Զգույշ եղիր, որ քո մեջ ամբարտավան սիրտ չզարգանա
«Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում» (ՅԱԿՈԲՈՍ 4։6)։
1. Բերեք օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ առանձին դեպքերում հպարտություն զգալը տեղին է։
ԵՐԲԵՎԷ եղել է, որ սիրտդ հպարտության զգացումով լցված լինի։ Մեծամասնությունս ունեցել է այդ հաճելի զգացումը։ Սխալ բան չկա, եթե մենք առանձին դեպքերում որոշակի հպարտություն ենք զգում։ Օրինակ՝ երբ քրիստոնյա ծնողները դպրոցի ուսուցիչներից տեղեկանում են իրենց երեխայի լավ վարքի ու առաջադիմության մասին, ապա նրանք, ամենայն հավանականությամբ, մեծ գոհունակություն են զգում։ Պողոս առաքյալը և նրա ընկերակիցները հպարտանում էին նոր ժողովով, որի կազմավորման գործին իրենք մասնակցել էին, քանի որ եղբայրները հավատարմորեն տոկում էին փորձություններին (Ա Թեսաղոնիկեցիս 1։1, 6; 2։19, 20; Բ Թեսաղոնիկեցիս 1։1, 4)։
2. Ինչո՞ւ է հպարտությունը սովորաբար անցանկալի հատկություն։
2 Հիշյալ օրինակներից տեսնում ենք, որ հպարտություն ասելով կարելի է հասկանալ այն հաճելի զգացողությունը, որն առաջանում է ինչ–որ բան անելուց կամ ձեռք բերելուց։ Սակայն հաճախ հպարտությունը ինքնահարգանքի անպատշաճ դրսևորումներ է ունենում. անհատն իր կարողությունների, արտաքին տեսքի, հարստության կամ դիրքի պատճառով իրեն բարձր է զգում մյուսներից։ Նա իրեն պահում է գոռոզ, ինքնահավան ձևով։ Ոչ մի կասկած չկա, որ մենք՝ քրիստոնյաներս, պետք է զգուշանանք այդպիսի հպարտությունից։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք եսասիրության բնածին հակում ունենք, որը ժառանգել ենք մեր նախահայր Ադամից (Ծննդոց 8։21)։ Այդ իսկ պատճառով մեր սիրտը հեշտությամբ կարող է մոլորեցնել մեզ, որ հպարտություն զգանք սխալ բաների համար։ Օրինակ՝ քրիստոնյաները պետք է դիմադրեն իրենց ռասայական պատկանելությամբ, հարստությամբ, կրթությամբ, բնածին կարողություններով կամ աշխատանքով հպարտանալու հակմանը։ Այն հպարտությունը, որի հիմքում նման բաներ են ընկած, անպատշաճ է ու Եհովայի տհաճությունն է հարուցում (Երեմիա 9։23; Գործք 10։34, 35; Ա Կորնթացիս 4։7; Գաղատացիս 5։26; 6։3, 4)։
3. Ի՞նչ է ամբարտավանությունը, և ի՞նչ ասաց Հիսուսն այդ հատկության մասին։
3 Կա մեկ պատճառ ևս, թե ինչու պետք է մերժենք անպատշաճ հպարտությունը։ Եթե թույլ տանք, ապա այդպիսի հպարտությունը մեր սրտում կարող է զարգանալ և վերածվել արհամարհանք արտահայտող հպարտության՝ ամբարտավանության։ Ի՞նչ է ամբարտավանությունը։ Բացի այն, որ ամբարտավան մարդը բարձրամիտ է, նա նաև արհամարհում է այն մարդկանց, ում ինքը ստորադաս է համարում (Ղուկաս 18։9; Յովհաննէս 7։47–49)։ Հիսուսը ‘ամբարտավանությունը’ դասեց այն չար գործերի շարքը, որոնք «սրտիցն են դուրս գալիս» և «պղծում են մարդին» (Մարկոս 7։20–23)։ Մենք՝ քրիստոնյաներս, կարող ենք տեսնել, թե որքան կարևոր է խուսափել ամբարտավան սիրտ զարգացնելուց։
4. Ամբարտավանության հետ կապված աստվածաշնչյան օրինակներ քննելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ։
4 Ամբարտավան մարդկանց որոշ աստվածաշնչյան օրինակներ քննելը կարող է օգնել քեզ խուսափելու ամբարտավանությունից։ Այդպիսով դու ավելի լավ կկարողանաս հայտնաբերել անպատշաճ հպարտություն արտահայտող զգացումները, որոնք գուցե թաքնված լինեն քո սրտի խորքում կամ գուցե ժամանակի ընթացքում զարգանան։ Դա կօգնի քեզ մերժել այն մտածումներն ու զգացումները, որոնք կարող են քո սիրտը ամբարտավան դարձնել։ Արդյունքը կլինի այն, որ քեզ ոչ մի վատ բան չի պատահի, երբ Աստված գործի իր նախազգուշացման համաձայն. «Կ’հեռացնեմ քո միջից քո հպարտութեան զուարճութիւնները, եւ այլ եւս չես հպարտանալ միւսանգամ իմ սուրբ սարի վերայ» (Սոփոնիա 3։11)։
Աստծու վերաբերմունքը ամբարտավանների հանդեպ
5, 6. Ինչպե՞ս փարավոնը ամբարտավանություն դրսևորեց, և դա ի՞նչ հետևանքներ ունեցավ։
5 Ամբարտավանության վերաբերյալ Եհովայի տեսակետը դու կարող ես իմանալ նաև այն բանից, թե ինչպես է նա վարվել զորեղ կառավարիչների հետ։ Օրինակ՝ Եգիպտոսի փարավոնը։ Կասկած լինել չի կարող, որ փարավոնն ամբարտավան սիրտ ուներ։ Իրեն համարելով աստված, որին պետք է երկրպագել՝ նա արհամարհանքով էր վերաբերվում իր իսրայելացի ստրուկներին։ Երբ նրան խնդրեցին, որ թույլ տա Իսրայելին գնալ անապատ Եհովայի համար ‘տոն կատարելու’, նա ամբարտավանորեն պատասխանեց. «Եհովան ո՞վ է, որ նորա խօսքին լսեմ, եւ Իսրայէլին թող տամ» (Ելից 5։1, 2)։
6 Փարավոնի վրա վեց պատուհաս ուղարկելուց հետո Եհովան Մովսեսին պատվիրեց, որ գնա ու նրան ասի. «Դու տակաւին իմ ժողովրդի դէմ ես կենում [«խրոխտանո՞ւմ ես իմ ժողովրդի վրայ», ԷԹ, ծնթ.] որ չ’արձակե՞ս նորանց» (Ելից 9։17)։ Դրանից հետո Մովսեսն ազդարարեց յոթերորդ պատուհասը՝ կարկուտը, որն ամայացրեց երկիրը։ Թեև փարավոնը տասներորդ պատուհասից հետո իսրայելացիներին թույլատրեց հեռանալ երկրից, սակայն հետո փոխեց իր միտքը և սկսեց հետապնդել նրանց։ Բայց նա և նրա զորքերը ծուղակի մեջ ընկան Կարմիր ծովում։ Պատկերացրու, թե նրանք ի՛նչ մտածեցին, երբ ջրերը սկսեցին թափվել նրանց վրա։ Փարավոնը հասա՞վ իր նպատակին՝ ամբարտավանություն ցուցաբերելով։ Նրա գերընտիր ռազմիկները բացականչեցին. «Փախչենք Իսրայէլի երեսիցը, որովհետեւ Եհովան նորանց համար պատերազմում է Եգիպտացիների հետ» (Ելից 14։25)։
7. Բաբելոնյան կառավարիչներն ինչպե՞ս ամբարտավանություն դրսևորեցին։
7 Եհովայի ձեռքով նվաստացվեցին նաև ուրիշ ամբարտավան կառավարիչներ։ Դրանցից մեկը Ասորեստանի թագավոր Սենեքերիմն էր (Եսայիա 36։1–4, 20; 37։36–38)։ Ի վերջո, Ասորեստանը նվաճվեց Բաբելոնի կողմից։ Սակայն բաբելոնական երկու ամբարտավան թագավորներ նույնպես նվաստացվեցին։ Հիշենք աստվածաշնչյան այն դրվագը, երբ Բաղդասար թագավորը խնջույք էր կազմակերպել, որի ընթացքում նա և նրա պատվական հյուրերը Եհովայի տաճարից բերված անոթներով գինի էին խմում՝ գովաբանելով Բաբելոնի աստվածներին։ Այդ ժամանակ անսպասելիորեն մարդու ձեռք երևաց, որը պատի վրա ինչ–որ բան գրեց։ Երբ Բաղդասարը Դանիելին հարցրեց, թե ինչ է նշանակում խորհրդավոր գրությունը, նա թագավորին հիշեցրեց. «Բարձրեալն Աստուած թագաւորութիւն.... տուաւ քո հօրը՝ Նաբուգոդոնոսորին։ Բայց նորա սիրտը հպարտացաւ եւ նորա հոգին խստացաւ ամբարտաւանութեամբ, նա ընկաւ իր թագաւորութեան աթոռիցը, եւ նորա պատիվը առնուեցաւ նորանից։ Եւ դու նորա որդի, Բաղդասար, չ’խոնարհեցրիր քո սիրտը, թէեւ այս ամենը գիտէիր» (Դանիէլ 5։3, 18, 20, 22)։ Հենց այդ գիշեր Մարա–Պարսկական բանակը նվաճեց Բաբելոնը, իսկ Բաղդասարը սպանվեց (Դանիէլ 5։30, 31)։
8. Ինչպե՞ս Եհովան վարվեց ամբարտավան անձնավորությունների հետ։
8 Եհովայի ժողովրդին արհամարհած ուրիշ ամբարտավան մարդիկ էլ են եղել։ Նրանցից են՝ փղշտացի հսկա Գողիաթը, պարսից վարչապետ Համանը և Հերովդես Ագրիպպաս թագավորը, որ Հրեաստանի կառավարիչ էր։ Իրենց ամբարտավանության պատճառով այս երեք անձնավորությունները Եհովայի ձեռքով անարգական մահվան արժանացան (Ա Թագաւորաց 17։42–51; Եսթեր 3։5, 6; 7։10; Գործք 12։1–3, 21–23)։ Այն, թե ինչպես Աստված վարվեց այդ ամբարտավան մարդկանց հետ, ընդգծում է հետևյալ ճշմարտությունը. «Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին» (Առակաց 16։18)։ Այո, ոչ մի կասկած չկա, որ «Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում» (Յակոբոս 4։6)։
9. Ի վերջո ի՞նչ վերաբերմունք ցույց տվեցին Տյուրոսի թագավորները Աստծու ժողովրդին։
9 Ի տարբերություն Եգիպտոսի, Ասորեստանի և Բաբելոնի ամբարտավան կառավարիչների՝ Տյուրոսի թագավորը մի որոշ ժամանակ օգտակար եղավ Աստծու ժողովրդին։ Դավիթ և Սողոմոն թագավորների օրերում նա նրանց տրամադրեց հմուտ արհեստավորներ, ինչպես նաև շինանյութեր թագավորական շենքերի և Աստծու տաճարի շինարարության համար (Բ Թագաւորաց 5։11; Բ Մնացորդաց 2։11–16)։ Ցավոք, ժամանակի ընթացքում Տյուրոսի թագավորները թշնամացան Եհովայի ժողովրդի հետ։ Ինչո՞ւ (Սաղմոս 83։3–7; Յովէլ 3։4–6; Ամովս 1։9, 10)։
«Սիրտդ հպարտացաւ»
10, 11. ա) Ո՞վ է նման Տյուրոսի թագավորներին։ բ) Ինչո՞ւ փոխվեց Տյուրոսի թագավորների վերաբերմունքը Իսրայելի հանդեպ։
10 Եհովայի ներշնչանքով Եզեկիել մարգարեն մերկացրեց Տյուրոսի թագավորական դինաստիայի գործերը և դատապարտեց նրա թագավորներին։ ‘Տյուրոսի թագավորին’ ուղղված նրա խոսքը պարունակում է արտահայտություններ, որոնք համապատասխանում են հավասարապես թե՛ Տյուրոսի թագավորներին և թե՛ առաջին դավաճանին՝ Սատանային, որը «ճշմարտութեան մէջ չ’կեցաւ» (Եզեկիէլ 28։12; Յովհաննէս 8։44)։ Սատանան մի ժամանակ եղել է նվիրված ոգեղեն էակ Եհովայի երկնային որդիներից բաղկացած կազմակերպության մեջ։ Եհովա Աստված Եզեկիելի միջոցով հայտնեց, թե հիմնականում ինչ պատճառով Տյուրոսի թագավորներն ու Սատանան դավաճաններ դարձան։
11 Կարդում ենք. «Եդեմումն՝ Աստուծոյ դրախտումն էիր. բոլոր պատուական քարերը քո ծածկոցն էին.... Դու մի օծուած քերովբէ էիր ծածկող.... Դու կատարեալ էիր քո ճանապարհներումը քո ստեղծուած օրիցը մինչեւ որ քեզանում անօրէնութիւն գտնուեցաւ։ Քո առուտուրի շատութեան համար լցուեցաւ քո ներսը զրկանքով [«բռնութեամբ», ԱԱ] եւ դու մեղանչեցիր. եւ ես քեզ.... փչաց[նելու եմ], ով ծածկող քերովբէ.... Սիրտդ հպարտացաւ քո գեղեցկութիւնովը. դու ապականեցիր քո իմաստութիւնը քո գեղեցկութեան պատճառով» (Եզեկիէլ 28։13–17)։ Այո, ամբարտավանությունը Տյուրոսի թագավորներին դրդեց բռնություն գործադրելու Եհովայի ժողովրդի դեմ։ Լինելով առևտրի կենտրոն՝ Տյուրոսը չափազանց հարստացավ. նրա գեղեցիկ ապրանքների հռչակը տարածվեց ամենուր (Եսայիա 23։8, 9 ԱԱ)։ Տյուրոսի թագավորները սկսեցին մեծամտանալ և Աստծու ժողովրդին ճնշել։
12. Ինչո՞ւ Սատանան դավաճանության ուղին բռնեց, և ի՞նչ է նա շարունակում անել։
12 Նմանապես, այն ոգեղեն էակը, որը դարձավ Սատանա, մի ժամանակ ուներ իմաստություն, որը գործադրելով՝ նա կարող էր Աստծու տված ցանկացած հանձնարարություն կատարել։ Շնորհակալ լինելու փոխարեն՝ նա ‘գոռոզացավ’ ու սկսեց արհամարհել Աստծու իշխանությունը (Ա Տիմոթէոս 3։6, ԷԹ)։ Նա այնքան մեծամտացավ, որ փափագեց երկրպագություն ստանալ Ադամի ու Եվայի կողմից։ Այս չար ցանկությունը ‘հղիացավ’ նրա մեջ և մեղք ծնեց (Յակոբոս 1։14, 15)։ Սատանան Եվային հրապուրեց ու դրդեց նրան ուտելու այն միակ ծառի պտղից, որ Աստված արգելել էր։ Այնուհետև Սատանան Եվայի միջոցով Ադամին էլ ուտել տվեց արգելված պտղից (Ծննդոց 3։1–6)։ Այդպես առաջին մարդիկ մերժեցին Աստծու՝ իրենց վրա իշխելու իրավունքը և, փաստորեն, դարձան Սատանայի երկրպագուներ։ Սատանայի ամբարտավանությունը սահման չունի։ Նա փորձել է գայթակղեցնել երկնային ու երկրային բոլոր բանական էակներին, այդ թվում Հիսուս Քրիստոսին, որ նրանք երկրպագեն իրեն՝ մերժելով Եհովայի գերիշխանությունը (Մատթէոս 4։8–10; Յայտնութիւն 12։3, 4, 9)։
13. Ի՞նչ պտուղներ է բերում ամբարտավանությունը։
13 Ինչպես տեսնում ենք, ամբարտավանությունը սկիզբ է առնում Սատանայից. գլխավորապես այս հատկության պատճառով է, որ այսօր երկիրը լի է մեղքով, տառապանքով և այլասերվածությամբ։ Լինելով «այս աշխարհքի աստուածը»՝ Սատանան շարունակում է մարդկանց մեջ բորբոքել անպատշաճ հպարտության ու ամբարտավանության զգացումներ (Բ Կորնթացիս 4։4)։ Գիտենալով, որ իրեն քիչ ժամանակ է մնացել՝ նա պատերազմ է մղում ճշմարիտ քրիստոնյաների դեմ։ Նրա նպատակն է՝ նրանց հեռացնել Աստծուց, դրդել դառնալու եսասեր, ամբարտավան և հպարտ։ Աստվածաշունչը կանխագուշակել է, որ նման եսասիրական դրսևորումները այս ‘հետին օրերում’ տարածված են լինելու (Բ Տիմոթէոս 3։1, 2; Յայտնութիւն 12։12, 17)։
14. Ո՞ր սկզբունքի համաձայն է Եհովան վարվում իր բանական էակների հետ։
14 Հիսուս Քրիստոսը համարձակորեն ցույց է տվել, որ Սատանայի ամբարտավանությունը նեխած պտուղներ է առաջ բերում։ Առնվազն երեք դեպքում, ընդ որում ինքնահավան թշնամիների ներկայությամբ, Հիսուսը նշեց, թե որ սկզբունքի համաձայն է Եհովան վարվում մարդկանց հետ. «Ամեն ով որ իր անձը բարձրացնում է՝ կ’խոնարհուի, եւ ով որ իր անձը խոնարհեցնում է, կ’բարձրանայ» (Ղուկաս 14։11; 18։14; Մատթէոս 23։12)։
Պահպանիր սիրտդ ամբարտավանությունից
15, 16. Ինչո՞ւ Հագարը ամբարտավան դարձավ։
15 Հավանաբար նկատեցիր, որ ամբարտավանության վերաբերյալ մեր քննարկած օրինակներում հիշատակվում էին անվանի մարդիկ։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հասարակ մարդիկ ամբարտավան դառնալու հակում չունեն։ Անշուշտ ոչ։ Ահա թե ինչ պատահեց Աբրահամի ընտանիքում։ Նահապետ Աբրահամը որդի ժառանգորդ չուներ, իսկ նրա կինը՝ Սառան, դուրս էր եկել որդեծնության տարիքից։ Այն օրերում ընդունված էր, որ նման դեպքում տղամարդը երկրորդ կինն ունենա, որպեսզի վերջինս նրա համար զավակներ ծնի։ Աստված հանդուրժում էր այդպիսի ամուսնությունը, քանի որ դեռևս չէր եկել ժամանակը, որ նա վերահաստատեր ամուսնության սկզբնական չափանիշը ճշմարիտ երկրպագուների համար (Մատթէոս 19։3–9)։
16 Իր կնոջ խնդրանքով՝ Աբրահամը համաձայնվեց հավանական ժառանգորդ առաջ բերել Սառայի եգիպտացի աղախին Հագարից։ Դառնալով Աբրահամի երկրորդ կինը՝ Հագարը հղիացավ։ Նա պետք է որ երախտագիտության խորը զգացումով լցված լիներ իր պատվավոր դիրքի համար, այնինչ թույլ տվեց, որ իր սիրտը ամբարտավան դառնա։ Աստվածաշունչը պատմում է. «Երբոր [Հագարը] տեսաւ թէ յղի է, իր տիկինը իր աչքի առաջին անարգուեցաւ»։ Նման վերաբերմունքը վեճի տեղիք տվեց Աբրահամի ընտանիքում, և Սառան Հագարին դուրս արեց։ Սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։ Աստծու հրեշտակը Հագարին խորհուրդ տվեց. «Ետ դարձիր քո տիկնոջ մօտ, եւ նորա ձեռքի տակ խոնարհուիր» (Ծննդոց 16։4, 9)։ Ըստ ամենայնի, Հագարը հետևեց նրա խորհրդին, շտկեց իր վերաբերմունքը Սառայի հանդեպ և դարձավ բազմությունների նախամայր։
17, 18. Ինչո՞ւ բոլորս պետք է զգուշանանք ամբարտավանությունից։
17 Հագարի դեպքը ցույց է տալիս, որ երբ անհատի իրավիճակը փոխվում է դեպի լավը, ապա նա գուցե ամբարտավան դառնա։ Այստեղից սովորում ենք, որ նույնիսկ այն քրիստոնյան, որը մաքուր սիրտ է ունեցել Աստծու ծառայության մեջ, կարող է ամբարտավան դառնալ հարստություն կամ իշխանություն ձեռք բերելուց հետո։ Նման մտայնություն գուցե զարգանա նաև այն դեպքում, երբ մյուսները գովում են քրիստոնյային իր հաջողությունների, իմաստության կամ էլ ունակությունների համար։ Այո, քրիստոնյան պետք է զգույշ լինի, որ իր սիրտը ամբարտավանություն չմտնի, հատկապես երբ հաջողության է հասնում կամ ստանում է ավելի մեծ պատասխանատվություն։
18 Ամբարտավանությունից խուսափելու ամենից հիմնավոր պատճառը Աստծու տեսակետն է այս հատկության վերաբերյալ։ Նրա Խոսքն ասում է. «Աչքերի ամբարտաւանութիւնը եւ սրտի հպարտութիւնը, որ ամբարիշտների լոյսն է, մեղք է» (Առակաց 21։4)։ Հետաքրքրական է, որ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս ‘չգոռոզանալ’ մասնավորապես այն քրիստոնյաներին, որոնք ‘ներկայիս աշխարհում հարուստ են’ (Ա Տիմոթէոս 6։17; Բ Օրինաց 8։11–17)։ Իսկ այն քրիստոնյաները, ովքեր հարուստ չեն, պետք է զգուշանան նրանց ‘նախանձելուց’ (ԷԹ) և հիշեն, որ ամբարտավանությունը կարող է զարգանալ յուրաքանչյուրի մեջ՝ թե՛ հարուստի և թե՛ աղքատի (Մարկոս 7։21–23; Յակոբոս 4։5)։
19. Ինչպե՞ս Ոզիան արատավորեց իր բարի անունը։
19 Ամբարտավանությունը մյուս վատ հատկությունների հետ մեկտեղ կարող է փչացնել Եհովայի հետ անհատի լավ հարաբերությունները։ Օրինակ՝ Ոզիա թագավորի իշխանության առաջին տարիների մասին Աստվածաշնչում հետևյալն ենք կարդում. «Նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին.... Եւ խնդրում էր [«կը փնտռէր», ԱԱ] Աստուծուն.... եւ քանի ժամանակ որ նա [փնտրում] էր Տիրոջը, Աստուած նորան յաջողութիւն էր տալիս» (Բ Մնացորդաց 26։4, 5)։ Ցավոք, Ոզիա թագավորը արատավորեց իր բարի անունը. նրա «սիրտը հպարտացաւ մինչեւ չարութիւն գործելու»։ Նա այնքան մեծամտացավ, որ մտավ տաճար խունկ ծխելու։ Երբ քահանաները զգուշացրեցին նրան չանել այդ հանդուգն քայլը, «Ոզիան բարկացաւ»։ Այս ամենի հետևանքը եղավ այն, որ Եհովան նրան հարվածեց բորոտությամբ։ Նա մահացավ՝ Աստծու տհաճությունը իր վրա ունենալով (Բ Մնացորդաց 26։16–21)։
20. ա) Ինչպե՞ս Եզեկիա թագավորը վտանգեց իր բարի անունը։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
20 Բայց ահա թե ինչպես իրեն դրսևորեց Եզեկիա թագավորը։ Մի անգամ այդ թագավորն իր բարի անունը արատավորելու վտանգի առաջ կանգնեց, որովհետև նրա «սիրտը հպարտացաւ»։ Բարեբախտաբար, «խոնարհուեցաւ Եզեկիան իր սրտի հպարտութեան համար» և վերստին արժանացավ Աստծու բարեհաճությանը (Բ Մնացորդաց 32։25, 26)։ Ուշադրություն դարձրու, որ Եզեկիան իր հպարտությունը «բուժեց» խոնարհությամբ։ Այո, խոնարհությունը ամբարտավանության հակառակն է։ Ուստի հաջորդ հոդվածում կքննարկենք, թե ինչպես կարող ենք զարգացնել և ամեն ժամանակ դրսևորել քրիստոնեական խոնարհություն։
21. Ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ խոնարհ քրիստոնյաները։
21 Եկեք չմոռանանք, թե ամբարտավանությունը ինչ դառը պտուղներ է բերում։ Քանի որ «Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում», եկեք վճռականորեն մերժենք անպատշաճ հպարտությունը։ Ջանալով լինել խոնարհ քրիստոնյաներ՝ մենք կարող ենք ակնկալել, որ կվերապրենք Աստծու մեծ օրը, երբ ամբարտավանները ու նրանց բերած պտուղները երկրի երեսից կվերանան։ Այն ժամանակ «մարդիս ամբարտաւանութիւնը պիտի խոնարհուի, եւ պիտի իջնէ մարդկանց բարձրութիւնը. եւ միայն Տէրը բարձր կ’լինի այն օրը» (Եսայիա 2։17)։
Խորհրդածելու հարցեր
• Ինչպե՞ս կնկարագրեիք ամբարտավան մարդուն։
• Որտեղի՞ց է ծագել ամբարտավանությունը։
• Ի՞նչը կարող է անհատին ամբարտավան դարձնել։
• Ինչո՞ւ պետք է զգուշանանք ամբարտավանությունից։
[նկար 23–րդ էջի վրա]
Փարավոնը նվաստացվեց իր ամբարտավանության պատճառով
[նկար 24–րդ էջի վրա]
Հագարի բարելավված վիճակը նրան ամբարտավան դարձրեց
[նկար 25–րդ էջի վրա]
Եզեկիան խոնարհացավ և վերստին արժանացավ Աստծու բարեհաճությանը