Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Քերովբե»
  • Քերովբե

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Քերովբե
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Ովքե՞ր են «չորս երես ունեցող կենդանի էակները»
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
  • Ընթերցողների հարցերը
    2005 Դիտարան
Աստվածաշնչի ըմբռնում
it «Քերովբե»

ՔԵՐՈՎԲԵ

Բարձր դիրք ունեցող հրեշտակ, որը հատուկ պարտականություններ է կատարում և իր կարգով տարբերվում է սերովբեներից։ Աստվածաշնչում «քերովբե(ներ)» բառը հանդիպում է 72 անգամ, առաջինը՝ Ծննդոց 3։24-ում։ Այնտեղ ասվում է, որ երբ Աստված Ադամին ու Եվային դուրս արեց Եդեմից, քերովբեներ (եբր.՝ կերուվիմ) կանգնեցրեց պարտեզի արևելյան կողմի մուտքի մոտ և բոցավառվող սայր ունեցող սուր դրեց «դեպի կյանքի ծառը տանող ճանապարհը պահպանելու համար»։ Աստվածաշունչը չի պարզաբանում, թե քանի հրեշտակ է կանգնած եղել այնտեղ։

Անապատում կանգնեցված խորանի պատկանելիքների մեջ կային քերովբեների քանդակներ։ Տապանակի կափարիչի երկու ծայրերին ոսկուց կոփված մեկական քերովբե կար։ Նրանք դեմ դիմաց էին, և նրանց երեսները ուղղված էին դեպի կափարիչը, ասես երկրպագություն էին անում Աստծուն։ Յուրաքանչյուրն ուներ երկու թև, որոնք տարածվում էին դեպի վեր և ծածկում կափարիչը՝ ասես պահպանելով ու պաշտպանելով այն (Ելք 25։10-21; 37։7-9)։ Բացի այդ՝ քերովբեներ էին ասեղնագործված խորանի պաստառների ներսի կողմում և Սրբությունը Սրբությունների Սրբությունից բաժանող վարագույրի վրա (Ելք 26։1, 31; 36։8, 35)։

Ոմանք կարծում են, թե այդ պատկերներն ու քանդակները արվել էին այն հրեշային թևավոր կուռքերի նմանությամբ, որոնց պաշտում էին հարևան հեթանոս ազգերը։ Հին հրեական ավանդությունները հստակ նշում են (Աստվածաշունչը ոչինչ չի ասում այդ մասին), որ այդ քերովբեները մարդու կերպարանք ունեին։ Դրանք արվեստի ընտիր գործեր էին, որոնք հրեշտակներին ներկայացնում էին փառավոր գեղեցկությամբ և ամենայն մանրամասնությամբ պատրաստված էին «այն օրինակի համաձայն», որ Մովսեսը ստացել էր անձամբ Եհովայից (Ելք 25։9)։ Պողոս առաքյալը նրանց նկարագրում է որպես «փառավոր քերովբեների, որոնք իրենց թևերով ծածկում էին հաշտության կափարիչը» (Եբ 9։5)։ Այդ քերովբեները հիշեցնում էին Եհովայի ներկայության մասին, ով ասել էր. «Ես կհայտնվեմ քեզ կափարիչի վերևում՝ Վկայության տապանակի վրայի երկու քերովբեների մեջտեղում, և կխոսեմ քեզ հետ» (Ելք 25։22; Թվ 7։89)։ Այդ պատճառով Աստվածաշնչում ասվում է, որ Եհովան «նստում է քերովբեների վերևում [կամ հնարավոր է՝ «միջև», ծնթ.]» (Սղ 80։1; 99։1; 1Սմ 4։4; 2Սմ 6։2; 2Թգ 19։15; 1Տգ 13։6; Ես 37։16)։ Խորհրդանշական իմաստով քերովբեները ներկայացնում էին Եհովայի կառքը, որով նա սլանում էր (1Տգ 28։18), իսկ նրանց թևերը պաշտպանություն էին տալիս և արագություն ապահովում։ Դա է պատճառը, որ երբ Դավիթը մի սաղմոսում պոետիկ լեզվով նկարագրեց, թե Եհովան ինչ արագությամբ օգնության հասավ իրեն, ասաց. «Նա թռավ-եկավ՝ քերովբե հեծած.... ոգեղեն էակի թևերին նստած» (2Սմ 22։11; Սղ 18։10)։

Ինչպես և նախատեսված էր Սողոմոնի հոյակերտ տաճարի ճարտարապետական մանրամասն նախագծով, Սրբությունների Սրբությունում երկու հսկայական քերովբեներ կային։ Դրանք պատրաստված էին «սոճու [բռց.՝ «յուղածառի»] փայտից», պատված էին ոսկով, և յուրաքանչյուրն ուներ 10 կանգուն (4,5 մ; 14,6 ֆուտ) բարձրություն (1Թգ 6։23, ծնթ.)։ Երկուսն էլ նայում էին դեպի արևելք, կանգնած էին հյուսիսից հարավ ձգվող գծի վրա, որը ենթադրաբար անցնում էր սենյակի մեջտեղով։ Թեև նրանց միջև հեռավորությունը 10 կանգուն էր, մի քերովբեի թևը սենյակի մեջտեղում դիպչում էր մյուս քերովբեի թևին՝ ամպհովանու պես ծածկելով տապանակն ու դրա ձողերը։ Իսկ յուրաքանչյուր քերովբեի մյուս թևը դիպչում էր պատին, մի քերովբեինը՝ հյուսիսային կողմում, մյուսինը՝ հարավային։ Այսպիսով՝ քերովբեների թևերը տարածվում էին սենյակի ողջ լայնությամբ, որը 20 կանգուն էր (տես ՏԱՃԱՐ)։ Բացի այդ՝ տաճարի պատերին ու դռներին փորագրված էին քերովբեների պատկերներ, որոնք ոսկով էին պատված։ Քերովբեներ էին պատկերված ջրի համար նախատեսված պղնձե սայլերի կողմնապատերի վրա (1Թգ 6։24-35; 7։29-36; 8։6, 7; 1Տգ 28։18; 2Տգ 3։7, 10-14; 5։7, 8)։ Քերովբեներ էին փորագրված նաև Եզեկիելի տեսիլքում ցույց տրված տաճարի պատերին ու դռներին (Եզկ 41։17-20, 23-25)։

Եզեկիելը նկարագրում է նաև մի շարք տեսիլքներ, որոնցում իր տեսած քերովբեները արտասովոր տեսք ունեն։ Սկզբում նա նրանց մասին խոսում է որպես «կենդանի էակների» (Եզկ 1։5-28)։ Իսկ հետո նրանց կոչում է «քերովբեներ» (Եզկ 9։3; 10։1-22; 11։22)։ Այդ վառ տեսիլքներում քերովբեները վայելում են Եհովայի փառահեղ ներկայությունն ու նրա հետ մտերիմ շփումը, ինչպես նաև անդադար ծառայում են նրան։

Իր մարգարեական գրքում Եզեկիելն ասում է, որ պատվեր էր ստացել «Տյուրոսի թագավորի մասին ողբերգ երգել», որում նա թագավորին նկարագրում է որպես փառահեղ պահապան քերովբեի։ Մի ժամանակ այդ քերովբեն «Եդեմում էր՝ Աստծու պարտեզում», բայց զրկվեց իր գեղեցկությունից և դարձավ մոխիր երկրի վրա։ Եզեկիելը գրում է. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «.... Ես օծեցի քեզ՝ պահապան քերովբե նշանակեցի։ Դու Աստծու սուրբ լեռան վրա էիր և կրակոտ քարերի միջով էիր քայլում։ Ստեղծվելուդ օրից գործերդ անարատ էին, մինչև որ սխալ ընթացք բռնեցիր.... Ուստի քեզ՝ պղծվածիդ, ես ցած կնետեմ Աստծու լեռից ու կվերացնեմ։ Ո՛վ պահապան քերովբե, քեզ կրակոտ քարերի միջից կհեռացնեմ»» (Եզկ 28։11-19)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը