Ընտանիքնե՛ր, փառաբանեցե՛ք Աստծուն նրա ժողովի հետ միասին
«Ժողովներուն մէջ Տէրը պիտի օրհնեմ» (Սաղմոս 26։12, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։
1. Աղոթքից և ընտանեկան ուսումնասիրությունից բացի՝ ի՞նչն է ճշմարիտ երկրպագության կարևոր մասը համարվում։
ԵՀՈՎԱՅԻ երկրպագությունը չի սահմանափակվում միայն աղոթքներով և ընտանեկան ուսումնասիրություններով. այն ընդգրկում է նաև նրա ժողովրդի կողմից կատարվող մեկ այլ գործունեություն ևս։ Հին Իսրայելը հրահանգ էր ստացել ‘ժողովել ժողովրդին՝ մարդկանց, կանանց և տղաներին [«երեխաներին», ԷԹ]’, որպեսզի սովորեն Աստծո Օրենքը և քայլեն նրա ճանապարհով (Բ Օրինաց 31։12; Յեսու 8։35)։ Թե՛ ծերերին, թե՛ ‘երիտասարդներին ու աղջիկներին’ հորդոր էր տրվում մասնակցել Եհովայի անվան փառաբանմանը (Սաղմոս 148։12, 13)։ Միևնույն հրահանգը կիրառվում է նաև քրիստոնեական ժողովի ներսում։ Համայն աշխարհի Թագավորության սրահներ են ազատորեն այցելում հազարավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ, որպեսզի ներկա գտնվեն այնտեղ անցկացվող պարապմունքներին, և շատերը մեծ ուրախությամբ իրենց մասնակցությունն են բերում այդ պարապմունքներին (Եբրայեցիս 10։23—25)։
2. ա) Ինչո՞ւ է նախօրոք պատրաստվելը կարևոր գործոն համարվում, որպեսզի երեխաները բավականություն ստանան հանդիպումներից։ բ) Ո՞ւմ օրինակն է ազդեցիկ երեխաների համար։
2 Ճիշտ է, հեշտ առաջադրանք չէ երեխաներին օգնելը, որպեսզի մտնեն ժողովի օգտակար գործունեության առօրյայի մեջ։ Ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որ ծնողների հետ ժողովի հանդիպումներին հաճախող երեխաները մի օր կորցնեն իրենց ուրախությունը։ Գաղտնիք չէ, որ երեխաները դժվարությամբ են կենտրոնանում և հեշտությամբ էլ շեղվում են, սակայն նախօրոք պատրաստվելն օգնում է հարթել այդ խնդիրը։ Առանց նախապես պատրաստվելու երեխաները չեն կարող լիարժեք մասնակցել ժողովի հանդիպումներին (Առակաց 15։23)։ Նաև նրանց դժվար կլինի հոգևոր առաջադիմություններ կատարել, ինչը նրանց խորը բավարարվածություն է պատճառում (Ա Տիմոթէոս 4։12, 15)։ Իսկ ի՞նչ կարելի է անել։ Նախ և առաջ՝ ծնողները պետք է մտածեն, թե արդյոք իրենք անձամբ պատրաստվո՞ւմ են հանդիպումներին։ Ծնողի օրինակը մեծ ազդեցություն է գործում (Ղուկաս 6։40)։ Դրանից բացի, այս հարցում կարևոր դեր է խաղում նաև ընտանեկան ուսումնասիրության ճիշտ պլանավորումը։
Ամրացրե՛ք սրտերը
3. Ինչո՞ւ են հատուկ ջանքեր պահանջվում ընտանեկան ուսումնասիրության ժամանակ սրտերն ամրացնելու համար, և ի՞նչ է դրա համար անհրաժեշտ։
3 Ընտանեկան ուսումնասիրության ընթացքում գիտելիքներ տալու հետ մեկտեղ պետք է նաև աշխատել, որ այն ամեն մեկի սրտին հասնի։ Դրա համար պետք է նախ՝ տեղյակ լինել, թե ինչ դժվարություններ են անհանգստացնում ընտանիքի անդամներին, և ապա՝ սիրալիր հոգատարություն ցուցաբերել նրանց հանդեպ։ Եհովան ‘փորձում է [«քննում է», ՆԱ] սրտերը’ (Ա Մնացորդաց 29։17)։
4. ա) Ի՞նչ է նշանակում «անմիտ» քայլեր կատարել։ բ) Ի՞նչ է պարունակում իր մեջ ‘խելք ձեռք բերելը’։
4 Ի՞նչ է Եհովան տեսնում, երբ քննում է մեր երեխաների սրտերը։ Շատ երեխաներ կասեն, որ սիրում են Եհովային, և դա գովելի է։ Սկսնակ ուսումնասիրողը կամ անչափահաս երեխան դեռևս անփորձ է Եհովայի ճանապարհներում։ Իր անփորձության պատճառով նա կարող է կյանքում «անմիտ» քայլեր կատարել, ինչպես զգուշացնում է Աստվածաշունչը։ Հնարավոր է, որ նրա ոչ բոլոր մղումները վատը լինեն, սակայն ժամանակ է հարկավոր, որպեսզի մարդու սիրտը փոխվի այնպես, որ իսկապես հաճելի լինի Աստծուն։ Դա նշանակում է, որ նրա մտքերը, ցանկությունները, ձգտումներն ու էմոցիաները պետք է ներդաշնակ լինեն Աստծո չափանիշների հետ այն չափով, որ չափով դա հնարավոր է անկատար մարդու համար։ Եվ հղկելով իր ներքին անձնավորությունը Աստծուն հաճելի կերպով՝ այդ անհատը ‘խելք է ձեռք բերում’ (Առակաց 9։4, ՆԱ; 19։8, ԷԹ)։
5, 6. Ինչպե՞ս կարող են ծնողները օգնել երեխաներին ‘խելք ձեռք բերել’։
5 Կարո՞ղ են ծնողներն օգնել երեխաներին ‘խելք ձեռք բերել’։ Ճիշտ է, ոչ ոք չի կարող ուրիշի փոխարեն խելք սովորել։ Յուրաքանչյուրս օժտված ենք ազատ կամքով, և շատ բան կախված է նրանից, թե ինչի՛ մասին ենք մտածում։ Այնուամենայնիվ, ծնողները, խորաթափանցություն ցուցաբերելով, կարող են երեխաներին իրենց կողմը գրավել և զգուշորեն իմանալ, թե ի՛նչ կա նրանց սրտում, և ի՛նչ հարցերում կարող են օգնել նրանց։ Օրինակ՝ այսպիսի հարցեր տվեք. «Ի՞նչ ես կարծում այս կամ այն առումով», կամ թե՝ ի՞նչ կուզեիր հիմա անել։ Համբերատարությա՛մբ լսեք։ Մի՛ շտապեք եզրակացություններ անել (Առակաց 20։5)։ Եթե ցանկանում եք հասնել երեխայի սրտին, հարկավոր է ջերմ մթնոլորտ ստեղծել, լինել սրտակից և ցույց տալ, որ իրոք հասկանում եք նրան։
6 Երեխաների մեջ առողջ մղումներ զարգացնելու համար ժամանակ առ ժամանակ միասին քննարկեք հոգու պտուղներից յուրաքանչյուրը և աշխատեք զուգահեռաբար այդ պտուղները զարգացնել ձեր մեջ (Գաղատացիս 5։22, 23)։ Սեր սերմանեք դեպի Եհովան և Հիսուս Քրիստոսը ոչ միայն խոսքերով, թե՝ պետք է սիրել նրանց, այլև պարզաբանելով, թե ի՛նչ պատճառներ ունենք նրանց սիրելու և ինչպե՛ս կարող ենք արտահայտել այդ սերը (Բ Կորնթացիս 5։14, 15)։ Զորացրեք նրանց մեջ ճիշտն անելու ցանկությունը՝ զրուցելով այն մասին, թե ի՜նչ լավ արդյունքներ է դա բերում։ Խոսելով սխալ մտածելակերպի, վատ բառապաշարի և անմաքուր վարքի թողած վատ ազդեցությունների մասին, աշխատեք ամրացնել նրանց մեջ այդպիսի բաներից հեռու մնալու ցանկությունը (Ամովս 5։15; Գ Յովհաննէս 11)։ Բացատրեք, թե մտքերը, խոսքն ու վարքը՝ լավ կամ վատ, ինչպես կարող են ազդել Եհովայի հետ ունեցած փոխհարաբերության վրա։
7. Ինչպե՞ս կարելի է օգնել երեխաներին հաղթահարել խնդիրները և օգնել, որպեսզի որոշումներ կայացնելիս այնպես վարվեն, որ չկորցնեն իրենց սերտ փոխհարաբերությունը Եհովայի հետ։
7 Երբ պատահի այնպես, որ երեխան կանգնած լինի որևէ խնդրի առջև կամ պետք է կարևոր որոշում կայացնի, կարող եք այսպիսի հարց տալ. «Ի՞նչ ես կարծում, այս առումով ո՞րն է Եհովայի տեսակետը»։ Պատասխանը ստանալուց հետո կարելի է ավելացնել. «Ինչի՞ հիման վրա ես կարծում, որ այդպես է։ Աղոթե՞լ ես նրան այդ մասին»։ Որքան հնարավոր է վաղ տարիքից սկսեք օգնել ձեր երեխաներին կյանքի ճանապարհի վրա հաստատ կանգնել և սովորեցրեք, որ նախքան որևէ քայլ կատարելը, միշտ պարզեն, թե այդ առումով ի՛նչ է մտածում Եհովան։ Աստծո հետ անձնական սերտ փոխհարաբերություններ հաստատելուն պես՝ նրանց մեծ ուրախություն կպատճառի նրա շավիղներով քայլելը (Սաղմոս 118։34, 35, ԷԹ)։ Դա նրանց մեջ նաև երախտագիտության զգացում կարթնացնի այն առանձնաշնորհման հանդեպ, որն է՝ ճշմարիտ Աստծո ժողովի մեջ գտնվելը։
Պատրաստվեցե՛ք ժողովի հանդիպումներին
8. ա) Ի՞նչը կօգնի ընտանեկան ուսումնասիրության մեջ ընդգրկել ուշադրության արժանի բոլոր հարցերը։ բ) Որքանո՞վ է կարևոր այս միջոցառումը։
8 Կան շատ հարցեր, որոնց վրա ընտանեկան ուսումնասիրության ժամանակ հարկավոր է ուշադրություն դարձնել։ Ինչպե՞ս կարելի է դրանց բոլորին էլ ժամանակ հատկացնել։ Հնարավոր չէ միանգամից քննարկել բոլոր հարցերը, սակայն կարող եք ծրագիր կազմել (Առակաց 21։5, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Ժամանակ առ ժամանակ աչքի անցկացրեք ձեր կազմած ծրագիրը և նշեք, թե ո՛ր կետն է հատուկ ուշադրության արժանի։ Անկեղծորեն հետաքրքրվեք, թե ընտանիքի յուրաքանչյուր անդամ հոգևոր ինչ առաջընթաց է կատարել։ Ընտանեկան ուսումնասիրությունը քրիստոնեական կրթության կարևոր մասն է, որը «սպառազինում է» մեզ ներկա կյանքի համար և պատրաստում գալիք հավիտենական կյանքին (Ա Տիմոթէոս 4։8, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։
9. Հանդիպումներին պատրաստվելու հետ առնչվող ի՞նչ ծրագրերի վրա է հարկավոր աստիճանաբար աշխատել ընտանեկան ուսումնասիրությունների ժամանակ։
9 Ընտանեկան ուսումնասիրություններից օգտվո՞ւմ եք արդյոք ժողովի հանդիպումներին պատրաստվելու համար։ Գոյություն ունեն մի շարք ծրագրեր, որոնց վրա, միասին ուսումնասիրելիս, հարկավոր է աստիճանաբար աշխատել։ Դրանցից ոմանք պահանջում են շաբաթներ, ամիսներ և նույնիսկ տարիներ։ Ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին. 1) ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը պատրաստ է մեկնաբանություններ տալու ժողովի հանդիպումներին, 2) ամեն մեկն աշխատում է պատասխանները տալ սեփական բառերով, 3) Գրություններից համարներ է ընդգրկում իր պատասխանների մեջ և 4) վերլուծության է ենթարկում քննարկված նյութը, թե ինչպես կարելի է անձամբ դա կիրառել։ Այս խորհուրդները կօգնեն անհատին լիովին յուրացնելու ճշմարտությունը (Սաղմոս 25։4, 5)։
10. ա) Ինչպե՞ս կարող ենք ուշադրություն դարձնել ժողովի հանդիպումներից յուրաքանչյուրին։ բ) Ինչո՞ւ է դա կարևոր։
10 Եթե ձեր ընտանեկան ուսումնասիրության ժամանակ պատրաստվում եք «Դիտարանի» շաբաթական ուսումնասիրությանը, դա չի նշանակում, որ պետք է անտեսեք ժողովի Գրքի ուսումնասիրությանը, Աստվածապետական ծառայության դպրոցին և Ծառայողական հանդիպմանը անհատապես կամ ընտանիքով պատրաստվելու կարևորությունը։ Չէ՞ որ այս երկու հանդիպումներն էլ Եհովայի ճանապարհները մեզ սովորեցնելու ծրագրի կարևոր մասն են կազմում։ Ժամանակ առ ժամանակ հնարավորություն գտեք հանդիպումներին ընտանիքով պատրաստվելու, քանի որ միասին աշխատելու շնորհիվ բարելավվում են ուսուցանելու մեր ունակությունները։ Իսկ արդյունքը կլինի այն, որ մեծ օգուտներ կքաղեք ժողովի հանդիպումներից։ Բացի այս, թվարկեք այն առավելությունները, որոնք գալիս են հանդիպումներին կանոնավորաբար պատրաստվելուց և դրան որոշակի սահմանված ժամանակ տրամադրելուց (Եփեսացիս 5։15—17)։
11, 12. Ինչո՞վ կարող է մեզ համար օգտակար լինել հանդիպումների համար ծրագրված երգերին նախօրոք պատրաստվելը, և ինչպե՞ս կարելի է պատրաստվել դրանց։
11 «Աստվածահաճո կյանքի ուղին» վերնագրով համաժողովներում խոսվեց, որ հանդիպումների մեկ այլ մասին՝ երգեցողությանը նախապատրաստվելը նույնպես կարևոր է։ Իսկ դուք հետևե՞լ եք այդ խորհրդին։ Դա կօգնի, որ Աստվածաշնչի ճշմարտությունները դրոշմենք մեր մտքում ու սրտում և, միևնույն ժամանակ, առավել ոգևորությամբ մասնակցենք ժողովի հանդիպումներին։
12 Պատրաստվելով ծրագրի երգերից մեկին կամ երկուսին, այլ խոսքով՝ նախապես կարդալով և քննարկելով երգի բառերը, մենք կկարողանանք դրանք ոգեշնչված կատարել։ Հին Իսրայելում երկրպագության մեջ լայնորեն տարածված էր երաժշտական գործիքների գործածումը (Ա Մնացորդաց 25։1; Սաղմոս 28։7, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Գուցե ձեր ընտանիքի անդամներից մեկը նվագո՞ւմ է որևէ երաժշտական գործիքի վրա։ Եթե այո, ապա մի՞թե լավ առիթ չէ ընտանյոք հանդերձ պատրաստվելու շաբաթվա ընթացքում ծրագրված Թագավորության երգերին։ Մեկ այլ հնարավորություն են ստեղծում երգերի ձայնագրությունները։ Աշխարհի շատ երկրներում մեր եղբայրներն, առանց երաժշտական նվագակցության, անչափ գեղեցիկ են կատարում մեր երգերը։ Հատկապես ծառայության գնալիս կամ պարզապես փողոցով քայլելիս նրանք հաճույքով ցածրաձայն երգում են այդ շաբաթվա հադիպումներին նախատեսվածները (Եփեսացիս 5։19)։
Ընտանիքով պատրաստվեցե՛ք դաշտի ծառայությանը
13, 14. Ինչո՞վ են արժեքավոր ընտանեկան քննարկումները, որոնք մեր ‘սրտերը պատրաստում են’ դաշտի ծառայությանը։
13 Մեր կյանքում մեծ տեղ է զբաղեցնում մարդկանց Եհովայի և նրա նպատակների մասին պատմելը (Եսայիա 43։10—12; Մատթէոս 24։14)։ Լինենք երիտասարդ, թե տարեց, մենք ավելի մեծ հաճույք ենք ստանում այդ գործը կատարելուց և ավելի լավ արդյունքների ենք հասնում, եթե նախօրոք պատրաստված ենք լինում։ Ինչպե՞ս կարելի է ամբողջ ընտանիքով պատրաստվել ծառայությանը։
14 Ինչպես մեր երկրպագությանը վերաբերող մնացած հարցերում, այնպես էլ այս պարագայում, կարևոր է ‘պատրաստել մեր սրտերը’։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է խոսել ոչ միայն այն մասին, թե ինչ ենք ասելու, այլ նաև, թե ինչո՛ւ ենք ընդհանրապես այդ անում։ Հովսափատ թագավորի օրոք Իսրայելը Աստծո Օրենքից հրահանգներ էր ստացել, սակայն, ինչպես մեզ հայտնում է Աստվածաշունչը, ժողովուրդը «տակաւին չէր պատրաստել իր սիրտը»։ Դա գայթակղությունների տեղիք տվեց, և իսրայելացիներն, ի վերջո, հեռացան ճշմարիտ երկրպագությունից (Բ Մնացորդաց 20։33; 21։11)։ Մեր նպատակն այն չէ, որ հաշվետության մեջ պարտադիր ժամեր հանձնենք կամ էլ պարզապես գրականություն բաժանենք։ Մեր ծառայությունը պետք է խոսի Եհովայի, ինչպես նաև այն մարդկանց հանդեպ մեր ունեցած սիրո մասին, որոնց հարկավոր է կյանքն ընտրելու հնարավորությունը տալ (Եբրայեցիս 13։15)։ Այս հարցում մենք «Աստծուն գործակից ենք» (Ա Կորնթացիս 3։9)։ Ինչպիսի՜ առանձնաշնորհում։ Ծառայությանը մասնակցելով՝ մենք համագործակցում ենք սուրբ հրեշտակների հետ (Յայտնութիւն 14։6, 7)։ Ուրիշ էլ ե՞րբ կարելի է առավել հարմար ժամանակ գտնել Եհովային մեր երախտագիտությունը հայտնելու, եթե ոչ մեր ընտանեկան զրույցների ընթացքում՝ լինի դա շաբաթական ուսումնասիրություն կամ օրվա խոսքի քննարկում։
15. Ե՞րբ կարելի է ընտանիքով պատրաստվել դաշտի ծառայությանը։
15 Ընտանեկան ուսումնասիրությունների ընթացքում երբեմն ժամանակ հատկացնո՞ւմ եք՝ օգնելու տան մնացած անդամներին պատրաստվել տվյալ շաբաթվա դաշտի ծառայությանը։ Նման հոգատարությունը անչափ խոստումնալից է (Բ Տիմոթէոս 2։15)։ Դա կնպաստի նրանց ծառայությունը իմաստալից և արդյունավետ դառնալուն։ Ժամանակ առ ժամանակ հարկավոր է մի ամբողջ ուսումնասիրություն հատկացնել ծառայությանը պատրաստվելուն։ Իսկ ավելի հաճախ՝ ընտանեկան ուսումնասիրությունից հետո կամ շաբաթվա ընթացքում մեկ ուրիշ օր ազատ ժամանակ գտնել ծառայությանը վերաբերող զանազան կերպերը համառոտ քննարկելու համար։
16. Քննարկեք, թե ինչով է արժեքավոր պարբերության մեջ թվարկված կետերից յուրաքանչյուրը։
16 Ընտանեկան քննարկումները պետք է կենտրոնացած լինեն մի շարք կետերի վրա, ինչպես օրինակ. 1) լավ սերտել առաջաբանը և Գրություններից որևէ խոսք ընդգրկել առիթի դեպքում ընթերցելու համար, 2) ճշտել, թե յուրաքանչյուրի պայուսակը, Աստվածաշունչը, նշումների գիրքը, մատիտը կամ գրիչը, թերթիկներն ու մնացած գրականությունը լա՞վ վիճակում են գտնվում։ Պարտադիր չէ, որ պայուսակը թանկարժեք լինի, կարևորը, որ այն անպայման լինի կոկիկ վիճակում, 3) քննարկել, թե որտեղ և ինչպես կարելի է ոչ պաշտոնական վկայություն տալ։ Այս կետերին անդրադարձեք ամեն անգամ, երբ միասին դուրս եք գալիս դաշտի ծառայության։ Օգտակար առաջարկություններ արեք, սակայն աշխատեք չափազանց շատ խորհուրդներ չտալ։
17, 18. ա) Ինչպե՞ս կարելի է ընտանիքով այնպես պատրաստվել, որպեսզի դաշտի ծառայությունը լինի ավելի արդյունավետ։ բ) Ամեն շաբաթ ծառայությանը նախապատրաստվելիս ի՞նչ կետեր կարելի է քննարկել։
17 Հիսուս Քրիստոսի՝ իր հետևորդներին տրված հանձնարարությունը հիմնականում աշակերտներ պատրաստելն է (Մատթէոս 28։19, 20)։ Այդ անելու համար քարոզելուց ավելին է պահանջվում. հարկավոր է ուսուցանել։ Ընտանեկան ուսումնասիրությունն ինչպե՞ս կարող է օգնել, որպեսզի արդյունավետ կերպով կատարենք մեր առջև դրված այդ առաջադրանքը։
18 Ընտանիքով քննարկեք, թե ում հարկ կա այդ անգամ վերայցելելու։ Ոմանք, թերևս, գրականություն են վերցրել, ուրիշները գուցե ընդամենը լսել են ձեզ։ Միգուցե նրանց հետ հանդիպել եք տնետուն քարոզի ժամանակ, շուկայում կամ էլ դպրոցում ոչ պաշտոնական վկայություն տալուց։ Թող Աստծո Խոսքը ձեզ առաջնորդ լինի (Սաղմոս 25։9; Եզեկիէլ 9։4)։ Որոշեք, թե ձեզանից ո՛վ ո՛ւմ հետ է ցանկանում զրուցել այդ շաբաթ։ Ինչի՞ մասին եք խոսելու։ Ընտանեկան քննարկման միջոցով մեկդ մյուսին օգնեցեք պատրաստվելու։ Նշեք Աստվածաշնչի այն համարները, որոնք ցանկանում եք ներկայացնել հետաքրքրվող անձանց և համապատասխան կետեր պատրաստեք «Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» բրոշյուրից կամ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքից։ Մի՛ փորձեք մեծ ծավալի նյութ ընդգրկել մեկ այցի ժամանակ։ Որևէ բաց հարցով ավարտեք զրույցը, որպեսզի կարողանաք շարունակել այն հաջորդ այցելության ժամանակ։ Իսկ ինչո՞ւ սովորություն չդարձնեք ամեն շաբաթ նման քննարկումներ անցկացնելը, որի ժամանակ կպայմանավորվեք, թե ո՛ր այցելությունները ո՛ր մեկդ կկատարի՝ ե՛րբ և ի՛նչ նպատակ առջևում ունենալով։ Դա կօգնի ընտանիքի բոլոր անդամներին ավելի արդյունավետ դարձնել իրենց քարոզչական ծառայությունը։
