«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
© 2023 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-10
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԹԵՐ 1-2
«Ձգտիր Եսթերի պես համեստ լինել»
Համեստ մնանք ամեն իրավիճակում
11 Երբ մեզ շողոքորթում կամ չափից ավել գովում են, կարող է մեր համեստությունը փորձվել։ Քննենք Եսթերի օրինակը, ում կյանքում մեծ փոփոխություններ եղան։ Նա շատ գեղեցիկ էր և հավանաբար գովեստի բազմաթիվ խոսքեր էր լսել։ Նրան մեկ տարի թանկարժեք յուղերով հատուկ մերսումներ արեցին։ Եսթերը շրջապատված էր Պարսկական կայսրության տարբեր վայրերից եկած երիտասարդ կանանցով, ովքեր մրցակցելով ջանում էին գրավել թագավորի ուշադրությունը։ Բայց նա մնաց համեստ ու բարի։ Նա չհպարտացավ և շարունակեց համեստություն դրսևորել նույնիսկ այն բանից հետո, երբ թագավորը նրան ընտրեց որպես թագուհի (Եսթ. 2։9, 12, 15, 17)։
Նա պաշտպանեց Աստծու ժողովրդին
15 Երբ եկավ Եսթերի հերթը, որ մտնի թագավորի մոտ, նրան հնարավորություն տրվեց օգտվելու ցանկացած բանից, ինչը իրեն կարող էր ավելի գրավիչ տեսք տալ։ Բայց նա համեստորեն ոչինչ չխնդրեց, բացի նրանից, ինչ առաջարկել էր Հեգեն (Եսթ. 2։15)։ Եսթերը հավանաբար հասկացել էր, որ միայն գեղեցկությամբ չի շահի թագավորի սիրտը. նա գիտեր՝ համեստությունն ու խոնարհությունը հազվագյուտ բաներ էին արքայական պալատում։ Գուցե նա սխալվո՞ւմ էր։
Համեստ մնանք ամեն իրավիճակում
12 Համեստությունը օգնում է մեզ ճիշտ վարվելակերպ ունենալ, պատշաճ կերպով հագնվել ու հարդարվել, քանի որ այդպես ցույց կտանք, որ հարգում ենք ուրիշներին և ինքներս մեզ։ Մենք հասկանում ենք, որ երբ գլուխ ենք գովում կամ ավելորդ ուշադրություն ենք հրավիրում ինքներս մեզ վրա, դա վանում է մարդկանց, իսկ «հանդարտ ու մեղմ ոգի» դրսևորելը գրավում է նրանց (կարդա 1 Պետրոս 3։3, 4; Երեմ. 9։23, 24)։ Եթե մեր սրտում սնապարծություն կա, ապա վերջիվերջո այն կդրսևորվի մեր գործերում։ Օրինակ՝ գուցե ակնարկներով հասկացնենք ուրիշներին, որ մենք հատուկ առանձնաշնորհումներ ունենք, կոնֆիդենցիալ տեղեկություններ գիտենք կամ մտերիմ փոխհարաբերություններ ունենք պատասխանատու եղբայրների հետ։ Նաև հնարավոր է՝ այնպես խոսենք, որ տպավորություն ստեղծվի, թե մենք առանց որևէ մեկի օգնության մի կարևոր բան ենք արել, սակայն իրականում ուրիշները օգնել են մեզ։ Այս հարցում էլ Հիսուսը մեզ համար լավ օրինակ է։ Նա հաճախ մեջբերումներ էր անում Եբրայերեն Գրություններից։ Համեստություն դրսևորելով՝ Հիսուսը այնպես էր խոսում, որ լսողները հասկանան, որ իր ասածները Եհովայից էին և հիմնված չէին իր սեփական գաղափարների կամ իմաստության վրա (Հովհ. 8։28)։
Հոգևոր գանձեր
Գիտեի՞ք արդյոք
Գիտնականները հայտնաբերեցին պարսկական մի սեպագիր արձանագրություն, որում հիշատակվում է «Մարդուկա» անունը, որը «Մուրթքե» անվան պարսկական ձևն է։ Այդ մարդը Շուշան քաղաքում պալատական է եղել, հավանաբար՝ հաշվապահ։ Արևելագետ Արթուր Ունգնադը նշում է, որ այս սեպագիր արձանագրությունը այդ ժամանակներում «Մուրթքեի վերաբերյալ միակ ոչ աստվածաշնչյան աղբյուրն» է եղել։
Ունգնադի վերոնշյալ խոսքերից հետո գիտնականները հազարավոր պարսկական սեպագիր արձանագրություններ են թարգմանել, որոնց թվում են Պերսեպոլիսում հայտնաբերված կավե տախտակները։ Դրանք գտել են քաղաքի պարիսպների մոտ եղող գանձատանը և թվագրվում են Քսերքսես I-ի իշխանության ժամանակով։ Այդ տախտակները գրված են էլամերենով և պարունակում են «Եսթեր» գրքում հիշատակված մի քանի մարդկանց անուններ։
Այդ տախտակներից մի քանիսի վրա նշված է «Մարդուկա» անունը և ասվում է, որ նա Քսերքսես I-ի իշխանության օրոք Շուշան ամրոցում ծառայել է որպես արքունական գրագիր։ Տախտակներից մեկում էլ նրա մասին խոսվում է որպես թարգմանչի։ Սա համապատասխանում է Մուրթքեի վերաբերյալ աստվածաշնչյան նկարագրությանը։ Նա ծառայել է Ասուերոս թագավորի (Քսերքսես I) արքունիքում և տիրապետել է առնվազն երկու լեզվի։ Մուրթքեն հաճախ նստում էր Շուշան ամրոցի արքունական դարպասի մոտ (Եսթ. 2։19, 21; 3։3)։ Դա մի մեծ շինություն էր, որտեղ աշխատում էին պալատականները։
Մարդուկայի և Աստվածաշնչում նշված Մուրթքեի միջև շատ հետաքրքիր նմանություններ կան։ Նրանք երկուսն էլ ապրել են նույն ժամանակահատվածում, միևնույն տարածքում, նույն պաշտոններն են զբաղեցրել և աշխատել են նույն վայրում։ Այս բոլոր նմանությունները փաստում են, որ հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները կարող են վերաբերել «Եսթեր» գրքում հիշատակված Մուրթքեին։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-17
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԹԵՐ 3-5
«Օգնիր ուրիշներին օգտագործել իրենց ողջ ներուժը»
Նա պաշտպանեց Աստծու ժողովրդին
Ասուերոսը Համան անունով մի մարդու մեծ պատվի արժանացրեց՝ նրան նշանակելով առաջին իշխան։ Համանը նաև թագավորի գլխավոր խորհրդականն էր, երկրորդ մարդը ամբողջ կայսրությունում։ Ասուերոսը նույնիսկ հրաման արձակեց, որ բոլոր նրանք, ովքեր տեսնեն Համանին, խոնարհվեն նրա առաջ (Եսթ. 3։1–4)։ Մուրթքեն չէր կարող կատարել այդ հրամանը։ Նա գիտեր, որ պետք է թագավորին հնազանդվի, բայց ոչ Աստծուն տհաճություն պատճառելու գնով։ Նկատենք, որ Համանը Ագագյան էր։ Սա ակներևաբար նշանակում է, որ նա ամաղեկացիների թագավոր Ագագի հետնորդներից էր, որին Աստծու մարգարե Սամուելը ժամանակին մահապատժի էր ենթարկել (1 Սամ. 15։33)։ Ամաղեկացիները այնքան չար էին, որ ի վերջո դարձան Եհովայի և Իսրայելի թշնամին։ Որպես ժողովուրդ՝ ամաղեկացիները Աստծու կողմից դատապարտված էին ոչնչացման (2 Օրենք 25։19)։ Ուստի ինչպե՞ս կարող էր Աստծուն հավատարիմ հրեան խոնարհվել ամաղեկացու առաջ։ Մուրթքեն վճռել էր չխոնարհվել, և հաստատ մնաց իր որոշման մեջ։ Մինչ օրս հավատարիմ տղամարդիկ ու կանայք, վտանգելով իրենց կյանքը, հետևում են Գործեր 5։29-ում գրված սկզբունքին. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց»։
it-2, էջ 431, պրբ. 9
Մուրթքե
Նպաստեց իսրայելացիների ազատագրմանը։ Երբ կայսրության մեջ ապրող բոլոր հրեաներին ոչնչացնելու հրամանագիր դուրս եկավ, Մուրթքեն ցույց տվեց իր վստահությունն այն բանում, որ Եսթերը պատահական չէր հենց այդ ժամանակ թագուհի դարձել. դրա նպատակն էր ազատել հրեաներին։ Նա Եսթերին բացատրեց, թե ինչ կարևոր պատասխանատվություն է դրված նրա ուսերին, ինչպես նաև ասաց, որ թագավորի բարեհաճությունն ու օգնությունը աղերսի։ Եսթերը համաձայնվեց այդպես վարվել, չնայած որ դա կվտանգեր իր կյանքը (Եսթ 4։7-5։2)։
Նա պաշտպանեց Աստծու ժողովրդին
22 Եսթերի սիրտը նվաղեց, երբ լսեց այդ լուրը։ Սա նրա հավատի ամենամեծ փորձությունն էր։ Նա վախեցած էր, և դա չթաքցրեց Մուրթքեին տված պատասխանում։ Եսթերը հիշեցրեց նրան թագավորի օրենքը։ Առանց կանչվելու՝ Ասուերոսի մոտ ներկայանալը մահ էր նշանակում։ Նա կարող էր կենդանի մնալ միայն այն դեպքում, եթե թագավորը նրան մեկներ իր ոսկե գավազանը։ Մի՞թե Եսթերը հիմքեր ուներ ակնկալելու, որ թագավորը ողորմած կլինի իր հանդեպ, մանավանդ որ շատ լավ գիտեր, թե ինչ եղավ, երբ Վաշթին հրաժարվեց ներկայանալ թագավորին։ Նա ասաց Մուրթքեին, որ թագավորն արդեն 30 օր է, ինչ չի կանչել իրեն։ Սա թերևս հիմք էր տալիս թագուհուն մտածելու, որ նա կորցրել է թագավորի բարեհաճությունը (Եսթ. 4։9–11)։
23 Մուրթքեն վճռական պատասխան ուղարկեց Եսթերին՝ նրա հավատը ամրացնելու համար։ Նա հավաստիացրեց, որ եթե թագուհին ոչինչ չանի, հրեաների փրկությունը մեկ ուրիշ տեղից կգա։ Բայց ինչպե՞ս կարող էր թագուհին փրկվել, երբ հալածանքը մեծ թափ ստանար։ Այդպես Մուրթքեն ցույց տվեց իր խոր հավատը Եհովայի հանդեպ, ով երբեք թույլ չի տա, որ իր ժողովուրդը ոչնչացվի և իր խոստումները չկատարվեն (Հեսու 23։14)։ Մուրթքեն Եսթերին ասաց. «Ո՞վ գիտի, գուցե հենց այս ժամանակի համար ես դու թագուհի դարձել» (Եսթ. 4։12–14)։ Մուրթքեն լիովին վստահում էր իր Աստծուն՝ Եհովային։ Իսկ մե՞նք (Առակ. 3։5, 6)։
Հոգևոր գանձեր
Պայքարում ենք Աստծուն ազատորեն երկրպագելու համար
14 Եսթերի և Մուրթքեի պես՝ Եհովայի ժողովուրդն այսօր պայքարում է Աստծուն ազատորեն երկրպագելու համար այնպես, ինչպես նա է պահանջում (Եսթ. 4։13–16)։ Ինչպե՞ս կարող ես աջակցել նրանց։ Կանոնավորաբար աղոթելով քո հոգևոր քույրերի ու եղբայրների համար, որոնք անարդարությունների են բախվում։ Այդ աղոթքները մեծ օգնություն են նրանց համար (կարդա՛ Հակոբոս 5։16)։ Եհովան պատասխանո՞ւմ է այսպիսի աղոթքներին։ Դատարաններում տարած մեր հաղթանակները հենց դա են վկայում (Եբր. 13։18, 19)։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-24
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԹԵՐ 6-8
«Ճիշտ հաղորդակցության լավ օրինակ»
Նա իմաստուն էր, քաջ և անեսասեր
15 Եսթերը մեկ օր սպասեց, որ իր խնդրանքը հայտնի թագավորին, և այդ ժամանակը բավարար էր, որ Համանի անկումը սկսվեր։ Ակներևաբար թագավորի քունը Եհովան էր փախցրել (Առակ. 21։1)։ Զարմանալի չէ, որ Սուրբ Գիրքը հորդորում է «համբերությամբ սպասել» Աստծուն (կարդա՛ Միքիա 7։7)։ Եթե այդպես անենք, կտեսնենք, որ խնդիրներ լուծելու Աստծու տարբերակը լավագույնն է։
Նա խոսեց քաջաբար
16 Եսթերը չչարաշահեց թագավորի համբերությունը. որոշեց երկրորդ խնջույքի ժամանակ ամեն ինչ պատմել։ Բայց ինչպե՞ս։ Երբ խնջույքի ժամանակ թագավորը դարձյալ հարցրեց, թե որն է թագուհու խնդրանքը, Եսթերը հասկացավ, որ եկել է «խոսելու ժամանակը» (Եսթ. 7։2)։
Նա իմաստուն էր, քաջ և անեսասեր
17 Թագուհին հավանաբար նախ լուռ աղոթեց Աստծուն, հետո ասաց. «Եթե ես հաճություն եմ գտել քո աչքում, ո՛վ թագավոր, ու եթե թագավորին հաճելի է, խնդրում եմ, թող իմ հոգին և իմ ժողովուրդը ինձ շնորհվեն» (Եսթ. 7։3)։ Այս խոսքերից երևում է Եսթերի խոր հարգանքը թագավորի հանդեպ։ Որքա՜ն էր նա տարբերվում Վաշթիից՝ թագավորի նախկին կնոջից, որը գիտակցաբար նվաստացրել էր իր ամուսնուն (Եսթ. 1։10–12)։ Բացի այդ, Եսթերը չքննադատեց թագավորին, որ անխոհեմաբար վստահել էր Համանին։ Փոխարենը՝ աղաչեց նրան պաշտպանել իրեն մահվան սպառնալիքից։
Նա իմաստուն էր, քաջ և անեսասեր
18 Այդ լուրը ցնցեց թագավորին, և նա զարմացավ. ո՞վ էր համարձակվել վտանգի ենթարկել իր թագուհուն։ Եսթերը շարունակեց. «Ես ու իմ ժողովուրդը վաճառվել ենք, որպեսզի ոչնչացվենք, սպանվենք ու կործանվենք։ Եթե որպես ստրուկներ և աղախիններ վաճառված լինեինք, ես կլռեի։ Բայց այս աղետը անթույլատրելի է, քանի որ դա թագավորին էլ վնաս կհասցնի» (Եսթ. 7։4)։ Ուշադրություն դարձրու, որ թեև Եսթերը անկեղծորեն ներկայացրեց իր խնդիրը, սակայն նաև ավելացրեց, որ կլռեր, եթե միայն ստրկացնելու սպառնալիքը լիներ։ Մինչդեռ այդ ցեղասպանությունը թագավորի վրա շատ թանկ կնստեր, եթե նա լռեր։
19 Եսթերի օրինակը շատ բան է սովորեցնում մեզ այն մասին, թե ինչպես խելացի ձևով համոզել դիմացինին։ Եթե երբևէ հարկ լինի բացահայտ խոսել որևէ լուրջ խնդրի մասին հարազատի կամ իշխանություն ունեցողի հետ, եղիր համբերատար, հարգալից և անկեղծ (Առակ. 16։21, 23)։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Եսթեր» գրքից
7։4 — Ինչպե՞ս կարող էր հրեաների բնաջնջումը ‘թագավորին վնասել’։ Նրբանկատորեն ակնարկելով, որ հրեաներին կարելի է վաճառել ստրկության՝ Եսթերը շեշտեց, որ նրանց ոչնչացնելու դեպքում թագավորը վնաս կկրի։ Այն 10 000 արծաթը, որ Համանը խոստացել էր, շատ ավելի քիչ ներդրում էր թագավորի գանձարանի մեջ, քան այն գումարը, որ կստացվեր, եթե հրեաներին վաճառեին ստրկության։ Բացի այդ, Համանի ծրագրի իրականացումը թագավորի համար նաև նշանակելու էր՝ կորցնել թագուհուն։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25– ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԹԵՐ 9-10
«Նա իր դիրքը եսասիրաբար չօգտագործեց»
it-2, էջ 432, պրբ. 2
Մուրթքե
Մուրթքեն Համանի փոխարեն դարձավ թագավորից հետո երկրորդը ու ստացավ թագավորի կնքամատանին՝ հրամանագրերը կնքելու համար։ Եսթերը Մուրթքեին նշանակեց Համանի տան վրա, որը թագավորը տվել էր նրան։ Թագավորի թույլտվությամբ Մուրթքեն հրամանագիր արձակեց, որը պաշտպանվելու իրավունք էր տալիս հրեաներին։ Դա հրեաների համար փրկության և ուրախության շող էր։ Պարսկական կայսրության մեջ շատ մարդիկ հրեաների կողմն անցան։ Երբ եկավ ադարի 13-ը, ու օրենքները ուժի մեջ մտան, հրեաները արդեն պատրաստված էին։ Բոլոր պաշտոնյաներն աջակցեցին նրանց, քանի որ Մուրթքեն բարձր դիրք ուներ։ Շուշանում պայքարը շարունակվեց նաև հաջորդ օրը։ Պարսկաստանի կայսրությունում հրեաների ավելի քան 75 000 թշմանիներ ոչնչացվեցին, այդ թվում՝ Համանի տասը որդիները (Եսթ 8։1-9։18)։ Եսթերը թիկունք կանգնեց Մուրթքեի պատվերին, համաձայն որի՝ ամեն տարի ադարի 14-ին ու 15-ին ժողովուրդը պետք է տոն նշեր՝ «Փուրիմի օրերը», ուրախանար, խնջույք աներ և նվերներ տար միմյանց ու աղքատներին։ Հրեաները հնազանդվեցին այդ պատվերին և այդ տոնը նշելու պարտավորություն դրեցին իրենց սերնդի ու նրանց վրա, ովքեր միացել էին իրենց։ Որպես կայսրության մեջ երկրորդ մարդ՝ Մուրթքեն հարգված էր Աստծու նվիրյալ ժողովրդի՝ հրեաների կողմից և շարունակեց գործել հօգուտ նրանց բարօրության (Եսթ 9։19-22, 27-32; 10։2, 3)։
it-2, էջ 716, պրբ. 5
Փուրիմ
Նպատակը։ Որոշ մեկնաբաններ ասում են, որ Փուրիմի տոնը, որն այսօր նշում են հրեաները, ավելի շատ աշխարհիկ բնույթ ունի, քան կրոնական, ու երբեմն ուղեկցվում է ավելորդություններով։ Սակայն ի սկզբանե այդ տոնը այլ բնույթ էր կրում։ Մուրթքեն ու Եսթերը երկուսն էլ ճշմարիտ Աստված Եհովայի ծառաներն էին, իսկ այդ տոնը հաստատվել էր Նրան պատվելու համար։ Կարող ենք ասել, որ հրեաների ազատագրումը Եհովա Աստծուց էր, քանի որ խնդիրը Մուրթքեի անարատության պատճառով էր ծագել, ով բացարձակապես Եհովային էր նվիրված։ Համանը ակներևաբար ամաղեկացի էր, իսկ Եհովան անիծել էր ամաղեկացիներին և կործանման էր դատապարտել։ Մուրթքեն հարգում էր Աստծու այդ կարգադրությունը, ուստի հրաժարվեց խոնարհվել Համանի առաջ (Եսթ 3։2, 5; Ելք 17։14-16)։ Նաև Եսթերին ուղղված նրա խոսքերից (Եսթ 4։14) երևում է, որ նա հրեաների ազատագրումը սպասում էր ավելի բարձր իշխանությունից։ Իսկ այն, որ Եսթերը մինչև թագավորի մոտ մտնելը, իր խնդրանքը ներկայացնելը և խնջույքին հրավիրելը ծոմ պահեց, ցույց է տալիս, որ նա օգնության համար Աստծուն էր ապավինում (Եսթ 4։16)։
«Ընդօրինակիր Աստծուն» զորություն գործադրելիս
12 Ժողովը առաջնորդելու համար Եհովան վերակացուներ է նշանակել (Եբրայեցիներ 13։17)։ Այս փորձառու տղամարդիկ իրենց աստվածաշնորհ իշխանությունը գործադրում են անհրաժեշտ օգնություն ցույց տալու, ինչպես նաև հոտի բարօրությանը նպաստելու նպատակով։ Իսկ երեց լինելը հավատակիցների վրա իշխելու իրավունք տալի՞ս է արդյոք։ Ամենևի՛ն։ Ժողովում կատարած իրենց դերի մասին երեցները պետք է խոնարհ ու հավասարակշռված տեսակետ ունենան (1 Պետրոս 5։2, 3)։ Աստվածաշունչը վերակացուներին պատվիրում է հովվել Աստծու ժողովը, որը «նա գնեց իր Որդու արյունով» (Գործեր 20։28)։ Սա լուրջ հիմք է, թե ինչու է հարկավոր հոտի յուրաքանչյուր անդամին մեղմությամբ վերաբերվել։
13 Պարզաբանելու համար քննենք մի օրինակ։ Մտերիմ ընկերդ թանկարժեք իր է վստահում քեզ։ Դու գիտես, որ նա մեծ գումար է վճարել այն գնելու համար։ Մի՞թե զգուշությամբ ու մեծ հոգատարությամբ չես վերաբերվի դրան։ Նմանապես Աստված երեցներին պատասխանատու գործ է վստահել՝ նրանց խնամքին է հանձնել իսկապես թանկագին մի բան՝ ժողովը, որի անդամները նմանեցվում են գառնուկների (Հովհաննես 21։16, 17)։ Եհովայի գառնուկները իր համար շատ թանկ են, այնքան թանկ, որ նա գնել է նրանց իր միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի թանկագին արյամբ։ Ավելի բարձր գին Եհովան չէր կարող վճարել։ Խոնարհ երեցները միշտ մտքում պահում են դա ու Եհովայի գառնուկների հետ սիրով են վարվում։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Եսթեր» գրքից
9։10, 15, 16 — Թեև հրովարտակը թույլատրում էր ավար առնել, ինչո՞ւ հրեաները հրաժարվեցին դա անել։ Այդ հրաժարումից պարզ երևում է, որ նրանց նպատակը ոչ թե հարստություն ձեռք բերելն էր, այլ ինքնապաշտպանությունը։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-8
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 1-3
«Շարունակիր ցույց տալ, թե որքան շատ ես սիրում Եհովային»
Ընդօրինակիր Նոյի, Դանիելի և Հոբի հավատն ու հնազանդությունը
16 Դժվարություններ, որոնց բախվեց Հոբը։ Հոբն իր կյանքում մեծ փորձությունների միջով անցավ։ Մինչ այդ նա «բոլոր արևելցիների մեջ ամենամեծն էր» (Հոբ 1։3)։ Հոբը հարուստ էր, ճանաչված ու շատ հարգված (Հոբ 29։7–16)։ Բայց չնայած այս ամենին՝ նա չմեծամտացավ ու չսկսեց մտածել, թե Աստծու կարիքը չունի։ Եհովան նրան կոչեց «իմ ծառա» և ավելացրեց. «Նրա նման անարատ, ուղղամիտ, Աստծուց վախեցող և չարից հեռացող մարդ չկա» (Հոբ 1։8)։
17 Սակայն Հոբի կյանքը կտրուկ փոխվեց։ Նա հայտնվեց աղքատության ու հուսաբեկության անդունդում։ Դրա պատճառը, ինչպես գիտենք, Բանսարկու Սատանան էր, որը, սուտ խոսելով, Հոբին մեղադրեց այն բանում, թե նա շահից դրդված է երկրպագում Աստծուն (կարդա Հոբ 1։9, 10)։ Եհովան չանտեսեց այս չարադավ մեղադրանքը։ Փոխարենը՝ Հոբին հնարավորություն տվեց ապացուցելու, որ անարատ է։ Հոբը կարող էր ցույց տալ, որ Աստծուն երկրպագում է մաքուր սրտով, անշահախնդրորեն։
Մի՛ թող անարատությունդ
10 Իսկ դո՞ւ ինչպես ես ներգրավված այն հարցի մեջ, որ Սատանան բարձրացրեց Հոբի առնչությամբ։ Բանսարկուն այդ նույն մեղադրանքներն առաջադրում է նաև մեզանից յուրաքանչյուրի դեմ։ Նա պնդում է, որ դու իրականում չես սիրում Եհովային, որ կդադարես ծառայել նրան, եթե կյանքդ վտանգի ենթարկվի, որ Աստծու հանդեպ քո հավատարմությունը ընդամենը ձևականություն է (Հոբ 2։4, 5; Հայտն. 12։10)։ Ի՞նչ կասես։ Վիրավորական է, չէ՞։ Սակայն մտածիր հետևյալի մասին։ Եհովան քեզ այնքան է վստահում, որ հրաշալի հնարավորություն է ընձեռում. դու կարող ես փաստել, որ Սատանան ստախոս է։ Դրա համար էլ Աստված թույլ է տալիս նրան, որ փորձության ենթարկի քո անարատությունը։ Եհովան համոզված է, որ դու կարո՛ղ ես հավատարիմ մնալ, և խոստանում է օգնել քեզ դրանում (Եբր. 13։6)։ Այո՛, քեզ վստահում է հենց ինքը՝ տիեզերքի Գերիշխանը։ Ինչպիսի՜ պատիվ։ Հիմա հասկանո՞ւմ ես, թե անարատությունը ինչու է այդքան կարևոր։ Այն օգնում է հերքել Սատանայի ստերը, սրբացնել մեր Հոր բարի անունը և ցույց տալ, որ մեզ համար ընդունելի ու հաճելի է նրա իշխելու կերպը։ Իսկ ինչպե՞ս կարող ենք զարգացնել այդ կարևոր հատկությունը։
Հոգևոր գանձեր
Սովորենք Հիսուսի վերջին խոսքերից
9 Ի՞նչ ասաց Հիսուսը։ Մահանալուց կարճ ժամանակ առաջ Հիսուսն աղաղակեց. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր» (Մատթ. 27։46)։ Աստվածաշնչում չի նշվում, թե Հիսուսն ինչու նման բան ասաց։ Բայց եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել նրա խոսքերից։ Նախ՝ այդպիսով Հիսուսը կատարեց Սաղմոս 22։1-ում գրված մարգարեությունը։ Բացի այդ՝ այս խոսքերից երևում է, որ Եհովան իր Որդու շուրջը «ցանկապատ» չէր դրել, որ պաշտպաներ նրան (Հոբ 1։10)։ Հիսուսը հասկանում էր, որ իր Հայրը լիովին հանձնել է իրեն թշնամիների ձեռքը, որ մինչև վերջ փորձեն իրեն։ Ոչ մի մարդ երբևէ այդ աստիճան չէր փորձվել։ Հիսուսի խոսքերը փաստում էին նաև այն, որ նա մահվան արժանի ոչ մի հանցանք չէր գործել։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-15
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 4-5
«Հեռու մնա կեղծ տեղեկություններից»
it-1, էջ 713, պրբ. 11
Եղիփազ
2. Հոբի երեք ընկերներից մեկը (Հոբ 2։11)։ Լինելով թեմանացի՝ նա հավանաբար վերը նշված Եղիփազի (Եսավի առաջնեկի) հետնորդն էր, հետևաբար նաև Աբրահամի։ Ուստի, կարելի է ասել՝ Հոբի հեռավոր բարեկամն էր։ Նա և նրա հետնորդները պարծենում էին իրենց իմաստությամբ (Եր 49։7)։ Ինչպես երևում է, Եղիփազը երեք «մխիթարիչներից» ամենահեղինակավորն ու ազդեցիկն էր, կարելի է նաև ենթադրել, որ նա տարիքով ամենամեծն էր։ Երեք բանավեճերի սկզբում նա է առաջինը խոսում, ու նրա խոսքերը ավելի երկար են, քան մյուսներինը։
Պայքարի՛ր սխալ մտածելակերպի դեմ
Վերհիշելով, թե ինչպիսի արտառոց դեպք էր տեղի ունեցել իր հետ՝ Եղիփազն ասաց. «Առաջովս մի ոգի էլ անցաւ, մարմնիս մազերը քստմնեցան։ Նա կանգնեց, եւ ես չ’ճանաչեցի նորա կերպարանքը, մի երեւոյթ կար աչքիս առաջին, սօսափիւն եղաւ եւ ես մի ձայն լսեցի» (Յոբ 4։15, 16)։ Ի՞նչ ոգի էր ազդել Եղիփազի մտածելակերպի վրա։ Այս մտքերին հաջորդող քննադատական խոսքերի երանգը պարզորոշ ցույց է տալիս, որ այդ ոգին Աստծու արդար հրեշտակներից չէր (Յոբ 4։17, 18)։ Դա չար ոգեղեն արարած էր։ Այլապես ինչո՞ւ պետք է Եհովան սուտ խոսելու համար հանդիմաներ Եղիփազին և նրա երկու ընկերներին (Յոբ 42։7)։ Այո՛, Եղիփազը դևային ազդեցությամբ էր խոսում։ Նրա դատողությունները հոգևոր մտածելակերպ չէին արտահայտում։
Դիմադրիր Սատանայի մարտավարությանը
Սատանան Հոբի երեք ընկերներից մեկի՝ Եղիփազի միջոցով այնպիսի միտք հայտնեց, թե մարդը շատ թույլ արարած է և չի կարող դիմադրել իր հարձակումներին ու հավատարիմ մնալ Աստծուն։ Ասելով, որ մարդիկ նման են «կաւեղէն տներում» ապրողների՝ նա Հոբին ասաց. «[Նրանց] հիմունքը փոշիի մէջ է, եւ որոնք ջարդվում են ցեցի նման։ Առաւօտից մինչեւ երեկոյ փշրվում են, առանց մէկի ուշադրութեան կորչում են յաւիտեան» (Յոբ 4։19, 20)։
Աստվածաշնչային մեկ ուրիշ համարում գրված է, որ մենք նման ենք «հողե անոթների»՝ կավից պատրաստված փխրուն ամանների (2 Կորնթ. 4։7)։ Մենք թույլ ենք, քանի որ մեղք և անկատարություն ենք ժառանգել մեր նախածնողներից (Հռոմ. 5։12)։ Լինելով անկատար թույլ մարդիկ՝ մեր ուժերով չենք կարող դեմ կանգնել Սատանայի հարձակումներին։ Սակայն որպես քրիստոնյաներ՝ մենք ունենք Եհովայի աջակցությունը։ Բացի այդ, թեև տկար ենք, բայց թանկարժեք ենք Աստծու աչքում (Ես. 43։4)։ Դեռ ավելին, Եհովան իր սուրբ ոգին տալիս է նրանց, ովքեր խնդրում են այն (Ղուկ. 11։13)։ Սուրբ ոգին կարող է «սովորականին գերազանցող զորությունը» տալ մեզ, և այդ դեպքում մենք կկարողանանք պայքարել ցանկացած հակառակության դեմ, որ Սատանայի կողմից կգա (2 Կորնթ. 4։7; Փիլիպ. 4։13)։ Ուրեմն եթե դեմ կանգնենք Սատանային՝ «հավատում ամրացած», Աստված հաստատուն կդարձնի մեզ ու կզորացնի (1 Պետ. 5։8–10)։ Իրականում, մենք չպետք է վախենանք Բանսարկու Սատանայից։
mrt, էջ 32, պրբ. 13-17
Զգույշ եղիր ապատեղեկատվությունից
● Ստուգիր աղբյուրը և բովանդակությունը
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Հավաստիացեք ամեն ինչում» (1 Թեսաղոնիկեցիներ 5։21)։
Նախքան որևէ պատմությանը հավատալը կամ այն ուրիշներին ուղարկելը հավաստիացիր դրա ճշմարտացիության մեջ։ Դա վերաբերում է նաև այն պատմություններին, որոնք շատերը գիտեն, կամ որոնց մասին պարբերաբար խոսվում է լուրերով։ Իսկ ինչպե՞ս կարելի է դա անել։
Մտածիր, թե որքան վստահարժան է աղբյուրը։ Լրատվական ընկերությունները և մյուս կազմակերպությունները գուցե կոմերցիոն կամ քաղաքական շահերից ելնելով աղավաղեն պատմությունը։ Երբ որևէ աղբյուրում տեղեկություն ես տեսնում, այն համեմատիր այլ աղբյուրների հետ։ Երբեմն հնարավոր է՝ ընկերները անզգուշաբար ոչ ճշգրիտ տեղեկություններ փոխանցեն իրար էլեկտրոնային փոստով կամ սոցիալական կայքերով։ Ուստի մի՛ վստահիր դրանց, քանի դեռ չես ստուգել աղբյուրը։
Համոզվիր, որ հրապարակված տեղեկությունների բովանդակությունը արդիական է ու ստույգ։ Ստուգիր հրապարակման ամսաթիվը և այն փաստերը, որոնք հնարավոր է ճշտել ու կարող են հիմնավորել հրապարակումը։ Հատկապես զգույշ եղիր, եթե խրթին տեղեկությունները խիստ պարզեցված կերպով են ներկայացված կամ նպատակ ունեն ազդել մարդկանց զգացմունքների վրա։
Հոգևոր գանձեր
Հաստատուն մնացեք և հաղթեք կյանքի մրցավազքում
Ճշմարիտ երկրպագուների համաշխարհային կազմակերպության մաս լինելը կարող է կայունությանը նպաստող զորեղ ազդեցություն ունենալ մեզ վրա։ Ինչպիսի՜ օրհնություն է ընկերակցել այսպիսի սիրառատ, համաշխարհային եղբայրության հետ (Ա Պետրոս 2։17)։ Մենք էլ կարող ենք հաստատել մեր հավատակիցներին։
Հիշենք մի արդար մարդու՝ Հոբի գործերը, որոնք արվել են ուրիշներին օգնելու նպատակով։ Նույնիսկ կեղծ մխիթարիչ Եղիփազն էր ստիպված ընդունել այդ փաստը։ Նա ասաց. «Սասանողին կանգնեցրել են քո խօսքերը, եւ ծռած ծունկերը դուն կազդուրել ես» (Յոբ 4։4)։ Իսկ մե՞նք։ Ամեն մեկս պատասխանատվություն ունի օգնելու իր հոգևոր եղբայրներին ու քույրերին, որպեսզի նրանք տոկան Աստծո ծառայության մեջ։ Նրանց հետ մեր հարաբերություններում կարող ենք վարվել հետևյալ խոսքերում ամփոփված սկզբունքի համաձայն. «Ուժովացրէք թուլացած ձեռքերը, եւ դողդոջուն ծունկերը զօրացրէք» (Եսայիա 35։3)։ Ուրեմն ինչո՞ւ նպատակ չդնենք՝ ամեն անգամ զորացնելու և քաջալերելու մեկ կամ երկու հավատակիցների, երբ հանդիպում ենք նրանց (Եբրայեցիս 10։24, 25)։ Մենք կարող ենք գովասանքի և երախտագիտություն արտահայտող ջերմ խոսքեր ասել այն բանի համար, որ նրանք շարունակ ջանքեր են գործադրում Եհովային հաճեցնելու նպատակով։ Դրանք, իսկապես, կարող են օգնել նրանց հաստատուն մնալ՝ կյանքի համար տարվող մրցավազքում հաղթելու հեռանկարով։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-22
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 6-7
«Երբ թվում է՝ էլ ելք չկա»
Ուշագրավ մտքեր «Յոբ» գրքից
7։1; 14։14 — Ի՞նչ իմաստով են օգտագործված «զինուորութիւն» և «պատերազմ» բառերը այս համարներում։ «Զինուորութիւն» և «պատերազմ» թարգմանված եբրայերեն բառը կարող է նաև թարգմանվել «հարկադիր աշխատանք» կամ «հարկադիր ծառայություն»։ Հոբի ցավն այնքան մեծ էր, որ նա կյանքը համարեց ծանր, հարկադիր աշխատանք։ Յոբ 10։17–ում «փոփոխութիւններ եւ պատերազմ» արտահայտությունը կարող է նաև թարգմանվել՝ «մեկը մյուսին հաջորդող հարկադիր աշխատանք»։ Քանի որ մահացածի՝ շեոլում եղած ժամանակը՝ մահվան պահից մինչև հարություն առնելը, հարկադրական ժամանակահատված է, Հոբը այդ ժամանակամիջոցը նմանեցրեց հարկադիր ծառայության։
«Եհովան.... ոգով փշրվածներին փրկում է»
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ասում է, որ մարդու կյանքը կարճ է և «տագնապներով լի» (Հոբ 14։1)։ Ուստի բնական է, որ ժամանակ առ ժամանակ վհատվում ենք։ Անցյալում ապրած Եհովայի ծառաներից շատերն են նման զգացում ունեցել։ Ոմանք նույնիսկ ցանկացել են մեռնել (1 Թագ. 19։2–4; Հոբ 3։1–3, 11; 7։15, 16)։ Բայց Եհովան, ով նրանց Ապավենն էր, միշտ մխիթարում և զորացնում էր նրանց։ Այս հավատարիմների մասին գրվել է Աստծու Խոսքում, որպեսզի մխիթարվենք ու սովորենք նրանց օրինակներից (Հռոմ. 15։4)։
Երբ էլ չես ուզում ապրել
Ինչ խոսք, գուցե իրոք անելանելի վիճակում ես, բայց հիշիր, որ դու միակը չես, և ցավոք, բոլորն էլ պայքարում են որևէ խնդրի դեմ։ Աստվածաշունչը նշում է. «Բոլոր ստեղծվածները հառաչում են և ցավի մեջ են» (Հռոմեացիներ 8։22)։ Որքան էլ անհույս լինի իրավիճակը և անլուծելի թվա քո խնդիրը, ժամանակի ընթացքում ամեն բան փոխվում է։ Իսկ ի՞նչը կարող է օգնել քեզ այդ պահին։
Խոսիր քո մտահոգությունների մասին հասուն և վստահելի ընկերոջ հետ։ Աստվածաշնչում գրված է. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17)։ Արդար Հոբը, որի մասին նշված է Աստվածաշնչում, ուժգին փորձությունների ժամանակ իր զգացմունքներն ու մտահոգությունները արտահայտեց ուրիշներին։ Երբ նա «նողկանք զգաց» իր կյանքի հանդեպ, ասաց. «Իմ մասին մտահոգությունս չպիտի զսպեմ, հոգուս դառնությամբ պիտի խոսեմ» (Հոբ 10։1)։ Վստահելի ընկերոջ հետ խոսելը կօգնի քեզ հանդարտեցնելու էմոցիաներդ և մտքերդ ի մի բերելու։
Սիրտդ դատարկիր Աստծու առաջ՝ աղոթելով։ Ոմանք կարծում են, թե աղոթքը ընդամենը թեթևացում ստանալու միջոց է, սակայն Աստվածաշունչը հակառակն է ասում։ Սաղմոս 65։2-րդ համարը նշում է, որ Եհովան «աղոթքներ Լսող է», իսկ 1 Պետրոս 5։7-ում գրված է. «Նա հոգ է տանում քո մասին»։ Աստվածաշնչում նաև բազմիցս շեշտվում է, որ կարևոր է ապավինել Աստծուն։ Նկատի առ հետևյալ սուրբգրային համարները։
«Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան, և նա կուղղի քո շավիղները» (ԱՌԱԿՆԵՐ 3։5, 6)։
«[Եհովան] կկատարի իրենից վախեցողների փափագը, կլսի նրանց օգնության կանչն ու կփրկի նրանց» (ՍԱՂՄՈՍ 145։19)։
«Ահա թե ինչ վստահություն ունենք, երբ դիմում ենք նրան. ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ» (1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 5։14)։
«Եհովան հեռու է ամբարիշտներից, բայց արդարների աղոթքը լսում է» (ԱՌԱԿՆԵՐ 15։29)։
Եթե պատմես Աստծուն քո դժվարությունների մասին, նա օգնության ձեռք կմեկնի քեզ։ Իզուր չէ, որ Աստվածաշունչը հորդորում է. «Ամեն ժամանակ նրա՛ն ապավինիր.... Նրա առաջ դատարկիր քո սիրտը» (Սաղմոս 62։8)։
Հոգևոր գանձեր
Լսիր, լավ ճանաչիր և կարեկցիր
10 Եհովային ընդօրինակելով՝ մենք կձգտենք հասկանալ մեր հավատակիցներին։ Դրա համար անհրաժեշտ է, որ փորձենք ավելի լավ ճանաչել նրանց։ Ժողովի հանդիպումից առաջ ու հետո խոսիր նրանց հետ, ծառայիր և, եթե կարող ես, ճաշի հրավիրիր։ Այդպես գուցե տեսնես, որ այն քույրը, ով թվում է՝ շփվող չէ, պարզապես ամաչկոտ է, կամ այն եղբայրը, ում մասին մտածում էիր՝ նյութապաշտ է, որովհետև շատ փող ունի, իրականում առատաձեռն ու հյուրասեր մարդ է։ Իսկ այն քույրը, ով իր երեխաների հետ հաճախ ուշացած է գալիս ժողովի հանդիպումներին, ընտանիքում հակառակության է բախվում (Հռոմ. 14։4)։ Իհարկե, մենք չպետք է «ուրիշների գործերին խառնվենք» (1 Տիմոթ. 5։13)։ Բայց լավ կլինի՝ ճանաչենք մեր քույրերին ու եղբայրներին և իմանանք, թե ո՛ր հանգամանքներն են ազդել նրանց անհատականության վրա։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-29
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 8-10
«Աստծու նվիրված սերը պաշտպանում է մեզ Սատանայի ստերից»
Կարո՞ղ ենք հաճեցնել Աստծուն
Հոբը չափազանց ծանր տառապանքներ կրեց, ինչը նրան անարդար էր թվում։ Նա սխալ մտածելակերպ ձեռք բերեց՝ կարծելով, որ Աստծուն չի հետաքրքրում, թե արդյոք նա կպահպանի հավատը իր հանդեպ (Հոբ 9։20–22)։ Հոբը այնքան վստահ էր սեփական արդարության վրա, որ իր ընկերների մեջ այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե նա իրեն Աստծուց ավելի արդար է համարում (Հոբ 32։1, 2; 35։1, 2)։
Ի՞նչ է նշանակում Եհովայի նվիրված սերը քեզ համար
14 Աստծու նվիրված սերը հոգևորապես պաշտպանում է մեզ։ Եհովային աղոթելիս Դավիթն ասաց. «Դու իմ պատսպարանն ես, դու կպաշտպանես ինձ նեղությունից։ Փրկության ուրախությամբ կշրջապատես ինձ.... Եհովային ապավինողը սիրառատ բարությամբ շրջապատված կլինի» (Սաղ. 32։7, 10)։ Հին ժամանակներում քաղաքի շուրջը գտնվող պարիսպները պաշտպանում էին բնակիչներին թշնամիներից։ Նմանապես Եհովայի նվիրված սիրո դրսևորումներն են մեզ հոգևորապես պաշտպանում այն վտանգներից, որոնք կարող են վնասել նրա հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Դեռ ավելին, Եհովայի նվիրված սերը մղում է նրան, որ մեզ ձգի դեպի իրեն (Երեմ. 31։3)։
Հոգևոր գանձեր
«Ո՞վ կարողացավ իմանալ Եհովայի միտքը»
19 Ի՞նչ սովորեցինք «Եհովայի մտքի» մասին։ Մենք պետք է թույլ տանք, որ Աստծու Խոսքն օգնի մեզ ճիշտ կերպով հասկանալու այն։ Երբեք չպետք է մտածենք, որ Եհովան մեզ նման սահմանափակումներ ունի, ու չպետք է դատենք նրան մեր չափանիշներով և մտածելակերպով։ Հոբն ասաց. «[Աստված] ինձ պես մարդ չէ, որ պատասխանեմ նրան, և որ դատվենք միասին» (Հոբ 9։32)։ Երբ սկսում ենք հասկանալ Եհովայի միտքը, Հոբի պես մղվում ենք բացականչելու. «Ահա սրանք նրա ճանապարհների եզրերն են, և ընդամենը շշուկ է լսվում նրա մասին։ Բայց ո՞վ կարող է հասկանալ նրա հզոր որոտը» (Հոբ 26։14)։
20 Ուրեմն երբ Աստվածաշունչ կարդալիս հանդիպենք դժվարըմբռնելի հատվածի, որը հատկապես առնչվում է Եհովայի մտածելակերպին, ի՞նչ պետք է անենք։ Եթե փնտրտուքներ անելուց հետո չգտնենք հստակ պատասխանը, կարող ենք դա լավ առիթ համարել տեսնելու, թե որքան ենք վստահում Եհովային։ Հիշիր՝ երբեմն որոշ մտքեր հնարավորություն են տալիս մեզ դրսևորելու մեր վստահությունը այն բանի հանդեպ, որ Եհովան միշտ վարվում է իր հատկություններին ներդաշնակ։ Եկեք խոնարհաբար ընդունենք, որ չենք հասկանում այն ամենը, ինչ նա անում է (Ժող. 11։5)։ Այդ ժամանակ կհամաձայնենք Պողոս առաքյալի հետևյալ խոսքերին. «Օ՜, որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները, և որքա՜ն խորն են նրա իմաստությունն ու գիտելիքները։ Որքա՜ն անըմբռնելի են նրա դատաստանները, և անզննելի նրա ճանապարհները, որովհետև «ո՞վ կարողացավ իմանալ Եհովայի միտքը, կամ ո՞վ եղավ նրան խորհրդատու»։ Կամ «ո՞վ առաջինը տվեց նրան, որ հետո իրեն փոխհատուցվի»։ Չէ՞ որ բոլոր բաները նրանից, նրանով և նրա համար են։ Թող նրան լինի փառքը հավիտյան։ Ամեն» (Հռոմ. 11։33–36)։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30–ՆՈՅԵՄԲԵՐԻ 5
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 11-12
«Իմաստության տանող երեք քայլ»
w09 4/15, էջ 6, պրբ. 17
Հոբը բարձր պահեց Եհովայի անունը
17 Ինչի՞ շնորհիվ Հոբը պահեց իր անարատությունը։ Համոզված կարելի է ասել, որ նախքան իրեն դժբախտություններ կպատահեին, նա Եհովայի հետ արդեն իսկ մտերիմ փոխհարաբերություններ էր զարգացրել։ Արդյո՞ք Հոբը գիտեր, որ Սատանան Եհովայի դեմ է դուրս եկել։ Միանշանակ չենք կարող պատասխանել այս հարցին, բայց գիտենք, որ նա վճռել էր հավատարիմ մնալ Աստծուն։ Հոբն ասաց. «Մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը [«անարատությունը», ՆԱ]» (Յոբ 27։5)։ Ինչպե՞ս էր նա մտերիմ փոխհարաբերություն հաստատել Եհովայի հետ։ Անկասկած, նա լսել էր, թե ինչպես է Աստված վարվել իր հեռավոր ազգականների՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ, և միշտ խորհրդածել էր իր լսածի շուրջ։ Նաև, Հոբը Եհովայի շատ հատկությունների մասին իմացել էր նրա ստեղծագործություններից (կարդա՛ Յոբ 12։7–9, 13, 16)։
Դու միայնակ չես. Եհովան քեզ հետ է
10 Մտերմացիր Եհովայի հավատարիմ ծառաների հետ։ Ժողովում այնպիսի ընկերներ գտիր, որոնցից սովորելու բան ունես՝ անկախ նրանց տարիքից և ծագումից։ Աստվածաշունչն ասում է, որ տարեցներն իմաստուն են (Հոբ 12։12)։ Սակայն տարեցներն էլ իրենց հերթին շատ բան կարող են սովորել երիտասարդներից։ Դավիթը շատ ավելի երիտասարդ էր, քան Հովնաթանը։ Բայց դա չխանգարեց, որ նրանք մտերիմ ընկերներ դառնան (1 Սամ. 18։1)։ Դավիթն ու Հովնաթանը օգնում էին միմյանց, որ անկախ դժվարություններից ծառայեն Եհովային (1 Սամ. 23։16–18)։ Իրինան, ով միակ Վկան է իր ընտանիքում, ասում է. «Մեր հավատակիցները կարող են մեզ համար դառնալ հոգևոր ծնողներ, քույրեր ու եղբայրներ։ Եհովան նրանց միջոցով կարող է լրացնել ընտանիքի բացը»։
11 Նոր ընկերներ ձեռք բերելը կարող է դժվար լինել, հատկապես եթե ամաչկոտ ես։ Ռատնա անունով մի քույր, ով չնայած հակառակությանը՝ ընդունել է ճշմարտությունը, ասում է. «Պետք է ընդունեի, որ իմ հոգևոր ընտանիքի աջակցության կարիքն ունեմ»։ Գուցե դժվար լինի ուրիշներին պատմել քո զգացումների մասին։ Բայց մտերիմ ընկերության հիմքում նման բաց հաղորդակցությունն է ընկած։ Ընկերներդ ցանկանում են քաջալերել և աջակցել քեզ։ Սակայն նրանք չեն իմանա՝ ինչպես դա անել, եթե սիրտդ չբացես նրանց առաջ։
12 Ընկերներ ձեռք բերելու լավագույն կերպերից մեկը ծառայությանը մասնակցելն է։ Քերոլն ասում է. «Ես շատ ընկերներ եմ ձեռք բերել՝ ծառայության մեջ համագործակցելով տարբեր քույրերի հետ և մասնակցելով աստվածապետական այլ գործերի։ Տարիների ընթացքում Եհովան ինձ շատ է օգնել այս ընկերների միջոցով»։ Եհովայի հավատարիմ ծառաների հետ մտերմանալու համար արժե ջանքեր թափել։ Եհովան նրանց միջոցով օգնում է հաղթահարել բացասական զգացումները, ինչպես, օրինակ, միայնությունը (Առակ. 17։17)։
it-2, էջ 1190, պրբ. 2
Իմաստություն
Աստծու իմաստությունը։ Իմաստությունը բացարձակապես պատկանում է Եհովային, ով այս առումով «միակ իմաստունն» է (Հռ 16։27; Հտն 7։12)։ Գիտելիքը փաստերին տեղյակ լինելն է, ու քանի որ Եհովան Արարիչն է, ով «հավիտենից մինչև հավիտյան» է (Սղ 90։1, 2), տիեզերքի հետ կապված ամեն բան գիտի։ Նա գիտի, թե ինչպես է այն կառուցված, ինչ է կատարվում այնտեղ, ու դրա ողջ պատմությունը առայսօր։ Նա է հաստատել բոլոր ֆիզիկական օրենքները, ցիկլերն ու նորմերը, որոնց հիման վրա են մարդիկ հետազոտություններ և հայտնագործություններ անում։ Առանց դրանց՝ մարդիկ կլինեին անօգնական և չէին ունենա կայուն որևէ բան, որի հիման վրա կկարողանային առաջ գնալ (Հոբ 38։34-38; Սղ 104։24; Առ 3։19; Եր 10։12, 13)։ Ուստի տրամաբանական է, որ նրա սահմանած բարոյական նորմերը շատ ավելի կարևոր են, քանի որ առանց դրանց՝ մարդկանց կյանքը չի լինի կայուն, իմաստալից և բարեկեցիկ (2Օր 32։4-6)։ Չկա որևէ բան, որ վեր լինի Եհովայի հասկացողությունից (Ես 40։13, 14)։ Երբեմն նա թույլ է տալիս, որ իր արդար չափանիշներին հակասող որոշ բաներ տեղի ունենան և անգամ ժամանակավորապես ծաղկունք ապրեն։ Սակայն ապագան լիովին նրա ձեռքերում է, ու նա կիրականացնի իր կամքը, իսկ նրա խոսքերը հաստատ «կիրագործվեն» (Ես 55։8-11; 46։9-11)։
Հոգևոր գանձեր
Ինչպես հաղորդակցվել պատանիների հետ
▪ «Հասկանո՞ւմ եմ արդյոք, թե ինչ է թաքնված նրա խոսքերի հետևում»։ Յոբ 12։11–ում գրված է. «Մի՞թէ ականջը չէ որոշում [«չի քննում», ՆԱ] խօսքերը, եւ ուտող քիմքը՝ համն առնում»։ Այժմ ավելի քան երբևէ դուք պետք է «քննեք», թե ինչ է ձեր տղան կամ աղջիկը ասում։ Պատանիները հաճախ այնպես են խոսում, որ կարծես իրենց ասածները միշտ ճիշտ են։ Օրինակ՝ ձեր երեխան հնարավոր է ասի՝ «դու միշտ ինձ հետ երեխայի պես ես վարվում» կամ «դու երբեք չես լսում ինձ»։ «Միշտ» և «երբեք» բառերի վրա մի կենտրոնացեք և նրանց խոսքերը բառացի մի հասկացեք։ Գուցե երբ նա ասում է՝ «դու միշտ ինձ հետ երեխայի պես ես վարվում», կարող է նշանակել՝ «ես զգում եմ, որ դու ինձ չես վստահում», կամ «դու երբեք չես լսում ինձ» խոսքերը կարող են նշանակել՝ «ես ուզում եմ քեզ ասել, թե իրականում ինչ եմ զգում»։ Փորձեք հասկանալ խոսքերի հետևում թաքնված մտքերը։