-
«Աշխարհի վերջ». ի՞նչ է այն նշանակում2015 Դիտարան | մայիս 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՐԴՅՈՔ ՎԵՐՋԸ ՄՈ՞Տ Է
«Աշխարհի վերջ». ի՞նչ է այն նշանակում
Երբ լսում ես այս խոսքերը՝ «վերջը մոտ է», ի՞նչ է գալիս միտքդ։ Աստերոի՞դ, որը բախվելու է մեր մոլորակին ու ոչնչացնելու է ողջ մարդկությանը, մեծ աղե՞տ, երրորդ համաշխարհային պատերա՞զմ։ Նման պատկերացումները շատերին են մտահոգում, մինչդեռ ուրիշները կասկածում են, որ նման բան կլինի, իսկ ոմանց համար այդ միտքը նույնիսկ ծիծաղելի է։
Աստվածաշունչը նշում է. «Կգա վերջը» (Մատթեոս 24։14)։ Նույն իրադարձությունը կոչվում է նաև «Աստծու մեծ օր» և «Արմագեդոն» (Հայտնություն 16։14, 16)։ Այս առնչությամբ տարբեր կրոններ բազում տարօրինակ ու մռայլ տեսակետներ են հայտնում։ Սակայն Աստվածաշունչը հստակ խոսում է վերջի մասին և հայտնում, թե ինչ է այն նշանակում և ինչ չի նշանակում։ Աստծու Խոսքը նաև օգնում է հասկանալու, թե արդյոք վերջը մոտ է։ Բայց ամենակարևոր բանն այն է, որ Սուրբ Գիրքը ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր փրկվել։ Ուստի սկզբում պարզենք որոշ սխալ պատկերացումներ և հստակեցնենք, թե ինչ է իրականում «վերջը»։
ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋ. ԻՆՉ ԱՅՆ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՐԿՐԱԳՆԴԻ ԿՈՐԾԱՆՈՒՄ ԿՐԱԿՈՎ
Աստվածաշունչը նշում է. «[Աստված] երկիրը հաստատեց ամուր հիմքերի վրա. այն հավիտյանս հավիտենից չի սասանվի» (Սաղմոս 104։5)։ Այս և այլ համարներ հավաստիացնում են, որ Աստված ո՛չ երկիրն է կործանելու, ո՛չ էլ թույլ է տալու, որ երկիրը երբևէ կործանվի (Ժողովող 1։4; Եսայիա 45։18)։
ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ, ԱՆՍՊԱՍԵԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Աստվածաշունչը հայտնում է, որ Աստված որոշել է, թե երբ է լինելու վերջը։ Կարդում ենք. «Այդ օրվա կամ ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները երկնքում, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք, թե երբ է նշանակված ժամանակը» (Մարկոս 13։32, 33)։ Հստակ է ուրեմն, որ Աստված՝ «Հայրը», «նշանակված ժամանակ» ունի, թե երբ է բերելու վերջը։
ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ ՁԵՌՔՈՎ ԿԱՄ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԽՈՒՄԻՑ
Ինչպե՞ս է գալու վերջը։ Հայտնություն 19։11-ում գրված է. «Տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի։ Նա, որ նստած էր նրա վրա, կոչվում էր Հավատարիմ ու Ճշմարիտ»։ Իսկ 19-րդ համարում կարդում ենք. «Տեսա գազանին, երկրի թագավորներին ու նրանց զորքերին՝ միասին հավաքված, որ պատերազմեն ձիու վրա նստածի ու նրա զորքի դեմ» (Հայտնություն 19։11–21)։ Թեև այս խոսքերը խորհրդանշական լեզվով են գրված, սակայն պարզ է, որ Աստված հրեշտակներից բաղկացած զորք է ուղարկելու իր թշնամիներին կործանելու համար։
Աշխարհի վերջի մասին Աստվածաշնչի տեղեկությունը բարի լուր է
ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋ. ԻՆՉ Է ԱՅՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՎԵՐՋ ՁԱԽՈՂՎԱԾ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Աստվածաշունչը բացատրում է. «Երկնքի Աստվածը մի թագավորություն [կառավարություն] է հաստատելու, որը երբեք չի ավերվելու։ Այդ թագավորությունը ուրիշ ժողովրդի չի տրվելու։ Այն փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին, իսկ ինքը մնալու է հավիտյան» (Դանիել 2։44)։ Այո՛, ինչպես նշվեց, «երկրի թագավորները ու նրանց զորքերը» կործանվելու են, քանի որ «միասին հավաքվելու են, որ պատերազմեն ձիու վրա նստածի ու նրա զորքի դեմ» (Հայտնություն 19։19)։
ՎԵՐՋ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ, ԲՌՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ
«[Աստված] դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9)։ «Ուղղամիտները կբնակվեն երկրի վրա, և անարատները կմնան նրա վրա։ Իսկ ամբարիշտները կվերանան երկրից, և անհավատարիմները բնաջինջ կլինեն նրանից» (Առակներ 2։21, 22)։ Աստված ասում է. «Ահա ամեն բան նոր եմ անում» (Հայտնություն 21։4, 5)։
ՎԵՐՋ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈԼՈՐԵՑՆՈՂ ԿՐՈՆՆԵՐԻՆ
«Մարգարեները սուտ են մարգարեանում, և քահանաները իրենց ուզածի պես են իշխում.... Բայց ի՞նչ եք անելու, երբ այս ամենի վերջը գա» (Երեմիա 5։31)։ «Շատերը կասեն ինձ այն օրը. «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով շատ զորավոր գործեր արեցինք»։ Բայց այն ժամանակ նրանց հայտնապես կասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Հեռացե՛ք ինձանից, դո՛ւք, անօրենությո՛ւն գործողներ»» (Մատթեոս 7։21–23)։
ՎԵՐՋ ԱՄԲԱՐԻՇՏ ՈՒ ՉԱՐ ՄԱՐԴԿԱՆՑ
Հիսուս Քրիստոսն ասաց. «Սա է դատաստան անելու հիմքը, որ լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը սիրեցին և ոչ թե լույսը, քանի որ նրանց գործերը չար էին» (Հովհաննես 3։19)։ Աստվածաշունչը նկարագրում է, թե ինչ եղավ հավատարիմ Նոյի օրերում։ «Այն ժամանակվա աշխարհը կործանվեց, երբ ջրերով հեղեղվեց։ Իսկ այժմյան երկինքներն ու երկիրը նույն խոսքով պահվում են կրակի համար և պահպանվում են մինչև դատաստանի ու ամբարիշտ մարդկանց կործանման օրը» (2 Պետրոս 3։5–7)։
Ուշագրավ է, որ գալիք «դատաստանի ու կործանման օրը» համեմատվում է Նոյի ժամանակների «աշխարհի» կործանման հետ։ Իսկ ի՞նչ աշխարհ կործանվեց։ Չէ՞ որ մեր մոլորակը չի կործանվել։ Այո՛, «ամբարիշտ մարդիկ»՝ Աստծու թշնամիներն էին, որ կործանվեցին։ Գալիք «դատաստանի օրը» Աստծու հակառակորդները նույնպես կկործանվեն։ Սակայն Աստծուն հնազանդվողները, Նոյի ու նրա ընտանիքի նման, կփրկվեն (Մատթեոս 24։37–42)։
Մի պահ պատկերացրու, թե որքան հրաշալի կլինի կյանքը երկրի վրա այն բանից հետո, երբ Աստված վերացնի չարությունը։ Ուստի կարող ենք ասել, որ աշխարհի վերջի մասին Աստվածաշնչի տեղեկությունը բարի լուր է։ Բայց գուցե հարցնես. «Աստվածաշունչը նշո՞ւմ է, թե երբ է լինելու վերջը։ Արդյոք այն մո՞տ է։ Ինչպե՞ս կարող եմ փրկվել»։
-
-
Արդյոք վերջը մո՞տ է2015 Դիտարան | մայիս 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ
Արդյոք վերջը մո՞տ է
Արդյոք Աստված թույլ կտա՞, որ մարդիկ շարունակեն իշխել մեկը մյուսի վրա և վտանգեն մարդկության ապագան։ Ո՛չ, ինչպես տեսանք, նա քայլեր է ձեռնարկելու և վերջ է դնելու դարերով եկած տառապանքին ու անարդարությանը։ Մեր Արարիչը ուզում է, որ մենք իմանանք, որ մոտենում է այն ժամանակը, երբ նա գործի է անցնելու։ Ինչպե՞ս է նա հայտնել մեզ այդ կարևոր տեղեկությունը։
Բերենք մի օրինակ։ Երբ պլանավորում ես ինչ-որ տեղ ճանապարհորդել մեքենայով, թերևս սկզբում օնլայն ուսումնասիրում ես ճանապարհը, քարտեզները, ուղղությունները։ Հետո, երբ ճանապարհ ես ընկնում ու տեսնում ես ցուցանակներ և ուղենշաններ, որոնք համապատասխանում են քո ստացած տեղեկությանը, վստահությամբ ես լցվում ու համոզվում, որ մոտենում ես նշանակված վայրին։ Նմանապես, Աստված մեզ տվել է իր Խոսքը, որում խոսվում է համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձությունների մասին։ Երբ տեսնում ենք, թե ինչպես են դրանք կատարվում, ավելի ենք համոզվում, որ մոտենում ենք այն ժամանակահատվածին, երբ Աստված կործանում է բերելու։
Աստվածաշնչում նշվել է, որ գալու էր մի նշանակալից, անչափ կարևոր ժամանակահատված, որն էլ մատնանշելու էր աշխարհի վերջը։ Այդ ժամանակ ողջ աշխարհում տեղի էին ունենալու այնպիսի իրադարձություններ և լինելու էին այնպիսի պայմաններ, ինչպիսին չեն եղել մարդկության պատմության ողջ ընթացքում։ Քննենք այդ առանձնահատկություններից մի քանիսը։
1. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ Մատթեոս 24-րդ գլխում արձանագրված մարգարեությունը նշում է մի շարք իրադարձություններ, որոնք կազմելու էին բաղադրյալ նշան։ Այդ նշանը մատնացույց էր անելու, որ մոտ է «աշխարհի վախճանը», և «գալու է վերջը» (3-րդ և 14-րդ համարներՅ)։ Լինելու էին մեծ պատերազմներ, սովեր, երկրաշարժեր, անօրենության շատանալու պատճառով շատերի սերն էր սառչելու, ինչպես նաև կրոնական առաջնորդները նենգորեն մոլորեցնելու էին մարդկանց (6–26 համարներ)։ Ինչ խոսք, նման բաներ եղել են դարերի ընթացքում։ Սակայն մինչ վերջը մոտենում է, այդ բոլոր դեպքերը պետք է տեղի ունենային միևնույն անհանգիստ դարաշրջանում։ Նկատվելու էին նաև հետևյալ երեք նախազգուշական նշանները։
2. ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՐՔԱԳԻԾԸ Աստվածաշունչը նշում է, որ «վերջին օրերում»՝ աշխարհի վերջին նախորդող ժամանակահատվածում, նկատվելու էր մարդկանց վարքագծի խիստ փոփոխություն։ Կարդում ենք. «Մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր» (2 Տիմոթեոս 3։1–4)։ Ճիշտ է, մարդկանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը նոր երևույթ չէ, սակայն նման վերաբերմունքը «վերջին օրերում» պետք է այնքան ծայրաստիճան դառնար, որ այդ ժամանակաշրջանը նկարագրվեր որպես «չափազանց դժվար ժամանակներ»։ Մարդկանց վարքագծի մեջ նկատե՞լ ես այդ կտրուկ փոփոխությունը։
3. ԵՐԿԻՐԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է Աստվածաշունչը նշում է, որ Աստված «կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18)։ Ինչպե՞ս են մարդիկ կործանում երկիրը։ Ճիշտ այնպես, ինչպես Նոյի օրերում։ Կարդում ենք. «Երկիրն ապականվեց ճշմարիտ Աստծու աչքում և բռնությամբ լցվեց։ Աստված նայեց երկրին ու տեսավ, որ այն ապականված էր»։ Ուստի Աստված ասաց. «Ես կործանելու եմ նրանց» (Ծննդոց 6։11–13)։ Նկատե՞լ ես, որ երկիրը ավելի ու ավելի է լցվում բռնությամբ։ Մարդիկ ապրում են պատմության ամենաառանձնահատուկ ժամանակահատվածում. մարդ արարածը իր ստեղծած զենքով կարող է բառացի կործանել երկիրը՝ վերացնելով ողջ մարդկությանը։ Երկիրը կործանվում է նաև մեկ ուրիշ ձևով։ Օդը, որ շնչում ենք, կենդանական և բուսական էկոհամակարգերը, օվկիանոսները ապականվել են մարդու սխալ ղեկավարման հետևանքով։
Հարցրու ինքդ քեզ. «Ընդամենը մեկ դար առաջ ո՞վ կարող էր ասել, որ մարդը ի զորու է ոչնչացնել մարդկությանը»։ Իսկ այսօր գերզարգացած զինամթերքի մեծ պաշարները սպառնալիքի տակ են դրել ողջ մարդկության գոյությունը։ Տեխնոլոգիայի բնագավառն այնպիսի առաջընթաց է ապրում, որ մարդ արարածը չի հասցնում հասկանալ կամ վերահսկել դրա հետևանքները։ Սակայն մեր մոլորակի ապագան մարդը չէ, որ պետք է վերահսկի կամ տնօրինի։ Աստված ինքը քայլ կանի ու կկործանի նրանց, ովքեր այսօր կործանում են երկիրը, և թույլ չի տա, որ կյանքը վերանա երկրի վրայից։ Սա է նրա խոստումը։
4. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Համաձայն կանխագուշակման՝ նշանի մաս էր կազմելու նաև այն, որ վերջին օրերում աննախադեպ մասշտաբով քարոզչական գործունեություն էր ծավալվելու։ Կարդում ենք. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)։ Այս քարոզչությունը խիստ տարբերվելու էր այն քարոզչությունից, որ դարերի ընթացքում տարբեր կրոններ իրականացրել են։ Վերջին օրերի ընթացքում հատուկ լուր պետք է քարոզվեր՝ «Թագավորության այս բարի լուրը»։ Ճանաչո՞ւմ ես որևէ կրոնական խմբի, որ քարոզում է այս մասին։ Իսկ արդյո՞ք այն քարոզում է բարի լուրը «ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին»։
Աստծու Թագավորության մասին լուրը հռչակվում է ողջ աշխարհում հարյուրավոր լեզուներով
Կա մի վեբ կայք՝ www.pr418.com, որի գլխավոր նպատակն է «Թագավորության այս բարի լուրը» քարոզելը։ Կայքում կա ավելի քան 700 լեզուներով գրականություն, որում խոսվում է բարի լուրի մասին։ Գիտե՞ս նման մեկ ուրիշ միջոց, որով ողջ աշխարհում քարոզվում է Թագավորության բարի լուրը։ Նախքան ինտերնետի հասանելի լինելը Եհովայի վկաներն արդեն հայտնի էին որպես Աստծու Թագավորության մասին բարի լուրը հռչակողներ։ 1939-ից սկսած՝ «Դիտարան» ամսագրի կազմին գրվում է. «Հռչակում է Եհովայի Թագավորությունը»։ Կրոնների վերաբերյալ մի գրքում նշվում է, որ Եհովայի վկաների քարոզչական գործունեությունը «մասշտաբով և ինտենսիվությամբ իր զուգահեռը գրեթե չունի»։ Վկայության այս մեծածավալ գործունեությունը շեշտում է, որ շուտով Աստծու Թագավորության միջամտությամբ գալու է վերջը։
ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Նկատեցի՞ր, որ այս հոդվածում նշված բոլոր չորս առանձնահատկությունները կատարվում են։ Ավելի քան հարյուր տարի այս ամսագիրը տեղեկացնում է աշխարհում տեղի ունեցող դեպքերի մասին և օգնում է անձամբ համոզվելու, որ մոտենում ենք վերջին։ Ինչ խոսք, որոշ սկեպտիկներ համաձայն չեն՝ պնդելով, որ փաստերն ու վիճակագրական տվյալները սուբյեկտիվ են ու ենթակա փոփոխության։ Նրանք պնդում են, որ քանի որ համաշխարհային կոմունիկացիան շարունակում է զարգանալ, միայն թվում է, թե աշխարհի վիճակը դեպի վատն է գնում։ Այդուհանդերձ, աստիճանաբար ավելացող փաստերը ցույց են տալիս, որ մենք պատմության մեջ առանձնահատուկ ժամանակաշրջանում ենք ապրում։
Որոշ մասնագետներ կարծում են, որ մենք մոտենում ենք այն ժամանակին, երբ երկրի վրա մեծ փոփոխություններ են լինելու։ Օրինակ՝ 2014-ին մի հայտնի հանդես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին նախազգուշացրեց այն մասին, որ մարդկության գոյությունը մեծ սպառնալիքի տակ է (The Science and Security Board of the Bulletin of the Atomic Scientists)։ Այդ գիտնականները նշեցին. «Սպառնալիքների ուշադիր ուսումնասիրությունը մղում է մեզ եզրակացնելու, որ մարդկությանը սպառնացող տեխնոլոգիական աղետի վտանգը դեռ մնում է բավականին բարձր»։ Շատերն են համոզվում, որ մենք մարդկության պատմության շրջադարձային մի կետի ենք հասել։ Այս ամսագրի հրատարակիչները, ինչպես նաև շատ ընթերցողներ կասկած չունեն, որ այս առանձնահատուկ ժամանակաշրջանը բնորոշում է «վերջին օրերը», և որ վերջը մոտ է։ Սակայն կարիք չկա վախենալու ապագայից։ Դու կարող ես մեծ հույսով լցվել։ Ինչո՞ւ։ Քանի որ հնարավորություն ունես վերապրելու։
-
-
Շատերը կփրկվեն. դու էլ կարող ես2015 Դիտարան | մայիս 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՐԴՅՈՔ ՎԵՐՋԸ ՄՈ՞Տ Է
Շատերը կփրկվեն. դու էլ կարող ես
Աստվածաշունչը տեղեկացնում է մեզ, որ վերջը կործանում է բերելու. «Այդ ժամանակ մեծ նեղություն է լինելու, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա.... Իրականում, եթե այդ օրերը չկարճացվեն, ոչ մի մարմին չի փրկվի» (Մատթեոս 24։21, 22)։ Սակայն Աստված նաև խոստանում է, որ շատերը փրկվելու են. «Աշխարհն անցնում է.... բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան» (1 Հովհաննես 2։17)։
Ի՞նչ պետք է անես, եթե ուզում ես վերապրել և «մնալ հավիտյան»։ Արդյո՞ք պետք է սննդի պաշար հավաքես կամ այլ պատրաստություններ տեսնես։ Ո՛չ։ Աստվածաշունչը հորդորում է. «Քանի որ այս բոլոր բաները այսպես պիտի լուծվեն, ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք՝ սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով՝ սպասելով ու մտքում վառ պահելով Եհովայի օրվա ներկայությունը» (2 Պետրոս 3։10–12)։ Համատեքստը ցույց է տալիս, որ «այս բոլոր բաները», որ պետք է լուծվեն, ներառում են ապականված աշխարհի իշխող տարրերը և բոլոր նրանց, ովքեր ոչ թե Աստծու, այլ մարդկային կառավարությունն են ընտրում։ Հստակ է ուրեմն, որ կարիք չկա սննդամթերք կամ այլ բաների պաշար հավաքել, քանի որ դրանք մեզ չեն փրկի կործանումից։
Փրկվելու համար անհրաժեշտ է նվիրված լինել Եհովա Աստծուն և սովորել, թե ինչպես նրան հաճելի ապրելակերպ ունենալ (Սոփոնիա 2։3)։ Մենք պետք է «մտքում վառ պահենք Եհովայի օրվա ներկայությունը» և ոչ թե հետևենք մեծամասնությանը ու անտեսենք այն հստակ նախանշանները, որոնք ցույց են տալիս, որ ապրում ենք անչափ կարևոր ժամանակներում։ Եհովայի վկաները կարող են Աստվածաշնչից ցույց տալ Ձեզ, թե ինչպես կարող եք փրկվել։
-