Ճարպակալում. իրո՞ք լուրջ խնդիր է
«Պատանիների շրջանում ճարպակալումը, ասես, համաճարակ լինի»։ Ս. Ք. Վոնգնու, էնդոկրինոլոգիայի գծով ավագ խորհրդատու, Ինդրապրաստհայի Ապոլլո հիվանդանոց (Դելի, Հնդկաստան)
ՎԵՐՈՀԻՇՅԱԼ խոսքերից երևում է, որ միջին խավին պատկանող հնդկական ընտանիքները այնպիսի կենսակերպ են որդեգրել, որի հետևանքով պատանեկան տարիքի երեխաների մոտ ճարպակալման տենդենց է նկատվում։ Այս համաճարակը վերածվել է համավարակի, որը շատ երկրներում այսօր լայն տարածում է գտել, քանի որ գնալով մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր օրվա ընթացքում քիչ են շարժվում և կալորիականությամբ հարուստ սննդի գերին են դարձել։ Պատանիների բուժմամբ զբաղվող մի խորհրդատու ասում է. «[Մեծ Բրիտանիայի] գալիք սերունդը .... մարդկության պատմության մեջ ամենաճարպակալված սերունդը կլինի»։ «Գարդիան Ուիքլի» շաբաթաթերթը տեղեկացնում է. «Ժամանակին ճարպակալումը հիմնականում մեծահասակներին վերաբերող խնդիր էր։ Իսկ այժմ Մեծ Բրիտանիայում առաջ է եկել մի երիտասարդ սերունդ, որի ուտելու սովորությունները և նստակյաց ապրելակերպը այնպիսի խնդիրներ են առաջ բերում, որոնք առաջին անգամ Միացյալ Նահանգներում են նկատվել։ Երկար ժամանակ շարունակվող ճարպակալումը նպաստավոր պայմաններ կստեղծի այնպիսի հիվանդությունների համար, ինչպիսիք են՝ շաքարախտը, սրտանոթային հիվանդությունները և քաղցկեղը»։
«Պայքար սննդի դեմ» գրքի հեղինակները հետևյալն են նշում. «Չափից շատ ուտելն ու խմելը զբաղեցրել է թերսնման տեղը ու այդպիսով աշխարհում դարձել սննդի հետ կապված ամենաառաջնային խնդիրը» («Food Fight»)։ Մի ամսագրի թղթակից Դոն Փեկը գրում է. «Մոտ ինը միլիոն ամերիկացիներ այսօր «հիվանդագին ճարպակալվածներ են», ինչը նշանակում է, որ նրանք նորմայից առնվազն 45 կիլոգրամ կամ դրանից ավել քաշ ունեն» («Atlantic Monthly»)։ Ավելորդ քաշը տարեկան 300 000 հոգու վաղաժամ մահվան պատճառ է դառնում այդ երկրում. «այն զիջում է միայն ծխելուն»։ Փեկը եզրակացնում է. «Ճարպակալումը շուտով կգերազանցի ինչպես քաղցածությանը, այնպես էլ վարակիչ հիվանդություններին՝ համարվելով աշխարհի ողջ բնակչության առողջությանը սպառնացող ամենալուրջ խնդիրներից մեկը»։ Այս ամենից հետո կարելի՞ է արդյոք թեթևամտորեն վերաբերվել ճարպակալման սպառնալիքին։ Դոկտոր Ուոլտեր Ուիլեթը իր՝ «Կեր, խմիր և առողջ եղիր» գրքում նշում է, որ «ծխելու հետ մեկտեղ, կշեռքի չափացույցից «շլացած աչքերով» քեզ նայող թիվը քո ապագա առողջության ամենակարևոր չափանիշն է» («Eat, Drink, and Be Healthy»)։ Այս խոսքերում ամենակարևորը ապագա առողջություն արտահայտությունն է։
Ի՞նչ է ճարպակալումը
Ո՞ր դեպքում կարելի է ասել, որ անհատը ոչ թե պարզապես ավելորդ քաշ ունի, այլ ճարպակալված է։ Մեյոյի հիվանդանոցը (Ռոչեստեր, Մինեսոտա, ԱՄՆ) տեղեկացնում է. «Եթե պարզ ասենք, ճարպակալումը մարմնի ճարպի պատճառով առաջացած չափազանց ավել քաշն է»։ Բայց ինչպե՞ս որոշել, թե ինչ է ավել քաշը յուրաքանչյուր անհատի պարագայում։ Քաշային նորմատիվները սահմանող աղյուսակները կարող են ուղեցույց լինել՝ որոշելու համար՝ արդյոք անհատի քաշը անցել է նորմայից, թե հասել է ճարպակալման աստիճանի (տե՛ս 5–րդ էջի աղյուսակը)։ Այնուամենայնիվ, այս աղյուսակներում չեն նշվում մարմնակազմվածքում առկա տարբերությունները։ Մեյոյի հիվանդանոցից հայտնում են. «Ոչ թե մարմնի քաշը, այլ ճարպն է առողջ լինել–չլինելու ցուցանիշը»։ Օրինակ՝ մարմնամարզիկը թերևս ավելի ծանր քաշ ունենա իր մկանների և ոսկրային կառուցվածքի պատճառով։ Որո՞նք են, ուրեմն, ավելորդ քաշի և ճարպակալման հիմնական պատճառները։ Այս հարցը կքննարկենք հաջորդ հոդվածում։