-
«Հյուսիսի թագավորը» վերջի ժամանակ2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | մայիս
-
-
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 19
«Հյուսիսի թագավորը» վերջի ժամանակ
«Վերջի ժամանակում հարավի թագավորն ու նա [հյուսիսի թագավորը] իրար կզարկվեն» (ԴԱՆ. 11։40)։
ԵՐԳ 150 Աստծուն փնտրեք, որ փրկվեք
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Աստվածաշնչյան մարգարեությունները ի՞նչ են բացահայտում։
ՄՈՏ ապագայում ի՞նչ է սպասում Եհովայի ժողովրդին։ Ենթադրություններ անելու կարիք չկա։ Աստվածաշնչյան մարգարեությունները հայտնում են, թե շուտով ինչ կարևոր իրադարձություններ են լինելու, որոնք անդրադառնալու են բոլորիս վրա։ Մասնավորապես մի մարգարեություն կա, որը բացահայտում է, թե ինչ են անելու աշխարհի որոշ հզոր կառավարություններ։ Այն արձանագրված է «Դանիել» գրքի 11-րդ գլխում։ Այստեղ խոսվում է երկու հակամարտող թագավորների՝ «հյուսիսի թագավորի» և «հարավի թագավորի» մասին։ Այս մարգարեության մեծ մասն արդեն կատարվել է, ուստի կարող ենք համոզված լինել, որ մնացած մասն էլ իրականություն կդառնա։
2. Հաշվի առնելով Ծննդոց 3։15, Հայտնություն 11։7 և 12։17 համարները՝ ի՞նչ պետք է հիշենք, երբ ուսումնասիրում ենք Դանիելի մարգարեությունը։
2 «Դանիել» գրքի 11-րդ գլխում գրված մարգարեությունը հասկանալու համար պետք է հիշենք, որ դա վերաբերում է միայն այն կառավարություններին ու ղեկավարներին, որոնք անմիջական ազդեցություն են ունեցել Աստծու ժողովրդի վրա։b Ու թեև Աստծու ծառաները երկրագնդի բնակչության մի փոքր մասն են կազմում միայն, հաճախ նրանք հայտնվում են աշխարհի իրադարձությունների կիզակետում։ Ինչո՞ւ։ Որովհետև Սատանայի ու իր ստեղծած համակարգի գլխավոր նպատակն է՝ ոչնչացնել նրանց, ովքեր ծառայում են Եհովային ու Հիսուսին (կարդա Ծննդոց 3։15; Հայտնություն 11։7; 12։17)։ Բացի այդ՝ Դանիելի մարգարեության բացատրությունը պետք է ներդաշնակ լինի Աստծու Խոսքում գրված մյուս մարգարեությունների նշանակությանը։ Այսինքն՝ Դանիելի մարգարեությունը ճիշտ կհասկանանք միայն այն դեպքում, եթե համեմատենք այն Աստվածաշնչի մյուս հատվածների հետ։
3. Ի՞նչ ենք քննարկելու այս և հաջորդ հոդվածներում։
3 Այժմ կքննենք Դանիել 11։25–39 համարները և կիմանանք, թե 1870–1991 թվականներին ովքեր են եղել հյուսիսի և հարավի թագավորներ։ Կքննարկենք նաև, թե ինչ պատճառներ կան ճշգրտելու այս մարգարեության մի հատվածի բացատրությունը։ Իսկ հաջորդ հոդվածում կքննենք Դանիել 11։40–12։1 համարները։ Կիմանանք, թե այժմ ինչպես ենք հասկանում այդ մարգարեությունը, մասնավորապես՝ 1991 թ.-ից մինչև Արմագեդոն պատերազմն ընկած ժամանակահատվածին վերաբերող մանրամասները։ Հոդվածն ուսումնասիրելիս օգտակար կլինի ուշադրություն դարձնել «Մրցակից թագավորները վերջի ժամանակ» գծապատկերին։ Բայց մինչ այդ եկեք պարզենք, թե ովքեր են այս մարգարեության երկու թագավորները։
ԻՆՉՊԵ՞Ս ԻՄԱՆԱՆՔ՝ ՈՎՔԵՐ ԵՆ ՀՅՈՒՍԻՍԻ ԵՎ ՀԱՐԱՎԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ
4. Ի՞նչ երեք գործոններ պետք է հաշվի առնենք հյուսիսի և հարավի թագավորների ինքնությունը պարզելու համար։
4 Սկզբում «հյուսիսի թագավոր» և «հարավի թագավոր» տիտղոսները վերաբերում էին Իսրայելի տարածքից դեպի հյուսիս ու հարավ ընկած տերություններին։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Նկատի առնենք, թե հրեշտակն ինչ ասաց Դանիելին. «Ես եկա, որ հայտնեմ քեզ, թե ինչ է պատահելու քո ժողովրդին» (Դան. 10։14)։ Մինչև մ. թ. 33 թվականի Պենտեկոստեի օրը Իսրայել ազգն էր Աստծու ժողովուրդը։ Սակայն Եհովան հստակ ցույց տվեց, որ այդուհետ Հիսուսի հավատարիմ աշակերտներն են իր ժողովուրդը։ Ուստի «Դանիել» գրքի 11-րդ գլխում արձանագրված մարգարեության մեծ մասը վերաբերում է ոչ թե Իսրայել ազգին, այլ Քրիստոսի հետևորդներին (Գործ. 2։1–4; Հռոմ. 9։6–8; Գաղ. 6։15, 16)։ Ժամանակի ընթացքում տարբեր տերություններ են ստանձնել հյուսիսի և հարավի թագավորների դերը։ Բայց նրանց բնորոշող գործոնները չեն փոխվել։ Առաջին՝ այդ թագավորները առանձնահատուկ ձևով են ազդեցություն ունեցել Աստծու ժողովրդի վրա։ Երկրորդ՝ Եհովայի ծառաների հանդեպ իրենց վերաբերմունքով ցույց են տվել, որ ատում են ճշմարիտ Աստծուն։ Եվ երրորդ՝ իրար դեմ պայքար են մղել գերիշխող դիրք ունենալու համար։
5. Երկրորդից տասնիններորդ դարի վերջերն ընկած ժամանակահատվածում կայի՞ն հյուսիսի և հարավի թագավորներ։ Բացատրիր։
