«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2–8
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 7–9
«Եհովան օրհնում է անհաշվելի մեծ բազմությանը»
it-1, էջ 997, պրբ. 1
Մեծ բազմություն
Ուստի հարց է առաջանում. եթե «մեծ բազմությունը» այն մարդիկ են, ովքեր փրկվելու են ու մնալու են երկրի վրա, այդ դեպքում ի՞նչ առումով են նրանք «կանգնած գահի առջև և Գառան առջև» (Հտն 7։9)։ Երբ Աստվածաշունչը խոսում է «կանգնած» դիրքի մասին, երբեմն նկատի ունի, որ տվյալ մարդը կամ խումբը վայելում է այն անձնավորության հավանությունն ու բարեհաճությունը, ում առջև կանգնել է (Սղ 1։5; 5։5; Առ 22։29; Ղկ 1։19)։ «Հայտնություն» գրքի նախորդ գլխում ասվում է, որ «երկրի թագավորներն ու մեծամեծները, զորապետներն ու հարուստները, զորավորները և բոլոր ծառաներն ու ազատները» փորձում են թաքնվել «գահի վրա նստողի երեսից և Գառան ցասումից, որովհետև եկավ նրանց ցասման մեծ օրը, ո՞վ կարող է կանգնել Աստծու առաջ» (Հտն 6։15–17; համեմատիր Ղկ 21։36)։ Ուրեմն կարելի է եզրակացնել, որ «մեծ բազմությունը» կազմված է այն մարդկանցից, ովքեր ողջ են մնացել ցասման օրը, և ովքեր կարողացել են «կանգնել» Աստծու ու Գառան առաջ՝ արժանանալով նրանց հավանությանը։
it-2, էջ 1127, պրբ. 4
Նեղություն
Երուսաղեմի կործանումից մոտ երեք տասնամյակ անց Հովհաննես առաքյալին տրված տեսիլքում այսպիսի բան է ասվում բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից մարդկանց մի մեծ բազմության մասին. «Նրանք են, որ գալիս են մեծ նեղությունից» (Հտն 7։13, 14)։ Այն փաստը, որ մեծ բազմությունը «գալիս է մեծ նեղությունից», ցույց է տալիս, որ նրանք վերապրելու են դրանից։ Դա է հաստատում նաև Գործեր 7։9, 10-ում օգտագործված նմանատիպ մի արտահայտություն։ Այնտեղ կարդում ենք. «Աստված [Հովսեփի] հետ էր ու ազատեց նրան իր բոլոր նեղություններից»։ Այն, որ Հովսեփը ազատվեց իր նեղություններից, ոչ թե նշանակում էր, որ նա պարզապես զորություն ստացավ այդ ամենին տոկալու համար, այլ որ նա նաև վերապրեց այդ նեղություններից։
it-1, էջ 996–997
Մեծ բազմություն
Ո՞ւմ է վերաբերում։ Որպեսզի հասկանանք, թե «մեծ բազմություն» ասվածը ում է վերաբերում, պետք է քննենք, թե ինչպես են նրանք նկարագրվում Հայտնություն 7-րդ գլխում և այլ զուգահեռ համարներում։ Հայտնություն 7։15–17-ում ասվում է, որ Աստված «իր վրանը կտարածի նրանց վրա», «կառաջնորդի դեպի կյանքի ջրի աղբյուրները» և «նրանց աչքերից կսրբի ամեն արտասուք»։ Հայտնություն 21։2–4-ում գտնում ենք նմանատիպ արտահայտություններ. «Աստծու խորանը մարդկանց հետ է», «նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից», «մահ այլևս չի լինի»։ Այստեղ նկարագրվածը վերաբերում է ոչ թե նրանց, ովքեր երկնքում են, որտեղից «իջնում էր» Նոր Երուսաղեմը, այլ երկրի վրա եղողներին՝ մարդկանց։
Փնտրենք հոգևոր գանձեր
re, էջ 115, պրբ. 4
Աստծու Իսրայելի վրա կնիք է դրված
4 Չորս հրեշտակները, անկասկած, ներկայացնում են հրեշտակների չորս խումբ, որոնք Եհովայի հրամանով հետ են պահում դատաստանների իրագործումը մինչև նշանակված ժամանակը։ Երբ այդ հրեշտակները միաժամանակ բաց թողնեն Աստծու բարկության այդ քամիները և դրանք փչեն և՛ հյուսիսից, և՛ հարավից, և՛ արևելքից, և՛ արևմուտքից, ապա անասելի ավերածություններ կպատճառեն։ Դա նման կլինի այն բանին, թե ինչպես Եհովան հնում չորս քամիների միջոցով ցիրուցան արեց էլամացիներին՝ ահուսարսափի ու բնաջնջման մատնելով նրանց։ Բայց այս ավերածությունը կլինի ավելի մեծ մասշտաբով (Երեմիա 49։36–38)։ Դա աննկարագրելի չափերի հասնող մի փոթորիկ կլինի՝ շատ ավելի կործանարար քան այն մրրիկը, որով Եհովան ոչնչացրեց ամմոնացիներին (Ամոս 1։13–15)։ Սատանայի կազմակերպության և ոչ մի մասը, որ գտնվում է երկրի վրա, չի կարող կանգուն մնալ Եհովայի ցասման օրը, երբ նա մեկընդմիշտ կարդարացնի իր գերիշխանությունը (Սաղմոս 83։15, 18; Եսայիա 29։5, 6)։
it-1, էջ 12
Աբադդոն
Ո՞վ է Աբադդոնը՝ անդունդի հրեշտակը։
Սակայն Հայտնություն 9։11-ում գործածված «Աբադդոն» բառը «անդունդի հրեշտակի» անունն է։ Դրան համապատասխանող հունարեն «Ապոլլիոն» անունը նշանակում է «կործանող»։ 19-րդ դարում փորձում էին ապացուցել, թե այս համարը մարգարեական է և վերաբերում է այնպիսի պատմական անձանց, ինչպիսին, օրինակ, Վեսպասիանոսն է, Մուհամեդը և անգամ Նապոլեոնը, ու հիմնականում այն կարծիքն էր ընդունված, թե «անդունդի հրեշտակը» Սատանայի հրեշտակներից է։ Սակայն հարկ է նշել, որ Հայտնություն 20։1–3-ից հստակ երևում է, որ «անդունդի բանալին» ունեցող հրեշտակը Աստծու ներկայացուցիչն է՝ ուղարկված երկնքից, ու ոչ միայն չի կարող լինել Սատանայի հրեշտակը, այլ ավելին՝ նա կապում է Սատանային ու գցում անդունդը։ Մի աշխատության մեջ Հայտնություն 9։11-ի մասին ասվում է. «Աբադդոնը, սակայն, ոչ թե Սատանայի հրեշտակ է, այլ Աստծու, և կործանում է բերում Աստծու հրամանով» (The Interpreter’s Bible)։
Եբրայերեն Գրություններից քննարկված համարներից հստակ երևում է, որ եբրայերեն ավադդոն բառը կապված է շեոլի (հուն. հադես) և մահվան հետ։ Այս առնչությամբ հետաքրքիր է այն, ինչ Հիսուս Քրիստոսն ասում է իր մասին Հայտնություն 1։18-ում. «Ես.... կենդանի եմ հավիտյանս հավիտենից և մահվան ու գերեզմանի [հուն. հադես] բանալիներն ունեմ»։ Իսկ որ Հիսուսը իշխանություն ունի անդունդի վրա, երևում է Ղուկաս 8։31-ից։ Եբրայեցիներ 2։14-ն էլ հստակ ցույց է տալիս, որ նա ունի զորություն և իշխանություն կործանելու, այդ թվում՝ կործանելու Սատանային։ Այնտեղ ասվում է, որ Հիսուսը «մասնակից եղավ միևնույն բաներին, որ իր մահվան միջոցով ոչնչի վերածի նրան, ով կարող է մահ պատճառել, այսինքն՝ Բանսարկուին»։ Իսկ Հայտնություն 19։11–16-ում Հիսուսը հստակ նկարագրվում է որպես Աստծու կողմից նշանակված Կործանող և դատաստան Իրագործող (տես ԱՊՈԼԼԻՈՆ)։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9–15
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 10–12
Փնտրենք հոգևոր գանձեր
it-2, էջ 880–881
Փաթույթ, գիրք
Փոխաբերական գործածություն։ Աստվածաշնչում «գիրք» (գրքի փաթույթ) բառը մի քանի դեպքերում օգտագործվել է փոխաբերական իմաստով։ Թե՛ Եզեկիելը և թե՛ Զաքարիան իրենց տրված տեսիլքում տեսան գրքի փաթույթ, որի երկու երեսին էլ գրված էր։ Սովորաբար փաթույթի միայն մի երեսին էին գրում, հետևաբար այն հանգամանքը, որ այդ փաթույթների երկու երեսին էլ գրված էր, թերևս վկայում էր այնտեղ գրված դատաստանների արժանահավատության, մասշտաբների և լրջության մասին (Եզկ 2։9–3։3; Զք 5։1–4)։ «Հայտնություն» գրքում նկարագրված տեսիլքում գահի վրա նստողի աջ ձեռքում կար մի գիրք՝ «յոթ կնիքով ամուր կնքված», որպեսզի այնտեղ գրվածը չբացահայտվեր, մինչև որ Աստծու Գառը չբացեր այն (Հտն 5։1, 12; 6։1, 12–14)։ Այդ տեսիլքում ավելի ուշ հենց իրեն՝ Հովհաննեսին էլ է գրքի փաթույթ տրվում և ասվում է, որ ուտի այն։ Այն «քաղցր» էր Հովհաննեսի բերանում, բայց «դառնացրեց» նրա որովայնը։ Քանի որ այդ գիրքը բաց էր ու կնքված չէր, ուրեմն այն, ինչ գրված էր այնտեղ կարելի էր հասկանալ։ Հովհաննեսի համար «քաղցր» էր իմանալ այնտեղ գրված լուրը, բայց հավանաբար կային «դառը» բաներ, որոնց մասին նա պետք է մարգարեանար, ինչպեսև ասվեց նրան (Հտն 10։1–11)։ Նույնը եղավ Եզեկիելի հետ, որին տրվեց գրություն՝ գրքի փաթույթ, որտեղ գրված էին «ողբերգեր, հեծեծանք ու լացուկոծ» (Եզկ 2։10)։
it-2, էջ 187, պրբ. 7–9
Երկունքի ցավեր
Հովհաննես առաքյալը իրեն տրված տեսիլքում, որ արձանագրված է «Հայտնություն» գրքում, տեսավ երկնքում մի կնոջ, որը «աղաղակում էր երկունքի ցավից, քանի որ պիտի ծներ»։ Կինը «մի որդի՝ արու զավակ ծնեց, որը բոլոր ազգերին պիտի հովվի երկաթե գավազանով»։ Չնայած վիշապը ամեն ջանք թափեց, որ կուլ տա նրա զավակին, բայց երեխային «տարան Աստծու և նրա գահի մոտ» (Հտն 12։1, 2, 4–6)։ Այն, որ Աստված տարավ երեխային, թերևս նշանակում է, որ նրան ընդունում է որպես իրենը, ճիշտ ինչպես հնում էր ընդունված, որ նորածնին բերում էին հոր մոտ, որ վերջինս ճանաչի նրան որպես իր զավակ (տես ԾՆՈՒՆԴ)։ Հետևաբար տրամաբանական է եզրակացնել, որ այդ «կինը» Աստծու «կինն» էր՝ «վերին Երուսաղեմը»՝ Քրիստոսի և նրա հոգևոր եղբայրների «մայրը» (Գղ 4։26; Եբ 2։11, 12, 17)։
Աստծու այդ երկնային «կինը», ինչ-խոսք, կատարյալ էր և երկունքը պետք է որ առանց բառացի ցավերի լիներ։ Հետևաբար երկունքի ցավերը իրականում փոխաբերական էին և նշանակում էին, որ «կինը» գիտակցում էր, որ ծնունդը մոտ էր, և շատ շուտով լույս աշխարհ կգար իր որդին (Հտն 12։2)։
Ով էր լինելու այդ որդին՝ արու զավակը։ Նրա մասին ասվում է, որ նա «բոլոր ազգերին պիտի հովվի երկաթե գավազանով»։ Սաղմոս 2։6–9-ում այսպիսի բան մարգարեացվել էր Աստծու խոստացած Մեսիական Թագավորի մասին։ Բայց չէ՞ որ Հովհաննեսը այդ տեսիլքը տեսավ Քրիստոսի՝ երկրի վրա ծնվելուց, մահանալուց և հարություն առնելուց շատ տարիներ հետո միայն։ Ուրեմն այդ տեսիլքը, ըստ ամենայնի, վերաբերում էր Մեսիական Թագավորության ծնունդին, որի թագավորը դառնալու էր Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, որը հարություն առնելուց հետո նստել էր «Աստծու աջ կողմը» ու այդ ժամանակվանից սպասում էր, «մինչև որ իր թշնամիները իր ոտքերի համար պատվանդան դրվեն» (Եբ 10։12, 13; Սղ 110։1; Հտն 12։10)։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16–22
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 13–16
«Մի՛ վախեցիր զարհուրելի գազաններից»
re, էջ 194, պրբ. 26
Պայքար երկու վայրագ գազանների դեմ
26 Ո՞ւմ է ներկայացնում այս գազանը։ Անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժին՝ նույն առաջին գազանի յոթերորդ գլխին, սակայն, առանձնահատուկ դեր ստանձնած։ Այն, որ տեսիլքում նա ներկայացվում է որպես առանձին գազան, օգնում է մեզ ավելի լավ հասկանալու, թե նա ինչպես է անկախ գործում աշխարհի բեմահարթակում։ Երկու եղջյուր ունեցող այս խորհրդանշական գազանը բաղկացած է միաժամանակ գոյություն ունեցող երկու անկախ, բայց իրար հետ համագործակցող քաղաքական ուժերից։ Այն, որ նրա երկու եղջյուրները «գառան եղջյուրների» են նման, ցույց է տալիս, որ նա ձևացնում է, թե բարի ու անվնաս է, և ուզում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե կառավարման իր ձևը քաղաքակիրթ ու առաջադիմական է, և ողջ աշխարհը պիտի ընդօրինակի այն։ Բայց նա խոսում է «վիշապի նման», ինչը նշանակում է, որ նա ճնշում է բանեցնում, սպառնում է և նույնիսկ բացահայտ բռնություն է գործադրում բոլոր այն տեղերում, որտեղ կառավարման իր ձևը չի ընդունվում։ Այն խրախուսում է ոչ թե հնազանդվել Աստծու Թագավորությանը, որի գլուխը Աստծու Գառն է, այլ ծառայել Սատանայի՝ մեծ վիշապի շահերին։ Գազանը ազգայնամոլության հողի վրա բաժանումներ և ատելություն է հրահրում՝ այդպիսով նպաստելով առաջին գազանի երկրպագությանը։
re, էջ 195, պրբ. 30–31
Պայքար երկու վայրագ գազանների դեմ
30 Պատմության ընթացքը ցույց է տալիս, որ այդ պատկերը մի կազմակերպություն է, որը ստեղծվեց Մեծ Բրիտանիայի ու Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ, և որին այս երկրները ջատագովում են ու աջակցում։ Այդ կազմակերպությունը սկզբում կոչվում էր Ազգերի լիգա։ Ավելի ուշ Հայտնություն 17-րդ գլխում այն ի հայտ է գալիս այլ խորհրդանիշով՝ որպես կենդանի, շնչավոր, ալ կարմիր գազան, որն արդեն գործում է անկախ։ Այս միջազգային կազմակերպությունը «խոսում» է այն իմաստով, որ մեծամիտ հայտարարություններ է անում, թե իբրև միակն է, որ կարող է խաղաղություն ու ապահովություն բերել մարդկությանը։ Սակայն իրականում այն դարձել է մի ասպարեզ, որտեղ նրա անդամ-երկրների ներկայացուցիչները խոցող ճառեր են ներկայացնում միմյանց դեմ ու վիրավորական խոսքեր ասում իրար։ Այն սպառնում է բոյկոտի ենթարկել իր իշխանությունը չընդունող ցանկացած ազգի կամ երկրի, ինչը նշանակում է սարսափելի պայմաններ նրանց համար։ Ազգերի լիգան նույնիսկ իր անդամ-պետությունների ցուցակից հանել է նրանց, ովքեր չեն աջակցել իր գաղափարախոսություններին։ Իսկ մեծ նեղության սկզբին գազանի պատկերի մարտականորեն տրամադրված «եղջյուրները» ավերիչ գործունեություն կծավալեն (Հայտնություն 7։14; 17։8, 16)։
31 Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր գազանի պատկերը, որն այսօր հանդես է գալիս որպես Միավորված ազգերի կազմակերպություն, արդեն իսկ «սպանել է» բառի բուն իմաստով։ Օրինակ՝ 1950 թ.-ին ՄԱԿ-ի զորքերը միջամտեցին Հյուսիսային ու Հարավային Կորեայի միջև տեղի ունեցող պատերազմին։ ՄԱԿ-ի և Հարավային Կորեայի զորքերի կողմից սպանվեցին մոտ 1 420 000 հյուսիսային կորեացիներ ու չինացիներ։ Իսկ 1960–1964թթ. ՄԱԿ-ի զորքերը ակտիվ գործունեություն էին ծավալել Կոնգոյում (Կինշասա)։ Դեռ ավելին, աշխարհի քաղաքական ու կրոնական առաջնորդները, որոնց թվում են եղել նաև Հռոմի պապեր Պողոս VI-ը և Հովհաննես Պողոս II-ը, շարունակել են հավաստիացնել, որ այդ «պատկերը» խաղաղության հասնելու մարդկության վերջին և ամենահիմնավոր հույսն է։ Նրանք այն միտքն են ներշնչել, որ եթե մարդկությունը չծառայի այդ «պատկերին», ապա կգնա դեպի ինքնակործանում։ Այդպիսով նրանք այնպես են անում, որ, պատկերավոր ասած, «սպանվեն» բոլոր այն մարդիկ, ովքեր չեն ուզում հպատակվել «պատկերին» կամ երկրպագել նրան (2 Օրենք 5։8, 9)։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23–29
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 17–19
«Աստծու պատերազմը վերջ կդնի բոլոր պատերազմներին»
it-1, էջ 1146, պրբ. 1
Ձի
Հովհաննես առաքյալի խորհրդանշական տեսիլքում փառավորված Հիսուս Քրիստոսը նկարագրվում է սպիտակ ձիու վրա նստած, և նրան ուղեկցում է մի մեծ զորք, որի բոլոր ռազմիկները սպիտակ ձիեր են հեծած։ Ինչպեսև բացատրվեց Հովհաննեսին, այդ տեսիլքը նշանակում էր, որ այն պատերազմը, որ Քրիստոսը մղելու է իր բոլոր թշնամիների դեմ հանուն իր Աստված ու Հայր Եհովայի, արդար պատերազմ է լինելու (Հտն 19։11, 14)։ Ավելի վաղ որպես թագավոր՝ Քրիստոսի ծավալած գործունեությունը և դրան հաջորդած աղետները նույնպես ներկայացվել էին տարբեր հեծյալներով ու իրենց ձիերով (Հտն 6։2–8)։
re, էջ 286, պրբ. 24
Ռազմիկ-Թագավորը հաղթանակում է Արմագեդոնի ժամանակ
24 Ծովից դուրս եկող տասը եղջյուր ունեցող յոթգլխանի գազանը, որը ներկայացնում է Սատանայի քաղաքական կազմակերպությունը, մոռացության կմատնվի, նրա հետ նաև սուտ մարգարեն՝ յոթերորդ աշխարհակալ ուժը (Հայտնություն 13։1, 11–13; 16։13)։ Նրանք, որ դեռևս «ողջ» են, այսինքն՝ միավորված գործում են երկրի վրա գտնվող Աստծու ժողովրդի դեմ, կգցվեն «կրակի լիճը»։ Արդյոք դա բառացի՞ կրակի լիճ է։ Ո՛չ, ճիշտ ինչպես որ գազանը և սուտ մարգարեն բառացի կենդանիներ չեն։ Լիճը խորհրդանշում է լիակատար, վերջնական կործանում, մի վայր, որտեղից չեն վերադառնում։ Հետագայում այնտեղ են գցվում նաև մահը, գերեզմանը և հենց ինքը՝ Բանսարկուն (Հայտնություն 20։10, 14)։ Ինչ խոսք, դա բոլորովին էլ շատերի պատկերացրած կրակոտ դժոխքը չէ, որտեղ իբրև թե հավիտյան տանջվում են չար մարդիկ. նման վայրի մասին միտքն անգամ գարշելի է Եհովային (Երեմիա 19։5; 32։35; 1 Հովհաննես 4։8, 16)։
re, էջ 286, պրբ. 25
Ռազմիկ-Թագավորը հաղթանակում է Արմագեդոնի ժամանակ
25 Մնացածները, ովքեր Սատանայի այդ կառավարական համակարգի մաս չեն կազմել, բայց այդպես էլ չեն ցանկացել զատվել այս ապականված աշխարհից ու փոխվել, նույնպես «սպանվում են ձիու վրա նստածի երկար սրով»։ Հիսուսը նրանց մահվան արժանի կհայտարարի։ Քանի որ նրանց պարագայում կրակի լճի մասին չի նշվում, պե՞տք է արդյոք եզրակացնենք, որ նրանք հարություն կառնեն։ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, թե այդ ժամանակ Եհովայի նշանակած Դատավորի ձեռքով մահապատժի ենթարկվածները հարություն կառնեն։ Ինչպես Հիսուսն ինքն էր ասել, բոլոր նրանք ովքեր «ոչխարների» թվում չեն, կգնան «հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է Բանսարկուի և նրա հրեշտակների համար», այսինքն՝ «դեպի հավիտենական մահ» (Մատթեոս 25։33, 41, 46)։ Դա կլինի «դատաստանի ու ամբարիշտ մարդկանց կործանման օրվա» գագաթնակետը (2 Պետրոս 3։7; Նաում 1։2, 7–9; Մաղաքիա 4։1)։
Փնտրենք հոգևոր գանձեր
re, էջ 247–248, պրբ. 5–6
Ցնցող առեղծվածը բացահայտվում է
5 «Գազանը.... կար»։ Այո՛, այն գոյություն ուներ 1920-ի հունվարի 10-ից որպես Ազգերի լիգա, որի կազմի մեջ տարբեր ժամանակներում մտել են 63 երկրներ։ Բայց ժամանակի ընթացքում Ճապոնիան, Գերմանիան և Իտալիան դուրս եկան, իսկ նախկին Խորհրդային Միությունը հեռացվեց։ 1939-ի սեպտեմբերին Գերմանիայի նացիստական բռնապետը սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Չկարողանալով ամբողջ աշխարհում խաղաղություն պահպանել՝ Ազգերի լիգան, ըստ էության, ընկավ անգործունեության անդունդը։ Եվ 1942-ին այն այլևս որևէ դեր չէր խաղում աշխարհի թատերաբեմում։ Սրանից ոչ ուշ և ոչ էլ շուտ, այլ հենց այդ վճռորոշ ժամանակ էր, որ Եհովան լիովին բացեց այդ տեսիլքի խոր իմաստը իր ժողովրդի համար։ «Նոր աշխարհ» աստվածապետական համաժողովի ժամանակ Նաթան Հ. Նորը միանգամայն հիմնավոր կերպով հայտարարեց՝ «գազանը.... չկա», ճիշտ ինչպես որ ասվում էր մարգարեության մեջ։ Ապա նա այսպիսի հարց տվեց. «Ազգերի լիգան կմնա՞ անդունդում»։ Մեջբերելով Հայտնություն 17։8-ը՝ նա պատասխանեց այդ հարցին. «Աշխարհի պետությունների այս միությունը նորից է հայտնվելու»։ Հենց այդպես էլ եղավ, և դա ապացուցեց Եհովայի մարգարեական Խոսքի ճշմարտացիությունը։
Գազանը դուրս է գալիս անդունդից
6 Ալ կարմիր գազանը իսկապես դուրս եկավ անդունդից։ 1945 թ. հունիսի 26-ին Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ) հանդիսավոր արարողությամբ 50 երկրներ կողմ քվեարկեցին Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ընդունմանը։ Այս կազմակերպության նպատակն էր «պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն»։ Ազգերի լիգայի և ՄԱԿ-ի միջև շատ նմանություններ կային։ «Ուորլդ բուք» հանրագիտարանում այս առնչությամբ նշվում է. «Ինչ-որ առումով ՄԱԿ-ը հիշեցնում է Ազգերի լիգան, որը ստեղծվել էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո.... ՄԱԿ-ի հիմնադիր երկրներից շատերը ժամանակին եղել են նաև Ազգերի լիգայի հիմնադիրները։ Ինչպես Լիգայի, այնպես էլ ՄԱԿ-ի ստեղծման նպատակը պետությունների միջև խաղաղություն պահպանելն է։ ՄԱԿ-ի գլխավոր մարմինները շատ առումներով նման են Լիգայի գլխավոր մարմիններին» (The World Book Encyclopedia)։ Եվ ուրեմն՝ ՄԱԿ-ը իրականում վերակենդանացած ալ կարմիր գազանն է։ Միայն թե դրա կազմի մեջ են մտնում ավելի շատ երկրներ՝ մոտ 190, մինչդեռ Ազգերի լիգայի կազմի մեջ 63-ն էին։ Բացի այդ, ՄԱԿ-ը ավելի շատ պատասխանատվություններ է վերցրել իր վրա, քան իր նախորդը։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30–ՀՈՒՆՎԱՐԻ 5
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 20–22
«Ահա ամեն բան նոր եմ անում»
re, էջ 301, պրբ. 2
Մի նոր երկինք ու մի նոր երկիր
2 Հովհաննեսի օրերից հարյուրավոր տարիներ առաջ Եհովան Եսայիային ասել էր. «Ահա ես նոր երկինք ու նոր երկիր եմ ստեղծում, նախկին բաները չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան» (Եսայիա 65։17; 66։22)։ Այս մարգարեությունը առաջին անգամ կատարվեց այն ժամանակ, երբ Բաբելոնում 70 տարի գերության մեջ լինելուց հետո հավատարիմ հրեաները մ. թ. ա. 537-ին վերադարձան Երուսաղեմ։ Վերականգնման այդ ժամանակաշրջանում նրանցից կազմավորվեց մաքրված հասարակություն՝ «նոր երկիր»՝ կառավարման նոր համակարգի՝ «նոր երկնքի» իշխանության ներքո։ Սակայն Պետրոս առաքյալի հետևյալ խոսքերը ցույց են տալիս, որ այդ մարգարեությունը ևս մեկ կատարում էր ունենալու. «Բայց նրա խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն է բնակվելու» (2 Պետրոս 3։13)։ Հովհաննեսի խոսքերն էլ ցույց են տալիս, որ այդ խոստումը կատարվելու է Տիրոջ օրվա ընթացքում։ «Նախկին երկինքն ու երկիրը»՝ այս չար աշխարհը և իր ողջ կառավարական համակարգը, որ գտնվում են Սատանայի ու նրա դևերի ազդեցության տակ, կանցնեն։ Ամբարիշտ ու ապստամբ մարդկանց ալեկոծ «ծովը» այլևս չի լինի։ Եվ այդ ամենին փոխարինելու կգա «մի նոր երկինք ու մի նոր երկիր». նոր մարդկային հասարակություն՝ նոր կառավարության՝ Աստծու Թագավորության իշխանության ներքո (համեմատիր Հայտնություն 20։11)։
Փնտրենք հոգևոր գանձեր
it-2, էջ 249, պրբ. 2
Կյանք
Ինչպես երևում է Ադամին տրված Աստծու պատվերից, եթե Ադամը հնազանդվեր նրան, չէր մեռնի (Ծն 2։17)։ Այդպես կլինի նաև հնազանդ մարդկանց պարագայում. երբ վերջին թշնամին՝ մահը, ոչնչացվի, այլևս նրանց մարմնում չի գործի մահվան տանող մեղքը։ Եվ քանի դեռ հնազանդ են, նրանք կարող են անվերջ ապրել ու չմահանալ (1Կթ 15։26)։ Մահը կոչնչացվի այն ժամանակ, երբ ավարտվի Քրիստոսի իշխանությունը, որը, համաձայն «Հայտնություն» գրքի, 1 000 տարի է տևելու։ Այնտեղ այսպես է ասվում նրանց մասին, ովքեր միանալու են Քրիստոսին և դառնալու են թագավորներ ու քահանաներ. «Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին հազար տարի»։ Ապա ասվում է, որ «մահացածների մնացած մասը չկենդանացավ, մինչև որ հազար տարին լրացավ», ինչը ակնհայտորեն վերաբերում է երկրի վրա ապրող այն մարդկանց, ովքեր մինչև հազարամյակի վերջ կհասնեն կատարելության՝ այն նույն վիճակին, որ ունեին Ադամն ու Եվան նախքան մեղք գործելը։ Հազարամյակի վերջում կենդանացած, այսինքն՝ կատարելության հասած այս մարդիկ կփորձվեն Սատանայի կողմից, որը մի կարճ ժամանակով ազատ կարձակվի անդունդից։ Նրանք, ովքեր կանցնեն այդ վճռորոշ փորձությունը, կկարողանան այդ կատարյալ կյանքը վայելել հավիտյան (Հտն 20։4–10)։
it-2, էջ 189–190
Կրակի լիճ
Այս արտահայտությունը հանդիպում է միայն «Հայտնություն» գրքում և ակնհայտորեն խորհրդանշական իմաստ ունի։ Աստվածաշունչը ինքն էլ բացատրում է, թե ինչ է նշանակում այդ խորհրդանիշը՝ տալով հետևյալ սահմանումը. «Կրակի լիճը երկրորդ մահն է» (Հտն 20։14; 21։8)։
Այն, որ կրակի լիճը խորհրդանշական է, ավելի հստակ է երևում նաև «Հայտնություն» գրքի բոլոր այն համարների համատեքստից, որտեղ հիշատակվում է այդ արտահայտությունը։ Օրինակ՝ ասվում է, որ մահը գցվում է կրակի լիճը (Հտն 19։20; 20։14)։ Ակնհայտ է, որ մահը չի կարող բառացիորեն այրվել։ Բացի այդ, ասվում է, որ Սատանան, որն անտեսանելի ոգեղեն արարած է, նույնպես գցվում է այդ լիճը։ Քանի որ նա ոգեղեն արարած է, բառացի կրակը նրան ոչ մի վնաս չի կարող պատճառել (Հտն 20։10; համեմատիր Ելք 3։2 և Դտ 13։20)։
Քանի որ կրակի լիճը խորհրդանշում է «երկրորդ մահը», և քանի որ Հայտնություն 20։14-ում ասվում է, որ «մահն ու գերեզմանը [հուն. հադես]» գցվելու են այնտեղ, ուրեմն պարզ է, որ այդ լիճը չի կարող խորհրդանշել այն մահը, որ Ադամից ժառանգաբար փոխանցվել է մեզ (Հռ 5։12), ոչ էլ կարող է վերաբերել համընդհանուր գերեզմանին (հադես, շեոլ)։ Այն պետք է որ մեկ այլ մահվան խորհրդանիշ լինի, այնպիսի մահվան, որից վերադարձ չկա դեպի կյանք, քանի որ եղած արձանագրության մեջ ոչ մի տեղ չի ասվում, որ «լիճը» տվեց իր մեջ եղածներին, ինչպես ասվում է Ադամից ժառանգված մահվան ու գերեզմանի մասին (հադես, շեոլ) (Հտն 20։13)։ Ուստի կրակի լիճն են գցվում նրանք, ովքեր «գրված [չեն] կյանքի գրքում»՝ Աստծու գերիշխանությանը հակառակվողները, ովքեր այդպես էլ չեն զղջում, և կրակի լիճը գցվելը նրանց համար նշանակում է հավիտենական կործանում, կամ՝ երկրորդ մահ (Հտն 20։15)։