Գեղեցկություն խավարի քողի տակ
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՍԼՈՎԵՆԻԱՅԻՑ
ՓՈՔՐԻԿ լապտերը ձեռքին՝ Լուկա Չեչը զգուշորեն քայլում էր ստորգետնյա անթափանց խավարի միջով։ Գտնվելով երկրի ընդերքում՝ նա մագլցում էր դեպի բարձր ժայռի գագաթը։ Չեչի ջանքերը վարձատրվեցին. նրա առջև բացվեց մի աննկարագրելի տեսարան՝ փայլերի մի առկայծուն աշխարհ։ Ի՞նչ հայտնաբերեց նա։ Եվս մի անցում Պոստոյնայի քարանձավների համակարգում (Սլովենիա)։
1818 թ. գարնանը կատարված այս հայտնագործությունը նպաստեց Պոստոյնայում տուրիզմի բարգավաճմանը։ Բացի դրանից, այն ճանապարհ հարթեց քարանձավների հետագա ուսումնասիրության համար։ Որպեսզի ծանոթանանք քարայրների այս հոյակապ համակարգին, եկեք մտովի տեղափոխվենք Պոստոյնա քաղաքը, որը գտնվում է Սլովենիայի արևմուտքում։
Քարանձավների երկիր
Անցումների և անձավների այս համակարգը, որ ավելի քան 20 կիլոմետր երկարություն ունի, դասվում է Եվրոպայի ամենամեծ քարանձավների շարքը։ Այն գտնվում է Սլովենիայի Կրաս (Կարստ) կրաքարային սարավանդում, որը Ադրիատիկ ծովի ափերից ձգվելով 50 կիլոմետր՝ տարածվում է Յուլիական ու Դինարյան Ալպերի միջև։ Պոստոյնայի քարայրները ընդամենը մի քանիսն են այն հազարավոր քարանձավներից, որ կան այս երկրամասում։
Մեր օրերում «կարստ» բառը շատ ավելի լայն իմաստ է ձեռք բերել։ Երկրաբանները այսպես են անվանում բոլոր այն վայրերը, որոնք նման են Կրասին։ Կարստային տարածքներ են գտնվել աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Ավստրալիայում, Կենտրոնական Ամերիկայում, Հնդկաչին թերակղզում, Չինաստանում, Ռուսաստանում, ինչպես նաև Կարիբյան ու Միջերկրական ծովերի առափնյա շրջաններում։ Այդ վայրերին բնորոշ են անբերրի հողերը և ժայռոտ տեղանքը, որտեղ էրոզիայի հետևանքով առաջացել են անձավներ, ձագարներ, ստորերկրյա գետեր ու լճեր։
Քանի որ Սլովենիայի մեծ մասը բաղկացած է կարստային տարածքներից, այս երկիրը հարուստ է քարայրներով ու ստորգետնյա համալիրներով։ Պոստոյնայի քարանձավը դասվում է կարստային այնպիսի հայտնի անձավների շարքը, ինչպիսիք են Մամոնտի քարանձավը Քենտուկիում (ԱՄՆ) ու Եղեգնյա ֆլեյտան Գույլինում (Չինաստան)։
Քարանձավի ներսում
Պոստոյնայի քարանձավների առաջին նկարագրությունը տրվել է դեռևս 17–րդ դարում, երբ այդ մասին գրեց սլովենացի գիտնական Յանեզ Վայկարդ Վալվասորը («The Glory of the Duchy of Carniola»)։ Վերջինիս խոսքերով՝ այդ տարածքում քարանձավներն ունեին «արտասովոր ձևերի սյուներ»։ Նա նմանեցնում է դրանք «ամեն տեսակի վնասատուների, օձերի ու կենդանիների.... զանազան հրեշների, անճոռնի դեմքերի, ուրվականների և այլն»։ Բացի այդ, Վալվասորն ասում է. «Ահն ու սարսափը ավելանում է նաև բազմաթիվ անցումների, փոսերի և խոր անդունդների պատճառով, որ կան բոլոր կողմերում»։ Ուստի զարմանալի չէ, որ նման ահազդու նկարագրություն կարդալուց հետո քչերն էին համարձակվում հետազոտել քարանձավների հեռավոր անկյունները, որոնք թաքնված էին սոսկալի խավարի մեջ։
Ժամանակի ընթացքում, սակայն, Պոստոյնայի քարանձավի համբավը մեծացավ։ Սա տեղի ունեցավ հատկապես այն բանից հետո, երբ 1818 թ.–ին Չեչը կատարեց իր հայտնագործությունը։ Արդեն հաջորդ տարի մարդիկ հնարավորություն ստացան այցելելու այդ անձավները։ Այնուամենայնիվ, շատերը սեփական աչքով չկարողացան տեսնել բնության այդ հրաշալիքները, մինչև որ այնտեղ 1872 թ.–ին անցկացվեց երկաթուղի, իսկ 1884 թ.–ին՝ էլեկտրականություն։ Ի՞նչ տեսան մարդիկ։
Գեղեցիկ սրահներ ու անցումներ, որոնք այսօր ճանաչում են բերել Պոստոյնայի քարանձավներին։ Ստալակտիտի ու ստալագմիտի վառ գույների և արտասովոր ձևերի շնորհիվ անցումները կարծես պատված լինեն անգին քարերով։ Դրանցից մի քանիսը ողողված են ադամանդե փայլով, մյուսներն արտացոլում են օխրայի ու ժանգի երանգները։ Պատերին արված մակագրությունները ցույց են տալիս, որ անցյալ դարերում այդ քարանձավներն այցի եկած մարդիկ նույնպես հմայվել են դրանց անզուգական գեղեցկությամբ։
Կենդանի արարածների նոր տեսակներ
Այս անծայր քարանձավների հետազոտության շնորհիվ բացահայտվեցին ոչ միայն նոր և արտասովոր երկրաբանական կառույցներ, այլև կենդանի օրգանիզմների այնպիսի տեսակներ, որոնք նախկինում հայտնի չէին։ Պոստոյնայի անձավներում առ այսօր հայտնաբերվել է ավելի քան 10 նոր տարատեսակ։
Այդպիսի մի հայտնագործություն արեց Չեչը 1831 թ.–ին՝ ի ուրախություն սպելեոլոգների (քարանձավների ուսումնասիրությամբ զբաղվող մարդիկ)։ Չեչը հայտնաբերեց արտասովոր քարանձավային մի բզեզ, որը ստացավ «նեղ վզիկավոր» անվանումը («Leptodirus hohenwarti»)։ Ինչպես երևում է նրա անունից, բզեզը ունի նեղ վիզ։ Բացի դրանից, այն ունի փոքրիկ գլուխ, փքված փորիկ և չափազանց երկար բեղիկներ ու ոտքեր։ Ցավոք, առաջին բզեզը սատկեց, ինչի հետևանքով անհնար եղավ մանրազնին ուսումնասիրություն կատարել, մինչև որ 14 տարի անց չհայտնաբերվեց երկրորդը։
Այս տարածքում բացահայտված մեկ ուրիշ հետաքրքիր արարած է կույր սալամանդրը («Proteus anguinus»)։ Այդ արարածի մասին գրել էր նաև Վալվասորը դեռևս 1689 թ.–ին՝ անվանելով նրան «վիշապի սերունդ»։ Այս փոքրիկ երկկենցաղը դարձավ բազմաթիվ գիտական հետազոտությունների առարկա։
Հարևան անձավները
Պոստոյնայի անձավն ընդամենը մեկն է այն բազմաթիվ քարանձավներից, որ գոյություն ունեն այս տարածքում։ Հատկապես ուշագրավ են այնտեղից ոչ հեռու գտնվող Շկոցյան անձավները, որ 1986 թ.–ից մտել են ՅՈՒՆԵՍԿՕ–յի համաշխարհային ժառանգության ցուցակը։ Այս քարանձավներն այցելող մարդիկ սարսափում են՝ տեսնելով խոռոչների ու կիրճերի վիթխարի չափերը։ Ասում են, որ դրանք ամենամեծն են Եվրոպայում։ Օրինակ՝ քարանձավային այս համակարգի մի հատվածը ունի 300 մետր երկարություն, 100 մետր լայնություն և 110 մետր բարձրություն։
Պրեդյամա քարանձավի մուտքը ծածկում է մի մեծ ամրոց, որը ժամանակին եղել է հայտնի ասպետ Էրազմ Յամսկու բնակատեղին։ Ասում են, թե դարեր շարունակ զավթիչները չեն կարողացել նվաճել այն, քանի որ ամրոցի տակ գտնվող գաղտնի ստորգետնյա անցումների միջոցով այնտեղ սնունդ և այլ բաներ են հասցվել։ Ոմանց խոսքերով՝ Էրազմը ծաղրում էր իր թշնամիներին՝ վերջիններիս թարմ բալ ու խորոված միս նետելով։ Դրանով նա ցույց էր տալիս, որ ամրոցի պատերի ներսում փակված լինելով հանդերձ՝ զրկանք չի կրում։ Թե որքանով է ճշմարիտ այս պատմությունը, հայտնի չէ, սակայն իրողությունն այն է, որ այդ գաղտնի անցումները գոյություն ունեն։
Կարստային այս քարանձավների զարմանահրաշ աշխարհի հետազոտությունը բազում հաճելի անակնկալներ է բերում։ Ահա թե Պոստոյնայի քարանձավի մասին ինչ է ասում աշխարհահռչակ քանդակագործ Հենրի Մուրը. «Սա Բնության քանդակների լավագույն ցուցահանդեսն է, որ երբևէ տեսել եմ»։ Եթե առիթ ունենաք այցելելու այդ քարանձավները, ամենայն հավանականությամբ կհամաձայնվեք նրա խոսքերի հետ։
[Շրջանակ/նկար 17–րդ էջի վրա]
«Մարդանման ձուկը»
«Պրոտեուս անգուինուսին» («Proteus anguinus») տեղացի մարդիկ անվանում են մարդանման ձուկ վերջինիս մաշկի արտասովոր գույնի պատճառով. ոմանք այն նմանեցնում են մարդու մաշկի։ Այս երկկենցաղ ողնաշարավորը բնակվում է միմիայն հյուսիս–արևելյան Իտալիայի, Սլովենիայի և դեպի հարավ ձգվող կարստային տարածքների ստորգետնյա ջրերում։ Նրա անգույն մաշկն ու ապաճած աչքերը խնդիրներ չեն ստեղծում, քանի որ ձուկն ապրում է կատարյալ մթության մեջ՝ իր առաջացման պահից մինչև մահ։ Զարմանալի է, բայց որոշ տվյալներով՝ նրանցից մի քանիսի կյանքի տևողությունը կազմել է 100 տարի։ Բացի դրանից, այս ձուկը կարող է մի քանի տարի ապրել առանց սնվելու։
[Թույլտվությամբ]
Arne Hodalic/www.ipak.org
[Նկարազարդում 17–րդ էջի վրա]
1. Շկոցյան քարանձավների խոռոչներից մեկն ունի 110 մետր բարձրություն
2. Այս ամրոցը փակում է Պրեդյամա քարանձավի մուտքը
3. Պոստոյնայի քարանձավը ձեռք է բերել համաշխարհային հռչակ
[Թույլտվությամբ 16–րդ էջի վրա]
Arne Hodalic/www.ipak.org