Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Եհովան «գաղտնիքներ Հայտնողն է»
    2012 Դիտարան | հունիս 15
    • Եհովան «գաղտնիքներ Հայտնողն է»

      «Իրոք որ, ձեր Աստվածը աստվածների Աստվածն է, թագավորների Տերն է և գաղտնիքներ Հայտնողն է» (ԴԱՆ. 2։47)։

      ԻՆՉՊԵ՞Ս ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

      Ապագայի մասին Եհովան մեզ ի՞նչ մանրամասներ է հայտնել։

      Ի՞նչ են ներկայացնում գազանի վեց գլուխները։

      Ի՞նչ կապ ենք տեսնում գազանի ու Նաբուգոդոնոսորի տեսած արձանի միջև։

      1, 2. Եհովան ի՞նչ է հայտնել մեզ և ինչո՞ւ։

      ԵՐԿՐԻ վրա ո՞ր կառավարությունները գերիշխող դիրքում կլինեն, երբ Աստծու Թագավորությունը վերջ դնի մարդկային ղեկավարմանը։ Մենք գիտենք պատասխանը. այն հայտնել է «գաղտնիքներ Հայտնողը»՝ Եհովա Աստված։ Դանիել մարգարեի ու Հովհաննես առաքյալի գրվածքների միջոցով նա հնարավորություն է տալիս մեզ իմանալու, թե որոնք են այդ կառավարությունները։

      2 Եհովան այդ մարդկանց տեսիլքներ տվեց, որտեղ մի քանի կենդանիներ հաջորդում են իրար։ Նաև Դանիելին հայտնեց մի հսկա մետաղյա արձանի մասին երազի նշանակությունը։ Եհովան հոգ տարավ, որ այդ իրադարձությունները Աստվածաշնչում գրի առնվեն ու պահպանվեն մեր օգտի համար (Հռոմ. 15։4)։ Դրա նպատակն էր ամրացնել մեր հույսը այն բանի հանդեպ, որ իր Թագավորությունը շուտով փշրելու է մարդկային բոլոր կառավարությունները (Դան. 2։44)։

      3. Մարգարեությունները ճշգրիտ կերպով հասկանալու համար առաջին հերթին ի՞նչը պետք է ըմբռնենք և ինչո՞ւ։

      3 Դանիելի և Հովհաննեսի արձանագրությունները միասին վերցված ոչ միայն ցույց են տալիս, թե ովքեր են ութ թագավորները, կամ՝ մարդկային իշխանությունները, այլև թե ինչ հաջորդականությամբ էին դրանք ի հայտ գալու։ Սակայն մենք կարող ենք ճշգրիտ կերպով հասկանալ այդ մարգարեությունները միայն այն դեպքում, եթե ըմբռնենք Աստվածաշնչում արձանագրված ամենաառաջին մարգարեության նշանակությունը։ Ինչո՞ւ։ Քանի որ ամբողջ Աստվածաշունչը և բոլոր մարգարեությունները կապված են այդ մարգարեության հետ։

      ՕՁԻ ՍԵՐՈՒՆԴԸ ԵՎ ԳԱԶԱՆԸ

      4. Ովքե՞ր են կազմում կնոջ սերունդը, և ի՞նչ է անելու այդ սերունդը։

      4 Եդեմում տեղի ունեցած ապստամբությունից կարճ ժամանակ անց Եհովան մի խոստում տվեց, ըստ որի՝ «կինը» պետք է «սերունդ» առաջ բերերa (կարդա՛ Ծննդոց 3։15)։ Այդ սերունդն ի վերջո ջախջախելու էր օձի՝ Սատանայի գլուխը։ Ավելի ուշ Եհովան հայտնեց, որ սերունդը առաջ էր գալու Աբրահամից, Իսրայել ազգից, Հուդայի ցեղից ու Դավիթ թագավորի շառավղից (Ծննդ. 22։15–18; 49։10; Սաղ. 89։3, 4; Ղուկ. 1։30–33)։ Սերնդի գլխավոր մասը Հիսուս Քրիստոսն է (Գաղ. 3։16)։ Երկրորդական մասը քրիստոնեական ժողովի ոգով օծված անդամներն են (Գաղ. 3։26–29)։ Հիսուսն ու օծյալները միասին կազմում են Աստծու Թագավորությունը, որի միջոցով Աստված ջախջախելու է Սատանային (Ղուկ. 12։32; Հռոմ. 16։20)։

      5, 6. ա) Դանիելն ու Հովհաննեսը քանի՞ մեծ տերությունների մասին են խոսում։ բ) «Հայտնության» գազանի գլուխները ի՞նչ են ներկայացնում։

      5 Եդեմում տրված առաջին մարգարեության մեջ նաև նշվում է, որ Սատանան էլ էր «սերունդ» առաջ բերելու։ Նրա սերունդը թշնամություն, կամ՝ ատելություն էր դրսևորելու կնոջ սերնդի հանդեպ։ Ովքե՞ր են կազմում օձի սերունդը։ Բոլոր նրանք, ովքեր Սատանայի նման՝ ատելություն են դրսևորում Աստծու հանդեպ և հակառակվում են նրա ժողովրդին։ Ողջ պատմության ընթացքում Սատանան կազմավորել է իր սերունդը տարբեր քաղաքական ուժերի, կամ՝ թագավորությունների տեսքով (Ղուկ. 4։5, 6)։ Սակայն համեմատաբար քիչ թվով մարդկային թագավորություններ են մեծ ազդեցություն ունեցել Աստծու ժողովրդի վրա՝ լինի դա Իսրայել ազգը, թե օծյալ քրիստոնյաներից բաղկացած ժողովը։ Ինչո՞ւ է այդ փաստը կարևոր։ Քանի որ այն բացատրում է, թե ինչու է Դանիելի ու Հովհաննեսի տեսիլքներում խոսվում միայն ութ այդպիսի մեծ տերությունների մասին։

      6 Հարություն առած Հիսուսը առաջին դարի վերջում Հովհաննես առաքյալին մի քանի ապշեցուցիչ տեսիլքներ տվեց (Հայտն. 1։1)։ Դրանցից մեկում Հովհաննեսը տեսավ, որ Սատանան, որը ներկայացված էր վիշապի տեսքով, կանգնած էր մեծ ծովի ափին (կարդա՛ Հայտնություն 13։1, 2)։ Հովհաննեսը նաև մի տարօրինակ գազան տեսավ, որը դուրս էր գալիս ծովից։ Նա մեծ իշխանություն ստացավ Սատանայից։ Ավելի ուշ մի հրեշտակ Հովհաննեսին ասաց, որ ալ կարմիր գազանի (Հայտնություն 13։1-ի գազանի պատկերը) յոթ գլուխները ներկայացնում են «յոթ թագավորների», կամ՝ կառավարությունների (Հայտն. 13։14, 15; 17։3, 9, 10)։ Երբ Հովհաննեսը գրում էր այդ մասին, նրանցից հինգն ընկել էին, մեկը այդ ժամանակ իշխում էր, իսկ մյուսը «դեռ չէր եկել»։ Որո՞նք են այդ թագավորությունները, կամ՝ աշխարհակալ ուժերը։ Քննենք, թե «Հայտնություն» գրքում նկարագրված գազանի յուրաքանչյուր գլուխը որ թագավորությունն է ներկայացնում։ Մենք նաև կտեսնենք, թե Դանիելի գրվածքները ինչ մանրամասնություններ են տալիս այդ թագավորություններից շատերի մասին, ընդ որում երբեմն դրանց գոյությունից դարեր առաջ։

      ԵԳԻՊՏՈՍ ԵՎ ԱՍՈՐԵՍՏԱՆ. ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ԳԼՈՒԽՆԵՐԸ

      7. Ի՞նչ է ներկայացնում առաջին գլուխը և ինչո՞ւ։

      7 Գազանի առաջին գլուխը ներկայացնում է Եգիպտոսը։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ այդ թագավորությունը առաջին զորեղ ուժն էր, որը թշնամանք դրսևորեց Աստծու ժողովրդի հանդեպ։ Աբրահամի հետնորդները, որոնցից սերելու էր կնոջ խոստացյալ սերունդը, շատացան Եգիպտոսում։ Հետո այդ աշխարհակալ ուժը սկսեց կեղեքել Իսրայելին։ Սատանան փորձում էր նախքան սերնդի առաջ գալը բնաջինջ անել Աստծու ժողովրդին։ Ինչպե՞ս։ Դրդելով փարավոնին ոչնչացնել իսրայելացի բոլոր տղա երեխաներին։ Եհովան ձախողեց նրա փորձը ու ազատագրեց իր ժողովրդին ստրկությունից (Ելք 1։15–20; 14։13)։ Հետագայում նա իսրայելացիներին բնակեցրեց Ավետյաց երկրում։

      8. Ի՞նչ է ներկայացնում երկրորդ գլուխը, և ի՞նչ փորձ արեց այն։

      8 Գազանի երկրորդ գլուխը ներկայացնում է Ասորեստանը։ Այս զորեղ թագավորությունը նույնպես փորձ արեց բնաջնջելու Աստծու ժողովրդին։ Ճիշտ է, Եհովան Ասորեստանը որպես միջոց օգտագործեց պատժելու տասցեղ թագավորությանը կռապաշտության ու ապստամբության համար, սակայն հետո Ասորեստանը հարձակվեց նաև Երուսաղեմի վրա։ Սատանան թերևս նպատակ ուներ վերացնելու թագավորական շառավիղը, որից ի վերջո սերելու էր Հիսուսը։ Այդ հարձակումը Եհովայի նպատակի մեջ չէր մտնում, և նա հրաշքով ազատագրեց իր հավատարիմ ժողովրդին՝ կործանելով զավթիչներին (2 Թագ. 19։32–35; Ես. 10։5, 6, 12–15)։

      ԲԱԲԵԼՈՆ. ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽԸ

      9, 10. ա) Եհովան բաբելոնացիներին ի՞նչ թույլ տվեց անել։ բ) Որպեսզի մարգարեությունները կատարվեին, ի՞նչ պետք է տեղի ունենար։

      9 Հովհաննեսի տեսած գազանի երրորդ գլուխը ներկայացնում է այն թագավորությունը, որի մայրաքաղաքը Բաբելոնն էր։ Եհովան թույլ տվեց, որ բաբելոնացիները կործանեն Երուսաղեմը ու իր ժողովրդին գերության տանեն։ Սակայն մինչև այս անարգանքը թույլ տալը Եհովան ապստամբ իսրայելացիներին նախազգուշացրեց, որ իրենց այդպիսի ողբերգություն է պատահելու (2 Թագ. 20։16–18)։ Նա կանխագուշակեց, որ այն թագավորների շառավիղը, որոնց մասին ասվում էր, որ նստում են «Եհովայի գահին» Երուսաղեմում, իշխանությունից զրկվելու էր (1Տար. 29։23)։ Այդուհանդերձ, Եհովան նաև խոստացավ, որ Դավիթ թագավորի հետնորդներից մեկը՝ նա, ով «օրինական իրավունք ունի», կգար ու կվերականգներ այդ իշխանությունը (Եզեկ. 21։25–27)։

      10 Մեկ այլ մարգարեություն ցույց էր տալիս, որ հրեաները Երուսաղեմի տաճարում երկրպագություն մատուցելիս կլինեին, երբ գար խոստացված Մեսիան՝ Օծյալը (Դան. 9։24–27)։ Իսկ ավելի վաղ արված մարգարեության մեջ, որը գրի էր առնվել նախքան Իսրայելի գերի տարվելը Բաբելոն, ասվում էր, որ նա ծնվելու էր Բեթլեհեմում (Միք. 5։2)։ Որպեսզի այդ մարգարեությունները կատարվեին, հրեաները պետք է ազատ արձակվեին գերությունից, վերադառնային իրենց հայրենիք ու վերակառուցեին տաճարը։ Սակայն գերիներին արձակելը Բաբելոնի քաղաքականությունը չէր։ Ինչպե՞ս էր լուծվելու այդ խնդիրը։ Եհովան պատասխանը հայտնեց իր մարգարեներին (Ամոս 3։7)։

      11. Ի՞նչ տարբեր կերպերով է ներկայացված Բաբելոնյան կայսրությունը (տե՛ս ծանոթագրությունը)։

      11 Դանիել մարգարեն մեկն էր այն գերիներից, որոնք տարվել էին Բաբելոն (Դան. 1։1–6)։ Եհովան նրա միջոցով հայտնեց, թե այդ աշխարհակալ ուժին ինչ թագավորություններ էին հաջորդելու։ Այս գաղտնիքները բացահայտելու համար նա մի շարք խորհրդանիշներ օգտագործեց։ Օրինակ՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին Եհովան զանազան մետաղներից կազմված հսկա մի արձանի մասին երազ տվեց (կարդա՛ Դանիել 2։1, 19, 31–38)։ Դանիելի միջոցով Եհովան հայտնեց, որ արձանի ոսկե գլուխը խորհրդանշում էր Բաբելոնյան կայսրությունըb։ Դրան հաջորդող աշխարհակալ ուժը ներկայացված էր արծաթե կրծքով ու ձեռքերով։ Ո՞րն էր լինելու այդ աշխարհակալ ուժը և ինչպե՞ս էր վերաբերվելու Աստծու ժողովրդին։

      ՄԱՐԱ-ՊԱՐՍԿԱՍՏԱՆ. ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽԸ

      12, 13. ա) Եհովան ի՞նչ հայտնեց Բաբելոնի գրավման մասին։ բ) Ինչո՞ւ է Մարա-Պարսկաստանը նկարագրված որպես գազանի չորրորդ գլուխ։

      12 Դանիելի ժամանակներից ավելի քան մեկ դար առաջ Եհովան Եսայիա մարգարեի միջոցով մանրամասնություններ էր հայտնել այն աշխարհակալ ուժի մասին, որը նվաճելու էր Բաբելոնը։ Եհովան ոչ միայն ասել էր, թե ինչպես էր գրավվելու Բաբելոն քաղաքը, այլև հայտնել էր նվաճողի անունը։ Այդ առաջնորդը Կյուրոսն էր՝ պարսից արքան (Ես. 44։28–45։2)։ Դանիելը երկու տեսիլք ստացավ մարա-պարսկական աշխարհակալ ուժի մասին։ Մեկում թագավորությունը արջի էր նման, որը բարձրացրել էր իր մի կողմը։ Նրան ասվեց. «Շատ մի՛ս կեր» (Դան. 7։5)։ Մյուս տեսիլքում Դանիելը տեսավ, որ այս երկակի աշխարհակալ ուժը ներկայացված է երկու եղջյուր ունեցող խոյով (Դան. 8։3, 20)։

      13 Եհովան Մարա-Պարսկական կայսրության միջոցով կատարեց մարգարեությունը. կործանեց Բաբելոնը և իսրայելացիներին վերադարձրեց իրենց հայրենիք (2 Տար. 36։22, 23)։ Սակայն նույն ուժը ավելի ուշ պատրաստվում էր ոչնչացնել Աստծու ժողովրդին։ Աստվածաշնչյան «Եսթեր» գրքում արձանագրված է այն դավի մասին, որը նյութել էր Համանը՝ Պարսկաստանի վարչապետը։ Նա կազմակերպեց Պարսկական հսկա կայսրության մեջ բնակվող բոլոր հրեաների բնաջնջումը ու կոնկրետ ամսաթիվ նշանակեց ցեղասպանությունն իրականացնելու համար։ Միայն Եհովայի միջամտության շնորհիվ էր, որ նրա ժողովուրդը մեկ անգամ ևս փրկվեց Սատանայի սերնդի թշնամանքից (Եսթ. 1։1–3; 3։8, 9; 8։3, 9–14)։ Ուստի տեղին է, որ Մարա-Պարսկաստանը «Հայտնություն» գրքում նկարագրված է որպես գազանի չորրորդ գլուխ։

      ՀՈՒՆԱՍՏԱՆ. ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽԸ

      14, 15. Հունական կայսրության մասին ի՞նչ մանրամասներ է հայտնել Եհովան։

      14 «Հայտնության» գազանի հինգերորդ գլուխը ներկայացնում է Հունաստանը։ Նաբուգոդոնոսորի երազը մեկնելիս Դանիելը հայտնել էր, որ այս ուժը ներկայացված է արձանի պղնձե որովայնով ու ազդրերով։ Դանիելը նաև երկու տեսիլք ստացավ, որոնք ուշագրավ մանրամասներ են հայտնում թե՛ այս կայսրության բնույթի և թե՛ նրա ամենանշանավոր կառավարչի մասին։

      15 Մի տեսիլքում Դանիելը տեսավ, որ Հունաստանը ներկայացված է չորս թև ունեցող ընձառյուծի տեսքով, ինչը ցույց է տալիս, որ այն շատ արագ էր հաղթանակներ տանելու (Դան. 7։6)։ Իսկ մեկ ուրիշ տեսիլքում մարգարեն տեսավ, թե ինչպես մի այծ, որը մի երևելի եղջյուր ուներ, արագ սպանեց երկու եղջյուր ունեցող խոյին՝ Մարա-Պարսկաստանին։ Եհովան Դանիելին ասաց, որ այծը խորհրդանշում է Հունաստանը, իսկ մեծ եղջյուրը՝ նրա թագավորներից մեկին։ Այնուհետև մարգարեն գրեց, որ մեծ եղջյուրը կոտրվեց ու դրա փոխարեն չորսը դուրս եկան, որոնք ավելի փոքր էին։ Թեև այս մարգարեությունը գրի էր առնվել Հունաստանի՝ գերիշխող թագավորություն դառնալուց մոտ երկու դար առաջ, այն կատարվեց ամենայն մանրամասնությամբ։ Ալեքսանդր Մեծը՝ հին Հունաստանի ամենանշանավոր թագավորը, առաջնորդեց Մարա-Պարսկաստանի դեմ արշավանքը։ Սակայն շուտով այդ եղջյուրը կոտրվեց. մեծ թագավորը մահացավ իր զորության գագաթնակետին, երբ ընդամենը 32 տարեկան էր։ Այնուհետև նրա թագավորությունը բաժանվեց իր չորս զորավարների միջև (կարդա՛ Դանիել 8։20–22)։

      16. Ի՞նչ արեց Անտիոքոս IV։

      16 Պարսկաստանը նվաճելուց հետո Հունաստանն իշխեց Աստծու ժողովրդի երկրի վրա։ Այդ ժամանակ հրեաները վերաբնակվել էին Ավետյաց երկրում ու վերակառուցել Երուսաղեմի տաճարը։ Նրանք դեռևս Աստծու ընտրյալ ժողովուրդն էին, իսկ վերակառուցված տաճարը՝ ճշմարիտ երկրպագության կենտրոնը։ Սակայն մ.թ.ա. երկրորդ դարում Հունաստանը՝ գազանի հինգերորդ գլուխը, հարձակվեց Աստծու ժողովրդի վրա։ Ալեքսանդրի պառակտված կայսրության ժառանգներից մեկը՝ Անտիոքոս IV, հեթանոսական զոհասեղան դրեց Երուսաղեմի տաճարում ու հրեական կրոնը դավանելը մահապատժի ենթակա հանցանք հայտարարեց։ Ատելության ինչպիսի՜ դրսևորում Սատանայի սերնդի կողմից։ Այդուհանդերձ, Հունաստանը շուտով վերացավ որպես աշխարհակալ ուժ։ Ո՞րն էր լինելու գազանի վեցերորդ գլուխը։

      ՀՌՈՄ. «ԱՀԵՂ ՈՒ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ» ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽԸ

      17. Վեցերորդ գլուխը ի՞նչ դեր ունեցավ Ծննդոց 3։15-ում արձանագրված մարգարեության իրականացման հարցում։

      17 Երբ Հովհաննեսը գազանի մասին տեսիլք ստացավ, Հռոմը գերիշխող տերություն էր (Հայտն. 17։10)։ Վեցերորդ գլուխը Ծննդոց 3։15-ում արձանագրված մարգարեության իրականացման հարցում մեծ դեր ունեցավ։ Սատանան հռոմեացի պաշտոնյաների միջոցով հարված հասցրեց սերնդին՝ ժամանակավորապես վնասելով նրան, ու այդպիսով խայթեց նրա «գարշապարը»։ Ինչպե՞ս։ Նրանք խռովության կեղծ մեղադրանքներ ներկայացրին Հիսուսի դեմ ու մահվան մատնեցին նրան (Մատթ. 27։26)։ Սակայն այդ վերքը շուտով բուժվեց, քանի որ Եհովան հարություն տվեց Հիսուսին։

      18. ա) Ի՞նչ նոր ազգ ընտրեց Եհովան և ինչո՞ւ։ բ) Օձի սերունդը ինչպե՞ս շարունակեց ատելություն դրսևորել կնոջ սերնդի հանդեպ։

      18 Իսրայելի կրոնական առաջնորդները Հռոմի հետ դավադրություն կազմակերպեցին Հիսուսի դեմ։ Իսրայելացիների մեծ մասը նույնպես մերժեց նրան։ Ուստի Եհովան մերժեց մարմնավոր Իսրայելին որպես իր ժողովուրդ (Մատթ. 23։38; Գործ. 2։22, 23)։ Նա ընտրեց նոր ազգ՝ «Աստծու Իսրայելին» (Գաղ. 3։26–29; 6։16)։ Այդ ազգը օծյալ քրիստոնյաներից բաղկացած քրիստոնեական ժողովն էր, որտեղ կային և՛ հրեաներ, և՛ այլազգիներ (Եփես. 2։11–18)։ Հիսուսի մահից ու հարությունից հետո օձի սերունդը շարունակեց ատելություն դրսևորել կնոջ սերնդի հանդեպ։ Հռոմը մի քանի անգամ փորձեր արեց բնաջնջելու քրիստոնեական ժողովը՝ կնոջ սերնդի երկրորդական մասըc։

      19. ա) Ինչպե՞ս է Դանիելը նկարագրում վեցերորդ աշխարհակալ ուժը։ բ) Ի՞նչ ենք քննելու մյուս հոդվածում։

      19 Այն երազում, որը Դանիելը մեկնեց Նաբուգոդոնոսորի համար, Հռոմը ներկայացված է երկաթե սրունքներով (Դան. 2։33)։ Դանիելը նաև մի տեսիլք տեսավ, որը նկարագրում է ոչ միայն Հռոմեական կայսրությունը, այլև հաջորդ աշխարհակալ ուժը, որը նրանից էր առաջ գալու (կարդա՛ Դանիել 7։7, 8)։ Դարեր շարունակ Հռոմը իր թշնամիների համար «ահեղ ու զարհուրելի էր և արտասովոր ուժ ուներ»։ Սակայն ըստ մարգարեության՝ այս կայսրությունից «տասը եղջյուր» էր դուրս գալու, նաև մեկ այլ եղջյուր, որը մասնավորապես առաջավոր էր դառնալու։ Ի՞նչ են ներկայացնում այս տասը եղջյուրները, և ի՞նչ է ներկայացնում փոքր եղջյուրը։ Ինչպե՞ս է փոքր եղջյուրը համապատասխանում Նաբուգոդոնոսորի տեսած հսկա արձանի նկարագրությանը։ 14-րդ էջի հոդվածը քննում է այս հարցերը։

      [ծանոթագրություններ]

      a Կինը ներկայացնում է Եհովայի կազմակերպության երկնային մասը, որը կազմված է ոգեղեն արարածներից (Ես. 54։1; Գաղ. 4։26; Հայտն. 12։1, 2)։

      b Բաբելոնը ներկայացված է «Դանիել» գրքի արձանի գլխով և «Հայտնություն» գրքում նկարագրված գազանի երրորդ գլխով։ Տե՛ս աղյուսակը (էջ 12, 13)։

      c Թեև Հռոմը մ.թ. 70-ին կործանեց Երուսաղեմը, այդ հարձակումը Ծննդոց 3։15-ի մարգարեության կատարման մասը չէր։ Այդ ժամանակ մարմնավոր Իսրայելն այլևս Աստծու ընտրյալ ազգը չէր։

  • Եհովան հայտնում է, թե շուտով ինչ «պետք է տեղի ունենա»
    2012 Դիտարան | հունիս 15
    • Եհովան հայտնում է, թե շուտով ինչ «պետք է տեղի ունենա»

      «Հայտնություն՝ Հիսուս Քրիստոսի կողմից, որ Աստված տվեց նրան, որպեսզի ցույց տա իր ծառաներին այն բաները, որոնք շուտով պետք է տեղի ունենան» (ՀԱՅՏՆ. 1։1)։

      ԻՆՉՊԵ՞Ս ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

      Հսկա արձանի ո՞ր մասն է ներկայացնում անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը։

      Հովհաննեսն ինչպե՞ս է նկարագրում անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժի և Միավորված ազգերի կազմակերպության միջև կապը։

      Ինչպե՞ս են Դանիելն ու Հովհաննեսը նկարագրում մարդկային կառավարությունների կործանումը։

      1, 2. ա) Դանիելի ու Հովհաննեսի մարգարեությունները ի՞նչ անելու հնարավորություն են տալիս մեզ։ բ) Ի՞նչ են ներկայացնում գազանի առաջին վեց գլուխները։

      ԴԱՆԻԵԼԻ և Հովհաննեսի մարգարեությունները համեմատելով՝ կարողանում ենք հասկանալ ներկա և ապագա համաշխարհային բազում իրադարձությունների նշանակությունը։ Ի՞նչ կարող ենք սովորել՝ զուգահեռ անցկացնելով գազանի մասին Հովհաննեսի տեսիլքի, տասը եղջյուր ունեցող ահեղ գազանի մասին Դանիելի արձանագրության ու հսկա արձանի վերաբերյալ Դանիելի մեկնության միջև։ Եվ այս մարգարեությունների հստակ հասկացողությունը ի՞նչ անելու պետք է մղի մեզ։

      2 Անդրադառնանք գազանի մասին Հովհաննեսի տեսիլքին (Հայտն., գլ. 13)։ Ինչպես տեսանք նախորդ հոդվածում, գազանի առաջին վեց գլուխները ներկայացնում են Եգիպտոսը, Ասորեստանը, Բաբելոնը, Մարա-Պարսկաստանը, Հունաստանն ու Հռոմը։ Բոլորն էլ ատելություն դրսևորեցին կնոջ սերնդի նկատմամբ (Ծննդ. 3։15)։ Հովհաննեսի տեսիլքը գրվելուց հետո Հռոմը՝ վեցերորդ գլուխը, դարեր շարունակ գերիշխող տերություն էր հանդիսանում։ Ի վերջո, Հռոմին պետք է փոխարիներ յոթերորդ գլուխը։ Ո՞րն էր լինելու այդ աշխարհակալ տերությունը և ինչպե՞ս էր վերաբերվելու կնոջ սերնդին։

      ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԶՈՐԱՆՈՒՄ ԵՆ

      3. Ո՞ւմ է ներկայացնում տասը եղջյուր ունեցող զարհուրելի գազանը, և ի՞նչ են ներկայացնում տասը եղջյուրները։

      3 Մենք կարող ենք իմանալ, թե ում է ներկայացնում Հայտնության 13-րդ գլխի գազանի յոթերորդ գլուխը՝ Հովհաննեսի տեսիլքը համեմատելով տասը եղջյուր ունեցող զարհուրելի գազանի մասին Դանիելի տեսիլքի հետa (կարդա՛ Դանիել 7։7, 8, 23, 24)։ Դանիելի տեսած գազանը ներկայացնում է հռոմեական աշխարհակալ ուժը (տե՛ս 12-րդ և 13-րդ էջի աղյուսակը)։ Մ.թ. հինգերորդ դարում Հռոմեական կայսրությունը սկսեց մասնատվել։ Ահեղ գազանի գլխից դուրս եկած տասը եղջյուրները ներկայացնում են այդ կայսրությունից առաջ եկած թագավորությունները։

      4, 5. ա) Ի՞նչ արեց փոքր եղջյուրը։ բ) Ո՞ւմ է ներկայացնում գազանի յոթերորդ գլուխը։

      4 Վայրագ գազանի գլխից դուրս եկած եղջյուրներից, կամ՝ թագավորություններից չորսի մասին հատուկ կերպով է հիշատակվում։ Մեկ ուրիշ եղջյուր, «որը փոքր էր», կոտրեց երեքին։ Դա կատարվեց այն ժամանակ, երբ Բրիտանիան, որը նախկինում Հռոմեական կայսրության մի փոքր մասն էր, առաջադեմ դարձավ։ Մինչև 17-րդ դարը Բրիտանիան համեմատաբար աննշան ուժ էր։ Հռոմեական կայսրության մյուս երեք տարածաշրջանները՝ Իսպանիան, Նիդերլանդները և Ֆրանսիան շատ ավելի ազդեցիկ էին։ Բրիտանիան մեկ առ մեկ «կոտրեց» այդ ուժերին, ինչի պատճառով նրանք այլևս ազդեցիկ դիրք չունեին։ 18-րդ դարի կեսերին Բրիտանիան համաշխարհային բեմահարթակում սկսել էր գերիշխող ուժ դառնալ։ Այդուհանդերձ, այն դեռևս չէր դարձել գազանի յոթերորդ գլուխը։

      5 Թեև Բրիտանիան ազդեցիկ տերություն դարձավ, Հյուսիսային Ամերիկայում նրա գաղութները անկախացան։ Սակայն Բրիտանիան թույլ տվեց Միացյալ Նահանգներին հզորանալ և նույնիսկ պաշտպանեց իր ռազմածովային ուժերով։ Երբ 1914​թ.-ին սկսվեց Տիրոջ օրը, Բրիտանիան արդեն կառուցել էր պատմության մեջ ամենամեծ կայսրությունը, և Միացյալ Նահանգները դարձել էր երկրի վրա գոյություն ունեցող ամենամեծ արդյունաբերական պետությունըb։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան առանձնահատուկ համագործակցություն սկսեցին։ Հայտնվեց գազանի յոթերորդ գլուխը՝ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը։ Ինչպե՞ս այդ գլուխը վերաբերվեց կնոջ սերնդին։

      6. Յոթերորդ գլուխը ինչպե՞ս վերաբերվեց Աստծու ժողովրդին։

      6 Տիրոջ օրը սկսվելուց կարճ ժամանակ անց յոթերորդ գլուխը հարձակում գործեց Աստծու ժողովրդի՝ երկրի վրա մնացած Քրիստոսի եղբայրների վրա (Մատթ. 25։40)։ Հիսուսը ցույց տվեց, որ իր ներկայության ընթացքում սերնդի մնացորդը ակտիվ գործունեություն էր ծավալելու երկրի վրա (Մատթ. 24։45–47; Գաղ. 3։26–29)։ Անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը պատերազմ մղեց այդ սրբերի դեմ (Հայտն. 13։3, 7)։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում այն ճնշման ենթարկեց Աստծու ժողովրդին, արգելեց նրա հրատարակություններից մի քանիսը ու հավատարիմ ծառա դասակարգի ներկայացուցիչներին բանտ գցեց։ Գազանի յոթերորդ գլուխը միառժամանակ գրեթե դադարեցրեց քարոզչական գործը։ Եհովան կանխատեսել էր այս տագնապալի իրադարձությունը ու այդ մասին հայտնել Հովհաննեսին։ Աստված նաև ասել էր, որ սերնդի երկրորդական մասը վերակենդանանալու էր ու ընդլայնելու էր հոգևոր գործունեությունը (Հայտն. 11։3, 7–11)։ Եհովայի ժամանակակից ծառաների պատմությունը փաստում է, որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել։

      ԱՆԳԼՈ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԿԱԼ ՈՒԺԸ ԵՎ ԵՐԿԱԹԵ ՈՒ ԿԱՎԵ ՈՏՆԱԹԱԹԵՐԸ

      7. Ի՞նչ կապ գոյություն ունի գազանի յոթերորդ գլխի ու հսկա արձանի միջև։

      7 Ի՞նչ կապ գոյություն ունի գազանի յոթերորդ գլխի ու հսկա արձանի միջև։ Բրիտանիան, հետևաբար նաև նրանից սկզբնավորված Միացյալ Նահանգները առաջացել են Հռոմեական կայսրությունից։ Իսկ արձանի ոտնաթաթերի մասին ասվում է, որ դրանք երկաթի ու կավի խառնուրդ են (կարդա՛ Դանիել 2։41–43)։ Այս նկարագրությունը համապատասխանում է այն ժամանակին, երբ յոթերորդ գլուխը՝ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը, առաջավոր էր դառնալու։ Ինչպես որ կավից ու երկաթից պատրաստված կառույցն ավելի թույլ է, քան միայն երկաթիցը, այնպես էլ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժն ավելի թույլ է, քան այն ուժը, որից առաջ է եկել։ Ինչո՞ւ։

      8, 9. ա) Յոթերորդ աշխարհակալ ուժը ինչպե՞ս երկաթանման զորություն դրսևորեց։ բ) Ի՞նչ է խորհրդանշում ոտնաթաթերի կավը։

      8 Երբեմն գազանի յոթերորդ գլուխը երկաթանման հատկանիշներ է դրսևորել։ Օրինակ՝ այն փաստեց իր զորությունը՝ հաղթելով Առաջին համաշխարհային պատերազմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նույնպես ակնհայտ դարձավ նրա երկաթանման զորությունըc։ Պատերազմից հետո յոթերորդ գլուխը դեռևս ժամանակ առ ժամանակ դրսևորում էր երկաթանման հատկանիշներ։ Սակայն հենց սկզբից երկաթը խառնված էր կավի հետ։

      9 Եհովայի ծառաները երկար ժամանակ ձգտել են հասկանալ արձանի ոտնաթաթերի սիմվոլիկ նշանակությունը։ Դանիել 2։41-ը երկաթի ու կավի խառնուրդը նկարագրում է որպես մեկ «թագավորություն», ոչ թե մի քանի։ Ուստի կավը խորհրդանշում է անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժի իշխանության ոլորտում առկա այն տարրերը, որոնք նրան երկաթե Հռոմեական կայսրությունից ավելի թույլ են դարձնում։ Կավը «մարդկային սերունդն» է, կամ՝ հասարակ ժողովուրդը (Դան. 2։43)։ Անգլո-ամերիկյան աշխարհակալ տերության մեջ քաղաքացիական իրավունքները պաշտպանելու արշավների, արհմիությունների, տարբեր շարժումների միջոցով, որոնց նպատակն է անկախություն ձեռք բերել, հասարակ ժողովուրդը թուլացնում է այդ ուժը՝ թույլ չտալով նրան գործել երկաթանման զորությամբ։ Հակառակ գաղափարախոսությունների, ինչպես նաև այն պատճառով, որ ընտրությունների ժամանակ թեկնածուն հաղթում է ձայների ոչ մեծ տարբերությամբ (այդ ամենը ցույց է տալիս, որ չկա ճնշող մեծամասնություն, որը թիկունք կկանգնի որևէ հստակ քաղաքականության), նույնիսկ հայտնի ղեկավարները չեն ունենում բավական աջակցություն ժողովրդի կողմից, որ վարեն իրենց քաղաքականությունը։ Դանիելը կանխագուշակեց. «Թագավորությունը մասամբ հզոր է լինելու, մասամբ՝ դյուրաբեկ» (Դան. 2։42; 2 Տիմոթ. 3։1–3)։

      10, 11. ա) Ի՞նչ է լինելու «ոտնաթաթերին»։ բ) Ի՞նչ եզրակացություն կարող ենք անել ոտնաթաթերի մատների թվի վերաբերյալ։

      10 21-րդ դարում Բրիտանիան և Միացյալ Նահանգները շարունակում են իրենց առանձնահատուկ համագործակցությունը՝ հաճախ միասին գործելով միջազգային ասպարեզում։ Հսկա արձանի ու գազանի մասին մարգարեությունները հաստատում են, որ ապագայում որևէ այլ աշխարհակալ ուժ չի փոխարինի Անգլո-Ամերիկային։ Այս վերջին աշխարհակալ տերությունը գուցեև ավելի թույլ է, քան այն ուժը, որը ներկայացված էր երկաթե սրունքներով, սակայն ինքնիրեն չի վերանալու։

      11 Արդյոք ոտնաթաթերի մատների թիվը ունի՞ հատուկ նշանակություն։ Նկատի առնենք հետևյալը. այլ տեսիլքներում Դանիելը կոնկրետ թվեր է նշում։ Օրինակ՝ տարբեր կենդանիների եղջյուրների թիվը։ Այդ թվերը կարևոր են։ Սակայն երբ մարգարեն նկարագրում է արձանը, չի նշում մատների թիվը։ Ուստի կարելի է ասել, որ ոտնամատերի թիվը կարևոր չէ, ինչպես որ կարևոր չէ թևերի, ձեռնամատերի, սրունքների ու ոտնաթաթերի թիվը։ Սակայն Դանիելը հատուկ նշում է, որ ոտնաթաթերի մատները երկաթից ու կավից են։ Այս նկարագրությունից կարող ենք եզրակացնել, որ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժն է գերիշխող տերություն լինելու, երբ Աստծու Թագավորությունը խորհրդանշող «քարը» հարվածի արձանի ոտնաթաթերին (Դան. 2։45)։

      ԱՆԳԼՈ-ԱՄԵՐԻԿԱՆ ԵՎ ԵՐԿՈՒ ԵՂՋՅՈՒՐ ՈՒՆԵՑՈՂ ԳԱԶԱՆԸ

      12, 13. Ի՞նչ է ներկայացնում երկու եղջյուր ունեցող գազանը, և ի՞նչ է նա անում։

      12 Թեև անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը երկաթի ու կավի խառնուրդ է, այն տեսիլքները, որ Հիսուսը տվեց Հովհաննեսին, ցույց են տալիս, որ այս ուժը շարունակելու է կարևոր դեր ունենալ վերջին օրերում։ Ինչպե՞ս։ Հովհաննեսը մի տեսիլք տեսավ, որտեղ երկու եղջյուր ունեցող գազանը վիշապի պես էր խոսում։ Ի՞նչ է ներկայացնում այս տարօրինակ գազանը։ Այն երկու եղջյուր ունի, ուստի երկակի ուժ է։ Իրականում, առաքյալը կրկին տեսնում է անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը, բայց հատուկ դերի մեջ (կարդա՛ Հայտնություն 13։11–15)։

      13 Այս գազանը հորդորում է պատրաստել Հայտնություն 13։1-ում նկարագրված գազանի պատկերը։ Հովհաննեսը գրեց, որ գազանի պատկերը հայտնվելու էր, անհետանալու էր ու կրկին հայտնվելու էր։ Հենց այդպես եղավ այն կազմակերպության պարագայում, որի հիմնադրմանը նպաստեցին Բրիտանիան ու Միացյալ Նահանգները և որի նպատակն էր միավորել ու ներկայացնել աշխարհի թագավորություններըd։ Այս կազմակերպությունը հայտնվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո ու հայտնի էր Ազգերի լիգա անունով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին այն անհետացավ։ Այդ պատերազմի ընթացքում Աստծու ժողովուրդը հայտնում էր, որ ըստ «Հայտնություն» գրքի մարգարեության՝ գազանի պատկերը կրկին հայտնվելու էր։ Եվ այն իսկապես հայտնվեց, այս անգամ որպես Միավորված ազգերի կազմակերպություն (Հայտն. 17։8)։

      14. Ի՞նչ իմաստով է գազանի պատկերը «ութերորդ թագավորը»։

      14 Հովհաննեսը գազանի պատկերը ներկայացնում է որպես «ութերորդ թագավոր»։ Ի՞նչ իմաստով։ Նրա մասին չի ասվում, թե գազանի ութերորդ գլուխն է։ Նա ընդամենը այդ գազանի պատկերն է։ Նրա ունեցած զորությունը գալիս է անդամ-պետություններից, հատկապես իր գլխավոր աջակից անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժից (Հայտն. 17։10, 11)։ Բայց նա իշխանություն է ստանում գործելու որպես թագավոր, որպեսզի հատուկ հանձնարարություն կատարի, հանձնարարություն, որն առաջ կբերի պատմության մեջ շրջադարձային իրադարձությունների մի շղթա։

      ԳԱԶԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՊՈՌՆԻԿԻՆ

      15, 16. Ի՞նչ է ներկայացնում պոռնիկը, և ի՞նչ է տեղի ունենում այսօր։

      15 Հովհաննեսի խոսքերի համաձայն՝ ալ կարմիր գազանի վրա, որը գազանի պատկերն է, մի խորհրդանշական պոռնիկ կին է նստած, որը իշխում է նրան։ Կնոջ անունը «Մեծ Բաբելոն» է (Հայտն. 17։1–6)։ Այս պոռնիկը տեղին ներկայացնում է բոլոր կեղծ կրոնները, որոնց գլխավոր մասը քրիստոնեական եկեղեցիներն են։ Կրոնական կազմակերպությունները իրենց օրհնությունն են տալիս գազանի պատկերին ու ջանում ազդեցություն բանեցնել նրա վրա։

      16 Սակայն Տիրոջ օրվա ընթացքում Մեծ Բաբելոնը ականատես է լինում, թե ինչպես են ջրերը՝ այն ժողովուրդները, որոնք աջակցում են նրան, ցամաքում (Հայտն. 16։12; 17։15)։ Օրինակ՝ երբ գազանի պատկերը սկզբում հայտնվեց, քրիստոնեական եկեղեցիները՝ Մեծ Բաբելոնի ամենաազդեցիկ մասը, մեծ իշխանություն ունեին Արևմուտքում։ Բայց այսօր եկեղեցիներն ու նրանց ծառայողները կորցրել են շատ-շատերի հարգանքն ու աջակցությունը։ Իրականում, բազմաթիվ մարդիկ այն մտքին են, որ կրոնը պատճառ է լինում կոնֆլիկտների կամ նպաստում է դրանց։ Արևմուտքում ավելի ու ավելի շատ մարդիկ հանրայնորեն կոչ են անում վերջ դնել հասարակության վրա կրոնի ազդեցությանը։

      17. Ի՞նչ է շուտով լինելու կեղծ կրոնին և ինչո՞ւ։

      17 Այդուհանդերձ, կեղծ կրոնը աստիճանաբար չի վերանա։ Պոռնիկը, որը փորձում է թագավորներին իր կամքին ենթարկել, այնքան ժամանակ կշարունակի մնալ հզոր ուժ, մինչև որ Աստված իշխանություն ունեցողների սրտում մեկ միտք դնի (կարդա՛ Հայտնություն 17։16, 17)։ Եհովան Սատանայի համակարգի քաղաքական տարրերին, որոնց ներկայացուցիչը Միավորված ազգերի կազմակերպությունն է, շուտով կդրդի հարձակվելու կեղծ կրոնի վրա։ Նրանք կվերացնեն նրա ազդեցությունը ու կավերեն նրա հարստությունը։ Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ սա գուցե անհավանական թվար։ Այսօր պոռնիկը օրորվում է ալ կարմիր գազանի մեջքին։ Սակայն նա ոչ թե աստիճանաբար է ընկնելու գազանի վրայից, այլ նրան տապալելու են հանկարծակի ու դաժանորեն (Հայտն. 18։7, 8, 15–19)։

      ԳԱԶԱՆՆԵՐԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ ԵՆ

      18. ա) Ի՞նչ է անելու գազանը և ի՞նչ արդյունքով։ բ) Ըստ Դանիել 2։44-ի՝ Աստծու Թագավորությունը ո՞ր թագավորությունները կկործանի (տե՛ս 17-րդ էջի շրջանակը)։

      18 Կեղծ կրոնի ոչնչացումից հետո գազանը՝ Սատանայի երկրային քաղաքական համակարգը, մղված կլինի հարձակում գործելու Աստծու Թագավորության վրա։ Քանի որ երկրի թագավորները չեն կարող հասնել երկինք, իրենց ցասումը կթափեն երկրի վրա գտնվող այն անհատների վրա, ովքեր աջակցում են Աստծու Թագավորությանը։ Այն, ինչ կհաջորդի դրան, անխուսափելի կլինի (Հայտն. 16։13–16; 17։12–14)։ Դանիելը նկարագրում է այդ վերջնական պատերազմի մի երեսակը (կարդա՛ Դանիել 2։44)։ Հայտնություն 13։1-ում նշված գազանը, նրա պատկերն ու երկու եղջյուր ունեցող գազանը կկործանվեն։

      19. Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել, և այժմ ի՞նչ անելու ժամանակն է։

      19 Մենք ապրում ենք գազանի յոթերորդ գլխի իշխանության օրերում։ Մինչև գազանի ոչնչացումը նրա վրա նոր գլուխներ չեն հայտնվելու։ Անգլո-Ամերիկան է այն աշխարհակալ ուժը, որի օրոք կեղծ կրոնը արմատախիլ կլինի։ Դանիելի ու Հովհաննեսի մարգարեությունները կատարվել են ամենայն մանրամասնությամբ։ Կարող ենք վստահ լինել, որ շուտով տեղի կունենա կեղծ կրոնի կործանումը և Արմագեդոն պատերազմը։ Եհովան նախօրոք հայտնել է այս մանրամասները։ Ուշադրություն կդարձնե՞նք մարգարեական այդ նախազգուշացումներին (2 Պետ. 1։19)։ Հիմա՛ է Եհովայի կողմը բռնելու ու նրա Թագավորությանը աջակցելու ժամանակը (Հայտն. 14։6, 7)։

      [ծանոթագրություններ]

      a Աստվածաշնչում տասը թիվը հաճախ խորհրդանշում է ամբողջականություն, այս դեպքում՝ այն բոլոր թագավորությունները, որոնք առաջ են եկել Հռոմեական կայսրությունից։

      b Թեև երկակի աշխարհակալ ուժի բաղկացուցիչ մասերը գոյություն են ունեցել 18-րդ դարից ի վեր, Հովհաննեսը նկարագրում է, որ այն հայտնվելու էր Տիրոջ օրվա սկզբում։ Իրականում, «Հայտնություն» գրքում արձանագրված տեսիլքների կատարումը տեղի է ունենում «Տիրոջ օրը» (Հայտն. 1։10)։ Յոթերորդ գլուխը սկսեց գործել որպես միավորված աշխարհակալ ուժ միայն Առաջին համաշխարհային պատերազմից սկսած։

      c Կանխագուշակելով, թե պատերազմի ընթացքում ինչ սարսափելի ավերածություններ էր պատճառելու այս թագավորը՝ Դանիելը գրեց. «Նա կավերի զարմանալի [զարհուրելի] կերպով» (Դան. 8։24)։ Օրինակ՝ Միացյալ Նահանգները աննախադեպ մասշտաբի սարսափելի ավերածություն պատճառեց, երբ երկու ատոմային ռումբ գցեց անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժի հակառակորդ երկրներից մեկի վրա։

      d Տե՛ս «Հայտնություն. փառահեղ գագաթնակետը մոտ է» գիրքը, էջ 240, 241, 253 (անգլ., ռուս.)։

      [շրջանակ 17-րդ էջի վրա]

      ՈՐՈ՞ՆՔ ԵՆ «ԱՅՍ ԲՈԼՈՐ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

      Դանիել 2։44-ի մարգարեությունը նշում է, որ Աստծու թագավորությունը «փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին»։ Այս մարգարեությունը վերաբերում է միայն արձանի տարբեր մասերով ներկայացված թագավորություններին։

      Իսկ ի՞նչ կարելի է ասել մարդկային մյուս կառավարությունների մասին։ Զուգահեռ մարգարեությունը, որը գտնվում է «Հայտնություն» գրքում, տալիս է ամբողջական պատկերը։ Այն հայտնում է, որ «Ամենակարող Աստծու մեծ օրը» «ողջ բնակեցված երկրի թագավորները» հավաքվելու են Եհովայի դեմ (Հայտն. 16։14; 19։19–21)։ Ուստի Արմագեդոնի ժամանակ կկործանվեն ոչ միայն արձանի թագավորությունները, այլև մյուս բոլոր մարդկային կառավարությունները։

  • Ութ թագավորները բացահայտված են
    2012 Դիտարան | հունիս 15
    • Ութ թագավորները բացահայտված են

      Աստվածաշնչի «Դանիել» և «Հայտնություն» գրքերը միասին վերցված ոչ միայն ցույց են տալիս, թե ովքեր են ութ թագավորները, կամ՝ մարդկային իշխանությունները, այլև թե ինչ հաջորդականությամբ էին դրանք ի հայտ գալու։ Մենք կարող ենք գաղտնազերծել այդ մարգարեությունները միայն այն դեպքում, եթե ըմբռնենք Աստվածաշնչում արձանագրված ամենաառաջին մարգարեությունը։

      Ողջ պատմության ընթացքում Սատանան կազմավորել է իր սերունդը տարբեր քաղաքական ուժերի, կամ՝ թագավորությունների տեսքով (Ղուկ. 4։5, 6)։ Սակայն միայն համեմատաբար քիչ թվով մարդկային թագավորություններ են մեծ ազդեցություն ունեցել Աստծու ժողովրդի վրա՝ լինի դա Իսրայել ազգը, թե օծյալ քրիստոնյաներից բաղկացած ժողովը։ Դանիելի ու Հովհաննեսի տեսիլքներում խոսվում է միայն ութ այդպիսի մեծ տերությունների մասին։

      [Աղյուսակ/նկարներ 12-րդ էջի վրա]

      (Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)

      «ԴԱՆԻԵԼԻ» ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

      1. Եգիպտոս

      2. Ասորեստան

      3. Բաբելոն

      4. Մարա- Պարսկաստան

      5. Հունաստան

      6. Հռոմ

      7. Անգլո-Ամերիկաa

      8. Ազգերի լիգա և Միավորված ազգերի կազմակերպությունb

      Հսկա արձանը (Դան. 2։31–45)

      Չորս գազան, որ դուրս են գալիս ծովից (Դան. 7։3–8, 17, 25)

      Խոյն ու այծը (Դան., գլ. 8)

      [Աղյուսակ/նկարներ 13-րդ էջի վրա]

      «ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ» ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

      Յոթ գլուխ ունեցող գազանը (Հայտն. 13։1–10, 16–18)

      Երկու եղջյուր ունեցող գազանը խրախուսում է պատրաստել գազանի պատկերը (Հայտն. 13։11–15)

      ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

      Իսրայել ազգ

      Մ.թ.ա. 2000​թ.

      Աբրահամ

      1500

      1000

      Դանիել

      500

      Աստծու Իսրայել

      Մ.թ.ա./Մ.թ.

      Հովհաննես

      500

      1000

      1500

      Մ.թ. 2000​թ.

      [ծանոթագրություն]

      a Վերջի ժամանակի ընթացքում երկու թագավորներն էլ գոյություն ունեն։ Տե՛ս 19-րդ էջը։

      b Վերջի ժամանակի ընթացքում երկու թագավորներն էլ գոյություն ունեն։ Տե՛ս 19-րդ էջը։

      [թույլտվությամբ]

      Photo credits: Egypt and Rome: Photograph taken by courtesy of the British Museum; Medo-Persia: Musée du Louvre, Paris

  • Ընթերցողների հարցերը
    2012 Դիտարան | հունիս 15
    • Ընթերցողների հարցերը

      Անգլո-Ամերիկան ե՞րբ դարձավ աստվածաշնչյան մարգարեության յոթերորդ աշխարհակալ ուժը

      ▪ Նաբուգոդոնոսոր թագավորի տեսած մետաղյա հսկա արձանը չի խորհրդանշում բոլոր աշխարհակալ ուժերը (Դան. 2։31–45)։ Այն պատկերում է միայն այն հինգ աշխարհակալ ուժերը, որոնք իշխել են Դանիելի օրերից ի վեր և զգալի ազդեցություն են ունեցել Աստծու ժողովրդի վրա։

      Արձանի վերաբերյալ Դանիելի նկարագրությունը ցույց է տալիս, որ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը առաջանալու էր Հռոմեական կայսրությունից և ոչ թե նվաճելու էր այն։ Դանիելը նկարագրում է, որ սրունքների երկաթը տարածվում է մինչև ոտնաթաթերն ու ոտքերի մատները (ոտնաթաթերի ու մատների հատվածում երկաթը խառնված է կավի հետ)a։ Սա նշանակում է, որ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը առաջանալու էր երկաթե սրունքներից։ Պատմությունը հաստատում է այս նկարագրության ճշգրտությունը։ Բրիտանիան, որը նախկինում Հռոմեական կայսրության մաս էր կազմում, 1700-ականների վերջին սկսեց հզորանալ։ Ավելի ուշ ձևավորվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետությունը, որի հետ հարկավոր էր հաշվի նստել։ Սակայն աստվածաշնչյան մարգարեության յոթերորդ աշխարհակալ ուժը դեռ չէր ձևավորվել։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները դեռևս էապես նկատելի միասնական գործունեություն չէին ծավալել։ Դա տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։

      Այդ ժամանակ «թագավորության որդիները» հիմնականում գործում էին Միացյալ Նահանգներում, և նրանց գլխավոր վարչությունը գտնվում էր Բրուքլինում (Նյու Յորք) (Մատթ. 13։36–43)։ Օծյալ դասակարգի անդամները ակտիվորեն քարոզում էին նաև Բրիտանական կայսրության իշխանության տակ գտնվող երկրներում։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Բրիտանիան և Ամերիկան ընդհանուր քաղաքական հակառակորդների դեմ պայքարելիս առանձնահատուկ կապ հաստատեցին։ Ազգայնամոլության ոգով համակված, ինչն ավելի էր սրվել պատերազմի պատճառով, նրանք նաև թշնամանք ցուցաբերեցին Աստծու «կնոջ» սերնդի մաս կազմողների հանդեպ՝ արգելքի տակ դնելով նրանց հրատարակած գրականությունը և բանտարկելով քարոզչական գործում առաջնորդություն վերցնողներին (Հայտն. 12։17)։

      Ուրեմն, աստվածաշնչյան մարգարեության յոթերորդ աշխարհակալ ուժը հաստատվեց ոչ թե 1700-ականների վերջին, երբ Բրիտանիան նոր էր սկսել հզորանալ, այլ Տիրոջ օրվա սկզբինb։

      [ծանոթագրություններ]

      a Երկաթի հետ խառնված կավը խորհրդանշում է երկաթանման անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժի տերության ներսում առկա տարրերը։ Ժամանակի ընթացքում կավի պատճառով այդ ուժը չի կարողացել այնքան հզոր լինել, որքան կցանկանար։

      b Այս բացատրությունը փոխարինում է այն տեղեկությանը, որ գտնվում է «Դանիելի մարգարեությունը» գրքում (էջ 57, պարբ. 24 և 56-րդ ու 139-րդ էջերի աղյուսակներ (անգլ., ռուս.))։

      [նկար 19-րդ էջի վրա]

      1918​թ. հունիսին «Դիտարանի» գլխավոր վարչությունում ծառայող ութ եղբայրներ բանտարկվեցին

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը