ՍԱՀՄԱՆԱՆՇԱՆ
Երբ իսրայելացիները գրավեցին Քանանը, յուրաքանչյուր ընտանիք մի հողակտոր ստացավ։ Այդ տարածքների սահմաններին տեղադրում էին ցուցանշաններ կամ սահմանանշաններ։ Աստվածաշնչում նշված չէ, թե դրանք կոնկրետ ինչեր էին, բայց հնարավոր է՝ սյուներ, ձողեր, քարեր կամ նույնիսկ ակոսներ էին։ «Սահմանանշան» բառով թարգմանվել է եբրայերեն գևուլ բառը, որը նաև նշանակում է «տարածք» և «սահման» (Ծն 10։19; Ելք 23։31)։ Պաղեստինում սահմանանշաններից առնվազն մի քանիսի վրա մակագրություններ կային, որոնք ցույց էին տալիս, թե ում է պատկանում տվյալ տարածքը։ Եգիպտոսում ու Միջագետքում հայտնաբերված սահմանանշանների կամ սահմանային քարերի վրա մանրակրկիտ մակագրություններ կան։ Վառ օրինակ է Նաբուգոդոնոսոր I-ի սահմանային քարը՝ փորագրված մակագրությամբ, որ հայտնաբերվել է Նիպուրում։
Սահմանային քար Սուզայից՝ Բաբելոնի աստվածներ Իշտարի (ութաթև աստղ), Սինի (մահիկ) և Շամաշի (արեգակի սկավառակ) խորհրդանիշներով
Եհովայի օրենքը արգելում էր տեղաշարժել սահմանանշանները (2Օր 19։14; տես նաև Առ 22։28)։ Նա, ով «կտեղաշարժեր իր դրացու հողատարածքի սահմանանշանները», անեծքի տակ կընկներ (2Օր 27։17)։ Հողատարածքի սահմանանշանները տեղաշարժելով՝ մարդը հողատիրոջը որոշ չափով զրկում էր ապրուստի միջոցներից, քանի որ վերջինս սովորաբար իր հողատարածքից ստացած բերքով էր ապրում։ Հին ժամանակներում սահմանանշանները տեղաշարժելը համարժեք էր գողություն անելուն և այդպես էլ համարվում էր (Հոբ 24։2)։ Այդուհանդերձ, կային անսկզբունքային մարդիկ, ովքեր այդպիսի հանցանք էին գործում։ Օսեեի ժամանակներում Հուդայի անազնիվ իշխանները նմանեցվում էին սահմանագիծ տեղաշարժողների (Օս 5։10)։
Եհովան հոգատար է այրիների ու որբերի հանդեպ։ Աստվածաշնչում ասվում է, որ նա կկործանի գոռոզների տունը, «բայց այրու տարածքի սահմանները կպահպանի» (Առ 15։25)։ Իսկ Առակներ 23։10, 11-ում նշված է. «Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները և որբերի արտը մի՛ խլիր, որովհետև նրանց Պաշտպանը զորեղ է. նա կպաշտպանի նրանց քո դեմ հարուցված գործում»։