Ինչպես վերջ դնել ագրեսիային
«Ագրեսիվությունը ձեռքբերովի հատկանիշ է, իսկ ձեռքբերովի ցանկացած բանից հնարավոր է ձերբազատվել» (դոկտոր Սալի Մարֆի)։
ՕԳՆՈՒԹՅԱՆ կարիք ունի ինչպես ագրեսորը, այնպես էլ նրա զոհը։ Առաջինը պետք է սովորի չբռնանալ ուրիշների վրա, իսկ երկրորդը՝ ստանա գործնական խորհուրդներ խնդիրը հաղթահարելու վերաբերյալ։
Ագրեսիվ երեխան հաճախ չգիտի՝ ինչպես վարվել ուրիշների հետ, և չի հասկանում իր զոհի զգացմունքները։ Հարկավոր է մշտական հսկողության տակ պահել նրան և, բացի այդ, սովորեցնել ուրիշների հետ հաղորդակցվել ճիշտ կերպով։ Այս առնչությամբ՝ մի գրքում ասվում է. «Եթե ագրեսորը չսովորի այլ կերպ վարվել և չսկսի գործել այդպես, նրա արարքները կշարունակվեն իր ողջ կյանքի ընթացքում։ Նա ագրեսիայի կենթարկի կողակցին, երեխաներին և, ամենայն հավանականությամբ, աշխատավայրում իրեն ենթակա անձանց» («Take Action Against Bullying»)։
Օգնեք չվարվել այդպես
Եթե երեխան վաղ տարիքից սովորի կարեկցանքով վերաբերվել դիմացինին, հետագայում չի չսկսի ագրեսիայի ենթարկել ուրիշներին։ Որոշ երկրներում կիրառության մեջ է մտել դաստիարակության նոր մեթոդ, որը կոչվում է «վարժեցում կարեկցանքին»։ Այդ մեթոդի նպատակն է փոքր տարիքի, օրինակ՝ հինգ տարեկան երեխաներին օգնել հասկանալու ուրիշների զգացմունքները և բարյացակամորեն վերաբերվելու նրանց։ Թեպետ դեռևս պարզ չէ, թե որքան տևական կլինի դրա ազդեցությունը, սակայն նախնական արդյունքները ցույց են տվել, որ այդ մեթոդով դաստիարակված երեխաները նվազ ագրեսիվ են, քան մյուսները։
Ձեր երեխայի դաստիարակությունը ամբողջովին մի թողեք դպրոցական ինչ–որ ծրագրի հույսին։ Եթե չեք ցանկանում, որ երեխան դառնա ագրեսիվ անձնավորություն, ապա պետք է խոսքով ու սեփական օրինակով սովորեցնեք նրան ուրիշներին վերաբերվել հարգանքով և արժանապատվությամբ։ Ի՞նչը կարող է օգնել։ Հավանաբար, ձեզ մատչելի կլինի մի գերազանց, բայց և ըստ արժանվույն չգնահատվող մի աղբյուր, որը կարող է օգնել այս հարցում. դա Աստծո Խոսքն է՝ Աստվածաշունչը։ Ինչպե՞ս է այն օգնում։
Նախ և առաջ՝ գիրքը ցույց է տալիս, թե ինչպես է Աստված վերաբերվում ագրեսիային։ Նա ատում է այն։ Աստվածաշնչում ասվում է. «Անոր անձը կ’ատէ.... բռնութիւն սիրողը» (Սաղմոս 11։5, ԱԱ)։ Աստված աչք չի փակում այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում։ Աստվածաշունչը պատմում է, որ նա ցավ էր զգում, երբ իսրայելացիները տառապում էին «նեղութիւն տուողների եւ չարչարողների երեսից» (Դատաւորաց 2։18)։ Աստված հաճախ է պատժել այն անձանց, ովքեր չարաշահել են իրենց իշխանությունը և ագրեսիայի ենթարկել թույլ ու անպաշտպան մարդկանց (Ելից 22։22–24)։
Աստվածաշունչը տալիս է նաև կարեկցանք ցուցաբերելու վերաբերյալ ամենագերազանց խորհուրդը։ Հիսուսն ասում է. «Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց» (Մատթէոս 7։12)։ Ինչ խոսք, հեշտ չէ երեխաներին սովորեցնել այս Ոսկե կանոնը, այնպես որ նրանք սիրեն այն ու ապրեն դրա համաձայն։ Այդ նպատակին հասնելու համար պետք է լավ օրինակ ծառայել, լինել հաստատակամ և շատ ջանքեր գործադրել, հատկապես այն պատճառով, որ փոքր երեխաներին բնորոշ է եսասիրությունը։ Սակայն այս բոլոր ջանքերը արժե ներդնել։ Եթե ձեր երեխաները սովորեն լինել բարի ու կարեկից, ապա ագրեսիվ քայլերի դիմելու միտքն անգամ գարշելի կլինի նրանց։
Օգնություն՝ զոհերին
Ագրեսիայի զոհերը, հատկապես երեխաները, պետք է հաղթահարեն մի բարդ խնդիր՝ կարողանան ճնշման ենթարկվելիս պահել իրենց հավասարակշռվածությունը։ Քեզ վրա ճնշում բանեցնող անհատը ամենայն հավանականությամբ ձգտում է հանել քեզ հավասարակշռությունից։ Նա հույս ունի, որ կզայրանաս կամ էլ կսարսափես։ Եթե վրդովվես, լաց լինես, ցույց տաս, որ վիրավորված ես կամ էլ վախենում ես, ագրեսորը կհասնի իր նպատակին։ Եվ դա, հավանաբար, կմղի նրան կրկին ու կրկին քեզ այդ վիճակի մեջ գցելու։
Իսկ ի՞նչ կարող ես անել։ Ահա մի քանի խորհուրդ։ Առաջին հերթին դրանք նախատեսված են երեխաների համար, սակայն նույն սկզբունքները կարող են կիրառել նաև չափահասները։
◼ Պահպանիր հանգստությունդ, մի տրվիր զայրույթին։ Աստվածաշնչում գրված է հետևյալ իմաստուն խորհուրդը. «Դադարիր բարկութիւնից, եւ թող տուր սրտմտութիւնը» (Սաղմոս 37։8)։ Եթե կորցնես ինքնատիրապետումդ, ագրեսորին առիթ կտաս քեզ վրա իշխանություն ձեռք բերելու և հավանաբար կանես այնպիսի բաներ, որոնց համար հետագայում կզղջաս (Առակաց 25։28)։
◼ Վանիր վրեժխնդրության մասին մտքերը։ Վրեժխնդրությունը հաճախ հակառակ արդյունքներն է բերում և ոչ մի պարագայում իրական բավարարվածություն չի պատճառում։ Ահա թե ինչ է պատմում մի աղջիկ, որը 16 տարեկան հասակում ծեծի էր ենթարկվել հինգ աղջիկների կողմից. «Մտքումս որոշեցի հաշիվ մաքրել նրանց հետ։ Ես ու ընկերուհիներս այդ աղջիկներից երկուսի հարցերը լուծեցինք»։ Դա որևէ բան տվե՞ց։ «Մի տեսակ դատարկություն էի զգում»,— ասում է նա։ Հետագայում այդ աղջիկն ինքը սկսեց վատ վարք դրսևորել։ Ուստի արժե հիշել Աստվածաշնչի հետևյալ իմաստուն խոսքերը. «Մէկին չարի տեղ չար մի հատուցանէք» (Հռովմայեցիս 12։17)։
◼ Երբ կրքերը սկսում են բորբոքվել, անհապաղ հեռացիր։ Աստվածաշունչն ասում է. «Վէճը չ’բորբոքուած դու ետ քաշուիր» (Առակաց 17։14)։ Եվ ընդհանրապես, աշխատիր հեռու մնալ նրանցից, ովքեր ուրիշներին ագրեսիայի ենթարկելու հակվածություն ունեն։ Առակաց 22։3–ում ասվում է. «Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում եւ վնասվում»։
◼ Եթե ագրեսիան շարունակվի, հավանաբար անհրաժեշտ կլինի, որ խոսես ագրեսորի հետ։ Ընտրիր այնպիսի ժամանակ, երբ հանգիստ ես, մոտեցիր քեզ ագրեսիայի ենթարկող անհատին, ուղիղ նայիր նրա աչքերի մեջ և խոսիր համոզվածությամբ ու հանգիստ։ Ասա, որ քեզ դուր չեն գալիս նրա արարքները, և որ դրանք ոչ թե ծիծաղելի են, այլ վիրավորական։ Մի օգտագործիր անպատիվ կամ վրդովեցնող խոսքեր (Առակաց 15։1)։
◼ Խոսիր մեծերից որևէ մեկի հետ, որը վստահելի է ու հոգատար։ Կոնկրետ ներկայացրու խնդիրը և օգնություն խնդրիր։ Նույն կերպով աղոթիր Աստծուն, և դա կարող է օգնության ու մխիթարության հրաշալի աղբյուր լինել (Ա Թեսաղոնիկեցիս 5։17)։
◼ Հիշիր, որ դու արժեքավոր անհատ ես։ Հնարավոր է, որ ագրեսորը ցանկանա քեզ այն զգացումը ներշնչել, թե անարժեք ես, և արժանի ես վատ վերաբերմունքի։ Բայց նա քո դատավորը չէ։ Մեր դատավորը Աստված է, որը յուրաքանչյուրիս մեջ բարին է փնտրում։ Կարելի է ասել, որ այդպիսի քայլերի դիմելով՝ ագրեսորն է դառնում նվազ արժեքավոր։
Ծնողնե՛ր, պաշտպանեք ձեր երեխաներին
Ծնողները կարող են օգնել իրենց երեխաներին, որ վերջիններս փոքր տարիքից պատրաստ լինեն իմաստությամբ վարվել ագրեսիայի ենթարկվելու դեպքում։ Օրինակ՝ կարելի է դերերով խաղ խաղալ, որպեսզի երեխաները տեսնեն, թե ինչպես է հնարավոր ինքնատիրապետում պահպանել նման իրավիճակներում։
Նույնիսկ մարդու կանգնելու ձևը՝ ուղիղ կեցվածքը, կարող է մղել ագրեսորին հրաժարվել իր մտադրությունից։ Նրա աչքերին նայելը, ձեռքերը հանգիստ վիճակում պահելը և վճռական ու հաստատ ձայնով խոսելը նույնպես կարող է օգնել։ Ծնողնե՛ր, սովորեցրեք ձեր երեխաներին հեռանալ և խուսափել նրանցից, ովքեր հակված են ճնշում բանեցնել ուրիշների վրա, և օգնության համար դիմել մեծերից որևէ մեկին, որին արժե վստահել, օրինակ՝ ուսուցչին։
Ագրեսիայի դեմ պայքարելու համար նախ և առաջ հարկավոր է կրթել ընտանիքի անդամներին։ Եթե ծնողները մատչելի են և պատրաստ են համբերատարությամբ ու կարեկցանքով լսել երեխայի մտահոգությունները, վերջինս իրեն ցանկալի ու սիրված է զգում և վստահ է, որ կստանա անհրաժեշտ օգնությունը։ Շատ մանկավարժներ քաջալերում են ծնողներին օգնել իրենց երեխաներին դրական տեսակետ ունենալու սեփական անձի հանդեպ։ Նման առողջ տեսակետը կնվազեցնի այն բանի հավանականությունը, որ նա կդառնա ագրեսորների նշանակետը։
Ուսուցանելուց բացի՝ հարկավոր է ձեռնարկել ուրիշ քայլեր ևս։ Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը պետք է սովորի մյուսներին վերաբերվել հարգանքով ու արժանապատվությամբ, ինչպես նաև կարեկցանք զարգացնել։ Ուստի ձեր ընտանիքում մի հանդուրժեք ագրեսիվ և ոչ մի վարքագիծ։ Այնպես արեք, որ ձեր տունը նման լինի ապահով հանգրվանի, որտեղ իշխում են հարգանքն ու սերը։
Վերջ՝ ագրեսիային
«Մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար» (Ժողովող 8։9)։ Այսպես է Աստվածաշունչը ամփոփում մարդկության պատմությունը։ Եվ իրոք, հազարավոր տարիներ ագրեսիան պատուհաս է եղել մարդկության համար։ Աստվածաշունչը գրի առնողներից մեկն ասել է. «Ես դարձայ եւ տեսայ արեգակի տակին եղած բոլոր զրկանքները. եւ ահա զրկուածների արտասուք կար, բայց մխիթարող չ’ունէին. եւ նորանց զրկողների ձեռքից բռնութիւն կար, բայց իրանք մխիթարող չ’ունէին» (Ժողովող 4։1)։
Սակայն Աստված վստահաբար տեսնում է ագրեսիայի բոլոր դեպքերը, որ տեղի են ունենում աշխարհում, և կարեկցում է դրա զոհը դարձած անհատներին։ Արդյոք նա երբևէ քայլեր կձեռնարկի՞ այս խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Այո՛։ Ուշադրություն դարձնենք Միքիա 4։4–ում գրված հետևյալ խոստմանը. «Ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի, որովհետեւ Զօրաց Տիրոջ բերանն է ասել»։
Պատկերացնո՞ւմ ես, թե ինչպիսին կլինի աշխարհը, երբ այս խոստումն իրականանա։ Ոչ ոք սարսափի մեջ չի պահի ուրիշներին, ոչ մի ագրեսոր չի լինի։ Արդյոք սա հրաշալի չէ՞։ Այսպիսի ապագա խոստանալուց բացի՝ Աստված ձեռնարկել է մեկ ուրիշ քայլ ևս։ Հենց այսօր Աստվածաշնչի վրա հիմնված մի շատ օգտակար կրթական ծրագիր է անցկացվում աշխարհով մեկ։ Այն լավ արդյունքներ է բերում։ Ծրագրի մասնակիցները սովորում են՝ ինչպես փոխել իրենց բնավորության բռնի գծերը, խաղաղ փոխհարաբերություններ ունենալ միմյանց հետ և վերաբերվել ուրիշներին հարգանքով ու արժանապատվությամբ (Եփեսացիս 4։22–24)։ Շատ շուտով այս գերազանց կրթական ծրագիրը մեծ օգուտներ կբերի ամբողջ աշխարհին։ Ոչ ոք այլևս ագրեսիայի չի ենթարկի ուրիշներին։ Աստծո խոստումները, որ արձանագրված են Աստվածաշնչում, կդառնան իրականություն։ Այդ ժամանակ բոլորը կվայելեն կյանքը ագրեսիայից զերծ աշխարհում։
[Նկար 8–րդ էջի վրա]
Ամենևին էլ ամոթ չէ հեռանալ նրանից, ով ուզում է ագրեսիայի ենթարկել քեզ
[Նկար 9–րդ էջի վրա]
Առողջ ընտանեկան մթնոլորտում երեխաները կարող են սովորել՝ ինչպես վարվել ագրեսիայի ենթարկվելիս
[Նկար 10–րդ էջի վրա]
Սովորեցրեք ձեր երեխաներին խոսել ի պաշտպանություն իրենց՝ վճռական և քաղաքավարի ձևով