիկ, ովքեր երկնային հարություն էին ստանալու։ Ավելի վաղ Հիսուսը իր աշակերտներին ասել էր. «Եթե գնամ ու տեղ պատրաստեմ ձեզ համար, նորից կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք» (Հովհաննես 14։3)։
Հիսուսը երկինք համբարձվեց և տեղ պատրաստեց իր աշակերտների համար, որ նրանք էլ գնան երկինք։ Ընդհանուր առմամբ երկնային հարություն են ստանալու 144000 անհատներ (Հայտնություն 14։1, 3)։ Իսկ ի՞նչ են անելու նրանք երկնքում։
Աստվածաշունչն ասում է. «Երջանիկ ու սուրբ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ։ Այդպիսիների վրա երկրորդ մահը իշխանություն չունի, այլ նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները կլինեն և նրա հետ կթագավորեն հազար տարի» (Հայտնություն 20։6)։ Երկնային հարություն ստացողները Հիսուսի հետ երկնքից իշխելու են երկրի վրա։
Ովքե՞ր են հարություն առնելու երկրի վրա ապրելու համար
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ Աստվածաշնչում գրված են Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Ես հույս ունեմ առ Աստված, հույս, որը այս մարդիկ էլ են տածում, որ թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործեր 24։15)։
Աստվածաշունչը վստահեցնում է մեզ, որ միլիարդավոր մահացած մարդիկ հարություն կառնեն
Ովքե՞ր են «արդարները»։ Նկատի առնենք, թե ինչ է գրված Աստվածաշնչում Աստծու հավատարիմ ծառաներից մեկի՝ Դանիելի մասին։ Նրա կյանքի վերջին օրերում Աստված ասաց նրան. «Դու կհանգստանաս, սակայն օրերի վերջում վեր կկենաս, որ ստանաս քո բաժինը» (Դանիել 12։13)։ Երբ Դանիելը «վեր կենա» մահվան քնից, որտե՞ղ է նա ապրելու։ Սաղմոս 37։29-ում ասվում է. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա»։ Իսկ Հիսուսը ասել է. «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթեոս 5։5)։ Փաստորեն, Դանիելը և այլ հավատարիմ տղամարդիկ ու կանայք հարություն են առնելու, որ հավիտյան ապրեն երկրի վրա։
Իսկ ովքե՞ր են «անարդարները»։ Դրանք այն միլիարդավոր մարդիկ են, որոնք դարերի ընթացքում ապրել են ու մահացել։ Նրանցից շատերը հնարավորություն չեն ունեցել իմանալու և կիրառելու աստվածաշնչյան ճշմարտությունները։ Հարություն առնելուց հետո նրանք հնարավորություն կունենան ճանաչելու Եհովայինa և Հիսուս Քրիստոսին (Հովհաննես 17։3)։ Եվ բոլոր նրանք, ովքեր կհնազանդվեն Աստծուն, հավիտյան կապրեն երկրի վրա։
Բոլոր նրանք, ովքեր կհնազանդվեն Աստծուն, հավիտյան կապրեն երկրի վրա և կլինեն առողջ ու երջանիկ
Ինչպիսի՞ պայմաններ են լինելու երկրի վրա
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ Աստված «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4)։ «Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն» (Եսայիա 65։21)։
Միայն պատկերացրեք՝ դուք հնարավորություն ունեք ապրելու նման հրաշալի պայմաններում ձեր հարություն առած հարազատների հետ։ Սակայն ինչպե՞ս կարող եք համոզված լինել, որ իսկապես հարություն է լինելու։
a Համաձայն Աստվածաշնչի՝ Եհովան Աստծու անունն է։
-
-
Հույս մահացածների համար. ինչո՞ւ կարող եք համոզված լինել2015 Դիտարան | օգոստոս 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՀՈՒՅՍ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հույս մահացածների համար. ինչո՞ւ կարող եք համոզված լինել
Շատերը մտածում են, թե անմտություն է հավատալ, որ մահացածները նորից կապրեն։ Սակայն Պողոս առաքյալը այդպես չէր մտածում։ Աստծու ներշնչմամբ նա գրեց. «Եթե մենք միայն այս կյանքում ենք հույս դրել Քրիստոսի վրա, ապա բոլոր մարդկանց մեջ ամենախղճալին ենք։ Սակայն Քրիստոսը հարություն է առել՝ ննջեցյալների մեջ առաջին պտուղը» (1 Կորնթացիներ 15։19, 20)։ Պողոսը համոզված էր, որ հարություն է լինելու։ Հարության մեծագույն երաշխիքը Հիսուս Քրիստոսի հարությունն էրa (Գործեր 17։31)։ Դա է պատճառը, որ Պողոսը Հիսուսին անվանում է «առաջին պտուղը», այսինքն՝ Հիսուսը առաջինն էր, ով հարություն առավ այլևս չմահանալու հեռանկարով։ Եթե Հիսուսը առաջինն էր, ուրեմն բնականաբար պետք է լինեին նաև ուրիշներ։
Հոբն ասաց Աստծուն. «Դու կկարոտես քո ձեռքի գործին» (Հոբ 14։14, 15)
Կա մեկ պատճառ ևս, թե ինչու կարող եք համոզված լինել, որ հարության հույսը իրական է։ Եհովան ճշմարտության Աստված է՝ նա «չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Եհովան սուտ չի խոսել և երբեք չի խոսի։ Մի՞թե հնարավոր է, որ նա խոստանա, որ հարություն է լինելու, ցույց տա, որ կարող է դա անել, բայց հետո չկատարի իր խոստումը։ Դա անհնար է։
Իսկ ինչո՞ւ է Եհովան ուզում հարություն տալ մահացածներին։ Քանի որ սիրում է մարդկանց։ Աստծու հավատարիմ ծառա Հոբը հարցրեց. «Եթե մարդը մահանա, մի՞թե դարձյալ կապրի»։ Ապա ինքն էլ պատասխանեց. «Դու կկանչես, ու ես կպատասխանեմ քեզ, և դու կկարոտես քո ձեռքի գործին» (Հոբ 14։14, 15)։ Հոբը համոզված էր, որ իր մահից հետո իր սիրելի երկնային Հայրը անչափ կարոտելու է իրեն ու փափագելու է հարություն տալ։ Մի՞թե Աստված փոխվել է։ Մաղաքիա 3։6-ում գրված է. «Չէ՞ որ ես Եհովան եմ, ես չեմ փոխվում»։ Եհովան այսօր էլ է ցանկանում, որ մահացած մարդիկ կրկին կյանք ստանան և ապրեն առողջ ու երջանիկ։ Մի՞թե յուրաքանչյուր սիրող ծնող էլ չի ցանկանա, որ իր մահացած զավակը կրկին ապրի։ Սակայն տարբերությունն այն է, որ Աստված զորություն ունի հարություն տալու մարդկանց (Սաղմոս 135։6)։
Մահը սարսափելի թշնամի է, սակայն գոյություն ունի դրանից ազատվելու միջոց
Եհովան իշխանություն է տալու իր Որդուն, որ նա հարություն տա միլիոնավոր մարդկանց և այդպիսով մեծ ուրախություն պարգևի նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։ Իսկ Հիսուսը ցանկանո՞ւմ է հարություն տալ մարդկանց։ Նախքան Ղազարոսին հարություն տալը Հիսուսը իր սրտում զգաց այն ցավը, որը զգում էին Ղազարոսի քույրերն ու ընկերները, և նրա «աչքերից արցունքներ հոսեցին» (Հովհաննես 11։35)։ Իսկ մեկ այլ առիթով, երբ Հիսուսը հանդիպեց Նային քաղաքում ապրող մի այրի կնոջ, որը կորցրել էր իր միակ որդուն, «խղճաց նրան ու ասաց. «Լաց մի՛ եղիր»»։ Հիսուսը հենց այդ պահին հարություն տվեց նրա որդուն (Ղուկաս 7։13)։ Ակնհայտ է, որ Հիսուսը խոր ցավ է ապրում՝ տեսնելով մարդկանց տառապանքն ու մահը։ Որքա՜ն ուրախ կլինի նա, երբ մարդկանց վիշտը ուրախության վերածվի։
Իսկ դուք երբևէ զգացե՞լ եք մահվան պատճառած ցավը։ Գուցե մտածում եք, որ մահվան կապանքներից հնարավոր չէ ազատվել։ Սակայն ազատվելու միջոց գոյություն ունի։ Աստված իր Որդու միջոցով հարություն է տալու միլիոնավոր մարդկանց։ Նա շատ է ցանկանում, որ դուք անձամբ տեսնեք դա։ Նա նաև ուզում է, որ դուք դիմավորեք ձեր մահացած սիրելիներին, նրանց հետ միասին վայելեք կյանքը՝ առանց վախենալու, թե մի օր կկորցնեք նրանց։
Լայոնելը, որի մասին խոսվեց առաջին հոդվածում, ասում է. «Մի օր լսեցի հարության հույսի մասին։ Սկզբում դժվարանում էի հավատալ։ Չէի կարողանում վստահել այն մարդու խոսքերին, ով պատմեց ինձ այդ մասին։ Ուստի որոշեցի ինքս ստուգել, թե արդյոք դա ճիշտ է։ Աստվածաշնչում անձամբ կարդացի հարության մասին և համոզվեցի, որ դա ճշմարտություն է։ Այժմ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ կրկին տեսնելու պապիկիս»։
Կցանկանա՞ք ավելի շատ բան իմանալ հարության մասին։ Եհովայի վկաները կարող են սիրով ձեր իսկ Աստվածաշնչում ցույց տալ, թե ինչ հիմքեր կան հարությանը հավատալու համար։b
a Հիսուսի հարության հետ կապված լրացուցիչ փաստեր կարող եք գտնել «Աստվածաշունչը Աստծո՞ւ Խոսքն է, թե՞ մարդկանց» գրքում, էջ 78–86 (ռուս., անգլ.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար կարող եք կարդալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 7-րդ գլուխը։
-