Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwbr21 սեպտեմբեր էջ 1–11
  • MWBR21 09 «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • MWBR21 09 «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
  • «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2021)
  • Ենթավերնագրեր
  • ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6–12
  • ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13–19
  • ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20–26
  • ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27– ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3
  • ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4–10
  • ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11–17
  • ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18–24
  • ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25–31
«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2021)
mwbr21 սեպտեմբեր էջ 1–11

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6–12

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ՕՐԵՆՔ 33–34

«Ապաստան փնտրիր Եհովայի «դարավոր բազուկներում»»

it-2, էջ 51

Հեսուրուն

Իսրայելի պատվավոր տիտղոսը։ Հունարեն «Յոթանասնից»-ում «Հեսուրունը» թարգմանվել է «սիրելի» բառով և ջերմության ու կապվածության երանգ է ունեցել։ «Հեսուրուն» անունը իսրայելացիներին պետք է հիշեցներ, որ իրենք Եհովայի հետ ուխտի մեջ էին մտել, ուստի պարտավոր էին ազնիվ և արդար մնալ (2Օր 33։5, 26; Ես 44։2)։ 2 Օրենք 32։15-ում այդ բառը հեգնական երանգ ունի։ «Հեսուրուն» անվան համաձայն ապրելու փոխարեն՝ Իսրայել ազգը համառ դարձավ, հեռացավ իրեն Ստեղծողից և արհամարհեց իր Փրկչին։

rr, էջ 120, շրջանակ

Օգնում է՝ կրկին ոտքի ելնենք

Սա գուցե հիշեցնի մեզ այն, ինչ Եզեկիելի օրերից դարեր առաջ գրեց Մովսես մարգարեն։ Նա ասաց, որ Եհովան ունի ոչ միայն զորություն, այլ նաև ցանկություն՝ իր ուժն օգտագործելու հօգուտ իր ժողովրդի։ Մովսեսը գրեց. «Վաղեմի Աստվածը թաքստոց է, Նրա դարավոր բազուկները աջակցում են քեզ» (2 Օրենք 33։27)։ Այո՛, մենք կարող ենք վստահ լինել, որ եթե նեղության ժամանակ դիմենք Եհովային, նա իր հզոր բազուկներով կգրկի մեզ, քնքշորեն կբարձրացնի և կօգնի, որ կրկին կանգնենք մեր ոտքերի վրա (Եզեկ. 37։10)։

w11 9/15, էջ 19, պրբ. 16

Տոկունությամբ վազիր մրցավազքը

16 Աբրահամի պես՝ Մովսեսն էլ իր կյանքի ընթացքում չտեսավ Աստծու խոստման իրականացումը։ Երբ իսրայելացիները պետք է մտնեին Ավետյաց երկիր, Աստված Մովսեսին ասաց. «Այն երկիրը, որը տալիս եմ Իսրայելի որդիներին, դու հեռվից կտեսնես, բայց չես մտնի այնտեղ»։ Մովսեսին թույլ չտրվեց մտնել Ավետյաց երկիր այն բանի համար, որ նա և Ահարոնը, ժողովրդի ապստամբության պատճառով զայրացած, Մերիբայի ջրերի մոտ «չէին հնազանդվել [Աստծուն] Իսրայելի որդիների մեջ» (2 Օրենք 32։51, 52)։ Արդյոք Մովսեսը վհատվե՞ց կամ բարկացա՞վ։ Ո՛չ։ Նա օրհնեց ժողովրդին և վերջում հետևյալ խոսքերն ասաց. «Երջանի՜կ ես դու, ո՛վ Իսրայել, ո՞վ է քեզ նման։ Դու մի ժողովուրդ ես, որի փրկությունը Եհովան է, նա քո օգնության վահանն է և քո փառահեղ սուրը» (2 Օրենք 33։29)։

Հոգևոր գանձեր

it-2, էջ 439, պրբ. 3

Մովսես

Մովսեսը 120 տարեկան էր, երբ մահացավ։ Աստվածաշունչը հայտնում է, որ Մովսեսը դեռ առույգ էր իր կյանքի վերջում. «Նրա աչքերը չէին տկարացել, և նրա ուժը չէր սպառվել»։ Եհովան նրան մի այնպիսի վայրում թաղեց, որը երբեք ոչ ոք չի գտել (2Օր 34։5–7)։ Հավանաբար Նա դա արեց, որ իսրայելացիները չընկնեն կեղծ երկրպագության ծուղակը՝ Մովսեսի գերեզմանը սրբավայր դարձնելով։ Ակներևաբար Բանսարկուն հենց այդ նպատակով էր ցանկանում օգտագործել Մովսեսի մարմինը, քանի որ Հուդան՝ Հիսուս Քրիստոսի աշակերտն ու եղբայրը, գրել է. «Միքայել հրեշտակապետը, երբ վիճում էր Բանսարկուի հետ Մովսեսի մարմնի համար, չհանդգնեց անարգական խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Եհո՛վան քեզ սաստի»» (Հդ 9)։ Նախքան Հեսուի առաջնորդությամբ Հորդանանն անցնելն ու Քանան մտնելը Իսրայել ազգը 30 օր սգաց Մովսեսի համար (2Օր 34։8)։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13–19

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀԵՍՈՒ 1–2

«Ինչպե՞ս կարող ես քո ճանապարհի մեջ հաջողակ լինել»

w13 1/15, էջ 8, պրբ. 7

Քա՛ջ եղիր. Եհովան քեզ հետ է

7 Ինչպես տեսնում ենք, Աստծու կամքը կատարելու համար քաջություն է պետք, իսկ այդ քաջությունը կարող ենք ստանալ նրա Խոսքից. պարզապես հարկավոր է այն ուսումնասիրել և սովորածը կիրառել։ Երբ Հեսուն նշանակվեց առաջնորդ, Եհովան նրան ասաց. «Քա՛ջ եղիր և շատ զորացի՛ր, որ ամեն ինչ անես այն ամբողջ օրենքի համաձայն, որն իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրեց.... Օրենքի այս գիրքը թող չհեռանա քո բերանից, այլ օր ու գիշեր այն կարդա, որպեսզի ճշգրտորեն կատարես այն ամենը, ինչ որ գրված է այնտեղ. այդ ժամանակ քո ճանապարհի մեջ դու հաջողակ կլինես և իմաստությամբ կգործես» (Հեսու 1։7, 8)։ Հեսուն հետևեց այս խորհրդին, և «նրա ճանապարհը հաջողակ եղավ»։ Եթե մենք նրա պես վարվենք, ապա քաջ և հաջողակ կլինենք Աստծուն ծառայելիս։

w13 1/15, էջ 11, պրբ. 20

Քա՛ջ եղիր. Եհովան քեզ հետ է

20 Այսպիսի անաստված աշխարհում դժվար է ընթանալ Աստծու ճանապարհով։ Բայց մենք աջակիցներ ունենք։ Աստված մեզ հետ է։ Մեզ հետ է նաև նրա Որդին՝ ժողովի գլուխը։ Բացի այդ, ամբողջ աշխարհում մենք ունենք յոթ միլիոն հավատակիցներ։ Եկեք նրանց հետ միասին շարունակենք հավատ դրսևորել և հռչակել բարի լուրը՝ մտքում պահելով 2013թ. տարվա խոսքը. «Քա՛ջ եղիր և զորացի՛ր.... քո Աստված Եհովան քեզ հետ է» (Հեսու 1։9)։

Հոգևոր գանձեր

w04 12/1, էջ 8, պրբ. 6

Ուշագրավ մտքեր «Յեսու» գրքից

2։4, 5 —  Ինչո՞ւ է Ռախաբը մոլորեցնում թագավորի մարդկանց, որոնք փնտրում են հետախույզներին։ Ռախաբը, իր կյանքը վտանգի ենթարկելով, պաշտպանում է հետախույզներին, քանի որ հավատում է Եհովային։ Նա պարտավոր չէ նրանց գտնվելու տեղը հայտնել այն մարդկանց, որոնք մտադիր են վնաս հասցնել Աստծո ժողովրդին (Մատթէոս 7։6; 21։23–27; Յովհաննէս 7։3–10)։ Ըստ էության, Ռախաբն արդար հայտարարվեց իր գործերի հիման վրա, որոնց թվում է նաև թագավորի մարդկանց սխալ ուղղություն ցույց տալը (Յակոբոս 2։24–26)։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20–26

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀԵՍՈՒ 3–5

«Եհովան օրհնում է հավատով արված գործերը»

it-2, էջ 105

Հորդանան

Սովորաբար Գալիլեայի ծովի հարավային մասում Հորդանան գետի խորությունը մոտ 1–3 մետր է (3–10 ֆուտ), իսկ լայնությունը՝ մոտ 27–30 մետր (90–100 ֆուտ)։ Սակայն գարնանը գետը վարարում է և դուրս գալով իր ափերից՝ ավելի լայն ու խորն է դառնում (Հս 3։15)։ Իսրայելացիների համար, որոնց թվում կային կանայք և երեխաներ, վարարած գետն անցնելը վտանգավոր կլիներ, հատկապես Երիքովին մոտ գտնվող հատվածում։ Այդ հատվածում գետի հոսանքն այնքան ուժեղ է, որ մեր օրերում այն անգամ քշել տարել է նրանց, ովքեր փորձել են լողալ։ Բայց Եհովան հրաշքով կանգնեցրեց Հորդանանի ջրերը, որ իսրայելացիները կարողանան չոր հատակի վրայով անցնել այն (Հս 3։14–17)։ Դարեր անց Եհովան այդպիսի հրաշք արեց Եղիայի ու Եղիսեի համար, իսկ հետագայում՝ միայն Եղիսեի (2Թգ 2։7, 8, 13, 14)։

w13 9/15, էջ 16, պրբ. 17

Եհովայի հիշեցումները սրտիդ ցնծությունը դարձրու

17 Ինչպե՞ս է ավելանում մեր վստահությունը Եհովայի հանդեպ, երբ հավատի գործեր ենք անում։ Քննենք աստվածաշնչյան այն դրվագը, երբ իսրայելացիները մտնում էին Ավետյաց երկիր։ Եհովան ուխտի տապանակը տանող քահանաներին պատվիրեց մտնել ուղիղ Հորդանան գետը։ Երբ ժողովուրդը մոտեցավ գետին, որ անցնի, տեսավ, որ այն գարնանային անձրևներից վարարել է։ Ի՞նչ էին անելու իսրայելացիները։ Ճամբա՞ր էին դնելու գետի մոտ՝ մեկ-երկու շաբաթ կամ ավելի երկար սպասելով, որ ջրերի մակարդակն իջնի։ Ո՛չ, նրանք լիովին վստահեցին Եհովային և հետևեցին նրա հրահանգներին։ Արդյունքո՞ւմ։ Կարդում ենք. «Այն պահին, երբ տապանակը կրող քահանաները մոտեցան Հորդանանին և նրանց ոտքերն ընկղմվեցին ջրի եզերքի մեջ», «ջրերի հոսքը դադարեց, և ժողովուրդն անցավ գետը ու դուրս եկավ Երիքովի դիմաց» (Հեսու 3։12–17)։ Պատկերացրու, թե իսրայելացիները որքան սրտապնդվեցին՝ տեսնելով, որ կատաղի ջրերն այլևս չկան։ Այո՛, նրանց հավատը Եհովայի հանդեպ ավելացավ, որովհետև նրանք վստահեցին իրենց Աստծու առաջնորդությանը։

w13 9/15, էջ 16, պրբ. 18

Եհովայի հիշեցումները սրտիդ ցնծությունը դարձրու

18 Ճիշտ է, այսօր Եհովան իր ժողովրդի համար նման հրաշքներ չի անում, բայց նա օրհնում է իր ծառաների հավատի գործերը։ Աստծու գործուն ուժի շնորհիվ նրանք կատարում են իրենց հանձնարարված գործը՝ քարոզել Թագավորության լուրը ամբողջ աշխարհում։ Եհովայի գլխավոր Վկան՝ Հիսուս Քրիստոսը, երբ արդեն հարություն էր առել, իր աշակերտներին հավաստիացրեց, որ աջակցելու է նրանց այս կարևոր գործում։ Նա ասաց. «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք.... Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։19, 20)։ Բազմաթիվ Վկաներ, որոնք ամաչկոտ ու անհամարձակ են եղել, անձամբ են հաստատում, որ Աստծու սուրբ ոգին իրենց քաջություն է տվել խոսելու անծանոթների հետ ծառայության ժամանակ (կարդա՛ Սաղմոս 119։46; 2 Կորնթացիներ 4։7)։

Հոգևոր գանձեր

w04 12/1, էջ 9, պրբ. 1

Ուշագրավ մտքեր «Յեսու» գրքից

5։14, 15 —  Ո՞վ է «Տիրոջ զօրավարը»։ Զորավարը, որ գալիս է Հեսուին զորացնելու այն ժամանակ, երբ սկսվում է Ավետյաց երկրի նվաճումը, ըստ էության, ոչ այլ ոք է, եթե ոչ «Բանը»՝ Հիսուս Քրիստոսը իր մինչմարդկային գոյության ժամանակ (Յովհաննէս 1։1; Դանիէլ 10։13)։ Որքա՜ն ենք զորանում՝ ունենալով հավաստիացում, որ փառաբանված Հիսուս Քրիստոսն այսօր Աստծո ժողովրդի մղած հոգևոր պատերազմում նրա հետ է։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27– ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀԵՍՈՒ 6–7

«Հեռու մնա անարժան բաներից»

w10 4/15, էջ 20, պրբ. 5

Մի՛ նայիր ունայն բաներին

5 Դարեր անց իսրայելացի Աքարը գրավված Երիքով քաղաքում որոշ իրեր տեսավ և գողացավ դրանք։ Մինչդեռ Աստված պատվիրել էր, որ այդ քաղաքում եղող ամեն բան պետք է ոչնչացվի, բացի որոշ իրերից, որոնք պիտի բերվեին Եհովայի գանձարան։ Նա զգուշացրել էր ժողովրդին. «Բայց դուք զգուշանաք նզովուածիցը [որպեսզի ձեր մեջ ցանկություն չառաջանա, ՆԱ]. մի գուցէ որ նզովք բերէք նզովուածիցը առնելով»։ Երբ Աքարը գողացավ այդ իրերը, Իսրայել ժողովուրդը խայտառակ պարտություն կրեց Գայի քաղաքի բնակիչների կողմից, որոշ թվով մարդիկ էլ սպանվեցին։ Սակայն Աքարը չհայտնեց իր արարքի մասին այնքան ժամանակ, մինչև որ այն չբացահայտվեց։ Նա խոստովանեց. «Տեսայ, եւ նորանց ցանկանալով առայ»։ Աչքերի ցանկությունը կործանեց այդ իսրայելացուն և «նորա ամեն բանը» (Յեսու 6։18, 19; 7։1–26)։ Աքարն իր սրտում ցանկացավ այն, ինչն արգելված էր։

w97 8/15, էջ 28, պրբ. 2

Ինչու պետք է հայտնել սխալ արարքի մասին

Կարևոր է հայտնել սխալ արարքի մասին, քանի որ դա նպաստում է ժողովի մաքրությանը։ Եհովան մաքուր և սուրբ Աստված է։ Նա պահանջում է, որ բոլոր իրեն պաշտողները հոգևորապես և բարոյապես մաքուր լինեն։ Նրա ներշնչյալ Խոսքում ասվում է. «Որպես հնազանդ զավակներ՝ այլևս մի՛ վարվեք այն ցանկություններով, որոնք նախկինում ունեիք, երբ չէիք ճանաչում Աստծուն, այլ ձեզ կանչող Սրբի պես՝ դուք էլ սուրբ եղեք ամեն ինչում, որովհետև գրված է. «Սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ»» (1 Պետրոս 1։14–16)։ Եթե ժողովը չխրատի կամ չհեռացնի անմաքուր ու մեղսածին գործեր անող մարդուն, նա կարող է անարգանք բերել ողջ ժողովի վրա և պատճառ լինել, որ այն զրկվի Եհովայի հավանությունից (համեմատիր Հեսու 7-րդ գլխի հետ)։

w10 4/15, էջ 21, պրբ. 8

Մի՛ նայիր ունայն բաներին

8 Ճշմարիտ քրիստոնյաների վրա նույնպես կարող են ազդել «աչքերի ցանկությունն» ու «մարմնի ցանկությունը»։ Այդ պատճառով Աստծու Խոսքը քաջալերում է մեզ, որ ինքնատիրապետում մշակենք (1 Կորնթ. 9։25, 27; կարդա՛ 1 Հովհաննես 2։15–17)։ Արդար մարդ Հոբը գիտակցում էր, որ սերտ կապ գոյություն ունի տեսնելու և ցանկանալու միջև։ Ահա թե ինչ ասաց նա. «Ուխտ արի աչքերիս հետ, որ կոյսի վերայ չ’մտածեմ» (Յոբ 31։1)։ Հոբը ոչ միայն մերժեց անմաքուր նպատակներով դիպչել որևէ կնոջ, այլև թույլ չտվեց, որ իր գլխում անգամ նման միտք ծագի։ Հիսուսը նույնպես նշեց, որ հարկավոր է միտքը մաքուր պահել, երբ ասաց. «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում» (Մատթ. 5։28)։

Հոգևոր գանձեր

w15 11/15, էջ 13, պրբ. 2–3

Ընթերցողների հարցերը

Հին ժամանակներում զավթիչները բերդաքաղաքները գրավելու համար սովորաբար պաշարում էին դրանք։ Եվ անկախ նրանից, թե պաշարումը որքան երկար էր տևում, քաղաքը գրավելուց հետո նրանք կողոպտում էին այն՝ վերցնելով դրա հարստությունը, այդ թվում՝ մնացած մթերքը։ Բայց Երիքովի ավերակներում հնագետները մեծ քանակությամբ մթերք են հայտնաբերել։ Աստվածաշնչյան հնագիտության մասին մի հանդեսում այս առնչությամբ ասվում է. «Կավե իրերից բացի, ավերակների մեջ ամենից շատ հայտնաբերված բաներից էր ցորենը.... Պաղեստինյան հնագիտության արձանագրություններում դա եզակի երևույթ է։ Թերևս մեկ կամ երկու սափոր ցորեն հայտնաբերվի, բայց ոչ այդքան մեծ քանակությամբ. դա բացառիկ բան է» (Biblical Archaeology Review)։

Աստվածաշնչյան արձանագրությունից իմանում ենք, որ իսրայելացիները Երիքով քաղաքի ցորենը որպես ավար չէին վերցրել. նրանք հիմնավոր պատճառ ունեին այդպես վարվելու համար, քանի որ Եհովան էր նրանց նման պատվեր տվել (Հեսու 6։17, 18)։ Իսրայելացիները գարնանն են հարձակվել քաղաքի վրա՝ հնձի շրջանից անմիջապես հետո, երբ ցորենի առատ պաշարներ կային (Հեսու 3։15–17; 5։10)։ Այն փաստը, որ Երիքովում շատ ցորեն էր մնացել, ցույց է տալիս, որ իսրայելացիները կարճ ժամանակով են պաշարել քաղաքը, ինչպես որ նշում է Աստվածաշունչը։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4–10

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀԵՍՈՒ 8–9

«Դասեր՝ գաբաոնացիների մասին արձանագրությունից»

it-1, էջ 930–931

Գաբաոն, գաբաոնացիներ

Հեսուի օրերում։ Հեսուի ժամանակներում Գաբաոնը բնակեցված էր խևացիներով (սա մեկն է Քանանի այն յոթ ազգերից, որոնք պետք է կործանման մատնվեին) (2Օր 7։1, 2; Հս 9։3–7)։ Գաբաոնացիները նաև կոչվում էին ամորհացիներ, քանի որ, ըստ երևույթին, այդպես էին կոչում բոլոր քանանացիներին (2Սմ 21։2; համեմատիր Ծն 10։15–18; 15։16)։ Ի տարբերություն մյուս քանանացիների՝ գաբաոնացիները, չնայած հզոր բանակ և մեծ քաղաք ունեին, գիտակցում էին, որ կպարտվեն պատերազմում, քանի որ Իսրայելի թիկունքին Եհովան է կանգնած։ Այդ իսկ պատճառով Երիքովի և Գայիի կործանումից հետո գաբաոնացիները, որոնք ներկայացնում էին նաև խևացիների երեք այլ քաղաքներ՝ Կեֆիրա, Բեերոթ, Կարիաթարիմ (Հս 9։17), խաղաղություն հաստատելու նպատակով պատվիրակություն ուղարկեցին Գաղգաղա՝ Հեսուի մոտ։ Գաբաոնացիների ներկայացուցիչները մաշված հագուստներ և կարկատած սանդալներ էին հագել, պատառոտված գինու տկեր և մաշված պարկեր էին վերցրել, իսկ նրանց պաշարի ամբողջ հացը չորացած ու փշրված էր։ Նրանք ասացին, որ հեռավոր երկրից են եկել, հետևաբար այն տարածքից չեն, որ իսրայելացիները պատրաստվում են գրավել։ Գաբաոնացիները ընդունեցին, որ Եհովան է հարվածել Եգիպտոսին և ամորհացիների թագավորներին՝ Սեհոնին ու Օգին։ Բայց իմաստություն դրսևորելով՝ չհիշատակեցին Երիքովին և Գայիին պատահածի մասին, քանի որ այդ տեղեկությունը մինչև նրանց ճանապարհ ընկնելը չէր կարող հասած լինել այն «հեռու երկիր», որտեղից նրանք իբրև եկել էին։ Իսրայելացիները ստուգեցին ներկայացված փաստերը, հավատացին գաբաոնացիներին և ուխտ կապեցին, որ ողջ կթողնեն նրանց (Հս 9։3–15)։

w11 11/15, էջ 8, պրբ. 14

«Քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր»

14 Լինելով անկատար՝ բոլորս, նույնիսկ փորձառու երեցները պետք է զգոն լինենք, որ որոշումներ կայացնելիս չմոռանանք Եհովային դիմել առաջնորդության համար։ Ուշադրություն դարձրու, թե Մովսեսի հետնորդը՝ Հեսուն, և Իսրայելի երեցները ինչպես արձագանքեցին, երբ գաբաոնացիները, խորագիտություն բանեցնելով, եկան նրանց մոտ ու թաքցնելով իրենց ինքնությունը՝ ձևացրին, թե եկել են հեռավոր երկրից։ Առանց Եհովային հարցնելու՝ Հեսուն և իր հետ եղող մարդիկ որոշում կայացրին ու խաղաղություն հաստատեցին՝ ուխտ կապելով նրանց հետ։ Թեև Եհովան լիովին թիկունք կանգնեց այդ ուխտին, սակայն հոգ տարավ, որ այս մասին գրի առնվի Աստվածաշնչում մեր օգտի համար (Հեսու 9։3–6, 14, 15)։

w04 10/15, էջ 18, պրբ. 14

«Այդ երկրումը ման եկ»

14 Այդ ներկայացուցիչներն ասացին. «Քո ծառաները շատ հեռու երկրից ենք գալիս քո Եհովայ Աստուծոյ անունի համար» (Յեսու 9։3–9)։ Նրանց հագուստներն ու սննդի պաշարները կարծես թե հաստատում էին, որ նրանք իրոք հեռվից էին եկել, բայց իրականությունն այն էր, որ Գաբավոնը մոտ 30 կիլոմետր էր հեռու Գաղգաղայից։ Հավատալով նրանց՝ Հեսուն և իշխանները խաղաղության դաշինք կապեցին Գաբավոնի ու հարևան քաղաքների հետ։ Արդյո՞ք գաբավոնացիները խորամանկության դիմեցին զուտ ոչնչացումից խուսափելու համար։ Իհարկե ոչ։ Նրանք այդ քայլին դիմեցին, որովհետև ցանկանում էին իսրայելացիների Աստծո հավանությանն արժանանալ։ Եհովան չմերժեց գաբավոնացիներին, և նրանք դարձան ‘փայտ կտրողներ և ջրկիրներ’ և վառելափայտ մատակարարողներ «ժողովքի եւ Տիրոջ սեղանի համար» (Յեսու 9։11–27)։ Գաբավոնացիները չդադարեցին պատրաստակամորեն աննշան գործեր կատարել Եհովայի ծառայության մեջ։ Հավանաբար, նրանցից ոմանք այն նաթանայիմներից էին, որոնք վերադարձան Բաբելոնից ու ծառայում էին վերակառուցված տաճարում (Եզրաս 2։1, 2, 43–54; 8։20)։ Մենք կարող ենք ընդօրինակել նրանց տրամադրվածությունը՝ խաղաղություն պահպանելով Աստծո հետ ու պատրաստ լինելով կատարել նույնիսկ աննշան առաջադրանքներ Աստծուն մատուցվող ծառայության մեջ։

Հոգևոր գանձեր

it-1, էջ 1030

Կախել

Եհովայի տված օրենքի համաձայն՝ որոշ մեղսագործների մահվան մատնելուց հետո բոլորի աչքի առաջ կարող էին ցցից կախել՝ որպես «Աստծու կողմից» անիծված։ Դա նախազգուշացում էր ժողովրդի համար։ Մինչև մութն ընկնելը դիակը պետք է իջեցնեին ցցից և թաղեին։ Եթե դիակը ողջ գիշեր ցցից կախված մնար, կպղծեր երկիրը, որը Աստված տվել էր իսրայելացիներին (2Օր 21։22, 23)։ Աստծու ժողովուրդը հետևում էր այս կանոնին, անգամ եթե մահվան մատնված մեղսագործը իսրայելացի չէր (Հս 8։29; 10։26, 27)։

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

it, «Ուխտ», պրբ. 1–3, 34

Ուխտ

Որևէ բան անելու կամ չանելու համաձայնություն երկու կամ ավելի կողմերի միջև, պայմանագիր, դաշինք։ Եբրայերեն բերիթ բառը, որի ստուգաբանությունը հստակ չէ, Եբրայերեն Գրություններում հանդիպում է ավելի քան 280 անգամ, որոնցից 80-ից ավելին՝ Մովսեսի հինգ գրքերում։ Այդ բառի հիմնական նշանակությունն է «ուխտ», որը համարժեք է ժամանակակից իրավաբանական «պայմանագիր» տերմինին։ Դա երևում է սեպագիր տախտակներից, որ 1927 թ.-ին գտնվել են Կատնայում՝ հին ոչ իսրայելական Եմաթ քաղաքի հարավ-արևելքում։ «Երկու տախտակների [գտնված 15-ից] բովանդակությունը պարզ է։ Ա տախտակի վրա կա անունների ցուցակ.... Բ տախտակի վրա կա մթերքների ցուցակ.... Այսպիսով՝ Ա ցուցակը պայմանագիր է, ըստ որի՝ դրանում նշված մարդիկ.... համաձայնում են ինչ-որ մեկի մոտ ծառայության անցնել կամ կատարել որոշակի պարտականություններ։ Բ ցուցակը, որը գրել է նույն գրագիրը, ցույց է տալիս, թե ինչպիսին է այդ պայմանագրի բնույթը։ Իրենց կատարած ծառայությունների դիմաց մարդիկ պետք է որոշակի մթերքներ ստանային.... Իսրայելական բերիթ («ուխտ») հասկացությունը յահվեական աստվածաբանության հիմնական հասկացություններից էր։ Դա այդ բառի գործածման մասին առաջին ոչ աստվածաշնչյան գրավոր վկայությունն է. այն արվել է մ. թ. ա. տասնչորսերորդ դարի առաջին երեք տասնամյակից ոչ ուշ» (Bulletin of the American Schools of Oriental Research, February 1951, p. 22)։

Քրիստոնեական Հունարեն Գրություններում գործածվում է դիաթիկի բառը, որը տարբեր թարգմանություններում թարգմանվել է «ուխտ», «կտակ», «կտակարան» բառերով։ Սակայն մի հանրագիտարանում «Ուխտ» վերնագրի տակ ասվում է. «Թերևս կարիք չկա նոր բառ ներմուծելու [«ուխտ» բառից բացի], որը նոր գաղափար կհաղորդի։ «Յոթ[անասնից]»-ում [բերիթ] բառը (որը երբեք չի նշանակում կտակ կամ կտակարան, այլ միշտ նշանակում է ուխտ կամ համաձայնություն) ողջ ՀԿ-ում հետևողականորեն թարգմանված է [դիաթիկի] բառով։ Տրամաբանական է ենթադրել, որ ՆԿ գրողները, որդեգրելով այդ բառը, նպատակ ունեին իրենց ընթերցողներին, որոնցից շատերը ծանոթ էին հունարեն ՀԿ-ին, նույն գաղափարը հաղորդելու։ Ավելին, ՆԿ-ում մեծ մասամբ խոսվում է այն նույն բանի մասին, ինչը ՀԿ-ում կոչվում է «ուխտ» (բերիթ) (օր.՝ 2 Կորնթ. iii, 14; Եբր. vii, ix; Հայտն. xi, 19)։ Թեև հունարենում նույն համատեքստում գործածվում է մեկ բառ, որը մեկ իմաստ է հաղորդում, անգլերենում [KJ-ում] նույն համատեքստում գործածվում են երբեմն «ուխտ», երբեմն էլ «կտակարան» բառերը (Եբր. vii, 22; viii, 8-13; ix, 15)» (J. M’Clintock, J. Strong, Cyclopædia, 1891; տե՛ս նաև ՆԱ, հավելված, էջ 2007, 2008)։

«Եբրայեցիներ» գիրքը գրողը բազմիցս (Եբ 7։22; 8։6, 8, 9, 10; 9։4, 15, 16, 17, 20) գործածել է դիաթիկի բառը, անկասկած, խոսելով ուխտի մասին այն իմաստով, ինչ իմաստով որ այն գործածվել է հին եբրայերենում։ Նա նույնիսկ մեջբերել է Երեմիա 31։31–34-ից և հիշատակել «ուխտի տապանակի» մասին։ Հունարեն «Յոթանասնից»-ում «Երեմիա» գրքի այդ համարներում դիաթիկի բառով թարգմանված է եբրայերեն բերիթ բառը, որը նշանակում է «ուխտ»։ Իսկ Եբրայեցիներ 9։20-ում մեջբերված է Ելք 24։6–8-ը, որտեղ անժխտելիորեն խոսվում է ուխտի մասին։

Ուրիշ ուխտեր։ ա) Հեսուի գլխավորությամբ Իսրայելի տոհմապետների ուխտը Գաբաոն քաղաքի բնակիչների հետ, համաձայն որի՝ նրանց պետք է ողջ թողնեին։ Թեպետ գաբաոնացիները անիծված քանանացիներ էին, որոնց իսրայելացիները պետք է ոչնչացնեին, սակայն ուխտն այնքան պարտավորեցնող էր, որ իսրայելացիները թույլ տվեցին նրանց ապրել։ Այնուամենայնիվ, անեծքը կատարվեց. Գաբաոնի բնակիչներն Իսրայելի ժողովի համար դարձան փայտ հավաքողներ ու ջուր հանողներ (Հս 9։15, 16, 23–27)։ բ) Հեսուի ուխտն Իսրայելի հետ, համաձայն որի՝ նրանք ծառայելու էին Եհովային (Հս 24։25, 26)։ գ) Մասփայում Գաղաադի երեցների ուխտը Հեփթայեի հետ, համաձայն որի՝ եթե Եհովան հաղթանակ տար նրան ամմոնացիների դեմ պատերազմում, նա կդառնար Գաղաադի բնակիչների գլուխը (Դտ 11։8–11)։ դ) Հովնաթանի ու Դավթի միջև ուխտը (1Սմ 18։3; 23։18)։ ե) Հովիադա քահանայի ուխտը կարիական թիկնապահների և սուրհանդակների գլուխների հետ (2Թգ 11։4; 2Տգ 23։1–3)։ զ) Իսրայելի ուխտը Եհովայի հետ, համաձայն որի՝ ժողովուրդը արձակելու էր օտարազգի կանանց (Եզր 10։3)։ է) Եհովայի խոստումը իր ծառային ժողովրդի համար ուխտ դարձնելու մասին (Ես 42։6; 49։8)։ ը) Քեբրոնում Դավթի ուխտը Իսրայելի բոլոր երեցների հետ (1Տգ 11։3)։ թ) Ասայի իշխանության օրոք ժողովրդի ուխտը, համաձայն որի՝ Եհովային փնտրելու էր իր ամբողջ սրտով ու ամբողջ հոգով (2Տգ 15։12)։ ժ) Հովսիայի ուխտը Եհովայի հետ, համաձայն որի՝ նա պահելու էր նրա պատվիրանները՝ կատարելով Օրենքում գրվածները (2Տգ 34։31)։ ի) Երուսաղեմում իշխող «պարծենկոտների» «ուխտը.... Մահվան հետ», որին ապավինելով՝ նրանք սխալմամբ մտածում էին, թե իրենց ոչինչ չի պատահի (Ես 28։14, 15, 18)։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11–17

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀԵՍՈՒ 10–11

«Եհովան էր պատերազմում Իսրայելի համար»

it-1, էջ 50

Ադոնիսեդեկ

Երուսաղեմի թագավորը, որն իշխել է այն ժամանակ, երբ իսրայելացիները նվաճում էին Ավետյաց երկիրը։ Ադոնիսեդեկը միացավ Հորդանանի արևմուտքում գտնվող փոքր թագավորություններին, որ համատեղ ուժերով պայքարեն Հեսուի զորքի դեմ (Հս 9։1–3)։ Բայց Գաբաոնում բնակվող խևացիները խաղաղություն էին կնքել Հեսուի հետ։ Ուստի Ադոնիսեդեկը ամորհացիների չորս ուրիշ թագավորների հետ պաշարեց Գաբաոնը և սկսեց պատերազմել նրանց դեմ։ Նրա նպատակն էր պատժել գաբաոնացիներին և թույլ չտալ, որ ուրիշներն էլ անցնեին թշնամու կողմը։ Երբ Հեսուն ապշեցուցիչ ձևով ազատեց գաբաոնացիներին և ջախջախեց հակառակորդի միացյալ ուժերը, հինգ թագավորները փախան Մակեդա ու թաքնվելով քարայրի մեջ՝ հայտնվեցին ծուղակում։ Հեսուն իր ողջ զորքի առաջ սպանեց Ադոնիսեդեկին և մյուս չորս թագավորներին ու նրանց կախեց ցցերից։ Իսկ հետո դիերը ցած իջեցրին ու նետեցին քարանձավի մեջ, ինչն էլ դարձավ նրանց գերեզմանը (Հս 10։1–27)։

it-1, էջ 1020

Կարկուտ

Զենք՝ Եհովայի ձեռքում։ Կարկուտը բնության այն երևույթներից մեկն է, որը Եհովան երբեմն օգտագործել է իր խոսքը կատարելու և իր ահազդու զորությունը դրսևորելու համար (Սղ 148։1, 8; Ես 30։30)։ Աստվածաշնչում արձանագրված այդպիսի դեպքերից առաջինը Եգիպտոսի վրա եկած յոթերորդ պատուհասն է. ավերիչ կարկուտը կործանեց բուսականությունը, ջարդեց ծառերը և սպանեց դաշտում գտնվող մարդկանց ու կենդանիներին, սակայն չվնասեց Գեսեմում բնակվող իսրայելացիներին (Ելք 9։18–26; Սղ 78։47, 48; 105։32, 33)։ Ավելի ուշ, երբ Ավետյաց երկրում իսրայելացիները Հեսուի առաջնորդությամբ օգնության հասան գաբաոնացիներին, որոնց վրա հարձակվել էր ամորհացիների հինգ թագավորների միավորված բանակը, Եհովան կարկուտ բերեց թշնամիների վրա։ Այդ պատերազմում կարկուտի քարերից մեռածներն ավելի շատ էին, քան իսրայելացիների սրից ընկածները (Հս 10։3–7, 11)։

w04 12/1, էջ 11, պրբ. 1

Ուշագրավ մտքեր «Յեսու» գրքից

10։13 — Ինչպե՞ս է հնարավոր այդպիսի արտասովոր երևույթ։ Երկնքի ու երկրի Արարչի՝ «Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք» (Ծննդոց 18։14)։ Եթե Եհովան ցանկանա, կարող է երկրագնդի շարժման վրա այնպես ազդել, որ արեգակն ու լուսինը երկրից դիտողի աչքին անշարժ թվան։ Կամ նա կարող է, չմիջամտելով երկրագնդի ու լուսնի շարժմանը, արևի ճառագայթներն ու լուսնից եկող լույսը այնպես բեկել, որ այս երկու լուսատուները չդադարեն լույս տալուց։ Ինչևէ, «նորա պէս օր չ’եղաւ» մարդկության պատմության ընթացքում (Յեսու 10։14)։

Հոգևոր գանձեր

w09 3/15, էջ 32, պրբ. 5

Ընթերցողների հարցերը

Այն փաստը, որ որոշ գրքեր հիշատակվում են Աստվածաշնչում, և որ դրանք օգտակար աղբյուրներ են եղել, չի նշանակում, որ այդ գրքերը ներշնչված են եղել Աստծու կողմից։ Սակայն Եհովա Աստված պահպանել է «[իր] խօսքը» պարունակող բոլոր գրությունները, և դրանք «կմնան հավիտյան» (Ես. 40։8)։ Այո՛, բոլոր 66 գրքերը, որ Եհովայի կամքով մտել են Սուրբ Գրությունների մեջ, հենց այն գրքերն են, որոնց շնորհիվ մենք կարող ենք լինել «լիովին իրազեկ և ամբողջովին պատրաստված՝ ցանկացած բարի գործի համար» (2 Տիմոթ. 3։16, 17)։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18–24

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀԵՍՈՒ 12–14

«Ամբողջ սրտով հնազանդվիր Եհովային»

w04 12/1, էջ 12, պրբ. 2

Ուշագրավ մտքեր «Յեսու» գրքից

14։10–13. Թեև Քաղեբն արդեն 85 տարեկան է, նա խնդրում է, որ իրեն տան Քեբրոնի շրջանը թշնամուց ազատելու դժվարին հանձնարարությունը։ Այս վայրերում ապրում են ենակիմները, որոնք անսովոր ֆիզիկական տվյալներ ունեն։ Եհովայի օգնությամբ այս փորձված ռազմիկը հաջողության է հասնում, և Քեբրոնը դառնում է ապաստանի քաղաք (Յեսու 15։13–19; 21։11–13)։ Քաղեբի օրինակը խրախուսում է մեզ խույս չտալ դժվար աստվածապետական հանձնարարություններից։

w06 10/1, էջ18, պրբ. 11

Քաջ՝ շնորհիվ հավատի և աստվածավախության

11 Այդպիսի հավատը շարունակում է զարգանալ։ Այն աճում է, երբ ճշմարտությունը կիրառում ենք մեր կյանքում, ‘ճաշակում’ ենք նրա օգուտները, ‘տեսնում’ մեր աղոթքների պատասխանները և շատ ուրիշ կերպերով զգում Եհովայի առաջնորդությունը (Սաղմոս 34։8; Ա Յովհաննէս 5։14, 15)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Հեսուի և Քաղեբի հավատը է՛լ ավելի ամրացավ, երբ նրանք ճաշակեցին Աստծու բարությունը (Յեսու 23։14)։ Ուշադրություն դարձրու, որ նրանք անապատում շրջեցին 40 տարի և կենդանի մնացին, ինչպեսև Աստված խոստացել էր (Թուոց 14։27–30; 32։11, 12)։ Հեսուն ու Քաղեբը ակտիվորեն մասնակցեցին Քանանը գրավելու պատերազմներին, որոնք տևեցին վեց տարի։ Նրանք ապրեցին երկար և քաջառողջ, ինչպես նաև ժառանգություն ստացան Ավետյաց երկրում։ Որքա՜ն է Եհովան օրհնում նրանց, ովքեր հավատարմորեն և քաջաբար ծառայում են իրեն (Յեսու 14։6, 9–14; 19։49, 50; 24։29)։

Հոգևոր գանձեր

it-1, էջ 902–903

Գեբալ, գեբալացիներ

Եհովան «գեբալացիների երկիրը» ներառել էր այն տարածքների թվում, որոնք Հեսուի օրերում իսրայելացիները պետք է նվաճեին (Հս 13։1–5)։ Քննադատները պնդում են, որ դա անհամապատասխանություն է, քանի որ Գեբալ քաղաքը Իսրայելից շատ հեռու էր գտնվում (Դանից մոտ 100 կմ (60 մղոն) հյուսիս) և հավանաբար երբեք էլ չի եղել Իսրայելի տիրապետության տակ։ Որոշ աստվածաշնչագետներ ենթադրում են, որ եբրայերեն տեքստի այդ հատվածը վնասված է եղել։ Նրանք կարծում են, որ բնագիր տեքստում գրված է եղել՝ «Լիբանանի մոտ գտնվող երկիր» կամ «մինչև գեբալացիների սահմանը»։ Սակայն պետք է հիշել, որ Եհովայի խոստումը՝ գրված Հեսու 13։2–7-ում, կիրականանար մի պայմանով։ Հավանաբար իսրայելացիների անհնազանդության պատճառով էր, որ Գեբալը այդպես էլ երբեք նրանցը չդարձավ (համեմատիր Հս 23։12, 13)։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25–31

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀԵՍՈՒ 15–17

«Պաշտպանիր թանկ ժառանգությունդ»

it-1, էջ 1083, պրբ. 3

Քեբրոն

Իսրայելացիները Քանանի հարավում շարունակում էին իրենց ռազմարշավները։ Քեբրոնի բնակիչներին, այդ թվում՝ նրանց թագավորին (հավանաբար Հոհամին հաջորդած թագավորը) իսրայելացիները կործանման մատնեցին (Հս 10։36, 37)։ Թեպետ Հեսուի առաջնորդությամբ իսրայելացիները պարտության մատնեցին քանանացիների զորքերին, սակայն գրավված տարածքներում այդ ժամանակ պահակագնդեր չնշանակեցին։ Հավանաբար մինչ նրանք պատերազմ էին մղում այլ վայրերում, ենակիմները վերադարձան Քեբրոն ու բնակություն հաստատեցին այնտեղ։ Այդ պատճառով որոշ ժամանակ անց Քաղեբը (կամ Հուդայի որդիները Քաղեբի առաջնորդությամբ) ստիպված էր կրկին գրավել քաղաքը (Հս 11։21–23; 14։12–15; 15։13, 14; Դտ 1։10)։ Քեբրոնը, որը սկզբում տրվել էր Քաղեբին (Հուդայի ցեղից), հետագայում սրբացվեց, դարձավ ապաստանի քաղաք և տրվեց քահանաներին։ Սակայն Քեբրոնի «դաշտերն ու նրա շրջակա ավանները» մնացին Քաղեբին որպես ժառանգական կալվածք (Հս 14։13, 14; 20։7; 21։9–13)։

it-1, էջ 848

Ստրկական աշխատանք

Ակներևաբար աստվածաշնչյան ժամանակներում «ստրկական աշխատանքը» (եբր.՝ մաս) շատ տարածված էր։ Հաճախ ստրկական աշխատանք էին կատարում պատերազմում պարտված ազգերը (2Օր 20։11; Հս 16։10; 17։13; Եսթ 10։1; Ես 31։8; Ողբ 1։1)։ Իսրայելացիները նույնպես ստրկական աշխատանք էին կատարում Եգիպտոսում։ Նրանք եգիպտացիների խիստ հսկողության տակ ստիպված էին կառուցել Փիթոմ և Ռամսես քաղաքները որպես պահեստներ (Ելք 1։11–14)։ Ավելի ուշ՝ Ավետյաց երկիր մտնելուց հետո, իսրայելացիները չվարվեցին Եհովայի պատվերի համաձայն ու չվռնդեցին Քանանի բոլոր ազգերին։ Փոխարենը՝ ստիպեցին, որ նրանք ստրկական աշխատանք անեն։ Դա շատ վատ հետևանքներ ունեցավ. իսրայելացիները մխրճվեցին կեղծ երկրպագության ճահիճը (Հս 16։10; Դտ 1։28; 2։3, 11, 12)։ Հետագայում Սողոմոն թագավորը նույնպես հարկադիր աշխատանքի դրեց այդ քանանացիների՝ ամորհացիների, քետացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների սերունդներին (1Թգ 9։20, 21)։

it-1, էջ 402, պրբ. 3

Քանան, քանանացի

Երբ իսրայելացիները գրավեցին երկիրը, շատ քանանացիներ ողջ մնացին և չհպատակվեցին նրանց։ Այդուհանդերձ կարելի է ասել, որ «Եհովան Իսրայելին տվեց ամբողջ երկիրը, որ նա երդվել էր տալ նրանց նախահայրերին», և «ամեն կողմից հանգստություն տվեց», ու «ոչ մի խոստում առանց կատարվելու չմնաց այն ամեն բարի խոստումներից, որ Եհովան տվել էր Իսրայելի տանը. բոլորը կատարվեցին» (Հեսու 21։43–45)։ Հարևան թշնամի ազգերը վախով էին համակված և մեծ վտանգ չէին ներկայացնում իսրայելացիների համար։ Ավելի վաղ Եհովան ասել էր, որ քանանացիներին «աստիճանաբար» է քշելու, որպեսզի ամայացած երկրում դաշտի գազանները չշատանան (Ելք 23։29, 30; 2Օր 7։22)։ Ճիշտ է, քանանացիները ավելի լավ սպառազինություն ունեին, այդ թվում՝ երկաթե գերանդիներով մարտակառքեր, բայց դա չէր պատճառը, որ իսրայելացիները որոշ տարածքներ չկարողացան գրավել, և այդ պարտությունները չի կարելի վերագրել Եհովային ու ասել, թե նա չի պահել իր խոստումը (Հս 17։16–18; Դտ 4։13)։ Արձանագրությունները ցույց են տալիս, որ իսրայելացիների այդ հազվադեպ պարտությունները իրենց իսկ անհնազանդության հետևանքն էին (Թվ 14։44, 45; Հս 7։1–12)։

Հոգևոր գանձեր

w15 7/15, էջ 32

Գիտեի՞ք արդյոք

Արդյոք հին Իսրայելը անտառաշա՞տ է եղել, ինչպես նշում է Աստվածաշունչը

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ հայտնում է, որ Ավետյաց երկրի որոշ տարածքներ անտառապատ էին և «առատ» էին ծառերով (1 Թագ. 10։27; Հեսու 17։15, 18)։ Այնուամենայնիվ, տեսնելով, որ երկրի մեծ մասն այսօր անտառազուրկ է՝ սկեպտիկները կասկածում են, որ այն երբևէ անտառաշատ է եղել։

«Իսրայելացիների կյանքը աստվածաշնչյան ժամանակներում» գրքում նշվում է, որ «հնում Իսրայելի անտառներն ավելի ընդարձակ էին, քան այսօր» (Life in Biblical Israel)։ Բարձրավանդակները հիմնականում ծածկված էին սոճու, կաղնու և պիստակենու որոշ տեսակներով (Pinus halepensis, Quercus calliprinos, Pistacia palaestina)։ Շեֆելան՝ այն տարածքը, որը ներառում է կենտրոնական լեռնային շրջանի և Միջերկրական ծովի ավազանի մեջտեղում գտնվող նախալեռները, առատ էր նաև ժանտաթզենիներով (Ficus sycomorus)։

«Աստվածաշնչի բույսերը» գրքում նշվում է, որ Իսրայելի որոշ տարածքներ այժմ ամբողջովին ծառազուրկ են։ Ի՞նչն է հանգեցրել դրան։ Բացատրելով, որ դա աստիճանական պրոցես է՝ գիրքն ասում է. «Մարդը անընդհատ խառնվել է բնական բուսականության աճին, գլխավորապես այն նպատակով, որ ընդլայնի իր գյուղատնտեսական տարածքներն ու արոտավայրերը, ինչպես նաև փայտը որպես շինանյութ և վառելանյութ օգտագործելու համար» (Plants of the Bible)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը