Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwbr16 դեկտեմբեր էջ 2–6
  • «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները
  • «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2016)
  • Ենթավերնագրեր
  • Դեկտեմբերի 5–11
  • Դեկտեմբերի 12–18
  • Դեկտեմբերի 19–25
  • Դեկտեմբերի 26–հունվարի 1
«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2016)
mwbr16 դեկտեմբեր էջ 2–6

«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները

Դեկտեմբերի 5–11

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 1–5

«Եկե՛ք, վե՛ր գնանք Եհովայի լեռը»

ip-1, էջ 38–41, պրբ. 6–11

Եհովայի տունը կբարձրանա

6 Ե՞րբ էր կատարվելու Եսայիայի մարգարեությունը։ Համարում ասվում է. «Վերջին օրերում»։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում նախագուշակված են այդ օրերի առանձնահատկությունները, օրինակ՝ պատերազմներ, երկրաշարժեր, համաճարակներ, սովեր և «չափազանց դժվար ժամանակներ» (2 Տիմոթեոս 3։1–5; Ղուկաս 21։10, 11)։ Այսօր տեսնում ենք այդ մարգարեությունների կատարումը, և դա վառ ապացույցն է այն բանի, որ մենք ապրում ենք այս համակարգի «վերջին օրերում»։ Հետևաբար տրամաբանական է եզրակացնել, որ Եսայիայի մարգարեությունը նույնպես պետք է կատարվի մեր օրերում։

Երկրպագության լեռը

7 Եսայիան մի քանի բառով մարգարեական վառ պատկեր է ստեղծում. բարձր լեռ, որի գագաթին կա մի փառահեղ շինություն՝ Եհովայի տաճարը։ Թեև այդ լեռը բարձր է իր շրջակայքում գտնվող բոլոր լեռներից ու բլուրներից, այն չի ճնշում կամ սարսափեցնում մարդկանց, ընդհակառակը՝ գրավում է նրանց։ Բոլոր ազգերի մարդիկ փափագում են բարձրանալ Եհովայի տան լեռը. նրանք հորդում են դեպի այն։ Այս նկարագրությունը դժվար չէ պատկերացնել, բայց ո՞րն է դրա նշանակությունը։

8 Եսայիայի օրերում բլուրներն ու լեռները հաճախ կապված էին երկրպագության հետ։ Օրինակ՝ բլուրների ու լեռների վրա կուռքեր էին պաշտում և կեղծ աստվածների համար զոհասեղաններ կառուցում (2 Օրենք 12։2; Երեմիա 3։6)։ Իսկ Երուսաղեմի Մորիա լեռան գագաթին վեր էր խոյանում Եհովայի տունը, կամ՝ տաճարը։ Հավատարիմ իսրայելացիները տարին երեք անգամ գնում էին Երուսաղեմ և բարձրանում Մորիա լեռը՝ ճշմարիտ Աստծուն երկրպագելու համար (2 Օրենք 16։16)։ Ուստի այն, որ ազգերը հորդում են դեպի «Եհովայի տան լեռը», ցույց է տալիս, որ նրանք միավորվում են ճշմարիտ երկրպագության մեջ։

9 Ինչ խոսք, այսօր Աստծու ժողովուրդը չի հավաքվում բառացի լեռան վրա գտնվող քարակերտ տաճարում։ Մ. թ. 70 թվականին հռոմեացիները ավերեցին Երուսաղեմում գտնվող Եհովայի տաճարը։ Բացի այդ, Պողոս առաքյալը բացատրեց, որ Երուսաղեմի տաճարը և դրանից առաջ եղած խորանը խորհրդանշական իմաստ ունեին։ Դրանք ներկայացնում էին ավելի մեծ, հոգևոր մի բան՝ «ճշմարիտ խորանը, որը Եհովան կանգնեցրեց և ոչ թե մարդը» (Եբրայեցիներ 8։2)։ Այդ խորանը հոգևոր կառույց է, որը հնարավորություն է տալիս Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի հիման վրա մոտենալու Եհովային և երկրպագելու նրան (Եբրայեցիներ 9։2–10, 23)։ Ուստի «Եհովայի տան լեռը», որի մասին խոսվում է Եսայիա 2։2-ում, ներկայացնում է Աստծուն մատուցվող մաքուր և վեր խոյացած երկրպագությունը մեր օրերում։ Նրանք, ովքեր մաքուր երկրպագության կողմն են կանգնում, ոչ թե հավաքվում են աշխարհագրական մի վայրում, այլ միավորվում են երկրպագության մեջ։

Մաքուր երկրպագությունը վեր է խոյանում

10 Մարգարեն գրեց, որ «Եհովայի տան լեռը», կամ՝ մաքուր երկրպագությունը, «կհաստատվի լեռների գագաթներից վեր ու կբարձրանա բլուրներից վեր»։ Եսայիայի ժամանակներից շատ առաջ Դավիթ թագավորը ուխտի տապանակը բարձրացրել էր Երուսաղեմի Սիոն լեռը, որը ծովի մակարդակից 760 մետր բարձր էր։ Տապանակը այնտեղ մնաց այնքան ժամանակ, մինչև որ այն տեղափոխեցին Մորիա լեռան վրա կառուցված տաճար (2 Սամուել 5։7; 6։14–19; 2 Տարեգրություն 3։1; 5։1–10)։ Ուստի Եսայիայի օրերում սուրբ տապանակը բառացիորեն բարձրացված ու դրված էր տաճարում. այն ավելի բարձր էր, քան շրջակա բլուրները, որոնց վրա կեղծ երկրպագություն էին մատուցում։

11 Ինչ խոսք, Եհովայի երկրպագությունը միշտ էլ հոգևոր առումով ավելի բարձր է եղել կեղծ աստվածներին նվիրված կրոնական արարողություններից։ Սակայն մեր օրերում Եհովան մաքուր երկրպագությունը բարձրացրել է մինչև երկինք. այն վեր է պիղծ երկրպագության բոլոր ձևերից, շատ ավելի բարձր, քան «բլուրները» և «լեռների գագաթները»։ Եհովան դա արել է՝ միավորելով այն մարդկանց, ովքեր ուզում են երկրպագել իրեն «ոգով և ճշմարտությամբ» (Հովհաննես 4։23)։

ip-1, էջ 44, 45, պրբ. 20, 21

Եհովայի տունը կբարձրանա

20 Եհովան թույլ չի տալիս, որ իր ժողովուրդը ցիրուցան լինի կորած ոչխարների նման։ Աստվածաշնչի և աստվածաշնչյան հրատարակությունների միջոցով Եհովան նրանց տալիս է իր «օրենքն» ու «խոսքը», որպեսզի սովորեն իր ճանապարհները։ Այս գիտելիքները նրանց պատրաստում են «քայլելու նրա ուղիներով»։ Երախտագիտությամբ լի սրտերով և Աստծու առաջնորդությանը հետևելով՝ նրանք իրար հետ խոսում են Եհովայի ճանապարհների մասին։ Աստծու ճանապարհների մասին լսելու և սովորելու համար նրանք մեծ համաժողովներ են այցելում, նաև ավելի փոքր խմբերով հավաքվում են Թագավորության սրահներում կամ առանձին տներում (2 Օրենք 31։12, 13)։ Այսպես նրանք ընդօրինակում են առաջին դարի քրիստոնյաներին, որոնք հավաքվում էին՝ միմյանց քաջալերելու և «սիրո ու բարի գործերի» մղելու (Եբրայեցիներ 10։24, 25)։

21 Նրանք ուրիշներին հրավիրում են «վեր գնալու» Եհովա Աստծու մաքուր երկրպագության լեռը։ Սա ներդաշնակ է Հիսուսի պատվերին, որ նա տվեց երկինք համբարձվելուց առաջ։ Հիսուսն ասաց. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի։ Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28։19, 20)։ Եհովայի աջակցությամբ նրա Վկաները ամբողջ աշխարհում ուսուցանում են մարդկանց, աշակերտներ պատրաստում և մկրտում։

ip-1, էջ 46, 47, պրբ. 24, 25

Եհովայի տունը կբարձրանա

24 Ազգերը երբեք չեն կարող հասնել այս վեհ նպատակին, դա պարզապես վեր է նրանց ուժերից։ Սակայն տարբեր ազգերից առանձին անհատներ այսօր միավորվում են ճշմարիտ երկրպագության մեջ, և այդպիսով կատարվում է Եսայիայի մարգարեությունը։ Եհովան «ամեն ինչ շտկել է» իր ժողովրդի մեջ։ Նա նրանց սովորեցրել է խաղաղ ապրել։ Այս պառակտված և հակամարտություններով լի աշխարհում նրանք փոխաբերական իմաստով իրենց «սրերից խոփեր են կոփել և իրենց նիզակներից՝ էտոցներ»։ Ինչպե՞ս են նրանք արել դա։

25 Օրինակ՝ պատերազմների ժամանակ նրանք որևէ մեկի կողմը չեն բռնում։ Հիսուսի մահից առաջ զինված տղամարդիկ եկան նրան ձերբակալելու։ Երբ Պետրոսը հանեց իր սուրը՝ Ուսուցչին պաշտպանելու համար, վերջինս ասաց նրան. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մատթեոս 26։52)։ Այդ ժամանակից ի վեր Հիսուսի հետևորդները իրենց սրերից խոփեր են կոփում՝ հրաժարվելով սպանել դրացուն կամ որևէ ձևով աջակցել պատերազմներին։ Նրանք «ձգտում են խաղաղության մեջ լինել բոլոր մարդկանց հետ» (Եբրայեցիներ 12։14)։

Դեկտեմբերի 12–18

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 6–10

«Մեսիան կատարեց մարգարեությունը»

ip-1, էջ 124–126, պրբ. 13–17

Խոստում, որ Խաղաղության Իշխան է գալու

Երկիր, որին «արհամարհանքով էին վերաբերվում»

13 Այժմ Եսայիան հիշատակում է Աբրահամի սերունդների հետ պատահած ամենաաղետալի դեպքերից մեկը. «Սակայն մշուշը այնպիսին չի լինի, ինչպիսին այն ժամանակ էր, երբ երկիրը նեղության մեջ էր, ինչպես նախկինում, երբ Զաբուղոնի ու Նեփթաղիմի երկրին արհամարհանքով էին վերաբերվում։ Հետագայում այն՝ Հորդանանի շրջանում գտնվող ծովի ճանապարհը՝ ազգերի Գալիլեան, պատվի արժանացավ» (Եսայիա 9։1)։ Գալիլեան գտնվում էր Իսրայելի հյուսիսային թագավորության տարածքում։ Եսայիայի մարգարեության մեջ ասվում է, որ Գալիլեայի տարածքը ընդգրկում էր նաև «Զաբուղոնի ու Նեփթաղիմի երկիրը», ինչպես նաև «ծովի ճանապարհը»՝ մի հին ճանապարհ, որն անցնում էր Գալիլեայի ծովի մոտակայքով և տանում դեպի Միջերկրական ծով։ Եսայիայի օրերում այդ տարածքը կոչում էին «ազգերի Գալիլեա», հավանաբար այն պատճառով, որ դրա քաղաքներից շատերում ոչ իսրայելացիներ էին բնակվում։ Իսկ ի՞նչ առումով այս երկրին «արհամարհանքով վերաբերվեցին»։ Հեթանոս ասորեստանցիները նվաճեցին այն, իսրայելացիներին գերության տարան և ողջ տարածքը վերաբնակեցրին հեթանոսներով, որոնք Աբրահամի սերունդը չէին։ Այսպես հյուսիսային տասցեղ թագավորությունը վերացավ որպես առանձին պետություն (2 Թագավորներ 17։5, 6, 18, 23, 24)։

14 Հուդան նույնպես ենթարկվում էր ասորեստանցիների ճնշումներին։ Արդյո՞ք այն ընկղմվելու էր մշտնջենական «մշուշի» մեջ, ինչպես որ տասցեղ թագավորությունը, որը ներկայացնում էին Զաբուղոնն ու Նեփթաղիմը։ Ո՛չ։ «Հետագայում» Եհովան օրհնելու էր Հուդայի հարավային թագավորությունը և նույնիսկ այն երկիրը, որը նախկինում գտնվում էր հյուսիսային թագավորության իշխանության տակ։ Ինչպե՞ս։

15 Այս հարցի պատասխանը գտնում ենք Հիսուսի երկրային ծառայության մասին պատմող Մատթեոսի ավետարանում։ Հիսուսի ծառայության վաղ շրջանը նկարագրելով՝ Մատթեոսը գրում է. «Այնուհետև, Նազարեթից հեռանալով, [Հիսուսը] եկավ ու բնակվեց ծովեզերքին գտնվող Կափառնայումում՝ Զաբուղոնի և Նեփթաղիմի կողմերում, որպեսզի կատարվի Եսայիա մարգարեի միջոցով ասված խոսքը. «Ո՜վ Զաբուղոնի և Նեփթաղիմի երկիր, որ ծովի ճանապարհին եք՝ Հորդանանի մյուս կողմում, ո՜վ ազգերի Գալիլեա. խավարի մեջ նստած մարդիկ մեծ լույս տեսան, և մահվան ստվերի երկրում նստածների վրա լույս ծագեց»» (Մատթեոս 4։13–16)։

16 Այսպիսով՝ Եսայիայի մարգարեության մեջ գործածված «հետագայում» բառը վերաբերում է Քրիստոսի երկրային ծառայության ժամանակաշրջանին։ Հիսուսի երկրային կյանքի մեծ մասն անցել է Գալիլեայում։ Այստեղ էր, որ նա սկսեց իր ծառայությունը, և այստեղ էր, որ նա սկսեց հռչակել. «Մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մատթեոս 4։17)։ Գալիլեայում նա ներկայացրեց իր հանրահայտ Լեռան քարոզը, ընտրեց իր առաքյալներին, գործեց իր առաջին հրաշքը, և հարությունից հետո նա այստեղ երևաց ավելի քան 500 հետևորդների (Մատթեոս 5։1–7։27; 28։16–20; Մարկոս 3։13, 14; Հովհաննես 2։8–11; 1 Կորնթացիներ 15։6)։ Այսպես Հիսուսը կատարեց Եսայիայի մարգարեությունը՝ պատվի արժանացնելով «Զաբուղոնի ու Նեփթաղիմի երկիրը»։ Սակայն Հիսուսի ծառայությունը չսահմանափակվեց միայն Գալիլեայի տարածքով։ Բարի լուրը քարոզելով ամբողջ երկրում՝ Հիսուսը պատվի արժանացրեց ողջ Իսրայել ազգին, այդ թվում Հուդան։

«Մեծ լույսը»

17 Իսկ Մատթեոսը ի՞նչ «մեծ լույսի» մասին էր խոսում, որ պիտի հայտնվեր Գալիլեայում։ Սա նույնպես մեջբերում էր Եսայիայի մարգարեությունից։ Եսայիան գրել էր. «Խավարի մեջ քայլող մարդիկ մեծ լույս տեսան, և թանձր ստվերի երկրում բնակվողների վրա լույս շողաց» (Եսայիա 9։2)։ Մ. թ. առաջին դարում ճշմարտության լույսը քողարկված էր հեթանոսական կրոնի սուտ գաղափարներով։ Հրեա կրոնական առաջնորդները իրավիճակն ավելի էին բարդացրել՝ կառչելով իրենց ավանդույթներին, որոնց պատճառով «Աստծու խոսքը անվավեր էին դարձրել» (Մատթեոս 15։6)։ Այդ «կույր առաջնորդներին» հետևելով՝ խոնարհ մարդիկ ճնշված էին ու մոլորված (Մատթեոս 23։2–4, 16)։ Երբ Մեսիան՝ Հիսուսը, եկավ, խոնարհ մարդկանցից շատերի աչքերը հոգևոր առումով բացվեցին (Հովհաննես 1։9, 12)։ Ուստի տեղին է, որ երկրի վրա Հիսուսի կատարած գործը և այն օրհնությունները, որ հնարավոր դարձան նրա զոհի շնորհիվ, Եսայիայի մարգարեության մեջ բնութագրվում են որպես «մեծ լույս» (Հովհաննես 8։12)։

ip-1, էջ 132, պրբ. 28, 29

Խոստում, որ Խաղաղության Իշխան է գալու

28 Աստծու նշանակած ժամանակին Քրիստոսը ողջ երկրագնդի վրա կհաստատի հարատև խաղաղություն (Գործեր 1։7)։ «Նրա իշխանությունը մինչև հեռուները կտարածվի, և խաղաղությանը վերջ չի լինի Դավթի գահի և նրա թագավորության վրա։ Այն կհաստատվի ու կպահպանվի արդարության ու արդարադատության շնորհիվ այժմվանից մինչև հավիտյան» (Եսայիա 9։7ա)։ Որպես Խաղաղության Իշխան՝ Հիսուսը իր իշխանությունը չի գործադրի բռնությամբ։ Նրա հպատակները չեն զրկվի ազատ կամքից, և ոչ ոք նրանց բռնի ուժով չի հպատակեցնի։ Փոխարենը՝ Հիսուսը ամեն ինչ կանի «արդարության ու արդարադատության» համաձայն։ Ի՜նչ հրաշալի փոփոխություններ են մեզ սպասում։

29 Ի մտի ունենալով Հիսուսի մարգարեական անվան հետ կապված այս հիասքանչ օրհնությունները՝ Եսայիան իր այս մարգարեության վերջում այսպիսի ազդեցիկ խոսքեր է ասում. «Զորքերի Տեր Եհովայի նախանձախնդրությունը կանի դա» (Եսայիա 9։7բ)։ Այո՛, Եհովան գործում է նախանձախնդրությամբ։ Նա ոչ մի բան կես սրտով չի անում։ Մենք կարող ենք համոզված լինել, որ նա կկատարի իր բոլոր խոստումները։ Ուստի եթե ցանկանում ենք հավիտյան խաղաղություն վայելել, պետք է ամբողջ սրտով ծառայենք Եհովային։ Թող որ բոլորս «բարի գործերի նախանձախնդիր» լինենք՝ ընդօրինակելով Եհովային և Խաղաղության Իշխանին (Տիտոս 2։14)։

ip-1, 111, 112, պրբ. 23, 24

Վստահիր Եհովային դժվարությունների ժամանակ

Ճշգրիտ կանխատեսություններ

23 Այժմ Եսայիան սկսում է նկարագրել իր օրերում տիրող իրավիճակը։ Երբ Երուսաղեմը պաշարված էր ասորա-իսրայելական միացյալ զորքերը կողմից, Եսայիան գրեց. «Եհովան ասաց ինձ. «Մի մեծ տախտակ վերցրու և դրա վրա սովորական գրչով գրիր՝ «Մահեր-Շալալ-Հաշ-Բազ»։ Թող այն ինձ համար հաստատեն հավատարիմ վկաներ Ուրիա քահանան և Հեբարաքիայի որդի Զաքարիան» (Եսայիա 8։1, 2)։ Մահեր-Շալալ-Հաշ-Բազ անունը նշանակում է. «Շտապիր, ով ավար։ Նա շուտ հասավ իր թալանին»։ Հասարակության մեջ հարգված երկու մարդու Եսայիան խնդրում է վկա լինել, որ նա այս անունը գրել է մեծ տախտակի վրա, որպեսզի հետագայում նրանք կարողանան հաստատել փաստաթղթի վավերականությունը։ Սակայն այս նշանը պետք է հաստատվեր ևս մեկ նշանով։

24 Եսայիան գրում է. «Դրանից հետո ես մերձեցա մարգարեուհուն, և նա հղիացավ ու մի որդի ծնեց։ Ապա Եհովան ասաց ինձ. «Նրա անունը Մահեր-Շալալ-Հաշ-Բազ դիր, որովհետև մինչև տղան կսկսի ասել հայրիկ և մայրիկ, Դամասկոսի հարստությունը և Սամարիայի ավարը կտարվի Ասորեստանի թագավորի մոտ»» (Եսայիա 8։3, 4)։ Թե՛ մեծ տախտակը, թե՛ նորածին տղան նշան եղան, որ Ասորեստանը շուտով կողոպտելու է Հուդան հարստահարող Ասորիքն ու Իսրայելը։ Իսկ ե՞րբ էր դա տեղի ունենալու։ Նախքան երեխան կսովորեր ասել իր առաջին բառերը՝ «հայրիկ» և «մայրիկ»։ Այսպիսի ճշգրիտ կանխագուշակությունը պետք է ամրացներ մարդկանց վստահությունը Եհովայի հանդեպ։ Ոմանք էլ գուցե սկսեին ծաղրել Եսայիային և նրա որդիներին։ Ինչպիսին էլ լիներ արձագանքը, Եսայիայի մարգարեական խոսքերը ի վերջո կատարվեցին (2 Թագավորներ 17։1–6)։

Դեկտեմբերի 19–25

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 11–16

«Երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով»

ip-1, էջ 160, 161, պրբ. 9-11

Մեսիայի իշխանությունը փրկություն և ուրախություն կբերի

Արդար ու ողորմած դատավոր

9 Եսայիան շարունակում է բնութագրել Մեսիային. «Նա չի դատի միայն իր աչքի տեսածով և չի հանդիմանի զուտ իր ականջի լսածով» (Եսայիա 11։3բ)։ Եթե կանգնեիր դատարանի առաջ, արդյոք ուրախ չէի՞ր լինի, որ քո գործը նման դատավոր քններ։ Ողջ մարդկության դատավորին՝ Մեսիային, հնարավոր չէ խաբել կեղծ փաստարկներով, փաստաբանական խորամանկ հնարքներով, աղավաղված տեղեկություններով, ոչ էլ հնարավոր է կաշառել նյութական բաներով։ Նա տեսնում է կեղծիքը և ուշադրություն է դարձնում ոչ թե մարդու արտաքինին, այլ նրա «սրտի ծածուկ մարդուն» (1 Պետրոս 3։4)։ Հիսուսը գերազանց օրինակ է թողել բոլոր այն տղամարդկանց, որոնք քրիստոնեական ժողովում նշանակված են իրավական հարցեր քննելու (1 Կորնթացիներ 6։1–4)։

10 Մեսիայի այս բացառիկ հատկություններն ինչպե՞ս են ազդելու նրա դատավճիռների վրա։ Եսայիան գրում է. «Խեղճերին արդարությամբ կդատի և հօգուտ երկրի հեզերի արդարամտությամբ հանդիմանություն կանի։ Իր բերանի գավազանով նա կհարվածի երկրին և իր շուրթերի ոգով ամբարշտին մահվան կմատնի։ Արդարությունը իր մեջքի գոտին կլինի, և հավատարմությունը՝ իր կոնքի գոտին» (Եսայիա 11։4, 5)։

11 Իր հետևորդներին ուղղելու համար Հիսուսը այնպես է խրատ տալիս, որ նրանք առավելագույնս օգուտ քաղեն դրանից։ Դրանով նա հրաշալի օրինակ է քրիստոնյա երեցների համար։ Ինչ վերաբերում է չարություն գործողներին, ապա նրանց դատավճիռը շատ խիստ կլինի։ Երբ Աստված հաշիվ պահանջի այս աշխարհից, Մեսիան «կհարվածի երկրին» և հեղինակավոր ձայնով կհնչեցնի չարերի մահվան դատավճիռը (Սաղմոս 2։9; համեմատել Հայտնություն 19։15)։ Ոչ մի չար մարդ չի մնա, որ խաթարի մարդկության խաղաղությունը (Սաղմոս 37։10, 11)։ Հիսուսը, որը գոտևորված է արդարությամբ ու հավատարմությամբ, ի զորու է այս ամենն իրականացնելու (Սաղմոս 45։3–7)։

Դեկտեմբերի 26–հունվարի 1

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 17–23

«Իշխանությունը չարաշահողը ի վերջո զրկվում է իշխանությունից»

ip-1, էջ 238, պրբ. 16, 17

Ինչ հետևանքներ է բերում անհավատարմությունը

Եսասեր տնտես

16 Անհավատարիմ ժողովրդին հանդիմանելուց հետո Եսայիան այժմ դիմում է մի անհավատարիմ մարդու։ Մարգարեն գրում է. «Այսպես է ասում Գերիշխան Տերը՝ Զորքերի Տեր Եհովան. «Գնա՛, մտի՛ր այդ տնտեսի՝ Սեբնայի մոտ, որը տան վրա է նշանակված, և ասա. «Ի՞նչն է այստեղ քեզ պատկանում, և ո՞վ է այստեղ քոնը, որ դու քեզ համար գերեզման ես փորել այստեղ»։ Իր գերեզմանը նա բարձրության վրա է փորում և ժայռի մեջ իր համար բնակվելու տեղ է շինում»» (Եսայիա 22։15, 16)։

17 Սեբնան հավանաբար Եզեկիա թագավորի «տան վրա նշանակված տնտեսն» էր։ Նա ազդեցիկ դիրք ուներ՝ երկրորդն էր թագավորից հետո, ու նրանից շատ բան էր ակնկալվում (1 Կորնթացիներ 4։2)։ Սակայն փոխանակ իր ազգի խնդիրներին ուշադրություն դարձնելու՝ Սեբնան սկսեց փառքի ձգտել։ Նա իր համար թագավորի գերեզմանի պես շքեղ գերեզման փորեց բարձր ժայռի վրա։ Տեսնելով դա՝ Եհովան մարգարեի միջոցով զգուշացրեց անհավատարիմ տնտեսին. «Ահա Եհովան ուժգնորեն նետելու է քեզ, ո՛վ ամրակազմ տղամարդ, և անպատճառ պինդ սեղմելու է քեզ։ Նա, անշուշտ, ձիգ փաթաթելու է քեզ ու գնդակի պես գլորելու է դեպի լայնարձակ երկիրը։ Այնտեղ դու կմահանաս, և քո փառքի կառքերը տիրոջդ տան համար անարգանք կդառնան։ Ես կհանեմ քեզ քո պաշտոնից, և քո դիրքից կզրկեն քեզ» (Եսայիա 22։17–19)։ Իր եսակենտրոնության պատճառով Սեբնան Երուսաղեմում նույնիսկ սովորական գերեզման չէր ունենալու։ Նա գնդակի նման շպրտվելու էր հեռավոր երկիր, որ մահանար այնտեղ։ Սա նախազգուշացում է բոլոր նրանց համար, ում որոշակի իշխանություն է տրված Աստծու ժողովրդի մեջ։ Եթե անհատը չարաշահի իրեն վստահված իշխանությունը, նա կզրկվի դրանից, դեռ ավելին՝ նրան կարող են վտարել Աստծու ժողովրդի միջից։

ip-1, էջ 238, 239 պրբ. 17, 18

Ինչ հետևանքներ է բերում անհավատարմությունը

17 Սեբնան հավանաբար Եզեկիա թագավորի «տան վրա նշանակված տնտես» էր։ Նա ազդեցիկ դիրք ուներ՝ երկրորդն էր թագավորից հետո, ու նրանից շատ բան էր ակնկալվում (1 Կորնթացիներ 4։2)։ Սակայն փոխանակ իր ազգի խնդիրներին ուշադրություն դարձնելու՝ Սեբնան սկսեց փառքի ձգտել։ Նա իր համար թագավորի գերեզմանի պես շքեղ գերեզման փորեց բարձր ժայռի վրա։ Տեսնելով դա՝ Եհովան մարգարեի միջոցով զգուշացրեց անհավատարիմ տնտեսին. «Ահա Եհովան ուժգնորեն նետելու է քեզ, ո՛վ ամրակազմ տղամարդ, և անպատճառ պինդ սեղմելու է քեզ։ Նա, անշուշտ, ձիգ փաթաթելու է քեզ ու գնդակի պես գլորելու է դեպի լայնարձակ երկիրը։ Այնտեղ դու կմահանաս, և քո փառքի կառքերը տիրոջդ տան համար անարգանք կդառնան։ Ես կհանեմ քեզ քո պաշտոնից, և քո դիրքից կզրկեն քեզ» (Եսայիա 22։17–19)։ Իր եսակենտրոնության պատճառով Սեբնան Երուսաղեմում նույնիսկ սովորական գերեզման չէր ունենալու։ Նա գնդակի նման շպրտվելու էր հեռավոր երկիր, որ մահանար այնտեղ։ Սա նախազգուշացում է բոլոր նրանց համար, ում որոշակի իշխանություն է տրված Աստծու ժողովրդի մեջ։ Եթե անհատը չարաշահի իրեն վստահված իշխանությունը, նա կզրկվի դրանից, դեռ ավելին՝ նրան կարող են վտարել Աստծու ժողովրդի միջից։

18 Իսկ ինչպե՞ս էին Սեբնային զրկելու իր դիրքից։ Եսայիայի միջոցով Եհովան հայտնում է դա. «Այդ օրը ես կկանչեմ իմ ծառային՝ Քեղկիայի որդի Եղիակիմին։ Նրան քո պատմուճանը կհագցնեմ, քո գոտին ամուր կկապեմ նրան և իշխանությունդ նրա ձեռքը կտամ։ Նա Երուսաղեմի բնակչի և Հուդայի տան համար հայր կդառնա։ Դավթի տան բանալին կդնեմ նրա ուսին։ Նա կբացի, և ոչ ոք չի փակի, նա կփակի, և ոչ ոք չի բացի» (Եսայիա 22։20–22)։ Եղիակիմը փոխարինելու էր Սեբնային և ստանալու էր տնտեսի պատմուճանն ու Դավթի տան բանալին։ Աստվածաշնչում «բանալի» բառը խորհրդանշում է իշխանություն, կառավարում և հեղինակություն (համեմատիր Մատթեոս 16։19)։ Հին ժամանակներում թագավորի այն խորհրդատուն, որին վստահում էին բանալիները, կարող էր վերահսկել արքայական պալատը և նույնիսկ ընտրել թագավորի ծառաներին (համեմատիր Հայտնություն 3։7, 8)։ Ուստի տնտեսի պաշտոնը շատ կարևոր պաշտոն էր, և նրանից շատ բան էր ակնկալվում (Ղուկաս 12։48)։ Սեբնան գուցեև գործունյա տնտես էր, բայց անհավատարմության պատճառով Եհովան փոխարինելու էր նրան։

ip-1, էջ 240, 241, պրբ. 19, 20

Ինչ հետևանքներ է բերում անհավատարմությունը

Երկու խորհրդանշական սեպ

19 Եհովան խորհրդանշական լեզվով նկարագրում է, թե ինչպես է իշխանությունը Սեբնայից անցնելու Եղիակիմին։ Նա ասում է. «Ես նրան [Եղիակիմին] որպես սեպ կխրեմ ամուր տեղում, և նա իր հոր տան համար փառքի գահ կդառնա։ Նրա վրա կկախեն իր հոր տան ողջ փառքը՝ սերունդներին ու շառավիղներին՝ ամեն տեսակ փոքր անոթները, գավաթի տեսքով անոթները, ինչպես նաև մեծ սափորների տեսքով բոլոր անոթները։ Այդ օրը,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– կհանեն ամուր տեղում խրված սեպը [Սեբնային], կկտրեն, և այն կընկնի, իսկ նրա վրա եղող բեռը ջարդուխուրդ կլինի, քանի որ Եհովան է դա ասել»» (Եսայիա 22։23–25)։

20 Այս համարներում նշված առաջին սեպը Եղիակիմն էր։ Նա իր հոր՝ Քեղկիայի տան համար դառնալու էր «փառքի գահ»։ Ի տարբերություն Սեբնայի՝ նա չէր արատավորելու իր հոր տունը կամ նրա համբավը։ Եղիակիմի վրա էին «կախված» լինելու թագավորի տան բոլոր անոթները, այսինքն՝ նա հենարան էր լինելու թագավորի մյուս ծառաների համար (2 Տիմոթեոս 2։20, 21)։ Իսկ երկրորդ սեպը Սեբնան էր։ Թեև նա անսասան էր թվում, նրան հանելու էին իր տեղից։ Բոլոր նրանք, ովքեր կշարունակեին իրենց հույսը դնել նրա վրա, կընկնեին։

ip-1, էջ 253, 254, պրբ. 22-24

Եհովան նվաստացնում է Տյուրոսին

22 Եսայիան շարունակում է. «Յոթանասուն տարվա վերջում Տյուրոսը կլինի մարմնավաճառի պես, որի մասին երգվում է. «Քնա՛ր վերցրու, պտտվի՛ր քաղաքով մեկ, ո՛վ մոռացված մարմնավաճառ։ Լա՛վ նվագիր լարերի վրա։ Շատ երգե՛ր երգիր, որ հիշեն քեզ»։ Յոթանասուն տարվա վերջում Եհովան ուշադրություն կդարձնի Տյուրոսին։ Տյուրոսը նորից կսկսի իր վարձը ստանալ ու մարմնավաճառություն կանի երկրի բոլոր թագավորությունների հետ» (Եսայիա 23։15բ–17)։

23 Մ. թ. ա. 539-ին՝ Բաբելոնի անկումից հետո, Փյունիկիան դարձավ Մարա-պարսկական կայսրության սատրապություններից մեկը։ Պարսկաստանի միապետ՝ Կյուրոս Մեծը հանդուրժամիտ կառավարիչ էր։ Նոր իշխանության ներքո Տյուրոսը վերսկսելու էր իր նախկին գործունեությունը և ջանալու էր վերականգնել իր համբավը որպես աշխարհի առևտրային կենտրոն։ Իր հաճախորդների կողմից մոռացված մարմնավաճառի նման՝ նա շրջելու էր քաղաքում, քնար էր նվագելու ու երգելու, որ գրավեր նոր հաճախորդների։ Արդյոք Տյուրոսը հաջողության կհասնե՞ր։ Այո՛, Եհովան թույլ էր տալու, որ նա հաջողության հասնի։ Ժամանակի ընթացքում կղզու վրա գտնվող այդ քաղաքը այնքան բարգավաճ էր դառնալու, որ մ. թ. ա. 6-րդ դարի վերջում Զաքարիա մարգարեն նրա մասին գրելու էր. «Տյուրոսը իր համար բերդապատնեշ կառուցեց և արծաթը փոշու պես ու ոսկին փողոցների ցեխի պես դիզեց» (Զաքարիա 9։3)։

«Նրա շահույթը սուրբ կդառնա»

24 Հետևյալ մարգարեական խոսքերը շատ ուշագրավ են. «Նրա շահույթն ու վարձը սուրբ կդառնան Եհովայի համար։ Դրանք ո՛չ կհավաքեն, ո՛չ էլ մի կողմ կդնեն, քանի որ նրա վարձը Եհովայի առաջ բնակվողների համար կլինի, որպեսզի նրանք կուշտ ուտեն ու նրբագեղ հագնվեն» (Եսայիա 23։18)։ Ինչպե՞ս էր Տյուրոսի շահույթը սուրբ դառնալու։ Եհովան այնպես էր անելու, որ այդ շահույթը օգտագործվեր իր կամքի համաձայն, այսինքն, որ իր ժողովուրդը առատ սնունդ ու հագուստ ունենար։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ իսրայելացիները վերադարձան բաբելոնյան գերությունից։ Տյուրոսի բնակիչները աջակցեցին նրանց՝ տաճարը վերակառուցելու համար մայրու փայտ մատակարարելով։ Նրանք վերականգնեցին առևտրային կապերը Երուսաղեմի հետ (Եզրաս 3։7; Նեեմիա 13։16)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը