Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/05 էջ 24–27
  • Գլաուկոմա. տեսողության գող

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գլաուկոմա. տեսողության գող
  • 2005 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է գլաուկոման
  • Ինչպես է «գողանում» տեսողությունը
  • Ինչպես բռնել գողին
  • Ե՞րբ է հավանականությունը մեծ
  • Բուժիր և հաղթիր
  • Իմաստուն խորհուրդ աչքի վերաբերյալ
    2012 Արթնացե՛ք
  • Ի՞նչ է նշանակում «աչքի տեղ աչք» արտահայտությունը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Կենտրոնացա՞ծ ես վարձատրության վրա
    2004 Դիտարան
2005 Արթնացե՛ք
g 1/05 էջ 24–27

Գլաուկոմա. տեսողության գող

ՄԻ ՊԱՀ հայացքով կանգ առեք այս նախադասության վերջին բառի վրա։ Կարողանո՞ւմ եք տեսնել դրանից ներքև ու վերև գտնվող տարածությունը։ Իսկ այս պարբերագրի եզրե՞րը։ Ամենայն հավանականությամբ, կարողանում եք։ Եվ դա՝ շնորհիվ մի ունակության, որը կոչվում է կողմնային տեսողություն։ Այս ունակության միջոցով դուք նկատում եք, որ կողքից կասկածելի ինչ–որ մարդ է մոտենում։ Կողմնային տեսողությունը օգնում է շրջանցել գետնի վրա ընկած առարկաները և քայլելիս չզարնվել պատին։ Իսկ եթե ավտոմեքենա եք վարում, այն ձեզ զգուշացնում է, որ ինչ–որ մեկը մայթից դուրս է եկել։

Սակայն հնարավոր է, որ հենց հիմա, երբ ընթերցում եք այս տեքստը, ձեր կողմնային տեսողությունը դանդաղորեն կորչում է, իսկ դուք չեք էլ կռահում այդ մասին։ Որոշ տվյալներով՝ ամբողջ աշխարհում 66 միլիոն մարդ տառապում է աչքի այնպիսի հիվանդություններով, որոնք հայտնի են «գլաուկոմա» ընդհանուր անվան տակ։ Նրանցից ավելի քան հինգ միլիոնը ընդհանրապես չի կարողանում տեսնել, ինչի հետևանքով գլաուկոման համարվում է մշտական կուրություն առաջ բերող երրորդ գլխավոր պատճառը։ «Նույնիսկ զարգացած երկրներում, որտեղ գլաուկոմայի հետ կապված՝ հասարակությանը լուսավորելու միջոցներ են ձեռնարկվում, դրանով տառապող անհատների կեսը բժշկի չի դիմում հիվանդությունը ախտորոշելու համար»,— ասվում է բժշկական մի պարբերաթերթում («The Lancet»)։

Ո՞ր դեպքերում է գլաուկոմա ձեռք բերելու հավանականությունը մեծ։ Ինչպե՞ս կարելի է բացահայտել այս հիվանդությունը և բուժել այն։

Ի՞նչ է գլաուկոման

Նախևառաջ՝ հարկավոր է որոշ տեղեկություններ ձեռք բերել մեր աչքի կառուցվածքի մասին։ Ահա թե ինչ բացատրություն է տրվում մի գրքույկում, որը հրատարակվել է Գլաուկոմայի բուժման ավստրալիական մի կազմակերպության կողմից («Glaucoma Foundation of Australia»). «Աչքն իր ձևը ստանում է ներակնային ճնշման միջոցով. փափուկ հյուսվածքները փքվում են անվադողի կամ օդապարիկի պես»։ Պոմպի նման գործող թարթչային մարմինը արյունատար անոթներից դեպի աչք է մղում ներակնային հեղուկը։ «[Այդ] հեղուկը շրջանառություն է կատարում աչքի ներսում և սնուցելով նրա կենդանի հյուսվածքները՝ վերադառնում արյունատար համակարգ ֆիլտրի կառուցվածք ունեցող տրաբեկուլյար ցանցի միջոցով»։

Եթե ցանցում որևէ պատճառով տեղի է ունենում հեղուկի կուտակում, ներակնային ճնշումը բարձրանում է և ի վերջո սկսում վնասել աչքի ետնամասում գտնվող նուրբ նյարդաթելերը։ Այդ վիճակը կոչվում է բացանկյունային գլաուկոմա, որով տառապում է այս հիվանդների 90 տոկոսը։

Աչքի ճնշումը (ներակնային ճնշում) կարող է յուրաքանչյուր ժամ փոփոխվել։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով, օրինակ՝ թե որքան է ձեր սրտի կծկումների հաճախականությունը, ինչ քանակությամբ հեղուկ եք խմել, և ինչպիսին է ձեր մարմնի դիրքը։ Ճնշման այս բնական տատանումները վնաս չեն հասցնում աչքերին։ Բացի այդ, եթե աչքի ճնշումը բարձր է, դա դեռ ինքնին չի նշանակում, որ դուք տառապում եք գլաուկոմայով, քանզի «նորմալ» ճնշումը հարաբերական հասկացություն է։ Այնուամենայնիվ, բարձր ներակնային ճնշումը գլաուկոմայի ախտանշաններից մեկն է։

Այս հիվանդության հազվադեպ տեսակներից է սուր, կամ՝ փականկյունային գլաուկոման։ Ի տարբերություն բացանկյունայինի՝ գլաուկոմայի այս տեսակի դեպքում ներակնային ճնշումը կարող է հանկարծակի բարձրանալ։ Աչքը կարող է ուժեղ ցավել, տեսողությունը՝ թուլանալ։ Մարդը կարող է փսխել։ Եթե նոպայի ընթացքում նրան բուժօգնություն ցույց չի տրվում, դա հաճախ հանգեցնում է կուրության։ Այս հիվանդության մեկ այլ տեսակ է երկրորդային գլաուկոման։ Ինչպես երևում է անվանումից, գլաուկոմայի այս տեսակը առաջանում է այլ գործոնների ազդեցության ներքո, ինչպես օրինակ՝ աչքի ուռուցքի, կատարակտի կամ ուրիշ վնասվածքների։ Եվ համեմատաբար քիչ թվով մարդիկ տառապում են այս հիվանդության չորրորդ տեսակով, որը հայտնի է իբրև բնածին գլաուկոմա։ Գլաուկոմայի այս տեսակը լինում է ի ծնե կամ առաջանում է ծնվելուց կարճ ժամանակ անց և արտահայտվում նորածնի ակնախնձորների լայնացմամբ ու լույսի հանդեպ խիստ զգայունությամբ։

Ինչպես է «գողանում» տեսողությունը

Հնարավոր է, որ գլաուկոման գողանա ձեր աչքերից մեկի տեսողության 90 տոկոսը, և դուք նույնիսկ չիմանաք այդ մասին։ Ինչպե՞ս։ Բոլորիս աչքերի ետնամասում կա մի հատված, որը կոչվում է կույր բիծ։ Այս բիծը գտնվում է ցանցաթաղանթի վրա, որտեղ նյարդաթելերը միավորվելով կազմում են տեսողական նյարդը։ Այդ հատվածը զուրկ է լուսազգաց բջիջներից։ Բայց դուք չեք զգում կույր բծի առկայությունը, քանի որ ձեր ուղեղը կարողություն ունի «լրացնել» պատկերի «բացակայող մասնիկները»։ Սակայն ուղեղի հենց այս կարողությունն է, որ գլաուկոմային հնարավորություն է տալիս նենգաբար գործելու։

Ահա թե «Արթնացե՛ք»–ի թղթակցին ինչ մեկնաբանություն տվեց առաջնակարգ ակնաբույժ, ավստրալիացի Այվոն Գոլդբերգը. «Գլաուկոման զգուշորեն գործող գող է, քանի որ իր մասին վկայող ախտանշաններ ի հայտ չի բերում։ Այս հիվանդության ամենատարածված տեսակը զարգանում է դանդաղ ու հետևողականորեն և անսպասելի վնաս է հասցնում նյարդային հյուսվածքներին, որոնք կապում են աչքը ուղեղի հետ։ Աչքի թաց կամ չոր լինելը, կարդալ–գրելիս տառերը պարզ տեսնելու կամ չտեսնելու կարողությունը որևէ առնչություն չունի գլաուկոմայի հետ։ Հնարավոր է, որ ձեր աչքերը ոչ մի ձևով չանհանգստացնեն ձեզ, սակայն դուք լրջորեն հիվանդ լինեք գլաուկոմայով»։

Ինչպես բռնել գողին

Ցավոք, գլաուկոմայի ախտորոշման որևէ կատարյալ մեթոդ չկա։ Ակնաբույժը ճնշաչափ կոչվող սարքի օգնությամբ ստուգում է ձեր աչքի վրա ներակնային հեղուկի գործադրած ճնշումը։ Այդ սարքով նա զգուշորեն տափակեցնում է եղջերաթաղանթը, կամ՝ աչքի առջևի մասը։ Չափվում է այն ուժը, որը պահանջում է այդ գործողությունը կատարելու համար, և այդպես որոշվում է աչքի ներակնային ճնշումը։ Գլաուկոման ախտորոշելու նպատակով ակնաբույժը կարող է նաև որոշակի գործիքների օգնությամբ ստուգել, թե աչքը ուղեղին միացնող նյարդային համակարգում հյուսվածքներից որևէ մեկը վնասված չէ։ Դոկտոր Գոլդբերգն ասում է. «Մենք պարզում ենք, թե արդյոք արտասովոր չափերի չեն աչքի ետնամասում գտնվող նյարդաթելերը կամ արյունատար անոթները, քանզի դա կարող է ցույց տալ, որ որոշ նյարդեր վնասված են»։

Գլաուկոման կարելի է բացահայտել նաև՝ ստուգելով մարդու տեսադաշտը։ Դոկտոր Գոլդբերգը բացատրում է. «Մարդը նայում է սպիտակ լույսի սկավառակի մեջ, որի ներսում ավելի վառ լույսի փոքրիկ կետ է հայտնվում։ Սեղմելով համապատասխան կոճակը՝ ստուգվողը ցույց է տալիս, որ տեսնում է այդ փոքրիկ կետը»։ Իսկ եթե ձեր տեսադաշտի ծայրում հայտնված այդ սպիտակ լույսը չնկատեք, ուրեմն հնարավոր է, որ հիվանդ եք գլաուկոմայով։ Ներկայումս ստեղծվել են նոր սարքավորումներ, որոնք պարզեցնում են այս փոքր ինչ ձանձրալի գործողությունը։

Ե՞րբ է հավանականությունը մեծ

Փոլը, որ 40–ն անց առողջ տղամարդ է, պատմում է. «Երբ ակնոցս փոխելու նպատակով դիմեցի օպտիկի օգնությանը, նա հարցրեց, թե արյունակից հարազատներիցս որևէ մեկը հիվանդ չի եղել գլաուկոմայով։ Ես հարցուփորձ արեցի և պարզեցի, որ մորաքույրս ու քեռիս ունեցել են այս հիվանդությունը։ Ստուգվեցի ակնաբույժի մոտ, և նա հաստատեց, որ գլաուկոմա ունեմ»։ Դոկտոր Գոլդբերգը բացատրում է. «Եթե ձեր մայրը կամ հայրը հիվանդ է գլաուկոմայով, ապա այդ հիվանդությունը ձեռք բերելու հավանականությունը ձեզ մոտ երեքից հինգ անգամ մեծ է։ Իսկ եթե գլաուկոմայով հիվանդ է ձեր քույրը կամ եղբայրը, ապա այդ հիվանդությունը ձեռք բերելու հավանականությունը ձեզ մոտ մեծանում է հինգից յոթ անգամ»։

Գլաուկոմայի դեմ ամերիկյան մի կազմակերպության («Glaucoma Foundation in the United States») աշխատակից դոկտոր Քևին Գրինիջը, խոսելով այդ հիվանդությանը նպաստող այլ գործոնների մասին, նշում է. «Եթե դուք 45–ն անց եք, ձեր նախնիների մեջ կան աֆրիկացիներ, եթե ունեցել եք գլաուկոմայով հիվանդ արյունակից բարեկամ, կարճատես եք, տառապում եք շաքարախտով, նախկինում վնասել եք ձեր աչքը կամ կանոնավորաբար օգտագործում եք կորտիզոն/ստերոիդ պարունակող պատրաստուկներ, ապա ձեր աչքերը պետք է ստուգեք ամեն տարի»։ Եթե նույնիսկ հիվանդությունը ձեռք բերելու նախադրյալներ չունեք և դեռևս 45 տարեկան չեք, վերոհիշյալ կազմակերպությունը, միևնույն է, խորհուրդ է տալիս աչքերը ստուգել չորս տարին մեկ, իսկ եթե 45–ն անց եք՝ երկու տարին մեկ։

Բուժիր և հաղթիր

Փոլը գլաուկոմայի դեմ պայքարում է՝ օրվա ընթացքում մեկ անգամ իր աչքի մեջ հատուկ դեղ կաթեցնելով։ Նա ասում է. «Կաթիլները, որ օգտագործում եմ, խոչընդոտում են ակնախնձորում ներակնային հեղուկի առաջացմանը»։ Փոլը նաև հատուկ բուժում է անցել, որի ընթացքում լազերային ճառագայթի միջոցով մոտավորապես տասը փոքրիկ անցքեր են բացել նրա աչքերի առաջնային մասում՝ հետհոսքի բնական անցքերի մոտ։ Նա պատմում է. «Երբ լազերով բուժում էին առաջին աչքս, ես շատ լարված էի, և դա ավելի էր մեծացնում այն անհանգստությունը, որ ունեի։ Բայց երբ մի քանի օր անց բուժեցին երկրորդ աչքս, արդեն ծանոթ էի բուժման պրոցեսին։ Ես շատ ավելի հանգիստ էի և նույնիսկ չհասցրեցի նկատել, թե բժիշկն ինչպես ավարտեց վիրահատությունը»։ Այս բուժումների շնորհիվ Փոլի ներակնային ճնշումը կայուն դարձավ։

Զարմանալի չէ, որ նա դրականորեն է նայում իր հիվանդությանը։ Փոլն ասում է. «Իմ ցանցաթաղանթը միայն թեթևակի է վնասվել, և բարեբախտաբար կողմնային տեսողությունս լիարժեքորեն պահպանվել է։ Եթե չմոռանամ դեղն ամեն օր կաթեցնել, ապա, ամենայն հավանականությամբ, տեսողությունս չի վատանա»։

Ինչպե՞ս պարզել, թե արդյոք զգուշորեն գործող այդ գողը չի խլում ձեր տեսողությունը։ Եթե երբեք չեք ստուգել ձեր աչքերը և հատկապես եթե այդ հիվանդությունը ձեռք բերելու համար ունեք վերոհիշյալ նախադրյալներից որևէ մեկը, խելամիտ կլինի դիմել բժշկի։ Ինչպես նշում է դոկտոր Գոլդբերգը, «եթե ճիշտ ժամանակին սկսեք համապատասխան բուժումը, ապա կկանխեք այն վնասների մեծ մասը, որ կարող է հասցնել գլաուկոման»։ Այո՛, դուք կարող եք կանգնեցնել տեսողության այս գողին։

[Շրջանակ–նկար 26–րդ էջի վրա]

Գլաուկոմա ձեռք բերելու հավանականությունը մեծ է, եթե՝

● ունեցել եք աֆրիկացի նախնիներ.

● ձեր արյունակից հարազատներից մեկը հիվանդ է գլաուկոմայով.

● շաքարախտ ունեք.

● կարճատես եք.

● երկար ժամանակ կանոնավորաբար գործածում եք կորտիզոն/ստերոիդ պարունակող բուժիչ քսուքներ կամ հակաասթմատիկ աերոզոլեր.

● նախկինում աչքի վնասվածք եք ստացել.

● քառասունհինգն անց եք։

[Նկար]

Կանոնավորաբար ստուգվելով՝ կարող եք կանխարգելել տեսողության լուրջ խանգարումները

[Սխեմա–նկար 25–րդ էջի վրա]

Բացանկյունային գլաուկոմա

Ոսպնյակ

Եղջերաթաղանթ

Ծիածանաթաղանթ

Ցանցաթաղանթ

Կույր բիծը այն հատվածն է, որտեղ նյարդաթելերը կազմում են տեսողական նյարդը

Տեսողական նյարդը լուսային ազդակները հաղորդում է գլխուղեղին

Թարթչային մարմինը, որտեղ առաջանում է ներակնային հեղուկը

1 Ներակնային հեղուկը թափանցիկ նյութ է, որը սնում է ոսպնյակը, ծիածանաթաղանթը ու եղջերաթաղանթը։ Սա աչքի արտաքին մակերևույթը ողողող արցունքային հեղուկը չէ

2 Տրաբեկուլյար ցանցը, որի միջոցով կատարվում է հեղուկի հետհոսքը

3 Եթե ցանցում տեղի է ունենում հեղուկի կուտակում, ներակնային ճնշումը բարձրանում է

4 Ներակնային ճնշման բարձրանալու դեպքում աչքի ետևի մասում գտնվող նուրբ նյարդաթելերը վնասվում են, ինչը հանգեցնում է գլաուկոմայի առաջացման կամ տեսողության վատացման

[Նկարազարդում 25–րդ էջի վրա]

Կույր բիծ

Ինչպես կտեսնեք

ՆՈՐՄԱԼ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

ԳԼԱՈՒԿՈՄԱՅԻ ՎԱՂ ՇՐՋԱՆՈՒՄ

ԽՈՐԱՑԱԾ ԳԼԱՈՒԿՈՄԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ

[Թույլտվությամբ]

Photos of optic disks: Courtesy Atlas of Ophthalmology

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը