Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwbr22 հուլիս էջ 1–9
  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
  • «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2022)
  • Ենթավերնագրեր
  • ՀՈՒԼԻՍԻ 4–10
  • ՀՈՒԼԻՍԻ 11–17
  • ՀՈՒԼԻՍԻ 18–24
  • ՀՈՒԼԻՍԻ 25–31
  • ՕԳՈՍՏՈՍԻ 1–7
  • ՕԳՈՍՏՈՍԻ 8–14
  • ՕԳՈՍՏՈՍԻ 15–21
  • ՕԳՈՍՏՈՍԻ 22–28
  • ՕԳՈՍՏՈՍԻ 29–ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4
«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2022)
mwbr22 հուլիս էջ 1–9

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

ՀՈՒԼԻՍԻ 4–10

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ՍԱՄՈՒԵԼ 18–19

«Բերզելի. համեստության օրինակ»

w07 7/15, էջ 14, պրբ. 5

Բերզելի. մարդ, որը գիտակցում էր իր սահմանափակ կարողությունները

Անշուշտ, Դավիթը բարձր էր գնահատում Բերզելիի օգնությունը։ Ըստ ամենայնի, թագավորը, ասելով այդ խոսքերը, ուզում էր պարգևատրել Բերզելիին և ոչ թե պարզապես նյութականով փոխհատուցել նրա արած բարությունը։ Բերզելին հարուստ էր և այդպիսի օժանդակության կարիք չուներ։ Դավիթը թերևս ցանկանում էր, որ Բերզելին լիներ արքունիքում, քանի որ վերջինս հրաշալի հատկություններ ուներ։ Բերզելիի համար մեծ պատիվ կլիներ ապրել պալատում և վայելել թագավորի ընկերակցությունը։

w07 7/15, էջ 14, պրբ. 7

Բերզելի. մարդ, որը գիտակցում էր իր սահմանափակ կարողությունները

Պատճառներից մեկը կարող էր լինել այն, որ Բերզելին տարեց էր։ Նա գուցե զգում էր, որ երկար չի ապրելու (Սաղմոս 90։10)։ Բերզելին ամեն բան արել էր Դավթին աջակցելու համար, բայց նաև գիտակցում էր, որ տարիքի պատճառով իր հնարավորությունները սահմանափակ են։ Նա թույլ չտվեց, որ դիրք ու հեղինակություն ունենալու միտքը իրեն խանգարի իրատեսորեն գնահատելու իր կարողությունները։ Ի տարբերություն փառասեր Աբիսողոմի՝ Բերզելին իմաստնորեն համեստություն դրսևորեց (Առակաց 11։2)։

w07 7/15, էջ 15, պրբ. 1–2

Բերզելի. մարդ, որը գիտակցում էր իր սահմանափակ կարողությունները

Բերզելիի օրինակն ընդգծում է հավասարակշռված լինելու կարևորությունը։ Մի կողմից՝ մենք չպետք է խուսափենք ծառայության առանձնաշնորհում ստանձնելու առաջարկն ընդունելուց կամ դրան ձգտելուց այն պատճառով, որ ուզում ենք հանգիստ կյանք վարել կամ մեզ անընդունակ ենք զգում նման պատասխանատվություն ստանձնելու։ Եթե զորություն և իմաստություն ստանալու համար ապավինենք Աստծուն, ապա նա կարող է լրացնել մեր բացը (Փիլիպպեցիներ 4։13; Հակոբոս 4։17; 1 Պետրոս 4։11)։

Մյուս կողմից՝ պետք է գիտակցենք մեր սահմանափակ կարողությունները։ Ենթադրենք՝ քրիստոնյան արդեն իսկ խիստ զբաղված է հոգևոր գործունեությամբ։ Նա հասկանում է, որ լրացուցիչ առանձնաշնորհում ընդունելով՝ հնարավոր է՝ անտեսի, օրինակ, իր ընտանիքին հոգ տանելու սուրբգրային պարտականությունը։ Այդ դեպքում մի՞թե համեստության և խոհեմության դրսևորում չի լինի, եթե նա տվյալ ժամանակ հրաժարվի ծառայության լրացուցիչ առանձնաշնորհումից (Փիլիպպեցիներ 4։5; 1 Տիմոթեոս 5։8)։

Հոգևոր գանձեր

w20.04, էջ 30, պրբ. 19

Վազիր մինչև վերջնագիծ

19 Եթե դու էլ տկարություն ունես և զգում ես, որ մարդիկ քեզ չեն հասկանում, ապա Մեմփիբոսթեի օրինակը կզորացնի քեզ (2 Սամ. 4։4)։ Մեմփիբոսթեն հաշմանդամ էր։ Բացի այդ՝ Դավիթ թագավորը նրա մասին սխալ կարծիք էր կազմել ու անարդարացիորեն էր վարվել նրա հետ։ Մեմփիբոսթեն մեղավոր չէր այդ ամենի համար։ Այնուամենայնիվ, նա բացասական զգացումներով չլցվեց, այլ կենտրոնացավ իր կյանքում եղած դրական բաների վրա։ Նա գնահատում էր այն բարությունը, որ Դավիթը անցյալում դրսևորել էր իր հանդեպ (2 Սամ. 9։6–10)։ Ուստի երբ Դավիթը սխալ վարվեց Մեմփիբոսթեի հետ, վերջինս փորձեց տեղի ունեցածի ամբողջական պատկերը տեսնել և թույլ չտվեց, որ նրա արարքը դառնացնի իրեն ու դրդի պատահածի համար մեղադրել Եհովային։ Մեմփիբոսթեն ջանաց իր կարողությունների սահմաններում աջակցել Աստծու նշանակած թագավորին (2 Սամ. 16։1–4; 19։24–30)։ Եհովան էլ իր Խոսքում գրել տվեց Մեմփիբոսթեի մասին, որ սովորենք նրա հրաշալի օրինակից (Հռոմ. 15։4)։

ՀՈՒԼԻՍԻ 11–17

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ՍԱՄՈՒԵԼ 20–21

«Եհովան արդարության Աստված է»

w22.03, էջ 13, պրբ. 4, 7

Ընթերցողների հարցերը

Այդ ուխտը դեռ ուժի մեջ էր Սավուղ թագավորի օրերում։ Չնայած դրան՝ Սավուղը կոտորում էր գաբաոնացիներին, ինչի հետևանքով, նա «[իր] ու իր տան վրա արյունահեղության հանցանք» բերեց (2 Սամ. 21։1)։ Ի վերջո, երբ Դավիթը թագավոր դարձավ, ողջ մնացած գաբաոնացիները խոսեցին նրա հետ այդ ծանր հանցանքի մասին։ Նա հարցրեց նրանց, թե ինչով կարող է քավել Սավուղի գործած սարսափելի մեղքը, որպեսզի Եհովան կրկին օրհնի երկիրը։ Գաբաոնացիները ոսկի ու արծաթ չուզեցին։ Փոխարենը՝ խնդրեցին, որ Դավիթը այն մարդու որդիներից, ով «վճռել էր բնաջինջ անել» իրենց, յոթ մարդ տա, որ սպանեն (Թվեր 35։30, 31)։ Դավիթը կատարեց նրանց խնդրանքը (2 Սամ. 21։2–6)։

Այս դեպքից շատ բան կարող ենք սովորել։ Աստված հետևյալ հստակ օրենքն էր տվել. «Երեխաները չպետք է մահվան մատնվեն հայրերի պատճառով» (2 Օրենք 24։16)։ Ուստի նա հավանություն չէր տա Սավուղի երկու որդիների և հինգ թոռների սպանությանը, եթե նրանք անմեղ լինեին։ Նույն օրենքում նաև ասվում էր. «Յուրաքանչյուրը պետք է մահվան մատնվի իր մեղքի համար»։ Ակներևաբար, Սավուղի յոթ հետնորդներն էլ ինչ-որ մասնակցություն ունեցել էին գաբաոնացիներին բնաջինջ անելու Սավուղի ծրագրերում։ Արդյունքում յոթն էլ պատասխան տվեցին իրենց չարագործությունների համար։

Հոգևոր գանձեր

w13 1/15, էջ 31, պրբ. 14

Երեցները «համագործակիցներ են և նպաստում են մեր ուրախությանը»

14 Սատանան և նրա համախոհները բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի մենք չկարողանանք ծառայել Եհովային։ Մեզնից ոմանք դեմառդեմ բախվում են հսկայանման դժվարությունների։ Եհովային լիովին վստահելով՝ կարո՛ղ ենք ընդունել «գողիաթների» մարտահրավերները և հաղթել նրանց։ Այնուամենայնիվ, երբեմն աշխարհի ճնշումների դեմ անընդհատ պայքարելուց հոգնում ենք ու վհատվում։ Այդպիսի թույլ վիճակում գուցե դժվարանանք պայքարել այն խնդիրների դեմ, որոնք սովորաբար հաջողությամբ ենք հաղթահարել։ Մենք դառնում ենք խոցելի և նույնիսկ «սպանվելու» վտանգ է առաջանում։ Երբ այդպիսի պահերին օգնություն ենք ստանում երեցից, լցվում ենք ուրախությամբ ու նոր ուժերով։ Բազմաթիվ քույրեր ու եղբայրներ անձամբ են համոզվել դրանում։ 60-ն անց մի ռահվիրա քույր ասում է. «Որոշ ժամանակ առաջ ես առողջական խնդիր ունեի և ծառայության ժամանակ շուտ էի հոգնում։ Երեցը նկատեց դա և մոտեցավ ինձ։ Մենք քաջալերական զրույց ունեցանք աստվածաշնչյան մի դրվագի շուրջ։ Նրա խորհուրդները շատ օգտակար եղան»։ Քույրն ավելացնում է. «Ի՜նչ հաճելի էր, որ եղբայրը նկատեց, որ ես լավ չեմ, և օգնության հասավ»։ Այո՛, մենք սրտապնդվում ենք՝ իմանալով, որ երեցները կանգնած են մեր կողքին և Աբեսսայի նման պատրաստ են «օգնության հասնելու»։

ՀՈՒԼԻՍԻ 18–24

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ՍԱՄՈՒԵԼ 22

«Նեղության ժամանակ Եհովային ապավինիր»

cl, էջ 19, պրբ. 11

Իսկապե՞ս կարող ես «մոտենալ Աստծուն»

11 Մի բան է կարդալ, որ Աստված «սաստիկ զորություն» ունի, և բոլորովին այլ բան է ընթերցել, թե ինչպես նա Կարմիր ծովի միջով անցկացրեց իսրայելացիներին՝ ազատելով նրանց, իսկ հետո 40 տարի անապատում հոգ տարավ այդ ժողովրդի մասին (Եսայիա 40։26)։ Դու կարող ես պատկերացնել երկու մասի ճեղքվող ալեկոծ ծովը, ցամաքած հատակով քայլող ժողովրդին (հավանաբար 3 միլիոն մարդ), երկու կողմից ջրի քարացած, վիթխարի պատերը (Ելք 14։21; 15։8)։ Դու զգում ես, թե ինչպես է անապատում Աստված քնքշորեն հոգ տանում իսրայելացիներին. ժայռից ջուր է հոսում, գետնի վրա սպիտակ սերմի նման կերակուր է հայտնվում (Ելք 16։31; Թվեր 20։11)։ Եհովան ցույց է տալիս, որ ոչ միայն ունի զորություն, այլև օգտագործում է այն հօգուտ իր ժողովրդի։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ մեր աղոթքները ուղղվում են հզոր Աստծուն, որը «ապաստան է և զորություն, նեղությունների մեջ՝ իսկույն հասնող օգնություն» (Սաղմոս 46։1)։

w10 6/1, էջ 26, պրբ. 4–6

«Դու նվիրվածությամբ ես վարվում»

Քննենք այս խոսքերը մանրամասնորեն։ «Նվիրվածությամբ վարվել» եբրայերենից թարգմանված արտահայտությունը կարելի է նաև թարգմանել «վարվել սիրառատ բարությամբ»։ Իսկական նվիրվածությունը հիմնված է սիրո վրա։ Եհովան ջերմ կապվածություն է զգում նրանց հանդեպ, ովքեր նվիրված են իրեն։

Նկատի առ, որ նվիրվածությունը պարզապես զգացմունք չէ, այն իր մեջ ակտիվ գործողություն է ներառում։ Եհովան նվիրվածությամբ է վարվում մարդկանց հետ, ինչը Դավիթը իր փորձով էր համոզվել։ Դավթի կյանքի ամենածանր պահերին Եհովան գործել է հօգուտ նրա՝ նվիրվածությամբ պաշտպանելով ու առաջնորդելով հավատարիմ թագավորին։ Դավիթը երախտագետ էր ու գիտեր, որ միայն Եհովան կարող էր ազատել իրեն «իր բոլոր թշնամիների ձեռքից» (Բ Թագաւորաց 22։1)։

Ի՞նչ կարող են Դավթի խոսքերը նշանակել մեզ համար։ Եհովան չի երկմտում և չի փոխվում (Հակոբոս 1։17)։ Նա միշտ հավատարիմ է մնում իր չափանիշներին և խոստումներին։ Իր սաղմոսներից մեկում Դավիթը նաև գրել է. «Տէրն.... իր սուրբերին [իրեն նվիրվածներին, ՆԱ] չէ թողում» (Սաղմոս 37։28)։

Հոգևոր գանձեր

w12 11/15, էջ 17, պրբ. 7

Վարվեք փոքրի պես

7 Սաղմոսերգու Դավիթը ցնցված էր Եհովայի խոնարհությունից։ Նա երգեց. «Դու կտաս ինձ քո փրկության վահանը. քո խոնարհությունը բարձրացնում է ինձ» (2 Սամ. 22։36)։ Ինչպե՞ս էր Աստծու խոնարհությունը բարձրացնում Դավթին։ Դավիթը գիտեր, որ ինքը Իսրայելում «բարձրացել» էր, այսինքն՝ մեծ գործեր էր արել միայն ու միայն Եհովայի շնորհիվ. Աստված, խոնարհություն դրսևորելով, ուշադրություն էր դարձրել նրան և օգնել էր (Սաղ. 113։5–7)։ Եհովան նույն ձևով է վարվում մեզ հետ։ Բոլոր այն հատկությունները, ունակությունները և առանձնաշնորհումները, որ ունենք, նրանից ենք «ստացել» (1 Կորնթ. 4։7)։ Այն մարդը, ով փոքրի պես է վարվում, «մեծ» է այն իմաստով, որ ավելի արժեքավոր ծառա է դառնում Եհովայի համար (Ղուկ. 9։48)։ Այս մասին քննարկենք ավելի մանրամասն։

ՀՈՒԼԻՍԻ 25–31

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ՍԱՄՈՒԵԼ 23–24

«Տվածդ զոհողությո՞ւն է»

it-1, էջ 146

Օռնա

Օռնան հողատարածքը, ողջակեզի համար նախատեսված եզները և դրանց լծասարքը՝ որպես փայտանյութ, առաջարկեց անվճար տալ Դավթին, բայց վերջինս ցանկացավ անպայման վճարել դրանց դիմաց։ 2 Սամուել 24։24-ից տեսնում ենք, որ Դավթի վճարած գումարը 50 սիկղ արծաթ էր (110 դոլար)։ Սակայն 1 Տարեգրություն 21։25-ում նշվում է, որ Դավիթը տարածքի համար վճարեց 600 սիկղ ոսկի (մոտ 77 000 դոլար)։ «2 Սամուել» գիրքը գրողը նշում է միայն զոհասեղանի տարածքի և ողջակեզի համար անհրաժեշտ պարագաների գնման մասին, ուստի միայն դրանց դիմաց վճարված գումարի մասին է խոսում։ Իսկ «1 Տարեգրություն» գրքում տարածքի մասին խոսվում է տաճարի շինարարության տեսանկյունից (1Տգ 22։1–6; 2Տգ 3։1)։ Քանի որ տաճարի տարածքը շատ մեծ էր, ակներևաբար 600 սիկղ ոսկին վճարվել է դրա դիմաց, ոչ թե Դավթի կառուցած զոհասեղանի փոքր հողակտորի համար։

w12 1/15, էջ 18, պրբ. 8

Սովորիր հիմնական ճշմարտություններից

8 Եթե իսրայելացին կամավոր զոհ էր մատուցում իր անկեղծ երախտագիտությունը Եհովային հայտնելու կամ, ինչպես որ ողջակեզի դեպքում էր, նրա բարեհաճությունը ստանալու համար, ապա ճիշտ կենդանի ընտրելը հավանաբար դժվար չէր լինի։ Նա ուրախ կլիներ Եհովային տալու իր լավագույնը։ Այսօր քրիստոնյաները բառացի զոհեր չեն մատուցում, որոնք պահանջվում էին Մովսիսական օրենքով, սակայն նրանք զոհեր են մատուցում այն իմաստով, որ իրենց ժամանակը, ուժն ու միջոցները օգտագործում են Եհովային ծառայելու համար։ Պողոս առաքյալը քրիստոնեական հույսի մասին «հրապարակորեն հռչակելը», «բարին գործելը և.... ունեցածով.... ուրիշներին» օգնելը վերագրեց այն զոհերին, որոնք հաճելի են Աստծուն (Եբր. 13։15, 16)։ Այն ոգին, որով Եհովայի ծառաները մասնակցում են այդպիսի գործերին, ցույց է տալիս, թե որքան երախտապարտ են ու որքան են գնահատում այն ամենը, ինչ Աստված տվել է իրենց։ Փաստորեն, կարող ենք զուգահեռ տանել այսօր քրիստոնեական ծառայությանը մասնակցողների վերաբերմունքի ու մղումների և հին ժամանակներում կամավոր զոհեր մատուցողների վերաբերմունքի ու մղումների միջև։

Հոգևոր գանձեր

w05 5/15, էջ 19, պրբ. 6

Ուշագրավ մտքեր «Բ Թագաւորաց» գրքից

23։15–17. Դավիթն այնքան շատ էր հարգում կյանքի և արյան վերաբերյալ Աստծու օրենքը, որ տվյալ իրավիճակում հրաժարվեց անել մի բան, որը ինչ–որ առումով կարող էր այդ օրենքի խախտում նշանակել։ Մենք պետք է մեր մեջ նման մտայնություն զարգացնենք Աստծու բոլոր պատվերների նկատմամբ։

ՕԳՈՍՏՈՍԻ 1–7

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ԹԱԳԱՎՈՐՆԵՐ 1–2

«Դասեր քաղո՞ւմ ես քո սխալներից»

it-2, էջ 987, պրբ. 4

Սողոմոն

Երբ Ադոնիան և մյուս դավադիրները Գեհոնից լսեցին երաժշտության ձայն և բացականչություններ՝ «Կեցցե՛ Սողոմոն թագավորը», վախեցած ու շփոթված փախան։ Սողոմոնը վրեժխնդիր չեղավ՝ դրանով ցույց տալով, որ իր գահակալությունը խաղաղություն է բերելու երկրին։ Եթե իրադարձությունները այլ կերպ ընթանային, Սողոմոնին հավանաբար կսպանեին։ Ադոնիան փախուստի դիմեց և թաքնվեց սրբարանում։ Սողոմոնը մարդիկ ուղարկեց նրա հետևից, ու նրան բերեցին։ Սողոմոնն ասաց, որ Ադոնիան կարող է հանգիստ ապրել, քանի դեռ նրա մեջ չարություն չի գտնվել, ու թույլ տվեց նրան գնալ իր տուն (1Թգ 1։41–53)։

w05 7/1, էջ 29, պրբ. 1

Ուշագրավ մտքեր «Գ Թագաւորաց» գրքից

1։49–53; 2։13–25 —  Ինչո՞ւ Սողոմոնը Ադոնիային մահվան դատապարտեց, այն դեպքում երբ մինչ այդ նրան ներում էր շնորհել։ Ի տարբերություն Բերսաբեի, որը գլխի չընկավ, թե Ադոնիան իրականում ինչ նպատակ էր հետապնդում՝ ցանկանալով, որ թագավորը Աբիսակին իրեն կնության տա՝ Սողոմոնը հասկացավ նրա իսկական շարժառիթները։ Թեև Դավիթը հարաբերություններ չէր ունեցել գեղեցիկ Աբիսակի հետ, վերջինս համարվում էր նրա հարճը։ Այն ժամանակների սովորության համաձայն՝ Աբիսակը պետք է միայն Դավթի օրինական ժառանգորդի սեփականությունը դառնար։ Ադոնիան գուցե մտածում էր, թե Աբիսակին կնության առնելով՝ կարող է մեկ անգամ ևս փորձել տիրանալ գահին։ Ադոնիայի խնդրանքը դիտելով որպես ձգտում դառնալու թագավոր՝ Սողոմոնը փոխեց ներելու մասին իր որոշումը։

Հոգևոր գանձեր

w05 7/1, էջ 30, պրբ. 1

Ուշագրավ մտքեր «Գ Թագաւորաց» գրքից

2։37, 41–46. Որքա՜ն վտանգավոր է խորհելը, թե կարելի է խախտել դրված արգելքը ու անպատիժ մնալ։ Ովքեր գիտակցաբար որոշում են դուրս գալ ‘նեղ ճանապարհից, որը տանում է դեպի կյանք’, կքաղեն այդ անխոհեմ քայլի դառը պտուղները (Մատթէոս 7։14)։

ՕԳՈՍՏՈՍԻ 8–14

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ԹԱԳԱՎՈՐՆԵՐ 3–4

«Իմաստության արժեքը»

w11 12/15, էջ 8, պրբ. 4–6

Քեզ համար նա լա՞վ օրինակ է, թե՞ նախազգուշական

4 Սողոմոնի թագավորության սկզբում Աստված երազում հայտնվեց նրան ու հնարավորություն տվեց ինչ-որ բան խնդրելու իրենից։ Հասկանալով, որ ինքն անփորձ է, Սողոմոնը իմաստություն խնդրեց (կարդա՛ 1 Թագավորներ 3։5–9)։ Եհովային հաճելի եղավ, որ հարստություն ու փառք խնդրելու փոխարեն՝ թագավորը իմաստություն խնդրեց, ուստի նրան ոչ միայն «իմաստուն ու հասկացող սիրտ» տվեց, այլև հարստություն ու փառք (1 Թագ. 3։10–14)։ Ինչպես նշեց Հիսուսը, Սողոմոնն իր իմաստությամբ այնպիսի մեծ համբավ էր ձեռք բերել, որ Սաբայի թագուհին, այդ մասին լսելով, երկար ճանապարհ անցավ, որ համոզվի, թե արդյոք նա այդքան իմաստուն է (1 Թագ. 10։1, 4–9)։

5 Մենք չենք ակնկալում, որ հրաշքով իմաստուն կդառնանք։ Սողոմոնն ասաց, որ «Եհովան է տալիս իմաստություն», սակայն նշեց, որ մենք պետք է ջանք թափենք, որ ունենանք աստվածային այդ հատկությունը։ Նա գրեց. «Ականջ դիր իմաստությանը և սիրտդ տրամադրիր խորաթափանցությանը»։ Նաև իմաստություն ձեռք բերելու առնչությամբ օգտագործեց «կանչել», «փնտրել» և «որոնել» բառերը (Առակ. 2։1–6)։ Փաստորեն, մենք կարող ենք իմաստություն ստանալ։

6 Լավ կլինի, որ հարց տանք ինքներս մեզ. «Հետևո՞ւմ եմ Սողոմոնի օրինակին՝ արժեքավորելով աստվածային իմաստությունը»։ Շատերը տնտեսական անկայուն վիճակի պատճառով կենտրոնանում են իրենց աշխատանքի ու նյութականի վրա կամ էլ թույլ են տալիս, որ այն ազդի կրթության վերաբերյալ իրենց որոշումների վրա՝ թե ինչպիսի կրթություն պետք է ստանան և որքան ժամանակ պետք է տրամադրեն դրան։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո և ընտանիքիդ մասին։ Ձեր կատարած ընտրությունները ցույց տալի՞ս են, որ արժեքավորում ու փնտրում եք աստվածային իմաստությունը։ Նպատակներդ փոխելը կօգնի՞, որ ավելի շատ իմաստություն ձեռք բերես։ Իրականում, իմաստություն ստանալն ու դրանով առաջնորդվելը կնպաստեն քո հարատև բարօրությանը։ Սողոմոնը գրեց. «Արդյունքում՝ դու կհասկանաս, թե ինչ է արդարությունը, արդարադատությունը և ուղղամտությունը՝ բարեգործության ամբողջ ընթացքը» (Առակ. 2։9)։

Հոգևոր գանձեր

w98 2/1, էջ 21, պրբ. 15

Եհովան ուխտերի Աստված է

15 Նահապետ Աբրահամին տված խոստումի համաձայն՝ Եհովան օրհնեց արդեն ժողովուրդ դարձած և Օրենքի տակ գտնվող նրա ժառանգներին։ Մ. թ. ա. 1473–ին Մովսեսի հետնորդ Հեսուն Իսրայելին առաջնորդեց Քանան։ Ցեղերի միջև հողերի հետագա բաժանումով երկիրը Աբրահամի սերնդին տալու Եհովայի խոստումն իրականացավ։ Քանի դեռ Իսրայելը հավատարիմ էր, Եհովան կատարում էր իր հաջորդ խոստումը, թե ժողովուրդը հաղթանակներ կտանի իր թշնամիների դեմ։ Դա նկատվեց հատկապես Դավիթ թագավորի իշխանության օրոք։ Դավթի որդի Սողոմոնի թագավորության ժամանակ ի կատար ածվեց Աբրահամի հետ կնքված ուխտի երրորդ ազդակը։ «Յուդան եւ Իսրայէլը շատ էին ինչպէս որ ծովի եզերքի շատ աւազը. եւ ուտում ու խմում եւ ուրախանում էին» (Գ Թագաւորաց 4։20)։

ՕԳՈՍՏՈՍԻ 15–21

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ԹԱԳԱՎՈՐՆԵՐ 5–6

«Նրանք իրենց սիրտը դրեցին շինարարության մեջ»

w11 2/1, էջ 15

Գիտեի՞ք արդյոք

Լիբանանի մայրիները հատկապես հայտնի էին իրենց ամրությամբ, գեղեցկությամբ, փայտի քաղցր հոտով և դիմակայուն էին միջատների հարձակմանը։ Փաստորեն, Սողոմոնը տաճարի շինարարության համար լավագույն նյութերն էր օգտագործում։ Լիբանանի լեռները ծածկող մայրու երբեմնի անտառներից այսօր մնացել են մի քանի փոքր, մեկուսի պուրակներ։

it-1, էջ 424

Մայրի

Քանի որ մեծ թվով մայրիներ էին անհրաժեշտ, հազարավոր մարդիկ պետք է կտրեին ծառերը, դրանք տեղափոխեին Միջերկրական ծովի ափին գտնվող Տյուրոս կամ Սիդոն քաղաքներ։ Այնուհետև պետք է դրանցից լաստեր շինեին և ծովով հավանաբար տանեին Հոպպե, ապա ցամաքով փոխադրեին Երուսաղեմ։ Այս աշխատանքները կատարվեցին Սողոմոնի և Քիրամի միջև կնքված պայմանագրով (1Թգ 5։6–18; 2Տգ 2։3–10)։ Դրանից հետո այնքան մեծ քանակությամբ փայտանյութ էր մատակարարվում, որ կարելի է ասել՝ Սողոմոնը իր իշխանության տարիներին «մայրու փայտը Շեֆելայի ժանտաթզենիների պես առատ» դարձրեց (1Թգ 10։27, հմմտ. Ես 9։9, 10)։

it-2, էջ 1077, պրբ. 1

Տաճար

Աշխատանքը կազմակերպելու համար Սողոմոնը 30 000 մարդու հավաքագրեց Իսրայելից։ Նա ամեն անգամ 10 000 հոգու մեկ ամսով ուղարկում էր Լիբանան, և նրանք երկու ամիս տանն էին մնում մինչև հաջորդ հերթափոխ (1Թգ 5։13, 14)։ Իսրայելում բնակվող այլազգիներից նա 70 000 հոգու որպես բեռնակիր և 80 000 հոգու որպես քարհատ հավաքագրեց (1Թգ 5։15; 9։20, 21; 2Տգ 2։2)։ Սողոմոնը 550 մարդու էլ նշանակեց որպես գլխավոր վերակացու և ակներևաբար 3 300 հոգու՝ որպես նրանց օգնական (1Թգ 5։16; 9։22, 23)։ Ըստ երևույթին, նրանցից 250-ը իսրայելացի էին, իսկ 3 600-ը՝ այլազգի (2Տգ 2։17, 18)։

Հոգևոր գանձեր

g 5/12, էջ 17, շրջանակ

Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 1

ՃՇԳՐԻՏ ՏԱՐԵԹՎԵՐ

Աստվածաշնչի ճշգրիտ տարեթվերի մի օրինակ է 1 Թագավորներ 6։1 համարը, որում նշվում է այն ժամանակը, երբ Սողոմոն թագավորը սկսեց Երուսաղեմի տաճարի շինարարությունը։ Կարդում ենք. «Իսրայելի որդիների Եգիպտոսից դուրս գալու չորս հարյուր ութսուներորդ տարում [479 տարիներ]՝ Իսրայելի վրա Սողոմոնի թագավորության [Սողոմոնի իշխանության] չորրորդ տարվա զիվ ամսին, այսինքն՝ երկրորդ ամսին, Սողոմոնը սկսեց Եհովայի համար տուն կառուցել»։

Աստվածաշնչյան ժամանակագրության համաձայն՝ Սողոմոնի իշխանության չորրորդ տարին մ. թ. ա. 1034 թվականն է։ Այս տարեթվից 479 տարի հետ գնալով՝ կհասնենք մ. թ. ա. 1513 թվականը, այն ժամանակ, երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից։

ՕԳՈՍՏՈՍԻ 22–28

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ԹԱԳԱՎՈՐՆԵՐ 7

«Ինչ կարող ենք սովորել երկու սյուներից»

w13 12/1, էջ 13, պրբ. 3

«Լեռներից պղինձ կհանես»

Սողոմոն թագավորը Երուսաղեմի տաճարի համար մեծ քանակությամբ պղինձ օգտագործեց, որի մեծ մասը նրա հայր Դավիթը ավար էր վերցրել Ասորիքի դեմ պատերազմում (1 Տարեգրություն 18։6–8)։ Օրինակ՝ նա պատրաստել տվեց պղնձե «ձուլածո ծովը», որը քահանաներն օգտագործում էին լվացվելու համար։ Այն 66 000 լիտր տարողության մեծ ավազան էր և կշռում էր 30 տոննա (1 Թագավորներ 7։23–26, 44–46)։ Իսկ տաճարի մուտքի մոտ կանգնեցված էին 8 մետր բարձրության երկու վիթխարի պղնձե սյուներ, որոնց վրա դրված էին 2,2 մետր բարձրության հոյակերտ խոյակներ։ Սյուները, որոնց տրամագիծը 1,7 մետր էր, սնամեջ էին, պատերը՝ 7,5 սանտիմետր հաստության (1 Թագավորներ 7։15, 16; 2 Տարեգրություն 4։17)։ Թերևս դժվար լինի պատկերացնել, թե որքան շատ պղինձ էր օգտագործվել այդ ամենը պատրաստելու համար։

it-1, էջ 348

Բոոս, II

Սողոմոնի կառուցած փառահեղ տաճարի առջև վեր խոյացող երկու հսկայական պղնձե սյուներից հյուսիսայինը կոչվում էր Բոոս, որը հավանաբար նշանակում է «զորությամբ»։ Հարավային սյան անունը Հաքին էր, որը նշանակում է «նա [Եհովան] պիտի հաստատի»։ Դեմքով դեպի արևելք կանգնելիս աջից ձախ կարդացվում էր «նա [Եհովան] պիտի հաստատի [տաճարը] զորությամբ» (1Թգ 7։15–21)։

Հոգևոր գանձեր

it-1, էջ 263

Լվանալ

Եհովային սրբությամբ և մաքրությամբ պաշտելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես մաքուր լինել։ Դա երևում էր խորանում և հետագայում նաև տաճարում մատուցվող ծառայությունների կարգից։ Իրենց օծման օրը Ահարոն քահանայապետը և նրա որդիները լողանում էին նախքան հանդերձները հագնելը (Ելք 29։4–9; 40։12–15; Ղև 8։6, 7)։ Քահանաները իրենց ոտքերն ու ձեռքերը լվանում էին խորանի գավիթում դրված պղնձե ավազանի ջրով, իսկ հետագայում կլոր ձուլածո ծովի ջուրն էին օգտագործում Սողոմոնի տաճարում (Ելք 30։18–21; 40։30–32; 2Տգ 4։2–6)։ Քավության օրը քահանայապետը երկու անգամ էր լողանում (Ղև 16։4, 23, 24)։ Նրանք, ովքեր ճամբարից դուրս էին տանում ազազելի համար արձակվող նոխազը, կենդանական զոհերի մնացորդները և կարմիր կովը, պետք է լողանային և լվանային իրենց հագուստը նախքան ճամբար վերադառնալը (Ղև 16։26–28; Թվ 19։2–10)։

ՕԳՈՍՏՈՍԻ 29–ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ԹԱԳԱՎՈՐՆԵՐ 8

«Սողոմոնի խոնարհ ու սրտաբուխ աղոթքը»

w09 11/15, էջ 9, պրբ. 9–10

Բովանդակալից աղոթքներ՝ Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ

9 Եթե ուզում ես, որ Եհովան լսի քեզ, պետք է սրտանց աղոթես։ Այդպիսի մի սրտաբուխ աղոթք արձանագրված է Ա Թագաւորաց 8–րդ գլխում։ Այն մատուցեց Սողոմոնը մեծ բազմության առաջ, որը մ. թ. ա. 1026 թ.–ին հավաքվել էր Երուսաղեմում տաճարի նվիրման կապակցությամբ։ Երբ ուխտի տապանակը դրվեց Սրբությունների Սրբությունում, և Եհովայի ամպը լցրեց տաճարը, Սողոմոնը փառաբանեց Աստծուն։

10 Քննիր Սողոմոնի աղոթքը և տես, թե ինչ է նա ասում սրտի մասին։ Թագավորը նշեց, որ միայն Եհովան է սրտեր քննողը (Գ Թագ. 8։38, 39)։ Աղոթքում ասվում էր, որ մեղավոր մարդը կարող է ներում ստանալ, եթե Աստծուն «դառնա իր բոլոր սրտովը»։ Գերի տարված իսրայելացիները նույնպես կարող էին աղոթել Եհովային. նա կլսեր, եթե նրանց սիրտը «ամբողջովին Եհովայի հետ լիներ» (Գ Թագ. 8։48, 58, 61 ՆԱ)։ Ուստի քո աղոթքները նույնպես պետք է սրտից բխեն։

w99 2/1, էջ 14, պրբ. 7–8

Աղոթելով՝ ‘սուրբ ձեռքեր բարձրացնենք դեպի վեր’

7 Ինչպես էլ որ մենք աղոթենք, լինի դա անձնական բնույթի աղոթք, թե հրապարակավ, մեր աղոթքներում անհրաժեշտ է հեզություն ցուցաբերել՝ ի նկատի ունենալով Աստվածաշնչի կարևոր սկզբունքը (Բ Մնացորդաց 7։13, 14)։ Սողոմոնը Եհովայի՝ Երուսաղեմում գտնվող տաճարի բացման առթիվ իր հրապարակավ աղոթքում խոնարհություն ցուցաբերեց։ Նա նոր էր ավարտել երկրի վրա երբևէ կառուցված ամենափառահեղ տաճարներից մեկի շինարարությունը։ Սակայն նա խոնարհաբար աղոթեց. «Բայց իրա՞ւ Աստուած կ’բնակուէ երկրիս վերայ. ահա երկինքը եւ երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ո՞ւր մնաց իմ այս շինած տունը» (Գ Թագաւորաց 8։27)։

8 Ժողովրդի առջև աղոթք ներկայացնելիս՝ մենք էլ պետք է Սողոմոնի նման հեզ լինենք։ Թեև խուսափում ենք կեղծ բարեպաշտական երանգից, սակայն հեզությունը կարող է երևալ մեր ձայնի տոնից։ Խոնարհաբար ներկայացված աղոթքները վերամբարձ ոճով կամ կեղծ չեն հնչում։ Այդպիսի աղոթքներում ուշադրությունը կենտրոնացվում է ոչ թե աղոթքը ներկայացնող անձնավորության, այլ Նրա վրա, ում որ վերջինս դիմում է (Մատթէոս 6։5)։ Հեզությունը երևում է նաև այն բանում, թե ինչ ենք խնդրում Աստծուց։ Եթե հեզորեն ենք աղոթում, ապա այնպիսի տպավորություն չի ստեղծվի, կարծես թե Աստծուց պահանջում ենք որոշ բաներ կատարել մեր ուզած ձևով։ Սրա փոխարեն կխնդրենք Եհովայից իր սրբազան կամքի հետ ներդաշնակ գործել։ Սաղմոսերգուն պատշաճ վերաբերմունքի օրինակ թողեց, երբ գրեց. «Ո՜հ Տէր, փրկիր. ո՜հ Տէր, յաջողիր» (Սաղմոս 118։25; Ղուկաս 18։9— 14)։

Հոգևոր գանձեր

it-1, էջ 1060, պրբ. 4

Երկինք

Երբ Սողոմոնը կառուցեց Երուսաղեմի տաճարը, ասաց, որ «երկինքն ու երկինքների երկինքը» չեն կարող պարունակել Աստծուն (1Թգ 8։27)։ Որպես երկնքի Արարիչ՝ Եհովան դրանից շատ ավելի բարձր է, միայն «նրա անունն է անհասանելիորեն բարձր», և «նրա վեհությունը երկրից ու երկնքից էլ վեր է» (Սղ 148։13)։ Եհովայի համար բառացի երկինքը չափելը նույնքան հեշտ է, որքան մարդու համար որևէ առարկա մատներով չափելը (Ես 40։12)։ Սողոմոնի խոսքերը չեն նշանակում, որ Աստված բնակության վայր չունի։ Այդ խոսքերը չեն նշանակում նաև, որ նա ամենագո է, այսինքն՝ միշտ գոյություն ունի ամեն տեղ և ամեն ինչում։ Դա երևում է Սողոմոնի այն խոսքերից, որ ասաց, որ Եհովան լսում է իր «բնակության վայրից՝ երկնքից», այսինքն՝ ոգեղեն ոլորտի երկնքից (1Թգ 8։30, 39)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը