-
Ինչպիսի՞ անձնավորություն է Աստված2019 Դիտարան (հանրային թողարկում) | № 1
-
-
Ինչպիսի՞ անձնավորություն է Աստված
Շատերն ասում են, որ հավատում են Աստծուն։ Բայց եթե հարցնեք նրանց, թե ինչպիսի անձնավորություն է Աստված, տարբեր պատասխաններ կլսեք։ Ոմանց համար Աստված դաժան դատավոր է, որն ամեն վայրկյան պատրաստ է պատժել մարդկանց նրանց սխալների համար։ Մյուսները մտածում են, որ նա միշտ սիրառատ և ներողամիտ է բոլորի հանդեպ՝ անկախ այն բանից, թե նրանք ինչ կանեն։ Իսկ ուրիշների կարծիքով՝ Աստված շատ հեռու է և չի հետաքրքրվում մարդկանցով։ Այսպիսի հակասական տեսակետների պատճառով շատերը գուցե եզրակացնեն, որ պարզապես անհնար է ճանաչել Աստծուն։
Կարևո՞ր է իմանալ, թե ինչպիսի անձնավորություն է Աստված։ Այո՛։ Աստծուն լավ ճանաչելու շնորհիվ ձեր կյանքը կարող է իմաստալից դառնալ (Գործեր 17։26–28)։ Որքան շատ մտերմանաք Աստծու հետ, այնքան ավելի շատ կզգաք նրա սերն ու հոգատարությունը (Հակոբոս 4։8)։ Դեռ ավելին, Աստծու մասին ճշգրիտ գիտելիքներ ունենալը կարող է հավիտենական կյանքի դուռ բացել ձեր առջև (Հովհաննես 17։3)։
Ինչպե՞ս կարող եք ճանաչել Աստծուն։ Մի պահ մտածեք մեկի մասին, ում լավ եք ճանաչում, օրինակ՝ ձեր մտերիմ ընկերոջ։ Ինչպե՞ս սկսվեց ձեր ընկերությունը։ Հավանաբար սկզբում իմացաք նրա անունը, հետո իմացաք՝ ինչպիսի անձնավորություն է նա, ինչ է սիրում, ինչ չի սիրում, ինչ է նա արել, ինչ նպատակներ ունի և այլն։ Այդ ամենը իմանալն է նպաստել, որ մտերմանաք այդ անձնավորության հետ։
Նմանապես, կարող եք ավելի լավ ճանաչել Աստծուն՝ ստանալով հետևյալ հարցերի պատասխանները։
Ի՞ՆՉ Է ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ։
Ի՞ՆՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ՆԱ։
Ի՞ՆՉ Է ՆԱ ԱՐԵԼ։
Ի՞ՆՉ Է ՆԱ ԱՆԵԼՈՒ։
ԱՍՏԾՈՒՆ ՃԱՆԱՉԵԼԸ Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ ԿԲԵՐԻ ՁԵԶ։
Այս ամսագրից կիմանաք, թե ինչպես է Աստվածաշունչը պատասխանում վերոնշյալ հարցերին։ Դուք ոչ միայն կիմանաք՝ ինչպիսի անձնավորություն է Աստված, այլև կտեսնեք, թե նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելը ինչպես կազդի ձեր կյանքի վրա։
-
-
Ի՞նչ է Աստծու անունը2019 Դիտարան (հանրային թողարկում) | № 1
-
-
Ի՞նչ է Աստծու անունը
Երբ ուզում եք ծանոթանալ ինչ-որ մեկի հետ, հավանաբար առաջին հերթին հարցնում եք՝ ինչ է նրա անունը։ Եթե Աստծուն տայիք այդ հարցը, նա ի՞նչ կասեր։
«Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը» (Եսայիա 42։8)։
Առաջին անգա՞մ եք լսում այս անունը։ Դա զարմանալի չէ, քանի որ Աստվածաշնչի շատ թարգմանիչներ հազվագյուտ տեղերում են պահպանել Աստծու անունը, եթե իհարկե պահպանել են։ Նրանք հաճախ այն փոխարինել են «ՏԵՐ» տիտղոսով։ Այնինչ բնագրային լեզուներով գրված աստվածաշնչյան տեքստում Աստծու անունը հանդիպում է մոտ 7 000 անգամ։ Այն բաղկացած է եբրայերեն չորս բաղաձայններից, որոնք համապատասխանում են ՅՀՎՀ տառերին։ Դարեր շարունակ հայերենում այդ անունը թարգմանվել է «Եհովա»։
Մեռյալ ծովի ձեռագրերից՝ «Սաղմոսներ» գիրք, մ. թ. 1-ին դար, ԵԲՐԱՅԵՐԵՆ
Թինդալի թարգմանություն, 1530 թ., ԱՆԳԼԵՐԵՆ
Ռեյնա-Վալերայի թարգմանություն, 1602 թ., ԻՍՊԱՆԵՐԵՆ
Միասնական թարգմանություն, 1919 թ., ՉԻՆԱՐԵՆ
Աստծու անունը հանդիպում է եբրայերեն տեքստի բազմաթիվ տեղերում և շատ թարգմանություններում
ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ
Այդ անունը կարևոր է Աստծու համար։ Աստծուն ոչ ոք անուն չի տվել, նա ինքն է իր համար ընտրել այդ անունը։ Եհովան այսպես է ասում. «Սա է իմ անունը հավիտյան, և սրանով ինձ կհիշեն սերնդեսերունդ» (Ելք 3։15)։ Աստվածաշնչում Աստծու անունը ավելի հաճախ է հանդիպում, քան նրա տիտղոսներից ցանկացած մեկը, ինչպիսիք են՝ Ամենակարող, Հայր, Տեր, Աստված։ Ավելին, Աստվածաշնչում գրված ուրիշ ոչ մի անձնանուն, ինչպես, օրինակ, Աբրահամ, Մովսես, Դավիթ կամ Հիսուս, այնքան հաճախ չի հանդիպում, որքան Աստծու անունը։ Եհովան ցանկանում է, որ իր անունը հայտնի լինի բոլորին։ Աստվածաշնչում կարդում ենք. «[Թող] մարդիկ իմանան, որ դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (Սաղմոս 83։18)։
Այդ անունը կարևոր է Հիսուսի համար։ Երբ Հիսուսն իր հետևորդներին սովորեցնում էր մի աղոթք, որը հետագայում հայտնի դարձավ որպես «Հայր մեր» կամ «Տերունական աղոթք», ասաց, որ Աստծուն դիմեն այսպիսի խոսքերով. «Թող սրբացվի քո անունը» (Մատթեոս 6։9)։ Հիսուսն ինքն էլ Աստծուն աղոթելիս ասաց. «Հա՛յր, փառավորի՛ր քո անունը» (Հովհաննես 12։28)։ Աստծու անունը փառավորելը առաջնային էր Հիսուսի կյանքում, ուստի նա իրավամբ այսպիսի խոսքեր ասաց իր աղոթքում. «Ես ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ» (Հովհաննես 17։26)։
Այդ անունը կարևոր է Աստծու ծառաների համար։ Հնում ապրող Աստծու ժողովուրդը հասկանում էր, որ իր ապահովությունն ու փրկությունը կապված է Աստծու անզուգական անվան հետ։ Աստվածաշնչում գրված է. «Եհովայի անունը ամուր աշտարակ է։ Նրա մեջ է փախչում արդարը և պաշտպանություն ստանում» (Առակներ 18։10)։ Նաև ասվում է. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Հովել 2։32)։ Աստվածաշունչը նաև ցույց է տալիս, որ Աստծուն ծառայող մարդիկ զատորոշվելու էին նրա անունով։ Այնտեղ կարդում ենք. «Բոլոր ժողովուրդներն իրենց աստծու անունով կքայլեն, բայց մենք մեր Աստված Եհովայի անունով կքայլենք դարեդար, հավիտյան» (Միքիա 4։5; Գործեր 15։14)։
ԻՆՉ Է ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ
Այդ անունը յուրօրինակ կերպով բնութագրում է Աստծուն։ Շատ աստվածաշնչագետներ այն կարծիքին են, որ «Եհովա» անունը նշանակում է «նա դարձնում է»։ Եհովա Աստված օգնեց հասկանալու իր անվան իմաստը, երբ Մովսեսի հետ խոսելիս իր մասին ասաց. «Ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ» (Ելք 3։14)։ Փաստորեն՝ Աստծու անունը բովանդակում է շատ ավելին, քան միայն այն, որ նա է Արարիչը, ով դարձրել, կամ՝ ստեղծել է ամեն բան։ Այդ անունը ցույց է տալիս, որ նա կարող է թե՛ ինքն իրեն, թե՛ իր ստեղծագործությանը դարձնել այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակն իրագործելու համար։ Ճիշտ է, Աստծու տիտղոսները պատկերացում են տալիս նրա դիրքի, հեղինակության ու զորության մասին, բայց միմիայն նրա անձնանունն է լիովին բնութագրում՝ ով է նա, ինչպիսին է և ինչ կարող է դառնալ։
Աստծու անունը ցույց է տալիս, որ նա հետաքրքրված է մեզանով։ Աստծու անվան նշանակությունը օգնում է հասկանալ, որ նա հավատարմորեն հոգ է տանում իր ստեղծածների, այդ թվում մեր մասին։ Ավելին, այն փաստը, որ նա հայտնել է իր անունը, ցույց է տալիս, որ նա ցանկանում է՝ ճանաչենք իրեն։ Չէ՞ որ նա ինքն է նախաձեռնություն վերցրել ու ասել իր անունը, նույնիսկ նախքան մենք կխնդրեինք նրան այդ մասին։ Հստակ է, որ Աստված ուզում է՝ իրեն համարենք ոչ թե ինչ-որ առեղծվածային, անմատչելի աստվածություն, այլ իրական անձնավորություն, ում հետ կարող ենք մտերմանալ (Սաղմոս 73։28)։
Աստծու անունը գործածելով՝ ցույց ենք տալիս, որ հետաքրքրված ենք նրանով։ Օրինակ՝ ենթադրենք՝ ցանկանում եք ընկերանալ ինչ-որ մեկի հետ և նրան խնդրում եք, որ ձեզ անունով դիմի։ Ի՞նչ կզգաք, եթե այդ մարդն անընդհատ խուսափի ձեր անունը տալուց։ Հավանաբար ի վերջո կսկսեք մտածել, որ նա չի ցանկանում մտերմանալ ձեզ հետ։ Այդպես կարող է լինել նաև Աստծու պարագայում։ Եհովան մարդկանց հայտնել է իր անունը և հորդորում է գործածել այն։ Երբ այդպես ենք վարվում, ցույց ենք տալիս, որ իսկապես ցանկանում ենք մտերմանալ նրա հետ։ Եվ անգամ երբ մարդիկ խորհրդածում են «նրա անվան շուրջ» կամ այն թանկ են համարում, դա էլ աննկատ չի մնում Աստծու աչքից (Մաղաքիա 3։16)։
Աստծու անունն իմանալը նրան ճանաչելու առաջին կարևոր քայլն է։ Բայց միայն այդքանը դեռ բավարար չէ։ Պետք է նաև իմանանք՝ ինչ անձնավորություն է կանգնած այդ անվան հետևում, և ինչ հատկություններ ունի նա։
Ի՞ՆՉ է ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ։ Աստծու անունը Եհովա է։ Այդ անունը յուրօրինակ կերպով բնութագրում է Աստծուն որպես մի անձնավորության, ով կարող է իրականացնել իր բոլոր նպատակները
-
-
Ի՞նչ հատկություններ ունի Աստված2019 Դիտարան (հանրային թողարկում) | № 1
-
-
Ի՞նչ հատկություններ ունի Աստված
Որքան շատ բան եք իմանում ինչ-որ մեկի հատկությունների մասին, այնքան ավելի լավ եք ճանաչում նրան, և նրա հետ ձեր ընկերությունը ավելի է ամրանում։ Նմանապես, որքան շատ բան իմանաք Եհովայի հատկությունների մասին, այնքան ավելի լավ կճանաչեք նրան և արդյունքում ավելի կմտերմանաք նրա հետ։ Աստված բազում հիասքանչ հատկություններ ունի, բայց դրանցից չորսը հատկապես ուշագրավ են՝ նրա զորությունը, իմաստությունը, արդարությունը և սերը։
ԱՍՏՎԱԾ ԶՈՐԵՂ Է
«Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը քո մեծ զորությամբ» (ԵՐԵՄԻԱ 32։17)։
Աստծու զորությունը երևում է նրա ստեղծագործության մեջ։ Ի՞նչ եք զգում, երբ պայծառ ամառային մի օր կանգնում եք բաց երկնքի տակ։ Անկասկած, ձեր մաշկի վրա զգում եք արևի հաճելի ջերմությունը։ Իրականում այն, ինչ վայելում եք, Աստծու ստեղծարար ուժի արգասիքն է։ Նկատի առնենք, օրինակ, թե ինչ հսկայական էներգիայի աղբյուր է Արեգակը։ Դրա միջուկի ջերմաստիճանը հասնում է մոտ 15 000 000°C-ի (27 000 000° Ֆարենհայտ)։ Ամեն վայրկյան Արեգակն արձակում է այնքան էներգիա, որը հավասարազոր է հարյուր միլիոնավոր ատոմային ռումբերի պայթյունին։
Սակայն Տիեզերքում կան Արեգակից էլ մեծ անթիվ-անհամար աստղեր։ Ամենամեծ աստղերից մեկի՝ Վահան համաստեղության UY աստղի տրամագիծը, գիտնականների հաշվարկներով, մոտ 1 700 անգամ մեծ է Արեգակի տրամագծից։ Եթե այդ աստղը դրվեր Արեգակի տեղը, այն ամբողջությամբ կներառեր երկրագունդը և նույնիսկ Յուպիտեր մոլորակի ուղեծիրը։ Այս ապշեցուցիչ փաստերն օգնում են, որ ավելի խորությամբ հասկանանք Երեմիա մարգարեի վերոհիշյալ խոսքերը, որ Եհովա Աստված երկինքն ու երկիրը, այսինքն՝ ողջ Տիեզերքը ստեղծել է իր մեծ զորությամբ։
Աստծու զորությունը ի՞նչ օգուտ է բերում մեզ։ Մեր կյանքը կախված է այն ամենից, ինչ ստեղծել է Աստված, օրինակ՝ արևից, ինչպես նաև երկրագնդի հարուստ բնական ռեսուրսներից։ Բացի այդ, Աստված իր զորությունն օգտագործում է մարդկանց անհատապես օգնելու համար։ Ի՞նչ կերպերով։ Առաջին դարում Աստված հրաշքներ անելու զորություն էր տվել Հիսուսին։ Աստվածաշնչում այդ մասին գրված է. «Կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մահացածները հարություն են առնում» (Մատթեոս 11։5)։ Իսկ այսօ՞ր։ «Նա հոգնածին ուժ է տալիս,— գրված է Աստվածաշնչում։ Իսկ շարունակության մեջ ասվում է.— Եհովային հուսացողները կվերագտնեն իրենց ուժերը» (Եսայիա 40։29, 31)։ Աստված կարող է «սովորականին գերազանցող ուժ» տալ մեզ, որ կարողանանք տանել այս կյանքի դժվարությունները (2 Կորնթացիներ 4։7)։ Մի՞թե չեք ցանկանա մտերմանալ այսպիսի Աստծու հետ, ով սիրուց մղված իր անսահման զորությունն օգտագործում է մեզ օգնելու համար։
ԱՍՏՎԱԾ ԻՄԱՍՏՈՒՆ Է
«Որքա՜ն շատ են քո գործերը, ո՛վ Եհովա, բոլորը իմաստությամբ ես արել» (ՍԱՂՄՈՍ 104։24)։
Որքան շատ բան ենք իմանում Աստծու ստեղծածների մասին, այնքան ավելի ենք հիանում նրա անսահման իմաստությամբ։ Գոյություն ունի գիտության մի ճյուղ, որը կոչվում է բիոմիմետիկա։ Այդ ոլորտում աշխատող գիտնականները ուսումնասիրում են Եհովայի ստեղծածները և ապա կրկնօրինակում բնության կենսաբանական համակարգերի տարբեր մասերն ու նրբությունները, որպեսզի կատարելագործեն իրենց ստեղծած մեխանիզմները՝ սկսած լուսանկարչական ապարատի ոսպնյակից մինչև ինքնաթիռների մոդելները։
Մարդու աչքը զարմանահրաշ ստեղծագործություն է
Աստծու իմաստության ամենատպավորիչ դրսևորումը մարդու մարմինն է։ Օրինակ՝ նկատի առնենք, թե ինչպես է ձևավորվում երեխան մոր արգանդում։ Այդ ապշեցուցիչ պրոցեսը սկսում է ընդամենը մեկ բեղմնավորված բջջից, որը պարունակում է մարդկային օրգանիզմի կազմավորման համար անհրաժեշտ ողջ գենետիկական ինֆորմացիան։ Սկզբում այդ բջիջը տրոհվելով առաջացնում է բազմաթիվ միանման բջիջներ։ Իսկ հետո՝ ճիշտ ժամանակին, դրանք բաժանվելիս սկսում են տարբերակվել, և առաջանում են հարյուրավոր առանձնահատուկ տեսակի բջիջներ՝ արյան բջիջներ, նյարդային բջիջներ, ոսկրային բջիջներ և այլն։ Շուտով ձևավորվում և սկսում են գործել օրգան-համակարգերը։ Եվ ընդամենը ինը ամսվա մեջ այդ մեկ բջիջը դառնում է լիովին ձևավորված երեխա, որը կազմված է միլիարդավոր բջիջներից։ Այս ողջ պրոցեսը այնքան հանճարեղ է, որ շատերը համաձայնվում են Աստվածաշնչում գրված հետևյալ խոսքերին. «Պիտի գովերգեմ քեզ, քանի որ զարմանալի կերպով եմ ստեղծված, և դա ակնածանք է ներշնչում» (Սաղմոս 139։14)։
Աստծու իմաստությունը ի՞նչ օգուտ է բերում մեզ։ Մեր Ստեղծիչը գիտի, թե ինչ է մեզ անհրաժեշտ երջանիկ լինելու համար։ Լինելով անսահման գիտելիքների և հասկացողության տեր՝ նա մեզ տվել է իմաստուն խորհուրդներ, որոնք գրված են իր Խոսքում՝ Աստվածաշնչում։ Օրինակ՝ այնտեղ այսպիսի հորդոր է տրվում. «Շարունակեք.... մեծահոգաբար ներել միմյանց» (Կողոսացիներ 3։13)։ Սա իմաստո՞ւն խորհուրդ է։ Անկասկած։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ուրիշներին ներելը կարող է բարելավել քունը և կարգավորել արյան ճնշումը։ Այն կարող է նաև նվազեցնել դեպրեսիայի մեջ ընկնելու և առողջական այլ խնդիրներ ձեռք բերելու հավանականությունը։ Աստված, իմաստուն և հոգատար ընկերոջ պես, միշտ օգտակար ու գործնական խորհուրդներ է տալիս մեզ (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Մի՞թե չեք ցանկանա այդպիսի ընկեր ունենալ։
ԱՍՏՎԱԾ ԱՐԴԱՐ Է
«Եհովան սիրում է արդարությունը» (ՍԱՂՄՈՍ 37։28)։
Աստված միշտ անում է այն, ինչ ճիշտ է ու արդար։ «Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի» (Հոբ 34։10)։ Նրա դատավճիռները արդար են։ Սաղմոսերգուն, դիմելով Եհովային, ասաց. «Դու ուղղամտությամբ ես դատելու ժողովուրդներին» (Սաղմոս 67։4)։ Քանի որ «Եհովան սիրտն է տեսնում», մարդ ինչքան էլ կեղծավորություն անի, չի կարող խաբել նրան (1 Սամուել 16։7)։ Նա միշտ կարողանում է տեսնել իրականությունը և դրա հիման վրա ճիշտ դատավճիռ կայացնել։ Ավելին, երկրի վրա տեղի ունեցող ոչ մի անարդար ու չար արարք նրա աչքից աննկատ չի մնում, և նա խոստացել է, որ շուտով «ամբարիշտները կվերանան երկրից» (Առակներ 2։22)։
Այդուհանդերձ, Աստված անգութ դատավոր չէ, ում հաճույք է պատճառում մարդկանց պատժելը։ Ընդհակառակը, երբ տեղին է, նա միշտ պատրաստ է ողորմածություն դրսևորել։ Աստվածաշունչն ասում է. «Եհովան բարեգութ է և ողորմած», նույնիսկ չարերի նկատմամբ, եթե նրանք անկեղծորեն զղջում են։ Մի՞թե հենց սա չէ իսկական արդարությունը (Սաղմոս 103։8; 2 Պետրոս 3։9)։
Աստծու արդարությունը ի՞նչ օգուտ է բերում մեզ։ Պետրոս առաքյալն ասաց. «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։ Մենք կարող ենք արժանանալ Աստծու հավանությանը և երկրպագել նրան՝ անկախ մեր ռասայից, ազգությունից, կրթությունից կամ սոցիալական վիճակից, քանի որ նա երբեք կողմնապահություն կամ աչառություն չի անում։
Աստված անկողմնակալ է, և մենք կարող ենք արժանանալ նրա հավանությանը՝ անկախ մեր ռասայից կամ սոցիալական վիճակից
Աստված ցանկանում է, որ հասկանանք արդարության իր չափանիշները և օգուտներ քաղենք դրանցից։ Այդ պատճառով նա մեզ տվել է խիղճ։ Ինչպես Աստվածաշունչն է նկարագրում, այն ասես օրենք լինի՝ «գրված [մեր] սրտերում», որը «վկայություն է տալիս», թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ (Հռոմեացիներ 2։15)։ Ի՞նչ օգուտ է դա բերում մեզ։ Եթե խիղճը ճիշտ է դաստիարակված, այն կարող է մղել մեզ մերժելու վնասաբեր, անարդար արարքները։ Եվ եթե անգամ սխալվենք, այն կարող է մղել զղջալու և ուղղվելու։ Իսկապես, Աստծու արդարության չափանիշները լավ հասկանալով՝ օգուտներ ենք քաղում և մտերմանում ենք նրա հետ։
ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է
«Աստված սեր է» (1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 4։8)։
Թեև Աստված ունի և գործի է դնում զորություն, իմաստություն և արդարություն, բայց Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ նա զորություն է, իմաստություն է կամ արդարություն է։ Մինչդեռ այնտեղ գրված է, որ Աստված սեր է։ Ինչո՞ւ է այդպես ասվում։ Քանի որ, ճիշտ է, Եհովայի զորությունը նրան գործելու կարողություն է տալիս, իմաստությունը ուղղորդում է նրա գործելակերպը, բայց սերն է, որ մղում է նրան գործելու։ Սերն ազդում է այն ամենի վրա, ինչ նա անում է։
Եհովան ոչ մի բանի կարիք չուներ, բայց սերը մղեց նրան ստեղծելու երկնային և երկրային բանական էակների, որպեսզի նրանք վայելեն իր սերն ու հոգատարությունը։ Նա անշահախնդրորեն ամեն բան արել է, որ երկիրը դարձնի կատարյալ բնակավայր մարդկության համար։ Եվ նա շարունակում է սիրել բոլոր մարդկանց ու հոգ տանել նրանց մասին. չէ՞ որ «նա իր արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ անարդարների վրա» (Մատթեոս 5։45)։
Ավելին, «Եհովան անչափ գորովալից է ու ողորմած» (Հակոբոս 5։11)։ Նա գորովանք է դրսևորում նրանց հանդեպ, ովքեր անկեղծորեն ջանք են թափում, որ ճանաչեն իրեն ու մտերմանան իր հետ։ Նա մարդկանց հանդեպ անհատական հետաքրքրություն է դրսևորում։ Աստվածաշնչում այսպիսի հավաստիացում է տրվում. «Նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։
Աստծու սերը ի՞նչ օգուտ է բերում մեզ։ Մենք վայելում ենք մայրամուտի գեղեցկությունը։ Հրճվում ենք մանկան զվարթ ծիծաղով։ Ընտանիքի անդամների սերը ջերմացնում է մեր սիրտը։ Թեև այս ամենը ապրելու համար խիստ անհրաժեշտ պայմաններ չեն, բայց անչափ հարստացնում են մեր կյանքը։
Մեզ շատ օգուտներ է բերում նաև Աստծու սիրո մեկ այլ դրսևորում՝ աղոթելու հնարավորությունը, որ նա տվել է մեզ։ Աստվածաշունչը հորդորում է. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն»։ Եհովան, սիրառատ հոր պես, շատ է ուզում, որ ազատորեն խոսենք իր հետ անգամ մեր խիստ անձնական մտահոգությունների մասին։ Եվ անշահախնդրորեն սիրելով մեզ՝ խոստանում է տալ իր «խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։
Հուսով ենք, որ Աստծու գլխավոր հատկությունների՝ զորության, իմաստության, արդարության և սիրո մասին այս հակիրճ տեղեկությունը օգնեց ձեզ ավելի լավ պատկերացնելու, թե ինչպիսի անձնավորություն է նա։ Աստծու էության մասին ավելի լիարժեք պատկերացում կազմելու հարցում օգտակար կլինի նաև հաջորդ հոդվածը, որտեղ խոսվում է այն մասին, թե Աստված մեզ համար ինչ է արել և ինչ է պատրաստվում անել։
Ի՞ՆՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԱՍՏՎԱԾ։ Եհովան ամենազորեղ, ամենաիմաստուն և ամենաարդար անձնավորությունն է, բայց նրա ամենագրավիչ հատկությունը սերն է
-
-
Ի՞նչ է արել Աստված2019 Դիտարան (հանրային թողարկում) | № 1
-
-
Ի՞նչ է արել Աստված
Ինչ-որ մեկին լավ ճանաչելու համար օգտակար կլինի իմանալ՝ ինչ է նա արել, ինչ ձեռքբերումներ ունի և ինչ դժվարություններ է հաղթահարել։ Նմանապես, եթե ցանկանում եք լավ ճանաչել Աստծուն, պետք է իմանաք՝ ինչ է արել նա։ Եվ գուցե զարմանաք, երբ տեսնեք, որ անցյալում նրա արած շատ բաներ ոչ միայն հիմա են օգուտ բերում մեզ, այլև հիանալի ապագայի հույս են տալիս։
ԱՍՏՎԱԾ ԱՄԵՆ ԲԱՆ ԱՐԱՐԵԼ Է ՄԵՐ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Եհովա Աստված մեր Մեծ Արարիչն է, և նրա «անտեսանելի հատկությունները.... հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով» (Հռոմեացիներ 1։20)։ «Նա է, որ իր զորությամբ ստեղծել է երկիրը, իր իմաստությամբ հաստատել է պտղաբեր երկիրը և իր հասկացողությամբ տարածել է երկինքը» (Երեմիա 10։12)։ Աստծու հիասքանչ ստեղծագործությունները նաև ցույց են տալիս, որ նա հետաքրքրված է մեզանով։
Նկատի առնենք, թե ինչպես է Եհովան մեր կյանքը դարձրել իմաստալից ու հետաքրքիր։ Նա ստեղծել է մեզ՝ մարդկանց, «իր պատկերով» (Ծննդոց 1։27)։ Դա նշանակում է, որ նա հնարավորություն է տվել մեզ որոշ չափով արտացոլելու իր հիասքանչ և անգերազանցելի հատկությունները։ Նա մեզ օժտել է հոգևոր բաները ընկալելու, այսինքն՝ իր արժեքները և մտածելակերպը հասկանալու ունակությամբ։ Երբ ջանք ենք թափում, որ ապրենք նրա արժեքներին ու մտածելակերպին ներդաշնակ, ավելի երջանիկ ենք լինում և ավելի իմաստալից կյանքով ենք ապրում։ Ավելին, Աստված մեզ այնպես է ստեղծել, որ կարողանանք իր հետ անձնական փոխհարաբերություններ հաստատել։
Երկրագունդը և նրա վրա գոյություն ունեցող ամեն բան ցույց են տալիս, թե որքան թանկ ենք Աստծու համար։ Ինչպես գրում է Պողոս առաքյալը, Աստված «իր մասին անդադար վկայություն տվեց՝ բարիք անելով. անձրևներ տվեց [մեզ] երկնքից և պտղաբեր ժամանակներ, լիացրեց [մեզ] ուտելիքներով և [մեր] սրտերը ուրախությամբ լցրեց» (Գործեր 14։17)։ Աստված չի բավարարվել՝ մեզ տալով գոյատևման համար անհրաժեշտ որոշ բաներ, այլ ապահովել է մեզ ամեն ինչով, այն էլ ապշեցուցիչ բազմազանությամբ և առատությամբ, որպեսզի վայելենք կյանքը։ Բայց այս ամենը ընդամենը փոքրիկ նշույլն է այն ամենի, ինչ նա մտադրվել է անել մեզ համար։
Եհովան երկիրը ստեղծել է, որ մարդիկ հավիտյան բնակվեն այնտեղ։ Աստվածաշնչում կարդում ենք, որ «երկիրը նա մարդկանց որդիներին է տվել» և որ «այն, զուր տեղը չի արարել, այլ բնակվելու համար է ստեղծել այն» (Սաղմոս 115։16; Եսայիա 45։18)։ Աստվածաշնչում նաև հստակ ասվում է, թե ովքեր պետք է բնակվեն երկրի վրա և որքան ժամանակ. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29)։
Եհովան ստեղծել էր առաջին տղամարդուն ու կնոջը՝ Ադամին ու Եվային, և բնակեցրել էր երկրի վրա գտնվող դրախտային պարտեզում, որպեսզի նրանք «մշակեին այն ու հոգ տանեին նրան» (Ծննդոց 2։8, 15)։ Աստված նրանց հետաքրքիր հանձնարարություն էր տվել, որը ներառում էր երկու բան՝ նրանք պետք է «բազմանային, շատանային» ու «լցնեին երկիրը և տիրեին նրան» (Ծննդոց 1։28)։ Փաստորեն՝ Ադամն ու Եվան երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկար ունեին։ Ցավոք, նրանք որոշեցին չհնազանդվել Աստծուն և այլևս չէին կարող լինել «արդարների» թվում, ովքեր «կժառանգեն երկիրը»։ Ինչպես դեռ կիմանանք, առաջին մարդկային զույգի անհնազանդության պատճառով մարդկության կամ երկրի հետ կապված Եհովայի նպատակը չփոխվեց։ Բայց նախևառաջ տեսնենք՝ ուրիշ ինչ է արել Աստված։
ԱՍՏՎԱԾ ՏՎԵԼ Է ԻՐ ԳՐԱՎՈՐ ԽՈՍՔԸ
Աստվածաշունչը անվանվում է նաև «Աստծու Խոսք»։ Ինչո՞ւ է Եհովան մեզ տվել այդ գիրքը։ Գլխավորաբար այն նպատակով, որ կարողանանք տեղեկություն ձեռք բերել իր մասին (Առակներ 2։1–5)։ Ինչ խոսք, Աստվածաշունչը չի պատասխանում Աստծու մասին ամեն մի հարցի։ Անհնար է, որ առհասարակ որևէ գիրք բավարարի այդ պահանջը (Ժողովող 3։11)։ Սակայն այն ամենը, ինչ գրված է Աստվածաշնչում, օգնում է ճանաչել Աստծուն։ Օրինակ՝ մենք հասկանում ենք՝ ինչպիսի անձնավորություն է նա, երբ կարդում ենք, թե ինչպես է վարվել տարբեր մարդկանց հետ։ Նաև տեսնում ենք՝ ինչպիսի մարդիկ են նրան հաճելի, և ինչպիսիք՝ ոչ (Սաղմոս 15։1–5)։ Բացի այդ, իմանում ենք, թե նա ինչ տեսակետ ունի երկրպագության, բարոյական արժեքների և նյութական բաների վերաբերյալ։ Բայց Եհովայի էության մասին ճշգրիտ ու մանրամասն պատկերացում կազմելու լավագույն միջոցը՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի խոսքերն ու գործերը քննելն է, որոնց մասին գրված է Աստվածաշնչում (Հովհաննես 14։9)։
Եհովան մեզ տվել է իր Խոսքը նաև մեկ այլ պատճառով. որպեսզի իմանանք, թե ինչ անենք երջանիկ և իմաստալից կյանքով ապրելու համար։ Աստվածաշնչի միջոցով Եհովան մեզ հայտնել է, թե ինչպես կառուցենք երջանիկ ընտանիք, ինչպես ունենանք բավարարվածության զգացում, ինչպես հաղթահարենք մտահոգությունները։ Եվ ինչպես դեռ կիմանանք այս ամսագրի մյուս հոդվածից, Աստվածաշունչը նաև պատասխանում է մարդկանց հուզող այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են՝ ինչո՞ւ այսքան շատ տառապանք կա, կամ ի՞նչ է սպասվում ապագայում։ Այն նաև հայտնում է, թե ինչ է արել Աստված, որպեսզի իր սկզբնական նպատակն իրականանա։
Աստվածաշունչը առանձնահատուկ գիրք է նաև շատ այլ առումներով, ինչը ցույց է տալիս, որ դրա հեղինակը կարող էր լինել միայն Աստված։ Այն գրել են մոտ 40 տղամարդիկ մոտավորապես 1 600 տարիների ընթացքում, սակայն այդ գրքում ծայրից ծայր զարգանում է մեկ գլխավոր թեմա, քանի որ դրա իրական Հեղինակը մեկն է՝ Աստված (2 Տիմոթեոս 3։16)։ Ի տարբերություն այլ հին աշխատությունների՝ Աստծու Խոսքը մեզ է հասել ամենայն ճշգրտությամբ։ Դա են փաստում աստվածաշնչյան հազարավոր հին ձեռագրեր։ Աստվածաշունչը պահպանվել է՝ չնայած տարբեր մարդիկ բազմիցս փորձել են խանգարել, որ այն թարգմանվի, տարածվի և ընթերցվի։ Այն ներկայիս ամենալայն տարածում գտած ու ամենաշատ թարգմանված գիրքն է։ Այն փաստը, որ մենք այսօր ունենք Աստվածաշունչը, ցույց է տալիս, որ «մեր Աստծու խոսքը մնում է հավիտյան» (Եսայիա 40։8)։
ԱՍՏՎԱԾ ԵՐԱՇԽԻՔ Է ՏՎԵԼ, ՈՐ ԻՐ ՆՊԱՏԱԿԸ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ
Աստված ձեռնարկել է հատուկ միջոց՝ որպես երաշխիք, որ մարդկության հետ կապված իր նպատակը կիրականանա։ Ինչպես արդեն նշեցինք, Աստված նպատակադրել էր, որ մարդիկ հավիտյան ապրեն երկրի վրա։ Սակայն երբ Ադամը չհնազանդվեց Աստծուն և այդպիսով մեղք գործեց, կորցրեց հավիտենական կյանքի հեռանկարը ոչ միայն իր, այլև իր ապագա սերունդների համար։ «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմեացիներ 5։12)։ Մարդու անհնազանդության պատճառով Աստծու նպատակի իրականացումը կարծես թե հարցականի տակ դրվեց։ Ինչպե՞ս արձագանքեց Եհովան։
Եհովայի գործելակերպը ներդաշնակ էր իր էությանը և արտացոլում էր իր հատկությունները։ Նա արդարացիորեն պատասխանատվության կանչեց Ադամին ու Եվային իրենց արարքի համար, բայց և սիրուց մղված՝ քայլեր ձեռնարկեց հօգուտ նրանց ապագա սերունդների։ Գործի դնելով իր իմաստությունը՝ Եհովան որոշեց, թե ինչպես պետք է շտկի իրավիճակը և անմիջապես հայտնեց այդ մասին (Ծննդոց 3։15)։ Աստված մարդկանց ազատելու էր մեղքից ու մահից իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ինչպե՞ս էր դա լինելու։
Մարդկությանը Ադամի ըմբոստության հետևանքներից ազատելու համար Եհովան Հիսուսին երկիր ուղարկեց, որպեսզի նա մարդկանց ցույց տա կյանքի տանող ճանապարհը և «իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն»a (Մատթեոս 20։28; Հովհաննես 14։6)։ Հիսուսը կարող էր տալ փրկանքը, քանի որ նա Ադամի պես կատարյալ մարդ էր։ Բայց ի տարբերություն Ադամի՝ Հիսուսը կատարելապես հնազանդվեց Աստծուն, անգամ մինչև մահ։ Քանի որ Հիսուսը ոչ մի մեղք չէր գործել և արժանի չէր մահվան, Եհովան նրան հարություն տվեց, որ նա կրկին ապրի երկնքում։ Դրանից հետո Հիսուսը կարող էր հավիտենական կյանքի հեռանկար բացել հնազանդ մարդկանց առջև, մի բան, ինչը չարեց Ադամը։ «Եվ ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավորներ դարձան, այդպես էլ մեկ մարդու հնազանդությամբ շատերը արդարներ կդառնան» (Հռոմեացիներ 5։19)։ Հիսուսի քավիչ զոհի միջոցով Աստված կիրականացնի իր խոստումը՝ մարդկանց կտա հավիտենական կյանք երկրի վրա։
Իմանալով, թե ինչպես Եհովան լուծեց Ադամի անհնազանդության պատճառով առաջացած խնդիրը՝ ավելի լավ ենք ճանաչում նրան։ Հստակ է, որ Եհովային ոչինչ չի կարող խանգարել ավարտին հասցնելու այն, ինչ նա սկսել է. նրա խոսքը «կկատարվի.... կիրագործվի» (Եսայիա 55։11)։ Նաև հասկանում ենք, թե որքան շատ է Եհովան սիրում մեզ։ «Աստված իր սերը նրանով դրսևորեց մեր հանդեպ, որ իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրա միջոցով կյանք ստանանք։ Ահա սրանում է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և իր Որդուն ուղարկեց որպես հաշտության զոհ մեր մեղքերի համար» (1 Հովհաննես 4։9, 10)։
Աստված «նույնիսկ իր սեփական Որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար տվեց նրան», ուստի համոզված ենք, որ «կշնորհի մնացած բոլոր բաները», որոնք խոստացել է (Հռոմեացիներ 8։32)։ Ի՞նչ է նա խոստացել անել մեզ համար։ Այս հարցի պատասխանը կտրվի հաջորդ հոդվածում։
Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ԱՍՏՎԱԾ։ Եհովան ստեղծել է մարդկանց, որպեսզի նրանք հավիտյան ապրեն երկրի վրա։ Նա տվել է Աստվածաշունչը, որ կարողանանք ճանաչել իրեն։ Հիսուս Քրիստոսի միջոցով Եհովան փրկանք է տվել, ինչն էլ երաշխիքն է այն բանի, որ իր նպատակը կիրականանա
a Փրկանքի մասին ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 27-րդ դասում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից և առկա է www.pr418.com/hy կայքում։
-
-
Ի՞նչ է անելու Աստված2019 Դիտարան (հանրային թողարկում) | № 1
-
-
Ի՞նչ է անելու Աստված
Որևէ դժվարություն ունենալիս շատերն ակնկալում են, որ իրենց ընկերը օգնության ձեռք կմեկնի։ Եվ հենց այդ պատճառով էլ մտածում են, թե Աստված իրենց ընկերը չէ, քանի որ կարծես թե ոչինչ չի անում իրենց օգնելու համար։ Իրականում, սակայն, Աստված արդեն իսկ շատ բաներ է արել մեր բարօրության համար, բայց նաև վերացնելու է տառապանքը և այն բոլոր խնդիրները, որոնց բախվում ենք այսօր։ Ի՞նչ է նա անելու։
ՎԵՐՋ Է ԴՆԵԼՈՒ ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ՉԱՐՈՒԹՅԱՆԸ
Աստված վերջ է դնելու ամեն տեսակ չարությանը՝ վերացնելով դրա բուն պատճառը։ Աստվածաշունչը բացահայտում է չարության աղբյուրը՝ ասելով. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Այդ «Չարը» Բանսարկու Սատանան է՝ նա, ում Հիսուսը կոչեց «այս աշխարհի իշխան» (Հովհաննես 12։31)։ Ներկայումս աշխարհում տիրող սարսափելի վիճակի գլխավոր պատճառը Սատանայի ազդեցությունն է։ Ի՞նչ քայլեր է Աստված ձեռնարկելու այս առնչությամբ։
Շուտով Եհովա Աստված իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով «ոչնչի կվերածի նրան, ով կարող է մահ պատճառել, այսինքն՝ Բանսարկուին» (Եբրայեցիներ 2։14; 1 Հովհաննես 3։8)։ Աստվածաշունչն ասում է, որ Սատանան ինքն էլ գիտի, որ «քիչ ժամանակ ունի» մինչև իր կործանումը (Հայտնություն 12։12)։ Աստված նաև կոչնչացնի բոլոր չարագործներին (Սաղմոս 37։9; Առակներ 2։22)։
ԵՐԿԻՐԸ ԴՐԱԽՏ Է ԴԱՐՁՆԵԼՈՒ
Չարությունը ամբողջությամբ վերացնելուց հետո մեր Արարիչը կիրականացնի մարդկության և երկրի առնչությամբ իր անփոփոխ նպատակը։ Ի՞նչ պայմաններ կլինեն այդ ժամանակ։
Հարատև խաղաղություն և ապահովություն։ «Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։11)։
Առատ և առողջարար սնունդ։ «Ցորենի առատություն կլինի երկրի վրա, նույնիսկ սարերի գլուխների վրա» (Սաղմոս 72։16)։
Հարմարավետ տներ և հաճելի աշխատանք։ «Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն.... Իմ ընտրյալները լիովին կօգտվեն իրենց ձեռքի գործից» (Եսայիա 65։21, 22)։
Մի՞թե սա չէ բոլորիս երազանքը։ Շուտով բոլոր մարդիկ կվայելեն այսպիսի պայմաններ։
ՎԵՐԱՑՆԵԼՈՒ Է ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԱՀԸ
Այսօր բոլորն էլ հիվանդանում են ու մահանում, բայց շուտով դա անցյալի գիրկը կանցնի։ Աստված այնպես կանի, որ մարդիկ վայելեն Հիսուսի քավիչ զոհի շնորհիվ հնարավոր դարձած օգուտները, և որ «ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Տեսնենք, թե որոնք են այդ օգուտներից մի քանիսը։
Հիվանդությունները կվերանան։ «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»։ Այդ երկրում բնակվող ժողովրդի հանցանքը կներվի» (Եսայիա 33։24)։
Մահն այլևս չի սպառնա մարդկանց։ «Նա կկլանի մահը հավիտյան, և Գերիշխան Տեր Եհովան կսրբի արտասուքը բոլորի երեսից» (Եսայիա 25։8)։
Մարդիկ կապրեն հավիտյան։ «Աստծու տված պարգևը հավիտենական կյանք [է] մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմեացիներ 6։23)։
Մահացածները կկենդանանան։ «Թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործեր 24։15)։ Դա տեղի կունենա Աստծու տված պարգևի՝ փրկանքի շնորհիվ։
Աստված ինչպե՞ս է իրականացնելու այս բոլոր խոստումները։
ԿԱՏԱՐՅԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՏԱՏԵԼՈՒ
Երկրի և մարդկության առնչությամբ իր նպատակը Աստված կիրականացնի երկնային կառավարության միջոցով, որի թագավոր է նշանակել Հիսուս Քրիստոսին (Սաղմոս 110։1, 2)։ Սա այն կառավարությունն է կամ թագավորությունը, որի մասին Հիսուսը իր հետևորդներին սովորեցրեց աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես.... Թող գա քո թագավորությունը» (Մատթեոս 6։9, 10)։
Երբ Աստծու Թագավորության իշխանությունը տարածվի երկրի վրա, ամեն ցավ ու տառապանք կվերանա։ Այս Թագավորությունը լավագույն կառավարությունն է, որ մարդիկ երբևէ կարող են ունենալ։ Դա էր պատճառը, որ Հիսուսը իր երկրային ծառայության ընթացքում ամեն ջանք թափում էր մարդկանց հայտնելու «թագավորության բարի լուրը» և իր աշակերտներին էլ պատվիրեց նույնը անել (Մատթեոս 4։23; 24։14)։
Իր ստեղծած մարդկանց հանդեպ խոր սիրուց մղված՝ Եհովա Աստված խոստացել է, որ անպայման կիրականացնի այս սքանչելի բաները։ Մի՞թե սա չի մղում ձեզ ավելի լավ ճանաչելու նրան և մտերմանալու նրա հետ։ Եթե այդպես վարվեք, ի՞նչ օգուտ կստանաք։ Հաջորդ հոդվածում խոսվում է այդ մասին։
Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ԱՍՏՎԱԾ։ Աստված վերացնելու է հիվանդություններն ու մահը, միավորելու է ողջ մարդկությանը իր Թագավորության ներքո և երկիրը դրախտ է դարձնելու
-
-
Աստծուն ճանաչելը ի՞նչ օգուտ կբերի ձեզ2019 Դիտարան (հանրային թողարկում) | № 1
-
-
Աստծուն ճանաչելը ի՞նչ օգուտ կբերի ձեզ
Նախորդ հոդվածներում մենք քայլ առ քայլ ստացանք այն հարցի պատասխանը, թե ինչպիսի անձնավորություն է Աստված։ Սկզբում տեսանք, որ նրա անունը Եհովա է, և որ նրա կարևորագույն հատկությունը սերն է։ Նաև տեսանք, թե մարդկության բարօրության համար ինչ է արել նա և ինչ է պատրաստվում անել։ Բայց Աստծու մասին դեռ շատ բան կա, որ արժե իմանալ։ Այդուհանդերձ գուցե մտածեք. «Իսկ ի՞նչ օգուտ կբերի այդ ամենն իմանալը»։
Եհովան խոստանում է, որ «եթե փնտրեք նրան, նա թույլ կտա [ձեզ] գտնել իրեն» (1 Տարեգրություն 28։9)։ Միայն պատկերացրեք, թե ինչ թանկ բան ձեռք կբերեք՝ Եհովային փնտրելով ու ճանաչելով՝ նրա «հետ մտերմություն» (Սաղմոս 25։14)։ Ի՞նչ օրհնություններ կբերի ձեզ այդ ընկերությունը։
Իսկական երջանկություն։ Եհովան Աստվածաշնչում նկարագրվում է որպես «երջանիկ Աստված» (1 Տիմոթեոս 1։11)։ Ուստի նրա հետ մտերմանալով և նրա մտածելակերպն ու վարվելակերպը ընդօրինակելով՝ իսկական երջանկություն կգտնեք, ինչն էլ կնպաստի ձեր բարօրությանը թե՛ ֆիզիկական, թե՛ մտային ու թե՛ զգացական առումով (Սաղմոս 33։12)։ Նաև երջանիկ կլինեք՝ խուսափելով կործանարար ապրելակերպից, լավ սովորություններ զարգացնելով և ուրիշների հետ լավ փոխհարաբերություններ պահպանելով։ Երբ ճաշակեք Աստծու հետ մտերմությունը, դուք էլ սրտանց կհամաձայնեք սաղմոսերգուի հետևյալ խոսքերին. «Ինձ համար բարի է Աստծուն մոտենալը» (Սաղմոս 73։28)։
Անհատական ուշադրություն և հոգատարություն։ Եհովան իրեն ծառայող մարդկանց խոստացել է. «Քեզ խորհուրդ կտամ, և աչքս քեզ վրա կլինի» (Սաղմոս 32։8)։ Դա նշանակում է, որ նա անհատապես ուշադրություն է դարձնում իր ծառաներից յուրաքանչյուրին և հոգ է տանում նրանց մասին իրենց ուրույն կարիքներին համապատասխան (Սաղմոս 139։1, 2)։ Երբ Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ հաստատեք, կտեսնեք, որ նա իսկապես ձեր կողքին է, միշտ պատրաստ օգնության հասնելու։
Հիասքանչ ապագա։ Եհովան ոչ միայն օգնում է, որ այսօր իսկ ապրեք երջանիկ ու բավարարված կյանքով, այլև հիասքանչ ապագայի դուռ է բացում ձեր առջև (Եսայիա 48։17, 18)։ Աստվածաշունչը ասում է. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Այս դժվարին ժամանակներում Աստծու տված հույսը, որը «թե՛ հուսալի է, թե՛ հաստատ», խարսխի պես կարող է անսասան պահել ձեզ (Եբրայեցիներ 6։19)։
Սրանք մի քանիսն են այն բազում հիմնավոր պատճառներից, թե ինչու արժե ավելի լավ ճանաչել Աստծուն և նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ հաստատել։ Ավելի շատ տեղեկություն ստանալու համար կարող եք զրուցել Եհովայի Վկաներից մեկի հետ կամ այցելել jw.org կայք։
-