5 Մ. թ. 2-րդ դարում քրիստոնեական ժողով ներխուժեցին կեղծ քրիստոնյաներ, որոնք հեթանոսական ուսմունքներ էին սովորեցնում և թաքցնում էին Աստծու Խոսքում գրված ճշմարտությունները։ Մինչև 19-րդ դարի վերջերը երկրի վրա գոյություն չուներ Աստծու ծառաների կազմակերպված խումբ։ Կեղծ քրիստոնեությունը որոմի պես աճել էր, և արդեն դժվար էր զատորոշել ճշմարիտ քրիստոնյաներին (Մատթ. 13։36–43)։ Սա շատ կարևոր տեղեկություն է։ Այն հուշում է, որ 2-րդ դարից մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը ոչ մի տերություն չէր կարող լինել հյուսիսի կամ հարավի թագավոր, քանի որ այդ ժամանակներում գոյություն չուներ Աստծու ծառաների կազմակերպված խումբ, որի վրա այն կկարողանար հարձակվել։c Սակայն 19-րդ դարի վերջին հյուսիսի և հարավի թագավորները նորից ի հայտ եկան։ Որտեղի՞ց գիտենք։
6. Աստծու ծառաները ե՞րբ դարձան կազմակերպված խումբ։ Բացատրիր։
6 1870 թ.-ից Աստծու ծառաները դարձան կազմակերպված խումբ։ Այդ թվականին էր, որ Չարլզ Թեյզ Ռասելը և իր ընկերակիցները Աստվածաշունչ ուսումնասիրողների խումբ կազմեցին։ Եղբայր Ռասելը և իր ընկերները գործեցին որպես կանխագուշակված «պատգամաբեր», որը ճանապարհ էր հարթելու Մեսիական Թագավորության առաջ (Մաղ. 3։1)։ Դրա շնորհիվ հնարավոր եղավ կրկին զատորոշել Աստծու ժողովրդին։ Այդ ժամանակ կայի՞ն արդյոք աշխարհակալ ուժեր, որոնք առանձնահատուկ ազդեցություն էին ունենալու Աստծու ժողովրդի վրա։ Քննենք հետևյալ փաստերը։
Ո՞Վ Է ՀԱՐԱՎԻ ԹԱԳԱՎՈՐԸ
7. Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի տարիները ո՞վ էր հարավի թագավորը։
7 Արդեն 1870 թվականին Մեծ Բրիտանիան դարձել էր աշխարհի ամենախոշոր կայսրությունը և ուներ ամենահզոր բանակը։ Դանիելի մարգարեության մեջ այն պատկերված է փոքր եղջյուրի տեսքով, որը հաղթում է մյուս երեք եղջյուրներին՝ Ֆրանսիային, Իսպանիային և Նիդերլանդներին (Դան. 7։7, 8)։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի տարիները Բրիտանիան էր կատարում հարավի թագավորի դերը։ Այդ ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձավ գերիշխող տնտեսական ուժ և սկսեց սերտորեն համագործակցել Բրիտանիայի հետ։
8. Վերջին օրերի ընթացքում ո՞վ է կատարում հարավի թագավորի դերը։
8 Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Բրիտանիան և իր նախկին գաղութը՝ Միացյալ Նահանգները, միավորվեցին և դարձան ռազմական հզոր ուժ։ Այդպես առաջացավ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը։ Ինչպես կանխագուշակել էր Դանիել մարգարեն, այս թագավորը «չափազանց մեծ ու հզոր զորք» հավաքեց (Դան. 11։25)։ Այսպիսով՝ վերջին օրերի ընթացքում հարավի թագավորի դերը կատարում է անգլո-ամերիկյան դաշինքը։d Իսկ ո՞վ է եղել հյուսիսի թագավոր։
ՀՅՈՒՍԻՍԻ ԹԱԳԱՎՈՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է
9. Ե՞րբ դարձյալ հայտնվեց հյուսիսի թագավորը, և ինչպե՞ս կատարվեցին Դանիել 11։25-ում գրված խոսքերը։
9 1871 թ.-ին՝ Աստվածաշունչ ուսումնասիրողների խումբ կազմավորվելուց մեկ տարի անց, հյուսիսի թագավորը կրկին ի հայտ եկավ։ Այդ տարի ստեղծվեց Գերմանական կայսրությունը, ինչում մեծ դեր ունեցավ Օտտո ֆոն Բիսմարկը։ Պրուսիայի թագավոր Վիլհելմ I-ը դարձավ այդ կայսրության առաջին կայսրը և Բիսմարկին նշանակեց առաջին կանցլեր։e Հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում Գերմանիան դարձավ գաղութակալ տերություն՝ իր տիրապետության տակ առնելով աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան մի շարք երկրներ։ Այդպիսով նա մարտահրավեր նետեց Բրիտանիային (կարդա Դանիել 11։25)։ Գերմանական կայսրությունը ստեղծեց հզոր բանակ և ռազմածովային նավատորմ, որը աշխարհում երկրորդն էր իր մեծությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան գործի դրեց դրանք։
10. Ինչպե՞ս կատարվեց Դանիել 11։25-րդ համարի երկրորդ մասը և 26-րդ համարը։
10 Դանիելի մարգարեության մեջ գրված է, թե ինչ էր պատահելու Գերմանական կայսրությանը և նրա զինուժին։ Հյուսիսի թագավորը «չէր կարողանալու կանգուն մնալ»։ Ինչո՞ւ։ Որովհետև «նրա դեմ ծրագրեր էին կազմելու»։ Նրան կործանելու էին «հենց նրա ընտիր կերակուրներն ուտողները» (Դան. 11։25բ, 26ա)։ Դանիել մարգարեի օրերում «թագավորական ընտիր կերակուրներից» ուտում էին, օրինակ, թագավորի առաջ ծառայող պաշտոնյաները (Դան. 1։5)։ Ուստի ո՞ւմ է վերաբերում այս մարգարեությունը։ Գերմանական կայսրության բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց թվում էին կայսրի գեներալներն ու ռազմական հարցերով խորհրդականները։ Նրանք նպաստեցին միապետության փլուզմանը։f Սակայն մարգարեն կանխագուշակել էր ոչ միայն կայսրության անկումը, այլև հարավի թագավորի հետ պատերազմի արդյունքը։ Հյուսիսի թագավորի մասին գրվել էր. «Իսկ նրա զորքը հեղեղով կտարվի, և շատերը սպանված կընկնեն» (Դան. 11։26բ)։ Հենց այդպես էլ եղավ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքը «հեղեղով տարվեց» և «շատերը սպանված ընկան»։ Դա պատմության մեջ մինչ այդ գրանցված ամենից մահաբեր պատերազմն էր։
11. Ի կատարումն Դանիել 11։27–30 համարների՝ ի՞նչ արեցին հյուսիսի և հարավի թագավորները։
11 Դանիել 11։27, 28 համարներում նկարագրված է, թե ինչ էր տեղի ունենալու մինչև Առաջին աշխարհամարտը։ Ասվում է, որ «մի սեղանի շուրջ» նստած՝ հյուսիսի և հարավի թագավորները «սուտ բաներ էին խոսելու», և որ հյուսիսի թագավորը «շատ ունեցվածք» էր կուտակելու։ Հենց այդպես էլ եղավ։ Գերմանիան և Բրիտանիան միմյանց ասում էին, թե խաղաղություն են ուզում, բայց երբ 1914 թ.-ին պատերազմ բռնկվեց, նրանց հայտարարությունները սուտ դուրս եկան։ Մինչև 1914 թվականը Գերմանիան տնտեսապես հզորացել էր ու դարձել աշխարհի հարուստ երկրներից երկրորդը։ Եվ ինչպես կանխագուշակվել էր Դանիել 11։29-ում և 30-ի առաջին մասում, Գերմանիան պատերազմեց հարավի թագավորի դեմ և պարտություն կրեց։
ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ
12. Առաջին աշխարհամարտի տարիներին ի՞նչ էին անում հյուսիսի ու հարավի թագավորները։
12 1914 թ.-ից սկսած՝ երկու թագավորների պայքարը միմյանց և Աստծու ժողովրդի դեմ ուժգնացավ։ Օրինակ՝ Առաջին աշխարհամարտի տարիներին թե՛ Գերմանիայի և թե՛ Բրիտանիայի կառավարությունները հետապնդում էին Աստծու ծառաներին, որոնք հրաժարվում էին զենք վերցնել։ Իսկ Միացյալ Նահանգների իշխանությունները բանտարկեցին քարոզչական գործում առաջնորդություն վերցնող եղբայրներին, ինչով էլ կատարվեց Հայտնություն 11։7–10 համարներում գրվածը։
13. Հյուսիսի թագավորը ի՞նչ էր անում 1930-ականներին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
13 1930-ականներին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հյուսիսի թագավորը դաժանորեն հալածում էր Աստծու ժողովրդին։ Երբ Գերմանիայում նացիստական ռեժիմ հաստատվեց, Հիտլերը և իր աջակիցները արգելեցին Աստծու ժողովրդի գործունեությունը։ Հյուսիսի թագավորը Եհովայի ծառաներից հարյուրավորների սպանեց և հազարավորների ուղարկեց համակենտրոնացման ճամբարներ։ Հիտլերը նույնիսկ երդվեց, որ Եհովային ծառայող մարդկանց բնաջինջ կանի Գերմանիայից։ Խստորեն արգելելով մեր քարոզչական գործը՝ հյուսիսի թագավորը, ի կատարումն Դանիելի մարգարեության, «պղծեց սրբարանը» և «դադարեցրեց մշտական զոհաբերությունը» (Դան. 11։30բ, 31ա)։
ՀՅՈՒՍԻՍԻ ՆՈՐ ԹԱԳԱՎՈՐ Է Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ
14. Ո՞վ ստանձնեց հյուսիսի թագավորի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Բացատրիր։
14 Երբ երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվեց, Խորհրդային Միության կոմունիստական ռեժիմը, որն իր իշխանության տակ էր վերցրել Գերմանիայի տիրապետության ներքո գտնվող շատ տարածքներ, դարձավ հյուսիսի թագավորը։ Նացիստական բռնատիրական ռեժիմի նման՝ Խորհրդային Միությունը մեծ թշնամանք էր տածում ցանկացած մեկի հանդեպ, ով ճշմարիտ Աստծուն երկրպագելը վեր էր դասում պետությանը բացարձակորեն հնազանդվելուց։
15. Երկրորդ աշխարհամարտից հետո ի՞նչ արեց հյուսիսի թագավորը։
15 Երկրորդ աշխարհամարտից շատ չանցած՝ հյուսիսի նոր թագավորը՝ Խորհրդային Միությունն իր դաշնակիցների հետ, հարձակում գործեց Եհովայի ժողովրդի վրա։ Հայտնություն 12։15–17 համարներում կանխագուշակված էր, որ Աստծու ժողովուրդը հալածանք էր կրելու, ինչը համեմատվում է «գետի» հետ։ Դրա դրսևորումներից մեկը եղավ այն, որ հյուսիսի թագավորը արգելեց մեր քարոզչական գործը և Եհովայի հազարավոր ծառաների ուղարկեց աքսորավայրեր։ Վերջին օրերի ընթացքում Սատանան հյուսիսի թագավորի միջոցով «գետի» պես հալածանք է թափել Աստծու ժողովրդի վրա, բայց երբեք չի կարողացել կանգնեցնել նրա գործունեությունը։g
16. Խորհրդային Միությունը ինչպե՞ս իրականացրեց Դանիել 11։37–39 համարներում գրվածը։
16 Կարդա Դանիել 11։37–39։ Այս մարգարեության համաձայն՝ հյուսիսի թագավորը «արհամարհելու էր իր հայրերի Աստծուն»։ Ինչպե՞ս սա կատարվեց։ Կրոնն արմատախիլ անելու նպատակով Խորհրդային Միությունը փորձեց վերացնել ավանդական կրոնական կազմակերպությունների ազդեցությունը։ Դրա համար այն դեռ 1918 թ.-ին մի հրաման արձակեց, որը հետագայում հանգեցրեց նրան, որ դպրոցներում սկսեցին աթեիզմ դասավանդել։ Իսկ ինչպե՞ս հյուսիսի թագավորը «փառք տվեց ամրոցների աստծուն»։ Ձգտելով ամրապնդել իր իշխանությունը՝ նա հսկայական միջոցներ ներդրեց բանակը հզորացնելու համար, ինչպես նաև մեծ քանակությամբ միջուկային զենք արտադրեց։ Երկու թագավորներն էլ ի վերջո այնքան զենք ու զինամթերք կուտակեցին, որ կարող էին միլիարդավոր մարդկանց բնաջնջել։
ՄՐՑԱԿԻՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԵԶԱԿԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
17. Ի՞նչ է «ամայացում բերող պղծությունը»։
17 Մի շատ կարևոր հարցում հյուսիսի թագավորը աջակցեց հարավի թագավորին. նրանք միասին «դրեցին ամայացում բերող պղծությունը» (Դան. 11։31)։ Այդ «պղծությունը» Միավորված ազգերի կազմակերպությունն է։
18. Միավորված ազգերի կազմակերպությունը ինչո՞ւ է Աստվածաշնչում նկարագրվում որպես «պղծություն»։
18 Միավորված ազգերի կազմակերպությունը Սուրբ Գրքում նկարագրվում է որպես «պղծություն», որովհետև հայտարարում է, թե կարող է աշխարհին խաղաղություն բերել, ինչը իրականում միայն Աստծու Թագավորությունն է ունակ անելու։ Մարգարեության մեջ նաև ասվում է, որ «պղծությունը» «ամայացում է բերում»։ Սա ցույց է տալիս, որ Միավորված ազգերի կազմակերպությունը առանցքային դեր է խաղալու բոլոր կեղծ կրոնների ոչնչացման գործում (տես «Մրցակից թագավորները վերջի ժամանակ» գծապատկերը)։
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ
19–20. ա) Ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ մեր քննարկած պատմական տեղեկությունները։ բ) Ո՞ր հարցի պատասխանը կտրվի հաջորդ հոդվածում։
19 Մեր քննարկած պատմական տեղեկություններն իմանալը կարևոր է, որովհետև դրանք փաստում են, որ հյուսիսի և հարավի թագավորների մասին Դանիելի մարգարեության մի մասը կատարվել է 1870–1991 թթ.-ին։ Ուստի կարող ենք համոզված լինել, որ այդ մարգարեության մնացած մասն էլ կկատարվի։
20 1991-ին Խորհրդային Միությունը փլուզվեց։ Ուստի հարց է ծագում. ո՞վ է հյուսիսի թագավորն այսօր։ Հաջորդ հոդվածում կիմանանք այս հարցի պատասխանը։
ԵՐԳ 128 Տոկա մինչև վերջ
a Մեր աչքերի առաջ շարունակում է կատարվել «հյուսիսի թագավորի» և «հարավի թագավորի» մասին Դանիելի մարգարեությունը։ Ի՞նչ հիմքեր ունենք այսպես ասելու։ Եվ ինչո՞ւ է կարևոր հասկանալ այս մարգարեության մանրամասները։
b Այլ կերպ ասած՝ այս տերությունները կա՛մ իշխել են այն տարածքներում, որտեղ Եհովայի բազմաթիվ ծառաներ են բնակվել, կա՛մ հալածել են Աստծու ժողովրդին։
c Նշված պատճառով այլևս չենք համարում, որ Հռոմի կայսր Ավրելիանոսը (270–275 թթ.) եղել է «հյուսիսի թագավոր», իսկ Զենոբիա թագուհին (267–272 թթ.)՝ «հարավի թագավոր»։ Սրանով ճշգրտվում է «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» (անգլ., ռուս.) գրքի 13-րդ և 14-րդ գլուխներում տրված բացատրությունը։
d Տես «Անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը աստվածաշնչյան մարգարեություններում» շրջանակը։
e 1890 թ.-ին կայսր Վիլհելմ II-ը պաշտոնազուրկ արեց Բիսմարկին։
f Նրանք տարբեր կերպերով նպաստեցին, որ կայսրությունը արագ փլուզվի։ Օրինակ՝ դադարեցին աջակցել կայսրին, սկսեցին ռազմական գաղտնիքներ տարածել և ի վերջո ստիպեցին կայսրին պաշտոնաթող լինել։
g Ըստ Դանիել 11։34-ի՝ հյուսիսի թագավորը կարճ ժամանակով դադարելու էր հալածել ճշմարիտ քրիստոնյաներին։ Դա տեղի ունեցավ, օրինակ, 1991 թ.-ին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց։
-
-
Ո՞վ է «հյուսիսի թագավորն» այսօր2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | մայիս
-
-
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 20
Ո՞վ է «հյուսիսի թագավորն» այսօր
«Նա կգնա իր վախճանին, և նրան օգնող չի լինի» (ԴԱՆ. 11։45)։
ԵՐԳ 95 Լույսն ավելի է պայծառանում
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1–2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
ՄԵԶ համար երբևէ այսքան ակնհայտ չի եղել, որ ապրում ենք աշխարհի վերջին օրերի ավարտին։ Շուտով Եհովան և Հիսուս Քրիստոսը վերացնելու են Թագավորությանն ընդդիմացող բոլոր կառավարությունները։ Բայց նախքան դա հյուսիսի և հարավի թագավորները շարունակելու են պայքարել միմյանց և Աստծու ժողովրդի դեմ։
2 Այս հոդվածում կքննենք Դանիել 11։40–12։1 համարներում գրված մարգարեությունը։ Կիմանանք, թե ներկայումս ով է հյուսիսի թագավորը, և թե ինչու կարող ենք վստահությամբ նայել ապագային ու չվախենալ սպասվող դժվարություններից։
ՀՅՈՒՍԻՍԻ ՆՈՐ ԹԱԳԱՎՈՐ
3–4. Մեր օրերում ո՞վ է հանդես գալիս որպես հյուսիսի թագավոր։ Բացատրիր։
3 Երբ 1991 թ.-ին Խորհրդային Միությունը փլուզվեց, դրա տիրապետության տակ գտնվող հսկայական տարածքում Աստծու ծառաներին «մի փոքր օգնություն» տրվեց, այսինքն՝ որոշ ժամանակ ազատ գործելու հնարավորություն ընձեռվեց (Դան. 11։34)։ Դրա շնորհիվ նրանք կարողացան առանց արգելքի քարոզել բարի լուրը, և շատ չանցած՝ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում քարոզիչների թիվը հարյուր հազարների հասավ։ Սակայն ժամանակի ընթացքում Ռուսաստանն ու իր դաշնակիցները սկսեցին հանդես գալ որպես հյուսիսի թագավոր։ Ինչպես նշել ենք նախորդ հոդվածում, որևէ պետություն հյուսիսի կամ հարավի թագավորի դերը ստանձնելու համար պետք է երեք բան անի. այն պետք է 1) անմիջական ազդեցություն ունենա Աստծու ժողովրդի վրա, 2) իր գործողություններով ցույց տա, որ ատում է Եհովային ու նրա ժողովրդին, և 3) պայքար մղի մրցակից թագավորի դեմ։
4 Ինչի՞ց ենք եզրակացրել, որ այսօր Ռուսաստանն ու իր դաշնակիցներն են կատարում հյուսիսի թագավորի դերը։ 1) Նրանք անմիջական ազդեցություն ունեն Աստծու ժողովրդի վրա. արգելել են մեր քարոզչական գործունեությունը և հալածում են իրենց տարածքներում ապրող հարյուր հազարավոր եղբայրների ու քույրերի։ 2) Այս գործողությունները ցույց են տալիս, որ նրանք ատում են Եհովային ու նրա ժողովրդին։ 3) Նրանք մրցակցում են հարավի թագավորի՝ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժի հետ։ Եկեք տեսնենք, թե Ռուսաստանն ու իր դաշնակիցները ինչպես են կատարում հյուսիսի թագավորի դերը։
ՀՅՈՒՍԻՍԻ ԵՎ ՀԱՐԱՎԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԶԱՐԿՎԵԼ
5. Ո՞ր ժամանակաշրջանի մասին է խոսվում Դանիել 11։40–43 համարներում, և ի՞նչ է տեղի ունենում այդ ընթացքում։
5 Կարդա Դանիել 11։40–43։ Մարգարեության այս հատվածում ամփոփ ներկայացվում է «վերջի ժամանակը» և նկարագրվում է հյուսիսի ու հարավի թագավորների մրցակցությունը։ Ինչպես մարգարեացել է Դանիելը, նրանք «իրար են զարկվում» (Դան. 11։40)։
6. Ի՞նչն է փաստում, որ երկու թագավորները իրար են զարկվում։
6 Հյուսիսի և հարավի թագավորները շարունակում են պայքարել աշխարհում գերիշխող դիրք ունենալու համար։ Օրինակ՝ տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Խորհրդային Միությունն ու իր դաշնակիցները իրենց ազդեցությունը տարածեցին Եվրոպայի մեծ մասի վրա։ Հյուսիսի թագավորի գործողությունները հարավի թագավորին ստիպեցին միջազգային ռազմական դաշինք կնքել։ Դրա արդյունքում ստեղծվեց մի կազմակերպություն, որը կոչվեց ՆԱՏՕ։ Հյուսիսի թագավորը շարունակում է մրցակցել հարավի թագավորի հետ՝ մասնակցելով սպառազինությունների մրցավազքին, որը հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում։ Երկու թագավորների պայքարը դրսևորվել է նաև նրանով, որ նրանք միջնորդավորված պատերազմներ են վարել և ապստամբություններ են հրահրել Աֆրիկայի, Ասիայի ու Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում։ Վերջին տարիներին Ռուսաստանի ու իր դաշնակիցների ազդեցությունն ամբողջ աշխարհում մեծանում է։ Բացի այդ՝ նրանք կիբեռպատերազմ են մղում հարավի թագավորի դեմ։ Այս երկու ուժերը մեղադրում են միմյանց՝ ասելով, որ մրցակից կողմը համակարգչային կործանարար ծրագրերի միջոցով փորձում է վնաս հասցնել մյուս կողմի տնտեսական ու քաղաքական համակարգերին։ Եվ ինչպես գրել է Դանիելը, հյուսիսի թագավորը շարունակում է հալածել Աստծու ժողովրդին (Դան. 11։41)։
ՀՅՈՒՍԻՍԻ ԹԱԳԱՎՈՐԸ ՄՏՆՈՒՄ Է «ՓԱՌԱՀԵՂ ԵՐԿԻՐԸ»
7. Ի՞նչ է «Փառահեղ երկիրը»։
7 Դանիել 11։41-ում գրվել էր, որ հյուսիսի թագավորը մտնելու էր «Փառահեղ երկիրը»։ Ինչի՞ մասին է խոսքը։ Հին ժամանակներում Իսրայելի տարածքը համարվում էր «բոլոր երկրների զարդարանքը» (Եզեկ. 20։6)։ Այդ երկիրն արժեքավոր էր հատկապես նրանով, որ մարդիկ այնտեղ ճշմարիտ Աստծուն՝ Եհովային էին երկրպագում։ Սակայն 33 թ. Պենտեկոստեի օրվանից «Փառահեղ երկիրը» բառացի վայր չէ, որովհետև Եհովայի ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ։ Մեր օրերում այդ արտահայտությունը մատնանշում է այն միջավայրը, որում Աստծու ժողովուրդը իրականացնում է իր գործունեությունը, այդ թվում՝ երկրպագություն է մատուցում Եհովային՝ քրիստոնեական հանդիպումներ անցկացնելով և նրա Խոսքը քարոզելով։
8. Հյուսիսի թագավորը ինչպե՞ս է մտել «Փառահեղ երկիրը»։
8 Վերջին օրերի ընթացքում հյուսիսի թագավորը մեկ անգամ չէ, որ մտել է «Փառահեղ երկիրը»։ Օրինակ, երբ նացիստական Գերմանիան կատարում էր հյուսիսի թագավորի դերը, մտավ «Փառահեղ երկիրը»՝ հալածելով ու սպանելով Աստծու ծառաներին, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Իսկ պատերազմից հետո Խորհրդային Միությունը դարձավ հյուսիսի թագավոր և նույնպես մտավ «Փառահեղ երկիրը»՝ հալածանքների ենթարկելով ու աքսորելով Եհովայի ծառաներին։
9. Ռուսաստանն ու իր դաշնակիցները ինչպե՞ս են վերջին տարիներին մտել «Փառահեղ երկիրը»։
9 Վերջին տարիներին Ռուսաստանն ու իր դաշնակիցներն են մտել «Փառահեղ երկիրը»։ Ինչպե՞ս։ 2017 թ.-ին հյուսիսի այս թագավորը արգելեց Եհովայի ժողովրդի գործունեությունը և սկսեց բանտարկել մեր եղբայրներին ու քույրերին։ Նա արգելքի տակ դրեց մեր հրատարակությունները, այդ թվում՝ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը», բռնագրավեց Ռուսաստանում գտնվող մեր մասնաճյուղի գույքը, ինչպես նաև Թագավորության սրահներն ու համաժողովների սրահները։ Այս գործողություններից հետո՝ 2018 թ.-ին, Կառավարիչ մարմինը հայտնեց, որ Ռուսաստանն ու իր դաշնակիցները կատարում են հյուսիսի թագավորի դերը։ Սակայն Եհովայի ծառաները, նույնիսկ երբ սաստիկ հալածանքներ են կրում, չեն պայքարում որևէ կառավարության դեմ ու չեն փորձում տապալել այն։ Նրանք հետևում են աստվածաշնչյան խորհրդին՝ աղոթում են «բոլոր բարձր դիրք ունեցողների համար», հատկապես երբ վերջիններս որոշումներ են կայացնում դավանանքի ազատության վերաբերյալ (1 Տիմոթ. 2։1, 2)։
ԱՐԴՅՈ՞Ք ՀՅՈՒՍԻՍԻ ԹԱԳԱՎՈՐԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՀԱՐԱՎԻ ԹԱԳԱՎՈՐԻՆ
10. Հյուսիսի թագավորը հաղթելո՞ւ է հարավի թագավորին։ Բացատրիր։
10 Դանիել 11։40–45 համարներում գրված մարգարեությունը հիմնականում վերաբերում է հյուսիսի թագավորի գործողություններին։ Արդյո՞ք սա նշանակում է, որ նա հաղթելու է հարավի թագավորին։ Ո՛չ։ Հարավի թագավորը դեռ ողջ կլինի, երբ Եհովան ու Հիսուսը Արմագեդոն պատերազմի ժամանակ վերացնեն բոլոր մարդկային կառավարությունները (Հայտն. 19։20)։ Ինչո՞ւ ենք այդքան համոզված դրանում։ Որովհետև գիտենք, թե ինչ է կանխագուշակվել «Դանիել» և «Հայտնություն» գրքերում։ Եկեք քննենք այդ մարգարեությունները։
Արմագեդոնի ժամանակ Աստծու Թագավորությունը, որը պատկերված է քարի տեսքով, վերջ է դնելու մարդկային իշխանությանը, որը ներկայացված է որպես հսկա արձան (տես պարբերություն 11)
11. Ի՞նչ են հուշում Դանիել 2։43–45 համարները (տես ամսագրի շապիկի նկարը)։
11 Կարդա Դանիել 2։43–45։ Դանիել մարգարեն նկարագրում է մի հսկայական արձան, որի մասերը տարբեր մետաղներից են պատրաստված։ Դրանք ներկայացնում են այն տերությունները, որոնք ազդեցություն են ունեցել Աստծու ժողովրդի վրա։ Արձանի ոտնաթաթերը, որոնք պատրաստված են երկաթից ու կավից, ներկայացնում են վերջին տերությունը՝ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը։ Մարգարեությունը հուշում է, որ Մեծ Բրիտանիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռևս աշխարհակալ ուժի դերում կլինեն, երբ Աստծու Թագավորությունը վերացնի բոլոր մարդկային կառավարությունները։
12. Ի՞նչ է ներկայացնում գազանի յոթերորդ գլուխը, և ինչո՞վ է դա հատկանշական։
12 Հովհաննես առաքյալը նույնպես պատմում է այն տերությունների մասին, որոնք ազդեցություն են ունեցել Եհովայի ժողովրդի վրա։ Դրանք պատկերված են որպես յոթգլխանի գազան, որի յոթերորդ գլուխը ներկայացնում է անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը։ Հատկանշական է, որ գազանի վրա նոր գլուխներ չեն աճում, ինչը ցույց է տալիս, որ յոթերորդ գլուխը դեռ գերիշխող դիրք կունենա, երբ Քրիստոսն ու իր երկնային զորքերը ջախջախիչ հարված հասցնեն դրան և ողջ գազանին (Հայտն. 13։1, 2; 17։13, 14)։b
ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ՀՅՈՒՍԻՍԻ ԹԱԳԱՎՈՐԸ
13–14. Ո՞վ է Մագոգի Գոգը, և ի՞նչը կարող է դրդել նրան հարձակվելու Աստծու ժողովրդի վրա։
13 Եզեկիելի գրած մարգարեությունը օգնում է հասկանալ, թե հյուսիսի և հարավի թագավորների վերջին օրերում ինչ կարող է տեղի ունենալ։ Եթե համարենք, որ Եզեկիել 38։10–23, Դանիել 2։43–45, 11։44–12։1 և Հայտնություն 16։13–16, 21 համարներում խոսվում է նույն ժամանակահատվածի ու դեպքերի մասին, ապա թերևս կարող ենք ասել, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենալու։
14 Երբ սկսվի մեծ նեղությունը, որոշ ժամանակ հետո «ողջ բնակեցված երկրի թագավորները» կոալիցիա կկազմեն (Հայտն. 16։13, 14; 19։19)։ Աստվածաշնչում ազգերի այդ միավորումը կոչվում է Մագոգի Գոգ (Եզեկ. 38։2)։ Այն կորոշի բնաջնջել Աստծու ժողովրդին և հարձակում կգործի նրա վրա։ Իսկ ի՞նչը դրդապատճառ կդառնա այս հարձակման համար։ Այդ ժամանակներին վերաբերող տեսիլքում Հովհաննես առաքյալը տեսել է, որ Աստծու թշնամիների վրա հսկայական կարկտահատեր են թափվում։ Սա կարող է նշանակել, որ Եհովայի ժողովուրդը դատաստանական լուր է հռչակելու՝ ասես կարկուտի պես հարվածող։ Գուցե հենց այդ լուրը Մագոգի Գոգին դրդի հարձակվելու Աստծու ծառաների վրա ու փորձելու երկրի երեսից վերացնել նրանց (Հայտն. 16։21)։
15–16. ա) Դանիել 11։44, 45 համարներում, հնարավոր է, ի՞նչ իրադարձություններ են նկարագրված։ բ) Ի՞նչ է լինելու հյուսիսի թագավորին և Մագոգի Գոգի մաս կազմող մյուս ուժերին։
15 Հնարավոր է՝ այս կարկտանման լուրի հռչակումը և Աստծու թշնամիների վերջին հարձակումը Դանիել 11։44, 45 համարներում հիշատակված իրադարձություններն են (կարդա)։ Այնտեղ ասվում է, որ «արևելքից և հյուսիսից» եկած լուրերը կանհանգստացնեն հյուսիսի թագավորին, և նա «մեծ ցասումով դուրս կգա, որպեսզի շատերին ոչնչացնի ու կործանման մատնի»։ «Շատերը», ըստ երևույթին, Եհովայի ծառաներն են։c Հնարավոր է՝ Դանիելը նկարագրում է այն վերջին հարձակումը, որ լինելու է Աստծու ժողովրդի վրա։
16 Հյուսիսի թագավորի, ինչպես նաև աշխարհի մյուս ղեկավարների նախաձեռնած այս հարձակումը կբորբոքի Ամենակարող Աստծու ցասումը և կհանգեցնի Արմագեդոն պատերազմին (Հայտն. 16։14, 16)։ Այդ ժամանակ հյուսիսի թագավորը Մագոգի Գոգի մաս կազմող մյուս ուժերի հետ կկործանվի, և «նրան օգնող չի լինի» (Դան. 11։45)։
Արմագեդոն պատերազմում Հիսուս Քրիստոսն ու իր երկնային զորքերը կկործանեն Սատանայի չար աշխարհը և կփրկեն Աստծու ժողովրդին (տես պարբերություն 17)
17. Ո՞վ է Դանիել 12։1-ում հիշատակված «մեծ իշխան Միքայելը», և այդ համարից ի՞նչ ենք իմանում նրա գործողությունների մասին։
17 Դանիելի մարգարեության շարունակության մեջ հավելյալ տեղեկություններ ենք գտնում այն մասին, թե հյուսիսի թագավորն ու իր դաշնակիցները ինչպես են ոչնչանալու, և թե մենք ինչպես ենք փրկվելու (կարդա Դանիել 12։1)։ Ի՞նչ ենք հասկանում այս հատվածից։ Միքայելը մեր իշխող Թագավոր Հիսուս Քրիստոսի մյուս անունն է։ 1914 թ.-ից ի վեր, երբ երկնքում հաստատվեց Մեսիական Թագավորությունը, Հիսուսը «կանգնած է» Աստծու ժողովրդի թիկունքին։ Մոտ ապագայում նա «վեր կկենա», այսինքն՝ վճռորոշ քայլեր կձեռնարկի, որպեսզի Արմագեդոն պատերազմում կործանի իր թշնամիներին։ Այդ պատերազմը վերջին իրադարձությունն է, որ տեղի կունենա Դանիելի հիշատակած աննախադեպ «նեղության ժամանակ»։ «Հայտնություն» գրքում Հովհաննես առաքյալը Արմագեդոնով ավարտվող այս ժամանակաշրջանը կոչում է «մեծ նեղություն» (Հայտն. 6։2; 7։14)։
ԱՆՈՒՆԴ «ԳՐԻ ԿԱՌՆՎԻ՞ ԳՐՔՈՒՄ»
18. Ինչո՞ւ կարող ենք վստահությամբ նայել ապագային։
18 Մենք կարող ենք վստահությամբ նայել ապագային, որովհետև թե՛ Դանիելը և թե՛ Հովհաննեսը հաստատում են, որ Եհովային ու Հիսուսին ծառայողները ողջ կմնան գալիք նեղության ժամանակ։ Դանիելը հայտնում է, որ կփրկվեն բոլոր նրանք, ում անունները «գրի են առնված գրքում» (Դան. 12։1)։ Իսկ ի՞նչ պետք է անենք, որ մեր անունները գրվեն այդ գրքում։ Պետք է ապացուցենք, որ հավատում ենք Հիսուսին՝ Աստծու Գառանը (Հովհ. 1։29)։ Պետք է նվիրվենք Եհովային ու մկրտվենք (1 Պետ. 3։21)։ Նաև պետք է աջակցենք Աստծու Թագավորությանը՝ մարդկանց օգնելով իմանալ Նրա մասին։
19. Ի՞նչ պետք է անհապաղ անենք և ինչո՞ւ։
19 Հիմա՛ է ժամանակը, որ սովորենք լիովին վստահել Եհովային ու նրա կազմակերպությանը։ Հիմա՛ է, որ պետք է աջակցենք Աստծու Թագավորությանը։ Եթե անենք այս քայլերը, կփրկվենք, երբ Աստծու Թագավորությունը ոչնչացնի հյուսիսի և հարավի թագավորներին։
ԵՐԳ 149 Հաղթական երգ
a Մեր ժամանակներում ո՞վ է «հյուսիսի թագավորը» և ինչպե՞ս է գնալու իր վախճանին։ Այս հարցերի պատասխանները կզորացնեն մեր հավատը և կօգնեն պատրաստվել մոտ ապագայում սպասվող փորձություններին։
b Դանիել 2։36–45 և Հայտնություն 13։1, 2 համարների մանրամասն բացատրությունը կարող ես գտնել «Դիտարանի» 2012 թ. հունիսի 15-ի համարում (էջ 7–19)։
c Ավելի շատ տեղեկությունների համար տես «Դիտարանի» 2015 թ. մայիսի 15-ի թողարկումը (էջ 29–30)։
-
-
Մրցակից թագավորները վերջի ժամանակ2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | մայիս
-
-
Մրցակից թագավորները վերջի ժամանակ
Այստեղ նշված մարգարեություններից մի քանիսը նկարագրում են դեպքեր, որոնք միաժամանակ են կատարվում։ Դրանք փաստում են, որ մենք ապրում ենք «վերջի ժամանակ» (Դան. 12։4)։
Աստվածաշնչյան համարներ։ Հայտն. 11։7; 12։13, 17; 13։1–8, 12
Մարգարեություն։ «Գազանը» հազարամյակներ շարունակ իշխում է երկրի բնակիչների վրա։ Վերջի ժամանակ գազանի յոթերորդ գլուխը վիրավորվում է, բայց հետո նրա վերքը բուժվում է, և «ողջ երկիրը» գնում է նրա հետևից։ Սատանան այդ գազանի միջոցով «պատերազմ է մղում [կնոջ] սերնդից մնացածների դեմ»։
Կատարում։ Ջրհեղեղից հետո առաջ են գալիս մարդկային կառավարություններ, որոնք սկսում են հակառակվել Եհովային։ Հազարամյակներ անց՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում, Բրիտանական կայսրությունը խիստ թուլանում է։ Այն դարձյալ հզորանում է, երբ Միացյալ Նահանգների հետ միավորում է իր ուժերը։ Հատկապես վերջի ժամանակ Սատանան օգտագործում է աշխարհի ողջ քաղաքական համակարգը, որպեսզի հետապնդի Աստծու ժողովրդին։
Աստվածաշնչյան համարներ։ Դան. 11։25–45
Մարգարեություն։ Վերջի ժամանակ հյուսիսի և հարավի թագավորները իշխանության համար պայքարում են իրար դեմ։
Կատարում։ Գերմանիան մրցակցում է անգլո-ամերիկյան ուժի հետ։ 1945-ին Խորհրդային Միությունը և իր դաշնակիցները դառնում են հյուսիսի թագավոր։ 1991-ին Խորհրդային Միությունը փլուզվում է, և ժամանակի ընթացքում հյուսիսի թագավորի դերը ստանձնում են Ռուսաստանը և իր դաշնակիցները։
Աստվածաշնչյան համարներ։ Ես. 61։1; Մաղ. 3։1; Ղուկ. 4։18
Մարգարեություն։ Եհովան ուղարկում է իր «պատգամաբերին», որ վերջինս «ճանապարհ հարթի» Մեսիական Թագավորության համար։ «Պատգամաբերը» սկսում է «հեզերին բարի լուր հայտնել»։
Կատարում։ 1870-ից սկսած՝ Չարլզ Ռասելը և իր ընկերակիցները ջանասիրաբար ուսումնասիրում են Աստվածաշունչը, որ իմանան, թե ինչ է այն իրականում սովորեցնում։ 1881-ին նրանք սկսում են ընդգծել այն միտքը, որ Աստծու ծառաները պետք է քարոզեն ճշմարտությունը։ Ուստի հրատարակում են այնպիսի հոդվածներ, ինչպիսիք են՝ «Պահանջվում է 1 000 քարոզիչ» և «Օծված են քարոզելու համար»։
Աստվածաշնչյան համարներ։ Մատթ. 13։24–30, 36–43
Մարգարեություն։ Թշնամին ցորենի արտում որոմ է ցանում։ Որոմը աճում է, և ցորենը որոմի մեջ չի երևում։ Հնձի ժամանակ որոմը առանձնացվում է ցորենից։
Կատարում։ 1870-ից ճշմարիտ քրիստոնյաների և կեղծ քրիստոնյաների միջև տարբերությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Վերջի ժամանակ ճշմարիտ քրիստոնյաները հավաքվում են՝ առանձնացվելով կեղծ քրիստոնյաներից։
Աստվածաշնչյան համարներ։ Դան. 2։31–33, 41–43
Մարգարեություն։ Բազմամետաղյա արձանի ոտնաթաթերը երկաթից ու կավից են։
Կատարում։ Կավը խորհրդանշում է անգլո-ամերիկյան տերության տարածքում գործող ժողովրդական շարժումները, որոնք թուլացնում են դրա ուժը՝ թույլ չտալով գործել երկաթանման զորությամբ։
Աստվածաշնչյան համարներ։ Մատթ. 13։30; 24։14, 45; 28։19, 20
Մարգարեություն։ «Ցորենը» հավաքվում է «ամբարի մեջ», ու «հավատարիմ և իմաստուն ծառան» նշանակվում է «տան անդամների վրա»։ Թագավորության բարի լուրը սկսում է քարոզվել «ամբողջ երկրով մեկ»։
Կատարում։ 1919-ին հավատարիմ ծառան նշանակվում է Աստծու ժողովրդի վրա։ Այդ ժամանակվանից ի վեր Աստվածաշունչ ուսումնասիրողները ավելի մեծ թափով են քարոզում։ Այսօր Եհովայի վկաները քարոզում են ավելի քան 200 երկրներում և աստվածաշնչյան գրականություն են հրատարակում ավելի քան 1 000 լեզուներով։
Աստվածաշնչյան համարներ։ Դան. 12։11; Հայտն. 13։11, 14, 15
Մարգարեություն։ Երկու եղջյուր ունեցող գազանը երկրի վրա բնակվողներին ասում է, որ «պատրաստեն գազանի պատկերը», և «շունչ է տալիս գազանի պատկերին»։
Կատարում։ Անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը հիմնադրում է Ազգերի լիգան, որին միանում են մյուս պետությունները։ 1926-ին հյուսիսի թագավորը նույնպես միանում է Ազգերի լիգային, բայց դրա անդամ է մնում մինչև 1933 թվականը։ Մարդիկ հավատում են, որ Ազգերի լիգան կարող է խաղաղություն բերել աշխարհին, ինչը միայն Աստծու Թագավորությունն է ունակ անելու։ Հետագայում մարդիկ ՄԱԿ-ի հետ են նույնպիսի հույսեր կապում։
Աստվածաշնչյան համարներ։ Դան. 8։23, 24
Մարգարեություն։ Դաժան տեսքով թագավոր է դուրս գալիս և «ավերում է զարմանալի կերպով»։
Կատարում։ Անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը մեծ վնասներ է հասցնում։ Օրինակ՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ԱՄՆ-ն երկու ատոմային ռումբ է նետում թշնամի պետության վրա։ Այս զենքը աննախադեպ ավերածություն է պատճառում։
Աստվածաշնչյան համարներ։ Դան. 11։31; Հայտն. 17։3, 7–11
Մարգարեություն։ Անդունդից տասը եղջյուր ունեցող «ալ կարմիր» գազան է դուրս գալիս, որը ութերորդ թագավորն է։ Դանիելի մարգարեության մեջ այս թագավորի մասին խոսվում է որպես «ամայացում բերող պղծության»։
Կատարում։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ազգերի լիգան անգործության է մատնվում։ Պատերազմից հետո հիմնադրվում է ՄԱԿ-ը։ Սրան նույնպես տրվում է այն փառքը, որին Աստծու Թագավորությունն է արժանի։ Հետագայում ՄԱԿ-ը հարձակում է գործում կրոնի վրա։
Աստվածաշնչյան համարներ։ 1 Թեսաղ. 5։3; Հայտն. 17։16
Մարգարեություն։ Ազգերը «խաղաղություն և անվտանգություն» են հայտարարում, և «գազանն» ու «տասը եղջյուրները» հարձակվում են «պոռնիկի» վրա և կործանում են նրան։ Դրանից հետո ազգերի վրա հանկարծահաս կործանում է գալիս։
Կատարում։ Ազգերը հայտարարում են, որ հասել են խաղաղության ու անվտանգության։ Այնուհետև ՄԱԿ-ին աջակցող պետությունները վերացնում են կեղծ կրոնը։ Դրանով սկսվում է մեծ նեղությունը, որն ավարտվում է Արմագեդոնի ժամանակ, երբ Հիսուսը վերջ է դնում Սատանայի ողջ աշխարհին։
Աստվածաշնչյան համարներ։ Եզեկ. 38։11, 14–17; Մատթ. 24։31
Մարգարեություն։ Գոգը ներխուժում է Աստծու ժողովրդի երկիր։ Հետո հրեշտակները հավաքում են «ընտրյալներին»։
Կատարում։ Հյուսիսի թագավորը աշխարհի մյուս կառավարությունների հետ հարձակվում է Աստծու ժողովրդի վրա։ Երբ այս հարձակումը սկսվում է, որոշ ժամանակ անց երկրի վրա մնացած օծյալները հավաքվում են երկնքում։
Աստվածաշնչյան համարներ։ Եզեկ. 38։18–23; Դան. 2։34, 35, 44, 45; Հայտն. 6։2; 16։14, 16; 17։14; 19։20
Մարգարեություն։ «Սպիտակ ձիու» վրա նստողը լիակատար հաղթանակ է տանում՝ կործանելով Գոգին ու նրա զորքերին։ «Գազանը» «գցվում է ծծմբով այրվող կրակի լիճը», և մեծ արձանը ջարդուփշուր է լինում։
Կատարում։ Հիսուսը՝ Աստծու Թագավորության իշխող Թագավորը, գալիս է փրկելու Աստծու ժողովրդին։ Հրեշտակներից և իր 144 000 իշխանակիցներից բաղկացած զորքի հետ նա կործանում է Աստծու ժողովրդի վրա հարձակված բոլոր ազգերին։ Դրանով վերջ է դրվում Սատանայի ողջ քաղաքական համակարգին։
-