Շարունակեք նրանց Եհովայի ճանապարհը սովորեցնել
19. Ի՞նչ է հարկավոր ընտանիքի անդամներին, որպեսզի նրանք շարունակեն քայլել Եհովայի ճանապարհով։
19 Այս չար աշխարհում մեծ պատասխանատվություն է ընտանիքի գլուխ լինելը։ Սատանան և նրա դևերը ջանում են հոգևորապես կործանել Եհովայի ծառաներին (Ա Պետրոս 5։8)։ Բացի այդ, այսօր մեծ ճնշում է գործադրվում ձե՛ր վրա՝ ծնողնե՛ր, և, հատկապես, ձե՛ր՝ միայնա՛կ ծնողներ։ Դժվար է ժամանակ գտնել ձեր ուզած բոլոր բաներն անելու համար։ Սակայն արժե՛ ջանք թափել, նույնիսկ եթե ամեն անգամ ի վիճակի լինեք խորհուրդներից միայն մեկը կիրառելու և դրանով իսկ մասամբ իրագործելու ձեր ընտանեկան ուսումնասիրության ծրագիրը։ Մեծ վարձատրություն է տեսնել, թե ինչպես են մեր հարազատները հավատարմորեն քայլում Եհովայի ճանապարհով։ Այս ճանապարհով հաջողությամբ ընթանալու համար ընտանիքի անդամները պետք է ուրախություն ստանան ժողովի հանդիպումներին և դաշտի ծառայությանը մասնակցելուց։ Իսկ որպեսզի նրանք գտնեն այդ ուրախությունը, հարկավոր է պատրաստվել, այնպես պատրաստվել, որ ամրացնենք նրանց սրտերը և սպառազինենք այն ամենով, ինչը որ հարկավոր է լիարժեք մասնակցության համար։
20. Ի՞նչը կօգնի ծնողներին ունենալ Գ Յովհաննէս 4–ում հիշատակված ուրախությունը։
20 Հոգևոր օգնություն ստացած որոշ անհատների մասին Հովհաննես առաքյալը գրեց. «Չունեմ աւելի մեծ ուրախութիւն, քան այն, երբ լսում եմ, թէ իմ որդիները ճշմարտութեամբ են ընթանում» (Գ Յովհաննէս 4)։ Պարզ նպատակակետերի վրա բևեռված ընտանեկան ուսումնասիրությունները, ընտանիքի կարիքներին անհատական վերաբերմունք ցուցաբերող սրտակից և պատրաստակամ հայրերն ու մայրերը շատ բանով կարող են օգնել իրենց ընտանիքներին՝ այդպիսի ուրախություն գտնելու։ Զավակների մեջ երախտագիտություն զարգացնելով դեպի Աստծո կենաց ճանապարհը՝ ծնողներն ամեն կերպ օժանդակում են, որպեսզի իրենց ընտանիքը վայելի կյանքի լավագույն ուղին (Սաղմոս 19։7—11)։
Կարո՞ղ եք բացատրել
◻ Ինչո՞ւ է մեր երեխաների համար այդչափ կարևոր ժողովի հանդիպումներին պատրաստվելը։
◻ Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին ‘խելք ձեռք բերել’։
◻ Ինչպե՞ս կարող է ընտանեկան ուսումնասիրությունն օգնել հանդիպումներին պատրաստվելու։
◻ Ինչպե՞ս կարող է ընտանիքով պատրաստվելը օգտակար լինել դաշտի ծառայության մեջ ավելի արդյունավետ լինելու հարցում։
[նկար 30–րդ էջի վրա]
Ընտանեկան ուսումնասիրության ժամանակ կարելի է պատրաստվել ժողովի հանդիպումներին։
[նկար 31–րդ էջի վրա]
Օգտակար է պատրաստվել ժողովի հանդիպումների երգերին։