Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • fy գլ. 14 էջ 163–172
  • Միասին հասնել ծերության

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Միասին հասնել ծերության
  • Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՀԱՇՏՎԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
  • ԱՄՈՒՍԻՆՆԵՐՈՎ ՄԻ ՓՈՔՐ ԹԱՐՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՂՈՐԴԵՔ ՁԵՐ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
  • ՈՒՐԱԽԱՑԵՔ ՁԵՐ ԹՈՌՆԵՐՈՎ
  • ՀԱՐՄԱՐՎԵՔ ՏԱՐԻՔԻ ՀԵՏ
  • ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԿՈՂԱԿՑԻ ԿՈՐՈՒՍՏԸ
  • ԱՍՏՎԱԾ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԻՐ ՏԱՐԵՑ ԾԱՌԱՆԵՐԻՆ
  • Հոգ տարեք, որ ձեր ընտանիքը հուսալի ապագա ունենա
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Երբ ալևորությունը դառնում է «փառաց պսակ»
    2005 Դիտարան
  • Եհովան քնքշորեն հոգում է իր տարեց ծառաներին
    2008 Դիտարան
  • Տարեցներին պատվիր
    2014 Դիտարան
Ընտանեկան երջանկության գաղտնիքը
fy գլ. 14 էջ 163–172

ԳԼՈՒԽ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Միասին հասնել ծերության

1, 2. ա) Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվում մարդու կյանքը ծերության պատճառով։ բ) Ինչպե՞ս են աստվածաշնչյան ժամանակներում ապրած Աստծո ծառաները բավարարվածություն ստացել ծերության օրերին։

ՏԱՐԻՔԻ հետ՝ կյանքում շատ բան է փոխվում։ Ֆիզիկական տկարությունը մեզանից խլում է մեր նախկին եռանդը։ Նայելով հայելու մեջ՝ նկատում ենք, որ մեր դեմքի վրա նոր կնճիռներ են գոյացել, մեր մազերը ավելի են ճերմակել ու նոսրացել։ Զգում ենք, որ ժամանակ առ ժամանակ հիշողությունը դավաճանում է մեզ։ Երեխաների ամուսնանալու հետ մեկտեղ նոր հարաբերություններ զարգացնելու անհրաժեշտություն է առաջանում, և դարձյալ դրա անհրաժեշտությունն է զգացվում, երբ թոռներ ենք ունենում։ Ոմանք էլ, թոշակի անցնելով, ամբողջությամբ փոխում են իրենց կյանքի առօրյան։

2 Իրոք, ծերությունը կարող է իսկական փորձություն դառնալ մարդու համար (Ժողովող 12։1–8)։ Եկեք, սակայն, անդրադառնանք աստվածաշնչյան ժամանակներում ապրած Աստծո ծառաներին։ Թեև այդ մարդիկ ոչինչ չկարողացան անել մահվան դեմ, բայց իրենց կենդանության օրոք իմաստություն ու հասկացողություն ձեռք բերեցին, ինչը նրանց կյանքը ծերության օրերին մեծ բավարարվածությամբ լցրեց (Ծննդոց 25։8; 35։29; Յոբ 12։12; 42։17)։ Սակայն, չնայած տարիքին, ինչի՞ շնորհիվ նրանց հաջողվեց երջանիկ լինել։ Ինչ խոսք, միմիայն շնորհիվ այն բանի, որ նրանք ապրեցին այն սկզբունքներին ներդաշնակ, որոնք մենք այսօր գտնում ենք Աստվածաշնչում (Սաղմոս 119։105; Բ Տիմոթէոս 3։16, 17)։

3. Ի՞նչ խորհուրդ տվեց Պողոսը տարեց տղամարդկանց ու կանանց։

3 Տիտոսին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը իմաստուն խորհուրդ է տալիս տարեց մարդկանց։ «Ծերերը զգաստ լինեն, ծանրաբարոյ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատքով, սիրով, համբերութեամբ։ Նոյնպէս էլ պառաւները սրբավայել վարմունքով լինեն, ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ բարի խրատ տուող» (Տիտոս 2։2, 3)։ Եթե այս խորհուրդները անուշադրության չմատնվեն, ապա դրանք կօգնեն մարդուն դիմակայելու այն դժվարությունները, որ իր հետ բերում է ծերությունը։

ՀԱՇՏՎԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

4, 5. Ի՞նչ են զգում շատ ծնողներ, երբ երեխաները թողնում են հարազատ տունը, և ինչպե՞ս են նրանցից ոմանք հարմարվում նոր իրավիճակին։

4 Կյանքում մեզ բաժին ընկած նոր դերերի հետ ընտելանալ է պետք։ Դրա անհրաժեշտությունը հատկապես զգացվում է, երբ երեխաներն ամուսնանում են ու հեռանում հայրական տնից։ Շատ ծնողների համար սա առաջին նշանն է այն բանի, որ ծերանում են։ Ու չնայած նրանք ուրախ են, որ երեխաներն արդեն մեծ են, սակայն հաճախ են անհանգստանում՝ արդյո՞ք իրենց ուժերից եկած ամեն բան արել են երեխաներին ինքնուրույն կյանքի նախապատրաստելու համար։ Եվ բացի այդ, տան մեջ գուցե նրանք զգում են երեխաների բացակայությունը։

5 Հասկանալի է, որ ծնողներին շարունակում է մտահոգել իրենց երեխաների բարօրությունը նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք հեռանում են հարազատ տնից։ «Միայն թե կարողանայի ավելի հաճախակի տեղեկություն ստանալ նրանցից և իմանայի, որ լավ են, ինձ ուղղակի երջանիկ կզգայի»,— ասում է մի մայր։ Իսկ մի հայր պատմում է. «Երբ մեր աղջիկը թողեց հարազատ տունը, մեզ համար իրոք որ դժվարին ժամանակ սկսվեց։ Մեր ընտանիքը, կարծես, միանգամից դատարկվեց, որովհետև մինչ այդ ամեն բան միասին էինք անում»։ Ինչպե՞ս են այս ծնողները հաշտվել այն իրողության հետ, որ երեխաներն այլևս իրենց հետ չեն։ Մեծ մասամբ՝ շնորհիվ այն բանի, որ սկսել են հոգալ ուրիշների մասին և օգնության ձեռք մեկնել նրանց։

6. Ի՞նչն է օգնում ճիշտ տեսանկյունից նայել ընտանեկան փոխհարաբերություններին։

6 Երբ երեխաներն իրենց ընտանիքն են կազմում, ծնողների դերը փոխվում է։ Ծննդոց 2։24–ն ասում է. «Սորա համար մարդը կ’թողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ’յարի իր կնոջը. եւ մէկ մարմին կ’լինին»։ Ընդունելով գլխավորությանը և կարգ ու կանոնին վերաբերող աստվածային սկզբունքները՝ ծնողները կկարողանան ամեն ինչին ճիշտ տեսանկյունից նայել (Ա Կորնթացիս 11։3; 14։33, 40)։

7. Ի՞նչ ճիշտ մոտեցում ցուցաբերեց մի հայր, երբ աղջիկներն ամուսնացան ու դուրս եկան հայրական տնից։

7 Այն բանից հետո, երբ մի ընտանիքում երկու աղջիկներն էլ ամուսնացան ու հեռացան հայրական տնից, ծնողների կյանքը, ինչպես իրենք են ասում, դատարկվեց։ Սկզբում հայրը զայրանում էր փեսաների վրա։ Սակայն գլխավորության սկզբունքի շուրջ խորհրդածելը օգնեց նրան հասկանալ, որ այժմ արդեն իր աղջիկների ամուսիններն են պատասխանատու իրենց ընտանիքների համար։ Ուստի երբ աղջիկները որևէ խորհրդի համար իրեն էին դիմում, նա նախ հարցնում էր, թե այդ առումով ինչ են մտածում նրանց ամուսինները, և ապա նրանց կարծիքները իմանալուց հետո աշխատում էր որքան հնարավոր է աջակցել դստրերին։ Իր փեսաներն այժմ նրան իսկական ընկեր են համարում և ուրախությամբ են ընդունում նրա խորհուրդները։

8, 9. Ինչպե՞ս են որոշ ծնողներ հարմարվել այն իրողությանը, որ իրենց արդեն մեծահասակ երեխաները ինքնուրույն են դարձել։

8 Իսկ ինչպե՞ս վարվել, երբ նորապսակները, թեպետև Սուրբ Գրություններին հակասող ոչինչ չեն անում, այնուամենայնիվ, այնպես չեն վարվում, ինչը որ, ծնողների կարծիքով, լավագույնը կլիներ։ «Մենք միշտ օգնում ենք նրանց հասկանալ Եհովայի տեսակետը,— պատմում է մի զույգ, որի երեխաներն արդեն իրենց ընտանիքներն ունեն,— սակայն եթե համաձայն էլ չենք լինում նրանց կայացրած որոշման հետ, միևնույն է, ընդունում ենք այն և աշխատում ենք օգնել ու քաջալերել նրանց»։

9 Որոշ ասիական երկրներում մայրերը հատկապես դժվարանում են հաշտվել այն մտքին, որ որդիներն իրենցից առանձնանում են։ Սակայն, երբ նրանք հարգանք են դրսևորում քրիստոնեական կարգի և գլխավորության սկզբունքի հանդեպ, զգում են, որ հարսների հետ իրենց վեճերը նվազել են։ Մի քրիստոնյա կնոջ խոսքերով՝ որդիների հեռանալը տնից իր համար «երախտագիտության ավելի մեծ աղբյուր» դարձավ։ Նա ուրախանում է՝ տեսնելով, թե ինչպես են նրանք հաջողությամբ ղեկավարում իրենց ընտանիքները։ Սա նաև իր հերթին թեթևացրել էր այն ֆիզիկական ու հոգեկան բեռը, որ ինքն ու ամուսինը ստիպված էին կրելու՝ հատկապես, երբ տարիքը գնալով իրեն զգացնել էր տալիս։

ԱՄՈՒՍԻՆՆԵՐՈՎ ՄԻ ՓՈՔՐ ԹԱՐՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՂՈՐԴԵՔ ՁԵՐ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

նկարներ 166-րդ էջի վրա

Տարեց հասակում էլ միմյանց հավաստիացրեք ձեր սիրո մեջ

10, 11. Աստվածաշնչյան ո՞ր խորհուրդը կօգնի միջին տարիքի մարդկանց՝ խույս տալու որոշ ծուղակներից։

10 Միջին տարիքին հասնելը տարբեր մարդկանց վրա տարբեր ձևով է անդրադառնում։ Որոշ տղամարդիկ, ջանալով երիտասարդ երևալ, փոխում են իրենց հագնվելու ոճը։ Իսկ շատ կանանց մտահոգում է դաշտանադադարի շրջանի հետ կապված փոփոխությունները։ Ցավալի է, սակայն միջին տարիքի մարդկանցից ոմանք սիրահետում են իրենցից երիտասարդներին՝ դրանով խանդի ու վիրավորվածության զգացում առաջացնելով իրենց կողակիցների մեջ։ Սակայն աստվածավախ հասուն տղամարդիկ «պարկեշտ» են և չեն տրվում անպատշաճ ցանկություններին (Ա Պետրոս 4։7)։ Նմանապես և կանայք, իրենց ամուսինների հանդեպ սիրուց և Եհովային հաճեցնելու ցանկությունից մղված՝ ջանում են ամուր պահել իրենց ամուսնությունը։

11 Լեմուել թագավորը՝ Աստծուց ներշնչված, գովերգեց ‘առաքինի կնոջը’, որն իր ամուսնուն «բարիք կ’հատուցանէ եւ ոչ թէ չարիք, իր կեանքի բոլոր օրերումը»։ Քրիստոնյա ամուսինը, ինչ խոսք, կհասկանա, թե որքան դժվար է կնոջ համար հաղթահարել կյանքի այդ շրջանի հետ կապված էմոցիոնալ անկումները։ Սերը կմղի այդ ամուսնուն ‘գովասանել նրան’ (Առակաց 31։10, 12, 28)։

12. Ինչպե՞ս կարող են տարիների ընթացքում ամուսիններն իրար հետ ավելի մտերմանալ։

12 Քանի դեռ զբաղված էիք երեխաներին մեծացնելով, երկուսդ էլ, հավանաբար, սիրահոժար կերպով մի կողմ էիք դրել սեփական ցանկությունները, որպեսզի առաջին հերթին երեխաների կարիքները բավարարեիք։ Այժմ, երբ երեխաներն առանձին են ապրում, ժամանակն է կրկին կենտրոնանալու ձեր երկուսի հարաբերությունների վրա։ «Երբ աղջիկներս հեռացան տնից,— պատմում է մի ամուսին,— ես սկսեցի կրկին «սիրահետել» կնոջս»։ Իսկ մեկ ուրիշն ասում է. «Մենք հոգ ենք տանում միմյանց առողջության մասին և շարունակ հիշեցնում ենք իրար, որ հարկավոր է մարմնամարզությամբ զբաղվել»։ Եվ որպեսզի իրենց միայնակ չզգան, ինքն ու կինը հաճախ են հյուրընկալում իրենց ժողովի անդամներին։ Այո, ուրիշների հանդեպ հետաքրքրվածություն ցուցաբերելն իրոք որ օրհնություններ է բերում։ Դեռ ավելին՝ դա ուրախացնում է Եհովային (Փիլիպպեցիս 2։4; Եբրայեցիս 13։2, 16)։

13. Ի՞նչ դեր են խաղում պարզությունն ու անկեղծությունը հասակն առած զույգերի փոխհարաբերություններում։

13 Թույլ մի տվեք, որ հաղորդակցության պակասի պատճառով ձեր միջև անդունդ գոյանա։ Անկեղծ սրտով զրուցեք իրար հետ (Առակաց 17։27)։ «Մենք ձգտում ենք ավելի հասկացող լինել՝ մեկս մյուսի հանդեպ մեր հոգատարությամբ և հարգալից վերաբերմունքով»,— ասում է մի ամուսին։ Իսկ կինն ավելացնում է. «Այս տարիքում մենք ավելի հաճույքով ենք միասին թեյում, զրուցում ու որևէ գործ կատարում»։ Ձեր փոխհարաբերություններում անկեղծություն ու պարզություն դրսևորելով՝ դուք ոչ միայն կամրացնեք ձեր ամուսնական կապը, այլև այն կօժտեք այնպիսի ունակությամբ, որ հնարավոր կլինի ետ մղել Բանսարկու Սատանայի՝ ընտանիքները քայքայողի հարձակումները։

ՈՒՐԱԽԱՑԵՔ ՁԵՐ ԹՈՌՆԵՐՈՎ

14. Ի՞նչ դեր է ակներևաբար խաղացել Տիմոթեոսի տատը նրա՝ որպես քրիստոնյա անձնավորություն դաստիարակվելու հարցում։

14 Թոռները «ծերերի պսակ[ն]» են (Առակաց 17։6)։ Թոռների հետ շփումը հիրավի կարող է մեծ ուրախություն պատճառել, աշխուժություն ու թարմություն բերել։ Աստվածաշունչը դրականորեն է խոսում Լոիդայի մասին, որն իր դստեր՝ Եվնիկեի հետ միասին իր հավատի մասին պատմել էր թոռանը՝ Տիմոթեոսին, երբ նա դեռ մանուկ էր։ Այս տղան փոքրուց արդեն գիտեր, թե իր մոր և տատի համար որքան թանկ է Աստվածաշնչի ճշմարտությունը (Բ Տիմոթէոս 1։5; 3։14, 15)։

15. Ի՞նչ անգնահատելի աջակցություն կարող են ցույց տալ պապն ու տատը իրենց երեխաներին, սակայն ինչի՞ց պետք է նրանք խուսափեն։

15 Հենց այս առանձնահատուկ ոլորտում է, որ տատն ու պապը կարող են իրենց անգնահատելի աջակցությունը ցույց տալ։ Տատիկնե՛ր ու պապիկնե՛ր, Եհովայի նպատակների մասին ձեր գիտելիքները դուք մեկ անգամ արդեն փոխանցել եք ձեր երեխաներին։ Այժմ հնարավորություն ունեք այդ նույն գիտելիքները փոխանցելու մեկ այլ սերնդի ևս։ Փոքրիկները հաճախ են շունչները պահած լսում տատի ու պապի՝ Աստվածաշնչից պատմած պատմությունները։ Իհարկե, դուք ձեզ վրա չեք վերցնում այդ երեխաների հոր պարտականությունը՝ սերմանելու նրանց մեջ աստվածաշնչյան ճշմարտությունը (Բ Օրինաց 6։7)։ Դուք ընդամենը լրացնում եք նրանց ներդրած ջանքերը։ Թող որ սաղմոսերգուի աղոթքը նաև ձերը դառնա. «Եւ հիմա մինչեւ իմ ծերութիւնը եւ ալեւորութիւնը մի թողիր ինձ, ով Աստուած. մինչեւ որ քո բազուկը պատմեմ հաջորդ սերունդին եւ քո զօրութիւնը բոլոր եկողներին» (Սաղմոս 71։18; 78։5, 6)։

16. Ինչպե՞ս կարող են տատն ու պապը զգուշանալ, որ իրենց պատճառով ընտանիքում լարվածություն չառաջանա։

16 Ցավոք, տատն ու պապը երբեմն այնքան են երես տալիս թոռներին, որ բանը հասնում է իրենց ու իրենց զավակների միջև կոնֆլիկտի։ Մյուս կողմից՝ շնորհիվ ձեր անկեղծ բարության՝ երբեմն ձեր թոռներին գուցե ավելի հեշտ է լինում վստահել ձեզ, երբ դժվարանում են որևէ հարցի շուրջ խոսել իրենց ծնողների հետ։ Երբեմն էլ թոռները իրենց հույսը դնում են այն բանի վրա, որ իրենց ներողամիտ տատիկը կամ պապիկը ոչ թե ծնողների, այլ իրենց կողմը կբռնի։ Ի՞նչ անել նման դեպքերում։ Իմաստություն դրսևորեք և հորդորեք նրանց ամեն ինչ անկեղծորեն պատմել իրենց ծնողներին։ Բացատրեք նրանց, որ դրանով կուրախացնեն Եհովայի սիրտը (Եփեսացիս 6։1–3)։ Եթե հարկ է, ձեր օգնությունն առաջարկեք. ասեք նրանց, որ կարող եք «նախապատրաստել» նրանց ծնողներին, այսինքն՝ վերջիններիս հետ նախօրոք զրուցել։ Պարզ սրտով պատմեք նրանց այն ամենի մասին, ինչ կուտակել եք տարիների ընթացքում։ Իսկ ձեր ցուցաբերած ազնիվ ու անկեղծ վերաբերմունքը միայն նրանց օգտին կծառայի։

ՀԱՐՄԱՐՎԵՔ ՏԱՐԻՔԻ ՀԵՏ

17. Սաղմոսերգուի նման՝ ո՞ր հարցում պետք է տարեց քրիստոնյաները վճռական լինեն։

17 Տարիներն անցնում են, և մարդը զգում է, որ այլևս ի վիճակի չէ անելու այն, ինչ սովորաբար անում էր, կամ էլ՝ ինչ կցանկանար անել։ Ինչպե՞ս համակերպվել այն մտքին, որ ծերանում ես։ Քեզ համարում ես երեսունից ոչ ավել, սակայն հայելին ուրիշ բան է քեզ «հրամցնում»։ Մի՛ հուսահատվիր։ Սաղմոսերգուն Եհովային աղերսել էր. «Իմ ծերութեան ժամանակումը դէն մի գցիր ինձ. զօրութիւնս պակասուելիս մի թողիր ինձ»։ Ձգտիր դու էլ նրա նման վճռական լինել։ Ահա թե ինչ է նա ասել. «Ես միշտ կ’սպասեմ, եւ քո ամեն փառաբանութիւնների վերայ փառաբանութիւն կ’աւելացնեմ» (Սաղմոս 71։9, 14)։

18. Ինչպե՞ս կարող է հասուն քրիստոնյան թոշակի անցնելուց հետո իր ժամանակն արդյունավետ կերպով օգտագործել։

18 Շատերը նախօրոք արդեն որոշում են կայացնում թոշակի անցնելուց հետո ավելի շատ փառաբանել Եհովային։ «Ես վաղուց արդեն պլանավորել էի, թե ինչ պիտի անեմ, երբ մեր աղջիկն ավարտի դպրոցը,— պատմում է մի թոշակառու հայր։— Որոշել էի լիաժամ ծառայության անցնել, ուստի վաճառեցի գործս, որպեսզի ավելի ազատ լինեմ և ավելի լիարժեք ծառայեմ Եհովային։ Աղոթում էի Աստծուն՝ խնդրելով նրա առաջնորդությունը»։ Եթե դուք էլ մոտ ապագայում թոշակի եք անցնելու, թող ձեզ մխիթարեն մեր Մեծ Արարչի խոսքերը. «Մինչև ձեր ծերութիւնը ես նոյնն եմ, մինչեւ ձեր ալեւորութիւնը ես ձեզ պիտի կրեմ. ե՛ս ստեղծեցի եւ ե՛ս պիտի վերցնեմ, ե՛ս պիտի կրեմ ու պիտի ազատեմ» (Եսայիա 46։4; ԱԱ)։

19. Ի՞նչ խորհուրդ է տրվում տարեց մարդկանց։

19 Թերևս այնքան էլ հեշտ չէ թոշակառուի կյանքով ապրելը։ Պողոս առաքյալը տարեց տղամարդկանց խորհուրդ տվեց «զգաստ» լինել։ Դրա համար ինքնատիրապետում է անհրաժեշտ, որպեսզի չտրվեք հեշտ կյանք փնտրելու ձգտումին։ Թոշակի անցնելուց հետո ռեժիմ պահպանելն ու ինքնակարգապահությունը թերևս շատ ավելի անհրաժեշտ են, քան մինչ այդ էր։ Զբաղված մնացեք և «ամեն ժամանակ աւելի առաջացէք Տիրոջ գործումը, գիտացէք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տէրումը» (Ա Կորնթացիս 15։58)։ Աշխատեք ավելի շատ մարդկանց օգնել (Բ Կորնթացիս 6։13)։ Բազում քրիստոնյաներ այդպես են վարվում՝ քարոզելով բարի լուրն այնքան ժրաջանորեն, որքան թույլ է տալիս նրանց տարիքը։ Չնայած որ տարիներն անցնում են, մնացեք «ողջամիտ՝ հաւատքով, սիրով, համբերութեամբ» (Տիտոս 2։2)։

ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԿՈՂԱԿՑԻ ԿՈՐՈՒՍՏԸ

20, 21. ա) Ի՞նչն է իրերի ներկա համակարգում ամուսիններին վաղ թե ուշ բաժանում իրարից։ բ) Ի՞նչ հրաշալի օրինակ է թողել Աննան այրիացած մարդկանց։

20 Որքան էլ ցավալի լինի, սակայն իրերի ներկա համակարգում ամուսիններին վաղ թե ուշ բաժանում է մահը։ Այրիացած քրիստոնյաները գիտեն, որ իրենց սիրելի կողակիցները քնած են մահվան քնով, և վստահ են, որ նրանց կրկին կտեսնեն (Յովհաննէս 11։11, 25)։ Սակայն, ամեն դեպքում, կորուստը մեծ վիշտ է պատճառում։ Ինչպե՞ս կարող են կենդանի մնացածներն ապրել իրենց վշտի հետ։a

21 Այդ հարցում մեծ օգնություն կստանանք՝ խորհրդածելով, թե ինչպես է նման պարագայում վարվել աստվածաշնչյան մի կերպար։ Աննա անունով մի կին ամուսնու հետ ընդամենը յոթ տարի ապրելուց հետո այրիացել էր, իսկ Աստվածաշունչը նրա մասին հիշատակում է, երբ նա արդեն ութսունչորս տարեկան էր։ Անկասկած, նրան խոր վիշտ էր պատճառել ամուսնու կորուստը։ Բայց ի՞նչն էր նրան ուժ տվել դիմանալու։ Աննան զօր ու գիշեր տաճարում սուրբ ծառայություն էր մատուցում Եհովային (Ղուկաս 2։36–38)։ Այն, որ Աննան իր կյանքը անց էր կացրել ծառայության մեջ, և այն էլ՝ աղոթքներով լի, անշուշտ, իսկական սպեղանի էր եղել նրա վշտին ու միայնակությանը։

22. Ինչպե՞ս են այրի տղամարդկանցից ու կանանցից շատերը հաղթահարել միայնակության զգացումը։

22 «Ամենածանրն այն է, որ զրուցակից չունեմ,— պատմում է յոթանասուներկուամյա մի այրի, որն ամուսնուն կորցրել է տասը տարի առաջ։— Ամուսինս միշտ ուշադրությամբ լսում էր ինձ։ Մենք խոսում էինք մեր ժողովից, ինչպես նաև այն մասին, թե մեզանից յուրաքանչյուրը ինչ չափով է մասնակցում քրիստոնեական ծառայությանը»։ Մեկ ուրիշ քույր պատմում է. «Ճիշտ է, ժամանակը բուժում է, սակայն իմ կարծիքով բուժվելուն ավելի շուտ նպաստում է այն, թե ինչպես է մարդ օգտագործում այդ ժամանակը։ Այժմ դու ավելի լավ ես հասկանում ուրիշներին և ավելի շատ կարող ես օգնել նրանց»։ Վաթսունյոթամյա մի այրի տղամարդ նույնպես ընդունում է, որ «կորուստը հաղթահարելու լավագույն միջոցը ուրիշներին մխիթարելն է»։

ԱՍՏՎԱԾ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԻՐ ՏԱՐԵՑ ԾԱՌԱՆԵՐԻՆ

23, 24. Ի՞նչ հրաշալի մխիթարություն է տալիս Աստվածաշունչը տարեց անհատներին, և հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց կողակիցներին։

23 Թեպետև մահը մեզանից խլում է մեր կյանքի ընկերոջը, սակայն Եհովան հավերժ մնում է հավատարիմ ու հուսալի։ «Մէկ բան եմ խնդրում Տէրիցը,— գրել է հնում ապրած Դավիթ թագավորը,— եւ այն շատ կ’փափաքէի, որ Տիրոջ տանը բնակուիմ իմ կեանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նորա տաճարին զննելով մտիկ տամ» (Սաղմոս 27։4)։

24 «Յարգի՛ր այն այրիներին, որ իսկապէս այրիներ են»,— հորդորել է Պողոս առաքյալը (Ա Տիմոթէոս 5։3, ԷԹ)։ Այս հորդորին հաջորդում է մի խորհուրդ, ըստ որի՝ ժողովը անհրաժեշտ նյութական օգնություն կարող է ցույց տալ հարգանքի արժանի այրիներին, որոնք չունեն հարազատներ։ Այնուամենայնիվ, ‘հարգել’ բառը այստեղ իր մեջ կրում է նաև նրանց գնահատելու իմաստը։ Որքա՜ն են մխիթարվում այրիացած մարդիկ՝ իմանալով, որ Եհովան գնահատում ու նեցուկ է կանգնում իրենց (Յակոբոս 1։27)։

25. Տարեց մարդիկ ի՞նչ նպատակ կարող են շարունակել իրենց առջև ունենալ։

25 «Ծերերի փառքը՝ ալեւորութիւն[ն]» է,— նշվում է Աստծո ներշնչված Խոսքում։ «Փառաց պսակ է ալեւորութիւնը. արդարութեան ճանապարհում կ’գտնուի» (Առակաց 16։31; 20։29)։ Ուրեմն շարունակե՛ք Եհովայի ծառայությունը ձեր կյանքում առաջնահերթ համարել, անկախ նրանից՝ ունեք կողակից, թե՝ ոչ։ Այդպիսով՝ դուք լավ անուն կունենաք Աստծո մոտ և հավիտենական կյանքի հեռանկար՝ մի աշխարհում, որտեղ ծերության պատճառած ցավերը երբեք այլևս չեն լինի (Սաղմոս 37։3–5; Եսայիա 65։20)։

a Այս թեման ավելի մանրամասնորեն քննարկվում է «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» գրքույկում՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՕԳՆԵԼ...ԱՅՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՄԻԱՍԻՆ ԵՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԾԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Թոռները «պսակ» են իրենց պապիկների ու տատիկների համար (Առակաց 17։6)։

Տարեց հասակում Եհովային ծառայելու նոր հնարավորություններ կարող են ստեղծվել (Սաղմոս 71։9, 14)։

Տարեց մարդկանց խորհուրդ է տրվում «զգաստ» լինել (Տիտոս 2։2)։

Չնայած իրենց խոր վշտին՝ այրիացած մարդիկ կարող են մխիթարություն գտնել Աստծո Խոսքի մեջ (Յովհաննէս 11։11, 25)։

Եհովան բարձր է գնահատում իր հավատարիմ տարեց ծառաներին (Առակաց 16։31)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը