-
Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել2014 Դիտարան | ապրիլ 15
-
-
Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել
«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել.... Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (ՄԱՏԹ. 6։24)։
1–3. ա) Ի՞նչ ֆինանսական խնդիրներ ունեն շատերը, և ինչպե՞ս են ոմանք փորձում լուծել դրանք (տե՛ս 17-րդ էջի նկարը)։ բ) Ի՞նչ հարցեր են առաջ գալիս երեխայի դաստիարակության հետ կապված։
«ՋԵՅՄՍԸ՝ ամուսինս, ամեն օր տուն էր վերադառնում հոգնած, տանջված։ Բայց նրա բերած փողը հազիվ էր բավարարում մեր ամենօրյա կարիքները,— ասում է Մերիլինըa։— Ես ուզում էի թեթևացնել նրա բեռը և ուզում էի, որ մեր տղան՝ Ջիմին, նույնպես ունենա այն լավ-լավ բաներից, որ ունեին նրա համադասարանցիները»։ Մերիլինը ցանկանում էր օգնել նաև իր հարազատներին, ինչպես նաև մի քիչ փող հետ գցել ապագայի համար։ Նրա ընկերուհիներից շատերը գնացել էին արտասահման՝ փող աշխատելու։ Երբ մտածեց, որ ինքն էլ կարող է գնալ, խառը զգացումներ ունեցավ։ Ինչո՞ւ։
2 Մերիլինի մարմնով սարսուռ անցավ այն մտքից, որ հեռու է լինելու ամուսնուց և որդուց։ Նրանք ընտանիքով կանոնավոր կերպով մասնակցում էին հոգևոր գործունեության։ Եթե գնար, ինչպե՞ս կկարողանային միասին երկրպագել Եհովային։ Ինչպե՞ս էր Ջիմիին դաստիարակելու հեռվից։ Կկարողանա՞ր ինտերնետի միջոցով օգնել ամուսնուն, որ Ջիմիին «դաստիարակի Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրա մեջ սերմանելով» (Եփես. 6։4)։ Բայց նաև մտածում էր. «Չէ՞ որ ուրիշները գնացել են աշխատելու, և նրանց ընտանիքները հոգևորապես չեն տուժել»։
3 Մերիլինը խորհուրդ հարցրեց։ Ամուսնու սրտով չէր, որ նա գնա, բայց ասաց, որ չի խոչընդոտի կնոջը, եթե որոշի գնալ։ Երեցները և ժողովի այլ անդամներ խորհուրդ տվեցին չգնալ, բայց որոշ քույրեր հակառակը հորդորեցին։ «Եթե սիրում ես ընտանիքդ, կգնաս,— ասացին նրանք։— Դու այնտեղ էլ կարող ես ծառայել Եհովային»։ Խառը զգացումները սրտում՝ Մերիլինը համբուրեց Ջեյմսին ու Ջիմիին և գնաց արտասահման՝ աշխատելու։ Նա խոստացավ. «Երկար չեմ մնա»։
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
4. Ինչո՞ւ են շատերը գաղթում, և ովքե՞ր են հաճախ հոգ տանում նրանց երեխաների մասին։
4 Եհովան չի ուզում, որ իր ծառաներն ապրեն ծայրահեղ աղքատության մեջ։ Գաղթը աղքատության դեմ պայքարելու հնագույն միջոցներից է (Սաղ. 37։25; Առակ. 30։8)։ Սովից խուսափելու համար Հակոբ նահապետը իր որդիներին ուղարկեց Եգիպտոս՝ սնունդ գնելուb (Ծննդ. 42։1, 2)։ Այսօր մարդկանց մեծամասնությունը թողնում է հարազատ վայրերը ոչ այն պատճառով, որ իրենց սով է սպառնում։ Նրանց աշխատավարձը ցածր է, և նրանք կուտակել են մեծ պարտքեր։ Մյուսները պարզապես ցանկանում են բարձրացնել իրենց ընտանիքի կենսամակարդակը։ Ոմանք, ապրելով տնտեսապես անկայուն երկրում, թողնում են ընտանիքը և հեռանում՝ աշխատելու կա՛մ երկրի ներսում, կա՛մ արտասահմանում։ Հաճախ փոքր երեխաներին հոգ տանելու պարտականությունը մնում է մյուս ծնողի, մեծ եղբոր կամ քրոջ, պապիկի, տատիկի, ուրիշ ազգականների կամ ընկերների վրա։ Թեպետ ծանր է թողնել ընտանիքը, բայց շատերը մտածում են, որ ուրիշ ելք չունեն։
5, 6. ա) Ի՞նչ ասաց Հիսուսը երջանկության ու ապահովության վերաբերյալ։ բ) Ինչի՞ մասին Հիսուսը իր հետևորդներին սովորեցրեց աղոթել։ գ) Ի՞նչ է ներառում Եհովայի օրհնությունը։
5 Հիսուսի օրերում շատ մարդիկ աղքատ էին ու ապրում էին անբարենպաստ պայմաններում։ Հնարավոր է՝ նրանք մտածում էին. «Եթե մի քիչ շատ փող ունենայի, ավելի ուրախ ու ապահով կապրեի» (Մարկ. 14։7)։ Բայց Հիսուսն ուզում էր, որ մարդիկ իրենց հույսը դնեն մնայուն հարստության աղբյուրի՝ Եհովայի վրա։ Լեռան քարոզում նա բացատրեց, որ իսկական երջանկությունն ու ապահովությունը կախված են ոչ թե նյութական բաներից կամ մեր ջանքերից, այլ այն բանից՝ մտերիմ ենք արդյոք մեր երկնային Հոր հետ, թե ոչ։
6 Տիպար աղոթքում Հիսուսը սովորեցրեց աղոթել ոչ թե ֆինանսական ապահովության, այլ մեր ամենօրյա կարիքների՝ «մեր օրվա հացի» մասին։ Նա իր ունկնդիրներին հստակ ասաց. «Ձեզ համար այլևս գանձեր մի՛ դիզեք երկրի վրա.... Փոխարենը՝ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում» (Մատթ. 6։9, 11, 19, 20)։ Մենք կարող ենք համոզված լինել, որ եթե Եհովան խոստացել է օրհնել մեզ, ուրեմն կօրհնի։ Աստծու օրհնությունն ավելին է, քան միայն հավանության խոսքերը. նա նաև տալիս է այն, ինչի կարիքն իսկապես ունենք։ Այո՛, իսկական երջանկություն ու ապահովություն գտնելու միակ ձևը ոչ թե փողին, այլ մեր հոգատար Հորը ապավինելն է (կարդա՛ Մատթեոս 6։24, 25, 31–34)։
7. ա) Ո՞ւմ է Եհովան տվել երեխաներին դաստիարակելու պարտականությունը։ բ) Ինչո՞ւ երկու ծնողներն էլ պետք է զբաղվեն իրենց երեխաների դաստիարակությամբ։
7 «Նախ Աստծու արդարությունը» փնտրելու մեջ մտնում է ընտանեկան պարտականություններին Եհովայի աչքերով նայելը։ Մովսեսի օրենքում կա մի սկզբունք, որը վերաբերում է քրիստոնյաներին. ծնողները պետք է հոգևոր դաստիարակություն տան իրենց երեխաներին (կարդա՛ 2 Օրենք 6։6, 7)։ Աստված այս պարտականությունը տվել է ծնողներին. նա դա չի տվել տատիկներին, պապիկներին կամ մեկ ուրիշի։ Սողոմոն թագավորն ասաց «Լսի՛ր, որդի՛ս, քո հոր խրատը և մի՛ թող քո մոր օրենքը» (Առակ. 1։8)։ Եհովայի նպատակն է, որ երկու ծնողներն էլ ֆիզիկապես երեխաների կողքին լինեն և կրթեն նրանց (Առակ. 31։10, 27, 28)։ Երեխաները հոգևորի հետ կապված շատ բաներ սովորում են այն ժամանակ, երբ լսում են ծնողներին առօրյայում իրար հետ Եհովայի մասին զրուցելիս և երբ իրենց աչքերով տեսնում են, որ նրանք կանոնավորաբար ծառայում են։
ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
8, 9. ա) Ի՞նչ դժվարություններ են հաճախ առաջանում, երբ ծնողներից մեկը հեռու է լինում ընտանիքից։ բ) Բաժանության պատճառով ի՞նչ վնասներ կարող են լինել։
8 Նախքան արտասահման մեկնելը մարդիկ մտածում են, թե ինչ վտանգներ կան դրա հետ կապված և ինչ զոհողություններ պետք է անեն։ Սակայն քչերն են կարողանում կանխատեսել այն բոլոր հետևանքները, որ լինում են ընտանիքից հեռու լինելու պատճառովc (Առակ. 22։3)։ Մեկնելուց կարճ ժամանակ անց կարոտը սկսեց տանջել Մերիլինին։ Նույնը տեղի էր ունենում նրա ամուսնու և որդու հետ։ Փոքրիկ Ջիմին ամեն անգամ նրան հարցնում էր. «Մա՜, ե՞րբ ես գալու»։ Մերիլինը նախատեսել էր բացակայել մի քանի ամսով, բայց այդ ամիսները դարձան տարիներ, և այդ ընթացքում նա տագնապալի փոփոխություններ էր նկատում իր ընտանիքում. Ջիմին գնալով դառնում էր ինքնամփոփ և զգացական առումով ավելի ու ավելի էր հեռանում իրենից։ Մերիլինը տխրությամբ հիշում է. «Նա այլևս ինձ չէր սիրում»։
9 Երբ ծնողներն ու երեխաները բաժանված են լինում իրարից, նրանք զգացական վնասներ են կրում և գուցե նույնիսկ սխալ բաներ անենd։ Որքան երեխաները փոքր են, և որքան բաժանումը տևական է, այնքան վնասը մեծ է։ Մերիլինը փորձում էր Ջիմիին բացատրել, որ ինքը զոհողություն է արել հանուն նրա։ Մինչդեռ Ջիմին մտածում էր, որ մայրը լքել է իրեն։ Սկզբում երեխան դժգոհ էր նրա բացակայությունից, բայց հետո արդեն դժգոհ էր լինում նրա ներկայությունից, երբ Մերիլինը կարճ ժամանակով տուն էր վերադառնում։ Ինչպես որ սովորաբար լինում է «ինքնահոսի թողնված» երեխաների դեպքում, Ջիմին մտածում էր, որ մայրը այլևս իրավունք չունի իրենից հնազանդություն պահանջելու և սեր ակնկալելու (կարդա՛ Առակներ 29։15)։
Ինտերնետի միջոցով չես կարող գրկել երեխայիդ (տե՛ս պարբերություն 10)
10. ա) Ծնողի բացակայությունը նվերով լրացնելը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել երեխայի վրա։ բ) Ի՞նչ չի կարող անել ծնողը՝ հեռու լինելով երեխայից։
10 Մերիլինը, թեև ջանում էր իր բացակայությունը լրացնել փող ու նվերներ ուղարկելով, նկատում էր, որ, այնուամենայնիվ, հեռանում է որդուց և անգիտակցաբար սովորեցնում է նրան նյութականը հոգևորից և ընտանեկան կապերից վեր դասել (Առակ. 22։6)։ «Հետ մի՛ արի,— ասում էր Ջիմին։— Շարունակիր նվերներ ուղարկել»։ Մերիլինը սկսեց գիտակցել, որ չի կարող որդուն մեծացնել նամակների, հեռախոսազանգերի և տեսակապի միջոցով։ Նա ասում է. «Ինչպե՞ս կարող ես ինտերնետի միջոցով գրկել երեխայիդ կամ քնելուց առաջ համբուրել նրան»։
Ի՞նչ վտանգի կարող ես բախվել, երբ ապրում ես քո կողակցից հեռու (տե՛ս պարբերություն 11)
11. ա) Արտագնա աշխատանքի մեկնելն ինչպե՞ս է ազդում ամուսնության վրա։ բ) Ինչպե՞ս Մերիլինը հասկացավ, որ պետք է միանա իր ընտանիքին։
11 Մերիլինի փոխհարաբերությունները Եհովայի ու ամուսնու՝ Ջեյմսի հետ նույնպես վնասվեցին։ Նա կարողանում էր հավատակիցների հետ շփվել և դուրս գալ քարոզչության շաբաթական ընդամենը մեկ օր կամ ավելի հազվադեպ։ Խնդիրներ եղան նաև աշխատավայրում. Մերիլինը անընդհատ ստիպված էր պաշտպանվելու գործատիրոջ սեռական ոտնձգություններից։ Թե՛ Մերիլինը և թե՛ Ջեյմսը, չունենալով իրենց կողքին կողակցին, որը կարող էր օգնել դժվարությունների ժամանակ, մտերմացան հակառակ սեռի այլ անձանց հետ, և քիչ էր մնացել, որ սեռական անբարոյություն գործեն։ Մերիլինը հասկացավ, որ թեև իրենք շնություն չգործեցին, բայց իրարից հեռու ապրելով՝ չեն կարող հետևել Աստվածաշնչի այն առաջնորդությանը, որ կողակիցները պետք է բավարարեն միմյանց զգացական և սեռական կարիքները։ Նրանք հնարավորություն չունեին ինքնաբուխ մտքեր արտահայտելու միմյանց, ակամա իրար նայելու կամ ժպտալու, քնքշորեն հպվելու սիրելիի ձեռքին, ջերմորեն գրկախառնվելու, քնքշանքներ արտահայտելու և կատարելու ամուսնական «պարտքը» (Երգ 1։2; 1 Կորնթ. 7։3, 5)։ Բացի այս ամենից, նրանք հնարավորություն չունեին՝ որպես մեկ միասնական ընտանիք, երկրպագելու Եհովային։ «Երբ մարզային համաժողովում լսեցի, որ ընտանեկան կանոնավոր երկրպագությունը կենսական է Եհովայի մեծ օրը փրկվելու համար, հասկացա, որ պետք է տուն վերադառնամ,— ասում է Մերիլինը։— Ես պետք է սկսեի վերակառուցել իմ հոգևոր և ընտանեկան կյանքը»։
ԼԱՎ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ
12. Սուրբգրային ի՞նչ խորհուրդ կարելի է տալ նրանց, ովքեր իրենց ընտանիքից հեռու են ապրում։
12 Մերիլինի՝ տուն վերադառնալու որոշումը տարբեր արձագանքներ առաջացրեց։ Նրա օտարերկրյա ժողովի երեցները գովեցին քրոջը հավատի ու քաջության համար։ Բայց ոմանք, ովքեր նույնպես ապրում էին կողակցից և ընտանիքից հեռու, նրա լավ օրինակին հետևելու փոխարեն, փորձեցին տարհամոզել նրան։ «Կտեսնես, շատ չանցած՝ վերադառնալու ես,— ասում էին նրանք։— Ինչպե՞ս պիտի այնտեղ ապրեք»։ Նման վհատեցնող խոսքեր ասելու փոխարեն՝ քրիստոնյաները պետք է «շտկեն երիտասարդ կանանց մտածելակերպը, որպեսզի նրանք սիրեն իրենց ամուսիններին և իրենց երեխաներին, լինեն.... տնարար», այսինքն՝ տնարար իրենց ընտանիքում, «որ ուրիշները Աստծու խոսքի մասին անարգանքով չխոսեն» (կարդա՛ Տիտոս 2։3–5)։
13, 14. Ինչո՞ւ է քրիստոնյային հավատ պետք, որպեսզի դեմ գնա ընտանիքի այն ցանկություններին, որոնք հաճելի չեն Եհովային։ Բացատրիր օրինակով։
13 Շատ ներգաղթյալներ մեծացել են այնպիսի երկրներում, որոնց մշակույթում ավանդույթներն ու ընտանիքը, հատկապես ծնողները վեր են դասվում ամեն ինչից։ Քրիստոնյային հավատ է պետք, որպեսզի դեմ գնա ընդունված այն կարգին կամ ընտանիքի այն ցանկություններին, որոնք հաճելի չեն Եհովային։
14 Տեսնենք, թե ինչ է պատմում Կարինը. «Երբ ծնվեց մեր որդին՝ Դոնը, ես ու ամուսինս աշխատում էինք արտասահմանում, և ես նոր էի սկսել Աստվածաշունչ ուսումնասիրել»։ Մեր հարազատներն ուզում էին, որ Դոնին ուղարկենք տուն՝ ծնողներիս մոտ, մինչև որ մեր ֆինանսական վիճակը կարգավորվի»։ Երբ Կարինը ասաց, որ ինքն է մեծացնելու Դոնին, նրա հարազատները, ինչպես նաև ամուսինը նրան անվանեցին ծույլ ու ծիծաղեցին նրա վրա։ «Ճիշտն ասած՝ այդ ժամանակ լիովին չէի հասկանում, թե ինչ վատ բան կա, եթե Դոնին մի քանի տարի ծնողներս պահեն,— ասում է Կարինը։— Բայց գիտեի, որ Եհովան մեր որդուն մեծացնելու գործը մեզ՝ ծնողներիս է տվել»։ Երբ Կարինը կրկին հղիացավ, նրա ամուսինը, որը չէր ընդունում Կարինի հավատը, պնդեց, որ նա արհեստական վիժում անի։ Կարինի՝ ավելի վաղ կայացրած ճիշտ որոշումը ամրացրել էր նրա հավատը, ուստի նա կարողացավ կրկին աստվածահաճո որոշում կայացնել։ Այժմ Կարինը, նրա ամուսինը և նրանց երկու երեխաները շատ ուրախ են, որ իրար հետ են մնացել։ Եթե Կարինը թույլ տար, որ երեխաներից մեկին կամ երկուսին ուրիշները մեծացնեին, արդյունքը կարող էր բոլորովին ուրիշ լինել։
15, 16. ա) Պատմիր մի քրոջ դեպք, որին փոքր տարիքում ծնողները չեն պահել։ բ) Ինչո՞ւ նա նման կերպով չվարվեց իր աղջկա հետ։
15 Վիկի անունով մի քույր պատմում է. «Մի քանի տարի ինձ մեծացրել է տատիկս։ Իսկ փոքր քույրս այդ ընթացքում ապրում էր ծնողներիս հետ։ Երբ սկսեցի ապրել ծնողներիս հետ, նրանց հանդեպ արդեն ուրիշ զգացմունքներ ունեի։ Քույրս կարողանում էր ազատորեն շփվել հորս ու մորս հետ, գրկել նրանց, մի խոսքով՝ շատ մտերիմ էր նրանց հետ։ Բայց ինձ համար ծնողներս կարծես օտար մարդիկ լինեին, և նույնիսկ չափահաս տարիքում դժվարանում էի անկաշկանդ շփվել նրանց հետ։ Ես ու քույրս վստահեցրել ենք մեր ծնողներին, որ հոգ կտանենք նրանց մասին, երբ ծերանան։ Բայց ես դա կանեմ ավելի շուտ պարտքի զգացումից ելնելով, իսկ քույրս՝ սիրուց մղված»։
16 «Այժմ մայրս ուզում է, որ աղջկաս ուղարկեմ իր մոտ, և ինքը մեծացնի, ինչպես որ ժամանակին ինձ էր ուղարկել իր մոր մոտ։ Ես նրան նրբանկատորեն մերժել եմ,— ասում է Վիկին։— Ես ու ամուսինս ցանկանում ենք մեր երեխային մեծացնել Եհովայի ճանապարհներով։ Չեմ ուզում, որ ապագայում օտար լինեմ աղջկաս համար»։ Վիկին համոզվել է, որ հաջողության կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ Եհովային ու նրա սկզբունքները վեր ես դասում նյութականից և ընտանիքի ցանկություններից։ Հիսուսը հստակ ասաց. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել.... Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (Մատթ. 6։24; Ելք 23։2)։
ԵՀՈՎԱՆ Է «ՀԱՋՈՂԵՑՆՈՒՄ» ՄԵՐ ԳՈՐԾԵՐԸ
17, 18. ա) Ինչո՞ւ քրիստոնյաները երբեք փակուղու առաջ չեն լինում։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
17 Մեր Հայրը՝ Եհովան, խոստացել է օգնել մեզ ունենալու այն ամենը, ինչ, իրոք, անհրաժեշտ է մեզ, եթե Թագավորությունը և Նրա արդարությունը առաջին տեղում դնենք (Մատթ. 6։33)։ Ուստի ճշմարիտ քրիստոնյաները երբեք փակուղու առաջ չեն լինում։ Եհովան խոստանում է «ելք» տալ ցանկացած դժվարության ժամանակ, այնպես, որ ստիպված չլինենք զիջումների գնալու աստվածաշնչյան սկզբունքների հարցում (կարդա՛ 1 Կորնթացիներ 10։13)։ Եթե «սպասենք» Եհովային, նրան «վստահենք»՝ աղոթելով, որ մեզ իմաստություն և առաջնորդություն տա, ինչպես նաև պահելով նրա պատվիրաններն ու սկզբունքները, ապա նա «կկատարի», այսինքն՝ կգործի հօգուտ մեզ (Սաղ. 37։5, 7)։ Աստված օրհնություն չի խնայի մեզ համար, եթե միայն նրան ընդունենք որպես Տիրոջ և ամեն ջանք թափենք նրան ծառայելու համար։ Եթե Եհովային առաջին տեղում դնենք, նա «կհաջողեցնի» մեր գործերը (համեմատի՛ր Ծննդոց 39։3)։
18 Ի՞նչ կարելի է անել վերականգնելու համար բաժանման պատճառով վնասված փոխհարաբերությունները։ Ի՞նչ գործնական քայլեր կարող ենք անել մեր ընտանիքի կարիքները հոգալու համար՝ առանց ընտանիքից հեռու լինելու։ Ինչպե՞ս կարող ենք հորդորել ուրիշներին ճիշտ որոշումներ կայացնել այս առնչությամբ։ Այս հարցերի պատասխանները կտրվեն հաջորդ հոդվածում։
-
-
Քաջ եղիր. Եհովան է քո օգնականը2014 Դիտարան | ապրիլ 15
-
-
Քաջ եղիր. Եհովան է քո օգնականը
«Քաջությամբ ենք լցված և ասում ենք. «Եհովան է իմ օգնականը»» (ԵԲՐ. 13։6)։
1, 2. Բազմաթիվ մարդիկ ի՞նչ դժվարությունների են բախվում՝ արտասահմանում աշխատելուց հետո վերադառնալով տուն (տե՛ս 22-րդ էջի նկարը)։
«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ես լավ գործ ունեի և լավ փող էի աշխատում,— պատմում է Էդուարդոնa։— Բայց երբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ, հասկացա, որ ընտանիքս փողից ավելի կարևոր բանի կարիք ունի. ես պետք է հոգ տանեի ընտանիքիս անդամների հոգևոր կարիքների մասին և լինեի նրանց կողքին։ Ուստի վերադարձա տուն» (Եփես. 6։4)։
2 Էդուարդոն գիտեր, որ իր տուն վերադառնալը Եհովային հաճելի է։ Բայց նրա համար հեշտ չէր լինելու. Մերիլինի պես, որի մասին խոսվեց նախորդ հոդվածում, նա պետք է վերականգներ իր փոխհարաբերությունները կողակցի ու երեխաների հետ, և դա երկար էր տևելու։ Բացի այդ, իր երկրում հեշտ չէր լինելու ընտանիքի նյութական կարիքները հոգալը։ Ինչպե՞ս էր Էդուարդոն ապրուստ վաստակելու։ Ի՞նչ օգնություն կարող էր ակնկալել ժողովի անդամներից։
ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
3. Ինչպե՞ս է ծնողի բացակայությունն ազդում երեխաների վրա։
3 «Ես հասկացա, որ անուշադրության էի մատնել երեխաներիս, և նրանց կողքին չէի այն ժամանակ, երբ նրանք ամենից շատ իմ առաջնորդության և սիրո կարիքն ունեին,— ասում է Էդուարդոն։— Ես երեխաներիս հետ չէի, որ աստվածաշնչյան պատմություններ կարդայի նրանց համար, նրանց հետ աղոթեի, խաղայի, նրանց գրկեի» (2 Օրենք 6։7)։ Էդուարդոյի մեծ աղջիկը՝ Աննան, հիշում է. «Քանի որ հայրս մեր կողքին չէր, ինձ թվում էր՝ նա ինձ չի սիրում։ Երբ վերադարձավ, նա մեզ համար պարզապես ծանոթ մարդ էր։ Ես ինձ հարազատ չզգացի, երբ հայրս ինձ գրկեց»։
4. Ի՞նչ է լինում, երբ ընտանիքի գլուխը ապրում է ընտանիքից հեռու։
4 Որքան հայրը երկար է բացակայում տնից, այնքան նրա համար ավելի դժվար է լինում կատարել ընտանիքի գլխի դերը։ Էդուարդոյի կինը՝ Ռուբին, ասում է. «Ես պետք է և՛ մայր լինեի, և՛ հայր. ընտանիքի հետ կապված որոշումների մեծ մասը արդեն ես էի կայացնում։ Իսկ երբ Էդուարդոն վերադարձավ, ես պետք է սովորեի քրիստոնեական հնազանդություն դրսևորել։ Նույնիսկ հիմա երբեմն ինքս ինձ հիշեցնում եմ, որ կողքիս ամուսին կա» (Եփես. 5։22, 23)։ Էդուարդոն ավելացնում է. «Աղջիկներս սովորել էին որևէ բան անելու համար թույլտվություն խնդրել մորից։ Ես ու Ռուբին հասկացանք, որ երկուսս պետք է միասնական լինենք, և ես պետք է սովորեմ առաջնորդել ընտանիքիս աստվածաշնչյան չափանիշների համաձայն»։
5. Ինչպե՞ս մի հայր սկսեց վերականգնել իր և ընտանիքի անդամների փոխհարաբերությունները, և ի՞նչ արդյունքով։
5 Էդուարդոն վճռել էր ամեն ինչ անել իր և ընտանիքի անդամների փոխհարաբերությունները վերականգնելու և նրանց հոգևորապես ամրացնելու համար։ «Իմ նպատակն էր խոսքով ու գործով ճշմարտությունը սերմանել երեխաներիս մեջ. ոչ թե պարզապես ասել, որ սիրում եմ Եհովային, այլ ցույց տալ դա» (1 Հովհ. 3։18)։ Օրհնե՞ց Եհովան Էդուարդոյի ջանքերը։ «Մենք տեսանք, որ նա մեծ ջանքեր է թափում լավ հայր լինելու և մեզ հետ մտերմանալու համար, ու դա խորապես տպավորեց մեզ,— ասում է Աննան։— Իսկ երբ տեսանք, որ նա ժողովում ձգտում է առանձնաշնորհումների, հպարտության զգացումով լցվեցինք։ Աշխարհը փորձում էր հեռացնել մեզ Եհովայից։ Բայց մենք տեսնում էինք, որ մեր ծնողները կենտրոնացած են ճշմարտության վրա, և մենք էլ ձգտեցինք նույնն անել։ Հայրիկը խոստացավ, որ այլևս չի լքի մեզ, և պահեց իր խոսքը։ Եթե նա լքեր մեզ, ես այսօր, հավանաբար, Եհովայի կազմակերպության մեջ չէի լինի»։
ԸՆԴՈՒՆԻՐ ՄԵՂՔԻ ՔՈ ԲԱԺԻՆԸ
6. Որոշ ծնողներ ի՞նչ հասկացան պատերազմի ժամանակ։
6 Ըստ որոշ դիտարկումների՝ Բալկանյան թերակղզում տեղի ունեցած պատերազմի ժամանակ Եհովայի վկաների երեխաները, չնայած դաժան պայմաններին, ուրախ են մնացել։ Ինչպե՞ս։ Ծնողները, հնարավորություն չունենալով տնից դուրս գալու և աշխատելու, մնում էին տանը և երեխաների հետ հոգևոր թեմաներ էին քննարկում, խաղում և զրուցում։ Ի՞նչ ենք սովորում։ Փողից ու նվերներից առավել երեխաները կարիք ունեն, որ իրենց ծնողներն իրենց կողքին լինեն։ Ինչպես Աստծու Խոսքն է ասում, երեխաների համար օգտակար է, երբ ծնողները նրանց ուշադրություն են դարձնում, կրթում և դաստիարակում (Առակ. 22։6)։
7, 8. ա) Ի՞նչ սխալ են անում որոշ ծնողներ, երբ վերադառնում են տուն։ բ) Ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել իրենց երեխաներին հաղթահարելու բացասական տրամադրվածությունը։
7 Ցավոք, որոշ ծնողներ, վերադառնալով տուն և տեսնելով, որ երեխաները դժգոհ են իրենցից կամ անտարբեր են իրենց հանդեպ, նրանց ասում են. «Ինչպե՞ս կարող եք այդքան ապերախտ լինել, երբ ես ամեն ինչ արել եմ ձեզ համար»։ Այդուհանդերձ, երեխաների բացասական տրամադրվածության պատճառը հիմնականում ծնողների բացակայությունն է լինում։ Ի՞նչ կարող է ծնողն անել իրավիճակը շտկելու համար։
8 Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ հասկանալու քո ընտանիքի անդամների զգացումները, և որ կարողանաս ցույց տալ, որ նրանց զգացումները քեզ համար կարևոր են։ Հետո, երբ զրուցես նրանց հետ, ցույց տուր, որ ընդունում ես մեղքի քո բաժինը։ Անկեղծորեն ներողություն խնդրիր։ Երբ կողակիցդ ու երեխաներդ տեսնեն, որ հետևողականորեն ջանում ես շտկել իրավիճակը, նրանք կհասկանան, որ իսկապես ուզում ես բարելավել ձեր ընտանեկան կյանքը։ Լինելով վճռական և համբերատար՝ աստիճանաբար կշահես ընտանիքիդ սերն ու հարգանքը։
ԻՆՉՊԵՍ ՀՈԳԱԼ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ
9. Ինչո՞ւ քրիստոնյայի համար ընտանիքի կարիքները հոգալ չի նշանակում ձգտել շատ նյութական միջոցներ ունենալու։
9 Պողոս առաքյալն ասաց, որ երբ տարեց քրիստոնյաները չեն կարողանում հոգալ իրենց կարիքները, նրանց երեխաներն ու թոռները պետք է «պատշաճ հատուցումը տան իրենց ծնողներին, տատերին ու պապերին»։ Բայց առաքյալը նաև ասաց, որ բոլոր քրիստոնյաները, եթե ունեն ամենաանհրաժեշտ բաները՝ «ուտելիք, հագուստ և ծածկ», «դրանցով բավարարվեն»։ Մենք չպետք է անդադար ձգտենք ավելի ու ավելի բարձր կենսամակարդակի կամ ֆինանսական ապահովության (կարդա՛ 1 Տիմոթեոս 5։4, 8; 6։6–10)։ Քրիստոնյան կարիք չունի ձգտելու հարստության մի աշխարհում, որը շուտով անցնելու է (1 Հովհ. 2։15–17)։ Մենք չպետք է թույլ տանք, որ «հարստության հրապույրը» կամ «կյանքի հոգսերը» խանգարեն մեր ընտանիքին «կառչելու իսկական կյանքից», որը լինելու է Աստծու արդար նոր աշխարհում (Մարկ. 4։19; Ղուկ. 21։34–36; 1 Տիմոթ. 6։19)։
10. Ինչո՞ւ է իմաստուն ընդհանրապես պարտք չվերցնելը։
10 Եհովան գիտի, որ մեզ որոշ քանակությամբ փող պետք է։ Բայց փողը չի կարող օգնել ու պաշտպանել այնպես, ինչպես Աստծու իմաստությունը (Ժող. 7։12; Ղուկ. 12։15)։ Հաճախ մարդիկ չեն գիտակցում, թե որքան թանկ կարող են վճարել՝ աշխատելու նպատակով արտասահման գնալով։ Բացի այդ, նրանք ոչ մի երաշխիք չունեն, որ այնտեղ փող կաշխատեն։ Ավելին, այնտեղ իրականում շատ լուրջ վտանգներ կան։ Բազմաթիվ մարդիկ վերադառնում են՝ նույնիսկ ավելի մեծ պարտքեր կուտակած։ Փոխանակ ազատ լինելու և Աստծուն ծառայելու՝ նրանք սկսում են ծառայել իրենց պարտատերերին (կարդա՛ Առակներ 22։7)։ Իմաստուն է ընդհանրապես պարտք չվերցնելը։
11. Բյուջե կազմելը և դրան հետևելը ինչպե՞ս կարող է օգնել ընտանիքներին թեթևացնելու իրենց հոգսը։
11 Էդուարդոն հասկանում էր, որ իրենց պայմաններում իրենք պետք է փողը խելամտորեն ծախսեն։ Նա և կինը բյուջե կազմեցին՝ մանրամասնորեն քննելով, թե իրականում ինչի կարիք ունի իրենց ընտանիքը։ Հասկանալի է՝ նախկինի համեմատ՝ այդ բյուջեն շատ ավելի խիստ էր։ Բայց բոլորն իրար հետ համագործակցում էին և փողն անտեղի չէին ծախսումb։ Էդուարդոն ասում է. «Ես երեխաներին հանեցի մասնավոր դպրոցից և տեղափոխեցի մի լավ հանրային դպրոց»։ Նրանք ընտանիքով աղոթում էին, որ Էդուարդոն այնպիսի աշխատանք գտնի, որը չի խանգարի իրենց հոգևոր առօրյային։ Պատասխանե՞ց Եհովան նրանց աղոթքներին։
12, 13. Ի՞նչ գործնական քայլեր արեց Էդուարդոն, որպեսզի հոգա իր ընտանիքի մասին, և Եհովան ինչպե՞ս օրհնեց պարզ կյանքով ապրելու նրա վճռականությունը։
12 «Առաջին երկու տարին մի կերպ յոլա գնացինք,— պատմում է Էդուարդոն։— Ձեռքիս եղած փողը վերջանում էր, իսկ ստացածս եկամուտն այնքան քիչ էր, որ երբեմն չէր հերիքում։ Դրան գումարած՝ շատ էի հոգնում։ Բայց մենք կարողանում էինք ներկա լինել բոլոր հանդիպումներին և միասին ծառայել»։ Էդուարդոն վճռեց անգամ չմտածել այնպիսի աշխատանքի մասին, որի պատճառով հեռու կլիներ ընտանիքից ամիսներ կամ տարիներ շարունակ։ «Փոխարենը՝ ես մի քանի գործ սովորեցի, որպեսզի երբ մեկը չլինի, մյուսն անեմ»։
Կարո՞ղ ես սովորել տարբեր աշխատանքներ անել (տե՛ս պարբերություն 12)
13 Էդուարդոյին երկար ժամանակ էր պետք իր պարտքերը փակելու համար, ուստի նա ստիպված էր ավելի շատ տոկոսներ վճարել։ Բայց նա պատրաստ էր կրելու այդ դժվարությունը, որպեսզի միշտ իր երեխաների կողքին լինի, ինչպես որ Եհովան է ակնկալում ծնողից։ «Այժմ ես վաստակում եմ արտասահմանում աշխատած փողի 10 տոկոսից էլ քիչ,— ասում է Էդուարդոն։— Բայց մենք սոված չենք։ «Եհովայի ձեռքը կարճ չէ»։ Մենք նույնիսկ որոշեցինք ռահվիրա ծառայել։ Հետաքրքիր է, որ դրանից հետո երկրի տնտեսական վիճակը մի քիչ լավացավ, և մեզ համար ավելի հեշտ դարձավ նյութական կարիքները հոգալը» (Ես. 59։1)։
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԴՐԵԼ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՃՆՇՄԱՆԸ
14, 15. Ինչպե՞ս կարող է ընտանիքը դիմադրել հարազատների ճնշմանը և նյութականը հոգևորից վեր չդասել։ Նրանց լավ օրինակը ի՞նչ արդյունք կարող է տալ։
14 Շատ վայրերում մարդիկ պարտավորված են զգում փող և նվերներ տալու հարազատներին ու ընկերներին։ «Մեր մշակույթն այդպիսին է, և մենք հաճույքով ենք տալիս»,— բացատրում է Էդուարդոն։ Հետո ավելացնում է. «Բայց ամեն ինչին սահման կա։ Ես իմ հարազատներին նրբանկատորեն բացատրեցի, որ կտամ այնքան, որքան կկարողանամ։ Չեմ ուզում, որ դրա պատճառով տուժի ընտանիքիս հոգևորը և նյութականը»։
15 Ինչպես արտագնա աշխատանքից վերադարձողները, այնպես էլ նրանք, ովքեր հրաժարվում են թողնել ընտանիքը ու գնալ արտասահմանում աշխատելու, հաճախ բացասական վերաբերմունքի են արժանանում հարազատների կողմից։ Վերջիններս բարկանում են նրանց վրա, արհամարհում են, հիասթափվում են նրանցից, որովհետև նրանց դիտում են որպես իրենց կերակրողների (Առակ. 19։6, 7)։ Էդուարդոյի աղջիկը՝ Աննան, ասում է. «Քանի որ հոգևորը չենք զոհում հանուն նյութականի, մեր հարազատներից ոմանք գուցե ի վերջո հասկանան, որ քրիստոնեական կյանքը շատ կարևոր է։ Ինչպե՞ս նրանք դա կհասկանան, եթե կատարենք նրանց պահանջները» (համեմատի՛ր 1 Պետրոս 3։1, 2)։
ՀԱՎԱՏԱ ԱՍՏԾՈՒՆ
16. ա) Մարդն ինչպե՞ս կարող է ինքն իրեն խաբել «սխալ դատողությամբ» (Հակ. 1։22)։ բ) Ո՞ր որոշումներն է Եհովան օրհնում։
16 Մի քույր, առանց ամուսնու և երեխաների, տեղափոխվեց մի զարգացած երկիր։ Նա երեցներին ասաց. «Մենք շատ մեծ զոհողություններ ենք արել, որպեսզի ես գամ այստեղ։ Ամուսինս նույնիսկ հրաժարվեց երեցի նշանակումից։ Ուստի մեծ հույսեր ունեմ, որ Եհովան կօրհնի իմ այս տեղափոխությունը»։ Եհովան միշտ օրհնում է այն որոշումները, որոնք հիմնված են իր հանդեպ հավատի վրա։ Բայց նա ինչպե՞ս կարող է օրհնել այն որոշումը, որը հակառակ է իր կամքին, հատկապես երբ դրա պատճառով քրիստոնյան թողնում է իր առանձնաշնորհումները (կարդա՛ Եբրայեցիներ 11։6; 1 Հովհաննես 5։13–15)։
17. Ինչո՞ւ պետք է փնտրենք Եհովայի առաջնորդությունը նախքան որոշումներ կայացնելը և ինչպե՞ս կարող ենք դա անել։
17 Եհովայի առաջնորդությունը փնտրիր նախքան որոշումներ կայացնելն ու պարտավորություններ վերցնելը և ոչ թե դրանից հետո։ Աղոթիր, որ նա իր սուրբ ոգին տա քեզ, տա իմաստություն և առաջնորդություն (2 Տիմոթ. 1։7)։ Ինքդ քեզ հարցրու. «Պատրա՞ստ եմ հնազանդվելու Եհովային ցանկացած իրավիճակում։ Պատրա՞ստ եմ նույնիսկ հալածանքի ժամանակ հնազանդվելու։ Իսկ կհնազանդվե՞մ, եթե դա նշանակի, որ ընտանիքս ավելի համեստ միջոցներով պետք է ապրի» (Ղուկ. 14։33)։ Երեցներից սուրբգրային խորհուրդ հարցրու և հետևիր դրան։ Այդպես ցույց կտաս, որ հավատում ու վստահում ես Եհովայի այն խոստմանը, որ նա կօգնի քեզ։ Երեցները չեն կարող քո փոխարեն որոշել, բայց կարող են օգնել այնպիսի որոշումներ կայացնելու, որոնք քեզ հարատև երջանկություն կբերեն (2 Կորնթ. 1։24)։
18. Ո՞վ պետք է հոգ տանի ընտանիքի մասին, և ուրիշները ինչպե՞ս կարող են օգնել։
18 Եհովան ընտանիքի գլխի ուսերին է դրել ամեն օր ընտանիքի մասին հոգ տանելու «բեռը» (Գաղ. 6։5)։ Նրանք, ովքեր հոգում են իրենց ընտանիքի մասին՝ առանց կողակցից ու երեխաներից հեռանալու, չնայած որ գուցե ճնշում լինի կամ գայթակղություն առաջանա այդպես վարվելու, արժանի են գովասանքի, և մենք պետք է աղոթենք նրանց համար։ Հատկապես անսպասելի իրավիճակներում, օրինակ՝ երբ աղետ է լինում կամ անհապաղ բուժօգնության կարիք է առաջանում, կարող ենք իսկական քրիստոնեական սեր ցույց տալ և ցավակից լինել միմյանց (Գաղ. 6։2; 1 Պետ. 3։8)։ Կարո՞ղ ես արտակարգ իրավիճակում հավատակցիդ աջակցել փողով կամ օգնել նրան աշխատանք գտնելու տեղում։ Եթե այո, ապա նա ստիպված չի լինի հեռանալու ընտանիքից և աշխատանք փնտրելու արտասահմանում (Առակ. 3։27, 28; 1 Հովհ. 3։17)։
ՀԻՇԻՐ, ՈՐ ԵՀՈՎԱՆ Է ՔՈ ՕԳՆԱԿԱՆԸ
19, 20. Քրիստոնյաներն ինչո՞ւ կարող են վստահ լինել, որ Եհովան կօգնի իրենց։
19 Աստծու Խոսքը մեզ հորդորում է. «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա։ Բավարարվեք եղածով, քանի որ [Աստված] ասաց. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»։ Այնպես որ քաջությամբ ենք լցված և ասում ենք. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը»» (Եբր. 13։5, 6)։ Ինչպե՞ս են այս խոսքերն այսօր կատարվում։
20 «Մարդիկ հաճախ են խոսում այն մասին, որ Եհովայի վկաները երջանիկ են,— ասում է մի երկարամյա երեց, որն ապրում է զարգացող երկրում։— Նրանք նաև նկատում են, որ նույնիսկ աղքատ Վկաները միշտ գեղեցիկ են հագնվում և ուրիշների համեմատ ավելի լավ են ապրում»։ Սա հենց այն է, ինչ Հիսուսը խոստացավ Թագավորությունը առաջին տեղում դնողներին (Մատթ. 6։28–30, 33)։ Մեր երկնային Հայրը՝ Եհովան, սիրում է քեզ և միայն բարիք է ցանկանում քեզ ու քո երեխաներին։ «Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տար. 16։9)։ Աստծու պատվիրանները, այդ թվում նաև ընտանեկան կյանքի և նյութական կարիքները հոգալու վերաբերյալ պատվիրանները մեր օգտի համար են։ Երբ հետևում ենք դրանց, ցույց ենք տալիս, որ սիրում ու վստահում ենք Եհովային։ «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանր չեն» (1 Հովհ. 5։3)։
21, 22. Ինչո՞ւ ես վճռել վստահել Եհովային։
21 Էդուարդոն ասում է. «Մի ժամանակ ես հեռու եմ եղել իմ կնոջից ու երեխաներից։ Ցավոք, անցյալը փոխել չեմ կարող։ Ուստի ափսոսանքներով չեմ ապրում։ Նախկին աշխատակիցներիցս շատերը հարուստ են, բայց երջանիկ չեն։ Նրանց ընտանիքներում լուրջ խնդիրներ կան։ Իսկ իմ ընտանիքը երջանիկ է։ Ես շատ եմ տպավորվում՝ տեսնելով, թե ինչպես են մեր երկրում ապրող բազմաթիվ եղբայրներ ու քույրեր, չնայած աղքատությանը, հոգևորը դնում առաջին տեղում։ Մենք բոլորս տեսնում ենք Հիսուսի խոսքերի կատարումը» (կարդա՛ Մատթեոս 6։33)։
22 Քաջ եղիր։ Հնազանդվիր Եհովային ու վստահիր նրան։ Թող սերը Աստծու, կողակցիդ ու երեխաներիդ հանդեպ մղի քեզ կատարելու ընտանիքիդ մասին հոգ տանելու սուրբգրային պարտականությունդ։ Դու կտեսնես, որ «Եհովան քո օգնականն է»։
-