«Ես ձեզ հետ եմ»
«Շատերը կքննեն այն, ու ճշմարիտ գիտելիքները կշատանան» (ԴԱՆ. 12։4)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ
Մեր ժամանակներում «ճշմարիտ գիտելիքները» ինչպե՞ս են հայտնի դարձել։
Ճշմարտությունն ընդունողները ինչպե՞ս շատացան։
Ինչպե՞ս «շատացան» ճշգրիտ գիտելիքները։
1, 2. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսն իր հպատակների հետ է և ապագայում նույնպես նրանց հետ է լինելու։ բ) Դանիել 12։4-ի համաձայն՝ Աստծու Խոսքի մանրազնին ուսումնասիրության արդյունքն ի՞նչ էր լինելու։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ քեզ դրախտում։ Ամեն առավոտ արթնանում ես՝ լիովին հանգստացած և նոր օր սկսելու ցանկությամբ։ Ոչ մի տեղդ չի ցավում։ Հիվանդություններն անցյալի գիրկն են անցել։ Բոլոր զգայարաններդ՝ տեսողությունդ, լսողությունդ, հոտառությունդ, շոշափելիքդ ու համի զգացողությունդ, հրաշալի են գործում։ Լի ես ուժ ու եռանդով։ Աշխատանքը հաճույք է պատճառում քեզ։ Շրջապատված ես բազում ընկերներով։ Այլևս չունես գեթ մի անհանգստություն։ Այսպիսի օրհնություններ կարող ես վայելել Աստծու Թագավորության ներքո։ Հիսուս Քրիստոսը՝ նշանակված Թագավորը, օրհնելու է իր հպատակներին և կրթելու է Եհովայի գիտությամբ։
2 Եհովան իր հավատարիմ ծառաների հետ կլինի, երբ նրանք ներգրավված լինեն ապագա համաշխարհային կրթական ծրագրի մեջ։ Աստված և իր Որդին դարեր շարունակ հավատարիմների հետ են եղել։ Նախքան երկինք համբարձվելը Հիսուսը վստահեցրեց իր նվիրված աշակերտներին, որ նրանց հետ կլինի (կարդա՛ Մատթեոս 28։19, 20)։ Այս խոսքերի հանդեպ մեր վստահությունը զորացնելու համար քննենք ընդամենը մեկ նախադասություն Աստծու տված մարգարեությունից, որը գրի է առնվել Բաբելոնում ավելի քան 2500 տարի առաջ։ Խոսելով «վերջի ժամանակի» մասին, որում մենք հիմա ապրում ենք, Դանիելը գրեց. «Շատերը կքննեն [Աստծու Խոսքը], ու ճշմարիտ գիտելիքները կշատանան» (Դան. 12։4)։ Ի՜նչ հրաշալի օրհնություններ էր բերելու դա։ Մանրազնին ուսումնասիրություն կատարողները օրհնվելու էին «ճշմարիտ»՝ ճշգրիտ գիտելիքներով։ Մարգարեության մեջ նաև ասվում էր, որ շատերն էին ձեռք բերելու «ճշմարիտ գիտելիքներ»։ Ավելին, այդ գիտելիքները շատ էին լինելու։ Դրանք մեծ մասշտաբով տարածվելու էին և մատչելի էին դառնալու մարդկանց համար։ Քննելով, թե ինչպես այս մարգարեությունը կատարվեց՝ կհամոզվենք, որ Հիսուսն այսօր էլ իր աշակերտների հետ է և որ Եհովան կարող է ի կատար ածել իր բոլոր խոստումները։
«ՃՇՄԱՐԻՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ» Ի ՀԱՅՏ ԵՆ ԳԱԼԻՍ
3. Ի՞նչ պատահեց առաքյալների մահից հետո։
3 Կանխագուշակված հավատուրացությունը, որ առաջ եկավ ճշմարիտ քրիստոնեությունից, առաքյալների մահից հետո կրակի պես տարածվեց (Գործ. 20։28–30; 2 Թեսաղ. 2։1–3)։ Դրանից հետո դարեր շարունակ «ճշմարիտ գիտելիքները» սակավ էին ոչ միայն այն մարդկանց շրջանում, ովքեր ոչինչ չգիտեին Աստվածաշնչից, այլև այսպես կոչված քրիստոնյաների շրջանում։ Քրիստոնեական աշխարհի կրոնական առաջնորդները թեպետ պնդում էին, թե հավատում են Սուրբ Գրքին, սակայն կրոնական ստեր էին սովորեցնում՝ «դևերի ուսմունքներ», որոնք անարգում էին Աստծուն (1 Տիմոթ. 4։1)։ Նրանք մարդկանց ընդհանուր առմամբ հոգևոր խավարի մեջ էին պահում։ Հավատուրացական ուսմունքներից էին Երրորդության, հոգու անմահության և կրակե դժոխքում հավիտյան տանջվելու վերաբերյալ կեղծ ուսմունքները։
4. 1870-ականներին ինչպե՞ս մի խումբ քրիստոնյաներ սկսեցին «ճշմարիտ գիտելիքներ» փնտրել։
4 Սակայն 1870-ականներին՝ «վերջին օրերը» սկսվելուց մոտ 40 տարի առաջ, Փենսիլվանիայում (ԱՄՆ) անկեղծ քրիստոնյաների մի փոքր խումբ կազմավորվեց։ Նրանք հավաքվում էին, միասին ջանասիրաբար ուսումնասիրում Աստվածաշունչը և «ճշմարիտ գիտելիքներ» փնտրում (2 Տիմոթ. 3։1)։ Նրանք իրենց կոչում էին Աստվածաշունչ ուսումնասիրողներ։ Այս մարդիկ այն «իմաստուններն ու գիտունները» չէին, որոնցից, ինչպես ասաց Հիսուսը, գիտելիքները պետք է թաքցվեին (Մատթ. 11։25)։ Նրանք խոնարհ մարդիկ էին և անկեղծորեն ուզում էին Աստծու կամքը կատարել։ Այդ անհատները աղոթում էին, ապա ուշադիր կարդում էին Աստվածաշունչը, քննարկում և խորհրդածում։ Նաև համեմատում էին Աստվածաշնչի առանձին հատվածներ և ուսումնասիրում այլ հեղինակների աշխատություններ, որոնք նույնպես նման հետազոտություններ էին արել։ Աստվածաշունչ ուսումնասիրողները աստիճանաբար հասկացան այն ճշմարտությունները, որոնք դարերի ընթացքում շատերի համար անհայտ էին մնացել։
5. Ո՞րն էր «Հին աստվածաբանություն» թերթիկների նպատակը։
5 Թեպետ Աստվածաշունչ ուսումնասիրողներին ոգևորեց այն ամենը, ինչ իմացան, սակայն նրանք թույլ չտվեցին, որ նոր ձեռք բերած գիտելիքները հպարտացնեն իրենց, և ոչ էլ ասացին, թե նոր բան են գտել (1 Կորնթ. 8։1)։ Փոխարենը՝ նրանք հրատարակեցին մի շարք թերթիկներ, որոնք կոչվում էին «Հին աստվածաբանություն»։ Դրանց նպատակն էր ընթերցողներին ծանոթացնել Աստվածաշնչում արձանագրված ճշմարտություններին։ Այս թերթիկներից առաջինում առաջարկվում էր «ընթերցանության հավելյալ նյութ՝ Աստվածաշունչ ուսումնասիրելու համար՝ բոլոր կեղծ ավանդություններից ազատվելու և մեր Տիրոջ ու առաքյալների հին աստվածաբանությունը լիովին վերականգնելու նպատակով» (The Old Theology, No. 1, 1889, ապրիլ, էջ 32)։
6, 7. ա) 1870-ականներից սկսած՝ ի՞նչ ճշմարտություններ ենք հասկացել։ բ) Ո՞ր ճշմարտության համար ես հատկապես երախտապարտ։
6 Ի՜նչ հիասքանչ ճշմարտություններ են բացահայտվել ավելի քան 100 տարիների ընթացքումa։ Այդ ճշմարտությունները ձանձրալի գիտական հարցեր չեն, որոնց շուրջ աստվածաբանները քննարկումներ և վիճաբանություններ պետք է անեն։ Դրանք ոգևորիչ, ազատարար ճշմարտություններ են, որոնք իմաստավորում են մեր կյանքը և լցնում ուրախությամբ ու հույսով։ Այդ ճշմարտությունները օգնում են մեզ ճանաչելու Եհովային՝ իմանալու, թե ինչպիսի անձնավորություն է նա և ինչ նպատակներ ունի։ Նաև պարզաբանում են Հիսուսի դերը, բացատրում, թե ինչու նա ապրեց ու մահացավ և թե ինչ է այժմ անում։ Այս անգին ճշմարտությունները հայտնում են, թե ինչու է Աստված թույլ տալիս չարությունը, ինչու են մարդիկ մահանում, ինչպես պետք է աղոթենք և ինչպես կարող ենք իրական երջանկություն ունենալ։
7 Այսօր մենք կարող ենք հասկանալ այնպիսի մարգարեությունների նշանակությունը, որոնք դարեր շարունակ «գաղտնի» են եղել, սակայն հիմա՝ «վերջի ժամանակում», կատարվում են (Դան. 12։9)։ Այդ մարգարեությունները կարող ենք գտնել ողջ Աստվածաշնչում, հատկապես Ավետարաններում և «Հայտնություն» գրքում։ Եհովան օգնել է մեզ իմանալու նույնիսկ այնպիսի իրադարձությունների մասին, որոնք տեսանելի չեն մեր աչքերին, ինչպես օրինակ՝ Հիսուսի գահակալությունը, երկնքում տեղի ունեցած պատերազմը և Սատանային երկրի վրա գցելը (Հայտն. 12։7–12)։ Աստված օգնել է նաև հասկանալու այն դեպքերի նշանակությունը, որոնք կարող ենք տեսնել՝ պատերազմներ, երկրաշարժեր, համաճարակներ, սովեր։ Նաև հասկանում ենք, թե ինչու են մարդիկ անաստված դարձել՝ դժվարացնելով կյանքը առանց այն էլ «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթ. 3։1–5; Ղուկ. 21։10, 11)։
8. Ո՞ւմ ենք փառք ու պատիվ տալիս այն ամենի համար, ինչ կարողացել ենք տեսնել ու լսել։
8 Մեզ համար դժվար չէ հասկանալ, թե Հիսուսն ինչու ասաց իր աշակերտներին. «Երջանիկ են նրանք, ովքեր տեսնում են այն, ինչ դուք եք տեսնում, որովհետև ասում եմ ձեզ՝ շատ մարգարեներ և թագավորներ ցանկացան տեսնել այն ամենը, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն ամենը, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին» (Ղուկ. 10։23, 24)։ Մենք փառքն ու պատիվը Եհովա Աստծուն ենք տալիս այն բանի համար, որ օգնեց մեզ տեսնելու և լսելու ճշմարտությունը։ Եվ որքա՜ն երախտապարտ ենք, որ ուղարկվեց «օգնականը»՝ Աստծու սուրբ ոգին, որպեսզի Հիսուսի հետևորդներին առաջնորդի «ողջ ճշմարտության մեջ» (կարդա՛ Հովհաննես 16։7, 13)։ Թող որ միշտ գնահատենք «ճշմարիտ գիտելիքները» և անշահախնդրորեն փոխանցենք ուրիշներին։
«ՇԱՏԵՐԸ» ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐՈՒՄ «ՃՇՄԱՐԻՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ»
9. Ի՞նչ կոչ արվեց այս պարբերագրի՝ 1881թ. ապրիլի թողարկման մեջ։
9 1881թ. ապրիլին, երբ «Դիտարանի» առաջին թողարկումից երկու տարի էլ չէր անցել, պարբերագրում նշվեց, որ պահանջվում է 1000 քարոզիչ։ Հոդվածում գրված էր. «Նրանց, ում հանգամանքները թույլ են տալիս իրենց ժամանակի կեսը կամ ավելին բացարձակապես տրամադրել Տիրոջ գործին, մի ծրագիր ենք առաջարկում.... այն է՝ կախված ձեր կարողություններից՝ որպես գիրք տարածողներ կամ ավետարանիչներ՝ գնալ մեծ ու փոքր քաղաքներ, ամենուրեք փնտրել անկեղծ քրիստոնյաների, որոնցից շատերը Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, սակայն ոչ գիտելիքների համաձայն։ Նրանց ճանաչեցրեք մեր Հոր շնորհի հարստությունը և Նրա Խոսքի վայելչությունը»։
10. Ինչպե՞ս արձագանքեցին մարդիկ լիաժամ ծառայության կոչին։
10 Այդ կոչը ցույց տվեց, որ Աստվածաշունչ ուսումնասիրողները գիտակցում էին, որ ճշմարիտ քրիստոնյաների գլխավոր պարտականությունն է քարոզել բարի լուրը։ Սակայն քանի որ այդ ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրողների հանդիպումներին հաճախողների թիվը ընդամենը մի քանի հարյուրի էր հասնում, կոչին արձագանքողների թիվը 1000-ի չհասավ։ Այնուամենայնիվ, թերթիկ կամ պարբերագիր կարդալով՝ շատերը հասկացան, որ գտել են ճշմարտությունը, և պատրաստակամորեն արձագանքեցին կոչին։ Օրինակ՝ 1882թ.-ին Լոնդոնից մի ընթերցող Աստվածաշունչ ուսումնասիրողների կողմից հրատարակված «Դիտարանի» մի հոդված և մի գրքույկ կարդալուց հետո հետևյալը գրեց. «Խնդրում եմ, սովորեցրեք ինձ, թե ինչպես և ինչ է հարկավոր քարոզել, որպեսզի արվի Աստծու կամեցած օրհնյալ աշխատանքը»։
11, 12. ա) Ի՞նչ նպատակ ունեին գրքեր տարածողները, որն ունենք մենք այսօր։ բ) Գրքեր տարածողները ինչպե՞ս «դասարաններ», կամ՝ ժողովներ հիմնեցին։
11 1885թ.-ին մոտ 300 հոգի մասնակցում էին գրքեր տարածելու գործին։ Այդ լիաժամ ծառայողները նույն նպատակն էին հետապնդում, ինչ որ մենք այսօր, այն է՝ պատրաստել Հիսուս Քրիստոսի աշակերտներ։ Սակայն նրանց մեթոդները տարբերվում էին մեր մեթոդներից։ Այսօր ընդունված է մեկ հոգու հետ առանձին Աստվածաշունչ ուսումնասիրել՝ անհատական մոտեցում ցույց տալով։ Հետո նրան հրավիրում ենք ընկերակցել արդեն իսկ հաստատված ժողովի հետ։ Իսկ այն ժամանակվա լիաժամ ծառայողները գրքեր էին բաժանում, հետո հետաքրքրվողներին հավաքում էին մեկտեղ, որպեսզի խմբով ուսումնասիրեն Աստվածաշունչը։ Առանձին անհատների հետ ուսումնասիրելու փոխարեն՝ նրանք «դասարաններ»՝ ժողովներ էին հիմնում։
12 Օրինակ՝ 1907թ.-ին գրքեր տարածողների մի խումբ քաղաքներից մեկում փնտրեց այն մարդկանց, ովքեր արդեն ունեին «Հազարամյակի արշալույսի» օրինակ (կոչվում էր նաև «Գրությունների ուսումնասիրություն»)։ «Դիտարանում» ասվում էր. «Կիրակի օրը նրանց [հետաքրքրվող անհատների] հետ մի փոքր հանդիպում անցկացվեց իրենց տներից մեկում։ Ամբողջ օրը գիրք տարածողը նրանց հետ խոսեց դարերի աստվածային ծրագրի մասին, իսկ հաջորդ կիրակի հորդորեց, որ կանոնավորաբար հանդիպումներ անցկացնեն»։ 1911թ.-ին եղբայրները փոփոխություն արեցին։ Հիսունութ շրջագայող ծառայողներ հանրային դասախոսություններ ներկայացրին Միացյալ Նահանգներում և Կանադայում։ Այս եղբայրները գրանցեցին այդ հանդիպումներին ներկա հետաքրքրվող անհատների անուններն ու հասցեները և կազմակերպեցին, որ հավաքվեն տներում և այդպիսով նոր «դասարաններ» կազմեն։ 1914թ.-ին ամբողջ աշխարհում Աստվածաշունչ ուսումնասիրողների 1200 ժողովներ կային։
13. Ինչո՞ւ է քեզ տպավորում «ճշմարիտ գիտելիքների» լայնամասշտաբ տարածումը։
13 Այսօր ամբողջ աշխարհում 109400 ժողովներ կան, և մոտ 895800 քույրեր ու եղբայրներ ռահվիրա են ծառայում։ Գրեթե ութ միլիոն մարդիկ ընդունում են «ճշմարիտ գիտելիքները» և կիրառում իրենց կյանքում (կարդա՛ Եսայիա 60։22)b։ Սա հատկապես տպավորիչ է, քանի որ Հիսուսը կանխագուշակել էր, որ իր անվան պատճառով իր աշակերտները «բոլոր մարդկանց կողմից ատված էին լինելու», հալածվելու էին, բանտարկվելու և նույնիսկ սպանվելու էին (Ղուկ. 21։12–17)։ Չնայած Սատանայի, նրա դևերի ու մարդկանց հակառակությանը՝ Եհովայի ժողովուրդը բացառիկ հաջողության է հասել աշակերտներ պատրաստելու հանձնարարությունը կատարելիս։ Այսօր նրանք քարոզում են «ամբողջ երկրով մեկ»՝ արևադարձային ջունգլիներից մինչև սառնացուրտ տունդրաները, սարերում ու հարթավայրերում, քաղաքներում ու ամենահեռավոր գյուղերում (Մատթ. 24։14)։ Առանց Աստծու օգնության՝ դա հնարավոր չէր լինի։
«ՃՇՄԱՐԻՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ»
14. «Ճշմարիտ գիտելիքները» ինչպե՞ս են տարածում գտել տպագիր խոսքի միջոցով։
14 «Ճշմարիտ գիտելիքները» շատացել են շնորհիվ բարի լուրը հռչակող բազում անհատների, ինչպես նաև տպագիր խոսքի։ 1879թ. հուլիսին Աստվածաշունչ ուսումնասիրողները հրատարակեցին այս պարբերագրի առաջին համարը, որը կոչվում էր «Սիոնի Դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ»։ Այդ համարը, որը տպագրել էր մի կոմերցիոն ֆիրմա, լույս տեսավ 6000 օրինակով միայն անգլերեն լեզվով։ Քսանյոթ ամյա Չարլզ Թեյզ Ռասելը ընտրվեց որպես այդ պարբերագրի խմբագիր, իսկ հինգ հասուն եղբայրներ հոդվածագիր էին։ Այսօր «Դիտարանը» լույս է տեսնում 195 լեզուներով։ Այն երկրի վրա ամենամեծ տպաքանակ ունեցող պարբերագիրն է. յուրաքանչյուր թողարկում լույս է տեսնում 42182000 օրինակով։ Երկրորդ տեղում է զուգահեռ հրատարակվող «Արթնացե՛ք» պարբերագիրը, որը 84 լեզուներով է լույս ընծայվում 41042000 տպաքանակով։ Բացի այդ, ամեն տարի մոտ 100 միլիոն գրքեր ու Աստվածաշնչեր են տպագրվում։
15. Ինչպե՞ս է ֆինանսավորվում մեր տպագրությունը։
15 Այս հսկայական աշխատանքը ֆինանսավորվում է կամավոր նվիրաբերությունների շնորհիվ (կարդա՛ Մատթեոս 10։8)։ Միայն այդ փաստը ապշեցնում է տպագրությամբ զբաղվող մարդկանց, որոնք լավ գիտեն տպագրահաստոցների, թղթի, ներկի և այլ նյութերի գինը։ Մի եղբայր, որը ծառայում է գնումների միջազգային խմբում, ասում է. «Բիզնեսմենները, որոնք այցելում են մեր տպարանները, ցնցվում են՝ իմանալով, որ այսպիսի առաջադեմ տեխնոլոգիաները, մեծ արագությամբ աշխատող սարքավորումները ֆինանսավորվում են կամավոր նվիրաբերությունների շնորհիվ։ Նրանք տպավորվում են, որ Բեթելի մեր աշխատուժը այսքան երիտասարդ է ու բոլորը շատ երջանիկ են»։
ԵՐԿԻՐԸ ԼԻՔԸ ԿԼԻՆԻ ԱՍՏԾՈՒ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ
16. Ո՞րն է «ճշմարիտ գիտելիքները» հայտնի դարձնելու նպատակը։
16 «Ճշմարիտ գիտելիքների» տարածումը լավ նպատակի է ծառայում։ Աստծու կամքն է, որ «ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթ. 2։3, 4)։ Եհովան ցանկանում է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը, որպեսզի կարողանան ճիշտ ձևով երկրպագել իրեն և օրհնություններ ստանան։ Հայտնի դարձնելով «ճշմարիտ գիտելիքները»՝ Եհովան հավաքել է օծյալ քրիստոնյաների հավատարիմ մնացորդին։ «Բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից» նա նաև «մարդկանց մի մեծ բազմություն» է հավաքում, որը հույս ունի հավիտյան ապրելու երկրի վրա (Հայտն. 7։9)։
17. Ի՞նչ է մատնանշում ճշմարիտ երկրպագության տարածումը։
17 Անցած 130 տարիների ընթացքում ճշմարիտ երկրպագության տարածումը հստակ մատնանշում է այն փաստը, որ Աստված և իր նշանակած Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, հավատարիմ ծառաների հետ են եղել՝ առաջնորդել են, պաշտպանել, կազմակերպել ու կրթել են նրանց։ Դա նաև ընդգծում է այն փաստը, որ ապագայի վերաբերյալ Եհովայի խոստումները հաստատ իրականանալու են։ «Երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը» (Ես. 11։9)։ Ի՜նչ հիասքանչ օրհնություններ մարդիկ կստանան այդ ժամանակ։
[ծանոթագրություններ]
a Օգտակար կլինի դիտել «Եհովայի վկաներ. կենդանի հավատ» ֆիլմի 1-ին և 2-րդ մասերը՝ «Խավարից դեպի լույս» և «Թող լույսը ծագի»։
b Տե՛ս «Եսայիայի մարգարեությունը. լույս ողջ մարդկության համար» գրքի 2-րդ հատորը, էջ 320 (անգլ., ռուս.)։
[նկար 6-րդ էջի վրա]
Աստվածաշունչ ուսումնասիրողները խոնարհ մարդիկ էին, որոնք անկեղծորեն ցանկանում էին կատարել Աստծու կամքը
[նկար 7-րդ էջի վրա]
Եհովան գնահատում է «ճշմարիտ գիտելիքների» տարածման հարցում քո ջանքերը