Վաղ քրիստոնյաները և Մովսիսական օրենքը
«Օրէնքը մեզ համար դաստիարակ եղաւ դէպի Յիսուս Քրիստոսը» (Գաղատացիս 3։24)։
1, 2. Ի՞նչ օգուտներ էին ստանում այն իսրայելացիները, ովքեր ուշադիր կատարում էին Մովսիսական օրենքը։
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ 1513–ին Եհովան իսրայելացիներին օրենքների ժողովածու տվեց։ Նա ասաց, որ եթե նրանք լսեն իր ձայնին, ապա կօրհնի իրենց, և նրանք կապրեն երջանիկ ու գոհացուցիչ կյանքով (Ելից 19։5, 6)։
2 Օրենքների այդ ժողովածուն, որ կոչվում է Մովսիսական օրենք, կամ պարզապես՝ Օրենք, «սուրբ եւ արդար եւ բարի» էր (Հռովմայեցիս 7։12)։ Օրենքը խրախուսում էր այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են՝ բարություն, ազնվություն, բարոյականություն, բարյացակամություն (Ելից 23։4, 5; Ղեւտացոց 19։14; Բ Օրինաց 15։13–15; 22։10, 22)։ Մովսիսական օրենքը նաև մղում էր հրեաներին սիրել միմյանց (Ղեւտացոց 19։18)։ Օրենքը արգելում էր նրանց շփվել ոչ հրեաների հետ կամ կին առնել նրանցից, ովքեր Օրենքի տակ չէին (Բ Օրինաց 7։3, 4)։ Մովսիսական օրենքը՝ որպես հրեաներին ու ոչ հրեաներին «բաժանող պատ», պահպանում էր Աստծո ժողովրդին հեթանոսական մտածելակերպով ու սովորություններով պղծվելուց (Եփեսացիս 2։14, 15; Յովհաննէս 18։28)։
3. Այն, որ ոչ ոք չէր կարող լիովին կատարել Օրենքը, ի՞նչ բացահայտեց։
3 Այդուհանդերձ, նույնիսկ ամենաբարեխիղճ հրեաները չէին կարող լիովին կատարել Մովսիսական օրենքը։ Մի՞թե Եհովան չափից դուրս շատ բան էր ակնկալում նրանցից։ Ոչ։ Պատճառներից մեկը, թե ինչու Իսրայելին տրվեց Օրենքը, այն էր, որ «Օրէնքը աւելցաւ յանցանքը յայտնելու համար» (Արևմտ. Աստ.) (Գաղատացիս 3։19)։ Օրենքի միջոցով ազնվասիրտ հրեաները հասկանում էին, որ իրենք խիստ կարիք ունեն Փրկչի։ Երբ նա եկավ, հավատարիմ հրեաները շատ ուրախացան։ Մեղքի ու մահվան անեծքից ազատագրումը մոտ էր (Յովհաննէս 1։29)։
4. Ի՞նչ իմաստով էր Օրենքը «դաստիարակ.... դէպի Յիսուս Քրիստոսը»։
4 Մովսիսական օրենքը ժամանակավորապես էր տրված։ Հավատակիցներին գրելիս Պողոս առաքյալն այն անվանեց «դաստիարակ.... դէպի Յիսուս Քրիստոսը» (Գաղատացիս 3։24)։ Հին ժամանակներում դաստիարակը երեխաներին տանում էր դպրոց և հետ բերում։ Սովորաբար նա ուսուցիչ չէր. նա երեխաներին ընդամենը ուղեկցում էր ուսուցչի մոտ։ Նման ձևով Մովսիսական օրենքը նախատեսված էր աստվածավախ հրեաներին առաջնորդելու դեպի Քրիստոսը։ Հիսուսը խոստացավ, որ իր հետևորդների հետ կլինի «ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը» (Մատթէոս 28։20)։ Քրիստոնեական ժողովի կազմավորվելուն պես այլևս «դաստիարակի», այսինքն՝ Օրենքի կարիքը չկար (Հռովմայեցիս 10։4; Գաղատացիս 3։25)։ Բայց հրեա քրիստոնյաներից ոմանք դժվարանում էին ընդունել այս կարևոր ճշմարտությունը։ Նույնիսկ Քրիստոսի հարություն առնելուց հետո նրանք շարունակում էին պահել որոշ օրենքներ։ Մյուսները, սակայն, շտկեցին իրենց մտածելակերպը։ Վարվելով այդպես՝ նրանք հրաշալի օրինակ թողեցին մեզ։ Եկեք տեսնենք, թե ինչպես։
Նոր հասկացողություն՝ քրիստոնեական ուսմունքի մեջ
5. Տեսիլքում ի՞նչ հրահանգներ տրվեցին Պետրոսին, և ինչո՞ւ էր նա ապշել։
5 Մ.թ. 36–ին Պետրոս առաքյալը մի ուշագրավ տեսիլք տեսավ։ Երկնքից մի ձայն նրան պատվիրեց մորթել և ուտել թռչուններ ու կենդանիներ, որոնք ըստ Օրենքի անմաքուր էին։ Պետրոսն ուղղակի ապշել էր։ Նա երբեք «պիղծ կամ անմաքուր բան» չէր կերել։ Բայց ձայնն ասաց նրան. «Այն որ Աստուած սրբեց, դու պիղծ մի համարիր» (Գործք 10։9–15)։ Մովսիսական օրենքին խստորեն կառչելու փոխարեն՝ Պետրոսը շտկեց իր տեսակետը։ Արդյունքը եղավ այն, որ նա Աստծո նպատակների վերաբերյալ անչափ հետաքրքիր բաներ հասկացավ։
6, 7. Ինչպե՞ս Պետրոսը կարողացավ եզրակացնել, որ կարող է քարոզել ոչ հրեաներին, և հավանաբար ի՞նչ մտահանգումների եկավ։
6 Ահա թե ինչ պատահեց։ Երեք անձնավորություններ եկան այն տունը, որտեղ Պետրոսը կանգ էր առել, և խնդրեցին նրան իրենց հետ գնալ Կոռնելիոս անունով անթլփատ մի ոչ հրեա աստվածավախ մարդու տուն։ Պետրոսը այս մարդկանց ներս հրավիրեց և հյուրասիրություն ցույց տվեց։ Հասկանալով, թե տեսիլքն ինչ է նշանակում՝ նա հաջորդ օրը այդ մարդկանց հետ ճանապարհ ընկավ դեպի Կոռնելիոսի տուն։ Այստեղ նա հանգամանալի վկայություն տվեց Հիսուս Քրիստոսի մասին։ Պետրոսն ասաց. «Ճշմարտութեամբ հասկանում եմ, որ Աստուած աչառ չէ. Այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան»։ Ոչ միայն Կոռնելիոսը, այլև նրա ազգականներն ու մտերիմ բարեկամները հավատ ընծայեցին Հիսուսի հանդեպ, և «Սուրբ Հոգին իջաւ այն խօսքը լսողների բոլորի վերայ»։ Հասկանալով, որ այս ամենի ետևում Եհովան է կանգնած՝ Պետրոսը «նորանց հրամայեց որ Տիրոջ անունովը մկրտուին» (Գործք 10։17–48)։
7 Ինչպե՞ս Պետրոսը կարողացավ եզրակացնել, որ ոչ հրեաները, որոնք Մովսիսական օրենքի տակ չէին, կարող էին դառնալ Հիսուս Քրիստոսի հետևորդներ։ Պետրոսը հոգևոր ըմբռնում ուներ։ Քանի որ Աստված անթլփատ ոչ հրեաների նկատմամբ իր հավանությունը ցույց էր տվել սուրբ ոգին թափելով նրանց վրա, Պետրոսը հասկացավ, որ նրանց կարելի է մկրտել։ Միևնույն ժամանակ, Պետրոսը ակնհայտորեն գիտակցում էր, որ Աստված չի ակնկալում, որ ոչ հրեա քրիստոնյաները մկրտվելու համար պահեն Մովսիսական օրենքը։ Եթե դուք այն ժամանակներում ապրեիք, Պետրոսի պես պատրաստ կլինեի՞ք շտկելու ձեր տեսակետը։
Ոմանք շարունակում էին հետևել ‘դաստիարակին’
8. Թլփատության վերաբերյալ Պետրոսի տեսակետից տարբեր ի՞նչ տեսակետ առաջ քաշեցին որոշ քրիստոնյաներ, որոնք ապրում էին Երուսաղեմում, և ինչո՞ւ։
8 Կոռնելիոսի տնից հեռանալով՝ Պետրոսը ուղղություն վերցրեց դեպի Երուսաղեմ։ Լուրն այն մասին, որ անթլփատ ոչ հրեաները «ընդունեցին Աստուծոյ խօսքը», հասել էր այնտեղի ժողով, և հրեա աշակերտներից ոմանք անհանգստացած էին (Գործք 11։1–3)։ «Այն հաւատացեալները, որ թլփատութիւնիցն էին», թեև ընդունում էին, որ ոչ հրեաները կարող են դառնալ Հիսուսի հետևորդներ, սակայն պնդում էին, որ փրկվելու համար նրանք պետք է պահեն Օրենքը։ Սակայն գլխավորապես ոչ հրեաներով բնակեցված վայրերում, որտեղ ապրում էին սակավաթիվ հրեա քրիստոնյաներ, թլփատության հարցը առանձնապես քննարկման չէր դրվում։ Այս երկու տեսակետները պահպանվեցին մոտ 13 տարի (Ա Կորնթացիս 1։10)։ Ինչպիսի՜ փորձություն դա պետք է որ լիներ վաղ քրիստոնյաների և հատկապես այն ոչ հրեաների համար, ովքեր ապրում էին հրեաբնակ վայրերում։
9. Ինչո՞ւ էր կարևոր, որ թլփատման հարցը լուծվեր։
9 Հարցի վերաբերյալ բանավեճերը իրենց գագաթնակետին հասան մ.թ. 49–ին, երբ Երուսաղեմից քրիստոնյաները եկան Անտիոք (Սիրիա), որտեղ Պողոսը քարոզում էր։ Նրանք սկսեցին սովորեցնել, թե ոչ հրեա նորադարձները, Օրենքի համաձայն, պետք է թլփատվեն։ Այնտեղ «բաւական հակառակութիւն եւ վեճ» տեղի ունեցավ նրանց և Պողոսի ու Բառնաբասի միջև։ Եթե հարցը չլուծվեր, ապա որոշ քրիստոնյաներ՝ լինեին հրեա թե ոչ հրեա, անշուշտ գայթակղության առջև էին կանգնելու։ Այդ իսկ պատճառով որոշվեց, որ Պողոսը մի քանիսի հետ գնա Երուսաղեմ ու խնդրի քրիստոնեական կառավարիչ մարմնին, որ այդ հարցը վերջնականապես լուծում ստանա (Գործք 15։1, 2, 24)։
Մտքերի ազատ փոխանակություն, հետո՝ միակամություն
10. Նախքան ոչ հրեաների վերաբերյալ որոշում ընդունելը, ո՞ր հանգամանքները հաշվի առավ կառավարիչ մարմինը։
10 Կազմակերպվեց հանդիպում, որի մասնակիցներից ոմանք ակներևաբար թլփատության կողմնակիցներ էին, մինչդեռ ուրիշները հակառակ կարծիքի էին։ Բայց այնտեղ չէին տիրապետում զգացմունքները։ Երկար քննարկումներից հետո առաքյալներ Պետրոսը և Պողոսը պատմեցին, թե ինչ նշաններ է Եհովան արել անթլփատ հավատացյալների շրջանում։ Նրանք բացատրեցին, որ Աստված սուրբ ոգին թափել է անթլփատ ոչ հրեաների վրա։ Փաստորեն, նրանք ուզում էին ասել. «Հիմքեր ունի՞ քրիստոնեական ժողովը մերժելու նրանց, ում Աստված ընդունում է»։ Հետո Հակոբոս աշակերտը Գրություններից մեջբերում արեց, որն օգնեց ներկաներին հասկանալ Եհովայի տեսակետը այդ հարցի վերաբերյալ (Գործք 15։4–17)։
11. Ո՞ր հանգամանքը հաշվի չառնվեց թլփատության վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակ, և ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան օրհնեց այդ որոշումը։
11 Բոլորի հայացքներն ուղղված էին կառավարիչ մարմնի անդամների կողմը։ Պատճառ կլինե՞ր նրանց հրեական ծագումը, որ իրենք որոշում ընդունեին հօգուտ թլփատության։ Ոչ։ Այս հավատարիմ մարդիկ վճռել էին հետևել Գրություններին ու Աստծո սուրբ ոգու առաջնորդությանը։ Լսելով գործին վերաբերող բոլոր վկայությունները՝ կառավարիչ մարմինը միաձայն որոշեց, որ ոչ հրեա քրիստոնյաները կարիք չունեն թլփատվելու և Մովսիսական օրենքն ընդունելու։ Եղբայրները, լսելով այս որոշման մասին, շատ ուրախացան, և ժողովները սկսեցին ‘օրեցօր թվով ավելանալ’։ Այն քրիստոնյաները, ովքեր հնազանդվեցին աստվածապետական այդ հստակ առաջնորդությանը, Գրությունների վրա հիմնված պատասխան ստացան (Գործք 15։19–23, 28, 29; 16։1–5)։ Բայց մի կարևոր հարց դեռևս պատասխանի էր կարոտ։
Ի՞նչ կարելի է ասել հրեա քրիստոնյաների մասին
12. Ո՞ր հարցն էր անպատասխան մնացել։
12 Կառավարիչ մարմինը հստակ նշեց, որ ոչ հրեա քրիստոնյաները կարիք չունեն թլփատվելու։ Իսկ ի՞նչ կարելի է ասել հրեա քրիստոնյաների մասին։ Կառավարիչ մարմինն իր կայացրած որոշման մեջ հարցի այս կողմին հատուկ ձևով չէր անդրադարձել։
13. Ինչո՞ւ էր սխալ պնդել, թե Մովսիսական օրենքը պահելը պարտադիր էր փրկվելու համար։
13 Որոշ հրեա քրիստոնյաներ, ովքեր «օրէնքի նախանձաւոր» էին, շարունակում էին թլփատել իրենց երեխաներին ու որոշակի չափով հետևել Օրենքին (Գործք 21։20)։ Մյուսներն ավելի հեռու էին գնում և նույնիսկ պնդում, թե հրեա քրիստոնյաները պետք է պահեն Օրենքը, որպեսզի փրկվեն։ Բայց այս հարցում նրանք չարաչար սխալվում էին։ Օրինակ՝ ինչպե՞ս կարող էր քրիստոնյան կենդանական զոհ մատուցել մեղքերի թողության համար. Քրիստոսի զոհաբերությունից հետո նման զոհաբերությունների կարիք այլևս չկար։ Իսկ ի՞նչ կարելի էր ասել Օրենքի այն պատվիրանի մասին, ըստ որի հրեաները պետք է խուսափեին ոչ հրեաների հետ սերտ շփումներ ունենալուց։ Եռանդուն քրիստոնյա ավետարանչի համար շատ դժվար կլիներ հետևել այդ սահմանափակումներին ու միևնույն ժամանակ իրականացնել Հիսուսի պատվերը՝ ոչ հրեաներին սովորեցնել այն ամենը, ինչ որ նա էր ուսուցանել (Մատթէոս 28։19, 20; Գործք 1։8; 10։28)։a Ոչինչ չի վկայում այն մասին, թե այդ հարցի վերաբերյալ պարզաբանումներ են տրվել կառավարիչ մարմնի հանդիպումներից որևէ մեկում։ Բայց չնայած դրան՝ ժողովն այդ հարցում առանց օգնության չէր մնացել։
14. Օրենքի վերաբերյալ ի՞նչ առաջնորդություն է տալիս Պողոսի նամակը։
14 Հարցի վերաբերյալ առաջնորդություն տրվեց ոչ թե կառավարիչ մարմնի կողմից գրված նամակի ձևով, այլ առաքյալների՝ Աստծո ներշնչումով գրված նամակների միջոցով։ Օրինակ՝ Պողոս առաքյալը մի ազդեցիկ նամակ գրեց Հռոմում ապրող հրեաներին և ոչ հրեաներին։ Նա բացատրեց, որ իսկական հրեան «ծածուկ [«ներսէն», Արևմտ. Աստ.] Հրէայ է, եւ սրտի թլփատութիւնը հոգով» (Հռովմայեցիս 2։28, 29)։ Նույն նամակում Պողոսը օրինակ բերեց՝ ապացուցելու, որ քրիստոնյաներն այլևս Օրենքի տակ չեն. նա ասաց, որ կինը չի կարող միաժամանակ ամուսնանալ երկու տղամարդու հետ, սակայն եթե նրա ամուսինը մահանա, նա ազատ կլինի կրկին ամուսնանալու։ Այնուհետև Պողոսը ցույց տվեց, թե ինչու է այդ օրինակը բերում՝ ասելով, որ օծյալ քրիստոնյաները չեն կարող Մովսիսական օրենքի տակ լինել և միևնույն ժամանակ պատկանել Քրիստոսին։ Նրանք պետք է մահացած լինեին Օրենքի համար, որպեսզի կարողանային միանալ Քրիստոսին (Հռովմայեցիս 7։1–5)։
Հապաղում էին ըմբռնել
15, 16. Ինչո՞ւ որոշ հրեա քրիստոնյաներ չհասկացան, որ իրենք այլևս ենթակա չեն Օրենքին, և դա ի՞նչ է սովորեցնում հոգևորապես արթուն մնալու վերաբերյալ։
15 Օրենքի վերաբերյալ Պողոսի բերած փաստարկները անհերքելի էին։ Հապա ինչպե՞ս որոշ հրեա քրիստոնյաներ չկարողացան հասկանալ, որ իրենք այլևս ենթակա չեն Օրենքին։ Պատճառներից մեկն այն էր, որ իրենք զուրկ էին հոգևոր ըմբռնումից։ Նրանք, օրինակ, չէին սնվում հոգևոր պինդ կերակուրով (Եբրայեցիս 5։11–14)։ Նրանք նաև ոչ կանոնավորաբար էին հաճախում քրիստոնեական ժողովներին (Եբրայեցիս 10։23–25)։ Մեկ ուրիշ պատճառ էլ առնչվում էր թերևս Օրենքի բուն էությանը։ Մովսիսական օրենքն այնպիսի բաների հետ էր կապված, որոնք կարելի էր տեսնել, զգալ, շոշափել, օրինակ՝ տաճարն ու քահանաները։ Հոգևորից զուրկ անհատի համար ավելի հեշտ էր ընդունել Օրենքը, քան ըմբռնել քրիստոնեության խորիմաստ սկզբունքները, որոնց հիմքում ընկած էին անտեսանելի բաները (Բ Կորնթացիս 4։18)։
16 Սակայն գոյություն ուներ մեկ ուրիշ պատճառ ևս, թե ինչու էին որոշ կարծեցյալ քրիստոնյաներ ցանկանում պահել Օրենքը։ Այդ մասին գրեց Պողոսը գաղատացիներին ուղղված նամակում։ Նա բացատրեց, որ այդ մարդիկ ուզում են դիտվել որպես պատվարժան անձնավորություններ, հիմնական կրոնի անդամներ։ Նրանք չէին ուզում հասարակության ֆոնի վրա ընդգծվել, այլ հակառակը՝ գրեթե ամեն ինչում հակված էին զիջումների գնալու, միայն թե չտարբերվեն մյուսներից։ Նրանք ավելի շատ ձգտում էին արժանանալ մարդկանց բարեհաճությանը, քան Աստծո (Գաղատացիս 6։12)։
17. Ե՞րբ ակնհայտորեն պարզ դարձավ, թե ինչ տեսակետ պետք է ունենալ Օրենքի պատվիրանները պահելու վերաբերյալ։
17 Խոհեմ քրիստոնյաները, որոնք ուշադիր քննում էին Պողոսի և մյուսների՝ Աստծո կողմից ներշնչված նամակները, Օրենքի հետ կապված ճիշտ եզրահանգումների եկան։ Սակայն Մովսիսական օրենքի վերաբերյալ ճիշտ տեսակետը բոլոր հրեա քրիստոնյաներին ակնհայտորեն պարզ դարձավ միայն այն բանից հետո, երբ Աստված մ.թ. 70–ին թույլ տվեց, որ Երուսաղեմը, այնտեղի տաճարը, ինչպես նաև քահանաների վերաբերյալ գրառումները ոչնչացվեն։ Այս ամենն անհնար դարձրեց Օրենքի պատվիրաններն ամբողջությամբ կատարելը։
Կիրառենք սովորած դասը
18, 19. ա) Հոգևորապես առողջ մնալու համար ի՞նչ տեսակետ պետք է ունենանք և միևնույն ժամանակ ո՞ր հայացքներից պետք է խուսափենք։ բ) Պողոսի օրինակը ի՞նչ է մեզ սովորեցնում պատասխանատու եղբայրների առաջնորդությանը հետևելու մասին (տե՛ս շրջանակը, էջ 24)։
18 Այս վաղեմի իրադարձությունները քննելուց հետո գուցե ինքներդ ձեզ հարցնեք. «Եթե այն ժամանակ ապրելիս լինեի, ինչպե՞ս կարձագանքեի, երբ Աստծո կամքը աստիճանաբար ավելի ու ավելի պարզվեր։ Կառչա՞ծ պիտի մնայի Օրենքի վերաբերյալ ավանդական հայացքներից, թե՞ կհամբերեի, մինչև որ ճիշտ հասկացողությունը հստակ դառնար։ Իսկ երբ հստակ դառնար, ամբողջ սրտով կշտկեի՞ իմ տեսակետը»։
19 Իհարկե, չենք կարող վստահաբար ասել, թե ինչպես կվարվեինք, եթե հին ժամանակներում ապրեինք։ Բայց կարող ենք ինքներս մեզ հարց տալ. «Ինչպե՞ս եմ արձագանքում Աստվածաշնչի հասկացողության վերաբերյալ պարզաբանումներին, որ տրվում են մեր օրերում (Մատթէոս 24։45)։ Երբ սուրբգրային առաջնորդություն է տրվում, փորձո՞ւմ եմ հետևել դրան՝ տեսնելով ոչ միայն օրենքի տառը, այլև ոգին (Ա Կորնթացիս 14։20)։ Համբերատար կերպով սպասո՞ւմ եմ Եհովային, երբ մի քանի հարցեր շարունակում են անպատասխան մնալ»։ Շատ կարևոր է, որ օգուտ քաղենք այն հոգևոր կերակուրից, որ առկա է այսօր, որպեսզի երբեք «չտարուենք դէպի կորուստ» (ԷԹ) (Եբրայեցիս 2։1)։ Եկեք ուշադիր լսենք, երբ Եհովան իր Խոսքի, ոգու և երկրային կազմակերպության միջոցով առաջնորդություն է ցույց տալիս։ Եթե այդպես վարվենք, նա մեզ կօրհնի հավիտենական կյանքով, որը մեծ ուրախություն և բավականություն կպատճառի։
[Ծանոթագրություն]
a Երբ Պետրոսը եկավ Անտիոք (Սիրիա), նա ջերմ ընդունելություն գտավ ոչ հրեա հավատակիցների կողմից։ Սակայն երբ Երուսաղեմից ժամանեցին հրեա քրիստոնյաները, Պետրոսը «ետ էր քաշվում եւ իր անձը ջոկում, վախենալով նորանցից որ թլփատութիւնիցն էին» (Գաղատացիս 2։11–13)։ Կարելի է պատկերացնել, թե որքան վիրավորված պետք է որ իրենց զգացած լինեին ոչ հրեա նորադարձները, երբ հարգված առաքյալը մերժեց նրանց հետ սեղան նստել (Գաղատացիս 2։11–13)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ իմաստով էր Մովսիսական օրենքը որպես «դաստիարակ.... դէպի Յիսուս Քրիստոսը»։
• Ինչո՞վ կբացատրեիք, որ Պետրոսն ու «այն հաւատացեալները, որ թլփատութիւնիցն էին», տարբեր ձևերով արձագանքեցին ճշմարտության ըմբռնման վերաբերյալ տրված պարզաբանումներին։
• Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե ինչպես է Եհովան մեր օրերում բացահայտում ճշմարտությունը։
[շրջանակ/նկար 24–րդ էջի վրա]
Պողոսը խոնարհաբար ընդունում է փորձությունը
Մ.թ. 56–ին Պողոսը հաջող միսիոներական շրջագայությունից հետո եկավ Երուսաղեմ։ Այստեղ նրան փորձություն էր սպասում։ Լուր էր հասել տեղի ժողով, թե նա ուսուցանում է, որ հարկավոր է Օրենքը մի կողմ դնել։ Երեցները վախենում էին, որ Պողոսի անմիջականությունը Օրենքի հարցում կարող էր գայթակղեցնել նորադարձ հրեաներին, և վերջիններս միգուցե մտածեին, թե քրիստոնյաները չեն հարգում Եհովայի խոսքը։ Ժողովում կային չորս հրեա քրիստոնյաներ, որոնք երդում էին տվել, հավանաբար՝ ուխտավորի երդում։ Նրանք պետք է գնային տաճար, որպեսզի ավարտին հասցնեին ուխտի պահանջները կատարելը։
Երեցները խնդրեցին Պողոսին ուղեկցել այդ չորսին դեպի տաճար ու հոգալ նրանց ծախսերը։ Պողոսը Աստծո ներշնչումով գրել էր ամենաքիչը երկու նամակ, որտեղ փաստարկներ էր բերել, որ փրկություն ստանալու համար կարիք չկա պահելու Օրենքը։ Այդուհանդերձ, նա հաշվի էր առնում դիմացինի խիղճը։ Նախքան այս դեպքերը նա գրել էր. «Օրէնքի տակ լինողներին օրէնքի տակ լինողի պէս եղայ, որ օրէնքի տակ լինողներին շահեմ» (Ա Կորնթացիս 9։20–23)։ Թեև սուրբգրային կարևոր սկզբունքների հարցում Պողոսը երբեք զիջումների չէր գնում, նա խորհեց, որ երեցների առաջարկը կարելի է ընդունել (Գործք 21։15–26)։ Նա սխալ չհամարեց այդպես վարվելը։ Ոչ մի հակասուրբգրային բան չկար ուխտ անելու մեջ, և տաճարն էլ օգտագործվում էր մաքուր երկրպագության և ոչ թե կռապաշտության համար։ Չցանկանալով գայթակղության տեղիք տալ՝ Պողոսն արեց այնպես, ինչպես խնդրել էին երեցները (Ա Կորնթացիս 8։13)։ Կասկած չկա, որ այդպես վարվելը Պողոսից բավական խոնարհություն էր պահանջում. մի հանգամանք, որը ստիպում է մեզ ավելի մեծ հարգանքով լցվել նրա նկատմամբ։
[նկար 22–րդ և 23–րդ էջերի վրա]
Տարիներ շարունակ քրիստոնյաների շրջանում տարբեր հայացքներ գոյություն ունեին Մովսիսական օրենքի վերաբերյալ