Ինչպե՞ս պատասխանել մարդկանց հարցերին
1. Ո՞ր հարցում կարող ենք ընդօրինակել Հիսուսին։
1 Առայսօր մարդիկ հիանում են, թե ինչպես էր Հիսուսը արդյունավետորեն պատասխանում մարդկանց հարցերին։ Ծառայության ժամանակ մեզ էլ են տարբեր հարցեր տալիս, որոնց պատասխանելիս լավ կլինի ընդօրինակել նրան (1 Պետ. 2։21)։
2. Ինչպե՞ս կարող ես արդյունավետորեն պատասխանել։
2 Պարզիր հարցի նպատակը։ Հիսուսը հաշվի էր առնում այն, թե ինչու է անհատն այդ հարցը տալիս։ Երբեմն հարկ է լինում հարցեր տալ իմանալու համար, թե կոնկրետ ինչ է հետաքրքրում այդ մարդուն։ Օրինակ՝ երբ որևէ մեկը հարցնում է՝ «Դու հավատո՞ւմ ես Հիսուսին», գուցե նա իրականում ուզում է իմանալ, թե ինչու չես տոնում Սուրբ ծնունդը։ Եթե պարզես, թե ինչու է նա այդ հարցը տալիս, կկարողանաս արդյունավետորեն պատասխանել և կմղես նրան տրամաբանելու (Ղուկ. 10։25–37)։
3. Ո՞ր միջոցները կօգնեն գոհացուցիչ պատասխաններ տալու Աստվածաշնչից։
3 Պատասխանիր Աստվածաշնչով։ Մեր պատասխանները գոհացուցիչ կլինեն, եթե դրանք տրվեն Աստվածաշնչից (2 Տիմոթ. 3։16, 17; Եբր. 4։12)։ Մենք կարող ենք օգտվել «Տրամաբանել» գրքից և «Քրիստոնեական հունարեն գրությունների նոր աշխարհ թարգմանության» «Քննարկման նյութեր աստվածաշնչյան թեմաներով» բաժնից՝ ճիշտ պատասխան տալու համար։ Եթե նույնիսկ անհատի համար Աստվածաշունչը հեղինակություն չէ, կարող ենք նրբանկատորեն ասել նրան, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Լավ կլինի նրա ուշադրությունը հրավիրել Աստծու Խոսքում պարփակված իմաստությանը։ Եթե ընդօրինակենք Հիսուսին, մեր խոսքերը կլինեն գեղեցիկ, ինչպես «ոսկի խնձորներ արծաթի զարդերի մէջ»։ Մեր պատասխանը կլինի արժեքավոր ու արժանավայել (Առակ. 25։11)։
4. Ո՞ր դեպքերում չարժե պատասխանել։
4 Բոլո՞ր հարցերին պետք է պատասխանել։ Եթե չգիտես հարցի պատասխանը, մի ամաչիր անկեղծորեն ասել. «Ես չգիտեմ, բայց կարող եմ փնտրտուքներ անել և հաջորդ անգամ պատասխանել ձեր հարցին»։ Քո խոնարհությունը և իր հանդեպ ցուցաբերած անձնական հետաքրքրությունը գուցե մղի նրան քեզ հետ կրկին հանդիպելու։ Իսկ եթե նկատես, որ հարցը տրվում է վիճաբանելու նպատակով, ընդօրինակիր Հիսուսին և սահմանափակվիր կարճ պատասխանով (Ղուկ. 20։1–8)։ Նմանապես եթե որևէ մեկը, որը ճշմարտության նկատմամբ անկեղծ հետաքրքրություն չունի, փորձում է բանավեճի մեջ ներքաշել քեզ, ապա նրբանկատորեն դադարեցրու զրույցը։ Խելամտորեն օգտագործիր ժամանակդ՝ փնտրելով անկեղծ մարդկանց (Մատթ. 7։6)։
5. Ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը պատասխան տալու հարցում։
5 Հիսուսը գիտեր, որ շատ կարևոր է Եհովային ապավինել «ճշմարտության մասին վկայելու» հանձնարարությունը լիարժեքորեն կատարելու համար։ Դրա մեջ մտնում էր նաև այն, որ պետք է պատասխանել այն հարցերին, որոնք ճիշտ մղումներով էին տրվում (Հովհ. 18։37)։ Մեզ համար մեծ առանձնաշնորհում է Հիսուսին ընդօրինակել, երբ պատասխան ենք տալիս նրանց, ովքեր «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ» (Գործ. 13։48)։