Պատանինե՛ր, թույլ տվեք ձեր ծնողներին օգնել ձեզ պաշտպանելու ձեր սիրտը
ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ՝ նավագնացության ժամանակ նավապետի համար ամենադժվարը ի՞նչն է։ Ընդարձակ օվկիանոսով նավարկե՞լը։ Ոչ միշտ։ Նավաբեկությունների մեծ մասը տեղի են ունենում ափամերձ շրջաններում, ոչ թե բաց ծովում։ Իրականում նավի կայանումը կարող է նույնիսկ ավելի վտանգավոր լինել, քան ինքնաթիռի վայրէջքը։ Ինչո՞ւ։
Մինչ նավապետը իր նավը ապահովությամբ կմոտեցնի նավամատույցին, նա պետք է խուսափի բոլոր վտանգներից, որ թերևս լինեն նավահանգստում։ Նա պետք է իմանա, թե ինչ ծովային հոսանքներ կան այնտեղ, որպեսզի խուսափի մյուս նավերին բախվելուց։ Նա նաև պետք է շրջանցի ավազի առափնյա ծանծաղուտները, խութերը կամ խորտակված նավերի բեկորները, որ գտնվում են ջրի տակ։ Եվ մի բան, որը կարող է ավելի բարդացնել խնդիրը, այն է, որ նավապետը գուցե առաջին անգամ է այցելում այդ նավահանգիստ։
Այս խնդիրները հաղթահարելու համար իմաստուն նավապետը կդիմի նավավարի օգնությանը, որը լավ ծանոթ է տեղանքին։ Վերջինս կանգնում է նավապետի կամրջակի վրա՝ նրա կողքին, և հուսալի առաջնորդություն տալիս։ Նրանք միասին քննում են վտանգները և նավուղիներով վարում նավը դեպի նավահանգիստ։
Նավավարի տված խորհուրդները կարելի է նմանեցնել այն արժեքավոր օգնությանը, որ տրվում է քրիստոնյա պատանիներին, որոնց առջև դրված է կյանքի դժվարին իրավիճակները հաղթահարելու խնդիրը։ Իսկ ի՞նչ օգնության մասին է խոսքը։ Ինչո՞ւ են պատանիները օգնության կարիք զգում։
Ե՛կ շարունակենք քննել նավի օրինակը։ Եթե պատանի ես, ապա ինչ–որ առումով նման ես նավապետի, քանի որ վերջին հաշվով դու ես պատասխանատու քո կյանքի համար։ Իսկ ծնողներիդ կատարած դերը նման է նավավարի դերին, քանի որ նրանք փորձում են քեզ ուղղություն ցույց տալ կյանքի ամենադժվար իրավիճակներում, որոնցում երբևէ կարող ես հայտնվել։ Այդուհանդերձ, պատանի հասակում գուցե քեզ համար դժվար լինի ընդունել ծնողներիդ խորհուրդը։ Ինչո՞ւ է այդպես։
Հաճախ պատճառը սիրտն է։ Քո սիրտը գուցե դրդի քեզ ցանկանալ այն, ինչ արգելված է, կամ դրդի ընդդիմանալ ցանկացած բանի, որն ըստ քեզ՝ սահմանափակում է քո ազատությունը։ «Մարդի սրտի խորհուրդը,— ասում է Աստվածաշունչը,— չար է իր մանկութիւնիցը» (Ծննդոց 8։21)։ Եհովան բացահայտորեն ցույց է տալիս, որ դու փորձության առջև ես կանգնած։ «Խորամանկ [«խաբեբայ», ԱԱ] է սիրտն ամենից աւելի եւ ապականուած»,— զգուշացնում է նա (Երեմիա 17։9)։ Բացի նրանից, որ սիրտը սխալ ցանկություններ է արթնացնում պատանու մեջ, այն կարող է խաբել նրան, որ նա մտածի, թե ինքը ավելի խելացի է, քան իր ծնողները, չնայած որ նրանք կյանքի շատ ավելի մեծ փորձ ունեն։ Սակայն ծանրակշիռ պատճառներ կան պատանեկության այս դժվար տարիներին ծնողների օգնությանը դիմելու։
Ինչո՞ւ է հարկավոր հնազանդվել ծնողներին
Նախևառաջ՝ Եհովան՝ ընտանիքի Հիմնադիրը, պատվիրում է քեզ ընդունել ծնողներիդ առաջնորդությունը (Եփեսացիս 3։15, ԱԱ)։ Քանի որ Աստված հանձնարարել է ծնողներիդ հոգ տանել քո մասին, նա քեզ հետևյալ խորհուրդն է տալիս. «Որդինե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր ծնողներին ի Տէր, որովհետեւ դա է ճիշտը» (Եփեսացիս 6։1 ԷԹ, 2, 3; Սաղմոս 78։5)։ Քանի դեռ պատանի ես, ծնողներիդ վրա պարտականություն է դրված քեզ ուղղություն ցույց տալու, և դու պետք է լսես նրանց։ Երբ Պողոս առաքյալը գրեց, որ երեխաները պետք է հնազանդվեն իրենց ծնողներին, նա գործածեց հունարեն մի բառ, որը կարելի է կիրառել ցանկացած տարիքի երեխայի համար։ Օրինակ՝ ինչպես կարդում ենք Մատթէոս 23։37–ում, Հիսուսը Երուսաղեմի բնակիչների մասին խոսելիս նրանց անվանեց «երեխաներ», չնայած որ նրանց մեծամասնությունը մեծահասակներ էին։
Հնում Աստծո հավատարիմ ծառաներից շատերը նույնիսկ չափահաս դառնալուց հետո երկար ժամանակ շարունակել են հնազանդվել իրենց ծնողներին։ Օրինակ՝ Հակոբը, թեև չափահաս էր, բայց գիտակցում էր, որ պետք է ենթարկվեր իր հոր պատվերին՝ չամուսնանալ մեկի հետ, որը Եհովայի երկրպագու չէր (Ծննդոց 28։1, 2)։ Ինչ խոսք, Հակոբը նաև տեսնում էր, որ իր եղբոր կատարած քայլը՝ քանանացի հեթանոս կանանց հետ ամուսնանալը, շատ մեծ ցավ էր պատճառում իր ծնողներին (Ծննդոց 27։46)։
Բացի այն, որ քրիստոնյա ծնողներդ քեզ առաջնորդություն տալու հարցում Աստծուց ստացած պարտականություն ունեն, նրանք քեզ համար կարող են ամենալավ խորհրդատուները լինել։ Նախ այն պատճառով, որ նրանք քեզ լավ են ճանաչում և, անշուշտ, երկար տարիներ անձնուրաց սեր են ցույց տվել քո հանդեպ։ Նավավարի պես՝ նրանք փորձի վրա հիմնվելով են տալիս իրենց առաջնորդությունը։ Նրանք անձամբ ունեցել են «երիտասարդական ցանկութիւններ»։ Եվ լինելով ճշմարիտ քրիստոնյաներ՝ ծնողներդ սեփական փորձով են տեսել Աստվածաշնչի սկզբունքներով առաջնորդվելու արժեքը (Բ Տիմոթէոս 2։22)։
Այսպիսի փորձառու օգնող ձեռք ունենալով՝ դու ի վիճակի կլինես հաջողությամբ հաղթահարել նույնիսկ ամենադժվար իրավիճակները։ Քննենք, օրինակ, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ քո փոխհարաբերությունների հարցը։ Ինչպե՞ս կարող են քրիստոնյա ծնողներն ուղղություն ցույց տալ այս նուրբ հարցում։
Հակառակ սեռի հանդեպ հրապուրանքը
Նավավարը խորհուրդ է տալիս նավապետին խուսափել ավազի առափնյա ծանծաղուտներից։ Այդ ծանծաղուտները փափուկ են, բայց նաև վտանգավոր, քանի որ նրանք անընդհատ փոխում են իրենց դիրքը։ Քո ծնողները ցանկանում են, որ խուսափես այնպիսի իրավիճակների մեջ ընկնելուց, որոնք կարող են քեզ էմոցիոնալ ցավ պատճառել։ Նրանք գիտեն, օրինակ, որ հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ զգացմունքները սովորաբար խորն են լինում, և որ դրանք դժվար է բնորոշել։ Բայց եթե այդպիսի զգացմունքներ առաջանան, դրանք կարող են հոգևոր նավաբեկության պատճառ դառնալ։
Դինայի օրինակից կարող ենք տեսնել, որ, այսպես ասած՝ վտանգի աղբյուրին չափազանց մոտենալը կարող է կործանարար լինել։ Հավանաբար, հետաքրքրասիրությունն ու զվարճանալու ցանկությունը դրդեցին Դինային փնտրել քանանացի աղջիկների ընկերակցությունը, որոնց բարոյական չափանիշները, ինչ խոսք, ցածր էին։ Այն, ինչ սկզբում թվում էր, թե անմեղ խաղ է, շուտով դժբախտություն բերեց. նրան բռնաբարեց քաղաքի «ամենից պատուական» երիտասարդը (Ծննդոց 34։1, 2, 19)։
Այդպիսի վտանգներն ավելի շատ են մեր օրերում, քանի որ մեծ շեշտ է դրվում սեքսի վրա (Ովսէէ 5։4)։ Շատ երիտասարդներ գուցե այնպիսի տպավորություն ստեղծեն, թե հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ժամանակ անցկացնելը ամենազվարճալի բանն է։ Գուցե սրտի թրթուռ զգաս, երբ մտածես այն անձնավորության հետ միայնակ լինելու մասին, որը քեզ դուր է գալիս։ Սակայն ծնողներդ, որ սիրում են քեզ, կփորձեն պաշտպանել քեզ այնպիսի երիտասարդների հետ շփվելուց, որոնք չեն հարգում Աստծո սկզբունքները։
Լորա անունով մի աղջիկ նշում է, որ հետաքրքրասիրությունը կարող է կուրացնել պատանիներին և վտանգի մեջ գցել նրանց։ «Երբ մեր դասարանի աղջիկները պատմում էին, որ մինչև ուշ գիշեր պարել են ընտիր տղաների հետ, նրանք դա ներկայացնում էին որպես մի անմոռանալի բան։ Ես հասկանում եմ, որ նրանք հաճախ չափազանցնում են, բայց, միևնույն է, ինձ համար դա հետաքրքիր է, և մտածում եմ, որ գուցե շատ բան եմ կորցնում։ Թեև ես գիտեմ, որ իմ ծնողները ճիշտ են անում, որ թույլ չեն տալիս ինձ այդպիսի տեղեր գնալ, այնուամենայնիվ, դա ինձ հրապուրում է»։
Նավը արգելակներ չունի, ուստի այն կանգնեցնելու համար շատ ժամանակ է պահանջվում։ Ծնողներդ գիտեն, որ բուռն զգացմունքները նույնպես դժվար է զսպել։ «Առակաց» գրքում անզուսպ կրքերով առաջնորդվող մարդը նմանեցվում է արջառի, կամ՝ ցուլի, որին սպանդանոց են տանում (Առակաց 7։21–23)։ Ինչ խոսք, դու չես ցանկանա, որ այսպիսի բան պատահի քեզ հետ, որը էմոցիոնալ ու հոգևոր նավաբեկության կտանի։ Ծնողներդ կարող են նկատել, որ սիրտդ սկսում է մոլորեցնել քեզ, և համապատասխան խորհուրդ կտան քեզ։ Իմաստուն կգտնվե՞ս արդյոք, որպեսզի լսես նրանց և այդպիսով չարիքից հեռու մնաս (Առակաց 1։8; 27։12)։
Ծնողներիդ օգնության կարիքն ունես նաև հասակակիցներիդ ճնշմանը դիմադրելիս։ Ինչպե՞ս կարող են նրանք օգնել քեզ։
Հասակակիցներիդ մեծ ճնշումը
Ջրի ուժեղ հոսանքը կարող է շեղել նավի ընթացքը։ Այդ ճնշմանը դիմադրելու համար հարկավոր է նավը վարել մեկ այլ ուղղությամբ։ Նմանապես, հասակակիցների մեծ ճնշումը գուցե շեղի քեզ քո հոգևոր ուղուց, եթե հակազդեցություն ցույց չտաս։
Ինչպես ցույց է տալիս Դինայի օրինակը, «տխմարների [«անմիտներուն», ԱԱ] հետ ընկերացողը կ’չարանայ» (Առակաց 13։20)։ Հիշիր, որ Աստվածաշնչում անմիտ, կամ՝ հիմար է անվանվում այն անհատը, ով չի ճանաչում Եհովային կամ նախընտրում է չընթանալ նրա ճամփաներով։
Սակայն գուցե հեշտ չլինի մերժել համադասարանցիների հայացքներն ու արարքները։ Մարիա Խոսեն պատմում է. «Ես ուզում էի մյուս երիտասարդների կողմից ընդունված լինել։ Քանի որ չէի ցանկանում տարբերվել նրանցից, ընդօրինակում էի նրանց, որքան կարողանայի»։ Կարող է պատահել, որ դու ակամայից ենթարկվես նրանց ազդեցությանը. դա գուցե արտահայտվի երաժշտության ընտրության մեջ, նրանում, թե ինչպիսի հագուստ ես ուզում կրել կամ նույնիսկ քո խոսելակերպի մեջ։ Հավանաբար դու քեզ ազատ ես զգում քո տարիքի պատանիների միջավայրում։ Դա բնական է, բայց այդպես դու հեշտությամբ կենթարկվես նրանց ուժեղ ազդեցությանը, ինչը կարող է կործանարար լինել (Առակաց 1։10–16)։
Կարոլինը պատմում է, թե ինչ դժվարություն է ունեցել մի քանի տարի առաջ. «Աղջիկների մեծ մասը, որոնց հետ շփվում էի, 13 տարեկանից ընկեր ունեին, և մի քանի տարի շարունակ ես նրանց օրինակին հետևելու ճնշմանն էի ենթարկվում։ Սակայն մայրիկս օգնեց ինձ այդ դժվար ժամանակներում։ Նա ժամերով լսում էր ինձ, տրամաբանում ինձ հետ և օգնում էր ինձ հասկանալ, որ անհրաժեշտ է հեռու մնալ այդպիսի հարաբերություններից, մինչև որ ավելի հասուն դառնայի»։
Ինչպես Կարոլինի մայրը, գուցե քո ծնողներն էլ իրենց պարտավորված զգան զգուշացնելու հասակակիցներիդ ճնշման մասին, նույնիսկ արգելեն քեզ որոշակի միջոցառումների մասնակցել կամ ոմանց հետ ընկերություն անել։ Նաթանը հիշում է, որ իր ծնողների հետ մի քանի անգամ ընդհարվել է այդպիսի հարցերի պատճառով։ «Իմ ընկերները հաճախ էին հրավիրում ինձ ինչ–որ տեղ գնալ իրենց հետ,— ասում է նա,— բայց ծնողներս չէին ուզում, որ ես հենց այնպես ժամանակ անցկացնեի պատանիների մեծ խմբի հետ կամ գնայի մեծ հավաքույթների, որոնք անցկացվում էին առանց մեծերի հսկողության։ Այն ժամանակ ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու էին ուրիշների ծնողները ավելի շատ բան թույլ տալիս իրենց երեխաներին, քան իմ ծնողները»։
Հետագայում, սակայն, Նաթանը հասկացավ։ «Ես գիտեմ, որ իմ պարագայում «յիմարութիւնը կապուած է[ր] երեխայի սրտին»,— ասում է նա։— Այդ հիմարությունը հեշտությամբ է դրսևորվում, երբ երիտասարդները հավաքվում են միասին։ Մեկը սկսում է ինչ–որ վատ բան անել, մյուսը՝ ավելի վատ, իսկ երրորդը՝ դրանից էլ ավելի վատ բան։ Շուտով մյուսները ստիպված են լինում միանալ նրանց։ Նույնիսկ այն երիտասարդները, ովքեր ասում են, թե ծառայում են Եհովային, կարող են այդ ծուղակն ընկնել» (Առակաց 22։15)։
Ե՛վ Նաթանը, և՛ Մարիա Խոսեն պայքար էին մղում իրենց սրտի հետ, երբ նրանց ծնողները թույլ չէին տալիս այնպիսի բաներ անել, որ առաջարկում էին իրենց հասակակիցները։ Նրանք, այնուամենայնիվ, հնազանդվում էին և հետագայում ուրախ էին այդպես վարվելու համար։ Մի առակ ասում է. «Ծռիր ականջդ եւ լսիր իմաստունների խօսքերը, եւ սիրտդ տուր իմ գիտութեանը» (Առակաց 22։17)։
Պատվի են արժանի
Եթե նավը թեքված վիճակում է գտնվում, դժվար է ինչ–որ գործողություններ կատարել, իսկ եթե այն չափից շատ թեքվի, հեշտությամբ կարող է շուռ գալ։ Մեր անկատարության պատճառով բոլորս էլ եսասիրական ու սխալ հակումներ ունենք։ Չնայած այդպիսի հակումներին՝ պատանիները կարո՛ղ են հաջողություն գտնել իրենց կյանքում, եթե ուշադրությամբ հետևեն իրենց ծնողների տված առաջնորդությանը։
Օրինակ՝ ծնողներդ կարող են օգնել քեզ հասկանալու, որ իրականում չկա միջանկյալ ուղի կյանքի առաջնորդող նեղ ճանապարհի և դեպի կորուստ տանող ընդարձակ ճանապարհի միջև (Մատթէոս 7։13, 14)։ Ճիշտ չի լինի կարծել, թե կարող ես մի փոքր փորձել այն, ինչ սխալ է, բայց մինչև վերջ չանել դա, թե կարող ես «համտեսել», սակայն կուլ չտալ։ Նրանք, որ փորձում են նման ընթացք բռնել, ‘կաղում են երկու կողմի վրա’. ինչ–որ չափով ծառայում են Եհովային, բայց միևնույն ժամանակ սիրում են աշխարհը և այն ամենը, ինչ որ աշխարհում է։ Այդպիսի անհատները կարող են հեշտությամբ հոգևորապես ընկնել (Գ Թագաւորաց 18։21; Ա Յովհաննէս 2։15)։ Ինչո՞ւ կարող է նման բան տեղի ունենալ։ Պատճառը գուցե լինեն մեղավոր հակումները։
Մեր անկատար մարմնի ցանկությունները ավելի են ուժեղանում, երբ տրվում ենք դրանց։ ‘Խորամանկ սիրտը’ չի բավարարվի միայն «համտեսելով»։ Այն ավելի՛ն կպահանջի (Երեմիա 17։9)։ Հենց որ սկսենք հոգևորապես շեղվել մեր ուղուց, աշխարհը էլ ավելի մեծ ճնշում կբանեցնի մեզ վրա (Եբրայեցիս 2։1, ԷԹ)։ Գուցե դու չզգաս, որ հոգևորապես «շուռ ես գալիս», բայց ծնողներդ հավանաբար կնկատեն դա։ Ճիշտ է, նրանք գուցե քեզ պես արագ չկարողանան համակարգչային ծրագրեր սովորել, բայց նրանք քեզնից ավելի շատ բան գիտեն խորամանկ սրտի մասին։ Եվ նրանք ուզում են օգնել քեզ, որ «ուղղ[ես] ճանապարհիդ մէջ քո սիրտը» (Առակաց 23։19)։
Իհարկե չարժե ակնկալել, որ ծնողներդ կատարելապես կդատեն դժվար իրավիճակներում քեզ ուղղություն ցույց տալիս, օրինակ՝ երաժշտության, զվարճության և հագուստի ընտրության մեջ։ Ծնողներդ գուցե Սողոմոնի իմաստությունը կամ Հոբի համբերությունը չունենան։ Նավավարի նման՝ երբեմն նրանք թերևս չափից ավելի զգուշանան՝ ցանկանալով խուսափել վտանգից։ Այնուամենայնիվ, նրանց տված առաջնորդությունը արժեքավոր կլինի, եթե լսես «քո հօր խրատը, եւ [չմերժես] քո մօր հրահանգը» (Առակաց 1։8, 9)։
Որոշ պատանիներ գուցե արհամարհանքով արտահայտվեն իրենց ծնողների մասին։ Սակայն եթե քո ծնողները ձգտում են ապրել Սուրբ Գրությունների համաձայն, ապա նրանք քո կողքին կլինեն բոլոր իրավիճակներում, որոնցում կհայտնվես, բոլոր ժամանակներում և բոլոր տեսակի խնդիրները դիմագրավելիս։ Ինչպես նավապետը փորձառու նավավարի խորհրդի կարիքն ունի, այնպես էլ դու քո ծնողների առաջնորդության կարիքն ունես, որ քեզ ուղղեն իմաստության ճանապարհով։ Անշուշտ, վարձատրությունները անթիվ կլինեն։
«Իմաստութիւնը կ’մտնէ քո սիրտը, եւ գիտութիւնը ախորժելի կ’լինի քո հոգիին. խոհեմութիւնը քեզ կ’պահէ, հանճարը քեզ կ’պաշտպանէ. որ քեզ ազատէ չար ճանապարհիցը, եւ նենգութիւններ խօսող մարդիցը, որ ուղղութեան ճանապարհները թողում են, որպեսզի խաւարի ճանապարհներովը գնան. .... որովհետեւ ուղիղները կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կ’մնան նորանում» (Առակաց 2։10–13, 21)։
[նկար 22–րդ էջի վրա]
Հասակակիցներիդ ճնշումը կարող է հոգևորապես շեղել քեզ քո ուղուց
[նկար 23–րդ էջի վրա]
Հիշիր Դինայի հետ պատահած դեպքը
[նկար 24–րդ էջի վրա]
Ինչպես նավապետն է փորձառու նավավարից խորհուրդ հարցնում, այնպես էլ երիտասարդները պետք է դիմեն իրենց ծնողներին առաջնորդության համար
[նկար 24–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Photo: www.comstock.com